Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Վարդենիկ գյուղում նախատեսվում է կենսաբանական մաքրման կայան կառուցել |hetq.am|

Վարդենիկ գյուղում նախատեսվում է կենսաբանական մաքրման կայան կառուցել |hetq.am|

hetq.am: Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում նախատեսվում է կեղտաջրերի մաքրման կայան (ԿՄԿ) կառուցել: Այն լինելու է միակ կայանը, որը կեղտաջրերի կենսաբանական մաքրում կիրականացնի: Վարդենիկի ներկայացրած «Սևանա լճի ավազանի Վարդենիկ և Ծովինար բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և մաքրման համակարգի ստեղծում» ծրագրային առաջարկը հավանություն է ստացել։ Ծրագրով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ և Ծովինար գյուղերում կառուցել շուրջ 25 կմ կոյուղագիծ, իսկ Վարդենիս գետի վրա՝ կենսաբանական մաքրման կայան: Կայանը կկառուցվի «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4SEVAN) ծրագրի շրջանակում, որի բաղադրիչներից մեկը Սևանա լիճ հոսող կեղտաջրերի մաքրման կարողություններ ստեղծելն է։ Սևանի ավազանում գտնվող բնակավայրերից ԿՄԿ-ներ ունեն Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքները, դրանք կեղտաջրի մեխանիկական մաքրում են կատարում: Նշենք, որ Սևանա լիճը քաղցրահամ ջրի պաշարներով ամենամեծն է Կովկասում և քաղցրահամ ջրի, ոռոգման ջրի, ջրային մշակաբույսերի, ինչպես նաև Հայաստանում հիդրոէներգիայի ամենակարևոր աղբյուրը։ Սևանա լիճը վերջին տարիներին մշտական ճահճացման վտանգի տակ է, որի պատճառը մասնագետները համարում են նաև կենցաղային, տնտեսական կեղտաջրերով լիճն աղտոտելը: Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը Հայաստանում իրականացնում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)։ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5,7 մլն եվրո։ Սևանի շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված այս ծրագրը մեկնարկել է 2020թ.-ի սեպտեմբերին և կավարտվի 2024թ.-ի օգոստոսին։ Վարդենիկ և Ծովինար գյուղերը խոշորացվելուց հետո ընդգրկվել են Մարտունի համայնքում: Համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը մինչև Մարտունի համայնքի խոշորացվելը Վարդենիկ համայնքի ղեկավարն էր և ասում է, որ մի քանի տարի առաջ էր աշխատանքներ տանում մաքրման կայան կառուցելու համար (ԿՄԿ): Հովհաննես Հովեյանի ասելով՝ երկու գյուղերի կոյուղաջրերը ներկայում մեխանիկական մաքրման են ենթարկվում փոսային տարբերակով, որից հետո լցվում են Վարդենիս գետը ու միախառնվում Սևանա լճին: Ծրագրային առաջարկն իրականացնելու համար դիմել էր միջազգային կազմակերպություններին ու տարբեր կառույցների: «Վերջերս մեր ներկայացրած հայտով հետաքրքրվեց «Ջինջ» ՍՊԸ-ն և մեր համագործակցությունը հաջողվեց: Ընկերության հետ միասին այս տարվա ապրիլին հանրային լսումներ ենք անցկացրել Վարդենիկ և Ծովինար գյուղերում»,- հայտնեց Հ. Հովեյանը: «Ջինջ» ՍՊԸ-ն ինժեներախորհրդատվական ընկերություն է և ծառայություններ է իրականացնում կեղտաջրերի հեռացման և մաքրման ոլորտում: «Ջինջ» ՍՊԸ-ի տնօրեն, տ.գ.թ. Էդուարդ Մեսրոպյանը «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4SEVAN) ծրագրի հետ համագործակցող խորհրդատու է և խոստացել է միջազգային կազմակերպությունների դրամաշնորհներով ապահովել Վարդենիկի ԿՄԿ-ի կառուցման համար պահանջվող գումարի 80%-ը:   Շարունակությունը՝ hetq.am-ում
12:26 - 27 մայիսի, 2022
Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, կա մեկ վիրավոր
 |azatutyun.am|

