Գեղամ Ստեփանյան

Գեղամ Ստեփանյանն Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան է (ՄԻՊ), այդ պաշտոնում ընտրվել է 2021 թ․ մարտին։

2014թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

2014-2016թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում:

2016 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մայիս աշխատել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական:

2016-2019 թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնում:

2020 սեպտեմբերից 2021թ մարտ աշխատել է Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմում:

Կոչ ենք անում քաղաքական գործիչներին կանխել և դատապարտել «հայաստանցի» և «արցախցի» կեղծ ու վտանգավոր բաժանումը․ ՀՀ և Արցախի ՄԻՊ-ի հայտարարությունը

Կոչ ենք անում քաղաքական գործիչներին կանխել և դատապարտել «հայաստանցի» և «արցախցի» կեղծ ու վտանգավոր բաժանումը․ ՀՀ և Արցախի ՄԻՊ-ի հայտարարությունը

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանները համատեղ հայտարարություն են տարածել․ Հայտարարությունը՝ ստորև․  «Մեր երկու հաստատությունների համատեղ մշտադիտարկումը վկայում է, որ վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական գործընթացների համատեքստում լայն տարածում է ստացել Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցների միջև արհեստականորեն բաժանման ու հակադրման տրամադրություններ ստեղծելու և խթանելու դատապարտելի երևույթը։ Ընդ որում, նման երևույթները, առավելապես դրսևորվելով հայաստանյան հանրային տիրույթում, իրենց դրսևորումներն են գտնում նաև Արցախում։ Իրենց տարբեր քաղաքական շահեր սպասարկելու համար քաղաքական դերակատարների կողմից մեր հայրենակիցների արցախցի լինելու հանգամանքի միտումնավոր օգտագործումը բևեռացված հանրային խոսույթում «առիթ» է ստեղծում Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ վիրավորանքների, անընդունելի բառապաշարի և ատելության խոսքի տարածման համար: Խստորեն դատապարտում ենք նման վնասակար, անհեռատես ու ծայրահեղ վտանգավոր բաժանարար գծերի ստեղծմանը միտված կամ որևէ կերպ դրան նպաստող խոսակցությունները, գործողություններն ու անգործությունը՝ այդ դրսևորումների դատապարտման առումով։ Մեր երկրների առջև ծառացած մարտահրավերներով լի այս պատասխանատու ժամանակահատվածում հատկապես կոչ ենք անում Հայաստանի և Արցախի հանրային մեծ լսարան ունեցող բոլոր քաղաքական գործիչներին ու հասարակական դերակատարներին, անկախ քաղաքական նախընտրություններից ու օրակարգերից, սեփական օրինակով կանխելու և դատապարտելու «հայաստանցի» և «արցախցի», իր էությամբ կեղծ ու ծայրահեղ վտանգավոր բաժանումը։ Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, տուրք չտալ ու անհանդուրժող լինել Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցներին խմբերի բաժանելու և ներքին երկպառակտություն սերմանելու բոլոր գործողությունների նկատմամբ։ Դրանք ջլատում են մեր դիմադրողականությունը, քայքայում հանրային ու համազգային համերաշխությունը։ Համազգային միասնությունն ու իմաստնությունը մեր պետությունների առջև ծառացած բոլոր մարտահրավերների լուծման կարևորագույն առհավատչյաներից են»:
19:20 - 20 մայիսի, 2022
Պատերազմի հետևանքով Արցախում 215 բնակավայր անցել է Ադրբեջանի օկուպացիայի տակ. Արցախի ՄԻՊ

