Արսեն Թորոսյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ է։

Ծնվել է 1982թ. հունիսի 21-ին։ 2005-2010 թվականներին եղել է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող։ 2010-2011 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ և տնօրենի պաշտոնակատար: 2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն։

Եղել է «Հիմա» քաղաքացիական նախաձեռնության անդամ։ 2018թ․ օգոստոսից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 2018 թվականի մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։

2020 թվականի հունվարի 18-ին նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։

Պետական կառավարման ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ ՀՀ քաղաքացու քվեի. Նիկոլ Փաշինյան

Պետական կառավարման ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ ՀՀ քաղաքացու քվեի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետի աշխատակազմին է ներկայացրել աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ նշելով. «Պարոն Թորոսյանն այդ պաշտոնն ստանձնեց չափազանց բարդ մի ժամանակաշրջանում և պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը: Եվ պիտի արձանագրեմ, որ ես գոհ եմ պարոն Թորոսյանի կատարած աշխատանքից: Ինչպես պարոն Հարությունյանը, այնպես էլ պարոն Թորոսյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներն են, և քաղաքական քննարկումների արդյունքում, այդ թվում պարոն Թորոսյանի ցանկությունները հաշվի առնելով, մենք որոշել ենք, որ նա իր հետագա գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում՝ օրենսդիր մարմնում»: Վարչապետի պաշտոնակատարը հաջողություն է մաղթել Արայիկ Հարությունյանին վարչապետի աշխատակազմի ղեկավարի պատասխանատու պաշտոնում: Ներկայացնելով Արայիկ Հարությունյանին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մենք իրար հետ երկար քաղաքական ճանապարհ ենք անցել և իրար հետ աշխատելու շատ հարուստ փորձ ունենք»: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված իրավիճակին և խոսել նոր ժամանակաշրջանի կարևոր առանձնահատկության մասին. «Մենք ունենք քաղաքական ծրագիր և բովանդակություն, որը ձևակերպված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այդ ծրագրի իրագործման համար տվել են քվե, տվել են մանդատ, տվել են Կառավարություն և Ազգային ժողով ձևավորելու լիազորություն: Եվ եթե մենք 2018 թվականին այդպիսի շեշտադրում չենք արել՝ ելնելով իրադրության առանձնահատկություններից, ես ուզում եմ ասել, որ կառավարման ամբողջ համակարգի նպատակը շատ հստակ է՝ իրագործել առաջիկա 5 տարիների ընթացքում այն, ինչ գրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, որը հաստատված է Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեով: Եվ, հետևաբար, պետական կառավարման համակարգում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր հավատում են այդ ծրագրին, ովքեր այդ ծրագիրը համարում են իրենց աշխատանքային ուղեցույցը, և սա կարևոր նախապայման է: Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո ես այս դահլիճում ասել եմ, որ յուրաքանչյուրը, այդ թվում պետական կառավարման համակարգում պետք է ստանա շանս, հնարավորություն՝ դիրքավորվելու այն նոր քաղաքական իրողությունների նկատմամբ, որոնք ձևակերպվել են կրկին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ որպես սիրո և համերաշխության հեղափոխություն: Ես հիմա այդպիսի բան չեմ ասում և ասում եմ՝ այլևս որևէ մեկը չունի շանս և ժամանակ դիրքավորվելու համար, որովհետև դիրքավորվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, և պետական կառավարման ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ այդմ: Հետևաբար, նրանք, ովքեր չեն հավատում, չեն ընդունում, վերապահումներ ունեն, ինչը ժողովրդավարական հասարակությունում շատ նորմալ երևույթ է, և մենք դրան նույնպես նորմալ ենք վերաբերվում, հետևաբար, նրանք, ովքեր խնդիր ունեն այդ առումով, մենք նրանց պետք է հաջողություն մաղթենք իրենց հետագա գործունեության մեջ: Շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ նաև վերջին 3 տարվա փորձից ելնելով՝ մեզ համար կարևորագույն առաքելություններից լինելու են հանրային կառավարման ոլորտի, քաղաքացիական ծառայության համակարգի էական բարեփոխումները: Այս առումով, իհարկե, շատ կարևորում եմ աշխատակազմի և նրա ստորաբաժանումների դերը այդ առաքելությունն իրականացնելու համար: Մեր կառավարությանն ուղղված ամենամեծ քննադատություններից մեկը եղել է կառավարման որակը և արդյունավետությունը: Այդ քննադատությունը լեգիտիմ է, բայց ուզում եմ ասել, որ ընդհանրապես այնպես չէ, որ դա միայն մեր կառավարությանն է վերաբերում: Կառավարման արդյունավետությունը մեզ համար պետք է դառնա կարևորագույն առաջնահերթություն, և կառավարման որակն սկսվում է վարչապետի աշխատակազմից»: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հիշատակել է այսօր կառավարության նիստում քննարկված հարցը՝ ծանրաձողերի ձեռքբերման հետ կապված, որը ցույց է տալիս պետական կառավարման համակարգի խնդիրները: «Սա մի քիչ անհատական և անձնական երևույթ չէ: Մենք ինստիտուցիոնալ խնդիր ունենք և պետք է լուծումները գտնենք ինստիտուտների հարաբերությունների, օրենսդրության կարգավորումների մեջ: Սա երևի իմ ամենակարևոր արձանագրումն է: Ինստիտուտները, ինստիտուտների կայացումը, ինստիտուտների մեխանիզմների ճիշտ աշխատանքը, սուբյեկտիվ մոտեցումների մինիմիզացիան պետք է մեր առաջնահերթություններից լինեն: Բայց, իհարկե, երբեք չի լինելու այնպիսի համակարգ, որտեղ անձինք, անհատներն առանցքային նշանակություն չունենան: Դա միշտ էլ այդպես է լինելու, և հետևաբար, կառավարման արդյունավետության բարձրացումը մենք պետք է սկսենք վարչապետի աշխատակազմից: Ի դեպ, ուզում եմ ասել, որ այդ օրակարգը ձևակերպել է որպես ժառանգություն պարոն Թորոսյանը, և մեզ կտակել է, որպեսզի այդ խնդիրները լուծենք: Որպես օրենսդիր՝ հուսով եմ ինքը կվերահսկի նաև, որպեսզի մենք այդ պատգամը պատշաճ մակարդակով կատարենք», - ասել է վարչապետի պաշտոնակատարը: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ իրեն այդ պատասխանատու առաքելությունը վստահելու համար, ինչպես նաև այն չշարունակելու և գործունեությունն Ազգային ժողով տեղափոխելու իր դիմումը չմերժելու համար: Նա նաև շնորհակալություն է հայտնել վարչապետի աշխատակազմի և՛ ենթակա մարմինների, և՛ ստորաբաժանումների անձնակազմին՝ 6-ամսյա համատեղ աշխատանքի համար: «Պարոն վարչապետ, Դուք նշեցիք, որ այս ժամանակաշրջանը պարզ չէր և հարթ չէր: Ես ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ դա ամբողջ աշխատակազմի, ժողովրդական լեզվով ասած, շնորհքն էր, որ մենք հարաբերականորեն կայուն այն բերեցինք-հասցրինք այս հանգրվանին, երբ սկսվում է Հայաստանի Հանրապետության՝ և՛ կառավարության, և՛, հուսով եմ նաև, հանրապետության նոր էջը: Մաղթում եմ բոլորին, Ձեր ասած տրամաբանությամբ, ջանք ու եռանդ չխնայելով այդ էջը գրել՝ Ձեր գլխավորությամբ, ինչպես նաև Արայիկ Հարությունյանի անմիջական ղեկավարությամբ՝ շնորհավորելով նրան այս առաքելությունն ստանձնելու կապակցությամբ», - նշել է Արսեն Թորոսյանը և պատրաստակամություն հայտնել կապի մեջ լինել թե՛ աշխատակազմի, թե՛ մեր երկրի հետ կապված այլ հարցերով: Իր հերթին Արայիկ Հարությունյանը ևս շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ վստահության համար և Արսեն Թորոսյանին՝ կատարած աշխատանքի համար: «Իրոք բարդ փուլում ենք եղել, և ես կարծում եմ, որ աշխատակազմը պատվով է կատարել այդ առաքելությունը հետպատերազմյան և ներքին քաղաքական լարված այդ փուլում: Երբ Արսեն Թորոսյանն ստանձնում էր այս պաշտոնը, հիշում եմ՝ ասաց, որ ինքը, ըստ էության, այս աշխատանքին ծանոթ է, որովհետև, որպես նախարար, շատերի հետ է շփվել: Նույնը ես կարող եմ ասել՝ գրեթե մեծամասնությանը ծանոթ եմ, աշխատել եմ նրանց հետ, և այստեղի աշխատանքն ինձ համար նորություն չէ, մանավանդ նախարարի պաշտոնից հետո ստանձնել էի գլխավոր խորհրդականի պաշտոնը, և աշխատակազմի հետ սերտ շփումներ եմ ունեցել: Մենք քաղաքական նոր փուլ ենք մտնում, քաղաքացին նոր որակի մանդատ է տվել, և աշխատակազմը, նախարարությունները պետք է դիրքավորվեն ըստ այդ նոր մանդատի և այն ծրագրի, որը հաստատվել է քվեարկությամբ: Պարոն վարչապետ, նորից շնորհակալություն վստահության համար: Կարող եմ ասել, որ արդարացնելու ենք այդ վստահությունը, նաև գործընկերների հետ, որոնք այստեղ հավաքված են», - ասել է վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավարը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ մենք անընդհատ ասում ենք, որ բարդ փուլ ենք անցել, բայց դա չի նշանակում, որ առաջիկա փուլը բարդ չի լինելու, պարզապես ամեն փուլ ունի իր բարդության առանձնահատկությունները: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ պետք է կարողանալ հասկանալ, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում, , որովհետև այս ճիշտ ախտորոշման պարագայում կկարողանանք կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու, և եթե տեղի ունենալիքի մեջ անբարենպաստ դրսևորումներ կան, կարողանանք կառավարել դրանք:
16:40 - 01 հուլիսի,2021
Մոսկովյան բանակցությունները բավական բովանդակալից են եղել, և հստակ շեշտադրումներ են արվել․ Արսեն Թորոսյան

