Արամ Ա

Հայ ժողովրդի պահանջատիրական պայքարը պետք է նոր շեշտ ու ծավալ ստանա. Արամ Ա-ի ուղերձը

Հայ ժողովրդի պահանջատիրական պայքարը պետք է նոր շեշտ ու ծավալ ստանա. Արամ Ա-ի ուղերձը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Արամ Ա կաթողիկոսը նախ իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում և Արցախում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված: «Ճգնաժամի մեջ է մեր ազգը: Անորոշ է Արցախի ինքնանկախ գոյությունը: Վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և նույնիսկ անկախությունը: Մեր պահանջատիրությունը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը: Ըստ Արամ Ա-ի` առաջին հերթին հայ ազգը պետք է համախմբվի գերագույն և ընդհանրական գաղափարների, շահերի և արժեքների շուրջ: «Իրոք, կարգախոսներ կրկնելով և իրար արհամարհելով չի կարելի իրավունք պաշտպանել, հայրենիք կառուցել ու պետություն հզորացնել: Հարկ է ազգին ողջ մարդուժը և ներուժը համախմբել ու գործի մղել՝ բոլոր բնագավառներում, ներքին թե արտաքին ճակատներում, մեզ շրջապատող տագնապների դեմ և ապագայի տեսլականների շուրջ»,- ընդգծել է Արամ Ա-ն: Վեհափառ Հայրապետը անհրաժեշտ է համարում մերժել որևէ առաջարկ կամ համաձայնագիր, որը կարող է վտանգել Հայաստանի անկախությունը: « Գիտե՛նք, աշխարհաքաղաքական ներկա պայմանները ի նպաստ մեզ չեն։ Տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման համաձայն ենք. սակայն՝ ո՛չ ի հեճուկս Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության ու անկախության. ո՛չ զիջումներ միայն կատարելով և թույլ դիրքերից բանակցելով»,- շեշտել է Արամ Ա-ն: Արամ Ա-ի խոսքով անհրաժեշտ է քաջություն ունենալ մերժելու որևէ առաջարկ, պարտադրանք կամ համաձայնագիր, որ կարող է սպառնալ Արցախի հայության անվտանգության և հարցականի տակ դնել իր կամքը ազատորեն արտահայտելու Արցախի ժողովրդի իրավունքը։ «Ոչ ոք իրավունք չունի անտեսելու իր պատմական հողերի վրա ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը հստակորեն ընդգծված է մարդու իրավունքների հռչակագրի մեջ։ Անկախությունը բացարձակ արժեք է և չի կարելի այն սակարկության նյութ դարձնել»- ասել է Արամ Ա-ն: Ըստ Հայրապետ Վեհափառի` հայ ժողովրդի պահանջատիրական պայքարը պետք է նոր շեշտ ու ծավալ ստանա` համահունչ ներկա ժամանակների աշխարհաքաղաքական պայմաններին և մարտահրավերներին: «Թուրքիան, պետության լայն կարողությունները օգտագործելով իր ժխտողական քաղաքականությունը ավելի կազմակերպված շարունակում է՝ արևմտյան համալսարաններում թրքագիտության ամբիոններ հաստատելով, հայոց ցեղասպանությունը ժխտող տեղեկատվական կենտրոններ հիմնելով և այլ միջոցներով։ Հետևաբար, անհրաժեշտ է, որ Հայաստանի պետությունը, եկեղեցին և հայ դատի մարմինները, աշխատանքի բաժանումով ու ներդաշնակ գործակցությամբ առավել թափով շարունակեն հետապնդել մեր նվիրական դատը։ Սա համազգային պարտավորություն է»,- եզրափակել է Արամ Ա-ն:
20:06 - 24 ապրիլի, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Արամ Ա կաթողիկոսին գնահատանք է հայտնել Լիբանանի ճգնաժամին դիմագրավելու ջանքերի համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Արամ Ա կաթողիկոսին գնահատանք է հայտնել Լիբանանի ճգնաժամին դիմագրավելու ջանքերի համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունվարի 26-ին ընդունել է Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայացուցիչ դոկտոր Իոաննա Վրոնեցկային:  «Այս առաւօտ՝ Չորեքշաբթի, 26 Յունուար 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Միացեալ Ազգերու Կազմակերպութեան (Մ.Ա.Կ.) Ընդհանուր Քարտուղար Անթոնիօ Կութիերեսի ներկայացուցիչ՝ դոկտ. Եոաննա Վրոնեցքային:  Մ.Ա.Կ.ի ներկայացուցիչը Վեհափառ Հայրապետին նամակ մը յանձնեց Մ.Ա.Կ.ի Ընդհանուր Քարտուղարին կողմէ: Նամակին մէջ Ընդհանուր Քարտուղարը իր գնահատանքը կը յայտնէր Նորին Սրբութեան, ընդհանրապէս Լիբանանի տագնապը դիմագրաւելու գծով իր կատարած ճիգերուն, միջ-համայնքային երկխօսութեան բերած իր կարևոր ներդրումին, ինչպէս նաև 20 Դեկտեմբեր 2021-ին, Լիբանանի վեց գլխաւոր համայնքներու հոգևոր պետերուն հետ իր ունեցած հանդիպման Վեհափառ Հայրապետին բերած կարևոր նպաստին:  Վեհափառ Հայրապետը իր շնորհակալութիւնը յայտնեց Ընդհանուր Քարտուղարին՝ նամակի ճամբով իր պարզած մտածումներուն ու մօտեցումներուն համար: Ապա հանդիպումը առիթ մը հանդիսացաւ ընդհանուր ակնարկ մը նետելու աշխարհը յուզող ներկայ հարցերուն և յատկապէս Լիբանանի այժմու կացութեան: Այս ծիրէն ներս Նորին Սրբութիւնը շեշտեց, թէ խորհրդարանական ընտրութիւն կատարելու, միջազգային դրամատան և միջազգային ֆինանսական կազմակերպութիւններուն հետ գործակցաբար Լիբանանի տնտեսական տագնապը բարելաւելու ու ժողովուրդին ընկերային կարիքներուն շուտափոյթ թարման գտնելու անհրաժեշտութիւնը:  Մ.Ա.Կ.ի ներկայացուցիչը բաժնելով Վեհափառ Հայրապետին տեսակէտները, իր կարգին յիշեցուց, թէ Մ.Ա.Կ.ը կարևորութեամբ կը շեշտէ ընտրութիւն կատարելու հրամայականը և իր կարգին կը քաջալերէ միջազգային դրամատնային ու տնտեսական կազմակերպութիւնները՝ աջակցելու Լիբանանի տնտեսութեան շուտափոյթ վերականգման աշխատանքներուն: Հանդիպումէն յետոյ Մ.Ա.Կ.ի ներկայացուցիչը ճաշի հիւրը եղաւ Նորին Սրբութեան»,- ասված է հայտարարությունում: 
22:54 - 26 հունվարի, 2022
Մեր թշնամիներն ու բարեկամները պետք է իմանան՝ ողջ Սփյուռքը Հայաստանի կողքին է. Արամ Ա