Պատերազմի հետևանքով Արցախում 215 բնակավայր անցել է Ադրբեջանի օկուպացիայի տակ. Արցախի ՄԻՊ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության 118 համայնք ամբողջությամբ, իսկ 2 համայնք՝ մասնակի, կամ ընդհանուր 215 բնակավայր անցել են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Այդ բնակավայրերից բռնի տեղահանվել է մոտ 40 000 անձ, ինչը պայմանավորել է այդ անձանց` Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային իրավական ակտերով սահմանված իրավունքների՝ սեփականության, աշխատանքային, կրթության, սոցիալական ապահովության, բնակության վայրի ազատ ընտրության և ազգային ու միջազգային իրավական պաշտպանության ներքո գտնվող այլ իրավունքների զանգվածային և աննախադեպ խախտումների, որոնց հետևանքները բռնի տեղահանված անձինք կրել են նաև 2021 թվականի ողջ ընթացքում:  Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տվյալները հրապարակել է  ԱՀ Ազգային ժողովում՝ 2021թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս։ Տարվա ընթացքում ՄԻՊ աշխատակազմի կողմից մշտադիտարկման այց են կատարել տեղահանված անձանց կենտրոնացված բնակության հաստատություններ, հավաքագրել խնդիրներն ու դրանք ներկայացրել պետական լիազոր մարմիններին։ Չնայած պետության կողմից ներդրված մեծածավալ ջանքերի, բռնի տեղահանված անձինք շարունակում են բախվել բնակարանների սղության, չհիմնավորված բարձր բնակվարձերի, սոցիալական աջակցության այս կամ այն ծրագրերից անհիմն դուրս մնալու, կորսված փաստաթղթերի վերականգնման ուղղությամբ բյուրոկրատական քաշքշուքների և մի շարք այլ հարցերի։
19:03 - 19 մայիսի, 2022
Կարգավիճակը նպատակ է թե միջոց՝ դրանից ադրբեջանական հանցավոր պլանները չեն փոխվում. Արցախի ՄԻՊ

Կարգավիճակը նպատակ է թե միջոց՝ դրանից ադրբեջանական հանցավոր պլանները չեն փոխվում. Արցախի ՄԻՊ

