Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Արմավիրի մարզը բնակչության թվով եւ խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արեւելյան հատվածում է։ Դեպի արեւմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) եւ Մեծամորը (9,191 բնակիչ)։ Գործող մարզպետը Համբարձում Մաթեւոսյանն է։

Արմավիրի մարզի նախկին գյուղապետն օրենքի խախտմամբ օտարել է համայնքի վարչական շենքը, որն այնուհետև ձեռք է բերել նրա որդին

Արմավիրի մարզի նախկին գյուղապետն օրենքի խախտմամբ օտարել է համայնքի վարչական շենքը, որն այնուհետև ձեռք է բերել նրա որդին

Արմավիրի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի գյուղերից մեկի վարչական շենքի (ներկայում բնակելի տան) կադաստրային գործը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Փարաքար համայնքի գյուղերից մեկի նախկին գյուղապետը, խախտելով Հողային օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջները, գույքն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում, համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 246,6 քմ մակերեսով վարչական շենքը և 920 քմ հողամասը 2005 թվականի սեպտեմբերի 8-ին կնքված առուվաճառքի պայմանագրով՝ 978 հազար դրամով, վաճառել է քաղաքացի Տ.Խ.-ին: Այնուհետև, խախտելով Կառավարության 2002 թվականի համապատասխան որոշմամբ սահմանված կարգը, գյուղապետը 2005 թվականի սեպտեմբերի 9-ին թույլատրել է Տ.Խ.-ին գյուղի վարչական շենքի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի տան, որից հետո շենքն ու հողատարածքը հանել է հասարակական սպասարկման տարածքների ֆոնդի հաշվեկշռից ու ընդգրկել բնակելի ֆոնդի շենքերի հաշվեկշռում: 2009 թվականի հուլիսի 31-ին Տ.Խ.-ի և գյուղապետի որդու միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով գյուղապետի որդին 4 մլն 500 հազար դրամով ձեռք է բերել վերոնշյալ վարչական շենքն ու հողամասը: Հանցավոր գործունեությամբ ստացված գույքի ծագման աղբյուրն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով՝ վերոնշյալ գույքը 2017 թվականին 2 մլն դրամով օտարել են քաղաքացի Ս.Մ.-ին: Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցանքի դեպքեր՝ դատախազը հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: 2024 թվականի մարտի 22-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 296-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)): Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:47 - 26 մարտի, 2024
Եթե Տիգրանաշենը հանձնեցին, ոչ մի հայ վարորդ էստեղով չի անցնի. «Միասին» շարժումը Տիգրանաշենում է
 |news.am|

Եթե Տիգրանաշենը հանձնեցին, ոչ մի հայ վարորդ էստեղով չի անցնի. «Միասին» շարժումը Տիգրանաշենում է |news.am|

news.am: «Միասին» շարժման անդամներն այսօր՝ մարտի 20-ին, այցելել են Արարատի Մարզի Տիգրանաշեն գյուղ, որը Ադրբեջանը համարում է անկլավ եւ պահանջում է իրեն հանձնել այն: Շարժման անդամներից Տիգրան Եղոյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք անընդունելի ենք համարում անկլավ հասկացությունը: Անընդունել ենք համարում եւ անբարոյականություն, երբ որեւէ պետական պաշտոնյայի շուրթերից հնչում է, որ հանձնվում է: Դրանով փակվում են ռազմավարական ճանապարհները: Այ այնտեղ հայկական պոստերն են, որտեղ կանգնած են մեր տղաները: Իսկ մի քիչ այն կողմ գտնվող բլուրի տակ մեր հին հեթանոսական ավերակներն են: Մենք կորցնելու ենք չքնաղ հայկական տարածք՝ Տիգրանաշենը: Այս գյուղն ամայացրել են, որտեղ գյուղի ոչ մի բնակիչ չունի ոչ հողի, ոչ տան վկայական: Ովքե՞ր են սրա պատասխանատուները եւ ինչ միտում ուներ, որ որեւէ գյուղացի չի ունեցել հողակտոր: Այլեւս ոչ մեկը չի փորձում այստեղ հող մշակել կամ անասնապահություն անել: Վայոց ձորում ես ունեմ անասուններ, եթե թույլ տան, ես պատրաստ եմ իմ անասնագլխաքանակը բերել այստեղ, որովհետեւ սա ցածր է եւ ամբողջ ձմեռ կարող եմ անասնակերի խնդիր չունենալ: Պետական մարմինները թույլ չեն տալիս: Երասխը արդեն դառնում է սահման, եւ ճանապարհով անցնելիս ամեն անգամ Ադրբեջանի դրոշն ենք տեսնում, իսկ եթե հանձնեն Տիգրանաշենը, Ելփին եւ Չիվա գյուղերը թիրախի տակ են հայտնվելու: Ոչ մի հայ վարորդ չի կարող այդ ճանապարհով անցնել»,-ասաց Եղոյանը: Նա հավելեց, որ իրենց պետությունից օգնություն պետք չի, ուղղակի թող թողնեն մարդիկ գան էստեղ ապրեն, աշխատեն. «Հիանալի խաղաղագործության համար հող է, ինչու չեն թողնում: Ասում են՝ անկլավ է, ի՞նչ անկլավի մասին է խոսքը»:
15:16 - 20 մարտի, 2024
Դավիթ Խուդաթյանն այցելել է իրանական կապիտալով աշխատող Քարակերտի քարաձուլման գործարան, ծանոթացել արտադրական հզորությանը