Մոսկովյան բանակցությունները բավական բովանդակալից են եղել, և հստակ շեշտադրումներ են արվել․ Արսեն Թորոսյան

Ես որակումների չէի տա, թե Ռուսաստանից վերադարձել են ձեռնունայն, կամ բանակցությունները արդյունք չեն տվել։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված լուրին, թե պաշտպանության նախարարը մոսկովյա բանակցություններից վերադարձել է ձեռնունայն։ «Բանակցությունները ամենաբարձր մակարդակով շարունակվում են, մոսկովյան բանակցությունները նույնպես բավական բովանդակալից են եղել, և հստակ շեշտադրումներ են արվել և դրանք շարունակվելու են, որ հասնենք այն հանգուցալուծման, որի մասին բազմիցս խոսել ենք, ադրբեջանական զինված միավորումները պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը, և դա տեղի է ունենալու մեր ռազմավարական գործընկերոջ և գործընկերների հետ համագործակցության արդյունքում, ինչպես նաև մեր ԶՈւ աշխատանքի արդյունքում»,- ասաց նա՝ հավելելով, որ շարունակական բանակցությունների վերաբերյալ եթե հանրությանը անհրաժեշտ լինի տեղեկատվություն հայտնել, ապա դա պաշտոնական կերպով կարվի, ինչպես մինչ օրս արվել է։ Թորոսյանի խոսքով՝ հաջորդ հանդիպման օրվա, ժամի կամ մասնակիցների վերաբերյալ այս պահին տեղեկատվություն չունի, բայց ներքաղաքական պրոցեսները որևէ կերպ չեն առնչվում պետական գերատեսչությունների աշխատանքի և աշխատանքի ինտենսիվության վրա։ «Մենք պետք է գործադրենք բոլոր ջանքերը, որ ադրբեջանական ուժերը օր առաջ դուրս գան մեր տարածքից։ Իրավիճակը լարված է և շարունակում է մնալ լարված։ Բանակցությունների ձեռքբերումը գնահատելու համար ժամանակ է պետք, ձեռքբերում կա, այն իմաստով, որ ամենաբարձր մակարդակով մեր անվտանգային համակարգում մեր գործընկերոջ հետ կա փոխըմբռնում, թե ինչպիսին պետք է լինի հարցի լուծումը։ Նրանք գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի դա տեղի ունենա, առանց որևէ կրակոցի, որովհետև լայնամասշտաբ պատերազմ, որի հավանականությունը դեռ կա, տարածաշրջանում ոչ մեկին պետք չէ, մանավանդ Հայաստանում»,- ընդգծեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Թորոսյանը հայտնեց, որ որևէ փաստաթղթի մասին խոսելն անիմաստ է․ «Որևէ փաստաթուղթ ինքնին  պայմանավորվածությունների արձանագրումն է թղթի վրա, վերջնական արձանագրված պայմանավորվածություններ չկան»;
12:06 - 04 հունիսի,2021
Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը ազատ, թափանցիկ, արդար ընտրությունների անցկացման համար. Արսեն Թորոսյան

Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը ազատ, թափանցիկ, արդար ընտրությունների անցկացման համար. Արսեն Թորոսյան

ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ Հայաստանում  հունիսի 20-ին  նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հարցերը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ինչպես նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, անհրաժեշտ է կիրառել բոլոր առկա ռեսուրսներն ընտրությունները հնարավորինս ամենաբարձր չափանիշներով անցկացնելու համար՝ ժողովրդավարության, թափանցիկության և վստահելիության ապահովման նպատակով: Արսեն Թորոսյանը վստահեցրել է, որ Կառավարությունն էլ իր հերթին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համատեղ կգործադրի բոլոր ջանքերը՝ազատ, թափանցիկ, արդար ընտրություններ անցկացնելու և ընտրական գործընթացը մշտապես լավարկելու ուղղությամբ. «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք դրան հասնել»: Արսեն Թորոսյանը  ընտրությունների կազմակերպման գործընթացում ընդգծել է   նաև դիտորդական առաքելությունների աշխատանքի կարևորությունը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է նաև համավարակով պայմանավորված  ընտրությունների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությանը: «Արտահերթ ընտրությունն իր մեջ պարունակում է մի կարևոր մարտահրավեր, որը մենք չենք կարող անտեսել, դա ժամանակն է: Ընտրությունները որակյալ, թափանցիկ, ազատ և արդար անցկացնելու համար մենք պետք է օգտագործենք ամբողջ գործիքակազմը, բայց՝ կրկնակի կարճ ժամանակում»,-ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:   Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մանրամասներ է ներկայացրել արտահերթ ընտրությունների անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: ԿԸՀ նախագահը ընտրական գործընթացը պատշաճ կազմակերպելու առումով ընդգծել է տեղամասային կենտրոններում համապատասխան տեխնիկական սարքավորումների առկայության կարևորությունը, ինչպես նաև մասնագետների և աշխատակիցների վերապատրաստման գործընթացը կազմակերպելու անհրաժեշտությունը: Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ընտրողներին հանրամատչելի իրազեկելու խնդրին: Այդ նպատակով նախատեսվում են տպագրել ուղեցույցեր, թողարկել սոցիալական հոլովակներ: «Նախատեսում ենք նաև ունենալ ընտրության կարգի հետ կապված առանձին թերթիկներ, որպեսզի ընտրողները տեղեկացված և պատրաստ լինեն նոր քվերակության կարգի առանձնահատկություններին: Ինչպես գիտեք, այդ փոփոխությունները ընդունվել են  բոլորովին վերջերս, դրանք ավելի են դյուրացնում ընտրական գործընթացը, սակայն  շատ կարևոր է այդ ամենի մասին կարճ ժամանակահատվածում ընտրողներին իրազեկելը»,-ասել է ԿԸՀ նախագահը: Տիգրան Մուկուչյանը նշել է նաև, որ նախորդ ընտրություններին կիրառված ընտրական  գործընթացի հրապարակայնության ու թափանցիկության ապահովման ամբողջ գործիքակազմը պահպանվելու է նաև այս ընտրությունների ժամանակ՝ հրապարակվելու են ընտրողների ստորագրած ցուցակները, տեղամասերում տեղադրվելու են տեսախցիկներ, որոնք ապահովելու են գործընթացի ուղիղ հեռարձակումը:   Միջազգային կազմակերպությունների և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու ազատ, արդար, թափանցիկ, ընտրությունների անցկացման գործընթացում:  
14:14 - 18 մայիսի,2021
Արսեն Թորոսյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են փոխգործակցության զարգացման հեռանկարները