Արցախի կարգավիճակի շուրջ դիսկուրսում երբեմն թյուրիմացաբար կարող է ընկալվել, որ անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ներդրումը կարող է հիմք հանդիսանալ Արցախն Ադրբեջանին կրկին բռնակցելու համար։ Միջազգային հանրության մոտ նման մոլորությունները պետք է իսպառ փարատել՝ ներկայացնելով ոչ միայն 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունները, հայատյացության սահմաններ չճանաչող դրսևորումները, այլ նաև պատմության կոնկրետ ժամանակահատվածում՝ Խորհրդային Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելու 70 տարիների ընթացքում, իրականացված խտրական քաղաքականությունն ու Արցախի հայության համար ստեղծված կործանարար իրավիճակը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:   «Ոչ վաղ անցյալի փաստերը, որոնք արձանագրված են խորհրդային ժամանակների վիճակագրական տեղեկագրերում, հստակ ու աներկբա ցույց են տալիս խտրականության բացահայտ դրսևորումները։ Ընդ որում, պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ադրբեջանական ղեկավարության կողմից նման խտրական քաղաքականություն իրականացվում էր խորհրդային ինտերնացիոնալիզմի և եղբայրության հայտարարված սկբունքների ժամանակահատվածում, ինչը և ցույց է տալիս, որ որևէ մեխանիզմ չի կարող զսպել Ադրբեջանին Արցախը հայաթափելու ու Արցախի տարածքը ուղղակիորեն յուրացնելու իր մշտական նպատակից։     • Խորհրդային տարիներին տպագրված պաշտոնական քարտեզները վկայում են, որ անգամ պատմական Արցախի մի փոքր հատվածում կազմավորված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններն ու տարածքները Խորհրդային Ադրբեջանի կազմում լինելու 70 տարիների ընթացքում անընդհատ ենթարկվել են փոփոխությունների, որի հետևանքով ԼՂԻՄ հայությունը կորցրել է ցամաքային կապը Հայաստանի հետ։ Դրանից բացի՝ Մարզի հայկական բնակավայրերի մերձակայքում արհեստականորեն ձևավորվում էին ադրբեջանցիներով բնակեցված բնակավայրեր, որոնք կարճ ժամանակ անց հանվում էին Մարզի ենթակայությունից և դրվում հարևան ադրբեջանական շրջանների ենթակայության տակ։ Ընդ որում՝ այդ ադրբեջանաբնակ համայնքները, որպես կանոն, ստեղծվում էին ռազմավարական իմաստով կարևոր տեղանքում՝ ճանապարհների հարևանությամբ, բերրի և ոռոգովի վարելահողերի վրա կամ մերձակայքում, հայկական բնակավայրերը մի քանի կողմից շրջապատելու դիրքերով։   • Մշտապես և հատկապես 1960-ական թվականներից սկսած իրականացվում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության դեմոգրաֆիկ կազմը հօգուտ ադրբեջանցիների փոխելու քաղաքականություն։ Այս փաստն արձանագրված է նաև Խորհրդային Ադրբեջանի ղեկավար, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի՝ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, որում նա պնդում է, որ վարում էր այնպիսի քաղաքականություն, որը միտված էր հեռացնելու հայերին Լեռնային Ղարաբաղից և Մարզը վերաբնակեցնելու ադրբեջանցիներով։ Արդյունքում Մարզի հայկական բնակչությունը, որ ուներ բնական աճի բարձր տեմպեր, այնուամենայնիվ չէր աճում, փոխարենն աճում էր ադրբեջանցիների թիվը։ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բացումով ԼՂԻՄ հարակից շրջաններից Ստեփանակերտ էին բերվում հազարավոր ադրբեջանցիներ, որոնք ունեին մեկ խնդիր՝ ուսումն ավարտելուց հետո մնալ Ստեփանակերտում։   • Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նկատմամբ իրականացվում էր տնտեսական խտրական քաղաքականություն։ Մարզի կոլտնտեսությունների համար սահմանվում էին այնպիսի բարձր պլաններ, որոնք չէին համապատասխանում առկա պոտենցիալին։ Փաստորեն, ԼՂԻՄ-ը արտադրում էր շատ, իսկ Բաքվի իշխանություններից ստանում էր իր արտադրածից անհամեմատ չնչին ֆինանսավորում։ Սա այն պարագայում, երբ հարևան ադրբեջանական շրջանները, որ նման արտադրողականություն չունեին, ունեին ավելի բարձր կենսամակարդակ։ Մարզը վեր էր ածվել ադրբեջանական ԽՍՀ-ի հումքային կցորդի։ Մարզի մի շարք հիմնարկներ ու սակավաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ արհեստականորեն և չհիմնավորված դրված էին 40-100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ԼՂԻՄ-ի մաս չկազմող շրջանների ենթակայության տակ (օրինակ՝ որոշակի ժամանակահատվածում Ստեփանակերտի հացի գործարանը գտնվում էր Ակնայի (Աղդամի) ենթակայության տակ, Մարզի շինարարական վարչությունը ենթարկվում էր 120 կմ հեռավորության վրա գտնվող Մինգեչավուրին, Ստեփանակերտի ցեմենտ-բետոնի գործարանը ենթարկվում էր 60 կմ հեռավորության վրա գտնվող Բարդայի շրջանին և այլն):     Ամեն անգամ, երբ ԼՂԻՄ և Հայաստանի ԽՍՀ մտավորականությունը բարձրաձայնում էր պատմական արդարությունը վերականգնելու և Մարզը Հայաստանի ԽՍՀ վերադարձնելու մասին, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը Մարզում կենսամակարդակի բարելավմանն ուղղված ծրագրեր էր կազմում, որոնք գործնականում չէին իրականացվում, այլ իրականում նպատակ ունեին թոզ փչելու Մոսկվայի աչքերին և ապակողմնորոշելու բարձրացված դժգոհություններից։   • Չնայած այն հանգամանքին, որ հայ առաքելական եկեղեցին 1950-ական թվականներից ակտիվացրել էր իր գործունեությունը հայության շրջանում հոգևոր ավանդույթների պահպանության բնագավառում, Արցախի թեմը վերաբացվել է միայն 1989 թվականին։ Արցախի հայկական եկեղեցիները վեր էին ածվել գոմերի և պահեստների։ Այն դեպքում, երբ ադրբեջանական տարբեր համայնքներում մուսուլմանական ավանդույթները պահպանվում և ազատորեն իրացվում էին, Արցախում հայկական հոգևոր-մշակութային ավանդույթները ճնշվում և վերացվում էին։   • 70 տարի շարունակ ԼՂԻՄ-ի հայկական բնակչությունը զրկված էր հեռուստատեսությամբ մայրենի լեզու լսելու և հարազատ մշակույթին հաղորդակից լինելու հնարավորությունից։ Մարզն առանձին հեռուստատեսություն չուներ, հայկական հեռուստաալիքը չէր հեռարձակվում ԼՂԻՄ տարածքում, հեռարձակվում էր միայն ադրբեջանական հեռուստատեսություն, որով շաբաթը երկու անգամ կես ժամ ժամանակով հայերեն լուրեր էին թողարկվում, այն էլ՝ Ադրբեջանի ու ադրբեջանցիների մասին։   Սրանք փաստեր են, որոնք արձանագրված են այդ ժամանակահատվածի վիճակագրական տեղեկագրերում և մամուլում։ 1960-ական թվականներին Մոսկվայի կենտրոնական իշխանություններին ուղղված նամակում Արցախի մտավորականները հետևյալ միտքն են արտահայտում․ «Մեր վիճակն այժմ վատթար է, քան 1918-1920 թթ․ թուրք-մուսավաթական և անգլիական նվաճման շրջանում։ Ամեն ինչ կատարվում է բարեկամության և եղբայրության քողի տակ»։   Կան նաև խտրականության դրսևորման և ԼՂԻՄ հայությանը մայր հայրենիքում ապրող հայությունից կտրելու այլ դրսևորումներ, որոնց վերաբերյալ ականատեսներն ու այդ ժամանակներում ապրած մարդիկ են փաստում՝   • Ստեփանակերտում շատ դժվարությամբ կարող եք գտնել հայկական վարդագույն տուֆով կառուցված տներ ու շենքեր, որովհետև այն արգելված էր միայն այն պատճառով, որ ԼՂԻՄ հայերին հիշեցնում էր Հայաստանը։ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը (Տատիկ-պապիկ) տուֆով կառուցելու համար երկար վիճաբանություններ են եղել, որովհետև Բաքուն դեմ էր հուշարձանի կանգնեցմանը, մանավանդ՝ այն տուֆից պատրաստելուն։   • Ստեփանակերտի փողոցները անվանակոչվում էին հայերի համար անհասկանալի, անծանոթ ու ոչինչ չասող ադրբեջանական անուններով։ Հայ ականավոր գործիչների անուններով սակավաթիվ փողոցներ կային՝ հիմնականում խորհրդային ժամանակների հայտնի հայերի անուններով։   • Միտումնավոր կերպով խոչընդոտներ էին հարուցում Երևանում բարձրագույն կրթություն ստացած մասնագետների համար, որպեսզի վերջիններս, աշխատանք չունենալով, լքեն ԼՂԻՄ-ը։   • Ստեփանակերտում բազմաթիվ մթերքների դեֆիցիտ էր, այն դեպքում, երբ Ստեփանակերտից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ակնայի (Աղդամի) շուկաներում ամեն ինչ կարելի էր գտնել։ Սովորաբար տարբեր միջոցառումների ժամանակ ստեփանակերտցիները հենց մեկնում էին Ակնա (Աղդամ) առևտուր անելու համար։   Կարգավիճակը նպատակ է թե միջոց՝ դրանից մարդու իրավունքների տեսանկյունից իրողությունները և ադրբեջանական հանցավոր պլանները չեն փոխվում»,- նշված է գրառման մեջ։    
17:55 - 11 մայիսի, 2022
Հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանվել են գույքահարկի գծով արտոնություններ. Արցախի ՄԻՊ

Հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանվել են գույքահարկի գծով արտոնություններ. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի գործունեության շրջանակներում խորհրդի անդամ «ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ն բարձրաձայնել է հաշմանդամություն ունեցող անձանց համար գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու անհրաժեշտության մասին, ինչի վերաբերյալ, համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա, Պաշտպանը դիմել է Ստեփանակերտի քաղաքապետին: Արցախի ՄԻՊ աշխատակազմի լրատվական բաժնիչ հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանի և տեղական ինքնակառավարման մարմնի արդյունավետ համագործակցության արդյունքում ընդունվել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 3-ի N 20-Ն որոշումը, որի համաձայն 2021 կամ 2022 թվականների համար հաշվարկված գույքահարկի գծով պարտավորություններից ազատվում են 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք` ամբողջությամբ, իսկ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք` 50 տոկոսի չափով: Պաշտպանը ողջունում է Ստեփանակերտ քաղաքի ավագանու որոշումը, որը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական վիճակի բարելավմանը, և կոչ անում Արցախի Հանրապետության մյուս համայնքների ինքնակառավարման մարմիններին ևս դիտարկել հաշմանադամություն ունեցող անձանց համար նմանօրինակ արտոնություններ սահմանելու հնարավորությունը։
16:59 - 10 մայիսի, 2022
Ադրբեջանական բեռնատարը կարող էր թույլ չտալ բախումը, որի հետևանքով տաքսին գլորվել է ձորը. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական բեռնատարը կարող էր թույլ չտալ բախումը, որի հետևանքով տաքսին գլորվել է ձորը. Արցախի ՄԻՊ

Մայիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մարտակերտ-Դրմբոն ճանապարհի 24-րդ կմ-ին, ադրբեջանական շարասյան կազմում երթևեկող բեռնատարը, դուրս գալով ճանապարհի հանդիպակաց հատված, կցորդիչով բախվել է արցախյան գրանցման «Ռենո Լոգան» տաքսի ծառայություններ մատուցող մեքենային, որի հետևանքով մեքենան 12 մետր գլորվել է ճանապարհի աջ հատվածում գտվող ձորը։ Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:   «Մեքենայի մեջ, բացի վարորդից, եղել են երկու ուղևորներ։ Նախնական հետազոտության արդյունքում՝ ուղևորները մարմնական վանասվածքներ չեն ստացել։ Նյութական վնաս է հասցվել տաքսի ծառայություն մատուցող ընկերությանը։   ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված փաստերի հիման վրա այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել՝   • ադրբեջանական բեռնատարը, տեսնելով հնարավոր բախումը, կարող էր դադարեցնել ընթացքը և թույլ չտալ բախումը, որի հետևանքով տաքսի մեքենան գլորվել է ձորը.   • բախումից հետո, տեսնելով, որ տաքսի մեքենան գլորվել է ձորը, ադրբեջանական շարասյունը չի դադարեցրել, այլ շարունակել է ընթացքը.   • տաքսու վարորդի և ուղևորների պնդմամբ՝ տաքսու վարորդն ամեն կերպ փորձել է խուսափել բախումից, սակայն բախումից խուսափելու հնարավորություն այլևս չի ունեցել։   Դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից իրականացվում է ուսումնասիրություն, սակայն վերը նշված հանգամանքները փաստում են բախման և վնաս հասցնելու ակնհայտ դիտավորության մասին»,- ասված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ:  
15:09 - 06 մայիսի, 2022
Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդին հայրենազրկելու և էթնիկ զտում իրականացնելու հանցավոր քաղաքականությունը. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդին հայրենազրկելու և էթնիկ զտում իրականացնելու հանցավոր քաղաքականությունը. Արցախի ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ապրիլի 26-ին հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և դպրոցի ունկնդիրների հետ։ Պաշտպանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր 27-ին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից իրականացված փաստահավաք աշխատանքները, որոնց ընթացքում արձանագրվել են Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների լայնածավալ խախտումներն ու իրագործված ռազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։ Բոլոր փաստերն ամփոփվել են երկու տասնյակ զեկույցներում, որոնք ներկայացվել են միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին։ Պաշտպանն ընդգծել է, որ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի կողմից իրագործված և այսօր էլ շարունակվող հանցավոր գործողությունները պատշաճ կերպով փաստագրվել և ներկայացվել են միջազգային հանրությանը, այնուամենայնիվ դրանք մինչև այսօր հստակ գնահատականի չեն արժանացել տարբեր կառույցների և առանձին պետությունների կողմից։ Ավելին, շարունակվող անտարբերության պայմաններում Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդին հայրենազրկելու և Արցախում էթնիկ զտում իրականացնելու հանցավոր քաղաքականությունը։ Հանդիպման ընթացքում Պաշտպանը պատասխանել է ներկաների հարցերին։
17:34 - 26 ապրիլի, 2022
Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի քան մեկ դար անց էլ մնում է արդարության վերականգնման մշտական ձգտման վկայություն. Արցախի ՄԻՊ

Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի քան մեկ դար անց էլ մնում է արդարության վերականգնման մշտական ձգտման վկայություն. Արցախի ՄԻՊ

Հայոց ցեղասպանությունը պատմական որոշակի ժամանակահատվածում մեկ դրվագով իրականացված մարդկության դեմ ուղղված հանցագործություն չէ, այն թուրք-ադրբեջանական տանդեմի մշտական նպատակն է, որն արտահայտվել է 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում, 20-րդ դարավերջին Խորհրդային Ադրբեջանի տարբեր բնակավայրերում և Արցախում, 2020 թվականի աշնանը Արցախում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Այն հայերին և հայկականությունը ոչնչացնելու միևնույն շարժառիթներով, հայատյացության ու հայերի նկատմամբ ամբողջական անհանդուրժողականության միևնույն գաղափարախոսությամբ, խոշտանգումների, կտտանքների, սպանությունների, ունեզրկման ու հայրենազրկման միևնույն գործիքակազմով երկու թուրքական պետությունների կողմից համակարգված, հետևողականորեն իրականացվող քաղաքականություն է։   Ժխտողականությունը, տարբեր երկրների, միջազգային կառույցների պատասխանատուների անհամարձակությունն ու քաղաքական-տնտեսական շահերով պայմանավորված անտարբերությունն էլ կանաչ լույս է Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ իրենց հանցավոր նպատակները շարունակաբար կյանքի կոչելու։   Իսկ հայերիս համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ավելի քան մեկ դար անց էլ մնում է արդարության վերականգնման մշտական ձգտման վկայություն, որը զիջման ենթակա չէ։ Հիշում եմ և պահանջում»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը:  
13:58 - 24 ապրիլի, 2022
Արցախի ՄԻՊ-ը հացադուլը դադարեցնելու խնդրանքով դիմել է Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին

Արցախի ՄԻՊ-ը հացադուլը դադարեցնելու խնդրանքով դիմել է Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը դիմել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին։ «Դիմում եմ որպես անկախության սերնդի ներկայացուցիչ, որպես հայ, որպես արցախցի, որպես մարդ, որի ճակատագրի մտահոգությամբ են նաև տղաները դիմել նման քայլի, դիմում եմ հացադուլը դադարեցնելու խնդրանքով։ Արցախցիներիս համար թանկ է յուրաքանչյուրիդ կյանքը և առողջությունը, որի վնասման սպառնալիքը մտահոգում է մեզ, ուստի հորդորում եմ դադարեցնել ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը: Միաժամանակ առաջարկում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել Արցախում, մտքեր փոխանակել ու քննարկել հայրենիքին և Արցախում ապրող մարդու իրավունքներին առնչվող այն բազմաթիվ հարցերն ու խնդիրները, վտանգները, որոնք մտահոգում են մեզ բոլորիս: Հուսով եմ՝ դրական կարձագանքեք իմ խնդրանքին ու առաջարկին»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը իր ֆեյսբուքյան էջում:
20:53 - 19 ապրիլի, 2022
Արցախի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթից Այգեստանում ժամանակավոր բնակություն հաստատած տեղահանված ընտանիքներին

