Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության նախկին պետ։

Ծնվել է 1973 թվականին, Ստեփանակերտում։

1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչությունում որպես երկրորդ քարտուղար, 2000-2001 թվականներին ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության քաղաքական ծրագրավորման բաժնի պետ, 2001 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր զբաղեցրել է ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության պետի պաշտոնը։

2001 թվականի դեկտեմբերից մինչև 2005 թվականի հունվար աշխատել է ԼՂՀ նախագահին կից պլանավորման խմբում, 2005 թվականի փետրվարից մինչև 2007 թվականի սեպտեմբեր աշխատել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական, 2007 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնը։

2013 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2019 թվականի փետրվարի 26-ին հիմնադրել է Արցախի պահպանողական կուսակցությունը, իսկ նույն թվականի ապրիլի 17-ին ընտրվել կուսակցության նախագահ:

2021 թվականի հունվարին նշանակվել է ԱԳ նախարար։

Փառուխի դեպքը եղել է հարված ոչ միայն Արցախին, այլև՝ ռուս խաղաղապահներին. Դավիթ Բաբայան

 |armenpress.am|

Փառուխի դեպքը եղել է հարված ոչ միայն Արցախին, այլև՝ ռուս խաղաղապահներին. Դավիթ Բաբայան |armenpress.am|

armenpress.am: Փառուխի դեպքը եղել է հարված ոչ միայն Արցախին, այլև՝ ռուս խաղաղապահներին:  Այդ դեպքը եղել է ահաբեկչություն, հարված և՛ մեզ, և՛ խաղաղապահ առաքելությանը: Հայաստանի Հանրապետությունում   Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, նշելով, որ կապ չունի՝ երբ, որտեղ, ահաբեկչությունը չպետք է անպատասխան մնա: «Արցախի ճակատագիրը վտանգված է: Եթե կորցնենք Արցախը, չի լինելու Հայաստանը: Մենք ունենք բացարձակ հնարավորություն բոլորի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, որովհետև մենք ունենք Սփյուռք: Եվ ի դեմս Ադրբեջանի՝ կա երկիր, որտեղ հայատյացությունն ու ահաբեկչությունը պետական քաղաքականություն է, և դա տեսել են նաև ռուս խաղաղապահները, որոնք դարձել են  թիրախը»,-ասաց նա: Դավիթ Բաբայանն ընդգծեց նաև, թե չի պատկերացնում, որ Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավար կարող է մտածել կամ քայլեր անել, որպեսզի Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում: «Ադրբեջանի կազմում մենք ապագա չունենք: Մենք հիմա դե ֆակտո անկախ երկիր ենք և մտածել, որ կարող ենք Ադրբեջանի կազմում լինել,  անընդունելի է»,- շեշտեց Բաբայանը:
15:34 - 20 հունիսի, 2022
Մենք կանգնելու ենք մինչև վերջ, երբեք թույլ չենք տալու խախտել կարմիր գծերը. Դավիթ Բաբայան

 |armenpress.am|

Մենք կանգնելու ենք մինչև վերջ, երբեք թույլ չենք տալու խախտել կարմիր գծերը. Դավիթ Բաբայան |armenpress.am|

armenpress.am: Արցախը չի կարող լինել  և չի լինելու Ադրբեջանի կազմում: Արցախի կորուստը կբերի աշխարհաքաղաքական լանդշաֆտի անկանխատեսելի, հիմնարար փոփոխությունների, որից հետո լրիվ այլ, գլոբալ հավասարակշռություն  է ստեղծվելու: Այս մասին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով՝  աշխարհաքաղաքականությունն ուզելով, կամ չուզելով չի, այն ունի իր կանոնները:  Աշխարհաքաղաքականությունը բալանս է, համապատասխան ռեակցիան է այս կամ այն ուժային կենտրոնների: «Մենք մտել ենք աշխարհաքաղաքականության դարաշրջան, որտեղ գաղափարները, նորմերը դժբախտաբար դարձել են երկրորդական, եթե ոչ երրորդական, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է իմանանք մեր անցյալն ու ներկան, որովհետև մեր ամենամեծ խնդիրը մենք ենք: Պետք է հասկանանք ինչ ունենք, պետք էլ իմի բերենք այդ ամենը»,-ասաց Բաբայանն՝ այդ ճանապարհին կարևորելով սկզբունքայնությունը: «Ամեն ինչ կախված է մեզանից, թե ինչ քաղաքականություն ենք վարելու: Մենք կանգնելու ենք մինչև վերջ և երբեք թույլ չենք տալու խախտել այդ կարմիր գծերը»,-հավելեց արտգործնախարարը:
15:06 - 20 հունիսի, 2022
Սկզբունքայնության և արժեքային բաղադրիչների բացակայությունը պետությանն ու ժողովրդին զրկում է աշխարհաքաղաքական ինքնավարությունից. Բաբայան