Արսեն Թորոսյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են փոխգործակցության զարգացման հեռանկարները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զրուցակիցներն ընդգծել են հայ-չինական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը և ընդգծել դրանց նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը: Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել Չինաստանի կառավարության կողմից մինչ այժմ Հայաստանին տարբեր ոլորտներում ցուցաբերված օժանդակությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, կրթության, առողջապահության ոլորտներում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է չինական կողմի հետո փոխգործակցության շարունակական զարգացմամբ և կարևորել չինական բիզնեսի՝ հայաստանյան շուկայում ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը: Դեսպան Յոնգը գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցությունից՝ հավելելով, որ ՉԺՀ կառավարությունը ևս շահարգիգռ է Հայաստանի հետ տարբեր բնագավառներում հարաբերությունների ընդլայնմամբ: Դեսպանը որպես հայ և չին ժողովուրդների կապերի ամրապնդման գրավական ընդգծել է Երևանում չինական դպրոցի բացման փաստը, ինչը, նրա խոսքով, նպաստում է մեր երկրում չիներենի տարածմանը, կրթության ոլորտում կապերի հետագա ընդլայնմանը:  Կողմերն անդրադարձել են նաև պետական կառավարման ոլորտում փորձի փոխանակման, ապրանքաշրջանառության աճի, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, զբոսաշրջային հոսքերի ակտիվացման հնարավորություններին:
18:24 - 15 ապրիլի,2021
Կգործադրենք բոլոր ջանքերը, որ Հայաստանում հնարավորինս մեծ թվով մարդիկ պատվաստվեն. Թորոսյան

Կգործադրենք բոլոր ջանքերը, որ Հայաստանում հնարավորինս մեծ թվով մարդիկ պատվաստվեն. Թորոսյան

 ՀՀ կառավարությունը խոստանում է գործադրել հնարավոր բոլոր ջանքերը, որ Հայաստանում հնարավորինս շատ մարդ պատվաստվի կորոնավիրուսի դեմ: Այս մասին ասաց  վարչապետի աշխատակազմի ղեկավար, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ «Առերեսվելով համաշխարհային վախին. մեկ տարի անց» խորագրով առցանց քննարկմանը: Թորոսյանը նախ խոսեց համավարակի սկզբից առկա անորոշությունների մասին: «Բայց սա նաև հնարավորություն է, քանի որ մենք այս անորոշությունից բավականին մեծ դասեր ենք քաղում: Օրինակ, ֆանտաստիկ կարճ ժամանակահատվածում հնարավոր դարձավ ստեղծել պատվաստանյութ»,-ասաց նա ու հավելեց, որ միշտ պատվաստումների կողմնակից է եղել:  Թորոսյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը և աշխարհի բոլոր կառավարությունները վերջին տարվա ընթացքում աշխատել են շատ լարված ու զգոն: «Չենք կարծում, որ մենք շատ շուտով կվերադառնանք նորմալ իրավիճակի, բայց մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որ դա լինի հնարավորինս շուտ: Որպես ամենակարևոր գործիք, որը հնարավորություն կտա մեր կյանքը վերադարձնել բնականոն վիճակին, առաջին հերթին պատվաստումն է, Հայաստանի համար դա առաջնահերթ է»,-վստահեցրեց նա: Թորոսյանն իրեն բախտավոր համարեց, որ Հայաստանում առաջին անձն է, որը պատվաստվել է՝ վստահեցնելով, որ այն միանգամայն անվտանգ ու կյանք փրկող միջամտություն է: « Եվ ես նաև Առողջապահության նախարարության հետ համատեղ գործադրելու եմ բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանում ունենանք հնարավորինս մեծ թվով պատվաստված անձինք ՝ հաշվի առնելով հակավակցինացիոն շարժումը, նյութատեխնիկական խնդիրները, լոգիստիկ հարցերը և այլն»,-նշեց նա:  
20:16 - 31 մարտի,2021
«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը․ Արսեն Թորոսյան
 |armeniasputnik.am|

«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը․ Արսեն Թորոսյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: «Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկությունը հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։«Որոշված է, որ նախընտրական շտաբը համակարգելու են չորս հոգի` ես, Ռոմանոս Պետրոսյանը, Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը։ Պապիկյանը կլինի գլխավոր համակարգողը, կարելի է ասել` շտաբի պետը»,- ասաց Թորոսյանը։ Նրա խոսքով` Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի 20-ից մայիսի 5 ընկած ժամանակահատվածում։ Սակայն դրանից հետո էլ նա լինելու է վարչապետի պաշտոնակատար, գործող կառավարությունն էլ շարունակելու է իր աշխատանքները մինչև նոր կառավարության ձևավորումը։ «Այժմ ընտրությունները լավագույնս բխում են երկրի շահերից, քաղաքական լարվածությունը թուլացնելու միջոց են»,- շեշտեց նա։ Հարցին` արդյոք Փաշինյանի մարզային այցերը նախընտրական քարոզարշավի մաս չե՞ն, Թորոսյանը պատասխանեց` վարչապետը ի պաշտոնե պարտավոր է լինել այնտեղ, որտեղ խնդիրներ կան, խոսել քաղաքացիների հետ։ «Մեկ տարի նման հանդիպումներ չենք արել` պայմանավորված կորոնավիրուսով և պատերազմով»,- բացատրեց նա։
23:12 - 30 մարտի,2021
Որակավորումը հաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով կբարձրանա. Փաշինյան

