Բաբկեն Թունյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում։

2001թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: 2003թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Տնտեսագիտության մագիստրոս։ 2007թ.՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի (LSE) «Տնտեսագիտություն եւ հանրային կառավարում» երեքամսյա դասընթացը:

Մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների՝ Կոնֆլիկտաբանություն եւ բանակցություններ (2006թ., Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, Երեւան), Թրեյնինգ՝ թրեյներների (դասախոսների) համար (2006թ., Լոնդոն), աշխատանքային պրակտիկա «BBC Parliament» հեռուստաալիքում (2007թ., Լոնդոն), Ընտրական պրոցեսներ, մամուլի ազատություն, Հայաստան-ԵՄ հարաբերություններ (2011թ., Փարիզ, Ստրասբուրգ), International Visitor Leadership ծրագիր (2011թ., ԱՄՆ)։

1998-1999թթ. եղել է Հայկական Կարմիր խաչի ընկերության փախստականների եւ միգրացիայի բաժին պետի օգնական: 2000-2002թթ.՝ Բնական ակտիվ նյութեր արտադրողների եւ արտահանողների հասարակական կազմակերպության նախագահի օգնական: 2005-2018թթ. աշխատել է «168 ժամ» թերթի եւ 168.am կայքի տնտեսական մեկնաբան, տնտեսական խմբագիր։ 2005-2006թթ.՝ «ԹիՎի 5» հեռուստաալիքի մարզական լուրերի թարգմանիչ եւ խմբագիր: 2007-2009թթ.՝ «3 Միլիոն» ամսագրի գլխավոր խմբագիր: 2009 -2012թթ.՝ «ԲԵ-ՎԻՏ» ընկերության հիմնադիր տնօրեն:

2015թ. հիմնադրել եւ մինչեւ 14.01.2019թ. ղեկավարել է B4B.am տեղեկատվական-վերլուծական հարթակը։

