Բուլղարիա

Բուլղարիան ԱՄՆ-ից ավելի էժան գնով գազ կներկրի, քան մատակարարում էր «Գազպրոմ»-ը
 |hetq.am|

Բուլղարիան ԱՄՆ-ից ավելի էժան գնով գազ կներկրի, քան մատակարարում էր «Գազպրոմ»-ը |hetq.am|

hetq.am: Բուլղարիան պայմանավորվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ձեռքբերել սեղմված բնական գազ ավելի ցածր գնով, քան մինչ այդ ձեռք էր բերում «Գազպրոմից»-ից։ Այդ մասին նշվում է Բուլղարիայի կառավարության պաշտոնական կայք էջում։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մատակարարման մասին պայմանավորվել են Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։ Գազի առաջին մատակարարումը կսկսվի հունիսին։ Ապրիլի վերջին Բուլղարիան հրաժարվել էր ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով։ Դրանից հետո «Газпром»-ը դադարեցրել էր այդ երկիր սեղմված բնական գազի արտահանումը։  Մարտի 31-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, համաձայն որի սկսած 2022 թվականի ապրիլի 1-ից ռուսական գազի համար ԵՄ անդամ երկրները պետք է վճարեն ռուսական ռուբլով։  Լուսանկարը՝ theusaprint.com-ից      
21:00 - 11 մայիսի, 2022
ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները կքննարկեն գազի մատակարարման հետ կապված խնդիրները

ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները կքննարկեն գազի մատակարարման հետ կապված խնդիրները

Բրյուսելում այսօր կկայանա Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարների հանդիպումը։ Նրանք պետք է միասնական դիրքորոշում մշակեն՝ քննարկելով ընթացիկ իրավիճակը, որն առաջացել է Լեհաստանին և Բուլղարիային ռուսական գազի մատակարարումների դադարեցման առնչությամբ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այս երկրները հրաժարվել են գազի դիմաց ռուբլով վճարել, ինչպես Ռուսաստանն է պահանջում, գրում է Euronews-ը։ Կապույտ վառելիքի մատակարարման դիմաց վճարումների ընթացակարգի փոփոխման վերաբերյալ «Գազպրոմ» ընկերության պահանջները կապված են Մոսկվայի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու ձգտման հետ։ Նախկին սխեմայով վճարումներն իրականացնելուց Ռուսաստանի հրաժարումը ԵՄ-ն «շանտաժ» է անվանել։ Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր վերջերս տված հարցազրույցում հայտարարել է, որ, գազի վաճառքից ստացված միջոցներն արգելափակելով, արևմտյան երկրները Ռուսաստանից «գողացել են» ավելի քան 300 մլրդ դոլար։ Գազի գների կտրուկ աճը Եվրամիությանը սպառնում է էներգետիկ ճգնաժամով։ Ռուսական գազի մատակարարման դադարեցման հեռանկարը կարող է լրջորեն ազդել Գերմանիայի տնտեսության վրա, որի գազի պահանջարկի 55%-ն ապահովում են մատակարարումները Ռուսաստանից։ ԵՄ մի շարք այլ երկրներ գազի առումով նույնպես մեծապես կախված են Մոսկվայից։   Նորա Վանյան  
15:34 - 02 մայիսի, 2022
Լեհաստանն ու Բուլղարիան Ռուսաստանին մեղադրել են գազով շանտաժ անելու համար

Լեհաստանն ու Բուլղարիան Ռուսաստանին մեղադրել են գազով շանտաժ անելու համար

Լեհաստանի և Բուլղարիայի առաջնորդները Մոսկվային մեղադրել են իրենց երկրների դեմ բնական գազը՝ որպես շանտաժի միջոց օգտագործելու համար այն բանից հետո, երբ ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է գազի մատակարարումները եվրոպական այս երկրներին, գրում է Associated Press-ը։ Գազի մատակարարման դադարեցման հիմքն այն է, որ նախորդ ամիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «ոչ բարեկամ երկրները» պետք է գազի դիմաց ռուբլով վճարեն, ինչը Բուլղարիան ու Լեհաստանը հրաժարվել են անել։ Ռուսական «Գազպրոմ» էներգետիկ հսկան իր հայտարարությունում նշել է, որ ապրիլի մեկից Լեհաստանից և Բուլղարիայից ոչ մի վճարում չի ստացել, հետևաբար՝ դադարեցնում է գազի մատակարարումը։ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին երկրի խորհրդարանում հայտարարել է, որ գազի մատակարարումների դադարեցումը վրեժ է համարում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների համար, որոնք Վարվաշան սահմանել է ուկրաինական պատերազմի առնչությամբ։   Նորա Վանյան
16:00 - 27 ապրիլի, 2022
Բուլղարիան արգելում է ռուսական նավերին իր նավահանգիստներ մտնել