Մեր թշնամիներն ու բարեկամները պետք է իմանան՝ ողջ Սփյուռքը Հայաստանի կողքին է. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Ամանորի առթիվ հայրապետական պատգամ է հղել Անթիլիասի Մայրավանքից:  Նրա խոսքով՝ Լիբանանի հայությունը «ծանր օրեր է ապրում տնտեսական տագնապի հետևանքով»: «Արդարև 2022 տարին հռչակած ենք Սփյուռքի տարի»,- ասում է Արամ Ա-ն ուղերձում: «Այո՛, մենք փոքր երկիր ենք, հարկ է իրատես մոտեցում ունենալ տարածաշրջանի ներկա աշխարհաքաղաքական հոլովույթին նկատմամբ, սակայն այդ չի նշանակեր, որ Հայաստանը ըսելիք պիտի չունենա իր ազգային շահերուն առնչված և իր ներկան ու ապագան ճշտող խնդիրներուն գծով: Այո՛, տարածաշրջանեն ներս համապարփակ ու մնայուն խաղաղության հաստատման համաձայն ենք, բայց ոչ պարտվողական ու զիջողական դիրքերե: Ժողովո՛ւրդ հայոց, ըլլանք զգոն ու հեռատես: Մեր թշնամիներն ու բարեկամները պետք է իմանան, որ Հայաստանը անտեր չէ, որբ չէ: Ողջ Սփյուռքն իր կողքին է, հայությունը մեկ անբաժան ու անբաժանելի ամբողջություն է: Այո՛, ինչ-ինչ պատճառներով ճակատամարտը կորսնցուցինք, բայց ոչ պատերազմը: Ի խնդիր Հայաստանի ու Արցախի անկախության ամրապնդման և մեր ազգային իրավունքներու վերահաստատման, մեր համահայկական պայքարը կշարունակվե հայոց բանակը վերակազմակերպելով ու զայն արդիական զենքերով օժտելով, մեր սահմանները պաշտպանելով: Համահայկական պայքարը պե՛տք է շարունակվե: Թող Աստված օրհնե մեր ազգին բոլոր զավակները և ամեն տեսակի չարե ու չարիքե հեռու պահե մեր ազգն ու Հայրենիքը»,- մասնավորապես ասված է Արամ Ա-ի ուղերձում:
14:14 - 31 դեկտեմբերի, 2021
Ժողովուրդը կը սպասէ, որ հայրենիքի վերականգնումի ու վերածաղկումի առաքելութեան լծուիք. Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ժողովուրդը կը սպասէ, որ հայրենիքի վերականգնումի ու վերածաղկումի առաքելութեան լծուիք. Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը  ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Վսեմաշո՛ւք Պրն. Վարչապետ, քրիստոնէական սիրով ու Հայրապետական օրհնութեամբ կ’ողջունենք Ձեզ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն: Կը շնորհաւորենք Ազգային Ժողովին ընտրութիւնը, ինչպէս նաեւ Ձեր նշանակումը, որպէս Վարչապետ Հայաստանի Հանրապետութեան ու նոր կառավարութեան կազմութիւնը: Արդարեւ, հայ ժողովուրդի ու Հայաստանի պատմութեան վճռադրոշմ մէկ հանգըրուանին, դուք վերստին կը կոչուիք վարչապետի ծանր ու պատասխանատու պաշտօնին: Պաշտօն մը, որ սովորական իմաստով դիրք ու պատիւ չէ, այլ իր էութեամբ ու նպատակով հայրենակերտումի առաքելությիւն է: Այսօր, ինչպէս գիտէք, մեր հայրենիքը լուրջ տագնապներով շրջապատուած է՝ ներքին թէ արտաքին: Անոր պետականութեան հիմքերը վտանգուած են: Յուսախաբութիւնն ու անորոշութիւնը  դարձած են տիրական Հայաստանի ու Արցախի ժողովուրդի կեանքէն ներս: Հետեւաբար, ժողովուրդը կը սպասէ, որ դուք հայրենիքի վերականգնումի ու վերածաղկումի առաքելութեան լծուիք՝ բարձրագոյն աստիճանի նպատակասլաց պատասխանատվութեամբ ու յանձնառութեամբ: Այս սպասումէն մեկնելով ու այս հեռանկարով, կ’ուզենք Ձեր ազնիւ ուշադրութեան յանձնել հետեւեալ կէտերը. ա) Ազրպէյճանի ու Թուրքիոյ միացեալ ուժերով Արցախին դէմ շղթայազերծըւած պատերազմը եւ անոր յառաջացուցած մարդկային մեծաթիւ զոհերը, մեր նահատակներու արիւնով ազատագրուած