Որակավորումը հաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով կբարձրանա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Կրթության ոլորտում սովորաբար բարեփոխումները տեղի են ունենում մաքսիմալ դժվար, և մեր պարագայում էլ դա բացառություն չէ: Բայց ուրախ եմ արձանագրել, որ մենք այս ընթացքում իրականացրել ենք և իրականացնում ենք բովանդակային լրջագույն փոփոխություններ՝ մասնավորապես, արդեն կարող ենք արձանագրել, որ ընդունված է նախակրթության չափորոշիչը, հանրակրթության չափորոշիչը: Հիմա աշխատում ենք առարկայական չափորոշիչների վրա և համոզված եմ, որ հաջողությամբ նաև այդ աշխատանքը կիրականացնենք: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք մեր քննարկումներում գալիս ենք այն եզրակացության, որ կարևոր է ոչ միայն բովանդակային, այլև ֆիզիկական և նաև ֆինանսատնտեսական միջավայրի փոփոխությունը: Ուզում եմ կարևորել այն, որ մենք հիմա փորձում ենք ինստիտուցիոնալ հենքի վրա դնել մի հարց, որը երկար տարիներ կամ Հայաստանի անկախության առաջին օրերից եղել է մեր քաղաքական և կրթական օրակարգի առաջնահերթությունների շարքում: Խոսքն ուսուցիչների աշխատավարձի և վճարման համակարգի մասին է, և սա չափազանց լուրջ թեմա է. որովհետև, մի կողմից, մենք արձանագրում ենք հանրակրթության չափորոշչի, առարկայական չափորոշչի կարևորությունը, բայց չենք արձանագրում մի շատ կարևոր նրբություն՝ մենք պետք է համոզված լինենք, որ դասասենյակ մտնող ամեն ուսուցիչ համապատասխանում է այն չափորոշիչներին, որ պետության կողմից առաջարկվող բովանդակությունը կարողանալու է պատշաճ ձևով մատուցել աշակերտներին: Եվ, ընդ որում, դրա համար ստանալ արժանապատիվ վարձատրություն, որը հենց իր՝ մասնագետի համար սեփական մասնագիտական վերապատրաստման խթաններ, մոտիվացիա կստեղծի և մյուսներին էլ հնարավորություն կտա, ակնհայտ կդարձնի այդ աշխատանքի կարևոր և արժանապատիվ բնույթը: Մենք պատրաստվում ենք այս տարի սեպտեմբերից փոխել ուսուցիչների վճարման, աշխատավարձի  համակարգը հետևյալ տրամաբանությամբ. հաջողությամբ ատեստավորում  անցած, այսինքն՝ մասնագիտական որակավորումը հաստատած, վերահաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով սկզբնական շրջանում կբարձրանա: Եվ հետագայում ես համոզված եմ, որ այս համակարգի առավել հղկման արդյունքում այս գործընթացում կունենանք լրջագույն հաջողություններ այս եռանկյունու մեջ՝ հանրակրթության չափորոշիչ, առարկայական չափորոշիչ և ուսուցիչների ատեստավորման համակարգ: Ուզում եմ ընդգծել, որ ճիշտ է բավական դանդաղ, բայց մենք հաստատուն քայլերով գնում ենք դեպի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունում, որը բովանդակային կարևոր միջավայրի փոփոխություն է: Բայց նաև եկել ենք եզրակացության, որ այս դեպքում էլ բովանդակային միջավայրի փոփոխությունը պետք է կարողանանք զուգորդել ֆիզիկական միջավայրի փոփոխությամբ: Եվ այստեղ ես ուզում եմ շատ կարևորել ակադեմիական քաղաքի հիմնման գաղափարը, որի իմաստը և տրամաբանությունը հետևյալն է՝ մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասի կամ մեծ մասի Երևան քաղաքի կենտրոնից տեղափոխումով - ցանկալի է Երևան քաղաքից դուրս, թեկուզ ոչ հեռու - ձևավորել և ստեղծել, կառուցել ակադեմիական քաղաք, որն իր միջավայրով, տրամաբանությամբ, քաղաքաշինությամբ կապահովի նոր բովանդակության ներմուծումը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգ: Այս նախագիծը մենք պետք է հետևողականորեն առաջ մղենք, որովհետև կարծում եմ՝ ակնհայտ է, որ մեր բազմաթիվ բուհեր այլոց շարքում ունեն նաև հետևյալ խնդիրը՝ իրենց ֆիզիկական միջավայրով չեն համապատասխանում բարձրագույն կրթության ժամանակակից չափորոշիչիներին: Շատ դեպքերում ուղղակի անհնար է այս իրավիճակը շտկել, հետևաբար, կարծում եմ, որ ակադեմիական քաղաքի հիմնադրումը պետք է դառնա բարձրագույն կրթության ֆիզիկական միջավայրի մեր կարևոր անելիքներից մեկը: Ի դեպ, քանի որ մենք օլիմպիական տարում ենք գտնվում, ուզում եմ հարցը կապել նաև սպորտի զարգացման հետ, որովհետև ամեն դեպքում պետք է արձանագրել, որ զարգացած սպորտ ունեցող երկրներում ուսանողական սպորտը շատ կարևոր խթան է հանդիսանում ընդհանրապես սպորտի մասսայականացման և զարգացման համար: Ցավով եմ արձանագրում, որ այս առումով էլ մեր բազմաթիվ բուհեր, օրինակ, ուսանողական սպորտի զարգացման կամ նույնիսկ գոյություն ունենալու համար պատշաճ պայմաններ չունեն: Այս առումով նույնպես չափազանց կարևոր եմ համարում ակադեմիական քաղաքի նախագիծը: Նաև օլիմպիական տարի է, այսօր կքննարկենք մեր անելիքները օլիմպիական տարում: Օլիմպիադան պետք է տեղի ունենար նախորդ տարում, բայց համավարակի պատճառով հետաձգվել է և այս տարի վստահաբար տեղի է ունենալու՝ համենայնդեպս, այդպես է ասվում և կտեսնենք, թե ինչ անելիքներ և ակնկալիքներ ունենք: Հարգելի գործընկերներ ևս մի հարցը, որը մենք շատ ինտենսիվ քննարկել ենք և պիտի առաջիկայում որոշում կայացնենք: Խոսքը գիտության ֆինանսավորման ծավալների և ծավալների փոփոխության մասին է: Այստեղ, ըստ էության, չկա որևէ տարընթերցում և նույնիսկ բանավեճ: Այն, որ հատկապես նոր միջավայրում գիտության ֆինանսավորումը պետք է ավելացնել, այստեղ քննարկելու նյութ չկա: Բայց շատ կարևոր է ունենալ համակարգ, որը մեզ կօգնի ամեն ավելացրած դրամ իրապես ծառայեցնել գիտության, իրապես գիտնականի ֆինանսավորմանը, իրապես գիտությամբ զբաղվող միջավայրերի և անձանց  ձևավորման գործին: Այս առումով մոտավորապես 10 օր առաջ մենք կառավարությունում խորհրդակցություն ունեցանք, ձեռք բերեցինք պայմանավորվածություններ և կլսենք, թե այդ պայմանավորվածությունների իրագործման առումով ուր ենք հասել: Եվ, ի վերջո, մշակույթի ոլորտի մասին հետևյալը կուզենայի ասել: Նախկինում առիթ ունեցել եմ ասելու՝ համարում եմ, որ մշակույթը կամայական երկու քաղաքացու հարաբերությունների որակը բարձրացնելու միջոց է և հարթակ: Մեր քաղաքական դիրքորոշումն է, որ մշակույթը կրթության և հանրային կրթության անբաժանելի մաս է, և մշակույթի նշանակությունը հանրության ինտելեկտուալ մակարդակը շարունակաբար բարձրացնելն է: Բայց նոր աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրավիճակում ես ուզում եմ ընդգծել մշակույթի ևս մի կարևոր գործառույթ, որի մասին մենք, իհարկե, չենք մոռացել, բայց որի դերը, ցավոք, երկար ժամանակ թերագնահատվել է, և մենք պետք է ճիշտ գնահատենք դերը: Խոսքը հանրային ռազմավարական խոսույթների ձևավորման և մշակման հարթակի մշակութային գործառույթի մասին է: Հիմա մենք, բնականաբար, շատ ենք մտածում, վերլուծում այն գործընթացները, որ  տեղի են ունեցել Ղարաբաղի հարցի համատեքստում, և այս իրավիճակի խորը և լուրջ վերլուծությունը մեզ բերում է հետևյալ հակադրության - ես Ղարաբաղի հարցի օրինակը բերեցի, բայց կարող ենք խոսել ցանկացած ռազմավարական հարցի մասին -  մշակութային հարթակներում ձևավորվում է որոշակի խոսույթ, որը դառնում է հանրային գիտակցություն: Եվ եթե մշակութային հարթակներում ձևավորված խոսույթը չի համապատասխանում այն բանակցային բովանակությանը, որն իրականության մեջ տեղի է ունենում, ճգնաժամը դառնում է անխուսափելի, որովհետև չկա և չի կարող լինել իշխանություն, կառավարություն, որը կարողանա, և, դա ճիշտ նպատակ էլ չէ, հակադրվել հանրային գիտակցությանը, որն առաջին հերթին մշակվում և ձևավորվում է մշակութային հարթակների վրա: Մենք պետք է այս հարցին շատ խորը և լուրջ ուշադրություն դարձնենք, որովհետև հանրային, այո՛, մշակութային հարթակները, բեմերը այն կարևոր, որոշ դեպքերում՝ կարևորագույն հարթակներն են, որտեղ ձևավորվում են  հանրության ռազմավարական ընկալումները, ձգտումները, և գործնականում իրականացվող քաղաքականությունը չպետք է և չի կարող հակասություն ունենալ այդ խոսույթի հետ: Եթե այդտեղ կա շեղում, խզում, ճգնաժամն անխուսափելի է: Եվ մենք շատ դեպքերում հենց այս պրոբլեմի պատճառով է, որ չենք կարողանում հասնել իրական զարգացման. որովհետև մշակութային հարթակներում ձևավորվում է մեկ տիպի հանրային գիտակցություն և խոսույթ, իսկ իրական կյանքում և քաղաքականության մեջ, փակ դռների հետևում փորձ է արվում ձևավորել բոլորովին ուրիշ խոսույթ, որը, ի վերջո, հնարավոր չի լինի կյանքի կոչել, որովհետև հակասում է ձևավորված մշակութային հանրային խոսույթին: Եթե վերցնենք համաշխարհային պատմությունը, կտեսնենք, որ այն իրականությունը, որը մենք ունենք, նախ ձևավորվել է գրքերում, պիեսների, վեպերի մեջ,  հետո է դարձել իրականություն: Եվ սա է ամենակարևոր արձանագրումը: Նկատի ունեմ՝ քաղաքականություններն ընդհանրապես ձևավորվում են, այո՛, կառավարություններում, քաղաքական քննարկումների արդյունքում: Բայց շատ կարևոր է, թե նրանք ինչ կապ, ինչ հարաբերություն ունեն այն խոսույթների հետ, որ հանրությունը ձևավորում է  մշակութային հարթակներում, որովհետև իրական մտածողությունը ձևավորվում է այստեղ, և մենք պետք է  կարողանանք ապահովել կապն իրական քաղաքականության և մշակութային միջավայրում ձևավորվող խոսույթի և գաղափարների միջև: Այդ ազդեցությունը, բնականաբար, պետք է լինի փոխադարձ: Ես չեմ ասում, որ դոմինանտ պիտի լինի քաղաքական ասելիքը կամ մշակութային խոսույթը, ես ասում եմ, որ այստեղ պետք է լինի օրգանական կապ, որովհետև սա է  կենսունակ քաղաքականությունը, որը հաշվի է առնում և՛ հանրային մտածողության առանձնահատկությունները, և՛ նաև այն քաղաքական իրողությունները, որոնք ձևավորվում են իրական հարաբերությունների միջավայրում: Հարգելի  գործընկերներ, ուզում եմ նաև նախապես շնորհակալություն հայտնել բոլորիդ այն աշխատանքի համար, որ այս ընթացքում արվել է և հույս, համոզմունք հայտնել, որ մենք վճռականորեն  կշարունակենք իրականացնել այն ծրագրերը, որոնց ճշմարտության և օգտակարության մեջ համոզված ենք և որոնց հրատապ լինելու մեջ, ցավոք, շատ դեպքերում համոզվում ենք իրական կյանքում ունեցած շատ լուրջ բարդություններով: Սա նշանակում է, որ բազմաթիվ բարեփոխումներ ուղղակի ուշացել են, բայց դա ոչ միայն չպիտի մեզ հետ պահի այդ բարեփոխումների ճանապարհով գնալուց, այլև, ընդհակառակը, պետք է մեծացնի մեր վճռականությունը: Մյուս կողմից, կրկին ուզում եմ ընդգծել բարեփոխումների օրակարգի մի շատ կարևոր առանձնահատկություն, որը կապ ունի իմ նախորդ ասածի հետ: Ի վերջո, այո՛, բարեփոխումները  պետք է տեղի ունենան և պետք է ունենան շարունակական բնույթ, բայց, այնուամենայնիվ, շատ կարևոր է, որպեսզի մենք հոգ տանենք, որ մեր բարեփոխումների բովանդակության և մեր քաղաքացիների կյանքի, կենցաղի, ապրվող բովանդակության միջև խզում տեղի չունենա: Մենք չպետք է մեր բարեփոխումների օրակարգը հակադրենք մեր իրականությանը: Մենք պետք է մեր բարեփոխումների օրակարգը բխեցնենք մեր իրականությունից և մեր իրականությունը պետք է որոշակի ազդեցություն ունենա մեր բարեփոխումների օրակարգի վրա: Մեր բարեփոխումները պետք է ոչ թե հակադիր ու թշնամական լինեն մեր իրականության հետ, այլ, հակառակը, պետք է օրգանական կապ ունենան իրականության հետ, բխեն այդ իրականությունից,  իրականության կարիքները ըմբռնելու և հասկանալու առանձնահատկություն ունենան: Հարց է, թե մենք ինչքան պետք է բարեփոխենք մեր իրականությունը՝ այնքան, որքան այդ իրականությունն օբյեկտիվորեն  փոխվելու անհրաժեշտություն ունի իր կենսունակությունը մեծացնելու տրամաբանությամբ: Այս առումով կարծում եմ, որ մենք պետք է միջավայրի հետ կապված հարցերը նկատի ունենանք՝ միևնույն ժամանակ նկատի ունենալով, որ որևէ գործ առաջ չի գնա առանց առաջնորդության: Առաջնորդությունն ամենակարևոր գործընթացն է, որը, բնականաբար, մենք պետք է ստանձնենք, ստանձնել ենք և պետք է այդ պարտավորությունը կատարենք անմնացորդ»: Վարչապետը խոսքը փոխանցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, ով անդրադարձել է գերատեսչության կողմից իրականացվող բարեփոխումների ընդհանուր ուղղություններին: Նախարարը խոսել է նաև հանրային լայն դիսկուրսի առարկա դարձած առարկայական չափորոշիչների մասին՝ նշելով, որ հայոց լեզու և պատմություն առարկաների գծով քննարկումներն ավարտվել են, կոնցեպտուալ որևէ տարաձայնություն չկա, ներկայում քննարկվում են մասնագիտական շարադրանքին առնչվող որոշ հարցեր, որոնք ևս շուտով կավարտվեն: Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալները զեկուցել են ըստ ոլորտների կատարված աշխատանքի, ընթացիկ վիճակի և հետագա անելիքների մասին: Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության չափորոշիչների մշակմանը և իրականացմանը վերաբերող մանրամասներ: Նրա խոսքով՝ կառավարության որոշմամբ հաստատված ճանապարհային քարտեզով նախատեսվում է, որ այս չափորոշիչները վերջնական կներդրվեն 2023թ. սեպտեմբերից: Մինչ այդ, դրանց լիարժեք ներդրման համար նախատեսվում է ուսուցիչների մեծածավալ վերապատրաստումներ, փորձնական ուսումնական նյութերի մշակում, նոր դասագրքերի հրատարակում և փորձարկում: Նախատեսվում է 2021թ. սեպտեմբերից Տավուշի մարզի բոլոր դպրոցներում սկսել մշակված չափորոշիչների փորձարկման գործընթացը: Իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ, ընթանում է ուսուցիչների, տնօրենների, վարչական աշխատակիցների վերապատրաստում: Կա նաև ենթակառուցվածքների արդիականացման խնդիր: Այս նպատակով, մասնավորապես, Տավուշի մարզում փորձարկման համար ԵՄ դրամաշնորհային ծրագրով ձեռք են բերվում լաբորատոր սարքավորումներ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակում աշխատանք է տարվում մաթեմատիկայի վիրտուալ լաբորատորիայի ստեղծման ուղղությամբ, որը զուգահեռաբար կփորձարկվի: Համաշխարհային բանկի հետ քննարկվում է լրացուցիչ վարկային միջոցների ներգրավման հարցը՝ լաբորատորիաների հիմնման և նոր դասագրքերի հրատարակման համար: Որպես նոր նախաձեռնություն՝ նախատեսվում է մարզառազմական ճամբարի ստեղծում, որը պարտադիր է լինելու 11-րդ դասարանի համար: Այն պետք է օգնի ապահովել նախնական զինվորական պատրաստականության առարկայի գործնական ուսուցումը և փորձարկվելու է այս տարի ամռանը: Մյուս նախաձեռնությունը հայրենագիտական արշավներն են, որոնք պարտադիր են լինելու 6-րդ, 7-րդ դասարանների համար և ուղղված են լինելու հայրենաճանաչության մակարդակի բարձրացմանը: Նաև աշխատանք է տարվում օտար լեզուների և, մասնավորապես, տարածաշրջանային լեզուների ուսուցման ուղղությամբ: Ինչ վերաբերում է նախադպրոցական կրթության չափորոշչին, այն մշակվել է և այժմ գտնվում է հանրային քննարկման վերջնական փուլում և առաջիկայում կներկայացվի կառավարություն: Որպես կարևոր փոփոխություն՝ այստեղ առաջարկվում է պետական ֆինանսավորման բաղադրիչի ներդրում որոշ թիրախային խմբերի համար, որը ենթադրում է, համայնքային ֆինանսավորումից բացի, նաև պետության ֆինանսական մասնակցություն նախադպրոցական կրթության զարգացմանը: Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այս բարեփոխման իրականացման տեմպն օպտիմալ է, և դա նաև միջազգային փորձագետների գնահատականն է: Վարչապետը կարևորել է նախադպրոցական կրթության ոլորտում ևս ֆիզիկական միջավայրի ձևավորումը՝ այս առումով անդրադառնալով մոդուլային նախակրթարանների կառուցման ծրագրին: Ի պատասխան Ժ. Անդրեասյանը զեկուցել է, որ կատարված վերլուծության արդյունքում առանձնացվել է շուրջ 5 տասնյակ համայնք, որտեղ նպատակահարմար է կառուցել մոդուլային նախակրթարաններ: Ներկայում քննարկվում է այս նախագծի մեթոդաբանական և ֆինանսական գնահատականը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին՝ հետևողական լինել, որպեսզի քննարկված որևէ նախագիծ ֆինանսավորման խնդիր չունենա և ողջ ծավալով իրականացվի, այդ թվում նաև՝ պարտքի ներգրավման մեխանիզմների կիրառմամբ: Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարն ընդգծել է կարողությունների հստակ գնահատման և ծախսարդյունավետության ապահովման անհրաժեշտությունը: «Մեզ համար ռազմավարական խնդիր է, որպեսզի կրթության ոլորտում կոնսերվատիվ մոտեցումից դուրս գանք, օրինակ, մոդուլային նախակրթարանների առումով ֆինանսական միջոցներ ներգրավենք ու սկսենք կառուցել, ապա փոխանցենք համայնքին, որպեսզի վերջինս շարունակի իրականացնել մնացած ծախսերը: Այստեղ կարելի է դիտարկել նաև սուբվենցիոն ծրագրերի ձևաչափի կիրառումը», - նշել է կառավարության ղեկավարը: Ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ Ժ. Անդրեասյանը նշել է, որ գործընթացը կամավոր բնույթ ունի, իրականացվելու է առաջին անգամ, այս տարվա համար նախատեսված է բնագիտական բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ուսուցչի գիտելիքներն ստուգելու համար նախատեսված թեստերն արդեն պատրաստ են, մայիսին նախատեսվում է դիմումների ընդունելություն, սեպտեմբերին տեղի կունենա թեստավորումը, և հաջորդիվ թեստավորման համապատասխան արդյունք արձանագրած ուսուցիչները կստանան աշխատավարձի հավելավճարներ: Հավելավճարի չափը կախված է լինելու թեստավորման արդյունքներից: Նախատեսվում է այս տարի ունենալ 2000-ից ավելի դիմում, ակնկալվում է, որ մինչև 2023թ. ուսուցիչների կեսն այս գործընթացով անցած կլինի: Զեկուցվել է նաև, որ ի կատարումն վարչապետի հանձնարարականի՝ հեռավոր շուրջ 101 բնակավայրում մանկավարժական կադրերի պակասը լրացնելու և կրթական բնականոն գործընթացն ապահովելու նպատակով իրականացվել են հեռավար կրթության գործընթացը կազմակերպելու քայլեր. «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ձեռք են բերվել տեխնիկական սարքավորումներ,  և ստեղծվել են հեռաուսուցման՝ տեխնիկապես