Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Ստեփանակերտում երթ և հանրահավաք իրականացվեց

Ստեփանակերտում երթ և հանրահավաք իրականացվեց

Այսօր «Դիմադրություն» շարժումը հանրահավաք էր իրականացնում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ ՍիվիլՆեթը շրջել է Ստեփանակերտում և զրուցել երթին եւ հանրահավաքին մասնակցող պատգամավորների, ինչպես նաև քաղաքացիների հետ։ Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը նշում է, որ Ստեփանակերտում ժողովուրդը դուրս է եկել իր մտահոգությունները հայտնելու․ «Արցախը չի կարող անտարբեր մնալ, եւ այսօր ինչպես Հանրապետության տարբեր բնակավայրերում, այնպես էլ քաղաքամայր Ստեփանակերտում ժողովուրդը դուրս է եկել իր մտահոգությունները ներկայացնելու, միաժամանակ նաեւ իր աջակցությունը հայտնելու Ֆրանսիայի հրապարակի մեր հայրենակիցներին։ Ընդհանուր առմամբ, մենք միշտ ձեռնպահ ենք մնացել ու փորձել ենք ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին ընդհանրապես չմասնակցել, բայց սա այլ հարց է․ խոսքը վերաբերում է Արցախի ճակատագրին, Արցախում ապրող հայ մարդկանց։ Սա, ըստ էության, ոչ թե ներքաղաքական հարցերի լուծման հարթակ է, այլ մեր ապագայի վերաբերյալ հարցերի պատասխանը տալու»։  ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն էլ ասում է․ «Ժողովուրդը ոտքի է կանգնել եւ փորձում է ցույց տալ, որ ինչ-որ անձ չի կարող մի ամբողջ ժողովրդի ճակատագիր վճռել։ Ժողովուրդը ոտքի է կանգնել՝ ասելու, որ մենք ենք տերը մեր երկրի, ու ոչ մեկն իրավունք չունի ո՜չ մեր թիկունքում, ո՜չ մեր անունից այլ հարթակներում հանդես գալու՝ բացառությամբ մեր ինքնորոշման իրավունքը առաջ տանելուց։ Երթին մասնակցող քաղաքացիներից մեկն էլ նշում է՝ իրենց կյանքը Ադրբեջանի կազմում չեն պատկերացնում։ «Այս 94 տարին բավական էր, որ աշխարհին ապացուցենք, որ Ադրբեջանի կազմում ապրել, գոյատեւել հնարավոր չէ։ Արցախը լոկ տարածք է Ադրբեջանի համար, իսկ արցախահայությունը նրա համար ոչինչ է։ Դրա համար մենք չպետք է երկնչենք, եւ պայքարի ենք դուրս եկել, մենք երբեք մեր կյանքը Ադրբեջանի կազմում չենք պատկերացնում»։ 
22:05 - 28 մայիսի, 2022
Ալիևն այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր դեպքերով, որը հստակ ահազանգ է միջազգային հանրությանը՝ կանխարգելիչ ու պատժիչ միջոցներ ձեռք առնելու. Արցախի պետական նախարար

Ալիևն այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր դեպքերով, որը հստակ ահազանգ է միջազգային հանրությանը՝ կանխարգելիչ ու պատժիչ միջոցներ ձեռք առնելու. Արցախի պետական նախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը: Այս մասին Արտակ Բեգլարյանը գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում, նշելով որ Հայաստանի Հանրապետության հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացն ու արդյունքները չպետք է ազդեն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ներկա ու ապագա կարգավիճակի վրա: «Վերջիվերջո, ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության հետ է, այլ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:  Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, ինչը ընդունում է ողջ աշխարհը՝ անկախ շահերի ու ձևակերպումների որոշակի տարբերություններից: Իսկ եթե Ադրբեջանը ցանկանում է փակել հակամարտության էջը և հստակեցնել Արցախի կարգավիճակը, ապա կարող է դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթաց իրականացնել նաև Արցախի Հանրապետության հետ՝ միևնույն ժամանակ վերադարձնելով մեր բռնազավթված տարածքները և ճանաչելով մեր անկախությունը»,- գրել է Բեգլարյանը: Արցախի պետնախարարի խոսքով՝ հակամարտության կարգավորման գլխավոր սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լրիվ իրացումն ու ճանաչումն է: «Սա միջազգային հանրության փորձությունն է ապացուցելու, որ, ի հեճուկս Ալիևի պնդումների, այնուամենայնիվ, միջազգային իրավունք կա, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը իր հիմնարար տեղն ունի: Միջազգային իրավունքի մեկ այլ կարևոր սկզբունք է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, որը նույնպես կոպտորեն ոտնահարվել ու ոտնահարվում է Ադրբեջանի կողմից: Ավելին, Ալիևը այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր դեպքերով, որը հստակ ահազանգ է միջազգային հանրությանը՝ կանխարգելիչ ու պատժիչ միջոցներ ձեռք առնելու: Շեղված վարքի խրախուսումն ու անտեսումը աստիճանաբար հանգեցնում է միջազգային աղետների՝ դառնալով միջազգային պրակտիկա ու սովորութային իրավունքի մի մաս»,- գրել է Բեգլարյանը:
17:12 - 28 մայիսի, 2022
Իդալգոյի և Հարությունյանի հանդիպման կապակցությամբ Բաքուն բողոք է հայտնել Փարիզին |azatutyun.am|