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, կա մեկ վիրավոր |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, հրազենային վիրավորում է ստացել հանքի հորատող աշխատակիցներից մեկը, քիչ առաջ «Ազատությանը» տեղեկացրեց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։ «Կրակոցները սկսվել են երեկ երեկոյան, այսօր ցերեկը նորից ակտիվացել են: Եվ ցավոք սրտի, ունենք վիրավոր, մեր աշխատակիցն է, որը աշխատում է Սոթքի հանքավայրում, վիրավորվել է սրտի կողմից, ձախ թևը, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածքներ չկան: Տվյալ դեպքում աշխատակիցը գտնվում է հոսպիտալում և բժիշկները իրավիճակը գնահատում են կայուն», - ասաց Գրիգորյանը: Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարից տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք ու սահմանային այլ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, բայց հանքի ուղղությամբ դեռևս կրակում են: «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունից փոխանցում են՝ հանքավայրը դադարեցրել է աշխատանքը. «Այս պահին Սոթքի հանքավայրը դադարեցրել է աշխատանքը և տեղի է ունեցել տարհանում՝ աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար»:
16:20 - 07 մայիսի, 2022
Հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի հողի բերրի շերտի տեղափոխման 3 դեպք. նշանակվել է վարչական տուգանք

Հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի հողի բերրի շերտի տեղափոխման 3 դեպք. նշանակվել է վարչական տուգանք

Սևան-Երևան մայրուղու Արզնի և Չարենցավան համայնքների հատվածում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի հողի բերրի շերտի տեղափոխման 3 դեպք։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: «Մշտապես Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է գտնվում հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործման, տեղափոխման նկատմամբ բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման կատարումը։ Հերթական վերահսկողական լայնածավալ միջոցառման արդյունքում Սևան-Երևան մայրուղու Արզնի և Չարենցավան համայնքների հատվածում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի հողի բերրի շերտի տեղափոխման 3 դեպք։ Հայտնաբերված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 150.000 ՀՀ դրամի չափով»,-նշված է հաղորդագրության մեջ: Բեռնատար ավտոմեքենաներով ապօրինի տեղափոխվող շուրջ 24խմ. սևահողը հանձնվել է համայնքներին։ Միջոցառումները շարունակվում են։
14:14 - 27 ապրիլի, 2022
Նիկոլ Փաշինյանին հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է. 
«5165» շարժման հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանին հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է. «5165» շարժման հայտարարությունը

«5165» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․   «Նիկոլ Փաշինյանին հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է։ Նիկոլ Փաշինյանը, ով իր բոլոր ձախողումների ու հանցագործությունների մեղքը միշտ հմտորեն բարդում է տարբեր մարդկանց, խմբերի, հաստատությունների վրա, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող փաստաթուղթ ստորագրելու իր պատրաստակամությունն այս անգամ էլ ժողովրդին ուզում է մատուցել միջազգային հանրության կողմից ճնշումների մասին կեղծ թեզերով․ իբրև թե միջազգային հանրությունն է ստիպում Հայաստանին իջեցնել իր սահմանած նշաձողն Արցախի հարցում։ Արցախի հարցում հայ ժողովրդի սահմանած նշաձողը արցախցիների ազատությունն ու անվտանգությունն է, ինչն իջեցնելը հավասար է ցեղասպանության։ Իր անվերջ ձախողումների ու հանցանքների մեղքը «նախկինների», ԳՇ պետերի, պաշտպանության նախարարների, ՀԱՊԿ-ի ու այլևայլ սուբյեկտների վրա բարդելուց հետո Նիկոլ Փաշինյանը այժմ սլաքներն ուղղում է միջազգային հանրության վրա։ Նա շարունակում է ժողովրդին ահաբեկել, որ իբր «խաղաղության պայմանագիր» չկնքելու դեպքում նոր պատերազմ է սպառնում մեզ։ Նա պատերազմի սպառնալիքով այսպես Ադրբեջանին է զիջելու նաև Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը․․․ Մենք պետք է հասկանանք, որ ողջ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հանցավոր ու ապիկար ղեկավարման մեջ է։ Ուստի նրան հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է։Հեռացնելով նրան ու համախմբվելով Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության և մեր ազգային արժանապատվության վերականգնման գաղափարի շուրջ՝ մենք կարող ենք արագ բարձրացնել Հայաստանի պաշտպանունակությունը, վարել ազգային-պետական շահերից բխող արտաքին ու ներքին քաղաքականություն, և ոչ մի թշնամի այլևս չի կարող թելադրել մեզ իր կամքը»։
10:53 - 14 ապրիլի, 2022
875 մլն դրամ՝ 38 համայնքներում 44 սուբվենցիոն ծրագրերի համար
 |hetq.am|

