ԳԹԿ

Գնահատման և թեստավորման կենտրոն

ՀՀ կառավարության որոշումով 2004 թվականին ստեղծվեց «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Գնահատման և թեստավորման կենտրոնի՝ հանրակրթության գնահատման համակարգի հիմնական բաղադրիչ դառնալը պայմանավորված է հանրակրթական հաստատություններում կրթության որակի արտաքին գնահատման գործունեության իրականացմամբ:
Գնահատման նոր համակարգի սկզբունքներն են`

  • միասնական չափանիշների կիրառում հանրապետության ողջ տարածքում,
  • օբյեկտիվ, վստահելի, արդյունավետ և թափանցիկ մեխանիզմների ներդրում,
  • շրջանավարտների համար հավասար մեկնարկային պայմանների ստեղծում` նրանց հետագա մասնագիտական կրթությունն ապահովելու նպատակով,
  • դպրոցից բուհ անցումային քննությունների գործընթացում սուբյեկտիվ գործոնի դերի առավելագույնս նվազեցում:

Կենտրոնի առջև դրված նպատակներից բխում են նրա գործունեության հետևյալ հիմնական ուղղությունները.

  1. Հանրակրթական հաստատությունների ընթացիկ, փոխադրական և ավարտական քննությունների անցկացման հայեցակարգի մշակում և իրականացում:
  2. Հանրակրթական հաստատությունների արտաքին գնահատման արդյունքների վերլուծություն և հանրակրթության որակի ապահովման համար անհրաժեշտ բարեփոխման խնդիրների ձևակերպում:
  3. Գնահատման համակարգի կայացմանն ու զարգացմանը միտված հետազոտական աշխատանքների կազմակերպում և նորարարական գործունեության իրականացում:
  4. Մասնակցություն կրթության որակի ուսումնասիրության միջազգային հետազոտական ծրագրերին և ինքնուրույն ազգային հետազոտական ծրագրերի իրականացում:
  5. Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության գնահատման համակարգի իմաստի ու նշանակության, ինչպես նաև նրա կայացման առկա իրավիճակի ու հեռանկարների վերաբերյալ հասարակության գիտակցական պատկերացումների ձևավորման գործընթացների իրականացում:
Հունիսի 9-ին մեկնարկում են միասնական քննությունները
 |armenpress.am|

Հունիսի 9-ին մեկնարկում են միասնական քննությունները |armenpress.am|

armenpress.am: Հանրապետությունում հունիսի 9-ին մեկնարկում են միասնական քննությունները։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ քննություններին այս փուլում մասնակցելու է 13 հազար 456 դիմորդ։ «Միասնական քննությունների առաջին օրը դիմորդները քննություն են հանձնելու «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։ Այս փուլի քննություններն ավարտելու ենք հունիսի 27-ին «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից։ Դիմորդները տեղաբաշխվել են հանրապետության 40 միասնական քննական կենտրոններում։ 14-ը՝ Երևանում, 26-ը՝ մարզերում»,- ասաց Կարո Նասիբյանը։ Այս փուլում քննություններին մասնակցող դիմորդների թվում կան նաև այն անձինք, որոնք հնարավորություն են ունեցել քննություն հանձնել նախորդ փուլում՝ ընթացիկ տարվա հունվարին։ Հունվարին քննություն հանձնածներից հունիսի համար չի հայտագրվել միայն 333-ը։ Մնացած 4200-ը պատրաստվում է կրկին մասնակցել քննություններին։  «Կար կարծիք, որ եթե դիմորդին բավարարում էր հունվարի ստացած իր գնահատականը, ապա հունիսին չի մասնակցի։ Ինչպես տեսնում ենք, մասնակիցների ճնշող մեծամասնությունը ցանկանում է երկրորդ անգամ քննություն հանձնել։ Կա դիմորդ, որ հունվարին ստացել է 19,75 միավոր, միևնույն է հայտագրվել է հունիսի քննության համար»,-ասաց Կարո Նասիբյանը։ Այս տարվա պահանջված մասնագիտությունների ցանկում առանձնապես փոփոխություն տեղի չի ունեցել։ Հիմնականում պահանջված են տեղեկատվական տեխնոլոգիաներին, կառավարմանը, ֆինանսներին ու բուժական գործին առնչվող մասնագիտությունները։   Քննությունների կազմակերպչական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Կարո Նասիբյանը նշեց, որ վերահսկողական գործիքակազմն, ինչպես նախորդ տարիներին, գործի են դրվելու։ Բոլոր նրանք, որոնց մոտ կհայտնաբերվի ցանկացած տիպի էլեկտրոնային սարք, դուրս կհրավիրվեն։ Հնարամիտ դիմորդները լինելու են վերահսկողների ուշադրության կենտրոնում։
16:05 - 06 հունիսի, 2023
Շրջափակված Արցախ. բազմաթիվ դիմորդներ զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից
 |armenpress.am|

