Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ սեպտեմբերի 2-ին։ 1986-1996 թվականներին սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։

1996-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001 թվականին ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003 թվականին՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։ 1998-1999 թվականներին սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:

2007 թվականին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին – 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է: 2007 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է: 2005-2006 թվականներին աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար: 2010-2011 թվականներին` 1in.am լրատվական կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու:

2013-2015 թվականներին` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու։ 2008 թվականին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր: 2011 թվականից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։ 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է: 2007-2010 թվականներին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։

2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015-2016 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 

2019թ. հունիսի 1-ին նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, 2020թ․ նոյեմբերի 23-ին ազատվել է պաշտոնից։

2020թ․ նոյեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել է Օլիմպիական խաղերին մասնակցության աշխատանքների և վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել է Օլիմպիական խաղերին մասնակցության աշխատանքների և վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2021 թվականի օգոստոսի 16-ին օլիմպիականների հետ վարչապետի հանդիպումից բխող հանձնարարականների կատարման ընթացքը և Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին մասնակցության նախապատրաստական աշխատանքները: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախ ներկայացրել է հանձնարարականների կատարման ընթացքը և նշել, որ ավարտվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճի կառուցման և բարեկարգման աշխատանքները, ընթացքի մեջ են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքները: Ավարտը նախատեսվում է 2025 թվականին: Ներկայացվել է նաև տեղեկատվություն մարզական ենթակառուցվածքների վերաբերյալ: Մասնավորապես, ավարտվել է «Կիլիկիա» մարզադահլիճի շենքի հիմնանորոգումը, շենքը  հանձնվել է շահագործման և օգտագործվել է 2023 թվականի ապրիլի 13-23-ը Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության ընթացքում, ավարտվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները, իրականացվում է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հողատարածքի չափագրումը, շարունակվում են Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճների վերանորոգման աշխատանքները: Ոլորտի պատասխանատուները վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացրել են 2024 թվականին Փարիզում կայանալիք 33-րդ օլիմպիական խաղերին նախապատրաստական աշխատանքները: Ըստ այդմ՝ իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, կազմավորվել են Օլիմպիական խաղերին նախապատրաստվող ՀՀ օլիմպիական    հավաքականները, ապահովվել է ՀՀ հավաքականների մասնակցությունը Աշխարհի,  Եվրոպայի   առաջնություններին, միջազգային   մրցաշարերին:  Նշվել է, որ պարբերաբար անդրադարձ է կատարվում իրականացվող աշխատանքներին, քննարկվում են հավաքականների գլխավոր մարզիչների  հաշվետվությունները Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, վարկանիշային մրցումներին մասնակցության արդյունքների վերաբերյալ՝  թերությունները շտկելու նպատակով: Ուսումնասիրվել են Օլիմպիական խաղերին նախապատրաստվող հավաքականների մարզումների համար նախատեսված մարզակառույցների վիճակը վերանորոգման և հիմնանորոգման նպատակով: Համապատասխան միջոցներ են հատկացվել Օլիմպիական խաղերին նախապատրաստվող հավաքականներին մարզագույքով և մարզահանդերձանքով ապահովելու համար: Ծավալվել է մտքերի փոխանակություն բարձրացված հարցերի շուրջ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարևորել է Օլիմպիական խաղերին հավաքական թիմերի բարձր մակարդակով մասնակցությունն ապահովելու համար աշխատանքների հետևողական իրականացումը:  
16:36 - 05 մարտի, 2024
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պետական տարբեր մարմինների և զանգվածային լրատվության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:   Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրել է 2023 թվականի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ: Այս համատեքստում, քննարկվել են զեկույցում ներկայացված խնդիրները, տեղեկատվության ազատության ոլորտում առկա մարտահրավերները, օրենքով սահմանված տեղեկատվության տրամադրման գործընթացն ու առկա կարգավորումները:   Մտքեր են փոխանակվել խնդիրների լուծմանն ուղղված քայլերի շուրջ, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:   Կարևորվել է պետական մարմինների և լրատվության ոլորտում գործող կազմակերպությունների արդյունավետ համագործակցությունն ու երկխոսությունը՝ ոլորտում առկա խնդիրների կարգավորման նպատակով:
21:16 - 07 փետրվարի, 2024
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ «Տեղեկատվության ազատության և Հանրային տեղեկությունների մասին» օրենքի նախագծի շուրջ տեղի է ունեցել քննարկում