Դավիթ Խուդաթյանն այցելել է իրանական կապիտալով աշխատող Քարակերտի քարաձուլման գործարան, ծանոթացել արտադրական հզորությանը

Բաղրամյան համայնք կատարած այցի ընթացքում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի և ոլորտային պատասխանատուների հետ այցելել է իրանական կապիտալով աշխատող Քարակերտի քարաձուլման գործարան։ Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից: Այցի ընթացքում մարզպետը ծանոթացել է գործարանի արտադրական հզորությանը և ծավալին: Գործարանն օգտագործում է Հայաստանում գոյություն ունեցող մետաղների ջարդոնը։ Տարիներ շարունակ չշահագործվող գործարանի շինարարությունը սկսվել էր դեռևս 2021 թվականին, իսկ արտադրության մեկնարկը տրվել է 2023 թվականին։ Ներկա պահին արտադրվում է օրական 60 տոննա ձուլակտոր, գործարանն այս պահին ունի 170 աշխատակից, որոնցից շուրջ 40-ը Իրանից են, 130-ը` Հայաստանից: Նախատեսվում է այս տարվա ընթացքում սկսել ամրանների և մետաղալարերի արտադրությունը: Գործարանի հզորությունը տարեկան կազմելու է 200,000 տոննայի մետաղական պրոֆիլներ և ձուլակտորներ: Գործարանի՝ ողջ ծավալով շահագործման արդյունքում աշխատատեղերի թիվը կհասնի շուրջ 400-ի։
10:02 - 02 մարտի, 2024
Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Բռնի տեղահանված արցախցիների կարիքների համար իրականացված պետական գնումները կատարվել են «մեկ անձ» կամ «հրատապ մեկ անձ» ընթացակարգերով։ Ընդհանուր առմամբ կնքվել է մոտ 6 միլիարդ դրամի շուրջ 1000 պայմանագիր, որոնցից որոշները՝ նախկին ու ներկա պաշտոնատար անձանց փոխկապակցված ընկերությունների հետ։  Արցախի բնակչության տեղահանության ընթացքում ՀՀ կառավարությունը Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններին պետական բյուջեից միջոցներ էր հատկացրել՝ տեղահանված անձանց կեցության, սննդի եւ այլ առաջնային կարիքներ հոգալու համար։ 2023թ․ հոկտեմբերի 20-ի դրությամբ կառավարությունը նշված նախարարություններին տրամադրել էր շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ։ Առողջապահության նախարարությունը տեղահանվածների համար առողջապահական և լաբորատոր նյութեր է ձեռք բերել նախարար Անահիտ Ավանեսյանին փոխկապակցված ընկերություններից Նախարարությունը պայմանագրեր է կնքել առաջին օգնության ապրանքներ տրամադրող 6 իրավաբանական անձանց հետ. «Արփիմեդ», «Նատալի Ֆարմ», «Վագա Ֆարմ», «Թեոֆարմա Իմպորտ» ՍՊԸ-ներ եւ «Արֆարմացիա», «Ֆարմատեք» ՓԲԸ-ներ։ Գնումները կատարվել են «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Այս ընկերություններից երկուսը կապվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Մասնավորապես, «Արֆարմացիա» ընկերության 31% բաժնեմասը պատկանում է Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին, իսկ 29,7% բաժնեմասը՝ Վաչե Մանուկյանին։ 2023 թ․-ի սեպտեմբերի 20-ին Առողջապահության նախարարությունը մոտ 455 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել այս ընկերության հետ, որը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Առողջապահության նախարարությունը 5 մլն 349 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել նախարարի մոր ընկերության հետ փոխկապակցվող «Ֆարմատեք» ՓԲԸ-ի հետ։ Այս ընկերության իրական շահառուն նույնպես Վաչե Մանուկյանն է։ Վերը հիշատակված «Արֆարմացիա» ընկերության՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում «Ֆարմատեք» ընկերությունը գրանցված է որպես միջանկյալ ընկերություն։  Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից Առողջապահության նախարարությունը 1 մլն 910  հազար ՀՀ դրամի առողջապահական եւ լաբորատոր նյութեր է գնել։ Ընկերության տնօրենը Ասատուր Ասատրյանն է՝ «Աստղիկ» (նախկինում՝ «Մալաթիա») բժշկական կենտրոնի տնօրենը։ Ասատրյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսինն է։ Ասատուր Ասատրյանը ընկերության 99,9% բաժնետերն է, մնացած մասը պատկանում է Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին։ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Արտակ Հարությունյանին փոխկապակցվող «Արփիմեդ» ՍՊԸ-ի հետ Առողջապահության նախարարությունը կնքել է 2 մլն 68 հազար ՀՀ դրամի պայմանագիր։ Ընկերությունը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Մինչև 2022 թվականը «Արփիմեդի» բաժնետեր է եղել Արտակ Հարությունյանը, այժմ ընկերության 100% բաժնետերը եւ տնօրենը Վաչագան Ղազարյանն է։  «Վագա Ֆարմ» եւ «Թեոֆարմա Իմպորտ» ընկերությունները համապատասխանաբար 4 մլն 134 հազար եւ 8 մլն 273 հազար դրամի պայմանագրերով ԱՆ-ին մատակարարել են դարձյալ առողջապահական եւ լաբորատոր նյութեր։  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պայմանագրեր է կնքել Սամվել Ալեքսանյանին առնչվող ընկերությունների հետ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը նախորդ տարվա հոկտեմբերի 20-ի դրությամբ տրամադրվել է ընդհանուր առմամբ  12 մլրդ 472 մլն 285 հազար դրամ, որից 234 մլն 697 հազար դրամը Կառավարության օգոստոսի 11-ի որոշմամբ հատկացվել է 5 