Շրջափակված Արցախ. բազմաթիվ դիմորդներ զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը փակելու հետևանքով Արցախի բազմաթիվ դիմորդներ զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից: Հայաստանում հունվարի 15-ից մեկնարկում է 2023/2024 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի դիմորդները զրկվել են Հայաստան գալու և քննություն հանձնելու հնարավորությունից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ քննություն հանձնելու համար Արցախից հայտագրվել է 50 աշակերտ:  «Նրանք պետք է Գորիսում հանձնեին քննությունը: Հիմա, քանի որ ադրբեջանցիների կողմից ճանապարհը փակ է, հետևաբար չեն կարող գալ ու մեզ համար այդ հարցը մնում է առկախված: Խախտվել է երեխայի քննություն հանձնելու իրավունքը»,-ասաց Կարո Նասիբյանը: Հարցին, թե ճանապարհը բացվելու պարագայում արդյոք հնարավոր է այլ օր քննական գործընթաց կազմակերպել Արցախի դիմորդների համար, Կարո Նասիբյանը նշեց, որ հնարավոր է: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 17 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
12:00 - 11 հունվարի, 2023
ԿԳՄՍՆ-ն բուհերի հեռակա ուսուցմամբ ընդունելության քննությունները ԳԹԿ-ի կողմից կազմակերպելու մասին նախագիծ է ներկայացրել

ԿԳՄՍՆ-ն բուհերի հեռակա ուսուցմամբ ընդունելության քննությունները ԳԹԿ-ի կողմից կազմակերպելու մասին նախագիծ է ներկայացրել

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոններում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։  Ներկայացված նախագծով առաջարկվում է բուհերում հեռակա ընդունելությունն իրականացնել նույն՝ միասնական մոտեցմամբ, որը կիրառվել է առկա ուսուցման ընդունելության ժամանակ: Ըստ այդմ` առաջարկվում է հայտագրման, փաստաթղթերի ներկայացման (այդ թվում՝ համապատասխան կայքի միջոցով առցանց տարբերակով), ընդունելության քննությունների և մրցույթի անցկացման գործառույթը փոխանցել ԳԹԿ-ին։ Փոփոխությունները հիմնականում վերաբերում են ընդունելության քննությունների և մասնագիտությունների հայտագրման գործընթացին, կազմակերպման, անցկացման ժամկետներին և հայտագրման եղանակին։ Նշենք, որ համաձայն մինչև այս գործող կանոնների` դիմորդները քննություններին, ինչպես նաև մասնագիտությունների մրցույթին մասնակցելու համար ընդունելության դիմում-հայտերը և փաստաթղթերը հանձնում են համապատասխան բուհում: Ակնկալվում է, որ նոր կարգավորումը գործընթացն առավել արդյունավետ և կանոնակարգված դարձնելու հնարավորություն կտա: Միաժամանակ նախագծով սահմանվել է, որ հեռակա ընդունելության գործընթացին առնչվող կարգավորումները տարածվում են ինչպես պետական, այնպես էլ հավատարմագրված ոչ պետական բուհերի վրա: Նախագծի ընդունմամբ  նախատեսվում է ապահովել բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ընդունելության գործընթացի պատշաճ կազմակերպումը: Շահագրգիռ կառույցները, բուհերը, քաղհասարակության ներկայացուցիչները նախագծի առնչությամբ իրենց առաջարկներն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև հուլիսի 22-ը:
11:55 - 16 հուլիսի, 2022
Դպրոցներում կներդրվի մասնագիտական կողմնորոշման դասընթաց |hetq.am|

Դպրոցներում կներդրվի մասնագիտական կողմնորոշման դասընթաց |hetq.am|

hetq.am: Այս տարի ամենապահանջված բուհական մասնագիտությունները հինգն են՝ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործ», ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում», ԵՊՀ-ի «Իրավագիտություն», Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ», այս մասին մայիսի 19-ին հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։  Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմոնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն»-ի ղեկավար Հայկուհի Գևորգյանն անդրադարձան պահանջված եւ չպահանջված մասնագիտություններին, ինչպես նաեւ աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը վերաբերող հարցերին։ Հայկուհի Գեւորգյանը ԳԹԿ-ի ներկայացրած տվյալների վերաբերյալ ասաց, որ համեմատելով անցած տարիների ցուցանիշներին՝ կարող են ասել, որ պատկերը գրեթե անփոփոխ է, սակայն մասնագիտության ընտրության սկզբունքն է տարբեր։  Նախկինում դիմորդներն ընտրում էին առարկաներ, քննությունների հիման վրա ընդունվում բուհի այս կամ այն բաժիը, իսկ վերջին երկու տարվա ընթացքում դիմորդը կոնկրետ մասնագիտություն է ընտրում եւ միայն այդ առարկայի համար էլ հանձնում է քննությունները։ Անդրադառնալով աշխատաշուկայի պահանջներին, Գեւորգյանն ասաց, որ դիմորդների տեսանկյունից բժշկական մասնագիտություն ընտրածների թվաքանակը շատ է, սակայն մասնագետների պահանջարկն ավելի մեծ է մարզերում, իսկ Երեւանում հետագայում աշխատանքի տեղավորման հարց կառաջանա։ Նրա խոսքով՝ բժշկական ոլորտի բոլոր մասնագիտությունների համար պահանջարկ կա մարզերում, ինչը վերաբերում է նաեւ միջին մասնագիտական ուսհաստատություններին։ Անդրադառնալով երկրորդ՝ ամենաշատ դիմորդներ ունեցող մասնագիտությանը՝ «Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա», նշեց, որ պարզ չէ, թե որ ուղղությունն են ընտրել դիմորդները հետագայում աշխատանք գտնելու համար։ Ըստ Գեւորգյանի՝ գրավիչ են դարձել միջին մասնագիտական եւ արհեստագործական մասնագիտությունները, եւ աշակերտների ընտրությունը դեպի միջին մասնագիտական եւ արհեստագործական ոլորտներ, փոխվել է։ «Փոխվել է հասարակության պատկերացումներն աշխատաշուկայի, կրթության  եւ մասնագիտությունների նկատմամբ,- ասաց «Մասնագիտական կողմոնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն»-ի ղեկավարը,- հասարակության մեջ դեռեւս կա այն կարծրատիպը, թե միջին մասնագիտական եւ արհեստագործական կենտրոնները ոչ գերազանցության կենտրոններ են, այսինքն եթե աշակերտը չի ունենում բավարար գիտելիքներ բուհերի համար, պիտի կրթությունը շարունակի քոլեջներում, ուսումնարաններում»։ Թեհմինե Կարախանյանը ներկայացրեց աշակերտների հետ տարվող աշխատանքները մասնագիտության ընտրության, կողմնորոշման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ թեեւ 2013թ.-ից կա համագործակցություն մասնագիտական կենտրոնների եւ ԿԳՄՍՆ-ի հետ, սակայն պետք է զարկ տալ մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ պարտադիր դասընթացների անցկացմանը դպրոցներում։ Նրա խոսքով՝ խմբակներից մեկը, որը պարտադիր կլինի սովորողների համար, կլինի մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ, եւ պարտադիր կլինի 7,8-րդ դասարաններից սկսված մինչեւ 12-րդ դասարան։ Խմբակներում աշխատանքները պետք է իրականացնեն սոցմանկավարժները, հոգեբանները, ՄԿՈՒ տնօրենները, իսկ այն դպրոցներում որտեղ չկան մասնագետներ, տնօրինության որոշմամբ՝ կընտրվի մասնագետ։  Այս տարի ծրագիրը փորձնական ձեւով իրականացվել է Տավուշի մարզում՝ «Հանրակրթության պետական չափորոշչի» հետ համատեղ։ Այն հաջողությամբ իրականացվելու դեպքում՝ պարտադիր կդառնա հանրակրթական բոլոր դպրոցների համար։ 2023-24 թթ. ուստարում դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացը կդառնա պարտադիր։ Դասընթացը հնարավորություն կտա տեղեկացնել երեխային մասնագիտությունների, աշխատաշուկայի մրցակցային լինելու մասին։ Ծրագիրն իրականացվելու է ուստարվա ամբողջ ընթացքում՝ շաբաթական մեկ ժամով։  Գեւորգյանի խոսքով՝  ծրագրի շրջանակում արտադասարանական հանդիպումներ պետք  է իրականացվեն գործատուների, համայնքում հաջողած գործարարների հետ, հանդիպումներ կլինեն ծնողների հետ, որոնք կդառնան մենթոր երեխայի համար։ Գեւորգյանը կարեւորեց ՄԿՈւ-ներում կարիերայի կենտրոնների բացմանը, ասաց, որ 2021-2022 թթ. 96 հաստատությունների շրջանավարտների 40%-ը գտել է իր մասնագիտությամբ աշխատանք, որը բարձր ցուցանիշ է ՝ համեմատած նախորդ տարիների հետ։ «Բոլորիս համար պարզ է, եթե մասնագետը չգիտի՝ իրենից ինչ է պահանջում աշխատաշուկան, չի կարող լինել ավելի զինված հմտություններով եւ կարողություններով»։ Ասուլիսի ընթացքում բանախոսներն անդրադարձան պահանջված մասնագետների պակասին, Գեւորգյանը տեղեկացրեց, որ որակավորում ունեցող մասնագետների պակաս կա գյուղատնտեսական ոլորտում, ինչպես նաեւ մանկավարժական մասնագիտությունների ոլորտում Ըստ նրա՝ մանկավարժների պահանջարկ լինելու է առաջիկա մի քանի տարիների ընթացքում, նշեց, որ Մանկավարժական համալսարանում այս տարվա դիմորդներից ֆիզիկա եւ քիմիա առարկաների համար կա մեկական դիմորդ։ Որպես լուծում՝ առաջարկում  է վերանայել նպատակային ուսուցման կարգը եւ պետական պատվերի իջեցման գործընթացը։
16:16 - 23 մայիսի, 2022
Բուժական գործ, ինֆորմատիկա, կառավարում. ո՞ր մասնագիտություններն են պահանջված դիմորդների շրջանում