875 մլն դրամ՝ 38 համայնքներում 44 սուբվենցիոն ծրագրերի համար |hetq.am|

hetq.am: Կառավարությունը համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին կհատկացնի 875 մլն 473 հազ. դրամ։ Որոշումն ընդունվեց Կառավարության ապրիլի 7-ի նիստում։ Առաջարկվում է համաֆինանսավորել 38 համայնքների թվով 44 ծրագրեր։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ դրանցից 26-ը 2021 թ-ին ավարտված ծրագրեր են, անհրաժեշտ է 604 մլն դրամ վճարել, իսկ 18-ը դեռևս 2020 թ-ին հաստատված ծրագրեր են, որոնք իրականացվել են 2021-2022 թթ-ին, և պետք է վճարել Կառավարության մասնաբաժինը։ Որոշման նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այս տարվա սուբվենցիոն ծրագրերն ինչ ընթացք ունեն։  Գնել Սանոսյանն էլ հայտնեց, որ ընդհանուր ստացել են 461 հայտ՝ 79,5 մլրդ դրամ արժեքով, որից Կառավարության մասնաբաժինը 43,5 մլրդ դրամ է։ Նախարարի խոսքով՝ այժմ սպասում են համայնքներից նախագծերի ուղարկմանը։
16:06 - 07 ապրիլի, 2022
Ծակքար համայնքի նախկին ղեկավարի կողմից համայնքին պատճառված վնասը վերականգնվել է

Ծակքար համայնքի նախկին ղեկավարի կողմից համայնքին պատճառված վնասը վերականգնվել է

Ավարտվել է Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև՝ համայնքապետարանի աշխատակիցների կողմից իրենց վերադասին օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ համայնքի ղեկավարին օժանդակողների շրջանակը, համայնքին պատճառված վնասի չափը: Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ համայնքի նախկին ղեկավարը, 2002-2021թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Փաստական տվյալների համաձայն՝ համայնքի նախկին ղեկավարը, տեղեկանալով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից ֆինանսավորվող «էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում «ԲԷՑ» ՓԲ ընկերության կողմից Ծակքար համայնքում օդային հոսանքագծերի անցկացման նպատակով հողամասերի՝ առավել բարձր արժեքով ձեռք բերելու մտադրության մասին, ինչպես նաև օգտվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված, պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղման կարգով սահմանված հնարավորությունից, համաձայնության է եկել համայնքապետարանի՝ իրեն մտերիմ երեք աշխատակիցների հետ՝ վերջիններիս պատկանող հողամասերի նկատմամբ նրանց սեփականության իրավունքը գրանցելու, իսկ հետագայում դրանք առավել բարձր գնով «ԲԷՑ» ՓԲԸ-ին վաճառելուն իրեն օժանդակելու հարցում: Համայնքապետարանի նշված աշխատակիցները, իրենց վերադասին օժանդակելու նպատակով, կազմել և ստորագրել են համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասերը փաստացի իրենց պատկանելու, սակայն սխալմամբ 2011թ. դեկտեմբերին նույն հողամասերը որպես համայնքային սեփականություն գրանցվելու վերաբերյալ ակնհայտ կեղծ փաստեր հավաստող համաձայնագրեր: Համայնքի նախկին ղեկավարը «ԲԷՑ» ՓԲԸ-ի կողմից գնման ենթակա 0,166հա մակերեսով տնամերձ հողամասն իր կնոջ, իսկ 0.15հա, 0.137հա, 0.166հա տնամերձ հողամասերը համայնքապետարանի հիշյալ աշխատակիցների ընտանիքի անդամներին պատկանելու վերաբերյալ կազմված համապատասխան կեղծ փաստաթղթերը և իր կողմից ստորագրված՝ նույնաբովանդակ, իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ պարունակող գրությունները 2016թ. հուլիսին ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանում, որոնց հիման վրա կադաստրի կոմիտեի կողմից գրանցվել է վերը նշված անձանց և նրանց ընտանիքի անդամների սեփականության իրավունքը հիշյալ հողամասերի նկատմամբ:  Այնուհետև՝ համայնքի ղեկավարի խնդրանքով 2016թ. սեպտեմբերին, մի կողմից համայնքապետարանի հիշյալ աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև համայնքի նախկին ղեկավարի և նրա կնոջ, իսկ մյուս կողմից «ԲԷՑ» ՓԲԸ-ի ներկայացուցչի միջև կնքվել են վերոհիշյալ հողամասերն ընդհանուր՝  14.768.116 ՀՀ դրամով վաճառելու վերաբերյալ պայմանագրեր, իսկ վաճառքից ստացված հասույթը փոխանցվել է համայնքի նախկին ղեկավարին, ինչի հետևանքով Ծակքար համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքապետարանի երեք աշխատակիցներին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով չորս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Համայնքի նախկին ղեկավարի կողմից վերականգնվել է համայնքին պատճառված վնասը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ   նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:15 - 06 ապրիլի, 2022
Վերին Գետաշենի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործի նախաքննությունն ավարտվել է