Սկզբունքայնության և արժեքային բաղադրիչների բացակայությունը պետությանն ու ժողովրդին զրկում է աշխարհաքաղաքական ինքնավարությունից. Բաբայան

Փոքր երկրների համար, հատկապես նրանց, որոնք շրջապատված են թշնամական հարևաններով, առանցքային աշխարհաքաղաքական խնդիրն իրենց աշխարհաքաղաքական գործոն լինելու պահպանումն է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը: «Աշխարհաքաղաքական գործոն լինելու կարևորագույն բաղադրիչներից է սկզբունքայնությունը։ Սկզբունքայնության և արժեքային բաղադրիչների բացակայությունը պետությանն ու ժողովրդին զրկում է աշխարհաքաղաքական ինքնավարությունից ու յուրահատկությունից։ Նման պետությունը դառնում է աշխարհաքաղաքական «խորտիկ» հարևանների, հատկապես սկզբունքային և հավակնոտ հարևանների համար»,- նշել է Բաբայանը գրառման մեջ՝ հավելելով, որ Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում, ինչն էլ ավելի արդիական է դարձնում աշխարհաքաղաքական գործոնի կարգավիճակի պահպանման և սկզբունքներին հավատարիմ մնալու հրամայականը։
12:22 - 14 հունիսի, 2022
Արցախի գոյությունը տարածաշրջանային և համաշխարհային աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանման կարևորագույն գործոն է. Բաբայան

Արցախի գոյությունը տարածաշրջանային և համաշխարհային աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանման կարևորագույն գործոն է. Բաբայան

Արցախը, նրա գոյությունը տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանման կարևորագույն գործոնն է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Նա նշել է, որ եթե չլինի Արցախը, ապա արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը Անդրկովկասում, իսկ դրանից հետո՝ նաև հարակից շրջաններում, որից հետո աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանումն ավանդական միջոցներով (աշխարհառազմավարական հակակշիռների համակարգ և այլն) գործնականում անհնար կլինի։ «Սա կբերի ուժային կենտրոնների բաց, կոշտ և անմիջական առճակատման։ Իսկ ի՞նչ կարող է լինել, երբ անհնար է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը պահպանել ավանդական միջոցներով, և երբ համաշխարհային և տարածաշրջանային մեծ տերությունները բացահայտ հակադրվելու են միմյանց։ Կարծում եմ՝ պատասխանը շատ պարզ է. աշխարհը նույնիսկ կարող է հայտնվել միջուկային պատերազմի շեմին»,-նշել է նախարարը գրառման մեջ:
11:18 - 31 մայիսի, 2022
«Արցախն ուշի-ուշով հետևում է, բայց  չի մասնակցում այդ ներքաղաքական զարգացումներին»․ Դավիթ Բաբայան
 |azatutyun.am|

«Արցախն ուշի-ուշով հետևում է, բայց չի մասնակցում այդ ներքաղաքական զարգացումներին»․ Դավիթ Բաբայան |azatutyun.am|