իրավաբանական անձանցից կենցաղային եւ հանրային սննդի (մանկական սնունդ, կաթի փոշի, ալյուր, մակարոն եւ այլն) ձեռքբերմանը։ Այդ հինգ ընկերություններն են «Նատալի ֆարմ» ՍՊԸ, «Ալեքս Էնդ Հոլդինգ» ՍՊԸ, «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ, «ՄԼՏ եւ ԱՐՍ» գրուպ ՍՊԸ, «Բեյբի-Սիմ» ՍՊԸ։ Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից նախարարությունը կատարել է 56 մլն 414 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ։ Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գագիկ Ալեքսանյանի «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերությունից նախարարությունը կատարել է 81 մլն 140 հազար դրամի գնում։ Այս ընկերությունը մատակարարել է շաքարավազ, ձեթ, ալյուր, մակարոն։   «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունից սոցապ նախարարությունը կատարել է 2 մլն 880 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է յոդացված աղ։  Այս ընկերության իրական սեփականատերերը Արկադի եւ Արեգ Ղուկասյաններն են, որոնք Արցախի քաղաքացիներն են (համապատասխանաբար 30 եւ 70% բաժնեմասերով)։ Արկադի Ղուկասյանը Արցախի երկրորդ նախագահն է, որն այժմ Բաքվում կալանավորված է։ Արեգ Ղուկասյանն Արկադի Ղուկասյանի եղբայրն է, որը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր է եղել ՀՀ ԱԺ-ում։  «Բեյբի-Սիմ» ՍՊԸ-ից նախարարությունը կատարել է 42 մլն 263 հազար ՀՀ դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ, իսկ «ՄԼՏ եւ ԱՐՍ գրուպ» ընկերության հետ նախարարությունը կնքել է 52 մլն ՀՀ դրամի պայմանագիր, մատակարարվել է կաթի փոշի։  Մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումները «Ինֆոքոմն» ուսումնասիրել է տեղահանված արցախցիների աջակցության շրջանակում Հայաստանի բոլոր մարզերի մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումներն ու հատկացումները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով այն պայմանագրերին, որոնց գումարը գերազանցում է 10 մլն ՀՀ դրամը։  Ստորեւ ինֆոգրաֆիկայում ներկայացված է, թե ՀՀ մարզերում ինչպիսին է եղել բռնի տեղահանված արցախցիների բաշխվածությունը 2023-ի հոկտեմբերին եւ 2024-ի հունվարին, եւ թե մարզերից յուրաքանչյուրն ընդհանուր առմամբ որքան գումար է ծախսել նրանց առաջնային կարիքների համար (դեղին սյուներն արտացոլում են մարզում արցախցիների թիվը հոկտեմբերի դրությամբ, մոխրագույն սյուները՝ հունվարի դրությամբ։ Սեւ գծի գագաթներն արտացոլում են մարզպետարանների աշխատակազմերի կատարած ծախսերը՝ մլն դրամ արտահայտությամբ)։  «Ինֆոքոմն» ուսումնասիրել է մարզպետարանների աշխատակազմերի կնքած՝ հիմնականում 10 մլն դրամը գերազանցող գնման պայմանագրերը։ Առանձնացրել ենք բոլոր այն ընկերությունները, որոնք փոխկապակցված են նախկինում կամ ներկայում պետական պաշտոն զբաղեցնող անձանց հետ։  Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մեր ուսումնասիրությունը չի անդրադառնում բոլոր ընկերություններին, հրապարակում ենք Արցախից բռնի տեղահանված անձանց առաջնային աջակցություն տրամադրելու շրջանակում 2023թ-ի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրականացված պետական գնումների շտեմարանը։    Արագածոտնի մարզպետարան Արագածոտնի մարզպետարանը պայմանագիր է կնքել Աշտարակ համայնքի ավագանու անդամին պատկանող ընկերության հետ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը պայմանագրեր է կնքել 18 իրավաբանական անձանց հետ. 10-ը՝ անհատ ձեռներեց, 6-ը՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, 1-ը՝ Երեւանի պետական համալսարան հիմնադրամի, 1-ը՝ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան։ Բոլոր գնումները կատարվել են հրատապ մեկ անձ ընթացակարգով։ Ընդհանուր ծախսը կազմել է 260 մլն 931 հազար ՀՀ դրամ։ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմն ընդհանուր առմամբ 12 մլն 936 հազար ՀՀ դրամի պայմանագրեր է կնքել «Էլիտ Էլֆա» ՍՊԸ-ի հետ, որից ամիսներ առաջ՝ 2023 թվականի հուլիսին, ընկերության 100 տոկոս  բաժնետեր է դարձել Արտաշատ համայնքի ավագանու անդամ Արտաշես Խաչատրյանը՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ 2023-ի օգոստոսի 31-ին «Էլիտ Էլֆայի» նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժնի կողմից սահմանափակում է կիրառվել՝ պարտավորեցնելով ընկերությանը պետական բյուջե վճարել 551 հազար 843 դրամ։ ՀԿԱԾ-ից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ ընկերությունը չկատարված հարկային պարտավորություն ունի։ Այս ընկերությունը հյուրանոցային ծառայություններ է մատուցել տեղահանված անձանց համար։  Արարատի մարզպետարան Արարատի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 6 ԱՁ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսը կազմել է 73 մլն 540 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Մարզպետարանի աշխատակազմը Ասպրամ Խաչատրյան ԱՁ-ից կատարել է 9 մլն 500 հազար դրամի գնում՝ սնունդ եւ հիգիենայի պարագաներ։ Ասպրամ Խաչատրյանը Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու անդամ է։ Ավագանու անդամի ԱՁ-ն 2024 թվականի հունվարի 22-ին նույնպես արգելանքի տակ է հայտնվել, որով ԱՁ-ից պետական բյուջեի օգտին 148 հազար դրամ պետք է բռնագանձվի։ Շիրակի մարզպետարան Շիրակի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 22 ԱՁ-ի, 13 ֆիզիկական անձի, 1 արտադրական կոոպերատիվի, 8 ՍՊԸ-ի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Նաեւ մարզպետի որոշմամբ դրամական ուղիղ աջակցություններ են տրամադրվել 10 արցախցու։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 160 մլն 251 հազար ՀՀ դրամ։  Բացի մեկ անձ ընթացակարգով կազմակերպված գնումներից՝ Շիրակի մարզպետի որոշմամբ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ Շիրակացի 21Ա մասնաշենքի պատասխանատու, էլեկտրիկ Մանվել Խաչատրյանին տրամադրվել է 3 մլն 296 հազար 664 ՀՀ դրամ՝ մասնաշենքում տեղակայված քառասուն տեղահանված անձանց առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար (որոշման հիմք են հանդիսացել ՓԲԸ տնօրենի գրությունները)։ Մարզպետի մեկ այլ որոշմամբ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանին տրամադրվել է 1 մլն 144 հազար ՀՀ դրամ՝ Արթիկ համայնք տեղափոխված ընտանիքներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու նպատակով (որոշման հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի ղեկավարի գրությունը)։ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանն ունի ԱՁ, որի հետ Շիրակի մարզպետարանը տեղահանված անձանց կարիքները հոգալու շրջանակում կնքել է 560 հազար դրամի պայմանագիր՝ հյուրանոցային ծառայությունների համար։  Կոտայքի մարզպետարան Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 15 ԱՁ-ի, 1 ֆիզիկական անձի, 24 ՍՊԸ-ի, ԳԱԱ ՈԱԿ-ի, ԵՊՀ հիմնադրամի, Ագրարային համալսարան հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 1 մլն 125 հազար ՀՀ դրամ։ Հիմնականում մատուցվել են սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 36 մլն 997 հազար 600 դրամի պայմանագրեր է կնքել «Ոսկե գետակ Աղվերան» ՍՊԸ-ի հետ, որը մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության տնօրենը Վարդան Ավագյանն է, որը տարիներ առաջ մասնակցություն է ունեցել «Վանգաս» ՍՊԸ-ում, որի նախկին եւ այժմյան բաժնետերերից են Էդվարդ ու Արտաշես Վանյանները։ Վերջինս զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնը, 2021թ․-ից համակարգում չէ։  Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 9 մլն 648 հազար դրամի պայմանագրեր է կնքել «Մուլտի ռեստ հաուս» ՍՊԸ-ի հետ, որը եւս մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, որի նկատմամբ, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, կիրառված է սահմանափակում. «Արգելել Գագիկ Ծառուկյանին ընկերությունում ունեցած բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը»,- նշված է ռեգիստրում։ Գեղարքունիքի մարզպետարան Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 32 ԱՁ-ի եւ 14 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 448 մլն 515 հազար ՀՀ դրամ։  Վայոց Ձորի մարզպետարան Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմը «հրատապ մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 17 ԱՁ-ի, 10 ՍՊԸ-ի, 31 ֆիզիկական անձի, ՀԱԵ Վայոց Ձորի թեմի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 141 մլն 496 հազար ՀՀ դրամ։ Մեծ մասամբ մատուցվել են հյուրանոցային ծառայություններ, ինչպես նաեւ մատակարարվել են սննդի ծանրոցներ ու կենցաղային ապրանքներ։ Արմավիրի մարզպետարան Արմավիրի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 9 ԱՁ-ի, 1 ՓԲԸ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 216 մլն 260 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել են սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Լոռու մարզպետարան Լոռու մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 56 ԱՁ-ի, 21 ՍՊԸ-ի, 1 ՓԲԸ-ի, 10 ֆիզիկական անձի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 302 մլն 166 հազար ՀՀ դրամ։ Սյունիքի մարզպետարան Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 12 ՍՊԸ-ի, 47 ԱՁ-ի, 12 ֆիզիկական անձանց հետ։ Ընդհանուր ծախսվել է 270 մլն 607 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Տավուշի մարզպետարան Տավուշի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 63 իրավաբանական անձանց հետ, որոնցից 46-ը՝ ԱՁ, 13-ը՝ ՍՊԸ, 1-ը՝ ՓԲԸ, 3-ը՝ արտադրական կոոպերատիվ։ Ընդհանուր ծախսը կազմել է 246 մլն 556 հազար ՀՀ դրամ։ Ստորեւ ինֆոգրաֆիկայում արտացոլված է, թե որ մարզը քանի իրավաբանական կամ ֆիզիկական անձից է կատարել գնումներ եւ քանի անձի է տրամադրել աջակցություն     Հայարփի  ԲաղդասարյանԼուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի, Կոռնիձոր, 27 սեպտեմբերի, 2023թ․
17:31 - 06 փետրվարի, 2024
Արմավիրի մարզից դեպի Երևան հանրային տրանսպորտի աշխատանքը կաթվածահար է եղել
 |hetq.am|