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծում որպես հիմնավորում ասվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականին, որից հետո մինչ օրս չի վերանայվել, սակայն այս ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների թիվը նվազել է, և նոր ձևավորված Ազգային ժողովում 132 պատգամավորի փոխարեն կա 107 պատգամավոր, պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը զեկուցման ժամանակ հիմնավորումներ ներկայացնելիս ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «Ե՛վ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և՛ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- ելույթում ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Հարցուպատասխանից հետո՝ եզրափակիչ ելույթի ժամանակ, Ենգիբարյանը հավելեց․ «Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը․ այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա․․․ Նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ»։ Օրենքում կատարված այս փոփոխությունը մեծ դժգոհությունների և քննարկումների առիթ դարձավ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում։ Այս առնչությամբ, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կենցաղային օրինակ բերեց, որը նույնպես քննադատությունների ենթարկեց։ Աղազարյանն ասաց․ «Պարտադիր էլ չի, որ մարզ գնանք, ինչի Երևան քաղաքում չի՞ լինում ընտրողների հետ շփումներ․․․ Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրանք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ իրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք ա հաշիվը փակես․․․»։ Հարցին, թե ինչքանով էր անհրաժեշտ 50․000 դրամը 250․000 դարձնելու նախագծի ընդունումը, և ինչպիսի հաշվետվողականություն ունեին 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները, անդրադարձել ենք առանձին հոդվածով. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 62-ը մեր հարցումն անպատասխան էին թողել՝ այդպիսով հաշվետու չլինելով իրենց գործունեության վերաբերյալ։ Այս պատգամավորների մեծ մասը ներկայացված են նոր ձևավորված Ազգային ժողովում։ Այս անգամ էլ «Հետք մեդիա գործարանի» հետ համատեղ փորձել ենք ստուգել պատգամավորների հաշվետվողականությունը և իմանալ օրենքի նոր փոփոխությամբ ավելացված գումարով իրականացված ծախսերը։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է խորհրդարանի բոլոր 107 պատգամավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում քանի մարզ են այցելել, որ բնակավայրերում են եղել և առհասարակ ինչ ծախսեր են իրականացրել պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված ամսական 250 հազար դրամով։ Հարցմանը պատասխանել են պատգամավորներից 60-ը։ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Պատգամավորների տրամադրած պատասխաններին անդրադառնանք՝ ըստ խմբակցությունների։   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 պատգամավոր։ Մեր հարցմանը իշխող խմբակցության պատգամավորներից պատասխանել է միայն 27-ը։ Սա խմբակցության պատգամավորների միայն 38%-ն է։ Սակայն պատասխանների մի մասը զուտ տեխնիկական էին․ բովանդակային առումով մեր հարցերից և ոչ մեկի պատասխանը տրված չէր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր գրության պատասխանում նշել է, որ սեպտեմբերին կատարել է մարզային մեկ այց։ Վերջինս այցելել է Գյումրի` քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Համաձայն գրության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարի փոխհատուցումն ստացել է հոկտեմբերին՝ 170 հազար ՀՀ դրամի չափով։ Մեր հարցին, թե կոնկրետ ինչ ծախսեր են կատարվել նշված գումարով, և որքան է ծախսել, Սիմոնյանը պատասխանել է, որ գործող օրենսդրությամբ ծախսերի հաշվետվողականություն սահմանված չէ, և ծախսերի առանձնացված հաշվառում չի իրականացվում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրությամբ նշել է, որ սեպտեմբերին այցելել է 3 մարզեր՝ 3 անգամ Արարատի, 1 անգամ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզեր։ Քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2-րդ նստաշրջանից՝ սեպտեմբերի 13-ից, Աղազարյանը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ և ըստ պատասխանի՝ երեք մարզերի այցելության համար ծախսել է ավելի շատ գումար, քան ստացել է։ Համաձայն պատասխանի՝ Աղազարյանը նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համաձայն պատասխանի, սեպտեմբերին այցելել է 3 մարզ։ Եղել է Արարատի մարզի Երասխ գյուղում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է ոռոգման ջրին վերաբերող հարցեր։ Եղել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական խնդիրներ, ինչի արդյունքում գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն։ Եղել է նույն մարզի Զառիթափ համայնքում, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Եղել է Եղեգիս խոշորացված համայնքի Շատին և Արտանբույք բնակավայրերում և այցի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է ապօրինի շինություններին և ճանապարհին վերաբերող դժգոհությունները։ Եղել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ քննարկել են պայմանագրային զինծառայողների սոցիալական խնդիրները: Այս այցերի ընթացքում, ըստ Բագրատյանի, նա ծախսել է 280 հազար դրամ՝ ամեն այցին միջինում 35 հազար դրամ։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել Երևանում՝ Ազգային ժողովում և դրանից դուրս։ 4 այց է կատարել Երևանի հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Բաթոյանի պատասխանի համաձայն՝ նա սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ, որին ավելացրել է ևս 65 հազար դրամ, և հոգացել է հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը։ Բաթոյանը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, և հատուկ կահավորված մեքենայից օգտվելն անհրաժեշտություն է իր ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար։ Պատգամավոր Անուշ Բեղլոյանը, թեև պատասխանել է մեր հարցերին, սակայն նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում երկրորդ գումարումից, այսինքն՝ հոկտեմբերից։ Պետք է նշել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից և ոչ հոկտեմբերից։ Բեղլոյանը սեպտեմբերին 2 անգամ այցելել է Կոտայքի մարզ, հանդիպումներ է ունեցել ընտողների հետ Եղվարդում և Հրազդանում, մի շարք գործնական հեռախոսային զանգեր է կատարել արտասահման և նախաճաշել է արտասահմանցի դիվանագետների հետ, ինչի համար վճարել է ինքը։ Բացի այդ՝ Բեղլոյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանում, այցելել է մի շարք պետական հաստատություններ և իրավապահ մարմիններ՝ ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նշել է, որ սեպտեմբերին բազմաթիվ այցելություններ է կատարել տարբեր համայնքներ և բնակավայրեր, այցելությունների ընթացքում քննարկվել են հիմնականում համայնքային խոշորացմանը վերաբերող հարցեր։ Ըստ Ղալումյանի՝ պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված գումարն ինքը ծախսել է նպատակային՝ ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերակացի, հանդիպումների կազմակերպման և ներկայացուցչական ծախսերի համար։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պատասխանում նշել է, որ մեր մատնանշած օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն՝ հոկտեմբերից։ Այս դեպքում ևս պետք է նշենք, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից, իսկ պատգամավորը մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրն ստացել է 170 հազար դրամ սեպտեմբեր ամսվա համար։ Հատկանշական է, որ Մովսիսյանը հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 12-ին, հետևաբար նա մինչև մեր հարցմանը պատասխանելը պետք է որ ստացած լիներ սեպտեմբերի համար նախատեսված գումարը։ Պատգամավորը նաև չի պատասխանել մեր մյուս հարցերին: Պատգամավորը խուսափել է պատասխանել նաև մեր գործընկերների հարցերին․ երբ զանգահարել են Մովսիսյանին, վերջինս խնդրել է, որ ավելի ուշ կապ հաստատեն իր հետ, որից հետո, սակայն, զանգերին չի պատասխանել Տառացի նույն պատասխանն է տվել նաև պատգամավոր Մարիամ Պողոսյանը։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին, հետևաբար հնարավոր է, որ հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ նա դեռևս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը ստացած չի եղել։ Սակայն պատգամավորը մեր անպատասխան է թողել նաև մեր հարցերն այն մասին, թե որ մարզերի որ բնակավայրեր է այցելել։ Նույնաբովանդակ պատասխան է տրամադրել պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս նույնպես տեղյակ չէ, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է ոչ թե հոկտեմբերից, այլ սեպտեմբերի 13-ից։ Պատգամավորն ասում է, որ հնարավոր չէ այս պահին պատասխանել ծախսերի վերաբերյալ հարցերին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այս գումարները տրամադրվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում՝ որպես նախորդ ամսում իրականացված ծախսերի փոխհատուցում, հետևաբար պատգամավորներն, անկախ այն հանգամանքից՝ արդեն ստացել են այդ գումարները, թե դեռ ոչ, պետք է կարողանան պատասխանել, թե ինչ ծախսեր են իրականացրել, որի համար ստանում են փոխհատուցումը։ Լիլիթ Ստեփանյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին մարզեր և համայնքներ իրականացված այցելություններին։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, թեև նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ից, սակայն հարցման պատասխանում գրել է, որ պատգամավորական գումարների ծախսման վերաբերյալ մեր հարցերը հարցման պահին ժամանակավրեպ են։ Մեր հարցումը ոչ միայն պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարի ծախսմանն էր վերաբերում, այլև մարզային և համայնքային այցելություններին։ Նշված հարցերին նույնպես պատգամավորն անդրադարձ չի կատարել։ Մեր գործընկերների հետ զրույցում, սակայն, Տիգրանյանն ասել է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա։ «...Հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է, և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանել է Տիգրանյանը, որը, սակայն, չի հիշել, թե սեպտեմբերին մարզային ինչ այցեր է ունեցել։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, թեև պատասխանել է հարցմանը, սակայն չի պատասխանել հարցերին։ Այսինքն՝ պատգամավորը տեխնիկապես կատարել է օրենքով սահմանված պարտականությունը և պատասխանել է մեր գրավոր հարցմանը, սակայն հարցերին բովանդակային անդրադարձ չի եղել։ Վերջինս նշել է, որ պատգամավորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում՝ եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Իսկ գործունեության վերաբերյալ նշել է, որ տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, առցանց այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Էդուարդ Աղաջանյանը հարցման պատասխանում խոսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերից, որոնց տեղը լրատվամիջոցների ներկայացուցիչներն անշուշտ գիտեն, սակայն ներկայացվող հայտարարագրերով նախ հնարավոր չէ պարզել, թե ստացած գումարով ինչ ծախսեր են իրականացրել, և հետո այս տարի ստացած եկամուտներն արտացոլվելու են մյուս տարի ներկայացվող հայտարարագրում, այսինքն՝ պրակտիկորեն անհնար է պատգամավորի ներկայացրած հայտարարագրով պարզել, թե որքան գումար են ստացել, օրինակ, սեպտեմբեր ամսվա համար և ինչ նպատակով են ծախսել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տրամադրած մյուս պատգամավորները հարցմանը պատասխանել են տառացի նույն կերպ, և այս դեպքում նույնպես բացակայում են մեր հարցերի պատասխանները։ Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն, Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Էմմա Պալյանը, Գևորգ Պապոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հայկ Ցիրունյանը տառացի նույն պատասխանն են տրամադրել, որը վերցված է Ազգային ժողովի կանոնակարգից։ Պատգամավորների «միասնական» պատասխանը կարող եք կարդալ ստորև։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պատգամավորներից միայն Ռուբեն Ռուբինյանն է այս պատասխանին հավելել, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին, և սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլորն ստացել են 50 հազարական դրամ։ Սակայն մենք պատգամավորին նման հարց չէինք ուղղել․ մենք հարցրել էինք սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարից, որը պատգամավորները, այդ թվում՝ Ռուբինյանը, ստացել են մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրը։ Ինչպես երևում է տրամադրված «միասնական» պատասխանից, պատգամավորները խուսափել են հարցերին հստակ պատասխան տալուց և տրամադրել են ԱԺ կանոնակարգից վերցված և ոչինչ չասող պատասխան։ Նույնաբովանդակ պատասծան տրամադրած պատգամավորներից 3-ի հետ կարողացել են զրուցել «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերները։  Ռուստամ Բաքոյանը նշել է, որ չգիտի՝ ավելացված գումարը ստացե՞լ է, թե՞ ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև՝ երբ եմ ստանալու այդ 250 000 դրամը»։ Բաբկեն Թունյանը խնդրել է ավելի ուշ կապ հաստատել իր հետ, ինչից հետո զանգերին չի պատասխանել։ Գևորգ Պապոյանը համարել է, որ սա կարևոր թեմա չէ, և արդեն իսկ ամեն ինչ ասված է։  Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել էր միայն 27-ը, որոնցից մեր հարցերին մասամբ կամ ամբողջությամբ պատասխանել էր միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության պատգամավորների 8,5%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են խմբակցության պատգամավորներից միայն 10-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ուղղված հարցումներին պատասխանել է 4 պատգամավոր, ինչից հետո մնացած բոլոր պատգամավորների փոխարեն մեզ միասնական պատասխան է տրամադրել Ագնեսա Խամոյանը։ Վերջինս նշել է, որ լիազորված է պատասխանել բոլորի անունից։ Սակայն մեր նպատակն էր հարցումների միջոցով լուսաբանել բոլոր պատգամավորների գործունեությունն անհատապես և ոչ թե խմբակցության գործունեությունն ընդհանրական։ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերին այցելել է 1 մարզ։ Եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ըստ պատասխանի՝ հանդիպել է համակիրների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար տրամադրվող ամսական գումարին, Թևանյանը նշել է, որ ստացել է 170 հազար դրամ, որը, սակայն, չի օգտագործել։ Պատասխանում նշված է, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի օրենքի փոփոխությունը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեր հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, մասնակցել է անկախության հռչակման 30-ամյակի միջոցառմանը: Պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 30-ին չի ստացել 250 հազար դրամ։ Նա իրավացի է, քանի որ մեր հարցմանը պատասխանելու հաջորդ օրն է ստացել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 170 հազար դրամը։ Սակայն «Հայաստան» խմբակցության միասնական պատասխանում նշվում է, որ այդ գումարների առնչությամբ իրենք դիմել են Սահմանադրական դատարան։ Իսկ նախորդ ամիս ստացած 50 հազար դրամը Խաչատրյանն օգտագործել է Արցախ այցի նպատակով։  Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերին որևէ մարզ չի այցելել, իսկ ստացած գումարն էլ չի օգտագործել, ինչպես խմբակցության մյուս անդամները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը սեպտեմբերին այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա և Թալին համայնքներ։ Պատգամավորը հարգելի պատճառներով չի կարողացել ավելի շատ մարզեր կամ համայնքներ այցելել։ Համաձայն Մանուկյանի պատասխանի, ըստ խմբակցության գրաֆիկի, հոկտեմբերին պատրաստվում է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր։  «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տվել են միասնական պատասխան, որով հնարավոր չէ տարանջատել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը։ Միասնական պատասխան են տրամադրել Հայաստան խմբակցության 25 պատգամավորներ․ պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև։ ««Հայաստան» խմբակցության անդամներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված՝ ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ: Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաներին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: Այսպիսով, թեև խմբակցության պատգամավորները չեն անտեսել մեր պաշտոնական գրությունը, սակայն միասնական պատասխան տրամադրելով՝ չեն ներկայացրել յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Համաձայն պատասխանների՝ մեր հարցերին պատասխան են տրամադրել խմբակցության պատգամավորներից միայն 4-ը՝ խմբակցության 13․8%-ը։ Սակայն պետք է նշել, որ պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին առնչվող հարցի պատասխանը բոլորի դեպքում նույնն է, հետևաբար կարող ենք ընդունել, որ խմբակցության բոլոր պատգամավորներն այս հարցին տվել են պատշաճ պատասխան։ Ինչ վերաբերում է «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանելուն, ապա խմբակցությունից հարցերին պատասխանել են միայն 7-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել է անպատասխան։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, եղել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Արցախի Հանրապետությունում մասնակցել է Հանրապետության 30-ամյակի միջոցառմանը և հանդիպումներ է ունեցել Արցախի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, հասարակական և ռազմական գործիչների հետ։ Սյունիքի մարզում այցելել է Գորիս և Կապան համայնքներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Պատգամավորն ուսումնասիրություններ է իրականացրել Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ դիտարկել է ռազմավարական ճանապարհների առկա վիճակը՝ հետագայում խնդրի վերաբերյալ առաջարկություններ ձևակերպելու նպատակով։ Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է Երասխավանից Պարույր Սևակ տանող հատվածում և դիտարկումներ է իրականացրել սահմանին մոտ հատվածներում։ Համաձայն պատասխանի՝ Աբրահամյանը պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված հաշվարկ չի իրականացրել, սակայն, ըստ նրա, հիմնական ծախսերը կապված են եղել մարզեր այցելության հետ՝ հյուրանոցի ծառայություններ, վառելիքի և սննդի ծախսեր և այլն։  Պատգամավոր Հայկ Մամիջանյանը սեպտեմբերին այցելել է Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի շուրջ 15 բնակավայրեր, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններ, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարի մի մասը ծախսել է տրանսպորտի և կազմակերպչական ծախսերի համար, իսկ մի մասը պատրաստվում է ուղղել բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Տարոն Մարգարյանը նշել է, որ այցելություններ է ունեցել տարբեր մարզեր և Երևան քաղաքի վարչական շրջաններ։ Գումարի մի մասն ուղղել է հանդիպումների կազմակերպչական ծախսերի ապահովմանը, մյուս մասը՝ բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացել, որ ադրբեջանցիները այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայնքներին մոտ գտնվող խոտածածկույթները: Այցելել է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Խորհրդարանում հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, ինչից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհրաժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Հաջորդ օրն այցելել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին։  ԱԺ-ում նախաձեռնել է հանդիպում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկել են ՀՀ և ԱՀ բնակչության իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Սեպտեմբերի 11-12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան: Հանդիպում է ունեցել  տեղի բնակիչների հետ, քննարկել են փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները: Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ կառավարությունը մինչ օրս գյուղացիներին չի փոխհատուցել ադրբեջանցիների հափշտակված անասունների, ինչպես նաև այրված խոտհարքերի համար:  Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկել են պարտադիր քրեակատարողական հիմնարկներում և փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Սեպտեմբերի 17-ին մի խումբ դատապարտյալների՝ անձնական ընդունելություն ստանալու խնդրանքի հիման վրա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 18-19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Պատգամավորը «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում: Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել է հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկել են հայրենադարձության, ինչպես նաև պատերազմի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների խնդիրները:  Սեպտեմբերի 24-25-ին այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր և հանդիպել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել խաղողի մթերման մասին բարձրաձայնած խնդիրները: Զբաղվել է նրանց խնդիրներով, ինչի արդյունքում օրեր անց ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ կմթերվի խաղողի ամբողջ քանակությունը: Սեպտեմբերի 26-ին կրկին եղել է Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ է ստացել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի վարելահողերի հրդեհման մասին: Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:  Սեպտեմբերի 29-ին Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացվել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Ըստ Թովմասյանի՝ մի շարք հարցերի լուծման ուղիներ գտնելու առնչությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: Այս պահին շրջանառության մեջ է դրված պատգամավորի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:  Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Թագուհի Թովմասյանի պնդմամբ այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ավելին: Այսպիսով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էր 4-ը՝ խմբակցության 57,1%-ը, իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են 2-ը։ Հարցումով դիմել էինք նաև ԱԺ նախագահին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե կոնկրետ երբ են պատգամավորները ստանում նշված գումարը, և արդյոք բոլորը ստանում են նույն օրը և նույն չափով։ Հարցման պատասխանում Ազգային ժողովից հավաստիացրին, որ օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ գումարման մեկնարկից, պատգամավորները նշված գումարը ստանում են մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը և ստանում են նույն չափով։ Պատգամավորները սեպտեմբեր ամսվա համար ստացել են 170 հազար դրամ Ընդհանուր առմամբ, խորհրդանի 107 պատգամավորներից մեր հարցումներին պատասխանել էր 60-ը, սակայն նրանցից լիարժեք և ըստ էության պատասխան էր տրամադրել միայն 14-ը։ Այսինքն՝ մեր հարցերին պատասխանել է խորհրդարանի պատգամավորների 13․1%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Հիշեցնենք նաև, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։ Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը  ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Հետք մեդիա գործարանի» հոդվածում։   Նարեկ Մարտիրոսյան
20:19 - 03 նոյեմբերի, 2021
Մարդիկ կարող են խուսափել Հայաստան ապրանք ներմուծելուց․ Թունյանը՝ Գորիս- Կապան ճանապարհի մասին |armenpress.am|