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ «Տեղեկատվության ազատության և Հանրային տեղեկությունների մասին» օրենքի նախագծի շուրջ տեղի է ունեցել քննարկում

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում մշակված «Տեղեկատվության ազատության և Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, քննարկմանը մասնակցել են պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները: Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են նախագծով առաջարկվող փոփոխություններն ու դրանց նպատակները: Քաղհասարակության ներկայացուցիչների կողմից հնչել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Քննարկման արդյունքում վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է լրամշակել նախագիծը՝ համաձայն հնչած կարծիքների և մոտեցումների: Լրամշակված նախագիծը կքննարկվի  լրացուցիչ քաղհասարակության և ոլորտային կազմակերպությունների այլ ներկայացուցիչների հետ:
16:34 - 19 հունվարի, 2024
Քննարկվել է Երևանում ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թ. եզրափակչի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Քննարկվել է Երևանում ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թ. եզրափակչի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված Հայաստանում ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչն անցկացնելու նախապատրաստական աշխատանքներին: Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը և այլք: Ինչպես նշել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին: Բոլոր հանդիպումները կանցկացվեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Եզրափակիչը հեռարձակվելու է ավելի քան 70 երկրում: Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի «4-ի եզրափակչին» կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» և «Պալմա Ֆուտզալը», ինչպես նաև պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»: Նշվել է, որ մեծ թվով երկրպագուներ կայցելեն Հայաստան: Առաջիկայում սպասվում է նաև ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների այցը՝ նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով: Արայիկ Հարությունյանն ընդգծել է եզրափակիչը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունն ու կարևորությունը և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունն օժանդակելու այդ աշխատանքներում:
18:48 - 16 հունվարի, 2024
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի առաջին նիստը: Մինչ ձմեռային խաղերի անցկացման օրակարգային հարցերի քննարկումը, Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել Համահայկական ամառային խաղերի կազմակերպմանը: «Կարծում եմ, որ մեր հանրությունը, Սփյուռքի հայրենակիցներն էլ տեսել են այն արդյունքները, որոնք ունեցել ենք: Այս տեմպը պետք է պահենք և միասին շարունակենք մեր աշխատանքը: Այդ առիթով կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ ներդրած ջանքերի համար»,- նշել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը և վստահություն հայտնել, որ ձմեռային խաղերը, որոնց անցկացումը նախատեսվում է 2025 թվականի փետրվարին, նույնքան արդյունավետ կանցնեն և կդառնան տոն բոլորի համար: 1999 թվականից անցկացվող ամառային վերջին խաղերը մասնակիցների թվով եղել են աննախադեպ և ռեկորդային. 7161 մասնակից՝ 42 պետությունից և 180 քաղաքից: Համահայկական խաղերի կազմակերպման գործում ներդրած ջանքերի համար կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը պարգևատրվել են Ոսկե մեդալով: Արայիկ Հարությունյանը հանձնել է պարգևները նիստին ներկա առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին: Մյուս պարգևատրվածների պարգևները կփոխանցվեն: Այնուհետև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է հաշվետվություն Համահայկական ամառային խաղերի անցկացման նպատակով իրականացված ծախսերի վերաբերյալ: Հաջորդիվ նիստի մասնակիցները քննարկել են ձմեռային խաղերի անցկացման օրակարգային հարցերը, որոնք վերաբերել են խաղերի անցկացման վայրին, ժամկետներին, մարզաձևերին, անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը: Մտքեր են փոխանակվել նախապատրաստական այլ հարցերի շուրջ:
19:01 - 11 հունվարի, 2024
Փարաջանովի արձանի բացումը՝ Երեւանում. ԿԳՄՍՆ-ն առաջարկել է Կինոյի տան դիմացի հրապարակը կոչել «Նռան գույնի հրապարակ»
 |news.am|