Վերին Գետաշենի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։  Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարի դուստրը, տեղեկանալով, որ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը նշված համայնքի վարչական սահմաններում ցանկանում է կայանների տեղակայման տարածքներ ձեռք բերել, հիշյալ տեղեկատվությունը տրամադրելով հորը՝ օժանդակելով նրան վերոնշյալ ընկերությանը համապատասխան տարածք տրամադրելու գործընթացում: Դստեր կողմից շահույթ ստանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքային սեփականության հատուկ պահպանվող հողերի նպատակային նշանակություն ունեցող գերեզմանոցի տարածքից 0.20 հա մակերեսով հողամասը 2008թ. սեպտեմբերին վարձակալության պայմանագրով տրամադրել է դստերը՝ 10 տարի ժամկետով, տարեկան 1336 դրամ վարձավճարով: Այնուհետև, 2008 թվականի հոկտեմբերին, համայնքի նախկին ղեկավարի կողմից տրված գրավոր համաձայնության հիման վրա, 25 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով վերջինիս դուստրը նշված հողատարածքից 200 ք/մ -ն ամսական 40000 ՀՀ դրամ վարձավճարով հանձնել է հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերությանը, որի հետևանքով համայնքի շահերին անզգուշությամբ պատճառվել է 5.029.677 ՀՀ դրամ գույքային վնաս։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, վերջինիս դստերը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
14:49 - 25 մարտի, 2022
Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին երկկողմանի փակ է եղել մինչեւ մարտի 24-ը՝ ժամը 04:00-ն |armenpress.am|

Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին երկկողմանի փակ է եղել մինչեւ մարտի 24-ը՝ ժամը 04:00-ն |armenpress.am|

armenpress.am: Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին երկկողմանի փակ է եղել մարտի 23-ի կեսօրվանից մինչև մարտի 24-ի ժամը 04:00-ն։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մնացականյանը, բողոքի ակցիա իրականացնողների կողմից ճանապարհը բացվել է միայն իշխանության պատկան մարմինների հետ տեղի ունեցած բանակցություններից հետո։ «Պայմանավորվել ենք ՀՀ ազգային ժողովի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Գեղարքունիքի մարզպետի հետ, որ մարտի 24-ի ժամը 14:00-ին մեզ մոտ հատուկ քննարկում է տեղի ունենալու նույն կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հուսով, եմ, որ կգտնվի որևէ հանգուցալուծում»,-ներկայացրեց Դավիթ Մնացականյանը։ Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները քվեարկության չեն մասնակցել՝ դրանով արտահայտելով իրենց անհամաձայնությունը համայնքների միավորման քաղաքականությանը և գործընթացներին։ Իսկ մարտի 23-ին նրանք իրականացրել են բողոքի ակցիա՝ երկկողմանի փակելով Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին։ Ճանապարհը փակ է մնացել մոտ 16 ժամ։
11:12 - 24 մարտի, 2022
Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքների բնակչների կողմից բարձրացված հարցերը ՄԻՊ անմիջական ուշադրության կենտրոնում են․ ՄԻՊ

Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքների բնակչների կողմից բարձրացված հարցերը ՄԻՊ անմիջական ուշադրության կենտրոնում են․ ՄԻՊ

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքների բնակչների կողմից բարձրացված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում են։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։  «Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին մինչև այսօրվա ակցիան էլ տեղեկացված է թե՛ Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ և թե՛ Պաշտպանի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչները։ Այսօր բնակիչների կողմից ճանապարհ փակելու առաջին իսկ պահից մինչև այժմ ուշադրությամբ հետևում ենք ներկայացվող պահանջներին և ուղիղ կապի մեջ ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ։ Պաշտպանի ներկայացուցիչները նաև կապի մեջ են տեղում գտնվող առանձին բնակիչների հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր անմիջական ուշադրության ներքո պահել բնակիչների բարձրացված խնդիրները և իր իրավասության սահմաններում աջակցելու է ստեղծված իրավիճակի լուծմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
16:13 - 23 մարտի, 2022
Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները փակել են Երևան–Սևան մայրուղին. Գնել Սանոսյանի հետ հանդիպում են պահանջում |news.am|

Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները փակել են Երևան–Սևան մայրուղին. Գնել Սանոսյանի հետ հանդիպում են պահանջում |news.am|

news.am: Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները երկկողմանի փակել են Երևան– Սևան մայրուղին և հանդիպում են պահանջում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։ Բնակիչներից մեկն ասաց, որ ակցիան խաղաղ է։ Տեղում նաև ոստիկաններ կան։ «Պահանջում ենք, որ նախարարը գա և մեր խնդրին լուծում տա։ Մենք ընտրություններով դեմ էինք արտահայտվել խոշորացմանը և սպասում էինք, որ մեզ կարձագանքեն, մեր խնդրին լուծում կտան, բայց ինչպես տեսանք՝ չլուծվեց։ Հիմա բնակիչները որոշել են ճանապարհը փակել, որպեսզի հարցը լուծվի»,– ասաց մեր զրուցակիցը։ Նշենք, որ այս երկու գյուղերի բնակիչները դեմ էին խոշորացմանը և դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած Սևան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չէին մասնակցել։
13:43 - 23 մարտի, 2022
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը. ՔՊ-ն թեկնածու չառաջադրեց, իսկ քվեարկությունից հետո լքեց նիստը |news.am|

Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը. ՔՊ-ն թեկնածու չառաջադրեց, իսկ քվեարկությունից հետո լքեց նիստը |news.am|

news.am: Վարդենիս խոշորացված համայնքի ավագանին 14 կողմ 13 դեմ ձայներով քիչ առաջ համայնքապետ ընտրեց Ահարոն Խաչատրյանին, որի թեկնածությունը պաշտպանում էին «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունները: ՔՊ-ն, որն ուներ 13 մանդատ, դեմ քվեարկեց նրա թեկնածությանը: Ընդ որում, ՔՊ-ն թեկնածու չառաջադրեց: Քվեարկությունից հետո ՔՊ խմբակցության ներկայացուցիչը հայտարարեց. «Մեծագույն հարգանքով ձեր հանդեպ, Վարդենիսի բնակչության հանդեպ: Ինչու ենք այսպես վարվում, որովհետեւ գիտենք, որ այսօր մենք արտահայտեցինք նրանց իրական ցանկությունը եւ տրամադրությունները: Այո, ինչ-որ վստահված էր մեզ, արել ենք, ինչ կարողացել ենք արել ենք, օգտագործել ենք մեր բոլոր հնարավորությունները: Մեծ պատասխանատվությամբ Վարդենիս համայնքի բնակիչների առջեւ, որոնք մեզ ձայն են տվել, մենք հաշվի ենք առնում այն փաստը, որ ՔՊ-ն ստացել է 13 մանդատ, «Միասնական Վարդենիսը»՝ 4 եւ 1 մադատ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը: Տրվել է հնարավորություն, որ փոքր խմբակցությունները միավորվեն, մենք դրա հետ բացարձակ չենք համակերպվում: Մեր ընտրողները դեմ են նման լուծմանը, մենք էլ նրանց հետ դեմ ենք: Ոչինչ մեզնից չի կախված:  Ինչ էլ անեք հետագայում՝ հաջողություն, ուզում ենք հավատալ, որ ձեր նպատակները բարի են»: ՔՊ խմբակցության ղեկավար Արամ Մելքոնյանն էլ հավելեց. « Մենք չեն խոսում օրենքի բացից, որի արդյունքում ժողովրդի մեծամասնության քվեն տարած ՔՊ խմբակցությունը դուրս է գալիս այստեղից եւ մնացածը թողնում է մյուս երկու խմբակցությունների վրա: Մենք պարտավոր ենք մեր ընտրողի առջեւ»: Դրանից հետո ՔՊ խմբակցության 13 անդամները լքեցին ավագանու նիստը։ 2021-ի դեկտեմբերի 5-ին Վարդենիսում կայացած ՏԻՄ ընտրություններում ավագանու 27 մանդատներից 13-ն ստացել էր ՔՊ-ն, 10 մանդատ ստացել էր «Ահարոն Խաչատրյան» դաշինքը եւ 4 մանդատ՝ «Միասնական Վարդենիս»-ը: Դեկտեմբերի 30-ին համայնքապետարանում տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, սակայն ավագանու ՔՊ-ական անդամները պնդում էին, որ այդ նիստը տեղի է ունեցել օրենքի խախտումով, քանի որ իրենք տեղեկացված չեն եղել նիստի մասին: Նրանք Ահարոն Խաչատրյանին չեն ընդունում որպես համայնքապետ։ Ավելին, հունվարի 4-ին համայնքապետի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ դրսում՝ համայնքապետարանի շենքի դիմաց, քանի որ նախկին համայնքապետ, ՔՊ-ական Արամ Մելքոնյանը ոստիկաններին հանձնարարել էր ավագանու ընդդիմադիր անդամներին ներս չթողնել։ Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դատարան հայց էին ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել դեկտեմբերի 30-ի ավագանու ընդդիմադիր անդամների անցկացրած անդրանիկ նիստը, որի ընթացքում համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը։ Վարչական դատարանը փետրվարի 2-ին էր մասնակի բավարարել ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հայցը եւ անվավեր ճանաչել այն որոշումը, որով արձանագրվել էր, որ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Ահարոն Խաչատրյանը։
11:57 - 16 մարտի, 2022
ՀՀ փոխվարչապետը հանրային լողափերի համար չափորոշիչները լավարկելու հանձնարարական է տվել