հագեցած դասասենյակներ կամ լաբորատորիաներ: Հեռավար ուսուցման գործընթացը նախատեսվում է իրականացնել 2021թ. սեպտեմբերից՝ ինչպես այդ դպրոցների մանկավարժական ներուժի, այնպես էլ դրա բացակայության դեպքում՝ մենթոր դպրոցների հետ համագործակցությամբ: Արթուր Մարտիրոսյանը զեկուցել է  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում զարգացման գործընկերների հետ աշխատանքի, երկկողմ, բազմակողմ ձևաչափով համագործակցության, ռեսուրսների ներգրավման, ռազմավարությունների և ռազմավարական այլ փաստաթղթերի մշակման աշխատանքների վերաբերյալ: Նա անդրադարձել է նաև երիտասարդության ոլորտի հետ կապված միջոցառումներին՝ տեղեկացնելով, որ ամփոփման փուլում է գտնվում այս ոլորտի ռազմավարությունը: Նշվել է, որ այս տարի Հայաստանում անց են կացվելու ԱՊՀ շրջանակին վերաբերող մի շարք կրթական և երիտասարդական միջոցառումներ, որոշները նախատեսվում է անցկացնել Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում: Խոսքը  վերաբերում է ԱՊՀ կրթության, երիտասարդության խորհրդի նիստին և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթի եզրափակիչ փուլին, որին նախորդում է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական գաղափարներ գեներացնող ծրագրի անցկացումը: Նախարարի տեղակալի խոսքով, որպես երիտասարդությանը մոտիվացնող գաղափար, դիտարկվում է մարզկենտրոններում երիտասարդական կառույցների ստեղծումը: Վարչապետը, մարզերում երիտասարդությանը մոտիվացնելու, աջակցելու համատեքստում, կարևորել է մարզկենտրոնների և մարզային քաղաքների մեծ մասում որոշակի մշակութային միջավայր ունեցող կենտրոնների ստեղծումը, որի ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանք է կատարվել: Զեկուցվել է, որ այս առումով դրամաշնորհային մրցույթներն անցկացվել են, կան հաղթող կազմակերպություններ, ներկայում քննարկվում է ֆինանսավորման հարցը: Նախնական հաշվարկով՝ այն կազմելու է 130 մլն դրամ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել գործընթացը՝ նպատակ ունենալով արդյունքում ստեղծել կրթամշակութային, ստեղծարար բաղադրիչով երիտասարդական կենտրոններ, ինչպիսին, օրինակ, «Թումոն» է: «Երիտասարդության աջակցության ծրագրերը պետք է միտված լինեն համապատասխան միջավայրի ձևավորմանը և իրական ազդեցության ապահովմանը», - նշել է նա: Կարեն Թռչունյանը ներկայացրել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում կատարվող բարեփոխումները: Բացի համապատասխան օրենքի նախագծի մշակումից, նախատեսվում է իրականացնել բուհերի ռեսուրսների գնահատում, ինչի արդյունքների հիման վրա կմշակվի բուհերի զարգացման ռազմավարություն: Շահագրգիռ գերատեսչությունների հետ աշխատանք է տարվում աշխատաշուկայի պահանջարկի գնահատման շուրջ, Գիտության պետական կոմիտեի հետ քննարկվում է գիտության ֆինանսավորման ծավալի ավելացումը ոչ միայն ակադեմիական, այլև բուհական և գիտահետազոտական համակարգերում կիրառելու հեռանկարը: Զեկուցվել է նաև ակադեմիական քաղաքի տեսլականի և անհրաժեշտ ֆիզիկական միջավայրի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ ակտիվ աշխատանքը: Քննարկմանն ընդգծվել է Հայաստանում գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումների ավելացման կարևորությունը, ինչը կխթանի որակյալ կրթական համակարգի ստեղծումը, բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը և գիտելիքահեն տնտեսության կառուցումը: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ առաջիկա 10 օրվա ընթացքում գիտության բնագավառի լիազոր մարմնի կողմից կներկայացվի ոլորտի զարգացման համապարփակ ծրագիր: Վարչապետն անդրադարձել է նաև նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտին՝ մասնավորապես, ընդգծելով համապատասխան մասնագետների պահանջարկի խնդիրը: Քննարկվել են մասնագիտությունների քվոտավորման հարցեր, պահանջարկ-առաջարկ շղթայի կարգավորման մեխանիզմները, այդ թվում՝ մասնավոր ընկերությունների հետ մասնագիտական կրթություն-աշխատաշուկա կապի ձևավորմանը միտված քայլերը: Նշվել է, որ օրենսդրական փոփոխությունների կարիք կա, և այս ուղղությամբ ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է Եվրոպական կրթական հիմնադրամի հետ: Նախատեսվում է մինչև ամառ օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացնել կառավարություն: Արա Խզմալյանը զեկուցել է մշակույթի բնագավառում կատարված աշխատանքների մասին. 2020թ. դեկտեմբերին ԵՄ գրասենյակի աջակցությամբ իրականացվել է մշակութային ՊՈԱԿ-ների կառավարման պրոբլեմների վերլուծություն և մշակվել են լուծման մեխանիզմներ: Կարևոր խնդիրներից է տնօրենների ինստիտուտի լիարժեք կայացումը, որը ենթադրում է ֆինանսական ինքնավարություն և պետական գույքի արդյունավետ կառավարում՝ հաշվի առնելով մեծ ներուժի առկայությունը: Հաջորդ քայլը արդյունավետության առանցքային ցուցիչների (KPI) սահմանումն է, որի ուղղությամբ էլ աշխատանք է տարվում միջազգային գործընկերների հետ: Ըստ նախարարի տեղակալի՝ այս տարի մշակութային ծրագրերը, ստեղծագործական ռեսուրսը միտված են լինելու հետպատերազմյան ճգնաժամի հետևանքների մեղմացմանը: Թիրախայինը կրկին սահմանամերձ համայնքներն են՝ Արցախում, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում ևս իրականացվելու է «Թիկունքը՝ մշակույթ» նախաձեռնությունը: Աշխատանք արդեն սկսվել են, առաջիկայում մշակույթի ոլորտի կառույցների ներկայացուցիչների հետ նախատեսվում է այց Արցախ: Համապատասխան կազմակերպությունների հետ քննարկվում է հաշմանդամություն ունեցող զինծառայողներին տարբեր ծրագրերում ներգրավելու հարցը: Առաջիկայում Տավուշի մարզի Բերդ քաղաքում կբացվի Գեղագիտության ազգային կենտրոն: Ա. Խզմալյանը տեղեկացրել է նաև, որ պատմամշակութային ժառանգության պահպանման համատեքստում ապրիլի 18-ին՝ Հուշարձանների պահպանության միջազգային օրը, նախատեսվում է համաժողով բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որի շրջանակում կքննարկվեն նաև Արցախում պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող ոչ միայն գիտական, այլև տեղեկատվական քաղաքականությանը վերաբերող հարցեր: Նախատեսվում է նաև Հայաստանում «Կապույտ վահան» միջազգային կազմակերպության մասնաճյուղի բացում: Վարչապետը կարևորել է հետպատերազմական շրջանում հոգեբանական վերականգնման ծրագրերի իրականացումը և դրանցում մշակութային բաղադրիչի պարտադիր ներառումը: «Հետպատերազմական մշակութային քաղաքականությունը պետք է միտված լինի հանրության հոգեբանության վերականգնմանը և ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով համապատասխան աշխատանք իրականացնել: Ինչ վերաբերում է մշակութային ՊՈԱԿ-ների գործունեությանը, կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պետք է քաջալերել տնօրեններին՝ ակտիվ աշխատել սեփական եկամուտներն ավելացնելու ուղղությամբ և միևնույն ժամանակ ընկալելի դարձնել, որ սեփական եկամուտների ավելացումը չի ենթադրում պետական ֆինանսավորման կրճատում: Կարեն Գիլոյանը ներկայացրել է սպորտի ոլորտում կատարվող աշխատանքները  և առաջիկա անելիքները: Մասնավորապես, անդրադարձ է եղել ամռանը հնարավոր օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցությանը, հայ մարզիկների համար պատրաստվածության պատշաճ պայմանների և միջավայրի ապահովմանը վերաբերող հարցեր: Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ առաջին անգամ մշակվել է հոգեբանական աջակցության ծրագիր՝ օլիմպիական խաղերից առաջ հայ մարզիկների անհրաժեշտ հոգեբանական պատրաստվածություն ապահովելու համար: Մշակվում է մեկ այլ ծրագիր՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդներին, նաև զինծառայողներին սպորտում ներգրավելու համար: Այս ուղղությամբ համագործակցություն է իրականացվում Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի հետ: Առաջիկայում Արցախում նախատեսվում է մարզադպրոցի բացում՝ հրաձգության, ըմբշամարտի և բռնցքամարտի խմբակներով: Մշակվում է ուսանողական սպորտը խթանելու ծրագիր, քննարկվում է սպորտային առանձին հեռուստաալիք ստեղծելու գաղափարը, դիտարկվում են մարզիչների համար սոցիալական երաշխիքների ապահովման հնարավորությունները: Վարչապետը կարևորել է սպորտի մասսայականացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը և բարձրացված մի շարք հարցերի լուծման առնչությամբ համապատասխան հանձնարարականներ է տվել: Ամփոփելով քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բովանդակություն ձևավորող գերատեսչությունն է, և բարեփոխումները պետք է իրականացվեն հենց այս տրամաբանության ներքո:
18:17 - 17 մարտի,2021
Լրատվականը խեղաթյուրել է Առողջապահության նախարարության՝ հարցմանը տված պատասխանը և պայմանագրի սխալ արժեք նշել․ ՀՀ ԱՆ