Փարաջանովի արձանի բացումը՝ Երեւանում. ԿԳՄՍՆ-ն առաջարկել է Կինոյի տան դիմացի հրապարակը կոչել «Նռան գույնի հրապարակ» |news.am|

news.am: Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների բացման շրջանակում Կինոյի տան հարակից հատվածում այսօր՝ հունվարի 9-ին, տեղադրվել է Փարաջանովի արձանը (քանդակագործ՝ Արա Ալեքյան)։ Բացման արարողությանը մասնակցում էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Արայիկ Հարությունյանն իր խոսում նշեց, որ 2023-2024 թվականները հարուստ են նման միջոցառումներով. «Սերգեյ Փարաջանովի, Արամ Խաչատուրյանի, Շառլ Ազնավուրի հոբելյաններն են, մարդիկ, որոնցով հայ ժողովուրդը ամբողջ աշխարհին ներկայանում է եւ ճանաչելի է դառնում: Սրանք մարդիկ են, որոնց անունը հնչելիս, նրանք անմիջապես ասոցացվում են Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ: Այսօր Փարաջանովի ծննդյան օրն է, բայց մեր միջոցառումները, որոնք հաստատվել են կառավարական հանձնաժողովի կողմից, լինելու են ամբողջ տարվա ընթացքում: Մենք մի քանի մեծ միջոցառումներ ունենք, հաստատել ենք ավելի քան 30 ծրագիր: Մենք հոբելյանը նշելու ենք ոչ միայն Հայաստանում, Երեւանում, այլեւ մեր մարզերում, արտասահմանում, մասնավորապես Ֆրանսիայում եւ Վրաստանում արդեն ունենք նախանշված ծրագրեր»,-ասաց նա՝ հստակեցնելով, որ արձանը տեղ կգտնի Կինոյի տան շենքի դիմաց: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշեց. «Հայ կիոնի 100-ամյակի ամփոփումը եւ Ձարաժանովի 100-ամյակով ամփոփումը ցույց է տալիս կինոյի ոլորտում այն զարգացումը, որ կարող ենք նկատել, եւ որը ոգեւորող է: Նախորդ տարի մեր ֆիլմերը ավելի քան 74 տոկոսով մեծացրել են իրենց մասնակցությունը միջազգային կինոփառատոններին: Մենք ուրախությամբ նշում ենք, որ մեր ավելի քան 10 ֆիլմեր ավելի քան 28 մարցանակ են բերել տարբեր միջզգային հեղինակային փառատոններում: Մենք հիմա բոլորս անհամբեր սպասում ենք «Ամերիկացի» ֆիլմի հաջողությանը Օսկարի մրցանակաբաշխությանը: Բայց այն արդյունքը, որ գրանցված է, արդեն հաջողություն է, որովհետեւ «Ամերիկացի» ֆիլմը, որն ամբողջությամբ հայկական ֆիլմ է, արդեն իսկ հայտնվել է Օսկարի մրցանակաբաշխության կարճ ցանկում:  Մենք դեռ շատ անելիք ունենք, իսկ հոբելյանները նշելը լավ առիօթ է, որպեսզի խոսենք այդ անելիքների մասին»: Անդրադառնալով Փարաջանովի արձանին, նախարարն ասաց. «Արձանը շատ բնորոշ ու բնութագրական է: Պետք է նշեմ, որ մեր ավելի գլոբալ հեռանկարը Կինոյի տան բակում աստղային պուրակ ունենալը, այդտեղ արձանը տեղադրելը եւ հրապարակն անվանակոչելն է: Մեր առաջարկն ուղարկվել է քաղաքապետարան, որով առաջարկվում է, որ դիմացի հրապարակը, որտեղ կտեղադրվի Փարաջանովի արձանը, անվանակոչել Նռան գույնի հրապարակ»:
12:54 - 09 հունվարի, 2024
Արայիկ Հարությունյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի կողմնորոշիչ խորհրդի նիստին