Արցախի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթից Այգեստանում ժամանակավոր բնակություն հաստատած տեղահանված ընտանիքներին

Ուշադրության կենտրոնում պահելով ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժած ընտանիքներին՝ 2022 թվականի ապրիլի 8-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից տեղահանված և Այգեստան գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին:   «Արձագանքելով Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ գրառմանը՝ այցի շրջանակներում ՄԻՊ ներկայացուցիչներին են միացել նաև Արցախում գործող «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբանները։   Պաշտպանի ներկայացուցիչները դիտարկել են տեղահանված և ժամանակավորապես Այգեստան գյուղում բնակություն հաստատած ընտանիքների՝ կանանց, երեխաների և տարեցների կեցության պայմանները, սնունդը, հոգեբանական վիճակը:   ՄԻՊ աշխատակազմից տեղահանվածներն իրազեկվել են ստեղծված իրավիճակում Կառավարության համապատասխան ծրագրերի մասին՝ ուղղված նրանց սոցիալ-հոգեբանական իրավիճակի մեղմացմանը։ Արձանագրված խնդիրները Պաշտպանը ներկայացրել է պետական լիազոր մարմիններին»,- ասված է գրառման մեջ:    
15:48 - 11 ապրիլի, 2022
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ապրիլի 1-ին Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Արցախի ՄԻՊ-ը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ ներկայացրել է Ադրբեջանի կողմից համակարգված, ուղղորդված և հետևողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը, որը նպատակ է հետապնդում հայրենազրկելու Արցախի ժողովրդին, ինչպես նաև բռնազավթված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դրսևորումները, հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ անօրինական դատավարությունները և միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների այլ խախտումները։ «Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Արցախում առկա հումանիտար իրավիճակին և Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականության հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների լայնածավալ խախտումներին՝ մատնանշելով վերջին օրերին գազամատակարարման դիտավորյալ խափանման և Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պատճառով առաջացած խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պաշտպանն ափսոսանք է հայտնել մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների արձանագրվող խախտումների նկատմամբ ԵԱՀԿ-ի հստակ և հասցեական արձագանքի բացակայության առթիվ՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը պետք է հանդես գա ոչ միայն որպես միջնորդ, այլև որպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության երաշխավոր։ Գեղամ Ստեփանյանը նշել է, որ վերջին զարգացումները վկայում են, որ Արցախում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է հակամարտության շուտափույթ և համապարփակ կարգավորում և Արցախի կարգավիճակի հարցի որոշում՝ հիմնված Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության և ինքնորոշման իրավունքի վրա։
21:45 - 01 ապրիլի, 2022
Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, երկրորդինը՝ ծայրահեղ ծանր․ ԱՀ ՄԻՊ

Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, երկրորդինը՝ ծայրահեղ ծանր․ ԱՀ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է վերջերս ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց առողջական վիճակին։«Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բժշկական հաստատություններում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։ Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր»,- գրել է Գեղամ Ստեփանյանը։
16:35 - 31 մարտի, 2022
Արցախի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից տեղահանված անձանց