azatutyun.am: Արցախն ուշի-ուշով հետևում է, բայց չի մասնակցում այդ ներքաղաքական զարգացումներին, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Երևանում մեկնարկած ընդդիմության հանրահավաքներին, երթերին։ Բաբայանը շեշտեց՝ «եթե Արցախը որպես արժեք, սրբություն, մենք չպահպանենք, կործանվելու է հայոց պետականությունը»։ «Կան որոշ մարդիկ, կան որոշ ուժեր, որոնք անընդհատ փորձելու են Արցախը մտցնել այդ խաղի մեջ՝ դրանով քաղելով դիվիդենտներ, հարվածելով Արցախին, ասել է թե հարվածելով հայ ժողովրդին, հայոց պետականությանը։ Արցախն այդ ներքաղաքական զարգացումներին, իհարկե մենք ուշի-ուշով հետևում ենք, պարտավոր ենք, բայց մենք չենք մասնակցում այդ գործընթացներին, որովհետև չափազանց կարևորում ենք պահը, իրավիճակը», - ասաց Բաբայանը։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, հետևաբար գործընթացները ժողովրդավարական երկրին համահունչ պետք է ընթանան, ասաց Արցախի արտգործնախարարը՝ շեշտելով՝ ժողովրդավարական երկիրն ունի, պետք է ունենա ընդդիմություն, պետք է ունենա իշխանություն, պետք է այդ պայքարը միշտ գնա։ «Ներքին քաղաքական խնդիրները պետք է լուծվեն այնպես, ինչպես որ պետք է լուծվեն։ Արցախը պետք է լինի կարևորագույն թեմաներից մեկը, բայց դա չի նշանակում, որ որևէ մեկը պետք է ունենա հնարավորություն՝ մեզ ներգրավելու այդ ամենի մեջ, պետությունը, կրկնում եմ՝ պետությունը, ոչ թե անհատներ ու մարդիկ, ովքեր որպես անհատներ կարող են ունենալ այս կամ այն տեսակետը։ Այլ հարց է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թույլ չտանք, որ պետությունը՝ Արցախի պետությունը, կամ Հայաստանի պետությունը միջամտի մեկը մյուսի ներքաղաքական կյանքին։ Երբ որ մեկը կանգնում և ասում է՝ «ապագա ունի Արցախն Ադրբեջանի կազմում», մենք ասում ենք՝ «սա սխալ և այլասերված մոտեցում է», որովհետև, այո՛, ունի միայն մեկ ապագա՝ ցեղասպանություն և կործանում», - ասաց Դավիթ Բաբայանը։
14:20 - 26 ապրիլի, 2022
Արցախի ԱԳՆ, Ուկրաինայի ԳՇ և Кyiv Independent․ մի խառնաշփոթի պատմություն

Արցախի ԱԳՆ, Ուկրաինայի ԳՇ և Кyiv Independent․ մի խառնաշփոթի պատմություն

Արցախի Հանրապետության արտգործնախարարության թվիթերյան էջում երեկ հայտարարություն է տարածվել, որով «հերքվում է Ուկրաինայի ԳՇ հայտարարությունը»։ «Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղից զինվորականներ են ժամանում Ուկրաինա, ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է ԱԳՆ-ի թվիթում։ Մարտի 13-ին Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ  իր կորուստները համալրելու նպատակով Ռուսաստանի ԶՈՒ-ն Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախմբի մի մասը տեղափոխում է Ուկրաինա։  «Նաև, ըստ առկա տեղեկությունների, այլ երկրներից (Սիրիա, Սերբիա) ներգրավվում են  մեծ թվով վարձկան զինյալներ»,- ասվում էր հաղորդագրությունում։ ԳՇ-ն, փաստորեն, խոսել է Սիրիայից և Սերբիայից վարձկան զինյալներ Ուկրաինա տեղափոխելու մասին։ Լեռնային Ղարաբաղից զինյալներ կամ կամավորներ Ուկրաինա գնալու մասին հաղորդագրությունում ոչինչ չկա․ խոսքը միայն ՌԴ խաղաղապահ զորակազմի մի մասը տեղափոխելու մասին է։ Ուկրաինական մամուլում էլ Լեռնային Ղարաբաղից Ուկրաինա զինյալներ տեղափխվելու մասին տեղեկություն առկա է միայն Кyiv Independent-ում։ Կայքում մարտի 13-ին կարճ լուր է հրապարակվել հետևյալ բովանդակությամբ․ «Ուկրաինայի Գլխավոր շտաբ. «Ռուսաստանը զինվորականներ է բերում Սիրիայից, Սերբիայից, Լեռնային Ղարաբաղից՝ Ուկրաինայում զորքերը համալրելու համար»»։ Լուրի վրա Ուկրաինայի Զինված ուժերի ԳՇ հայտարարության ակտիվ հղումն է։ Իսկ այդ հայտարարության մեջ, ինչպես արդեն նշեցինք, հիշատակվում է միայն Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Кyiv Independent-ը, փաստորեն, սխալ է ներկայացրել Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունը։ Հավանաբար այս հրապարակումն էլ առիթ է հանդիսացել Արցախի ԱԳՆ արձագանքի համար։ Այս հարցով մեկնաբանություն խնդրեցինք Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանից, որը խնդրեց ի գիտություն ընդունել ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ Արցախից կամավորներ չեն մեկնել Ուկրաինա։ Մեր դիտարկմանը, թե Ուկրաինայի ԳՇ հայտարարության մեջ Արցախից Ուկրաինա զինյալների կամ կամավորների տեղափոխման մասին ոչինչ չի նշվում, իսկ Кyiv Independent-ը սխալ է մեկնաբանել Ուկրաինայի ԳՇ հայտարարությունը, Բաբայանն արձագանքեց․ «Դուք հիմա Ուկրաինայի ԳՇ-ն ե՞ք ներկայացնում»։ Աննա Սահակյան
18:40 - 15 մարտի, 2022
Ամեն ինչ արվում է Արցախում գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ. Դավիթ Բաբայան |armenpress.am|