Արմավիրի մարզից դեպի Երևան հանրային տրանսպորտի աշխատանքը կաթվածահար է եղել |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքից Արմավիր և հակառակ ուղությամբ կանոնավոր ուղևորափոխադրում չի իրականացվում։ Դադարեցվել է նաև Արտենի-Արմավիր և Մեծամոր-Երևան երթուղիների սպասարկումը։ Քաղաքացիները նշված բնակավայրերից Երևան են հասնում մեծ դժվարությամբ՝ տաքսիների և չլիցենզավորված և ապօրինի գործող երթուղայիններով։  Երևան-Արմավիր երթուղին սպասարող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությունից «Հետք»-ին փոխանցեցին, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից չեն կարողանում ստանալ երթուղին ժամանակավոր սպասարկելու տեղեկանքը, որպեսզի միկրոավտոբուսները տեխզննման ներկայացնեն։ Առանց տեխզննման մեքենաները երթուղի դուրս բերելու պարագայում ոստիկանության պարեկային ծառայությունը տրանսպորտային միջոցները տեղափոխում է տուգանային հրապարակ։ Մեքենաները հարկադրված երթուղի դուրս չեն բերում։ Արմավիրի միասնական երթուղու դեռևս 2021 թ-ին տեղի ուենցած մրցույթի արդյունքները «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն վիճարկում է դատարանում, սակայն դրան զուգահեռ շարունակել է փոխադրում իրականցնել մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Նախարարությունն այժմ ոչ ժամանակավոր մրցույթ է անցկացնում, ոչ էլ երկարացնում է ընկերության սպասարկման իրավունքը՝ չտալով նաև անհրաժեշտ տեղեկանքը, որպեսզի մեքենաները տեխզննման ներկայացվեն։ Տարածքային կառավարման նախարարությունից փոխանցեցին, որ տեղյակ են խնդրից, և քննարկումներ են ընթանում փոխադրողի հետ, որպեսզի ժամանակավոր մրցույթ անցկացնեն։ Այդ դեպքում, ըստ ժամանակացույցի՝ մրցույթը հայտարարվելուց հետո 7 օրվա ընթացում ներկայացվում են դիմումները, որից հետո 3-օրյա ժամկետում ամփոփում են մրցույթի արդյունքները։ Նախարարությունում հույս ունեն, որ այդ ընթացքում կկարողանան իրավիճակը կարգավորել։ «Դեղին համարները երկարացնելու համար պետք է իրավական հիմք նշվի։ Սահմանված ձև է, որտեղ նշվում է այն իրավական հիմքը, որ պետք է երկարացնեն։ 2021 թ-ին եղել է իրավական հիմքը, նախատեսված է եղել, որ ընկերությունը շարունակի սպասարկել մինչև հիմնական մրցույթի անցկացումը»,- հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ նշելով, որ այժմ չկա իրավական հիմք, որպեսզի ընկերությանը թույլ տան առանց ժամանակավոր մրցույթի շարունակել սպասարկումը։  Անդրադառնալով Արմավիրի մարզի մյուս երթուղիների աշխատանքի դադարեցմանը՝ ՏԿԵ նախարարությունից հայտնեցին, որ քննարկել են իրավիճակը մյուս երթուղին սպասարկողի հետ։ Այս դեպքում սպասարկող մեքենաների շահագործման ժամկետներն են լրացել և նոր տրանսպորտային միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն է առաջացել։ Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի միասնական երթուղուն վերաբերվող ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հրամանը դատարանում վիճարկվում է։ Վարչական դատարանի վճռով՝ անվավեր էր ճանաչվել հրամանը, սակայն ՏԿԵ նախարարությունը բողոքարկել էր առաջին ատյանի դատական ակտը։ Այժմ գործը քննվում է Վերաքննիչ դատարանում։
14:51 - 30 հունվարի, 2024
ԲԴԽ-ն Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը նախազգուշացում հայտարարեց