Արցախի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից տեղահանված անձանց

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից այս պահին տեղահանված և Ստեփանակերտում ժամանակավոր բնակվող անձանց։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, որտեղ նշվում է, որ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով խաթարվել է Խրամորթ և Փառուխ համայնքների բնականոն կյանքը, որի հետևանքով տուժել են ավելի քան 400 անձինք, այդ թվում՝ կանայք, երեխաներ, տարեցներ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ տեղահանված անձանց մի մասը ժամանակավոր տեղավորվել է հարազատների և բարեկամների բնակարաններում, մի մասն էլ Կառավարության կողմից ապահովվել է ժամանակավոր կացարաններով։ Տեղահանված անձանց հետ ունեցած առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է, որ առաջին անհրաժեշտության աջակցություն ստացել են Ասկերանի շրջանի վարչակազմի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից և Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, իսկ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից իրականացվել է կարիքների գնահատում։ Խրամորթ և Փառուխ համայնքներից տեղահանված բնակչությանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելությունը տրամադրել է սնունդ և հիգիենայի պարագաներ, ցուցաբերվելու է նաև ֆինանսական բնույթի աջակցություն։ Պաշտպանը լիազոր մարմինների ուշադրությունն է հրավիրում արձանագրված հետևյալ խնդիրների վրա՝ Տեղահանված անձանց շրջանում առկա է հոգեբանական խոցելիության բարձր աստիճան, անհրաժեշտ է իրականացնել հոգեբանական աջակցության միջոցառումներ։ Որոշ ընտանիքներում արձանագրվել է կենցաղային որոշակի իրերի բացակայություն։ Խախտված է երեխաների կրթության իրավունքը, գործնականում նշված համայնքներից տեղահանված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաները զրկվել են հարազատ միջավայրում կրթություն ստանալու հնարավորությունից։ Նշված համայնքներից տեղահանված անձանց շրջանում առկա է արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման անհնարինություն։ ՄԻՊ աշխատակազմի կողմից շարունակվում են խոցելիության բարձր աստիճան ունեցող անձանց՝ մասնավորապես՝ տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության մշտադիտարկումները, արձանագրվող խնդիրները հավաքագրվում և ուղարկվում են պետական լիազոր մարմիններին։
12:51 - 31 մարտի, 2022
Խրամորթում և Փառուխում Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով տուժել են ավելի քան 400 անձինք, այդ թվում կանայք, երեխաներ, տարեցներ. Արցախի ՄԻՊ

Խրամորթում և Փառուխում Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով տուժել են ավելի քան 400 անձինք, այդ թվում կանայք, երեխաներ, տարեցներ. Արցախի ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից այս պահին տեղահանված և Ստեփանակերտում ժամանակավոր բնակվող անձանց։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։   Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով խաթարվել է Խրամորթ և Փառուխ համայնքների բնականոն կյանքը, որի հետևանքով տուժել են ավելի քան 400 անձինք, այդ թվում կանայք, երեխաներ, տարեցներ։     «Տեղահանված անձանց մի մասը ժամանակավոր տեղավորվել է հարազատների և բարեկամների բնակարաններում, մի մասն էլ Կառավարության կողմից ապահովվել է ժամանակավոր կացարաններով։ Տեղահանված անձանց հետ ունեցած առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է, որ առաջին անհրաժեշտության աջակցություն ստացել են Ասկերանի շրջանի վարչակազմի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից և Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, իսկ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից իրականացվել է կարիքների գնահատում։   Խրամորթ և Փառուխ համայնքներից տեղահանված բնակչությանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելությունը տրամադրվել է սնունդ և հիգիենայի պարագաններ, ցուցաբերվելու է նաև ֆինանսական բնույթի աջակցություն։   Պաշտպանը լիազոր մարմինների ուշադրությունն է հրավիրում արձանագրված հետևյալ խնդիրների վրա՝   - Տեղահանված անձանց շրջանում առկա է հոգեբանական խոցելիության բարձր աստիճան, անհրաժեշտ է իրականացնել հոգեբանական աջակցության միջոցառումներ։ - Որոշ ընտանիքներում արձանագրվել է կենցաղային որոշակի իրերի բացակայություն։ - Խախտված է երեխաների կրթության իրավունքը, գործնականում նշված համայնքներից տեղահանված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաները զրկվել են հարազատ միջավայրում կրթություն ստանալու հնարավորությունից։ - Նշված համայնքներից տեղահանված անձանց շրջանում առկա է արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման անհնարինություն։   ՄԻՊ աշխատակազմի կողմից շարունակվում են խոցելիության բարձր աստիճան ունեցող անձանց՝ մասնավորապես տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության մշտադիտարկումները, արձանագրվող խնդիրները գույքագրվում և ուղարկվում են պետական լիազոր մարմիններին»։
18:13 - 30 մարտի, 2022