Ամեն ինչ արվում է Արցախում գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ. Դավիթ Բաբայան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը չի փոխել իր մոտեցումները, չի վերանայել իր ծրագրերը և պարբերաբար դիմում և դիմելու է տարբեր սադրանքների: Այս մասին նշեց Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդի սանդրանքներին, ինչպես նաև այն հանգամանքին, որ Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն: «Որևէ արտառոց բան տեղի չի ունենում: Ադրբեջանը մնացել է նույնը, նպատակները` ևս: Մենք պետք է պատրաստ լինենք այդ ամենին և ասեմ ձեզ՝ պատրաստ ենք»,-վստահեցրեց Բաբայանը: Խոսելով Արցախի ամբողջ տարածքում մարտի 8-ից գազամատակարարման բացակայության և ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքների մասին՝ Արցախի արտգործնախարարն ասաց, որ ամեն ինչ արվում է՝ գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ: «Արցախը դեռևս շարունակում է մնալ առանց գազամատակարարման»,-հավելեց նա: «Արցախգազ» ընկերությունը հայտնել էր, որ մարտի 8-ի ժամը ՝ 01:00-ին տեղի է ունեցած վթարի հետևանքով վնասվել է  մայրուղային գազատարը։ Ավելի ուշ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ  Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն: «Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար: Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք»,- նշված էր հաղորդագրության մեջ: Պաշտպանության բանակն էլ հայտնել է, որ մարտի 8-ին ժամը 23։00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։
12:39 - 09 մարտի, 2022
Արցախի ԱԳ նախարար Բաբայանը Ֆրենք Փալոունի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հարցեր

Արցախի ԱԳ նախարար Բաբայանը Ֆրենք Փալոունի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հարցեր

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մարտի 4-ին հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը։  Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Արցախում տիրող իրավիճակին, պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին, աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին առնչվող հարցեր։ «Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ու ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես նաև սերտ կապերը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ լուրջ սպառնալիք են տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համար, և եթե ժամանակին չձեռնարկվեն համապատասխան միջոցներ, հետևանքներն անդառնալի կլինեն։ Արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել կոնգրեսական Փալոունին Արցախին մշտապես աջակցելու, Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա ժխտման դեմ պայքարելու, համահայկական տարբեր հարցերի լուծմանը սատարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք։
21:44 - 04 մարտի, 2022
Արցախի Հանրապետությունն ունի բոլոր հիմքերը իր անկախ պետականության ճանաչման համար․ Դավիթ Բաբայան |news.am|

Արցախի Հանրապետությունն ունի բոլոր հիմքերը իր անկախ պետականության ճանաչման համար․ Դավիթ Բաբայան |news.am|