Իդալգոյի և Հարությունյանի հանդիպման կապակցությամբ Բաքուն բողոք է հայտնել Փարիզին |azatutyun.am|

azatutyun.am: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումից հետո Ադրբեջանի իշխանություններն արտգործնախարարություն են կանչել Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովն իր բողոքն է արտահայտել Փարիզի քաղաքապետի և Արցախի նախագահի հանդիպման կապակցությամբ: «Դեսպանին ասվել է, որ ֆրանսիացի պաշտոնյայի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ձեռնարկված այդ քայլն ակնհայտորեն հակասում է Ֆրանսիայի օրենսդրությանը և երկրի միջազգային պարտավորություններին, ինչպես նաև վնասում է ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում: Հարությունյանն ու Իդալգոն հանդիպել են նախօրեին՝ Հայաստանի Գորիս քաղաքում, պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ ֆրանսիացի պաշտոնյան նշել է, որ Փարիզը պատրաստակամ է գործադրել անհրաժեշտ ջանքեր Արցախի ժողովրդին մարդասիրական ծրագրերի շրջանակում աջակցություն ցուցաբերելու համար, հաղորդել է Արցախի նախագահականը:
16:28 - 28 մայիսի, 2022
Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է ու երաշխավորը. Արցախի նախագահի ուղերձը

Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է ու երաշխավորը. Արցախի նախագահի ուղերձը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր՝ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին ուզում եմ իմ շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքը հղել ողջ հայ ժողովրդին, մեր բոլոր քույրերին ու եղբայրներին Մայր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Մեր բազմադարյա պատմության տարբեր շրջափուլերում ստիպված ենք եղել կանգնել նույն մարտահրավերների առջև, դիմակայել նույն փորձությունները, անցնել նույն դժվարությունների միջով: Եվ, չնայած ճակատագրի ծանր հարվածներին, միշտ կարողացել ենք ուժ գտնել մեր մեջ և շարունակել ապրել՝ լուռ ամոքելով չսպիացող վերքերը, նորից ու նորից կառուցելով մեր ավերված տունն ու օջախը, շենացնելով հայրենի հողն ու երկիրը: Վկան՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը, և արդյունքում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը, որն այն ժամանակ անիրականանալի երազանք էր թվում ցեղասպանություն ապրած հայ ժողովրդի համար: Արցախյան 44-օրյա պատերազմը մեզ կրկին կանգնեցրեց բարդագույն խնդիրների առջև: Մեր առջև կրկին ծառացավ Ադրբեջանի կողմից հերթական անգամ կոպտորեն ոտնահարված մեր հիմնարար իրավունքները պաշտպանելու և այդ ճանապարհին միավորվելու, բոլորի ջանքերն ու ներուժը մեկտեղելու, համընդհանուր ուժերով համազգային խնդիրները լուծելու հրամայականը: Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է ու երաշխավորը: Դա՛ է Հայաստանի Առաջին Հանրապետության կարևոր դասը, դա՛ է պատմական հերոսամարտեր կերտած մեր սուրբ նահատակների պատգամը, որը պետք է անխախտ ուղենիշ լինի յուրաքանչյուր հայի համար: Ուրեմն, ամեն մեկս մեր տեղում պարտավոր ենք անել մեզնից կախված ամեն ինչ՝ հանուն հայոց պետականության զորացման, հանուն հայ ժողովրդի հավերժական ու անխափան երթի»:
11:09 - 28 մայիսի, 2022
Արցախի նախագահն իր և արցախցիների անունից ՀՀ դատախազությանը խնդրել է վերանայել Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի անհրաժեշտությունը