ԲԴԽ-ն Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը նախազգուշացում հայտարարեց

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի (Մանվել Գրիգորյանի դուստր-խմբ.) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին հայտարարել նախազգուշացում: Այս մասին հայտնում են ՀՀ ԲԴԽ-ից։ Դատավորը թույլ էր տվել վարքագծի կանոնների խախտումներ, մասնավորապես, իրեն մակագրված  քաղաքացիական գործով ինքնաբացարկ հայտնելու հիմքերի առկայության պայմաններում Դատավորն ինքնաբացարկ չի հայտնել, քննել և լուծել է Գործը (հարազատ հորեղբոր որդու գործը-խմբ.)։ Միաժամանակ, Դատավորը Գործով կողմերին չի բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որը կարող էր հիմք հանդիսանալ Դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավարական գործողություններ կատարելու համար: Միաժամանակ հայտնում ենք, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը, և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը։ Բարձրագույն դատական խորհուրդը, նաեւ քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարել նախազգուշացում: Միաժամանակ Խորհուրդը տեղեկացնում է, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը, Քրիստինե Մկոյանը և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը, Արշակ Վարդանյանն ունի նաև հատուկ կարծիք։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
10:35 - 29 հունվարի, 2024
Տեղի ունեցավ Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի երդման հանդիսավոր արարողությունը

Տեղի ունեցավ Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի երդման հանդիսավոր արարողությունը

Հունվարի 18-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի հինգերորդ նստաշրջանի հունվարի 18-ի թիվ 02 արտահերթ նիստը, որին ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ սրբազան Տեր Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից: Նիստի ընթացքում տեղի ունեցավ Արմավիր համայնքի նորընտիր ղեկավար Վարշամ Սարգսյանի՝ համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձման հետ կապված երդման արարողությունը: Նիստի ընթացքում ելույթով հանդես եկան Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ սրբազան Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։ Մարզպետը շնորհավորեց Վարշամ Սարգսյանին՝ Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և կառուցողական գործունեություն։  
10:08 - 19 հունվարի, 2024
Եկամտային հարկի վերադարձման համակարգը 2027 թ. չի կիրառվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում

Եկամտային հարկի վերադարձման համակարգը 2027 թ. չի կիրառվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում

Կառավարությունն առաջարկում է ըստ մարզերի եւ ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներով սահմանվում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից հետո հիպոտեկային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվի, եթե գույքը գտնվում է Երեւան քաղաքին հարակից` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից հետո` եթե գույքը գտնվում է այլ մարզերում: Սահմանափակումները չեն կիրառվի Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի համար: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի տեղեկացմամբ վերջին փոփոխությունն էլ վերաբերում է վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային առավելագույն սահմանաչափին, որը գործող օրենսդրությամբ սահմանված է մինչեւ 1,5 մլն դրամի չափով: Նախագծով նախատեսվում է այն նվազեցնել` սահմանելով, որ վարկառուին եւ համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը: Զեկուցողի խոսքով առաջարկվող փոփոխությունները հետադարձ ուժ չեն ունենալու: «Բոլոր այն քաղաքացիները, որոնք շահառու կամ մասնակից են դարձել այս համակարգին այդ պահին գործող կանոններով, կշարունակեն շահառու մնալ նույն պայմաններով մինչեւ հիպոտեկային վարկի գործողության ավարտը»,- մանրամասնել է Արման Պողոսյանը: Փոխնախարարը հիշեցրել է, որ Երեւան քաղաքում 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացվող վարկերի մասով այլեւս հիպոտեկային վարկերի սպասարկման տոկոսների վերադարձ չի կատարվի: Նշված ժամանակային սահմանափակումը չի կիրառվի միայն մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը շինարարության թույլտվություն ստացած բազմաբնակարան բնակելի շենքից բնակարան գնելու գործարքների համար: Ըստ Արման Պողոսյանի` նախագծի ընդունման նպատակն է խթանել մարզերում քաղաքաշինական եւ տնտեսական ակտիվությունը, զսպել հիպոտեկային վարկերի սպասարկման գծով վերադարձվող եկամտային հարկի գումարների աճը: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ նախագծի նպատակներից է հիփոթեքային վարկերի սպասարկման գծով վերադարձվող եկամտային հարկի գումարների անշեղ աճը զսպելը երկարաժամկետ հեռանկարում: Ըստ փոխնախարարի՝ այդ համակարգի բացասական կողմը եկամուտների վերաբաշխման վրա անհամարժեք ազդեցությունն է այն իմաստով, որ համակարգից օգտվում են հիմնականում միջին ու բարձր եկամուտ ունեցողները:  «Բարձր ու միջին եկամտային խմբերում գտնվողների համար եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափն էականորեն ավելի ցածր է, քանի որ վճարում ու ամբողջությամբ կամ մասամբ հետ են ստանում, քան այն քաղաքացիների եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը, որոնք այս համակարգի շահառու չեն: Փաստացի կարող ենք ասել, որ եկամտային հարկը ռեգրեսիվության տարրեր է պարունակում»,-ասաց Պողոսյանը: Փոխնախարարը պատասխանել է փոփոխությունների վերաբերյալ պատգամավորների հարցադրումներին ու մտահոգություններին: Կառավարության ներկայացուցիչը չի համաձայնել այն դիտարկմանը, թե նախագիծը հապճեպ է քննարկվում. այն քննարկվում է ութ ամսից ավելի: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը փաստել է, որ համակարգի ներդրման նպատակն ի սկզբանե չի եղել բնակարանային ապահովվածությունը, այլեւ` շինարարության ոլորտի զարգացումը: Պատգամավորի կարծիքով այն ոչ միայն խթանել է շինարարության աճը, հնարավորություն ընձեռել մարդկանց ձեռք բերելու բնակարան, այլ նաեւ նպաստել է ստվերի կրճատմանը: «Մենք պետք է հասկանանք, թե որտեղ է նպատակահարմար բնակարանաշինությունը կամ շենքերի շինարարությունը խթանել: Կարծում եմ` հարցի պատասխանը պետք է ստանանք քաղաքաշինության ոլորտում քաղաքականություն մշակող մարմնից»,- ընդգծել է Բաբկեն Թունյանը: Նա առաջարկել է պատգամավորներին ընդունել նախագիծը ներկայացված տարբերակով եւ մինչեւ երկրորդ ընթերցում շահագրգիռ մարմինների հետ քննարկել պատգամավորների առաջարկները: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 10-ի նիստում, ստացել դրական եզրակացություն:
15:07 - 10 հունվարի, 2024
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն Արմավիրի մարզում բենզալցակայանի գործունեություն է կասեցրել