Մարդիկ կարող են խուսափել Հայաստան ապրանք ներմուծելուց․ Թունյանը՝ Գորիս- Կապան ճանապարհի մասին |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հուսով է, որ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը արագ կկարգավորվի, որովհետև, ըստ պատգամավորի, դրա հետևանքը կարող է լինել այն, որ մարդիկ կարող են խուսափել Հայաստանի տարածքով ապրանքներ ներմուծելուց։ Լրագրողների հետ ճեպազրույցում Թունյանը ընդգծեց՝ որևէ մեկը չի կարող հերքել, որ Ադրբեջանի կողմից իրանական բեռնատարների ստուգումը և պետտուրքի գանձումը լուրջ խնդիր է։ «Եկեք սպասենք, տեսնենք, թե իրավիճակը ինչպես է հանգուցալուծվում»,- հավելեց Թունյանը։ Պատգամավորի կարծիքով՝ այդ խոչընդոտը անհարմարություն, անորոշություն և ռիսկեր է պարունակում, ինչը ,բնականաբար, պետք է արագ կարգավորվի։ «Այսինքն, որևէ մեկի համար հաճելի չի, որ իր երկրի բեռնատարների համար լրացուցիչ խոչընդոտներ ստեղծվեն։ Հայաստանի տարածքով գալիս են իրանական այն բեռները, որոնք սպառվում են Հայաստանում։ Ե՛վ Հայաստանի համար, և՛ Իրանի համար կարևոր է այդ ճանապարհը»,- շեշտեց Թունյանը։ Պատգամավորը նշեց, որ դեռ բավարար տեղեկություններ չունի, որպեսզի կարողանա գնահատական տալ Սյունիքում ստեղծված իրավիճակի հետ կապված։ «Այս պահին ես ավելին չգիտեմ, քան այն, ինչ հրապարկվել է ԱԱԾ-ի կողմից։ Հույս ունեմ, որ իրավիճակը կկարգավորվի, որովհետև անհարմարություն է, որ մեր՝ Իրանի հետ կապող միակ ճանապարհի հետ կապված խնդիրներ կան»,- եզրափակեց Թունյանը։
13:14 - 13 սեպտեմբերի, 2021
Բաբկեն Թունյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Բաբկեն Թունյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն օգոստոսի 27-ի նիստի օրակարգում ուներ երկու հարց՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության և հանձնաժողովի աշխատակարգի հաստատման: Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը տեղեկացրեց, որ առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրում է Բաբկեն Թունյանի թեկնածությունը: Պատգամավորը ներկայացրեց թեկնածուի կենսագրական և մասնագիտական տվյալները, աշխատանքային գործունեությունը: Շնորհակալություն հայտնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար՝ Բաբկեն Թունյանը հույս հայտնեց, որ լինելով ԱԺ-ի ծանրաբեռնված հանձնաժողովներից մեկը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, այս հանձնաժողովը կլինի մասնագիտական բարձրության վրա, հարցերը կքննարկվեն բազմակողմանի, և բոլորի համար կապահովեն հավասար ձայնի իրավունք ու ներկայացուցչություն: Համագործակցության պատրաստակամություն հայտնելով՝ թեկնածուն նշեց, որ իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի ավելի լավ երկիր ու տնտեսություն ունենալու համար: Քվեարկության արդյունքում Բաբկեն Թունյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ: Հանձնաժողովը հաստատեց նաև գործունեության աշխատակարգը:
14:51 - 27 օգոստոսի, 2021
«Կառուցողական և թիմային աշխատելու Ձեր պատրաստակամությունն ինձ բավականին ուրախացրեց»․ Բ. Թունյանը` Վ. Հակոբյանին |hetq.am|