Լրատվականը խեղաթյուրել է Առողջապահության նախարարության՝ հարցմանը տված պատասխանը և պայմանագրի սխալ արժեք նշել․ ՀՀ ԱՆ

Ի պատասխան Tert.am լրատվական կայքում մարտի 6-ի՝ «Արսեն Թորոսյանն առողջապահության նախարար լինելու ընթացքում կնոջ բժշկական կենտրոնի հետ շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել» վերտառությամբ հրապարակմանը, ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ լրատվականը խեղաթյուրել է ՀՀ առողջապահության նախարարության՝ Tert.am լրատվականի հարցմանը տված պատասխանն ու տեղեկատվությունը և պայմանագրի սխալ արժեք նշել:«2018-2021թթ. «ՄԻԲՍ» ՍՊ-ի հետ կնքվել է ընդամենը 288 772 մլն ՀՀ դրամի պայմանագիր: Tert.am-ին առողջապահության նախարարությունից գրավոր տեղեկատվությունը ոչ ճիշտ է ներկայացվել, մասնավորապես, գրության մեջ ներկայացված տարեսկզբի պայմանագրային գումարը և տարվա ընթացքում համաձայնագրով ամրագրված գումարները պետք է դիտարկել աճողական կարգով, այլ ոչ թե մեխանիկական գումարելով: Արդյունքում՝ 2018, 2019, 2020, 2021 թվականների ընթացքում «ՄԻԲՍ» ՍՊ-ի հետ կնքվել է համապատասխանաբար 25176, 98 934, 91 982, 72 680 մլն ՀՀ դրամ: Արդյունքում չորս տարիների ընթացքում «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման հատկացված շուրջ 4,5 մլրդ դրամից վերոհիշյալ կազմակերպությանը հատկացվել է 288 772 մլն ՀՀ դրամ:  Համեմատության համար կարող ենք նշել, որ 2019, 2020, 2021 թվականներին օրինակ «Արմամաքս» ՍՊ-ին հատկացվել է 420 884 մլն ՀՀ դրամ: Առողջապահության նախարարությունը հորդորում է Tert.am լրատվականին զերծ մնալ նման էժանագին շահարկումներից և հրապարակել սույն հերքումը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին համապատասխան»,- ասված է հայտարարությունում:      
22:26 - 06 մարտի,2021
Կառավարությունն ամենօրյա աշխատանքներ է իրականացնում գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ. Արսեն Թորոսյան |1lurer.am|