Բուլղարիան արգելում է ռուսական նավերին իր նավահանգիստներ մտնել

Ապրիլի 16-ից Բուլղարիան փակում է իր ծովային և գետային նավահանգիստները ռուսական նավերի, ինչպես նաև այն նավերի համար, որոնք ռուսական դրոշը փոխել են Ուկրաիայում հակամարտության մեկնարկից հետո։ «2022 թ-ի ապրիլի 16-ին ժամը 00:00-ից արգելվում է բուլղարական և գետային նավահանգիստների մուտքը բոլոր նավերի համար, որոնք ռուսական դրոշի ներքո են գրանցված և այն նավերի համար, որոնք փոխել են ռուսական դրոշը կամ դրոշի ներքո գրանցումը կամ որոնց ռեեստրն այլ երկիրն է 2022 թ-ի փետրվարի 24-ից», - ասված է Բուլղարիայի ծովային վարչակազմի հայտարարությունում, գրում է «Կոմերսանտը»։ Արգելքը սահմանվում է ԵՄ Կանոնակարգում արված փոփոխությունների հիման վրա, որոնց համաձայն՝ սահմանափակումներ են գործում Ռուսաստանի գործողությունների պատճառով, որոնք ապակայունացնում են իրավիճակն Ուկրաինայում, ասված է փաստաթղթում։ Ապրիլի 16-ին նույնպիսի որոշում է կայացրել Իտալիան։ Բելգիայի և Ռումինիայի իշխանությունները նույնպես ռուսական նավերին արգելել են իրենց նավահանգիստներ մտնել։ Այս միջոցները ձեռնարկվում են ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի շրջանակում, որն արգելում է ռուսական նավերի մուտքը ԵՄ նավահանգիստներ։   Նորա Վանյան
14:35 - 17 ապրիլի, 2022
Բուլղարիայի նախկին վարչապետ Բոյկո Բորիսովն ազատ է արձակվել կալանքից |news.am|

Բուլղարիայի նախկին վարչապետ Բոյկո Բորիսովն ազատ է արձակվել կալանքից |news.am|

news.am: Բուլղարիայի նախկին վարչապետ և ընդդիմադիր ԳԵՐԲ կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը մարտի 18-ի գիշերն ազատ է արձակվել կալանքից մոտ մեկ օր անց իր և իր նախկին կառավարության երկու գործիչների ձերբակալությունից հետո, գրում է Sofia Globe-ը։ Միջոցառման ժամանակ, որը ցուցադրվել է ազգային հեռուստաալիքների ուղիղ եթերում, Բորիսովը հայտնվել է կուսակցության հավաքված աջակիցների մեջ՝ իր կալանավորումը որպես «դաժան, զզվելի» բնութագրելով և հավելելով, որ «նրանք վերադարձրին մեզ կոմունիզմը»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ միջոցները չարաշահելու կասկածանքով կալանավորվել է Բուլղարիայի նախկին վարչապետը։ Սակայն նա, ինչպես և ֆինանսների նախկին նախարար Վլադիսլավ Գորանովը և Բորիսովի կառավարության նախկին մամուլի քարտուղար Սևդալինա Առնաուդովան, առանց մեղադրանքի առաջադրման, ազատ արձակվեցին: Բուլղարական օրենսդրությամբ թույլատրված 24-ժամյա ոստիկանական կալանքից հետո նրանց կալանքի տակ պահելը դատախազի հրաման կպահանջեր՝ կալանքը մինչև 72 ժամ երկարացնելու համար, որն իր հերթին կարող է երկարաձգվել դատարանի պահանջով: «Ես անհանգստանում եմ, որ հաջորդ անգամ նրանք կարող են ինձ սպանել»,- լրագրողներին ասել է Բորիսովը։ Իր հերթին Բորիսովի փաստաբան Մենկո Մենկովը լրագրողներին ասել է, որ որևէ մեղադրանք չի առաջադրվել, կալանավորման համար որպես հիմք ծառայել էր շորթումը, սակայն նշված չէր, թե ով էր այդ շորթման օբյեկտը, երբ, ինչպես և ինչ պատճառներով էր այն կատարվել:
11:11 - 19 մարտի, 2022
Բուլղարիան պատրաստ չէ աջակցել ռուսական էներգակիրների վերաբերյալ Եվրամիության պատժամիջոցներին. վարչապետ Կիրիլ Պետկով