Արցախի նախագահն իր և արցախցիների անունից ՀՀ դատախազությանը խնդրել է վերանայել Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի անհրաժեշտությունը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, Սույն թվականի մայիսի 14-ին կալանավորվել է Արցախի Հանրապետության և արցախցիների նվիրյալ բարեկամներից մեկը, Արցախի անվտանգային համակարգի արդիականացման և բարելավման գործում անգնահատելի դերակատար Ավետիք Չալաբյանը: Իրական հայրենասեր, հասարակական գործիչ, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի գլխավորությամբ Արցախում իրականացվել և առ այսօր շարունակաբար իրականացվում են մի շարք կարևորագույն ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք ուղղված են մեր ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը, Արցախի Հանրապետության անվտանգային բաղադրիչների բարելավմանն ու զարգացմանը: Դրանք ծրագրեր են, որոնցից շատերը հաճախ չեն հանրայնացվում, բայց արցախցու համար շոշափելի են և ունեն շարունակականության կարիք: Անձնապես ճանաչելով և վստահելով Ավետիք Չալաբյանին, բարձր գնահատելով նրա գործունեությունը, արժեքները և մարդկային բացառիկ որակները` արցախցիների և անձամբ իմ անունից Հայաստանի Հանրապետության դատախազությանը խնդրում եմ վերանայել նրա նկատմամբ ընտրված՝ անազատության մեջ պահելու հետ կապված խափանման միջոցի նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը, ինչպես նաև ապահովել օրինականության և արդարության բոլոր պայմանները բավարարող լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննություն»: Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնցից «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը (երկու ամսով):
21:46 - 27 մայիսի, 2022
Արցախի նախագահը Գորիսում ընդունել է Փարիզի քաղաքապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը

Արցախի նախագահը Գորիսում ընդունել է Փարիզի քաղաքապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ Արցախի Նախագահը  գոհունակության խոսքեր է հղել Փարիզի քաղաքապետին` ցուցաբերած նախաձեռնողականության և համարձակության համար, ընդգծել, որ Արցախի իշխանությունները շատ բարձր են գնահատում Ֆրանսիայի քաղաքական շրջանակների հետ պարբերական շփումները: «Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Անն Իդալգոն նշել է, որ Փարիզը պատրաստակամ է գործադրել անհրաժեշտ ջանքեր Արցախի ժողովրդին մարդասիրական ծրագրերի շրջանակում աջակցություն ցուցաբերելու համար: Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցում էին ԱՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի պատասխանատուներ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, պաշտոնատար այլ անձինք: Քննարկվել է հումանիտար բնույթի հարցերի լայն շրջանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:  Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:
19:39 - 27 մայիսի, 2022
Անդրեյ Վոլկովը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը

Անդրեյ Վոլկովը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը

Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը: Գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը և ընթացիկ զարգացումները: Զրուցակիցները բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը, ինչպես նաև Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:
15:23 - 27 մայիսի, 2022
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Անթիլիասում  Արամ Ա կաթողիկոսի հետ

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Անթիլիասում Արամ Ա կաթողիկոսի հետ

Մայիսի 26-ին ԱՀ Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը Անթիլիասի Մայրավանքի գրասենյակում ընդունել է  Ն․Ս․Տ․Տ․ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը։ Հանդիպմանը ներկա էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը։ Արթուր Թովմասյանը և պատվիրակության անդամները Նորին Սուրբ Օծությանն են  ներկայացրել Արցախի ներկա վիճակը,ժողովրդի և իշխանությունների արդար ու  անփոփոխ պահանջները։ Ողջունելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մշտապես կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և աջակցում է  ինքնիշխանության իրավունքի կամքը արտահայտելու հարցում։ Այս առիթով Վեհափառ Հայրապետը վերահաստատել է Մեծն տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի և ժողովրդի ամբողջական աջակցությունը Արցախի ժողովրդին։
12:30 - 27 մայիսի, 2022
Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը ողջունել է ԱԼԻՖ-ի գործունեությունը պատմամշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում և ՀՀ կառավարության անունից փոխգործակցության պատրաստակամություն հայտնել: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից, և մեծապես կարևոր է միջազգային հանրության, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի անխոչընդոտ ներգրավվածությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի շարունակվող դեպքերը կանխելու նպատակով։ Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի տարածքում պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ուղղությամբ համագործակցության հարցեր: Մտքեր են փոխանակվել ամրապնդման և թվայնացման աշխատանքների, անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման, փորձի փոխանակման և մասնագետների վերապատրաստման հնարավորությունների շուրջ:
17:29 - 26 մայիսի, 2022
Արցախի պատվիրակությունը Բեյրութում հանդիպել է ՀՅԴ անդամներին ու լիբանանահայերին