 |armenpress.am|

Բուժական գործ, ինֆորմատիկա, կառավարում. ո՞ր մասնագիտություններն են պահանջված դիմորդների շրջանում |armenpress.am|

armenpress.am: Այս տարի միասնական և ներբուհական քննությունների համար հայտագրվել է 13 հազար 573 մարդ: Նախորդ տարի նրանց թիվը 13 հազար 120 է եղել: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ ընդունելության կարգում փոփոխություններ են եղել, որով նախատեսված է միասնական քննությունները հանձնել երկու հատ: Նախկինում ավելի շատ գերիշխում էր մեկ քննությունով ընդունվելը: «Մայիսի 10-ին ավարտվել է հայտագրումը: Արդյունքներն ամփոփելով՝ կարող ենք ասել, որ ամենամեծ թիվը գրանցվել է «Անգլերեն» առարկայից: 5 հազար 587 դիմորդ է դիմել այս առարկայից քննությունն հանձնելու համար: Երկրորդ տեղում «Մաթեմատիկան» է՝ 5 հազար 429, երրորդ տեղում՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկան է՝ 5 հազար 253 դիմորդ»,-ասաց Կարո Նասիբյանը: Գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետները այս տարի շրջելով բոլոր մարզերում, 12-րդ դասարան ունեցող դպրոցների տնօրեններին մանրամասն բացատրել են նոր կարգը: Ամեն դեպքում կան դիմորդներ, որոնք նախանշված ժամկետում չեն հայտագրվել: Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ նրանց թիվը մեծ չէ, սակայն դիմել են ԿԳՄՍ նախարարին: Համատեղ քննարկման ընթացքում որոշում կկայացվի: Ի՞նչն է պատճառը, որ «Անգլերեն» առարկայից քննություն հանձնող դիմորդների թիվն այդքան մեծ է: Կարո Նասիբյանի խոսքով՝ երբ դիտարկում ենք մասնագիտությունների ցանկը, ապա տեսնում ենք, որ չնչին բացառությամբ «Անգլերեն» առարկայից քննության պահանջ նշված է գրեթե բոլոր մասնագիտությունների գծով: Դրանից բացի,  ըստ Կարո Նասիբյանի, տարիների փորձը ցույց է տալիս, որ «Անգլերեն» առարկայից քննություն հանձնողներն ավելի բարձր միավորներ են ստանում: Գնահատման և թեստավորման կենտրոնն առանձնացրել է դիմորդների շրջանում տարբեր բուհերի ամենապահանջված մասնագիտությունները: Մասնավորապես,  առաջին տեղում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական գործ, երկրորդ տեղում՝ ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկա, երրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարում, չորրորդ տեղում՝ ԵՊՀ-ի իրավագիտություն, հինգերորդ տեղում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ ուղղություններն են: Այս ուղղություններով մրցակցությունը շատ մեծ է լինելու: «Ունենք մասնագիտություններ, որոնք ընդհանրապես չեն դիմել: Խոսքը, մոտավորապես, 160 մասնագիտությունների մասին է: Ինձ համար առավել զարմանալի էր, որ Շիրակի մարզի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի մաթեմատիկայի ուղղությամբ որևէ մեկը չի դիմել: Նույն ուղղությամբ որևէ դիմում չկա Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում: Հասկանալի չէ նաև այն, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում թատերագիտության, կինոգիտության գծով որևէ դիմորդ չկա: Դիմորդ չկա նաև Կոնսերվատորիայի ազգային նվագարանների գործիքների՝ շվիի, սրնգի, տավղի բաժիններում: Դիմորդ չկա ջութակի, դիրիժորական բաժնում»,- ասաց Կարո Նասիբյանը: Այս տարի ավելացել է քննական կենտրոնների թիվը: Եթե նախորդ տարի գործում էր 36 միասնական քննությունների քննական կենտրոն, ապա այս տարի գործելու է 41-ը: Ավելացված քննական կենտրոնները գործելու են Կոտայքում, Գեղարքունիքում, Տավուշում, Արարատում, Երևանում: 
15:17 - 19 մայիսի, 2022
Այս տարի դիմորդները բանավոր քննություններ չեն հանձնելու․ ԳԹԿ

