Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

Գյումրիում տարածված գազի հոտը օդորանտի սահմանված չափաբաժնից ավել ներարկման արդյունք է   |armenpress.am|

Գյումրիում տարածված գազի հոտը օդորանտի սահմանված չափաբաժնից ավել ներարկման արդյունք է |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում, հունվարի 20-ի երեկոյան տարածված գազի հոտը Շիրակի Գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) կողմից փորձարկման աշխատանքներում օդորանտի (անուշահոտ, բուրավետ բաղադրիչ.-խմբ) սահմանված չափաբաժնից ավելի ներարկման արդյունք է: Պատասխանատուների վստահեցմամբ՝ ընդամենը հոտ է եւ ոչ գազի արտահոսք: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը: Գյումրիում և մասամբ Ախուրյանում տարածված գազի հոտը անհանգստություն էր պատճառել քաղաքացիների շրջանում: Ավելի ուշ նաև Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, սոցիալական ցանցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին, հորդորել է ընկերությանը հետայսու բնակչությանը տեղեկացնել նմանատիպ միջոցառումների մասին: «Ցանկացած պարագայում նման փորձարկումների մասին պետք է նախապես ծանուցել բնակչությանը, ինչը պատշաճ ձեւով չի իրականացվել: Շիրակ ԳԳՄ-ի ղեկավարությանը հորդորել եմ հետայսու ցանկացած աշխատանքի իրականացման պարագայում տեղեկացնել Շիրակի մարզպետարանին և հետևողական լինել իրենց գործում»,- նշված է հայտարարության մեջ:
Այսօր 11:01
Ամեն ջանք կգործադրենք Գյումրիում աղետալի երկրաշարժի հետքերը վերացնելու համար. վարչապետն ընդունել է Գյումրու նորընտիր քաղաքապետին

Ամեն ջանք կգործադրենք Գյումրիում աղետալի երկրաշարժի հետքերը վերացնելու համար. վարչապետն ընդունել է Գյումրու նորընտիր քաղաքապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին և փոխքաղաքապետեր՝ Արթուր Պապիկյանին ու Դավիթ Առուշանյանին: Վարչապետը ողջունել և շնորհավորել է նրանց՝ Գյումրու քաղաքապետի ու փոխղքաղաքապետների պաշտոնում ընտրվելու կապակցությամբ.  «Ուրախ եմ, որ մեր քաղաքական ուժերը կայացրին որոշում՝ կենտրոնանալ Գյումրու խնդիրների լուծման վրա։ Պետք է ասենք, որ վերջին տարիներին Գյումրիում տեղի ունեցած փոփոխությունները սկսել են նկատվել և, իհարկե, կարիք չկա ասելու, որ կառավարության համար սա շատ կարևոր խնդիր է: Հույս ունեմ, որ այս մոդելը, որը հիմա Գյումրիում փորձարկվում է, ի վերջո ցույց կտա իր արդյունավետությունը, որովհետև կարևոր է ցույց տալ, որ ընտրությունները ընտրություններ, սակայն ընտրություններից հետո ձևավորում ենք ընդհանուր օրակարգ՝ հիմնված մեր նախընտրական ծրագրերի վրա և կենտրոնանում այդ օրակարգի իրագործման վրա ու իրագործում: Դրանից, իհարկե, միայն Գյումրու մեր հայրենակիցները, Շիրակի մարզը կօգտվեն և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը։ Կարող եք արձանագրել, որ ունեք կառավարության աջակցությունը և այնտեղ, որտեղ բանը կհասնի կառավարության աջակցությանը, իհարկե, մենք ամեն ջանք կգործադրենք՝ ի վերջո Գյումրու աղետալի երկրաշարժի հետքերը վերացնելու համար։ Կրկին շնորհավորում եմ և ողջունում»: Գյումրու նորընտիր քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և նշել, որ ամեն ինչ անելու են, որպեսզի օր առաջ Գյումրու հետ կապված խնդիրները լուծվեն: «Ունենք բազմաթիվ ծրագրեր ՎԶԵԲ-ի, սուբվենցիայի, նաև գործարանների հետ կապված: Մենք համապատասխան հողատարածքներ, ինչու չէ շինություններ կարող ենք հատկացնել, որի արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն»,- ասել է Վարդգես Սամսոնյանը։ Քաղաքապետը հավելել է, որ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում լուսավորության համար նախատեսված է 6 մլն դոլար: Այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկել են այդ միջոցները Գյումրու 58-րդ թաղամասի ընդհանուր բարեկագմանը, ասֆալտապատմանը և լուսավորությանն ուղղորդելու հնարավորությունը: «Նաև սուբվենցիոն ծրագրերից ազատ միջոցներ կան, որոնք կրկին փորձելու ենք ուղղորդել փողոցաշինության աշխատանքների վրա: ՎԶԵԲ-ի և սուբվենցիոն ծրագրերի պարագայում կունենանք բարեկարգ փողոցներ»,- ասել է քաղաքապետը: Փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն իր հերթին նշել է, որ Գյումրու քաղաքապետարանում սկսելու են աշխատանքների ծրագրավորման, ավտոմատացման բարեփոխումներ: «Այսօր հանդիպում ենք ունեցել Երևանի քաղաքապետարանում: Երևանի փորձը մեզ համար շատ կարևոր է»,- ասել է փոխքաղաքապետը՝ հավելելով, որ համագործակցությունը Երևանի գործընկերների հետ հաջողությամբ ընթանում է: Հանդիպման ընթացքում քննարկվել են Գյումրիում առաջիկայում տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր:    
20:40 - 14 հունվարի, 2022
ՀՀ բոլոր քաղաքներում հունվարի 1-ից կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով |armenpress.am|