Կառավարությունն ամենօրյա աշխատանքներ է իրականացնում գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ. Արսեն Թորոսյան |1lurer.am|

1lurer.am:  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.   «Մեր անհետ կորած և գերեվարված եղբայրների հարգելի հարազատներ,   Ցավում եմ, որ գերեվարված և անհետ կորած մեր տղաների հարազատների հետ հանդիպումից հետո իմ խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել: Ուզում եմ կրկին ասել այն, ինչ ասել եմ հարազատների հետ հանդիպմանը և խնդրել բոլորին զերծ մնալ նուրբ թեմաների շուրջ մանիպուլյատիվ հայտարարություններից:   Հանդիպման ընթացքում հնչած այն պնդմանը, որ որևէ աշխատանք չի տարվում գերիների վերադարձի ուղղությամբ, պատասխանել եմ, որ կառավարությունը ամենօրյա աշխատանքներ է իրականացնում օր առաջ իրենց հարազատներին վերադարձնելու հայրենիք և որպես այդ աշխատանքի օրինակ եմ բերել մի քանի օր առաջ մեր 5 եղբայրների վերադարձը Հայաստան։   Խնդրել եմ և ևս մեկ անգամ խնդրում եմ զինվել համբերությամբ: Պատկան բոլոր մարմիններն անում են ամեն հնարավորը»:
17:18 - 11 փետրվարի,2021
Արսեն Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար․ Էդուարդ Աղաջանյանը ազատվել է պաշտոնից

Արսեն Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար․ Էդուարդ Աղաջանյանը ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդուարդ Աղաջանյանը ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Էդուարդ Աղաջանյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։ Նիկոլ Փաշինյանը նաև որոշում է կայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակել առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արսեն Թորոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- նշված է վարչապետի որոշման մեջ։ Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարարի պաշտոնից ազատման հրամանը նախագահը ստորագրել է հենց այսօր։ Նախարար է նշանակվել Անահիտ Ավանեսյանը։  
17:28 - 18 հունվարի,2021
Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից․ նախագահը ստորագրել է նոր նախարար նշանակելու հրամանագիրը

Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից․ նախագահը ստորագրել է նոր նախարար նշանակելու հրամանագիրը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անահիտ Ավանեսյանն  ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից, և նրա փոխարեն նշանակել Անահիտ Ավանեսյանին։   ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արսեն Թորոսյանը ազատվել է պաշտոնից, իսկ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար։   «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,- նշված է հրամանագրում։
17:20 - 18 հունվարի,2021
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը նոր վերակենդանացման բաժանմունք ունի

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը նոր վերակենդանացման բաժանմունք ունի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքի բացման արարողությանը:  Բաժանմունքում ծավալվել է վերակենդանացման 40 մահճակալ և նախկինների հետ հանրագումարով` ընդհանուր թիվը կազմում է 120: Փաստացի, սա ամենամեծ վերակենդանացման ծառայությունն է Հայաստանում: Արսեն Թորոսյանն այցի ընթացքում շրջել է նոր մասնաշենքում, ծանոթացել հագեցվածությանն ու կարողություններին:  Բացման արարողության ընթացքում նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է բժշկական անձնակազմին և շնորհակալություն հայտնել նրանց, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում կատարած ծանր և պատասխանատու աշխատանքի համար:«Ուզում եմ վստահ լինեք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը մշտապես առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է: Վստահ եմ, որ այն դրական համբավը, որ ձեռք եք բերել այս ժամանակաշրջանում, նույն կերպ կշարունակվի կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելուց հետո»,-ասել է նախարարը: Շարունակելով միտքը, Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ բժշկական կենտրոնը պետական բազմապրոֆիլ եզակի կառույցներից է, որն ունի այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են` երրորդ մակարդակի ծննդօգնությունը, պոլիկլինիկական ծառայությունը, հեմոդիալիզի բաժանմունքը և այլն: Եվ, չնայած կորոնավիրուսային հիվանդության մարտահրավերին, կենտրոնը շարունակում է պետության ջանքերով վերանորոգվել և վերազինվել: Այս ընթացքում ներդրվել են նաև նոր ծառայություններ, օրինակ` արյան բանկի ծառայությունը, նախորդ տարի հագեցվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի լաբորատորիան անհրաժեշտ սարքավորումներով` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտություններ իրականացնելու համար: Նախարարը եզրափակելով հանդիպումը, հաջողություն է մաղթել բժշկական կենտրոնի անձնակազմին:
16:30 - 15 հունվարի,2021