 |armenpress.am|

Այս տարի դիմորդները բանավոր քննություններ չեն հանձնելու․ ԳԹԿ |armenpress.am|

armenpress.am: Նախկինում շրջանավարտները բուհ ընդունվելիս հանձնում էին մեկ կամ երեք քննություն, այս տարվանից դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն երկու քննության արդյունքում։  Այս մասին բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման և քննությունների կազմակերպման գործընթացը՝ ըստ փուլերի և հերթական քայլերի թեմայով ասուլիսի ընթացքում  հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։ «Միասնական քնությունների թիվը սահմանվել է երկուսը։ Եթե նախկինում շրջանավարտները բուհ ընդունվելիս հանձնում էին մեկ կամ երեք քնություն, ապա այս տարվանից դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն երկու քննության արդյունքում»,- նշեց նա։ Նասիբյանը նշեց, որ կենտրոնացված քննություններից հրաժարվելուց բացի հրաժարվել են նաև բանավոր քննություններից։  «Նախկինում դիմորդները հանձնում էին հայոց լեզվի և օտար լեզուների բանավոր քննություներ։ Բանավոր քննություններ այլևս չեն լինելու։ Հրաժարվել ենք նաև լրագրություն մասնագիտության ստեղծագործական աշխատանք և բանավոր խոսքի հմտուրթյուններ առարկաների քննություններից»,- ընդգծեց նա։
14:33 - 19 ապրիլի, 2022
«Գնահատման և թեստավորման կենտրոն»-ի գլխավոր մասնագետին կաշառք տալու գործն ավարտվել է

«Գնահատման և թեստավորման կենտրոն»-ի գլխավոր մասնագետին կաշառք տալու գործն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 2021թ. միասնական քննությունների մասնակցի մայրը՝ Երևանի 49-ամյա բնակչուհին, նախկին ամուսնու օժանդակությամբ, 2021թ, հուլիսի 1-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետին առանձնապես խոշոր չափերի՝ 1.487.520 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՍՆ դոլար կաշառք է տվել՝ անգլերեն լեզվի քննությունից առաջ վերջինիս կողմից մշակված թեստերի պատասխանները նախապես դստերը տրամադրելու և դրա արդյունքում քննությանը բարձր գնահատական ապահովելու համար: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոնշյալ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Երևանի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նրա նախկին ամուսնուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին' այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:48 - 18 օգոստոսի, 2021
Դիմորդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի անկում չի նկատվում. ԳԹԿ-ի պարզաբանումը |armenpress.am|

Դիմորդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի անկում չի նկատվում. ԳԹԿ-ի պարզաբանումը |armenpress.am|