ՀՀ բոլոր քաղաքներում հունվարի 1-ից կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, խնամքի նպաստը վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի («Հայփոստ»-ի) միջոցով: Անկանխիկ վճարումների անցումն առաջին փուլով արդեն տեղի է ունեցել 2021 թվականին, ըստ որի՝ 2021թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նշված վճարատեսակները սկսեցին վճարվել անկանխիկ եղանակով։ Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներից բացի, մյուս քաղաքների կենսաթոշակառուներն ու նպաստառուները, վճարող կազմակերպությունն ընտրելու համար անձամբ դիմում են ներկայացնում Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Այն կենսաթոշակառուներն, ովքեր կընտրեն Ազգային օպերատորին (ՀայՓոստ), մինչև Միասնական սոցիալական ծառայություն դիմելը պետք է արդեն ունենան Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր՝ կնքված «Հայփոստ»-ի հետ, և դիմումի հետ միասին ներկայացնեն նաև պայմանագիր կնքելու մասին «Հայփոստ»-ի տված տեղեկանքը։ Կենսաթոշակառուները հետագայում ցանկության դեպքում կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայություն և փոխել վճարող կազմակերպությունը։
10:05 - 03 հունվարի, 2022
Մարզերում երիտասարդների կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը․ շուրջ 107 մլն դրամ է ծախսվել

Մարզերում երիտասարդների կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը․ շուրջ 107 մլն դրամ է ծախսվել