Բուլղարիան պատրաստ չէ աջակցել ռուսական էներգակիրների վերաբերյալ Եվրամիության պատժամիջոցներին. վարչապետ Կիրիլ Պետկով

Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է, որ Սոֆիան պատրաստ չէ աջակցել ռուսական էներգակիրների վերաբերյալ Եվրամիության պատժամիջոցներին։ «Ամբողջությամբ աջակցում ենք Ուկրաինային, մեկ այլ պետություն չի կարող խախտել միջազգային օրենքներն ու ռմբակոծել հարեւան պետությունը։ Ամբողջությամբ աջակցում ենք գոյություն ունեցող պատժամիջոցներին եւ աշխատում ենք ԵՄ-ի հետ, որպեսզի ձեռնարկված միջոցառումները հնարավորինս ուժեղ լինեն, բայց մենք չենք կարող նավթի ու գազի մատակարարումների սահմանափակում թույլ տալ»,- հայտարարել է Պետկովը։ Ինչպես հաղորդել է Բուլղարիայի նախագահի մամուլի ծառայությունը, նախագահ Ռումեն Ռադեւը համաձայնել է վարչապետի դիրքորոշման հետ․ «Եթե ուզում ենք ոչնչացնել մեր տնտեսությունը, ապա կարող ենք նաեւ դա անել (սահմանափակել նավթի ու գազի մատակարարումները)»,- ասել է Ռադեւը՝ հույս հայտնելով, որ իշխանության մարմինները ճգնաժամի պայմաններում կգործեն ակտիվ, արդյունավետ եւ պրոֆեսիոնալ։
21:01 - 08 մարտի, 2022
Անուշ Բեղլոյանը Բուլղարիայի դեսպանի հետ խոսել է ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ԶՈՒ-ի ներխուժման մասին

Անուշ Բեղլոյանը Բուլղարիայի դեսպանի հետ խոսել է ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ԶՈՒ-ի ներխուժման մասին

ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը հունվարի 21-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կալին Վասիլեւ Անաստասովի հետ: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Ողջունելով դեսպանին` Անուշ Բեղլոյանը հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է խորհրդարանների բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը: Պատգամավորը խոսել է միջազգային տարբեր կառույցներում փոխգործակցության խորացման անհրաժեշտության մասին: Բարեկամական խմբի ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանում առկա հետպատերազմյան իրավիճակը եւ մասնավորապես սահմանային իրադրությունը: Անուշ Բեղլոյանը խոսել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման անթույլատրելիության մասին, այս հարցում կարեւորել միջազգային հանրության եւ բարեկամ երկրների ընդգծված վերաբերմունքն ու գործուն քայլերը: Բուլղարիայի դեսպանը նշել է, որ իրենք հետեւում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, եւ կիսում են իրավիճակի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը: Կալին Վասիլեւ Անաստասովը խոսել է երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների եւ մշակութային ընդհանրությունների մասին: Դեսպանը երկկողմ կապերի ամրապնդման գործում կարեւորել է Բուլղարիայի հայ համայնքի դերակատարությունը: Հյուրի խոսքով` համայնքն ակտիվ մասնակցություն ունի երկրի քաղաքական- հասարակական կյանքում: Համաձայնելով, որ մի շարք ոլորտներում կա չօգտագործված մեծ ներուժ, կողմերը պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկելու նաեւ այդ ուղղությամբ: Նշվել է, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում կարեւոր է երկրների համագործակցության ակտիվացումը` տարածաշրջանում տրանսպորտային եւ այլ տնտեսական համագործակցության ծրագրեր իրականացնելու նպատակով:  
20:52 - 21 հունվարի, 2022
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ռադևին՝ Բուլղարիայի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ռադևին՝ Բուլղարիայի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումեն Ռադևին՝ Բուլղարիայի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթանակի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։  Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Բուլղարիայի հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև մշակութային և պատմական սերտ կապերի վրա: «Կարևորում եմ երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև փոխգործակցությունը մշակույթի, կրթության, նորարարությունների և այլ ոլորտներում։ Համոզված եմ, որ առավել կխորացնենք և կզարգացնենք փոխշահավետ համագործակցությունը»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում: 
19:48 - 26 նոյեմբերի, 2021
Ի դեմս Բուլղարիայի՝ Հայաստանն ունի հուսալի գործընկեր. Սվետլան Ստոևին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Ի դեմս Բուլղարիայի՝ Հայաստանն ունի հուսալի գործընկեր. Սվետլան Ստոևին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Բուլղարայի արտաքին գործերի նախարար Սվետլան Ստոևը ՀՀ ազգային տոնի՝ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ իր գոհունակությունը հայտնելով հայ-բուլղարական գերազանց և բարեկամական հարաբերությունների կապակցությամբ: Այդ մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից: «Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը հրաշալի առիթ է հայտնելու իմ գոհունակությունը մեր երկրների և ժողովուրդների միջև գոյություն ունեցող գերազանց և բարեկամական հարաբերությունների կապակցությամբ, որոնք կառուցված են հինավուրց պատմական և մշակութային կապերի հիմքի վրա», - նշել է Բուլղարիայի արտգործնախարարը՝ հավաստիացնելով, որ ի դեմս Բուլղարիայի Հանրապետության՝ Հայաստանն ունի հուսալի գործընկեր, որն աջակցում է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին Հայաստանում և Եվրամիության հետ հարաբերությունների խորացման քաղաքականությանը: Միևնույն ժամանակ, Բուլղարիան, ըստ Սվետլան Ստոևի, ցանկանում է զարգացնել ակտիվ երկխոսությունը Հայաստանի հետ՝ հանուն բուլղար և հայ ժողովուրդների շահերի ու բարեկեցության: «Համոզված եմ, որ մեր Արտգործնախարարությունների միջև հաստատված լավ կապերը կշարունակեն նշանակալի գործոն լինել մեր միջպետական համագործակցության բարեհաջող, արգասաբեր և կառուցողական զարգացման գործում», - նշել է Բուլղարիայի արտգործնախարարը՝ առողջություն և ամենայն բարիք մաղթելով իր հայ գործընկերոջը:
19:57 - 21 սեպտեմբերի, 2021
ԱԺ փոխնախագահն ու ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը կարևորել են երկկողմ հարաբերությունների խորացումը

ԱԺ փոխնախագահն ու ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը կարևորել են երկկողմ հարաբերությունների խորացումը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մայիսի 11-ին հանդիպել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կալին Վասիլեւ Անաստասովի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Կողմերը կարեւորել են հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների խորացումը, միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը, առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը: Անդրադարձ է վկատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Խոսելով ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմի մասին՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ կարճ ժամանակում տարածաշրջանում կլինեն դրական փոփոխություններ, եւ խաղաղություն կհաստատվի: Բուլղարիայի դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իրենք հետեւում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին՝ հույս հայտնելով, որ երկխոսությունը կշարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Վահե Էնֆիաջյանը բարձրացրել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու հոգեւոր կոթողների պահպանության հարցը: Նա այս առումով կարեւորել է միջազգային հանրության եւ բարեկամ երկրների ընդգծված վերաբերմունքը եւ գործուն քայլերը: Դեսպան Կալին Վասիլեւ Անաստասովը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդիրներն արդարացի լուծում կստանան: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները: Նա հատկապես ընդգծել է Բուլղարիայի հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում: Զրուցակիցները փաստել են գյուղատնտեսության, նորագույն տեխնոլոգիաների, տրանսպորտի ոլորտներում համագործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Կողմերն ընդգծել են երկկողմ ապրանքաշրջանառության ցածր մակարդակը՝ փաստելով, որ չօգտագործված մեծ ներուժ կա:
16:00 - 11 մայիսի, 2021