հողերու գրաւումը, հոգեւոր կառոյցներու քանդումը ու հազարաւոր ընտանիքներու տեղահանումը մեր ժողովուրդին մօտ յառաջացուցած են խոր ընդվզում ու յուսաբեկում: Կարելի չէ առանց հաշուետուութեան, մեր ժամանակակից պատմութեան այս դառն ու մռայլ էջը դարձնել: Հարցումներ կան, որոնք պատասխանի կը սպասեն: Անորոշութիւններ գոյութիւն ունին, որոնք կը կարօտին յստակացման: Փոխադարձ մեղադրանքներ կը կատարուին, որոնք կարիքը ունին լուսաբանութեան: Հետեւաբար, Մեր սպասումն է, որ նոր ընտրուած Ազգային Ժողովը իր օրակարգի առաջնահերթ հարցերէն մէկը դարձնէ բոլոր խմբաւորումներէն բաղկացած յանձնաժողովի մը նշանակումը, որպէսզի ան կարենայ պատերազմին առնչուած բոլոր խնդիրները համապարփակ կերպով ու իրապաշտ մօտեցումով քննել եւ հրապարակային հաշուետուութիւն կատարել մեր ժողովուրդին: բ) Մեր ժողովուրդին ներքին միասնականութիւնը յատկապէս ներկայ տագնապալից ժամանակներուն անյետաձգելի հրամայական է: Իրաւ միասնականութիւնը տեսակէտներու միատեսակութիւն չէ, այլ բազմակարծիքութեան ներդաշնակումն է՝ ի սպաս ազգին ու հայրենիքին գերագոյն շահերուն: Նման միասնականութիւն կը դառնայ ամուր կռուան Հայաստանի պետութեան ամրացման, տոկուն յենարան իշխանությիւն-ժողովուրդ յարաբերութեան և զօրեղ նեցուկ՝ Հայաստանի արտաքին յարաբերութեան: Անհրաժեշտ է, որ ընտրապայքարի օրերուն ծաւալած քաղաքական վատառողջ մշակոյթն  ու ներքաղաքական լարուածութիւնը տեղի տան իշխանութիւն-ընդդիմութիւն առողջ ու շինիչ քննադատութեան: Ա՛յս կը պահանջէ հայրենիքին շահը: գ) Հայրենիքին նկարագիր ու դիմագիծ տուողը ժողովո՛ւրդն է, եւ ժողովուրդը իր իւրայատուկ ինքնութիւնը կ’արտայայտէ ու զայն կը պահէ անեղծ ժամանակի փոշիին դէմ՝ իր բարոյական, հոգեւոր ու ազգային արժէքներով: Ա՛յս կը յիշեցնէ մեզի մեր ”փոքր ածու“ին գոյատեւումը պատմութեան ահաւոր փոթորիկներուն դիմաց: Ներկայ ժամանակներուն, երբ համաշխարհային մշակոյթի ապազգային ”արժէքները“ սկսած են թափանցել ամէն տեղ, Մեր սպասումն է, որ Հայաստանի իշխանութիւնը, յատկապէս կրթական ու մշակութային կառոյցներու ճամբով մեր ժողովուրդը մղէ ամրօրէն կառչելու մեր ազգի ինքնութիւնն ու հզօրութիւնը երաշխաւորող արժէքներուն: դ) Արցախը այսօր վիրաւոր է: Անոր ցաւը մեր ողջ ազգին ցաւն է: Մեր հաւաքական յանձնառութիւնը Արցախի անկախութեան նկատմամբ հարկ է պահել ամուր: Արցախի անկախութեան միջազգային ճանաչումը ո՛չ միայն Հայաստանի իշխանութեան առաջնահերթ հարցերէն մէկը պէտք է դառնայ, այլ նաեւ Սփիւռքին: Մեր ազգին հաւաքական ներուժը հարկ է ի սպաս դնել Արցախի անկախութեան ամրապնդման: ե) Հայաստան-Սփիւռք գործակցութիւնը կենսական կարեւորութիւն ունի թէ՛ Հայաստանին, թէ՛ Արցախին եւ թէ Սփիւռքին համար: Մեր ազգի այս երեք միաւորներուն ներդաշնակ ու սերտ գործակցթուիւնը, բնականաբար դերերու բաժանումով ու առաջնահերթութիւններու յստակեցումով, կը նկատենք հրամայական: Այս շրջագծէն ներս համահայկական օրակարգի