Արցախի պատվիրակությունը Բեյրութում հանդիպել է ՀՅԴ անդամներին ու լիբանանահայերին

Մայիսի 25-ին Բեյրութում տեղի է ունեցել Արցախի պատվիրակության հանդիպումը Լիբանանի ՀՅԴ կենտրոնական գրասենյակի անդամների և լիբանանահայերի հետ, հայտնում է Արցախի խորհրդարանի պաշտոնական կայքը։ Հանդիպմանը ներկա էին Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը, հայ պատգամավորներ, գործող ու նախկին նախարարներ։ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը լիբանանահայ համայնքին է ներկայացրել հետպատերազմական իրավիճակն Արցախում։ Նա ընդգծել է, որ Արցախի իշխանությունների գերխնդիրն է՝ օր առաջ լուծել բռնի տեղահանված արցախցիների բնակարանային և սոցիալական խնդիրները։ «Անդրադառնալով մայիսի 25-ին Ստեփանակերտում կայացած Անվտանգության խորհրդի նիստին, խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է Արայիկ Հարությունյանի՝ խորհրդի նիստում արտահայտած այն դրիքորոշումը, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու մասին» ձևակերպումը։ ԱԺ նախագահը նույնպես շեշտել է, որ այդ ձևակերպումը չի արտահայտում անցած 30 տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ ԱԺ նախագահը վստահորեն հայտարարել է, որ Արցախի ապագան հնարավոր է բացառապես Ադրբեջանի կազմից դուրս»,- ասված է հաղորդագրությունում։ Ելույթի ավարտին Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման կազմակերպիչներին և լիբանանահայերին ջերմ ընդունելության համար։ Հանդիպման վերջում պատվիրակության պատվին կազմակերպվել էր համերգ, որի ընթացքում հնչել են հայրենասիրական, հատկապես՝ Արցախին նվիրված երգեր։  
17:28 - 26 մայիսի, 2022
ԵՄ առաջնորդը միջնորդում է խաղաղության համար՝ զոհաբերելով ճնշված կողմի իրավունքներն ու կարիքները․ Հայ Դատի գրասենյակ

ԵՄ առաջնորդը միջնորդում է խաղաղության համար՝ զոհաբերելով ճնշված կողմի իրավունքներն ու կարիքները․ Հայ Դատի գրասենյակ