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն Արմավիրի մարզում բենզալցակայանի գործունեություն է կասեցրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան փողոց 7 հասցեում Վ․Մ․Ա․ անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ «Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։ Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն Արմավիրի մարզի վերոնշյալ հասցեի բենզալցակայանի գործունեության դադարեցման վերաբերյալ որոշում է կայացրել։ Տեսչական մարմնի և Արմավիրի համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում 2024 թ․ հունվարի 10-ին Արարատյան փողոց 7 հասցեի բենզալցակայանն ապամոնտաժվել է»,- ասված է ՔՏՀԱ տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։
14:59 - 10 հունվարի, 2024
Պետբյուջեից ֆինանսավորվող ծրագրերում որևէ թերություն անընդունելի է. Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացվող ծրագրերին

Պետբյուջեից ֆինանսավորվող ծրագրերում որևէ թերություն անընդունելի է. Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հունվարի 5-ին, այցելել է Արմավիրի մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին: Հիշեցնենք, որ հենց երեկ աշխատանքից ազատվել է Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։ Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է 348 աշակերտ ունեցող Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների նոր դահլիճ: Նշվել է, որ շինարարական աշխատանքներն սկսվել են 2022թ․ ապրիլի վերջին, ավարտվել 2023թ․ տարեվերջին։ Մարզադահլիճի մակերեսը 345 քմ է, իսկ հանդիսությունների դահլիճի մակերեսը 230 քմ։ Ծրագրի ընդհանուր արժեքը գրեթե 375 մլն դրամ է: Վարչապետ Փաշինյանն արձանագրել է մի շարք թերություններ և խնդիրներ՝ ընդգծելով, որ դրանց վերացման ուղղությամբ պետք է ցուցաբերել հետևողական ու խիստ մոտեցում: Այնուհետև Կառավարության ղեկավարն այցելել է 667 աշակերտ ունեցող ղարշապատի Ե. Օտյանի անվան N7 հիմնական դպրոց, որտեղ կառուցվել է մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ: Ընդգծվել է, որ շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022թ․ ապրիլի վերջին, ավարտվել 2023թ․ տարեվերջին։ Ծրագիրը ներառում է մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի կառուցում, բարեկարգում։ Մարզադահլիճի մակերեսը 360 քմ է, հանդիսությունների դահլիճի մակերեսը 230 քմ։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 290 մլն դրամ է։ Պատասխանատուների ներկայացմամբ, մարզադահլիճը դպրոցի շահագործման ամբողջ ընթացքում չի վերանորոգվել, 2009 թվականից վթարային վիճակում էր, իսկ 2018 թվականից չի շահագործվել: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վաղարշապատ համայնք: Վաղարշապատ համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով կառավարության ֆինանսավորմամբ ձեռք են բերվել ինքնաթափ, աղբատար մեքենաներ և աղբամաններ: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 476 մլն դրամ է: Ընդհանուր առմամբ, համայնքը համալրվել է 7 աղբաթափ մեքենայով (346․500․000 դրամ), 1 ինքնաթափ մեքենայով (36․000․000 դրամ) և 1200 աղբամանով (93․600․000 դրամ): Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է 195 աշակերտ ունեցող Արտիմետի միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Շինարարական աշխատանքներն սկսվել են 2022թ․ ապրիլի վերջին։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 198 մլն դրամ է, միջոցները հատկացվել են կառավարության կողմից: Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում լուծում տալ բոլոր թերություններին ու խնդիրներին և ընդգծել, որ ծրագրերի պատշաճ իրականացման վերահսկողությունը պետք է լինի և՛ նախարարությունների, և՛ Քաղաքաշինության կոմիտեի, և՛ մարզպետարանի կողմից: Մարզային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արաքս համայնքապետարանի շենքի վերանորոգման և GIZ-ի (Գերմանական միջազգային համագործակցության ընկերության) կողմից 1-ին հարկում Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնման աշխատանքներին։ Պատասխանատուների ներկայացմամբ, համայնքապետարանի շենքն ավարտական փուլում է, իսկ ՔՍԳ-ի աշխատանքներն ավարտված են։ Ծրագրի ընդհանուր արժեքը 55.3 մլն դրամ է: Ծրագիրն իրականացվել է Հայաստանի կառավարության, Արաքսի համայնքապետարանի և GIZ կողմից: Մարզային այցի շրջանակում կառավարության ղեկավարի վերջին կանգառը եղել է Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ: Շինարարական աշխատանքներն սկսվել էին 2022թ․ ապրիլից։ Մարզադահլիճի մակերեսը 360 քմ է, իսկ հանդիսությունների դահլիճի մակերեսը 220 քմ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 326 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: Անդրադառնալով այստեղ ևս առկա թերություններին՝ վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում որևէ թերություն անընդունելի է, նման ծրագրերը չեն կարող համարվել ավարտված։ Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:
15:42 - 06 հունվարի, 2024
Փաշինյանը Էդվարդ Հովհաննիսյանին ազատել է Արմավիրի մարզպետի պաշտոնից