Արայիկ Հարությունյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի կողմնորոշիչ խորհրդի նիստին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելու նպատակով Հայաստանի հայտը ներկայացնելու համար գտնվում է Փարիզում․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում մասնակցել է ՖԽՄԿ կողմնորոշիչ խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել է Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելու նպատակով Հայաստանի կողմից ներկայացված թեկնածության հայտը։ ՀՀ պատվիրակության կազմում են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը և Դանիել Դանիելյանը, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ելույթում մեծապես կարևորել է Ֆրանկոֆոնիայի խաղերի՝ որպես ֆրանկոֆոն մշակույթի  և արժեքների  տարածմանն և ֆրանսերեն  լեզվի  զարգացմանը նպաստող կարևոր միջոցառման անցկացումը և վերահաստատել համապատասխան որոշման կայացումից հետո դրանք լավագույնս կազմակերպելու ՀՀ կառավարության հանձնառությունը։ Կողմնորոշիչ խորհրդի անդամները ՀՀ պատվիրակության անդամներին ուղղել են Խաղերի կազմակերպման նպատակով տարբեր ոլորտներում նախատեսվող աշխատանքների վերաբերյալ իրենց հուզող մի շարք հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ։ Մի շարք երկրներ գոհունակությամբ արձանագրել են ՀՀ կողմից ներկայացված հայտի մշակման ուղղությամբ գործադրված զգալի ջանքերը և Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման համար անհրաժեշտ նախադրյալների և պայմանների առկայությունը։ ՖԽՄԿ կողմնորոշիչ խորհրդի կողմից նիստի արդյունքներով նախապատրաստվող եզրակացությունից հետո Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը հյուրընկալող երկրի վերաբերյալ կայացված որոշումը պաշտոնապես կհրապարակվի Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի առաջիկայում կայանալիք նիստի ժամանակ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը դեկտեմբերի 14-ին առանձնազրույց էր ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ։
14:15 - 15 դեկտեմբերի, 2023
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հայտնում են կառավարությունից: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն է հայտնել փոխգործակցության ակտիվացմանն ուղղված ջանքերի համար և հույս հայտնել, որ Եվրոպական միության հետ համագործակցությունը խորացնելու փոխադարձ հանձնառությունը նոր թափ կհաղորդի ընթացիկ և սպասվող նախաձեռնությունների արագ կենսագործմանը:  Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներին, կարևորել է Եվրոպական միության կողմից փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված շարունակական աջակցությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության ընթացքի և հեռանկարների վերաբերյալ, անդրադարձել տարածաշրջանային և անվտանգային զարգացումներին, Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնած բարեփոխումների ընթացքին: Այս համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են նաև ռազմավարական հաղորդակցությանը, այն որպես ինստիտուտ ներդնելու ու կայացնելու հրամայականին, դիտարկել՝ Եվրոպական միության լավագույն փորձն ուսումնասիրելու ու տեղայնացնելու հնարավորություններն ու մեխանիզմները:   Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելիս՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ տարածաշրջանային այս կարևոր նախաձեռնության իրագործման հարցում Հայաստանի կառավարությունն ակնկալում է բոլոր միջազգային գործընկերների գործուն աջակցությունը:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքեր գործադրել Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն ընթացիկ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
14:35 - 06 դեկտեմբերի, 2023
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը անվտանգության լրացուցիչ երաշխիքներ կստեղծի. Արայիկ Հարությունյան |news.am|

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը անվտանգության լրացուցիչ երաշխիքներ կստեղծի. Արայիկ Հարությունյան |news.am|

news.am: Տարածաշրջանում հաղորդակցությունների զարգացման վերաբերյալ բանակցություններում մենք առաջնորդվում ենք ոչ խտրական մոտեցման եւ տարածքային ամբողջականության երկրների իրավադատության լիակատար հարգման սկզբունքով՝ հանուն բարգավաճ ապագայի կառուցման։ Այս մասին «Նոր տարածաշրջանային իրողություններ» եւ «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը որպես խաղաղության օրակարգի կարեւոր մաս։ Նա ավելացրել է, որ այստեղ կարեւոր նշանակություն ունեն հաղորդակցությունների զարգացումը, նոր երկաթուղիների, ավտոճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրագծերի կառուցումը, ինչպես նաեւ հին ենթակառուցվածքի վերականգնումը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը վստահ է, որ դա անվտանգության լրացուցիչ երաշխիքներ կստեղծի տարածաշրջանի բոլոր երկրների համար։ «Հայաստանը պատրաստ է անցնել գործնական քայլերի այդ նախագծի իրականացման ուղղությամբ եւ սպասում է միջազգային գործընկերների աջակցությանը»,- ավելացրել է պաշտոնյան։ Նրա խոսքով՝ վստահությունը համագործակցության եւ անվտանգության հանդեպ ամբողջ աշխարհում շարունակում է նվազել։ «Հայաստանը հավատում է ամուր խաղաղության հասնելու հեռանկարին, ինչպես նաեւ հակամարտությունների լուծմանը խաղաղ ճանապարհով։ Հայաստանը պատրաստ է իր ավանդը ներդնել առկա մարտահրավերների հաղթահարման եւ ամուր խաղաղության կայացման գործընթացում»,- ընդգծել է Հարությունյանը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը միշտ եղել է կապող խաչմերուկ արեւելքի եւ արեւմուտքի, հյուսիսի եւ հարավի միջեւ՝ այստեղից բխող բոլոր քաղաքական, տնտեսական եւ մշակութային առանձնահատկություններով։ «Հայաստանը, ելնելով իր աշխարհագրական դիրքից, այսօր էլ պատրաստ է ծառայել որպես կապող հաբ նման համագործակցության համար։ Դեպի ծով ելք չունեցող երկիր եւ 30 տարի երկու հարեւանների կողմից շրջափակված լինելով՝  Հայաստանը գիտակցում է տրանսպորտային հաղորդակցության լիարժեք գործառնության կարեւորությունը»,- ամփոփել է պաշտոնյան։
11:56 - 05 դեկտեմբերի, 2023
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ
 |1tv.ge|

Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ |1tv.ge|

1tv.ge: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր։ Նշվել է, որ ռազմավարական հարցերի շուրջ բարձր մակարդակով երկխոսությունը օգուտ կբերի ոչ միայն Վրաստանին ու Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին։ Խոսելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու անհրաժեշտության մասին՝ վարչապետն ընդգծել է, որ Վրաստանը բաց է աջակցելու տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված ցանկացած կառուցողական գործընթացի համար։ Կառավարության աշխատակազմում տեղի ունեցած հանդիպմանը ուշադրություն է դարձվել երկու երկրների բարեկամական և բարիդրացիական հարաբերություններին։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
14:12 - 28 նոյեմբերի, 2023
Լարսի որևէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի. Արայիկ Հարությունյան

Լարսի որևէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի համար հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և սփյուռքում, գտնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ։ «Գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ: Բիզնեսին և հարկ վճարողին նման կերպ աջակցելն անկախությունն ու սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է: Լարսի որևէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին», - Facebook-ում գրել է Հարությունյանը։   Նա ընդգծել է՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինեն բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք:
11:16 - 28 նոյեմբերի, 2023
Արայիկ Հարությունյանը Թբիլիսիում ներկա է գտնվել Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը

Արայիկ Հարությունյանը Թբիլիսիում ներկա է գտնվել Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 27-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ներկա է գտնվել Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հուշատախտակը տեղադրվել է Ուզնաձե 93 հասցեում, որտեղ 1906-1922 թվականներին ապրել է աշխարհահռչակ կոմպոզիտորը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն։ Ողջույնի խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և սակրեբուլոյի նախագահ Գ. Տղեմալաձեն։ Իր խոսքում ՀՀ դեսպանն ընդգծել է Թբիլիսիում անցկացրած տարիների ազդեցությունը Խաչատրյան կոմպոզիտորի ձևավորման և կայացման գործում և շնորհակալություն հայտնել Թբիլիսիի սակրեբուլոյին՝ Վրաստանում ՀՀ դեսպանության և Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությանն աջակցելու համար։
16:46 - 27 նոյեմբերի, 2023
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են միջոցառումների նախապատրաստական աշխատանքները
 |armenpress.am|

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են միջոցառումների նախապատրաստական աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ նոյեմբերի 24-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը: Արայիկ Հարությունյանը,  ողջունելով նիստի մասնակիցներին,  ընդգծել է Սերգեյ Փարաջանովի հոբելյանը պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությունը: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են անվանի կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հոբելյանական միջոցառումների ցանկը, որի շրջանակում նախատեսված են ավելի քան 30 ծրագրեր:  Հոբելյանական միջոցառումները տեղի են ունենալու հաջորդ տարի. մեկնարկը տրվելու է 2024 թ. հունվարին:   Ծրագրի շրջանակում նախատեսվում են միջոցառումներ մայրաքաղաքում, մարզերում և արտերկրում: Մասնավորապես, միջազգային գիտական կոնֆերանս, գիտական մենագրության հրատարակություն,  ֆիլմերի ցուցադրություններ, Սերգեյ Փարաջանովին նվիրված կրթամշակութային հանդես, թատերական բալետային, պարային ներկայացումներ, ֆոտոցուցահանդես  և այլն: Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը՝ 2024 թ-ի հունվարի 9-ին: Մտքեր են փոխանակվել միջոցառումների ժամանակացույցին,  ձևաչափերին  առնչվող մի շարք հարցերի շուրջ, քննարկվել են կազմակերպչական  աշխատանքներին վերաբերող հարցեր, ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Արայիկ Հարությունյանը Սերգեյ Փարաջանովի  հոբելյանական տարին ամենաբարձր մակարդակով անցկացնելու համատեքստում կարևորել է գերատեսչությունների միջև փոխկապակցված, արդյունավետ աշխատանքը:
13:29 - 24 նոյեմբերի, 2023