Այս տարվա ապրիլին ՀՀ կառավարությունը հաստատել էր ՀՀ մարզերում մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը, սոցիալական ձեռներեցության կարողությունների զարգացմանը, ինքնազարգացման հնարավորությունների ընդլայնմանը, կրթական, մշակութային, տեղեկատվական իրադարձությունների իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որի հիմնական շահառուները երիտասարդներն են: Այդ ծրագրերը չէին իրականացվել համավարակի ու պատերազմի պատճառով։ Դրանց կյանքի կոչման համար կառավարությունը շուրջ 110 մլն դրամ է հատկացրել։ Infocom-ը նախարարությունից հետաքրքրվել է, թե ծրագրերը տարվա ավարտին ինչ փուլում են եւ ինչ առաջընթաց են գրանցել։ Ծրագրերից առաջինով նախատեսվել էր, որ Վանաձորում՝ Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկում, կբացվի եւ կգործի երիտասարդների ինքնազարգացման, մշակութային-ժամանցային, նորարարական LOFT կենտրոն: Նախանշվել էր, որ բազմաֆունկցիոնալ կենտրոնը պետք է ունենա տեխնիկական, տեխնոլոգիական եւ բովանդակային հագեցվածություն, որը մարզի երիտասարդության համար կապահովի ոչ ֆորմալ կրթության եւ մշակութաժամանցային միջավայր: ԿԳՄՍ նախարարությունից Infocom-ին հայտնել են, որ այս նախագծի իրականացման համար «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի եւ երիտասարդության զարգացման համահայկական ՀԿ-ին տրամադրվել է 58 մլն 579 հազար դրամ: Ներկայումս, նախարարության վստահեցմամբ, իրականացվում են կենտրոնի հիմնանորոգման եւ կահավորման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված է 2022 թ.-ի գարնանը: Երկրորդ ծրագրով նախատեսվում էր, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում կհիմնվի «Բյուրական մշակութային լաբորատորիան», որը ստեղծարար միջավայրում այլընտրանքային կրթական ծրագրերի, ուսուցման դասընթացների, համաժողովների, հանդիպումների եւ սեմինար-քննարկումների հնարավորություն կապահովի Արագածոտնի մարզի շուրջ 3000 երիտասարդների համար: Այս նախագծի իրականացման նպատակով «Բյուրական արվեստի ակադեմիա» ՀԿ-ին տրամադրվել է 31 մլն 634.4 հազար դրամ: Լաբորատորիայի ստեղծման աշխատանքներն ավարտված են: Ծրագրի շրջանակում, ընդհանուր առմամբ, կազմակերպվել է 93 հանդիպում-դասընթաց Բյուրականի եւ հարակից համայնքների մոտ 3059 երիտասարդ-շահառուի մասնակցությամբ:  Նախարարությունից հայտնել են, որ ուսումնասիրվել են ձեռներեցություն, մենթորություն եւ քոուչինք, ստեղծարար մտածողություն, առաջնորդություն, հաղորդակցություն, մարզային զբոսաշրջության զարգացում եւ այլ հմտություններ: Հաշվի առնելով, որ լաբորատորիան բացօթյա է, աշխատանքները կշարունակվեն գարնանը: Երրորդ ծրագրով նախատեսվում էր, որ Գյումրիում «ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոնը հայ եւ օտարերկրացի արվեստագետների մասնակցությամբ պետք է իրականացներ շուրջ 24 մշակութային միջոցառում՝ նպաստելով հայ եւ օտարերկրացի արվեստագետների երկխոսությանը: Պետք է ստեղծվեր համապատասխան միջավայր եւ տարածք, այլ կերպ ասած՝ արվեստանոց՝ ազատ ստեղծագործող արվեստագետների միջեւ երկխոսության, համատեղ գաղափարների մշակման եւ մշակութային արժեքների ստեղծման համար: ԿԳՄՍ նախարարությունից, սակայն, Infocom-ին տեղեկացրել են, որ այս նախագծի իրականացումը չեղարկվել է․ ««ԳՈՒՐԲԱՆ» փառատոն-նախագծի իրականացման համար նախատեսվել է «ԳՈՒՐԲԱՆ» սոցիալ-մշակութային ՀԿ-ին տրամադրել 4 մլն 792 հազար դրամ: Նախագծում առկա բովանդակային փոփոխությունների կարգավորման ընթացքում տարածքով պայմանավորված խնդիրներ են առաջացել կենտրոնի ստեղծման գործում, որի պատճառով նախագծի իրականացումը չեղարկվել է»,- հայտնել են գերատեսչությունից: Չորրորդ ծրագրով «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունն Էջմիածնում պետք է իրականացներ «Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում էր «Ֆրիլանս» հարթակի ստեղծում, սոցիալական ձեռնարկատիրության, վաճառքի իրականացման, մարքեթինգի, գովազդի, անձնային աճի զարգացմանը միտված 40 երիտասարդների վերապատրաստում: Նախարարությունից ստացած պատասխանի համաձայն՝ «Հզորացիր, հզորացրու» նախագծի իրականացման համար տրամադրվել է 6 մլն դրամ: Նախագծում առկա բովանդակային փոփոխումյունների կարգավորման արդյունքում ներկայումս 16-30 տարեկան 27 երիտասարդ մասնակցում է մարքեթինգի, վաճառքի, անձի բրենդավորման, սոցիալական ձեռներեցության, հայ մշակույթի դասընթացներին, բացվել են առցանց հարթակներ, որտեղ ներգրավել են ծրագրի շահառուները: Նշված նախագիծը, նախարարության փոխանցմամբ, դեռեւս իրականացման փուլում է: Հինգերորդ ծրագրով «Լյուպին» երիտասարդական ՀԿ-ն Արագածոտնի մարզի Թալին համայնքում պետք է իրականացներ «Ստեղծարար համայնք» նախագիծը, որի շրջանակում մարզային երիտասարդության համար պետք է կազմակերպվեին դասընթացներ: «Ստեղծարար համայնք» նախագծի իրականացման համար «ԼՅՈՒՊԻՆ» երիտասարդական ՀԿ-ին տրամադրվել է 4 մլն 400.3 հազար դրամ: Ըստ նախարարության տրամադրած տեղեկության՝ Թալինի եւ հարակից համայնքներից հավաքագրվել է 36 երիտասարդ, իրականացվել են Երիտասարդական ակումբի մասնակիցների կարողությունների զարգացման դասընթացներ՝ նյութական եւ ոչ նյութական մշակութային արժեքների քարտեզագրման, նյութական բազայի ստեղծման եւ վերամշակման, պատմամշակութային կոթողների մաքրման եւ պահպանման աշխատանքներ՝ համայնքային եւ մարզային ոչ ֆորմալ կամավոր խմբերի ներգրավմամբ կատարելով ինֆորմացիոն տեսահոլովակների նկարահանում, երկու պատմամշակութային կոթողների թվայնացում եւ 3 В մոդելավորում: Վեցերորդ ծրագրով նախատեսվում էր Մասիսի Երիտասարդական կենտրոնում իրականացնել «Youth Lab» նախագիծը, որի նպատակը տարեկան շուրջ 300 երեխայի ՏՏ ոլորտի ոչ ֆորմալ կրթության ապահովումն է:  Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ այս նախագծի իրականացման համար Մասիսի զարգացման հիմնադրամին տրամադրվել է 6 մլն 408 հազար դրամ: Մասիսի հիմնական եւ ավագ դպրոցներից ծրագրին մասնակցել է 42 դիմորդ: «Ծրագրավորման հիմունքներ» կուրսի ընթացքում նրանք սովորել են ընդհանուր համակարգչային գիտելիքներ, ուսումնասիրել HTML, CSS եւ JavaScript ծրագրավորման լեզուներ, որոնք հնարավորություն են տալու նրանց պատրաստել վեբ կայքեր: Այսպիսով, այս տարվա ապրիլին հայտարարվել էր, որ ՀՀ մարզերում երիտասարդների կյանքի բարելավմանն ուղղված վեց ծրագրեր կիրականացվեն։ Ծրագրերի մեծ մասն, ըստ էության, իրականացվել են, միայն մեկը՝ Գյումրիում «ԳՈՒՐԲԱՆ» փառատոն-նախագիծը, չեղարկվել է՝ նախագծում առկա բովանդակային փոփոխությունների կարգավորման ընթացքում տարածքով պայմանավորված խնդիրներ առաջանալու պատճառով։ Իսկ ահա Վանաձորում եկող տարվա գարնանը, նախարարության վստահեցմամբ, կավարտվեն «ԼՈՖԹ» կենտրոնի հիմնանորոգման եւ կահավորման աշխատանքները։ Հինգ ծրագրերի իրականացման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 107 մլն 21 հազ․ դրամ։ Լուսանկարը՝ pexels.com հարթակից Հայարփի Բաղդասարյան
14:38 - 24 դեկտեմբերի, 2021
Շիրակի մարզպետարանում անդրադարձ է կատարվել հայ գերիների վերադարձի խնդրին