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը տարածել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտարարությունը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Բրյուսելում մայիսի 22-ին Ալիեւ-Փաշինյան հանդիպումից հետո արած հայտարարության վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։ Որպես համաեվրոպական քաղաքացիական հասարակության համայնքային կազմակերպություն՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը և ԵՄ երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը, ներկայացնելով ԵՄ հայազգի քաղաքացիների զգալի մասը, իրենց խոր դժգոհությունն են հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջին հայտարարության առնչությամբ, որը հրապարակվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2022 թվականի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից հետո։ Խաղաղությանն ուղղված միջնորդությունն անհրաժեշտ է և ողջունելի։ Այնուամենայնիվ, էական է ապահովել, որ խաղաղության բանակցությունները հիմնված լինեն արդարության վրա, այլ ոչ թե անկյուն   մղելով երկու ավտորիտար ռեժիմների կողմից, ինչպիսիք են Ադրբեջանը և Թուրքիան, արատավոր ագրեսիայի զոհ դարձած կողմին։ Ի դեպ, Թուրքիան ջիհադիստ վարձկաններ էր տեղափոխել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ։ Անընդունելի է, որ ԵՄ առաջնորդը միջնորդի խաղաղության համար՝ զոհաբերելով ճնշված կողմի իրավունքներն ու կարիքները։ Ցավոք, նախագահ Միշելի վերջին հայտարարությունն արհամարհում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ-ի փաստաթղթավորված մոտեցումների հիմնական սկզբունքները և, ընդհանուր առմամբ, հակամարտության կարգավորման կարևոր հարցերում հաստատում է Ադրբեջանի դիրքորոշումը։   Շեղվելով ԵՄ-ի տասնամյակների մոտեցումներից, ինչպես նաև համապատասխան միջազգային բոլոր փաստաթղթերից՝ Շառլ Միշելը օգտագործում է «Ղարաբաղ» անորոշ ձևակերպումը «Լեռնային Ղարաբաղի» փոխարեն, որը որոշակի տարածք ունեցող քաղաքական միավոր է։ Այսպիսով, Եվրոպական խորհրդի նախագահը կրկնում է Ադրբեջանի նախագահի տեսակետը՝ ակնարկելով, որ Լեռնային Ղարաբաղը, որպես սուբյեկտ, գոյություն չունի, ինչն իր էությամբ ցեղասպանական մոտեցում է։  2022 թվականի մարտին Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական և մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման վերաբերյալ բանաձև՝ արձանագրելով, որ «հայկական մշակութային ժառանգության վերացումը հանդիսանում է համակարգված և պետական մակարդակով հովանովորվող հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և հայերի նկատմամբ ատելության քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից»: Միայն «Ղարաբաղ» տերմինի օգտագործումն ակնհայտորեն Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական շարունակվող էթնիկ զտումների և իր էությամբ ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Սույնով պարոն Շառլ Միշելին հիշեցնում ենք, որ, իբրև Եվրոպական խորհրդի նախագահ, նրա միջնորդությունը պետք է հիմնվի հետևյալ փաստերի և հանգամանքների վրա. ԵՄ-ի և Հայաստանի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (CEPA), որն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտին, «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների, և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, ներառյալ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը»՝ որպես երեք հիմնական սկզբունքներից մեկը։ Բաքվի ցանկացած անմիջական վերահսկողություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անխուսափելիորեն նշանակում է դրա հազարամյա բնիկ հայ բնակչության էթնիկ զտում։ Ուստի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը պետք է արտացոլվի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ​​կամքի ժողովրդավարական արտահայտմամբ, առաջնային է բնակչության երկարաժամկետ ու կայուն անվտանգության ապահովման և հայրենիքում ապրելու իրավունքի երաշխավորման համար։ Տրանսպորտային/հաղորդակցական կապերի ապաշրջափակումը պետք է իրականացվի՝ հարգելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Նոր հակամարտության համար հիմքեր ստեղծելու ցանկացած հնարավոր ռիսկ պետք է բացառվի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը  չեն կարող կատարվել ուժի կիրառման հետևանքով և չպետք է իրականացվեն հապճեպ՝ առանց հաշվի առնելու դրա բոլոր հետևանքները։ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հայատյացության պետական ​​քաղաքականության բոլոր դրսևորումները։ Հետևելով Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև ԵՄ մի շարք անդամ երկրների խորհրդարանների բանաձևերին՝ Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ՀՀ կառավարությունից է նաև ակնկալում, որ բանակցությունների ընթացքում այն պնդի վերոնշյալ բոլոր կետերը։
16:24 - 26 մայիսի, 2022
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական ժառանգության պաշտպանությունը Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկն է. ԱԳ նախարար

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական ժառանգության պաշտպանությունը Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկն է. ԱԳ նախարար

Մայիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից ու ինքնության խեղաթյուրումից Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկն է: Ընդգծվել է, որ հայկական 2000-ից ավելի մշակութային օբյեկտների և 21000 թանգարանային ցուցանմուշների ամբողջական ոչնչացման լուրջ վտանգ է սպառնում: Հայկական կողմը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում առավել հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը և տեղում անխոչընդոտ ներգրավվածությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի շարունակվող դեպքերը կանխելու նպատակով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱԼԻՖ-ի՝ Տավուշի և Սյունիքի մարզերի հայկական պատմամշակութային հուշարձանների նկարահանման և դրանց 3D ձևաչափով թվայնացման նպատակով կատարված աշխատանքները և այս ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերը: ԱԼԻՖ-ը ստեղծվել է 2017թ. Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների համագործակցության արդյունքում։ Եզակի նախաձեռնություն է՝ ուղղված հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպա­նության մարտահրավերների հաղթահարմանը։ Համարվում է ժառանգության պաշտպանության և վերա­կանգնման առաջամարտիկ։ Ունի միջազգային կազմակերպության և միաժա­մանակ մասնավոր հիմնադրամի կարգավիճակ։
15:55 - 26 մայիսի, 2022
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 26-ին  ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անձնական ներկայացուցչի մանդատից բխող հարցերի լայն շրջանակի: Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը։Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր:
13:26 - 26 մայիսի, 2022
Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է Հարավային Օսիայի Հանրապետություն

Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է Հարավային Օսիայի Հանրապետություն

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մայիսի 23-25-ը աշխատանքային այցով գտնվում էր Հարավային Օսիայի Հանրապետությունում (ՀՕՀ)՝ մասնակցելու հանրապետության նորընտիր նախագահ Ալան Գագլոևի երդմնակալության հանդիսավոր արարողությանը։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:  Պաշտոնամուտի արարողության ժամանակ Արցախի ԱԳ նախարարն ընթերցել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը։ Այցի ընթացքում ԱԳ նախարարին ընդունել է Հարավային Օսիայի նորընտիր նախագահ Ալան Գագլոևը։ Տեղի է ունեցել նաև հանդիպում ԱԳ նախարարի պաշտոնակատար Դմիտրի Մեդոևի հետ։ Քննարկվել է Արցախ-Հարավային Օսիա կապերին և տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կարևորվել է հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը, պետական և հասարակական տարբեր կառույցների միջև փոխգործակցության ընդլայնումը։ Այցի շրջանակում նախարար Բաբայանը դասախոսությամբ հանդես է եկել Հարավօսական պետական համալսարանում, ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառները և ներկա իրողությունները, անդրադարձել հայ-օսական դարավոր կապերին։ Դասախոսության վերջում նախարարը պատասխանել է պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հարցերին։ Կայացել է նաև Դավիթ Բաբայանի հանդիպումը ՀՕՀ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը կարևորել է հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը, բարձր գնահատել Հարավային Օսիայի իշխանությունների առանձնահատուկ մոտեցումը տեղի հայ համայնքի նկատմամբ՝ հպարտությամբ ընդգծելով, որ հայերին հաջողվում է ոչ միայն պահպանել ազգային ինքնությունը և կապը պատմական հայրենիքի հետ, այլ նաև լինել Հարավային Օսիայի օրինակելի և հայրենասեր քաղաքացիներ։ Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է Արցախի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Սեմյոն Աֆիյանը։
11:10 - 26 մայիսի, 2022
Փաշինյանն ընդգծել է, որ որեւէ մեկը չի կարող ՀՀ և Արցախի ժողովրդի թիկունքում փաստաթուղթ ստորագրել. Արցախի նախագահ

Փաշինյանն ընդգծել է, որ որեւէ մեկը չի կարող ՀՀ և Արցախի ժողովրդի թիկունքում փաստաթուղթ ստորագրել. Արցախի նախագահ

Ընդառաջելով մայիսի 24-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված կուսակցությունների՝ Հանրապետության նախագահին ուղղված նամակին՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։  Երկրի ղեկավարը նախ ընդգծել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու մասին ձևակերպումը՝ նշելով, որ այն չի արտահայտում անցած երեսուն տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Նախագահ Հարությունյանի ներկայացմամբ՝ ինքը հնարավորություն է ունեցել ՀՀ վարչապետի հետ հանդիպել և քննարկել մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը, և այդ առթիվ ցանկանում է մեկ անգամ ևս հաստատել, որ Արցախի ճակատագրի ու կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է Արցախի ժողովրդին ու իշխանություններին: Հարությունյանի խոսքով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում Հայաստանի ու Արցախի ժողովրդի թիկունքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, եթե կլինի կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, ապա այն կքննարկվի Արցախի իշխանությունների հետ, և հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձևով: Արցախի նախագահը շեշտել է, որ Արցախի Հանրապետությունը անշեղորեն շարունակում է իր ժողովրդի ինքնորոշման իրավունքի լրիվ ու անվերապահ իրացման միջոցով անկախության միջազգային ճանաչման ուղին, և արցախցիների իրավունքների ու անվտանգության պատշաճ ապահովումը հնարավոր է բացառապես Ադրբեջանի կազմից դուրս:
19:49 - 25 մայիսի, 2022