armenpress.am: Հանրապետությունում 2021 թվականի բուհերի ընդունելության քննությունների արդյունքներով «Հայոց լեզու» առարկայի իմացության մակարդակի անկում չի նկատվում: Քննությունների առաջին փուլի արդյունքների համաձայն դիմորդները ապահովել են միջին միավոր, ինչպես նախորդ տարիներին էր:  Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշել է, որ «Հայոզ լեզու» առարկայի քննությունից ստացված ցածր գնահատականների վերաբերյալ բարձրացված աղմուկը վերաբերում էր երկրորդ փուլին:   «Միայն երկրորդ փուլով ասել, որ հայոց լեզվի իմացության մակարդակն իջել է, ճիշտ չէ: Ընդհանուր արդյունքները դիտարկելով՝ չէի ասի, որ այս տարի հայոց լեզվի միջին գնահատականը ցածր է: Սովորաբար ցածր են լինում այն քննությունների գնահատականները, երբ դրանք կազմակերպվում են լրացուցիչ փուլում: Տարիներ շարունակ փորձը ցույց է տալիս, որ երկրորդ փուլում քննություն հանձնողների կեսը կամ 2/3-ը ստանում են անբավարար գնահատականներ: Նորից եմ կրկնում՝ երկրորդ փուլի մասին է խոսքը, իսկ ընդհանուր գնահատականների համար, անհրաժեշտ է դիտարկել երկու փուլն էլ»,- ասաց Կարո Նասիբյանը: Այս տարի հայոց լեզվից քննություն տվողների 1/3-ը 18 -ից բարձր միավոր է ստացել: Լրագրողների այն դիտարկմանը, որ անգլերենի գնահատականներն ավելի բարձր են, քան հայոց լեզվինը, Կարո Նասիբյանը նշեց, որ դա նորություն չէ: Տարիներ շարունակ «Անգլերեն»-ից, ընդհանրապես, օտար լեզվից, ավելի բարձր են ստանում, քան «Հայոց լեզու» առարկայից: «Ի դեպ, ասեմ, որ այս տարի դիմորդները բարձր միավորներ ստացան նաև «Հայոց պատմություն»-ից, և օտար լեզվի հետ միջին միավորները համարյա հավասարվեցին: Միայն պատմությունից 135 հոգի 20 է ստացել: Թեպետ ասեմ այստեղ ինչ խնդիր կա: Դա պայմանավորված էր միջինից թույլ թեստով: Ես կարծում եմ, որ «Հայոց պատմություն» առարկայի հետ կապված քննության հարցում Գնահատման և թեստավորման կենտրոնը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անելիք ունեն: Շտեմարանները 4 տարի է չեն փոխվել, դիմորդների համար դժվար չէ 4 շտեմարանն էլ անգիր անել»,-հավելեց Կարո Նասիբյանը:
16:03 - 19 հուլիսի, 2021
Հրապարակվել են մի շարք առարկաների գծով միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները

Հրապարակվել են մի շարք առարկաների գծով միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է մի շարք առարկաների գծով միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: «Անգլերեն» առարկայի համար հայտագրված 126 դիմորդից քննությանը մասնակցել է 113-ը: Միջին միավորը եղել է 12.41: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 22 դիմորդ կամ մասնակիցների 19.5%-ը: 18-20 միավոր հավաքել է 19 դիմորդ կամ մասնակիցների 16.8%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 9, 19-19.75 միավոր՝ 10 դիմորդ: 1 դիմորդ քննություն է հանձնել «Գերմաներեն» առարկայից: «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի համար հայտագրված 117 դիմորդից քննությանը մասնակցել է 98-ը: Միջին միավորը եղել է 8.94: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 46 դիմորդ կամ մասնակիցների 46.9%-ը: 18-20 միավոր հավաքել է 5 դիմորդ կամ մասնակիցների 5.1%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 2, 19-19.75 միավոր՝ 3 դիմորդ: «Մաթեմատիկա» առարկայի համար հայտագրված 236 դիմորդից քննությանը մասնակցել է 196-ը: Միջին միավորը եղել է 8.60: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 76 դիմորդ կամ մասնակիցների 38.8%-ը: 18-20 միավոր հավաքել է 7 դիմորդ կամ մասնակիցների 3.6%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 6, 19-19.75 միավոր՝ 1 դիմորդ: «Ռուսաց լեզու» առարկայի համար հայտագրված 29 դիմորդից քննությանը մասնակցել է 28-ը: Միջին միավորը եղել է 7.60: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 16 դիմորդ կամ մասնակիցների 57.1%-ը: 18-20 միավոր չի հավաքել ոչ մի դիմորդ: «Քիմիա» առարկայի համար հայտագրված 104 դիմորդից քննությանը մասնակցել է 102-ը: Միջին միավորը եղել է 8.96: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 46 դիմորդ կամ մասնակիցների 45.1%-ը: 18-20 միավոր հավաքել է 9 դիմորդ կամ մասնակիցների 8.8%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 6, 19-19.75 միավոր՝ 2, 20 միավոր՝ 1 դիմորդ: Այսօր ընթանում են «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների քննությունները, որոնց մասնակցելու համար հայտագրվել է համապատասխանաբար 112 և 2 դիմորդ: Քննաշրջանն ավարտվելու է հուլիսի 8-ին. քննություններ կանցկացվեն «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից, որոնց մասնակցելու համար հայտագրվել է համապատասխանաբար 51 և 89 դիմորդ: Հայտագրման երկրորդ փուլի համար ամբողջ հանրապետությունում գործում է մեկ քննական կենտրոն՝ Երևանի թիվ 189 ավագ դպրոցում: Միայն «Մաթեմատիկա» առարկայի համար է առանձնացվել երկու քննական կենտրոն. այն անցկացվել է նաև Երևանի թիվ 200 դպրոցում: Հավելենք, որ Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները կհաստատի մինչև հուլիսի 18-ը: Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:
12:54 - 07 հուլիսի, 2021
ԱԱԾ-ն բացահայտել է կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու հերթական դեպքը