news.am: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝  Արցախի Հանրապետությունը, բարձր է գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ԴԺՀ-եւ  ԼԺՀ-ի անկախության ճանաչումը։ Այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: «Այդ մասին արդեն եղել է նաեւ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական հայտարարությունը։ Մենք կարծում ենք, որ ժողովուրդների ինքնորոշման, նոր պետությունների ստեղծման գործընթացն անխուսափելի է։ Հատկապես այս կամ այն ժողովրդի՝ էքզիստենցիալ սպառնալիքների գոյության պայմաններում։  Արցախի Հանրապետությունը մի երկիր է, որը պայքարում է իր անվտանգ ապագայի համար արդեն ավելի քան հարյուր տարի։ Մենք հասկանում ենք անկախության հասնելու եւ դրա ճանապարհի իրավաբանական ու աշխարհաքաղաքական ձեւակերպման կարեւորությունը. հակառակ ճանապարհ այն ժողովուրդների համար, որոնք կանգնել են անկախության ձեռքբերման ուղու վրա եւ կառուցել ժողովրդավարական պետություններ՝ շատ հարցերում առաջ անցնելով նախկին «մետրոպոլիաներից», չկա, եւ նրանք անպայման պետք է ճանաչվեն։ Այո, պատմության մեջ կան դեպքեր, երբ դե ֆակտո անկախություն են ստացել այն երկրները, որոնք չեն կարողացել պետություն կառուցել, եւ քաոսի եւ  կամայականության  խորխորատում են հայտնվել։ Բայց երբ ժողովուրդն արդյունավետ աշխատող, քաղաքակիրթ չափանիշներին համապատասխանող կառավարման ատրիբուտներով պետություն է կառուցել, թեկուզ  չճանաչված, նման պետությունների համար հետադարձ ճանապարհ լինել չի կարող։  Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը պատմական իրադարձություն է, որը պետք է ընկալվի նաեւ որպես Ուկրաինայի աշխարհաքաղաքական ճգնաժամը կանխելու լուրջ փորձ։ Արցախի Հանրապետությունը նույնպես ունի իր անկախ պետականության ճանաչման բոլոր հիմքերը։ Սրանք ե ՛ւ պատմական, ե ՛ւ իրավական, ե ՛ւ բարոյական, ե ՛ւ  բարոյագիտական հիմքեր են։ Ընդ որում, մենք գործնականում ապացուցեցինք, որ կառուցել ենք ժողովրդավարական պետություն, որն իր ժողովրդավարական զարգացմամբ շատ ավելի առաջ է Ադրբեջանից։ Ուստի մենք կարծում ենք, որ մենք էլ պետք է ճանաչվենք միջազգային հանրության կողմից։ Եվ մենք կրկին հայտարարում ենք, որ երբեք չենք լինի Ադրբեջան պետության մի մասը, որտեղ մեզ մահացու վտանգ է սպառնում։ Մենք երբեք չենք լինի մի երկրի մի մասը, որտեղ ցեղասպանությունը ազգային քաղաքականություն եւ ռազմավարություն է, իսկ հայատյացությունը պետականաշինության փիլիսոփայություն է։ Մենք Դոնբասի ժողովրդին խաղաղություն, բարգավաճում և ամենայն բարիք ենք մաղթում», - հայտարարեց  Դավիթ Բաբայանը։
14:21 - 22 փետրվարի, 2022
Արցախի կարգավիճակի հարցը առանցքային է և չի կարող դուրս մնալ բանակցային սեղանից․ Բաբայան |azatutyun.am|