«Կառուցողական և թիմային աշխատելու Ձեր պատրաստակամությունն ինձ բավականին ուրախացրեց»․ Բ. Թունյանը` Վ. Հակոբյանին |hetq.am|

hetq.am: Խորհրդարանում քննարկվում է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Ըստ Դոնթի բանաձևի` 9 հանձնաժողովում նախագահելու իրավունք ունի խորհրդարանական մեծամասնությունը, 3-ում` երկրորդ ուժը` «Հայաստան» խմբակցությունը: Եւ ահա ընդդիմադիր խմբակցության ընտրած հանձնաժողովներից մեկն էլ Տնտեսականն է: Այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Վահե Հակոբյանի թեկնածությունը: Նախորդ գումարման խորհրդարանում այս հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ելույթում անդրադարձավ ընդդիմության` հանձնաժողովի ընտրությանը: «Պարոն Հակոբյան, շատ ճաշակով ընտրություն եք արել, որովհետև Տնտեսական հարցերի հանձնաժողովն ամենահետաքրքիրներից է, նաև շատ համաձակ ընտրություն է, որովհետև ամենածանրաբեռնվածներից է Պետական-իրավական հարցերով հանձնաժողովից հետո»,- ասաց նա: Թունյանի խոսքով` անցած 2,5 տարվա ընթացքում հանձնաժողովում քննարկվել է 300-ից ավելի նախագիծ, այդ թվում՝ 240 նախագիծ ամբողջությամբ ընդունվել է, եղել են նաև բացասական եզրակացությամբ, ինչպես նաև շրջանառությունից դուրս եկած նախագծեր: Բաբկեն Թունյանն անկեղծացավ` զարմացել է ընդդիմության ընտրությունից. «Տնտեսական հարցերի հանձնաժողովն այն հիմնական պլատֆորմներից է, որի միջոցով Կառավարությունն իրականացնելու է իր տնտեսական օրակարգը: Նշածս 240 նախագծերից 200-ը Կառավարության հեղինակածն են: Կառուցողական և թիմային աշխատելու Ձեր պատրաստակամությունն ինձ բավականին ուրախացրեց, որովհետև ստացվում է` պատրաստակամություն եք հայտնում Ձեր ակտիվ մասնակցությունն ունենալ մեր թիմի ու Կառավարության տնտեսական օրակարգի առաջխաղացմանը: Դա միայն օգուտ կլինի, Դուք բիզնեսից եք եկել, համոզված եմ, որ օգտակար խորհուրդներ կտաք»,-ասաց պատգամավորը: Թունյանն անդրադարձավ նաև այն քննարկումներին, թե իշխանությունը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը զիջել է ընդդիմությանը` պարզաբանելով, որ հանձնաժողովն իշխանությանը չէր պատկանում, այլ ընդդիմությունն օրենքով սահմանված կարգով ընտրել է այդ հանձնաժողովում նախագահությունը: Նա նաև հավելեց, որ հանձնաժողովն ունենալու է 12 անդամ, որից  8-ը քաղաքական մեծամասնության պատգամավորներն են լինելու, 4-ը` ընդդիմությունից: «Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքը և ոչ ավելին: Նա ունի նույնպիսի մեկ ձայն, ինչպես մյուս պատգամավորները:  Չնայած մենք տարբեր քաղաքական հայացքներ ենք կիսում, բայց բոլորս նույն «նավում» ենք, և էն խնդիրները, որ մեր առջև ծառացած են, պիտի հավասարաչափ բոլորիս մտահոգեն»,-եզրափակեց Բաբկեն Թունյանը:
17:12 - 10 օգոստոսի, 2021
ՔՊ-ն խոստանում է հաջորդ տարիներին ապահովել 7 տոկոս տնտեսական աճ |armenpress.am|

ՔՊ-ն խոստանում է հաջորդ տարիներին ապահովել 7 տոկոս տնտեսական աճ |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսում է հաջորդ տարիներին ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել: Գյումրիում հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 25-րդ համար Բաբկեն Թունյանը: «Բացի այդ, նախատեսում ենք գործազրկության մակարդակը իջեցնել 10 տոկոսի: Նախատեսում ենք, որպեսզի թոշակը հասնի այնպիսի մակարդակի, որ մարդը կարողանա ապրել, ոչ թե այնքան լինի, որ սպառողական զամբյուղից անգամ հացի փողին չբավարարի»,- ասաց Թունյանը: Ըստ Թունյանի` գործող իշխանությունը նաև հասկանում է, թե ներկա պահին ինչ հնարավորություններ ունի: «Մարդիկ ասում են, թե գալու են բոլորի վարկերը մարելու են ու հույս ունեն, որ մարդկանց մեծամասնությունը իրենց կհավատա: Ով այդպիսի բան է ասում, հավատացեք, որ ձեզ ուղղակի խաբում են, որովհետև վարկերը ներել, թոշակները բարձրացնել, բայց հարկերը չավելացնել, այդպիսի բաներ չի լինում, մենակ հեքիաթներում է լինում»,- ընդգծեց Թունյանը:
19:48 - 09 հունիսի, 2021
Աննախադեպ քայլ է, երբ իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատը. Բաբկեն Թունյան


 |armenpress.am|

Աննախադեպ քայլ է, երբ իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատը. Բաբկեն Թունյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կարծում է, որ խորհրդարանի նախատեսվող լուծարումը, արտահերթ ընտրությունների անցկացումը աննախադեպ քայլ է Հայաստանում, որով իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատը: Թունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը: «Թվում է՝ պարզ տեխնիկական ինչ-որ բան ենք անում, երկրորդ անգամ վարչապետին պետք է չընտրենք, որպեսզի պրոցեսը շարունակվի: Բայց այս ամենի մեջ մեծ սիմվոլիզմ կա: Մենք կես ժամ հետո կատարելու ենք մի գործողություն, որից հետո ԱԺ-ն արձակվելու է: Իհարկե, հետո ԱԺ-ն իր լիազորությունները շարունակելու է որոշ ժամանակ, աշխատելու է մինչև հաջորդ խորհրդարանի ձևավորումը, բայց սա շատ կարևոր և Հայաստանում երևի աննախադեպ քայլ է, երբ իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատն ու վերստանալ հասարակության վստահության քվեն»,-ասաց Թունյանը: Նա առաջարկեց հետահայացով նայել, թե վերջին 2.5 տարում ինչ են արել: Պատգամավորն ընդունեց՝ բաներ կան, որ իշխանությունը արել է, բաներ կա, որ չեն արել, բաներ կա, որ սխալ են արել, դանդաղ են արել: Նա ներողություն խնդրեց հայրենակիցներից՝ իշխանության սխալ արածների, չհասցրածների, իրենց տեմպի համար: «Երևի պետք է մի քիչ ավելի արագ լինեինք: Այս ամենը փաստ է, որը ոչ մեկը չի հերքի, բայց փաստ է նաև այն հանգամանքը, որ մենք այստեղ եկել ենք աշխատելու՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: Այստեղ ոչ մեկը չի եկել, որ իր բիզնեսի համար հարմար տանիք ապահովի, կապեր ստեղծի: Մարդիկ այստեղ բոլորն աշխատում են՝ իրենց ոլորտում կամ իրենց հետ առնչվող ոլորտներում որևէ քայլ առաջ կատարել, որ մենք ունենանք այն երկիրը, որի մասին միշտ երազել ենք »,-ասաց Թունյանը: Ըստ ՀՀ Սահմանադրության, եթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովը լուծարվում է: Մայիսի 3-ին կայացած Ազգային ժողովի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ արդեն չի ընտրվել ՀՀ վարչապետ, եթե այսօր էլ ընտրությունը չկայանա, խորհրդարանն իրավունքի ուժով կցրվի:
19:35 - 10 մայիսի, 2021
Արտաքին դաշտից ներդրողների համար կարևոր չէ՝ պետության գլխին ով է և ինչ անուն-ազգանուն ունի․ Բաբկեն Թունյան |tert.am|