ԱԱԾ-ն բացահայտել է կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից բացահայտվել է կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու հերթական դեպքը: ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ Լ.Ա-ն, հանդիսանալով 2021 թվականի միասնական քննությունների «Օտար լեզու» առարկայի միասնական քննական թեստերի համահեղինակ, հիշյալ ՊՈԱԿ-ի հետ կնքված աշխատանքային պայմանագրի և դրա համաձայնագրերի հիման վրա պատասխանատու լինելով մշակել 2021 թվականին բուհ ընդունվելու համար «Օտար լեզու» առարկայի միասնական քննության թեստերը, պարտավոր լինելով պահպանել միասնական քննությունների թեստերի բովանդակության գաղտնիությունը, մասնակցել միասնական քննությունների հիմնական և լրացուցիչ փուլերի կազմակերպմանն ու անցկացմանը, 2021 թվականի միասնական քննությունների մասնակից Ա.Հ-ի օգտին իր լիազորությունների շրջանակում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություն, այն է՝ «Օտար լեզու» առարկայի քննությունից առաջ իր կողմից մշակված թեստերը նախապես տրամադրելու, դրանց պատասխանները դիմորդին սովորեցնելու և արդյունքում նշված առարկայի քննությանը վերջինիս բարձր գնահատականն ապահովելու համար 2021 թվականի հունիսի 26-ին դիմորդի մորից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.498.140 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար կաշառք և նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի գումարը մինչև քննության օրը ստանալու վերաբերյալ: Իրականացնելով իր հանցավոր դիտավորությունը՝ Լ.Ա-ն 2021 թվականի հուլիսի  1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, այցելել է դիմորդի մոր՝ Երևան քաղաքում գտնվող գրասենյակ և անձամբ ստացել 3.000 ԱՄՆ դոլար կաշառքը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է կաշառքի գումարը: ՀՀ ԱԱԾ քննչական դեպատամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք տվողն ու ստացողը, ինչպես նաև կաշառքի գումարը տրամադրած անձը ձերբակալվել են: Կաշառք ստացած պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ կաշառք տված և կաշառք տալուն օժանդակած անձինք խոստովանական ցուցմունքներ տալուց հետո ստորագրությամբ ազատ են արձակվել: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:23 - 06 հուլիսի, 2021
Բուժական գործ, իրավագիտություն, ֆինանսներ. ԳԹԿ-ն ամփոփել է ընդունելության հայտագրման առաջին փուլը |armenpress.am|

