Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հայրենիքի պաշտպանությանը մասնակցած կամավորական ջոկատների հետ

Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հայրենիքի պաշտպանությանը մասնակցած կամավորական ջոկատների հետ

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ ներկայացուցչությունում ընդունել է «Փառապանծ մարտիկներ», «Արամո», Բերձորի պաշտպանության հատուկ և եզդիական ջոկատների ներկայացուցիչներին՝ հրամանատարների գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Երկրի ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված երրորդ պատերազմից մեկ տարի անց Հայրենիքի պաշտպանության համար մարտնչած կամավորական ջոկատների հետ հանդիպումը ոչ միայն երախտիքի խոսք փոխանցելու առիթ է, այլև հայրենաշինությանը լծվելու առաջարկ և նպատակ։ «Մենք որևէ մեկին նոր բան ապացուցելու կարիք չունենք, քանի որ երբ վտանգված էր Հայրենիքի գոյությունը, դուք առանց երկմտելու մարտի նետվեցիք։ Այսօր կրկին ձեր և ողջ հայության համախմբումն է պետք Արցախի շուրջ, որտեղ ապրող շուրջ 120 հազար մեր հայրենակիցները այդ աջակցության կարիքն ունեն»,- նշել է Հանրապետության նախագահը։ Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր Արցախի հերոս, Բերձորի պաշտպանության հատուկ ջոկատի հրամանատար, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերականգնման գործընթացներին, ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց դիմակայելուն ուղղված ջանքերի գործադրմանն առնչվող հարցեր։
13:11 - 09 հոկտեմբերի, 2021
Անգնահատելի է Ձեր դերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման գործընթացում. Արայիկ Հարությունյանը՝ Վլադիմիր Պուտինին

Անգնահատելի է Ձեր դերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման գործընթացում. Արայիկ Հարությունյանը՝ Վլադիմիր Պուտինին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,  Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Արցախում միշտ հիշում և բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ մասնակցությունը և ծանրակշիռ ներդրումը  2020 թ. աշնանը ռազմական գործողությունների դադարեցման ու խաղաղության հաստատման, մեր բնակչության անվտանգության ապահովման և տարածաշրջանում կայունության  պահպանման գործում: Անգնահատելի է անձամբ Ձեր և Ռուսաստանի Դաշնության կառավարության դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և առանձին ձևաչափերում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման գործընթացում: Լիահույս ենք, որ մեր երկու եղբայրական ժողովուրդների միջև դարերի ընթացքում հաստատված ջերմ ու անկեղծ բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի ու կխորանա: Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք»: 
15:44 - 07 հոկտեմբերի, 2021
 Արայիկ Հարությունյանն ընդունել է պատերազմի ընթացքում զոհված ուսուցիչների հարազատներին

Արայիկ Հարությունյանն ընդունել է պատերազմի ընթացքում զոհված ուսուցիչների հարազատներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 5-ին Ուսուցչի օրվա առթիվ ընդունել է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված ուսուցիչների հարազատներին։  Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Հայտնելով իր խորին ցավակցությունն ու զորակցությունը՝ երկրի  ղեկավարն ընդգծել է, որ նրանք մշտապես լինելու են պետության ուշադրության կենտրոնում։ «44-օրյա պատերազմը մեզանից խլեց մեր քաջ տղաներին: Հայրենիքի նվիրյալների շարքերում հայտնվեցին շատերիդ գործընկերները, սաները, հարազատները: Նրանք ընկան, որպեսզի կանգուն մնա  Արցախը, որպեսզի սերունդները շարունակեն արժանապատվորեն ապրել հայրենի հողում», - նշել է Արայիկ Հարությունյանը։ Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։
16:19 - 05 հոկտեմբերի, 2021
Արայիկ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը

Արայիկ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 28-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը: Հետպատերազմյան շրջանում էլեկտրամատակարարման խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել համապատասխան կառույցների ներկայացուցիչները։ Չնայած նրան, որ  մի շարք  հէկեր և Սոթք-Մարտակերտ  օդային գիծը մնացել են թշնամու վերահսկողության տակ, կատարված աշխատանքների արդյունքում էլեկտրամատակարարման խնդիրների մեծ մասն արդեն իսկ լուծված է: Ըստ մասնագետների՝  2021-2022 թթ․ձմռանը էլեկտրամատակարարման խափանումներ կարող են լինել միայն  վթարների դեպքում: Երկրի ղեկավարը հանձնարարել է ձմռան տարեշրջանում, հատկապես՝ Գորիս-Ստեփանակերտ հատվածում սահմանել մասնագիտական խմբերի շուրջօրյա հերթապահություն՝ հնարավոր վթարներին արագ արձագանքելու նպատակով:  Նախագահը շեշտել է, որ վթարների ժամանակ անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել ռազմավարական նշանակության քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես՝ բժշկական և կրթական հաստատությունների կայուն էլեկտրամատակարարումը։ Քննարկվող հարցի երկարաժամկետ լուծման ուղղությամբ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է մեկ տարում ավարտին հասցնել լրացուցիչ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, որը թույլ կտա հետագայում խուսափել անջատումներից։ Անդրադառնալով բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի և գազի   դիմաց իրականացվող վճարումներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից պետության կողմից կսուբսիդավորվի միայն չգազիֆիկացված համայնքների և գազամատակարարում չունեցող շենքերի բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի արժեքը: Ինչ վերաբերում է սպառված գազի և կապի ծառայությունների դիմաց վճարումների փոխհատուցմանը, ապա այն կպահպանվի մինչև 2022 թվականի մարտ ամիս՝ ըստ հայտարարված սահմանաչափերի։ Նախագահի մեկ այլ հանձնարարականով՝ ձմեռային տարեշրջանում  մայրաքաղաքում և  շրջաններում ճանապարհների անցանելիությունն ապահովելու նպատակով՝ ձնամաքրման աշխատանքների կազմակերպմանը կներգրավվեն նաև մի շարք պետական և մասնավոր ընկերություններ:
16:40 - 28 սեպտեմբերի, 2021
Արայիկ Հարությունյանն ու Սամվել Կարապետյանը քննարկել են Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող խնդիրներ

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Կարապետյանը քննարկել են Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող խնդիրներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 21-ին Երևանում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, բարերար Սամվել Կարապետյանին։Շնորհակալություն հայտնելով Արցախում իրականացված հումանիտար ծրագրերի համար՝ նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ հետպատերազմյան ժամանակահատվածի խնդիրներն արագ և արդյունավետ հաղթահարելու համար շատ կարևոր է սփյուռքահայության կողմից գործնական ու շարունակական քայլերի իրականացումը։Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող խնդիրներ: Սամվել Կարապետյանը նշել է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր գտնվում է արցախահայության կողքին և առաջիկայում ևս պատրաստվում է մեծածավալ ծրագրեր իրականացնել` ուղղված Արցախի վերազարթոնքին:Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը։
20:03 - 21 սեպտեմբերի, 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պետդումայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պետդումայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ Պետական դումայի կայացած ընտրությունների և «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:   «Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ՌԴ Պետական դումայի կայացած ընտրությունների և «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Քվեարկության արդյունքները ակնառու կերպով ցույց տվեցին ռուսական հասարակության աջակցության ու վստահության բարձր մակարդակը Ռուսաստանի ղեկավարության ռազմավարական ուղեգծի հանդեպ, որը միտված է երկրի հետագա զարգացմանը, միջազգային հեղինակության ամրապնդմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը:   Վստահ եմ, որ նոր գումարման Պետական Դուման շարունակելու է նպաստել ռուս և հայ ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերի ընդլայնմանը և խորացմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդմանն ու երկարատև խաղաղության հաստատմանը»:
18:15 - 21 սեպտեմբերի, 2021
Այս երեսնամյա անկախության ճանապարհը հնարավոր եղավ հայ ժողովրդի լավագույն զավակների անձնվիրության, հայրենասիրության ու խիզախության շնորհիվ․ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը

Այս երեսնամյա անկախության ճանապարհը հնարավոր եղավ հայ ժողովրդի լավագույն զավակների անձնվիրության, հայրենասիրության ու խիզախության շնորհիվ․ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը

Այսօր ողջ հայ ժողովուրդը նշում է պետական կարևորագույն տոներից մեկը՝ Անկախության օրը, որը նոր էջ բացեց մայր Հայաստանի պատմության մեջ՝ իրականություն դարձնելով հայի վաղեմի երազանքը՝ ունենալ ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված ուղերձում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը. «1991 թվականի սեպտեմբերի 21-ը դարձավ պետականակերտման, ինչպես նաև իրավական, տնտեսական, անվտանգային նոր համակարգի ձևավորման բարդ ու դժվարին գործընթացի սկիզբ։ Դա ազգային ինքնագիտակցության և ոգու վերազարթոնքի, ազգային և հոգևոր արժեքների վերաիմաստավորման, համաժողովրդական միասնության ու համախմբման շրջան էր, ինչի շնորհիվ հնարավոր եղավ դիմակայել առկա մարտահրավերները, հաղթահարել դժվարություններն ու շարունակել սեփական պետության կառուցման ուղին։ 44-օրյա պատերազմը դարձավ լրջագույն փորձություն հայոց պետականության համար՝ հանգեցնելով բազմաթիվ մարդկային ու տարածքային կորուստների, սակայն, համոզված եմ, մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը և նպատակային ջանքերով կամրապնդենք պետականության հիմքերը: Այս երեսնամյա անկախության ճանապարհը հնարավոր եղավ հայ ժողովրդի լավագույն զավակների անձնվիրության, հայրենասիրության ու խիզախության շնորհիվ։ Հավե՜րժ փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Հայրենիքի պաշտպանության, հանուն հայ ժողովրդի ապագայի։ Յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ լինի, պարտավոր է իր ներդրումն ունենալ այդ ապագայի կերտման, հայոց պետականության ամրապնդման սուրբ գործում։ Ուժեղ ու զարգացող Հայաստանն այլընտրանք չունի։ Ամենայն տեղ մահը մի է, Մարդ մի անգամ պիտ մեռնի, Բայց երանի, որ յուր ազգի Ազատության կզոհվի»,-ասվում է ուղերձում:
09:44 - 21 սեպտեմբերի, 2021
Արցախի նախագահն ընդունել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին

Արցախի նախագահն ընդունել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին: Այս մասին հայտնում ենմ Արցախի նախագահի աշխատակազմից։ Քննարկվել են բուհական ոլորտում համագործակցության զարգացման հարցեր: Երկրի ղեկավարը ողջունել է նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի կողմից համատեղ Ասկերանի շրջանի Դահրավ համայնքի վարչական տարածքում իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին մասնակցելու ԵՊՀ նախաձեռնությունը՝ այդպիսով ևս մեկ տեղահանված ընտանիքի բնակարանով ապահովելու համար: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ Երևանի պետական համալսարանը պատրաստվում է նոր ծրագրեր իրականացնել Արցախի պետական համալսարանի հետ, իսկ «100 տուն Արցախում» նախագծին մասնակցելու գաղափարն առաջին հերթին հայ ժողովրդի միասնականությունն է խորհրդանշում, և Արցախը հայկական պահելն այլընտրանք չունի:
11:25 - 18 սեպտեմբերի, 2021
Արայիկ Հարությունյանը ՊԲ բարձրագույն հրամկազմին է ներկայացրել նորանշանակ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանին

Արայիկ Հարությունյանը ՊԲ բարձրագույն հրամկազմին է ներկայացրել նորանշանակ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն հրամկազմին ներկայացրել նորանշանակ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կամո Վարդանյանին: Երկրի ղեկավարը հաջողություններ է մաղթել Կամո Վարդանյանին ծառայության մեջ և երախտագիտություն հայտնել նախկին պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին զինված ուժերում երկարամյա ծառայության համար՝ կարևորելով նրա նշանակալի ավանդը Հայրենիքի պաշտպանության գործում: Հանդիպմանը, որին ներկա էր նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, քննարկվել են բանակաշինության հետ կապված հարցեր:
13:19 - 13 սեպտեմբերի, 2021
Մասնավոր խոշոր ներդրում Մարտակերտում, պետական մեծածավալ նոր ծրագրեր. ԱՀ նախագահն աշխատանքային շրջայց է կատարել

Մասնավոր խոշոր ներդրում Մարտակերտում, պետական մեծածավալ նոր ծրագրեր. ԱՀ նախագահն աշխատանքային շրջայց է կատարել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը, նախ, շրջանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, քննարկել կրթական, շինարարական և գյուղատնտեսական ծրագրերի ընթացքը, հետաքրքրվել առկա խնդիրներով ու դրանց լուծման վերաբերյալ մի շարք հանձնարարականներ տվել։ «Ինչպես արդեն հայտարարել եմ, 2022թ․-ի հունվարի 1-ից նախատեսվում է միջինը 20 տոկոսով բարձրացնել սոցվճարները և պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը։ Սակայն պետք է ընդգծեմ, որ քննարկում ենք ուսուցիչների աշխատավարձերը հայտարարվածից ավելի շատ բարձրացնելու հնարավորությունը»,- ասել է նախագահը։ Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով բնակարանային խնդիրներին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Մարտակերտ քաղաքում բազմաբնակարան նոր շենքեր կկառուցվեն, իսկ շրջանի բնակչության թվի ավելացումը կառավարության տեսանելի ծրագրերի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում։ «Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների զարգացմանը, ապա հաջորդ տարվա ընթացքում հիմնականում կավարտվեն շրջանի գյուղական համայնքները մայրուղիներին կապող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Իսկ առաջիկա երեք տարիների ընթացքում կավարտվեն Մարտակերտ քաղաքի ներհամայնքային փողոցների բարեկարգումն ու ասֆալտապատումը»,- նշել է Արայիկ Հարությունյանը։ Նախագահի խոսքով՝ մեծ միջոցներ կհատկացվեն ոռոգման ցանցի վերականգնմանն ու կառուցմանը։ Այդ համատեքստում ուշադրության կենտրոնում է լինելու այգեգործության զարգացումը, մասնավորապես՝ խաղողի և նռան այգիների հիմնումը, որոնք հեռանկարային են լինելու Արցախի վերամշակող արդյունաբերության համար։  «Շրջանում կկառուցվի նաև կաթնամթերային մեծ ֆերմա, որը կխթանի անասնաբուծությունն ու կերային խոտաբույսերի աճեցումը»,- տեղեկացրել է նախագահը և ավելացրել, որ պետական ծրագրերով Մարտակերտում իրականացվելիք տնտեսական քաղաքականությունն այդքանով չի սահմանափակվելու։  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ այնուհետև Հանրապետության նախագահն այցելել է Մարտակերտի հարակից տարածքներում գտնվող դաշտեր և խաղողայգիներ, հետևել խաղողաքաղին, հետաքրքրվել բերքատվության ցուցանիշներով։ Նախագահը եղել է նաև Արցախում հիմնադրվող հանքարդյունաբերական նոր գործարանի տարածքում և ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Պատերազմից հետո ընկերությունն Արցախում առաջին ամենախոշոր մասնավոր ներդրումային ծրագիրն է սկսել՝ մի քանի միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ։ Պատասխանատուների հավաստմամբ՝ 3 ամիս անց կսկսեն հանքանյութի արդյունահանման և վերամշակման աշխատանքը, որը կապահովի շուրջ 400 աշխատատեղ։ Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանը Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում մասնակցել է Խաչվերացի տոնին նվիրված Սուրբ պատարագին։
18:06 - 12 սեպտեմբերի, 2021