Արտաքին դաշտից ներդրողների համար կարևոր չէ՝ պետության գլխին ով է և ինչ անուն-ազգանուն ունի․ Բաբկեն Թունյան |tert.am|

tert.am: Եթե արտաքին դաշտից ներդրումներ լինեն, ապա մեր տնտեսությունն ավելի արագ կզարգանա, իսկ ներդրումներ անելու համար պետք է մի քանի պայման բավարարենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։«Խոշոր ներդրումները տնտեսության համար շատ կարևոր են, բայց  դա կապել կոնկրետ անձերի հետ, կարծում եմ, սխալ է, որովհետև ներդրում անողի համար ընդհանրապես նշանակություն չունի՝ պետության գլխին ով է և ինչ անուն-ազգանունով մարդ է, ներդրողի համար կարևոր է, թե ինքն այդ երկրում կարող է շահույթ ունենալ, կկարողանա այդ երկրում խաղի կանոնները կանխատեսել, ապահով կլինի իր ներդնումը և այլն»,- ասաց Բաբկեն Թունյանը։ Նա նաև նշեց՝ այժմ շատ ջանք է պետք ներդնել, որպեսզի տնտեսական վիճակը կայունանա։ Իր խոսքում նա նաև անդրադարձավ 2019-2020 թվականների տնտեսական իրավիճակին։ «2019 թվականին եղավ տնտեսական աճ, բայց երկարաժամկետ ու լուրջ ներդրումների համար որոշակի ժամանակ էր պետք, և մենք, ըստ էության, ունեցել ենք անցնցում 1 տարի, հիմա մենք 2020 թվականն ամբողջությամբ կորցրել ենք այդ առումով ու մեզանից եռակի ջանքեր են պետք, որ դա վերականգնենք»,- նշեց նա։ Բաբկեն Թունյանը նաև անդրադարձավ տնտեսական ներկայիս իրավիճակին՝ մեկնաբանելով գնաճը։ Նա նաև նշեց՝ աշխատավարձը և թոշակը չեն կարող ավելանալ, քանի որ հետագայում դա խնդրահարույց է լինելու։ Ավելին՝ tert.am-ում
13:36 - 06 ապրիլի, 2021
Կարծում եմ՝ տնտեսական անկում 2021-ին չենք ունենա. Բաբկեն Թունյան |lragir.am|

Կարծում եմ՝ տնտեսական անկում 2021-ին չենք ունենա. Բաբկեն Թունյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հետ։ Տեսակետ կա, որ արտագաղթն ու երկրում տնտեսության վիճակը կախված է լինելու նրանից, թե բիզնեսն ինչպիսի վարքագիծ է դրսևորում, որ բիզնեսը սպասում է իշխանության խոսքին ու ընդունած որոշումներին: Այս առումով ի՞նչ պետք է անել բիզնես աշխուժացնելու և արտագաղթը կանգնեցնելու համար: Իհարկե, տնտեսության վիճակը մեծապես կախված է սպասումներից, տրամադրություններից, և հնարավոր արտագաղթի պատճառներից մեկն էլ սոցիալ-տնտեսական վիճակն է: Ի՞նչ են անում այդ առումով կառավարությունն ու Ազգային ժողովը․ մշակվում են տարբեր հակաճգնաժամային միջոցառումներ, ահագին քայլեր արդեն իսկ կատարվել են, սոցիալական օգնության մի քանի ծրագրեր իրականացվել են և զուգահեռաբար նաև մշակվում են ավելի խոշոր, արդեն տնտեսության և ներդրումների խթանմանն ուղղված փաթեթներ: Այդ թվում ԱԺ-ում մի քանի օրենսդրական նախաձեռնություններ արդեն հավանության են արժանացել, այս պահին էլ ակտիվ քննարկումների մեջ ենք բիզնեսի հետ, շատ ինտենսիվ աշխատում ենք և իրենց խնդիրները լուծելու ուղղությամբ, որոնց մասին բարձրաձայնում են, և նոր մեխանիզմներ առաջարկելու ուղղությամբ: Բիզնեսի համար այս պահին ամենակարևորը կանխատեսելիությունն է և կայունությունը: Բիզնեսն այսօր տրամադրված է հետագայում նորմալ աշխատելու: ԿԲ-ն 0.25 կետով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Արդյոք դա չի նպաստի, որ նվազեն առանց այդ էլ ցածր մակարդակի վրա գտնվող ներդրումները: Չէ որ թանկ փողը ազդում է վարկավորման վրա: Ընդհանրապես, ի՞նչ կտա դա տնտեսությանը: Այո, դասական առումով ճշմարտություն է, որ փողի թանկացումը բերում է վարկավորման պահանջարկի նվազման, հետևաբար այդ վարկերով կատարված ներդրումների վրա որոշակի բացասական ազդեցություն ունենում է: Բայց այստեղ կա երկու հանգամանք. Ներդրումների վրա ազդում է ոչ միայն տոկոսադրույքը, այլև երբ երկրում ֆինանսական կամ գների կայունության հետ կապված խնդիր կա: Այս առումով պետք է նկատի ունենալ, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.25 տոկոսային կետով բարձրացումը միտված է հենց ֆինանսական կայունության ապահովմանը: Երևի դա ավելի կարևոր գործոն է, քան տոկոսադրույքի բարձրացումը: Բացի այդ, ուզում եմ նշել, որ կովիդից հետո, այսինքն 2020 թվականի մարտից Կենտրոնական բանկը մի քանի անգամ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այսինքն մենք դեռ նախաճգնաժամային բարձր տոկոսադրույքից բավական հեռու ենք, և այսօրվա գործող տոկոսադրույքը, իմ կարծիքով, նորմալ է: Եվ վերջին հանգամանքը. Շատ ավելի ցանկալի է, որ ներդրումները կատարվեն ոչ միայն վարկերի հաշվին, այլև ուղիղ ներդրումներ լինեն, այսինքն տնտեսվարողները նաև այլ աղբյուրներից կամ իրենց սեփական միջոցներից, կամ խնայված միջոցներից կարողանան Հայաստանում ներդրումներ անել: ԿԲ նախագահը 2020-ի համար կանխատեսեց 7.8 տոկոս տնտեսական անկում: Արդյոք կիսում եք նման կանխատեսումը, և ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ 2021 թվականի համար՝ տնտեսական աճի առումով: Քանի որ այդ 7,8 տոկոս անկման կանխատեսումն արդեն ավարտված տարվա համար է, արդեն կարելի է ասել, որ սա ոչ թե կանխատեսում է, այլ փաստացի իրավիճակի մոտավոր գնահատական: Ինչպես գիտեք, տնտեսության ակտիվության ցուցանիշն արդեն հրապարակվել է վիճակագրական կոմիտեի կողմից, և այնտեղ անկումը կազմում է 7.5 տոկոս: Ունենալով որոշակի տեղեկատվություն տնտեսության որոշակի ոլորտների ցուցանիշների վերաբերյալ, կարելի է մոտավորապես հաշվարկել, թե ՀՆԱ-ն որքան անկում կունենա: Այդ 7.8 տոկոս ցուցանիշը շատ քիչ շեղումով կարող է լինել: Այսինքն ես էլ եմ հակված, որ անկումը կլինի 7.5-8 տոկոսի միջակայքում: Ինչ վերաբերում է 2021 թվականին, ապա այն հետճգնաժամային տարի է, այսինքն, կարծում եմ՝ դժվարությունների պիկն անցել ենք, բայց խնդիրներն ամբողջությամբ չեն հաղթահարվել: Կան բացասական ազդեցություններ թե կովիդի, թե պատերազմի հետևանքների, որոնք դեռ երկար ժամանակ իրենց զգացնել են տալու: Այդ առումով 2021 թվականը կայունացման տարի պետք է դիտարկել: Կարծում եմ՝ տնտեսական անկում 2021-ին չենք ունենա, բայց լիակատար առողջացման և վերականգնման մասին հնարավոր կլինի խոսել կամ 2021-ի վերջից կամ 2022 թվականից: Ամեն դեպքում, ամեն ինչ կախված է և միջազգային զարգացումներից, և հասարակական ու բիզնեսի վարքագծից ու սպասումներից, նաև կառավարության գործողություններիցՇարունակությունը կարդացեք Lragir.am-ում։
21:25 - 03 փետրվարի, 2021
Թունյանի խոսքով՝ քննիչ հանձնաժողովի գործունեությունը ձախողվել է |1lurer.am|