Շիրակի մարզպետարանում անդրադարձ է կատարվել հայ գերիների վերադարձի խնդրին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին և Գյումրիում ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևին։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:   «Ողջունելով հյուրերին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը․ «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու, հայ և ռուս ժողովուրդների դարավոր անցյալը բարեկամության և ամուր հիմքերի վրա է դրված եղել, հիմա էլ մենք պատրաստ ենք համագործակցության և հյուպատոսարանի հետ արդեն ձևավորված գործընկերությունն ամրապնդելու։ Հաշվի առնելով թե ռազմաբազայի առկայությունը, թե Շիրակի մարզում ռուս ազգաբնակչության ներկայությունը՝ վստահ եմ, որ համատեղ նոր ծրագրեր ու նախաձեռնություններ կկարողանանք կյանքի կոչել»։ Ռուսլան Կանդաուրովը շնորհավորել է Նազելի Բաղդասարյանին` մարզպետի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք․ «Տիկին մարզպետ, Ձեզ արդյունավետ ու արգասաբեր գործունեություն եմ մաղթում և ինքս էլ հաստատում եմ մեր պատրաստակամությունը համագործակցելու, կարծում եմ` փոխադարձ պատրաստակամության առկայությունն արդեն լավ հիմք է գործնական քայլերի իրականացման համար»։ Կողմերն անդրադարձել են նաև հայ գերիների վերադարձի խնդրին։   Շիրակի մարզպետը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը խնդրի կարգավորման հարցում` հյուպատոսին ներկայացնելով դեռ ԱԺ-ում այս խնդրի կարգավորմանը միտված իր քայլերը։   Մարզպետը նշել է նաև, որ վաղուց է ծանոթ Գյումրիում ռուսական տան աշխատանքին, համագործակցել է դեռ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ՝ բարձր գնահատելով գիտության ու մշակույթի բնագավառներում համագործակցության խորացման համար ռուսական տան ձեռնարկած քայլերը»,- նշված է գրառման մեջ։  
18:24 - 22 դեկտեմբերի, 2021
Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց Գյումրու ճանապարհները կառուցելու համար |armenpress.am|

Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց Գյումրու ճանապարհները կառուցելու համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը նոյեմբերի 9-ի նիստին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհները» ծրագիր իրականացնելու համար ավելի քան 1 միլիարդ դրամի համաֆինանսավորում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ծրագիրը երկու բաղադրիչ ունի՝ փողոցների բարեկարգում և էներգախնայող արտաքին լուսավորության ցանցի ներդնում: «Ծրագրի ընդհանուր գումարը 23.84 միլիոն եվրո է։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2019 թվականից։ 15.4 միլիոն եվրոն ուղղված է ճանապարհների, փողոցների և հարակից ենթակառուցվածքների հիմնանորոգմանը, իսկ 6.5 միլիոն եվրոն նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի համար: 2019-20 թվականներին բավականին աշխատանքներ արվել են, հիմա շարունակվում են: Ծրագիրը 2022 թվականին կշարունակվի»,-ասաց Սանոսյանը: Ըստ նախարարի` նախատեսված է 26 կմ ճանապարհի ասֆալտապատում, որը ներառում է Գյումրու 37 փողոց՝ իրենց բոլոր ենթակառուցվածքներով: Ծրագիրը կավարտվի 2022 թվականին:
12:55 - 09 դեկտեմբերի, 2021
ՀՀ, ՌԴ և Ճապոնիայի պաշտոնյաները մասնակցել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումների

ՀՀ, ՌԴ և Ճապոնիայի պաշտոնյաները մասնակցել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումների

Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 7-ին Գյումրի են այցելել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՌԴ ԱԻ նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը, ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Կառավարության, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչները, ՌԴ պատվիրակության անդամները մասնակցել են Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղի ունեցած հոգեհանգստի կարգին, ծաղկեպսակ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ «Իսկ 88-ի երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում արհավիրքի զոհերի հիշատակին իրենց խոնարհումն են բերել ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նրանց ուղեկցել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Սպիտակի համայնքապետի ժ/պ Քաջայր Նիկողոսյանը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանը, վարչության աշխատակիցները»,- հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Ծաղկեդրման արարողությունը կայացել 2011 թ.-ին Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի ու 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: «Ինչպես Հայաստանն, այնպես էլ Ճապոնիան երկրաշարժավտանգ երկրներ են և մեզ համար կենսական խնդիր է աղետների ռիսկերի նվազեցման և դրանց հետևանքների կանխարգելման ուղղությամբ ջանքերի գործադրումը, և մենք ևս մեկ անգամ մեր երախտիքի խոսքն ենք հղում Ճապոնիայի կառավարությանը»,- ասել է Արմեն Գասպարյանը: Ֆուկուշիմա Մասանորին էլ իր հերթին ընդգծել է երկու երկրների նմանությունն ու կառուցողական գործընկերային հարաբերությունների կարևորությունը: Դեսպանի խոսքով՝ թե´ Հայաստանը և թե՛ Ճապոնիան բազում արհավիրքներ են տեսել, սակայն շարունակում են ապրել՝ պայքարելով և ոտքի կանգնելով: «Երկրաշարժից տուժած քաղաքներում Հիշատակի արարողությունների մասնակիցներն իրենց աղոթքն են բարձրացրել առ Աստված՝ անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
21:33 - 07 դեկտեմբերի, 2021
Աղետի գոտում ապրող քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունների շարքում. փոխվարչապետ