Արցախի կարգավիճակի հարցը առանցքային է և չի կարող դուրս մնալ բանակցային սեղանից․ Բաբայան |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի կարգավիճակի հարցն առանցքային է և չի կարող դուրս մնալ բանակցային սեղանից, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե 2016-ից Արցախի կարգավիճակի հարցը բանակցային սեղանից դուրս է մնացել և, ըստ էության, դա է եղել պատերազմի պատճառը։ Բաբայանը շեշտեց՝ կարգավիճակի հարցը միշտ քննարկվել է՝ չբացառելով, որ գուցե ինչ-որ հանդիպման ժամանակ այլ հարցերի վրա է ուղղակի շեշտադրում եղել։ «Կարգավիճակի հարցը չի կարող պարզապես դուրս մնալ, որովհետև սա առանցքային է», - ասաց Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ շարունակելով․ - «Ընդհանրապես ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը ունի, կարելի է ասել, երկու հիմնական խնդիր՝ մեկը դա կարգավիճակն է, մյուսը սահմաններրը։ Ամեն ինչ գալիս է այդ երկու հիմնական խնդրին, մնացած բոլոր հարցերն ածանցյալ են և կախված են հենց էս երկու խնդրից»։ Դեկտեմբերի վերջին շուրջ երկու ժամ տևած առցանց ասուլիսում Փաշինյանը հայտարարեց, թե 2016-ը աղետալի է եղել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում։ Հայաստանի կառավարության ղեկավարը մասնրամասնեց՝ 2011-ին Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել Կազանյան փաստաթուղթն ու սկսեց մեծ ծավալի ռազմամթերք գնել, հաջորդող տարիներին էլ ռազմական էսկալացիայի առաջին նշույլներն իր հայտ եկան, իսկ 2016-ի հունվարին՝ ապրիլյան պատերազմից առաջ միջնորդները կարգավորման նոր փաթեթ ներկայացրին, առանց Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին դրույթի, առաջարկը Հայաստանը մերժեց, ինչից ամիսներ անց պատերազմ սկսվեց։ Անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը, Բաբայանը լավատեսությամբ նշեց, որ 5 տարին լրանալուց հետո նրանք այնուամենայիվ կմնան Արցախում։ Դիտարկմանը, թե նոյեմբերի 9-ի պայմանագրով Բաքուն ունի այդ գործիքը ժամկետը լրանալուց հետո նրանց ասել՝ գնացեք և հարցին, թե Բաքուն կդիմի՞ այդ քայլին, Արցախի արտգործնախարարն արձագանքեց․ - «Հակամարտությունը կարգավորված չէ և դժվար թե գալիք երեք տարվա ընթացքում կարգավորվի։ Եթե մինչև հիմա, տարիներ շարունակ՝ 1918 թվականին այդ հակամարտությունը ծագել է, մինչև հիմա մենք չենք տեսնում որևէ կարգավորման հնարավորություն։ Հետևաբար, հաշվի առնելով նաև տարածաշրջանի պայթյունավտանգ լինելը, բազմաթիվ այլ մարտահրավերներ այստեղ, այնուամենայիվ հույս ունենք, որ կմնան, որովհետև առանց հակամարտության համապարփակ կարգավորման ռուս խաղաղախահների դուրս գալը, կարող է շատ բարդեցնի իրավիճակը և հանգեցնի նորանոր մարդասիրական ողբերգությունների»։ Հազարավոր ռուս խաղաղապահներ Ղարաբաղում են նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, որտեղ նշվում է, որ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Բաքուն բազմիցս հայտարարել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել azatutyun.am-ում
14:36 - 16 փետրվարի, 2022
Արցախի տարածքների բռնազավթման մասին օրենքը կարևոր փաստաթուղթ է լինելու. Դավիթ Բաբայան |armenpress.am|

Արցախի տարածքների բռնազավթման մասին օրենքը կարևոր փաստաթուղթ է լինելու. Դավիթ Բաբայան |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթման մասին օրենքի նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել Արցախի Ազգային ժողովում, կարևոր փաստաթուղթ է լինելու և շատ կարևոր քայլ է Արցախի հիմնահարցի հանգուցալուծման և Արցախի միջազգային կարգավիճակի որոշման ուղղությամբ մոտեցումները հստակեցնելու առումով: Այդ մասին հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ շեշտելով օրինագծի կարևորությունը քաղաքական, պատմական և բարոյական տեսանկյուններից: «Սա, իհարկե, շատ կարևոր մի փաստաթուղթ է լինելու: Եվ դա մեր տեսլականն է, դա կարևոր է ե՛ւ քաղաքական, ե՛ւ պատմական, ե՛ւ բարոյական տեսանկյուններից: Ընդհանրապես կարևոր քայլ է, և այդ գործընթացը ինքնին շատ կարևոր է: Հետևաբար, Արցախի Ազգային ժողովում այդ քննարկումները կլինեն, և մենք պատրաստվում ենք, որ ակտիվ քննարկումներ են լինելու: Բնական է՝ այդ օրենքը համապարփակ է լինելու՝ ներառելով տարբեր ասպեկտներ», - մեկնաբանեց Դավիթ Բաբայանը: Ըստ Արցախի արտգործնախարարի՝ մեծ է հավանականությունը, որ օրինագիծը կընդունվի, և նույնը կանխատեսում են նաև Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցություններն ու քաղաքական ուժերը:
09:49 - 15 փետրվարի, 2022
Արցախի ԱԳ նախարարը դրական է գնահատում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում

 |armenpress.am|

Արցախի ԱԳ նախարարը դրական է գնահատում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում |armenpress.am|