ՀՀ փոխվարչապետը հանրային լողափերի համար չափորոշիչները լավարկելու հանձնարարական է տվել

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ, մարտի 4-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հանրային լողափերի և Սևան-Լճաշեն ճեմուղու նախագծի վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, փոխվարչապետի խոսքով՝ Կառավարությունն իր մի շարք որոշումներով, հանրության բոլոր շերտերի համար հասանելի հանգստի հնարավորություն տալու նպատակով, ստեղծել է հանրային ութ լողափ, բայց ներկայում դրանցից  կահավորված և շահագործման են հանձնված միայն երեքը։ Այդ երեք լողափերի սպասարկումը պատվիրակվել է մասնավոր ընկերության, որն իրականացրել է բարեկարգման ու կահավորման աշխատանքներ․ նախատեսվում է կառուցել նաև ճեմուղի, նոր ավտոկայանատեղի, տեղադրել նոր տաղավարներ և շվաքարաններ, ինչպես նաև պատշաճ կերպով  կազմակերպել աղբահանության աշխատանքները: Փաստելով, որ հանրության շրջանում հանրային լողափերի նկատմամբ կա հետաքրքրություն՝ փոխվարչապետը հանձնարարել է իրավասու մարմիններին գույքագրել առկա դժգոհությունները, կարճ ժամանակում շտկել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները, ինչպես նաև քայլեր ձեռնարկել, որ հանրային լողափն իրապես բոլորի համար լինի հասանելի։ Հանրային լողափերի հասանելիությունը բարձրացնելու նպատակով խորհրդակցության ժամանակ քննարկվել է մյուս հինգ լողափերը շահագործման հանձնելու, ինչպես նաև Լճափ, Շորժա, Նորատուս և Մարտունի համայնքներում ևս 4 նոր հանրային լողափեր ստեղծելու, հանրային բոլոր լողափերի համար չափորոշիչները լավարկելու հնարավորության հարցը, ինչպես նաև ներկայացվել են «Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագիծը, դրա իրականացման հետ կապված խնդիրներն ու լուծման տարբերակները։
11:14 - 05 մարտի, 2022
Գեղամասարի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, ջրաղբյուրները գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ |tert.am|

Գեղամասարի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, ջրաղբյուրները գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ |tert.am|

tert.am: 2021թ-ի մայիսի 12-ին  ադրբեջանցիների առաջխաղացման արդյունքում Գեղամասար խոշորացված համայնքի մի շարք գյուղեր զրկվել են խմելու և ոռոգման ջրից։ Այս մասին  ասաց համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։ «Մի շարք գյուղերի ջրային աղբյուրները անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ, իսկ Սոթքի աղբյուրը, թեև իրենց վերահսկողության տակ չէ, սակայն դիրքերին շատ մոտ է և գյուղացիները  չեն կարողանում դրանց օգտվել։ Սոթք, Կութ, Նորաբակ և  Գեղամաբակ  գյուղերը այս պահին ունեն ոռոգման և խմելու ջրի խնդիր։ Սոթքում նոր ջրագծի ծրագիր էինք իրականացրել, որով գյուղը ամբողջությամբ ջուր պետք է ունենար, բայց ջրագծի կառուցումը չավարտած` պատերազմը սկսվեց, ծրագիրը մնաց կիսատ, այդ ծախսերն էլ դարձան անիմաստ։ Կութում խնդիրը այդքան մեծ չէ, իսկ Նորաբակում և Գեղամաբակում  ջրագիծը ամբողջությամբ անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ,  Ջաղացաձորը ունի լուրջ խնդիր, այդ գյուղի ջրաղբյուրները ևս ամբողջությամբ գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ»,- ասաց Ավետյանը։ Նա նշեց, որ նշված գյուղերի բնակիչները մեքենաներով հարևան գյուղերից են ջուր վերցնում։ Ավելին՝ tert.am-ում
14:22 - 28 փետրվարի, 2022
Լճաշենում «Արդյունաբերական ջերմոցային համալիր» ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով ուղիղ վաճառքով հողամաս կօտարվի