Թունյանի խոսքով՝ քննիչ հանձնաժողովի գործունեությունը ձախողվել է |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում հանքարդյունահանման իրականացմանն առնչվող քննիչ հանձնաժողովի գործունեությունը ձախողվել է: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: Նա շեշտեց, որ քննիչ հանձնաժողով ստեղծելը չպետք է լինի ինքնանպատակ:  «Հանձնաժողովը պետք է պարզեր այս ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, ապացուցողականությունը, արժանահավատությունը: Պարզե՞լ ենք՝ չենք պարզել, որովհետև դա պարզելու համար մենք ռեսուրսներ չունենք: Ընդ որում՝ ես այս մասին հարց եմ ուղղել այն ժամանակ, երբ քննարկվում էր այս հանձնաժողովը ստեղծելու հարցը»,- ասաց Թունյանը՝ ընդգծելով, որ հարցրել է, թե, օրինակ, հանրահայտ աուդիտորական ընկերության կողմից աուդիտի ենթարկված հաշվետվողականության արժանահավատությունը ստուգելու համար մենք բավարար մարդկային և մասնագիտական ռեսուրսներ ունե՞նք, թե՞ չունենք: «Մեզ հավաստիացրել են, որ ունենք այնպիսի մասնագետներ, որոնք պատրաստ են անվճար աշխատել և իրենց եզրակացությունները ներկայացնել: Ցավոք, հանձնաժողովի աշխատանքի ընթացքում ես ինքս նման որևէ մասնագետի չտեսա: Ես տեսել եմ միայն բնապահպան ակտիվիստների, որոնք գալիս էին, խոսում էին ընդգծված մեկ թեմայի շուրջ, որից հետո այդ մեկ թեման դառնում էր հիմնականում լուսաբանման առարկա: Հաշվեքննիչ պալատին ուղարարկվել է հարցում, որ իրենց մասնագետները ներգրավվեն. իրենք բնականաբար մերժել են: ՊԵԿ-ի հետ կապված ես ինքս պարոն Անանյանին չեմ խնդրել, որ գա, որովհետև ինձ նախ և առաջ ավելի շատ հետաքրքրում էր լսել ոչ թե ՊԵԿ-ին, այլ, օրինակ, էդտեղ ընդգրկված որոշ հանքարդյունաբերական ընկերությունների տնօրեններին: Ինձ հետաքրքիր էր իմանալ՝ եթե խոշոր հանքարդյունաբերական ընկերությունը, որը վնասով է աշխատում, բայց տարեկան մի քանի միլիարդ դրամ գումար է ուղղում բարեգործական ծրագրերին, դրանք ինչ բարեգործական ծրագրեր են: Ցավոք, այդ հնարավորությունը չունեցանք»,- ասաց Թունյանը՝ շեշտելով, որ եղած փաստաթղթերն էլ բավարար էին, որ որոշ եզրակացություններ արվեին:   Թունյանը նաև տեղեկացրեց, որ առանձնացրել էին հինգ հանքավայր՝ հավասար հետազորոտություն կատարելու համար, ու բաշխել աշխատանքը հանձնաժողովի անդամների միջև: Պատգամավորի խոսքով՝ հինգի մասով էլ բավարար ինֆորմացիա չեն ստացել:
12:31 - 19 հունվարի, 2021
Բաբկեն Թունյանը կարևոր տեղեկություն է հայտնել ինքնակամ շինությունների օրինականացման մասին

Բաբկեն Թունյանը կարևոր տեղեկություն է հայտնել ինքնակամ շինությունների օրինականացման մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ կապված ինքնակամ շինությունների օրինականացման վերաբերյալ: «Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել անշարժ գույքի նոր՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքները, որոնք մի քանի անգամ գերազանցում են գործող արժեքները: Դա առաջացրել է մի խնդիր՝ կապված ինքնակամ շինությունների օրինականացման հետ, որը վերաբերում է մեր հազարավոր հայրենակիցների:   Ո՞րն է այդ խնդիրը:   Մեր բազմաթիվ հայրենակիցներ դեռ անցած տարվանից դիմել են համայնքապետարաններ՝ իրենց կառուցած ինքնակամ շինությունները օրինականացնելու համար:   Եթե որոշումը դրական է, այսինքն՝ շինությունը օրինականացվում է, ապա անշարժ գույքի տերը վճարում է այդ պահին գործող կադաստրային արժեքը:   Խնդիրն այն է, որ չնայած դիմումները եղել են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, որոշումները կայացվելու են այս տարի: Եթե որոշումները կայացվեին ավելի արագ՝ մինչև 2020 թվականի ավարտը, ապա վճարվելու էր նախկին՝ ավելի ցածր կադաստրային արժեքներին համապատասխան գումար: Սակայն ստեղծված իրավիճակում դրական որոշման դեպքում նրանք ստիպված էին լինելու վճարել հունվարի 1-ից ուժի մեջ մտած բարձր կադաստրային արժեքը:   Մեր համաքաղաքացիներին այս դժվարություններից ազատելու համար՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջարկվել է լրացում կատարել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի մեջ, ըստ որի՝   Բոլոր այն անձինք, որոնք ինքնակամ շինությունների իրականացման համար դիմում կներկայացնեն մինչև 2021 թվականի հունվարի 31-ը, ապա դրական որոշման դեպքում կգործեն նախկին (ավելի ցածր) կադաստրային արժեքները:   Այնպես որ, ովքեր արդեն դիմել են ինքնակամ շինությունը օրինականացնելու համար, կարող են հանգիստ լինել՝ անկախ որոշումը կայացնելու պահից՝ նրանց համար կիրառվելու են նախկին կադաստրային արժեքները (լրացուցիչ ֆինանսական բեռ չի լինի):   Իսկ մեր այն հայրենակիցները, որոնք ունեն օրինականացման ենթակա ինքնակամ շինություններ, խորհուրդ կտայի դիմել համայնքապետարաններ և գործընթացը սկսել մինչև 2021 թվականի հունվարի 31-ը՝ ավելորդ ֆինանսական բեռից խուսափելու համար»,- գրել է Թունյանը:
16:34 - 14 հունվարի, 2021
Միքայել Մելքումյանը շրջանառությունից հանեց առաջին ընթերցմամբ ընդունված իր նախագիծը |armenpress.am|