Փաշինյանը Էդվարդ Հովհաննիսյանին ազատել է Արմավիրի մարզպետի պաշտոնից

ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանին ազատել է Արմավիրի մարզպետի պաշտոնից։  «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։  Էդվարդ Հովհաննիսյանը Արմավիրի մարզպետ էր նշանակվել 2021 թ. նոյեմբերի 26-ին։  Նշենք, որ ՀՀ վարչապետը այսօր եղել է Վաղարշապատում, այցելե է Ե. Օտյանի անվան N7 հիմնական դպրոց։ Նիկոլ Փաշինյանը նկատել է որոշ խախտումներ, նկատողություններ արել։ «Բոլոր պատասխանատուները պետք է լինեն առավելագույնը հետեւողական՝ թերությունները վեր հանելու եւ որակյալ աշխատանք ապահովելու գործում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը։  Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ եղել էր Լոռիում՝ ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին։ Փաշինյանը այցի ընթացքում շինարարական մի շարք խախտումներ էր նկատել և դրանց վերաբերյալ նկատողություններ արել։ Ինչից հետո աշխատանքից ազատվեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։    
17:39 - 05 հունվարի, 2024
Հիվանդանոցներ տեղափոխված բոլոր աշակերտները դուրս են գրվել, վերջացավ այս ամենը․ Մուսալեռի դպրոցի տնօրեն
 |tert.am|

Հիվանդանոցներ տեղափոխված բոլոր աշակերտները դուրս են գրվել, վերջացավ այս ամենը․ Մուսալեռի դպրոցի տնօրեն |tert.am|

tert.am: Փարաքար խոշորացված համայնքի Մուսալեռ բնակավայրի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից տարբեր հիվանդանոցներ տեղափոխված 8 աշակերտները դուրս են գրվել։ Այս մասին Tert.am-ին հայտնեց դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը։ «6 երեխայի տեղափոխել էին Վաղարշապատի բժշկական կենտրոն, նրանք երեկ երեկոյան դուրս են գրվել, 2 աշակերտ էլ՝ քույր և եղբայր տեղափոխվել էին «Մուրացան» ԲԿ, նրանք ևս դոււրս են գվրել։ Աշակերտների առողջական վիճակը լավ է գնահատվում։ Փաստ Աստծո, կարծես թե, վերջացավ այս ամենը»,- փոխանցեց տնօրենը։ Հիշեցնենք, որ երեկ Մուսալեռի միջնակարգ դպրոցում արտակարգ դեպք էր գրանցվել․ աշակերտների և ուսուցիչների մոտ անսովոր հազ էր սկսվել։ Ինքնազգացողությունը վատացած երեխաներին տեղափոխել են բժշկական կենտրոններ։ՆԳՆ-ից դեպքի հետ կապված պարզաբանել էին, որ նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտը, փորձարկելու նպատակով, արցունքաբեր գազ է օգտագործել, ինչից հետո մի խումբ աշակերտներ թունավորում՛ ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
13:15 - 16 դեկտեմբերի, 2023