Լճաշենում «Արդյունաբերական ջերմոցային համալիր» ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով ուղիղ վաճառքով հողամաս կօտարվի

Լճաշեն գյուղը, լուսանկարը՝ Մեդիամաքսի ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց ուղիղ վաճառքով հողամաս օտարել՝ Սեւան համայնքի Լճաշեն բնակավայրում «Արդյունաբերական ջերմոցային համալիր» ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով։ Այս որոշման ընդունումը պայմանավորված է Լճաշեն բնակավայրի սեփականությունը հանդիսացող շուրջ 51,4 հա հողամասներն ուղիղ վաճառքով օտարելու անհրաժեշտությունից։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ գործարքի արդյունքում համայնքային բյուջե մուտք կարվի 22 մլն դրամ։ «Ծրագիրն ընդհանուր առմամբ իրականացվելու է 115 հա տարածքի վրա եւ ընդգրկելու է Լճաշեն եւ Վարսեր բնակավայրերի հողերը։ Ծրագրով նախատեսվում է կառուցել 45 հա ընդհանուր տարածքով ջերմոցային խոշոր համալիր եւ 2,7 հա մակերեսեով արդյունաբերական տնկարան, մյուս տարածքները կծառայեն ենթակառուցվածքների համար։ 60 ամիս ժամկետ է նախատեսված շինաշխատանքների ավարտի համար, այդ ընթացքում 350-400 ժամանակավոր աշխատատեղեր կլինեն, դրանից հետո կլինի 400-ից ավելի մշտական աշխատանք»։ Գնել Սանոսյանի խոսքով՝ աշխատատեղերի մոտ 75 տոկոսը կանանց համար է նախատեսված, ինչը, նրա խոսքով, կարեւոր է մարզերում կանանց մշտական աշխատանքով ապահովելու առումով։ Ակնկալվում է, որ վերջանական արդյունքում տարեկան մոտ 12 հազար տոննա բանջարեղն կարտադրվի, որի 80 տոկոսը նախատեսվումէ  արտահանել։   Ակնկալվում է նաեւ, որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի հողամասերի արդյունավետ օգտագործման, բանջարային մշակաբույսերի արտադրության,  նոր  շխատատեղերի ստեղծման հարցերում, ինչպես նաև կավելացվեն համայնքի բյուջե մուծվող գույքահարկի և հողի հարկի մուտքերը։   
12:03 - 17 փետրվարի, 2022
Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից. ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքների մանրամասներ է ներկայացրել

Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից. ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքների մանրամասներ է ներկայացրել