Բուժական գործ, իրավագիտություն, ֆինանսներ. ԳԹԿ-ն ամփոփել է ընդունելության հայտագրման առաջին փուլը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնը բուհերի ընդունելության հայտագրման առաջին փուլն ավարտել է և պատրաստվում է քննությունների: ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանընշեց, որ հայտագրման ընթացքում՝ ապրիլի 15-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, որևէ խնդիր չի եղել: 24-ժամյա ռեժիմով դիմորդները կարողացել են առցանց հայտագրվել: «Որևէ դժգոհություն չի եղել, մեկ, երկու հոգի են եղել, որ չեն հասցրել, նրանց ուղղորդել ենք երկրորդ փուլ: Ի՞նչ է իրենից ենթադրում հայտագրման առաջին փուլը. մենք ներառել ենք բուհի, մասնագիտության ընտրությունը և այդ մասնագիտության համար պահանջվող քննությունների հայտագրումը, ինչպես նաև քննությունների հանձնումը: Միայն նախորդ տարի ընդունելության քննությունները կազմակերպվեցին մեկ փուլով, այս տարի լինելու է երկու փուլով: Ե՛վ առաջին փուլը, և՛ երկրորդ փուլը հավասարազոր ընթացակարգեր են պարունակում: Երկրորդ փուլը մենք նախատեսում ենք բանակից զորացրվածների, Սփյուռքից եկած մեր հայրենակիցների, ինչպես նաև այն դիմորդների համար, որոնք այս կամ այն պատճառով չեն կարողացել հայտագրվել առաջին փուլի ընթացքում»,- ասաց Կարո Նասիբյանն՝ ընդծելով, որ երկրորդ փուլն անցկացվելու է հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Առաջին և երկրորդ փուլից հետո նոր անցկացվում է մրցույթ: Ամփոփելով առաջին փուլի արդյունքները՝ նա նշեց, որ միասնական քննություններ հանձնողների թիվն այս տարի Հայաստանում 10 հազար 957 է, Արցախում՝ 529-ը՝ ընդհանուր թիվը կազմելով 11 հազար 486: Ներբուհական քննություն հանձնողների թիվը 1 899 է: Ներբուհական քննություններ հանձնում են արվեստի, սպորտի բնագավառի բուհերի դիմորդները: Բանավոր քննություններ հանձնողների թիվը, ներառյալ ստեղծագործական աշխատանքը, 854 է: Դիմորդների շրջանում ավելի շատ ընտրած առարկաներից, առաջին տեղով, «Մաթեմատիկան» է, օտար լեզուներից պահանջված է «Անգլերենը», այնուհետև «Հայոց լեզու և հայ գրականությունը»: «Այս տարի նախորդ տարիների նման չէ: Երեք քննություններից միասնական հանձնում ենք երկուսը, և դիմորդներին տրված էր հնարավորություն ընտրելու օտար լեզուն կամ հայերենը: Դիմորդների զգալի մասը ընտրել է օտար լեզուն: Վերլուծությունը ցույց է տալիս, որ տարիների շարունակ դիմորդներն ավելի բարձր գնահատական են ստանում «Օտար լեզվից», քան «Հայոց լեզվից»,- ասաց Կարո Նասիբյանն՝ ընդգծելով, որ շուտով այդ բացը կլրացվի, որովհետև փոփոխություններ են նախատեսված, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» քննությունը դառնա պարտադիր: Դիմորդների շրջանում նախընտրելի մասնագիտությունների կառուցվածքում առանձնապես փոփոխություններ չեն եղել: Ամենից շատ դիմորդները դիմել են Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» մասնագիտության համար, երկրորդ տեղում ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկա ուղղությունն է, որին հաջորդում է ԵՊՀ-ի «Իրավագիտությունը», ՀՊՏՀ-ի ֆինանսները, Բրյուսովի անվան պետական համալսարանի ծառայությունների բաժինը: Վերջինս, ըստ Կարո Նասիբյանի, նորություն էր: Դիմորդների շրջանում պահանջված բուհերից են ԵՊՀ-ն, ՀՊՏՀ-ն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը:
14:22 - 14 մայիսի, 2021
Ավարտական քննությունները դեկտեմբերին չհանձնած 148 շրջանավարտ կկարողանա հանձնել հունիսին |armenpress.am|

Ավարտական քննությունները դեկտեմբերին չհանձնած 148 շրջանավարտ կկարողանա հանձնել հունիսին |armenpress.am|

armenpress.am: 2020-2021 ուստարվա դեկտեմբեր ամսվա պետական ավարտական քննությունների հայտ ներկայացրած, բայց քննություններին չմասնակցած շրջանավարտներին հնարավորություն կտրվի քննությունները հանձնել հունիս ամսին: Այս մասին ասաց ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը և հավելեց, որ ընդհանուր առմամբ այդ շրջանավարտների թիվը 148-ն է: «Այս որոշումը կայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ քննարկումների արդյունքում: Հայտագրումը կարելի է կատարել մինչև 2021 թվականի մայիսի 17-ը, ժամը 18:00-ն: Արդեն տևական ժամանակ է ձևաչափ է մշակվել և այդպես են իրականացվում պետական ավարտական քննությունները: Աշակերտների համար, որպեսզի ավելի հեշտ լինի և երկրորդ կիսամյակում կարողանան սևեռվել այն 2 առարկայի վրա, որոնցից միասնական քննություն պետք է հանձնեն, նրանց հնարավորություն է տրվում ավարտական քննությունները հանձնել դեկտեմբերին: Այժմ, այն անձինք, ովքեր դեկտեմբերին հայտագրվել են, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցել այդ քննությանը, հնարավորություն են ստացել հունիսին մասնակցել»,- նշեց Գրիգորյանը: Արագածոտնի, Արարատի, Տավուշի մարզերից 9-ական շրջանավարտ հունիսին կհանձնի պետական ավարտական քննությունը, Գեղարքունիքի մարզից՝ 2, Կոտայքի մարզից՝ 5, Լոռիից՝ 6, Շիրակից՝ 1, Սյունիքից՝ 4, Վայոց Ձորից՝ 41 շրջանավարտ: Երևան քաղաքից հունիսին քննություն կհանձնի 62 հոգի:
17:17 - 13 մայիսի, 2021