armenpress.am: Միջազգային գրեթե բոլոր ազդեցիկ դերակատարների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների համանման հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ և այն պետք է իր հանգուցալուծումը ստանա Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո, միանշանակ կնպաստի բանակցային գործընթացի աշխուժացմանը նշված ձևաչափով: Այդ մասին հայտնեց Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերի հայտարարությանը ԼՂ հիմնախնդրի մասին: «Ինչքան շատ խոսվի դրա մասին և ինչքան շատ բարձրաձայնվի դրա մասին ազդեցիկ երկրների կողմից, այնքան, իհարկե, ավելի լավ է: Եվ լավ է, որ դրա մասին խոսում են ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրները, այլ նաև այլ երկրներ: Նույն Մեծ Բրիտանիան, ինչպես գիտենք, կովկասյան քաղաքականության մեջ վաղուց է ներգրավված, և եթե իրենք այդպես են կարծում Արցախի կարգավիճակի և ապագայի վերաբերյալ,  նորմալ է: Ինչքան շատ այդպիսի կարծիքներ լինեն, այնքան լավ», - մեկնաբանեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն ԳալագերըՀայաստան-Մեծ Բրիտանիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Միացյալ Թագավորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չի համարում և ցանկանում է խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընդունված հիմնարար սկզբունքների հիման վրա: Թագավորության դեսպանը այս մեկնաբանությունը տվել էր՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Մինսկի խմբի համանախագահները «չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է»:
13:18 - 13 փետրվարի, 2022
Թուրք-ադրբեջանական ագրեսիան ուղղված է ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ. Արցախի ԱԳ նախարար |armenpress.am|

Թուրք-ադրբեջանական ագրեսիան ուղղված է ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ. Արցախի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը Բրյուսելում տարբեր հարցեր է քննարկել եվրոպացի գործընկերների հետ՝ շեշտելով, որ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան և մշակութային ցեղասպանությունը ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ է ուղղված: Դավիթ Բաբայանը այդ մասին պատմեց լրագրողներին Գիտությունների ազգային ակադեմիայում՝ նշելով, որ Բրյուսելում տեղի ունեցած բոլոր հանդիպումները կարևոր էին, իսկ արդյունքներն ընթացքում պարզ կդառնան: Եվրամիության կենտրոնական քաղաքում Արցախի պատվիրակությունը բարձրաձայնել է 2020 թ. 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների, գերիների, պատանդների խնդիրների, Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության և տարբեր այլ հարցերի մասին: «Բնականաբար, Եվրոպայում կան առողջ ուժեր, որոնք մտահոգված են այն իրավիճակով, որը ստեղծվել է թուրք-ադրբեջանական-ահաբեկչական հանցավոր եռամիասնության գործունեության հետևանքով: Մենք այնտեղ ընդգծել ենք, որ 2020 թ. տեղի ունեցած ագրեսիան ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի նկատմամբ է: Խնդիրը միայն ժամանակն է. մենք ուղղակի առաջինն էինք, հաջորդը լինելու են ուրիշները: Ե՞րբ դա կլինի՝ ցույց կտա ժամանակը: Բայց եթե քաղաքակիրթ աշխարհը աչք փակի բոլոր այդ գործողությունների վրա, մշակութային ցեղասպանության վրա, որը տեղի է ունենում Արցախի օկուպացված տարածքներում, եթե Ադրբեջանի այդ քաղաքականության նկատմամբ անտարբեր վերաբերմունք լինի, ուրեմն այդ ժամանակը ավելի շուտ է գալու», - մեկնաբանեց Արցախի ԱԳ նախարարը: Ըստ Բաբայանի՝ այդ հարձակումները քաղաքակիրթ աշխարհի վրա վաղուց են սկսվել: Որպես օրինակ նա հիշեց Էրդողանի վիրավորական խոսքերը Ֆրանսիայի նախագահի հասցեին, որն իր կարծիքով՝ նույնպես ագրեսիայի մի տեսակ է: «Գիտեք, մենք ազնիվ ենք բոլորի հետ, մենք խաղեր չենք խաղում, մենք ասում ենք այն ինչ կա և շարունակելու ենք ամեն ինչ անել Արցախի շահերը պաշտպանելու համար», - հավելեց Արցախի արտգործնախարարը: ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համատեղ նախաձեռնությամբ և ջանքերով փետրվարի 7-10-ը տեղի էր ունեցել Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի աշխատանքային այցը Բրյուսել, որը Արցախի ԱԳ նախարարի առաջին այցն էր Բրյուսել պատերազմից հետո:
18:17 - 12 փետրվարի, 2022