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ այսօր այցեր են իրականացրել Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ, Ջաղացաձոր, Նորաբակ, Կութ, Սոթք գյուղեր: Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փաստահավաք աշխատանքների մանրամասներ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Լուրջ խնդիր է շարունակում մնալ խմելու ջրի հարցը: Ադրբեջանական զինված ծառայողները, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, տեղակայվել են նաև ջրավազանների ու բնական աղբյուրների մոտակայքում, իսկ առանձին դեպքերում դրանք հայտնվել են ադրբեջանական բացահայտ անօրինական տիրապետության ներքո: Օրինակ` Նորաբակում արձանագրվել են տվյալներ, որ գյուղին ջրով ապահովող բնական 6 աղբյուրներից 5-ը հիմա գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ։ Նրանց վերահսկողության ներքո է նաև գյուղի ջրամատակարարման համար ջրավազանը և շուրջ 2,5 կմ ջրագիծը: Ինչպես տեղեկացրել են բնակիչները, Կառավարության սուբվենցիոն ծրագրերով մինչև պատերազմը նախատեսված է եղել Նորաբակում [Սոթքում և մի շարք այլ գյուղերում] լուծել ջրի խնդիրը` ջրավազանից ջրագծեր անցկացնելով, բայց աշխատանքներն ավարտին հնարավոր չի եղել հասցնել ադրբեջանական ներխուժումների, հանցավոր արարքների պատճառով։ Նորաբակում մարդիկ իրենց տներում ջուր չունեն, ջուրն ընդամենը գյուղում չորս տեղ է, այն էլ ոչ լիարժեք է գալիս. այդտեղից գյուղի բնակիչները ստիպված են գրեթե ամեն օր դույլերով` ոտքով, մեքենայով կամ այլ հարմարանքներով խմելու և կենցաղային կարիքների համար ջուր բերել: ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ` ադրբեջանական վերահսկողության ներքո է հայտնվել նաև այն ջրավազանը, որն ապահովում է Ջաղացաձոր, Գեղամաբակ, Այրք, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերը: Գեղամաբակում, օրինակ, անգամ ստիպված են 1,5 կմ և ավել հեռավորությամբ հարևան գյուղից բերել ջուր` խմելու ու կենցաղային հարցերի համար ու այն էլ մեծ դժվարություններով` դույլով ու ոտքով, մեքենայով և այլն: Ջաղացաձորում մինչև ադրբեջանական ներխուժումները ջուր եղել է, իսկ 2021թ. մայիսից հետո բնակիչները լուրջ դժվարությունների առաջ են կանգնել: Սոթքում ևս ջրի մեծ խնդիր կա. ջրավազանը, որից ջրագծով պետք է բերվի ջուր, գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների վերահսկողության ներքո: Ջաղացաձորում ադրբեջանական ներխուժումներից հետո 100 հա արոտավայր գտնվում է դիտարկման ներքո, որն անհնարին է դարձրել մարդկանց կողմից այդ տարածքների օգտագործումը։ Գրեթե բոլոր գյուղերում մարդիկ նշել են, որ ստիպված են եղել վաճառել իրենց կենդանիները կամ դրանց մի մասը, քանի որ չեն կարողանում խոտի ձմեռվա անհրաժեշտ պաշար հավաքել. եթե առաջին տարին կարողացել են ինչ-որ կերպ լուծել խնդիրը, ապա այս տարի բարդություններն ավելանալու են: Ավելին, քանի որ գարուն է մոտենում, մարդկանց անհանգստացնում են անվտանգության հարցերը, իրենց հողատարածքները մշակելու, արոտավայրերում կենդանիներին արածեցնելու անհնարինությունը: Օրինակ` Նորաբակում մարդիկ, իրենց հաշվարկով, զրկվել են 1300 հա արոտավայրից, վարելահողից, խոտհարքից: Բացի սրանից, ևս 200 հա դարձել է անօգտագործելի. սրանք այն հողատարածքներն են, որոնք գտնվում են ադրբեջանական տեղակայումների հարևանությամբ, բայց մարդիկ չեն կարողանում օգտագործել, քանի որ դիտարկման տակ և կրակոցներ են արձակվում: Այսինքն` գյուղի բնակիչները զրկվել են նշված տարածքների նկատմամբ իրենց սեփականության օրինական իրավունքներից: Այս ամենից զատ, գյուղերը դիտարկվում են ադրբեջանական զինված ծառայողների կողմից (հատկապես Կութ, Նորաբակ, Սոթք և մի շարք այլ գյուղեր): Օրինակ` Մարդու իրավունքների պաշտպանի այցի ընթացքում ձեռք բերվեցին վկայություններ, որ գյուղերում ադրբեջանական կրակոցների ձայներ են լսում գրեթե ամեն օր։ Ինչպես նաև ադրբեջանական զինված ծառայողներն ահաբեկելու նպատակով գյուղերի ուղղությամբ արձակում են հեռահար լույսեր: Դա լուրջ անհանգստացնում է մարդկանց, քանի որ անվտանգության, կյանքի և մյուս կենսական իրավունքների մասին է խոսքը: Կութում, Սոթքում, Նորաբակում, օրինակ, արձանագրվել են ադրբեջանական կրակոցներ, երբ մարդիկ արածեցրել են իրենց կենդանիներին։ Ավելին, բնակիչները նշել են, որ տարբեր անգամներ են լսել ինչպես են ադրբեջանական զինծառայողներն, իրենց համոզմամբ, հարբած վիճակում հայհոյում, վիճում իրար հետ ու կրակոցներ արձակում: Այսինքն` փաստերը ցույց են տալիս, որ անվտանգության հարցը շարունակում է մնալ առաջնահերթ, խորացած են սոցիալական խնդիրներն` անհնարինության վերածելով մարդկանց կյանքը: Հանդիպումների ժամանակ բարձրացվել են նաև անհատական հարցեր, որոնք ըստ Պաշտպանի իրավասության` ընթացք կտրվեն։ Այս այցերի ընթացքում տեղում ուսումնասիրվել են Մարդդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքներով բարձրացված հարցերը և Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում ստացված տվյալները։ Խախտումների վերացման իրական լուծումն ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից` խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով: Սա պարզապես կենսական հարց է: Ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: ՀՀ բնակիչների անվտանգության երաշխավորման նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության] գոտի ստեղծելու առաջարկով՝ մինչև Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ավարտը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա այս գաղափարն արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021թ.սեպտեմբերի 27-ի բանաձևում: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար: Այս մոտեցումներն ուղիղ բխում են ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներից ու միջազգային փորձից»:
23:24 - 10 փետրվարի, 2022