Միքայել Մելքումյանը շրջանառությունից հանեց առաջին ընթերցմամբ ընդունված իր նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում շրջանառությունից հանեց իր ներկայացրած նախագիծը, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել էր լիագումար նիստում: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով Մելքումյանն առաջարկում էր ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը, որոնք զբաղվում են որոշակի գործունեությամբ: «Հատկապես առաջարկում ենք ներառել այն գործունեության տեսակները, որոնք ներտնային աշխատանքին են առնչվում, օրինակ` մաքրողները, դայակները»,-ասաց պատգամավորը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հիշեցրեց, որ ի սկզբանե կառավարությունը հավանություն չի տվել նախագծին, սակայն կառավարությունն առաջարկել է Մելքումյանի նախագծի քննարկման առիթն օգտագործել և 5000 դրամների կանոնը վերանայել և պասիվ եկամուտները դուրս բերել միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգից: «Ի սկզբանե համակարգի ներդրման փիլիսոփայությունը չէր նախատեսում պասիվ եկամուտների հարկումից ազատում և նախատեսում էր պարզունակ գործունեության տեսակներով  զբաղվող և իրացման շրջանառության փոքր ծավալներ ունեցողների հարկումից ազատում»,-ասաց նա: Սակայն Մելքումյանը դեմ արտահայտվեց առաջարկին, քանի որ կարծում է, որ իր ներկայացրած նախագծի հետ կապ չունի այդ առաջարկը: Նա առաջարկեց նոր նախագծով ներկայացնել այդ առաջարկները: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ պատգամավորները առաջին ընթերցմամբ քննարկմանը լիակատար կոնսենսուս չեն ունեցել նախագծի վերաբերյալ: Նրա խոսքով՝ պատգամավորներն իմացել են, որ կառավարության իրենց գործընկերների հետ ընդհանուր հայտարարի են եկել, որ այդ պահին նախագիծն ընդունեն այս տեսքով, երկրորդ ընթերցմամբ քննարկմանը փոփոխություններ անեն: «Հիմա ստացվում է, որ պայմանավորվածությունը խախտվում է»,-ասաց նա: Մելքումյանը ներկայացրեց իր հիմնավորումները: Պատգամավորը նաև շեշտեց, որ ճգնաժամային իրավիճակում ընդհանրապես դեմ է որևէ հարկային ռեժիմի ծանրացման: «Իսկ եթե դուք չունեք կոնսենսուս, մի ունեցեք: Ես հենց հիմա կհանեմ այս օրենքի նախագիծը: Համարեք, որ ես պաշտոնապես հանում եմ այս նախագիծը»,-ասաց նա:
16:36 - 13 հունվարի, 2021
Մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը վճարելու դեպքում ձեռք բերված հողամասերի համար կադաստրային արժեքը չի փոխվի |1lurer.am|

Մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը վճարելու դեպքում ձեռք բերված հողամասերի համար կադաստրային արժեքը չի փոխվի |1lurer.am|

1lurer.am: Հետագա վճարման պայմանով ձեռք բերված հողամասերի համար նախկին կադաստրային արժեքները կգործեն այն դեպքում, երբ վճարումը կատարվելու է մինչև 2021 թվականի դեկտեմեբրի 31-ը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջարկը հավանության արժանացավ: Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու և «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու» օրենքների նախագծերի փաթեթը: Նախագիծը վերաբերում է այն անձանց, որոնք հետագա վճարման պայմանով ձեռք են բերել հողակտոր: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ կադաստրային արժեքները մի քանի անգամ բարձրացման դեպքում նրանք կկանգնեն խնդրի առջև, որ իրենց նախատեսածից ավելի պետք է վճարեն: Նախագծերի փաթեթով հնարավորություն է տրվում նրանց վճարել գործող կադաստրային արժեքներով, եթե վճարումը կատարվի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: 2022 թվականի հունվարի 1-ից կգործեն նոր կադաստրային արժեքներ:
13:30 - 13 հունվարի, 2021
ԱԺ տնտեսական հանձնաժողովը քննարկեց Երևանի ինքնակամ շինություններն օրինականացնելու հարցը |1lurer.am|

ԱԺ տնտեսական հանձնաժողովը քննարկեց Երևանի ինքնակամ շինություններն օրինականացնելու հարցը |1lurer.am|

1lurer.am: Ինքնակամ շինությունների հետ կապված ունենք թույլ օրենսդրություն և  գործող օրենսդրական ակտերով չենք կարողանում պայքարել դրանց դեմ: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը:  Նա հայտնեց, որ Կառավարությունում այժմ քննարկվում է Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որն առնչվում է ինքնակամ շինություններին, ինչպես նաև Կադաստրի, Պետգույքի և Քաղաքաշինության կոմիտեների հետ մշակվում է նախագիծ, որի շնորհիվ հնարավորություն ենք ունենալու քանդել ինքնակամ շինությունները: «Այսինքն, որ պահին կհայտնաբերենք, որ շինությունն ինքնակամ է, քանդվելու է, բայց այս պահին մենք չունենք նման օրենսդրական ակտ»,- ընդգծեց փոխքաղաքապետը: Նա նշեց, որ ինքնակամ շինությունն օրինականացնելու համար դիմել է մոտ 8000 մարդ, նրանց հնարավորություն կտրվի 2021-ին գրանցել իրենց ապօրինի շինությունը 2020-ին գործող կադաստրային արժեքներով:     ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու, քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:  Թունյանն առաջարկեց մինչև 2021 թվականի հունվարի 31-ը հնարավորություն տալ դիմելու նաև այն ինքնակամ շինություն ունեցողներին, որոնք դեռևս չեն հասցրել դիմել և նախորդ տարվա գործող կադաստրային արժեքներով օրինականացնել այդ գույքը:
12:54 - 13 հունվարի, 2021