Աղետի գոտում ապրող քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունների շարքում. փոխվարչապետ

Դեկտեմբերի 7-ը Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցն է, ինչի կապակցությամբ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ուղերձով է հանդես եկել: Ինչպես  տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ոգեկոչում ենք 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը, որը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր, բեկեց հարյուր հազարավոր ճակատագրեր և իրենից հետո թողեց աղետի գոտի: Ծնված և մեծացած լինելով Գյումրիում՝ ինքս անմիջականորեն զգացել եմ երկրաշարժի ծանր բեռը, սեփական աչքով տեսել մարդկանց կրած զրկանքներն ու դառնությունները: Անձնականի վերածված հանրային այդ ցավը չի կարող լքել որևէ անհատի, որն ազդվել է այդ արհավիրքից կամ գոնե իր աչքով է տեսել աղետի գոտին: Ամեն տարի դեկտեմբերի 7-ին մենք վերապրում ենք աղետին զոհ դարձած մեր հայրենակիցների առջև ունեցած պարտքի զգացումը՝ ստեղծելու բարեկեցիկ և առողջ միջավայր բոլորի, առաջին հերթին՝ նրանց սերունդների համար: Ուզում եմ շեշտել, որ աղետի գոտու բնակավայրերում ապրող քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունների շարքում՝ ապրուստի պատշաճ պայմաններ ստեղծելով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար: Վերստին արտահայտելով իմ խոնարհումը նահատակված մեր հայրենակիցների հիշատակի առաջ՝ վերահաստատում եմ հանձնառությունս՝ ջանք չխնայել երկրաշարժի հետևանքների վերացման հարցում, որովհետև նրանց հիշատակի արժևորումը, կարծում եմ, առաջին հերթին պետք է լինի գործով՝ հանձին Սպիտակի, Գյումրու և մյուս տուժած բնակավայրերի վերածննդի:
10:49 - 07 դեկտեմբերի, 2021
Հոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքեր «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում․ 2 բուժաշխատող կալանավորված է․ Դատախազություն

Հոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքեր «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում․ 2 բուժաշխատող կալանավորված է․ Դատախազություն

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 267-րդ հոդվածի 1-ին մասով, 269.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում  կատարված նախնական քննությամբ հիմնավորվել է, որ  «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգը,  նախնական համաձայնության գալով նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքրոջ հետ, խախտելով համապատասխան կանոնները, փաստաթղթեր կեղծելու եղանակով, իրացման նպատակով 2021թ. ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հաշվեկշռից դուրս է գրել և ապօրինի ձեռք բերել մի քանի տեսակի հոգեմետ /հոգեներգործուն/ նյութեր և դեղեր, որոնք վաճառել է իր հետ նախնական համաձայնության եկած մի շարք քաղաքացիների։ Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Բացի այդ, պարզվել է, որ նույն նարկոլոգը, նախնական համաձայնության գալով նարկոլոգիական և հոգեբուժական բաժանմունքի 2 բուժքույրերի հետ, իր  մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, օժտված լինելով վարչատնտեսական գործառույթներ կատարելու լիազորություններով,  2021թ. ապրիլից մինչև 2021թ. հուլիս ժամանակահատվածում մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես՝ ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, ալկոհոլային կախվածությունից հանելու և համապատասխան ներարկումներ կատարելու, առանց գրանցելու ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, առանց համապատասխան բժշկական ստուգումների և եզրակացության կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու, վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու նպատակով նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից  հանելու համար տարբեր պացիենտներից կամ նրանց հարազատներից պահանջել և ստացել է 5000-ից մինչև 30.000 դրամ կաշառք՝ առանձին դեպքերում մասնաբաժին հատկացնելով բուժքրոջը: Նախաքննության ընթացքում քաղաքացիների բնակության հասցեներում, բուժկենտրոնի նշված աշխատակիցների բնակության հասցեներում, աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր, նյութեր: Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ, գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նաև նշանակվել է մասնագիտական ստուգում: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգ Ա. Ս.-ին և նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքույր Ջ. Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 267-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Իրենց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք տված 9 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր այս գործընթացներում ներգրավված այլ անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու, այլոց հնարավոր մասնակցությունը պարզելու նպատակով:    Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:02 - 30 նոյեմբերի, 2021
Հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանը հայտնաբերվել է․ նա կալանավորվել է․ ՔԿ

Հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանը հայտնաբերվել է․ նա կալանավորվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ս.Ղուկասյանը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը երեք-չորս տղամարդկանց հետ միասին մտել է իր տան բակ՝ թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։ Դիմումում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով իրավապահներն այցելել էին Սպարտակ Ղուկասյանի բնակության հասցե, սակայն վերջինս նախ հրաժարվել էր տան դուռը բացել, իսկ ժամեր անց զանգահարել էր ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին և սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ: Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում Ս.Ղուկասյանը հայտնաբերվել էր, և նրան մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Վարույթն իրականացնող մարմինը դեռևս 2021թ. օգոստոսի 20-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ս.Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին, որը մերժվել էր: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2021թ. սեպտեմբերի 15-ին բավարարել էր Ս.Ղուկասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված բողոքը: Հաշվի առնելով, որ Ս.Ղուկասյանը պատշաճ կարգով ծանուցվել և հրավիրվել էր նախաքննական մարմին, սակայն վերջինս չէր ներկայացել, տեղյակ չէր պահել՝ չներկայանալու պատճառների մասին և գտնվելու վայրն անհայտ է, նախաքննական մարմնի կողմից որոշում էր կայացվել՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 2021թ. նոյեմբերի 27-ին հետախուզվող Սպարտակ Ղուկասյանը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Ղուկասյանը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:16 - 27 նոյեմբերի, 2021
«Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

«Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-311-րդ հոդվածի 2-րդ մասի, 308-րդ հոդվածի 1-ին մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում իրականացված մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, 2018թ․ ապրիլից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, գործընկերային հարաբերությունների մեջ գտնվելով նույն ընկերության պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատորի պաշտոնը զբաղեցնող աշխատակցի հետ, 2021թ․ սեպտեմբերին վերջինիս հանձնարարել է 6-7 անձի վերաբերյալ կազմել և տրամադրել «COVID-19» հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտեֆիկատներ։Բուժքույրը, իր լիազորությունների շրջանակներում նշված անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելով, պաշտոնեական փաստաթղթերում մտցրել է իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տվյալներ ու տեղեկություններ և փաստաթղթերը դրել շրջանառության մեջ, ինչի արդյունքում փաստացի չպատվաստված քաղաքացիների տվյալները  մուտքագրվել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ և նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտեֆիկատներ:Բացի այդ, բուժհիմնարկի տնօրենը, չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի շրջանառություն իրականացնելու, այն է` թմրամիջոց ձեռք բերելու և պահելու թույլտվություն, իր կողմից ղեկավարվող բժշկական կենտրոնում հաշվառված և նշված ընկերությունից հոգեմետ դեղորայքներ ստացող, դեռև 2019թ․ հոկտեմբերին մահացած հիվանդի կողմից չօգտագործված և նրա մահվանից հետո վերջինիս ազգականի կողմից վերադարձված դեղորայքից, առանց իրացնելու նպատակի, ապօրինի պահել է առանձնապես խոշոր չափերով 30 սրվակ հոգեմետ նյութ, որը հայտնաբերվել և վերցվել է վերջինիս աշխատասենյակում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ։Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ հիշյալ բուժհաստատության տնօրենը ձերբակալվել է, և քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով։Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է։  Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, կեղծ սերտեֆիկատներ ստացած անձանց ինքնությունը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
16:33 - 20 նոյեմբերի, 2021