մշակումը Սփիւռքի գործօն մասնակցութեամբ կը նկատենք էական ու առաջնային: զ) Արցախի պատերազմը եւ անոր հետեւող Հայաստան-Ազրպէյճան-Ռուսիա զինադադարի ստորագրութիւնը փաստօրէն ցուցանիշ է Կովկասէն ներս ստեղծուած աշխարհաքաղաքական նոր իրավիճակին: Ներկայ վտանգալից կացութիւնը կը պահանջէ, որ Հայաստանի անվտանգութեան ու հողային ամբողջականութեան նկատմամբ իշխանութիւնը ըլլայ զգօն ու անտեղիտալի: Հայաստանին համար վտանգաւոր զարգացումներով յղի շրջանի պարզած ներկայ իրավիճակը նաեւ կը պահանջէ ”Ո՛չ“ ըսելու  վճռակամութիւն: Արդարեւ, պատմութեան ընթացքին մեծ կայսրութիւններու շահերու խաչմերուկին կռուախնձոր դարձած Հայաստանը իր գոյութիւնը պահեց, թէկուզ երբեմն վիրաւոր, ”Ո՛չ“ ըսելու իր հաւաքական քաջութեամբ: է) Երբ այսօր Հայաստանը շրջապատուած է հին ու նոր ժամանակներու ցեղասպաններով, որոնք կը շարունակեն իրենց ծաւալապաշտական նկրտումները Հայաստանի ու Արցախի նկատմամբ՝ անտեսելով իրենց յանձնառութիւնները ու միջազգային օրէնքի տրամադրութիւնները, անհրաժեշտ է որ հայոց բանակը դառնայ աւելի կազմակերպ ու մարտունակ: Նաեւ անհրաժեշտ է որ կարենանք մեր ռազմավարական բարեկամներու ու գործընկերներու ծիրը ընդլայնել: Մեր սպասումն է, Պրն. Վարչապետ, որ հակիրճ կերպով Ձեզի պարզած Մեր մտահոգութիւններն ու մտածումները կարեւորութեամբ նկատի ունենաք, որպէզի կարելի ըլլայ հաւավաքական ու հետեւողական ճիգով, խոհեմ ու պատասխանատու ոգիով մեր հայրենիքը առաջնորդել դէպի պայծառ ապագայ: Կ’աղօթենք առ Բարձրեալն Աստուած, որ անսասան ու ապահով պահէ Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնները եւ Ձեզի պարգեւէ իմաստութիւն ու կորով՝ Ձեր դժուար առաքելութեան մէջ»: 
16:35 - 09 օգոստոսի, 2021
Արամ Ա-ն Հռոմի Պապին խնդրել է նպաստել հայ ռազմագերիների վերադարձին

Արամ Ա-ն Հռոմի Պապին խնդրել է նպաստել հայ ռազմագերիների վերադարձին

Վատիկան մէջ վերջերս տեղի ունեցած Լիբանանի քրիստոնեայ հոգևոր պետերու ժողովի ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը յարմար առիթով Ֆրանչիսկոս Պապին հետ առանձին անդրադարձաւ Արցախի պատերազմի հետևանքներուն և յատկապէս ցարդ Ազրպէյճանի մօտ գտնուող հայ գերիներու վերադարձի հարցին:   Վեհափառ Հայրապետը յիշեցուց, թէ միջազգային օրէնքի տրամադրութիւններուն դէմ է պատերազմի գերիներուն նկատմամբ Ազրպէյճանի ցուցաբերած հակաօրինական մօտեցումը: Նորին Սրբութիւնը իր ջերմ շնորհակալութիւնը յայտնեց Պապին, որ անդրադարձած էր գերիներու հարցին և խնդրեց, որ յարմար առիթով դարձեալ անդրադառնայ մեր ժողովուրդը յուզող յիշեալ հարցին՝ օգտակար հանդիսանալով գերիներու շուտափոյթ վերադարձին:   Հայրապետը նոյն հարցին շուրջ նաև խօսեցաւ Վատիկանի պետական քարտուղար Քարտինալ Փարոլինին հետ:   Այս մասին Վեհափառ Հայրապետը մանրամասնութիւններ փոխանցեց Վատիկանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Կարէն Նազարեանին:  
12:46 - 03 հուլիսի, 2021