Ավստրիա

Ավստրիան չի աջակցի ռուսական գազի նկատմամբ արգելք սահմանելուն. ֆինանսների նախարար |1lurer.am|

Ավստրիան չի աջակցի ռուսական գազի նկատմամբ արգելք սահմանելուն. ֆինանսների նախարար |1lurer.am|

1lurer.am: Ավստրիայի ֆինանսների նախարար Մագնուս Բրուները CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը չի աջակցի ռուսական գազի նկատմամբ արգելք սահմանելուն, քանի որ դա ավելի շատ կհարվածի Ավստրիային, քան Ռուսաստանին: Նրա խոսքով՝ «Ավստրիայի համար Ռուսաստանի նկատմամբ մյուս բոլոր պատժամիջոցները ընդունելի են, բայց ոչ գազային էմբարգոն»։ Ըստ նրա՝ եթե պատժամիջոցները դրանք սահմանող երկրին ավելի շատ են հարվածում, քան նրան, ում դեմ ուղղված են, ապա դրանք անարդյունավետ են: Բրուները հավելել է, որ Ավստրիայի արդյունաբերությունն այնքան է կախված ռուսական գազից, որ Վիեննան այս պարագայում ընտրություն չունի: Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը հայտարարել էր, որ իր երկիրը կկարողանա ռուսական գազի մատակարարումներից անկախանալ միայն մի քանի տարի անց: Նա խոստովանել է, որ Ավստրաին 80 %-ով կախված է ռուսական գազի մատակարարումներից, ուստի առայժմ հնարավոր չէ դրանից հրաժարվել:
12:57 - 23 ապրիլի, 2022
Ավստրիայի կանցլերի պնդմամբ՝ Պուտինը հնարավոր է համարել գազի դիմաց եվրոյով վճարումը

Ավստրիայի կանցլերի պնդմամբ՝ Պուտինը հնարավոր է համարել գազի դիմաց եվրոյով վճարումը

Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ իրենց հանդիպման ընթացքում ասել է, որ Ավստրիան գազի դիմաց կարող է նախկինի պես եվրոյով վճարել, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ավստրիական APA լրատվական գործակալությունը։ Նեհամերի խոսքով՝ իր և Պուտինի միջև մարտի 11-ին Մոսկվայում «շատ ուղիղ, բաց և կոշտ» խոսակցություն է տեղի ունեցել Ուկրաինա ներխուժման մասին։ Սակայն Ասվտրիայի առաջնորդը հրապարակավ չէր խոսել Ավստրիային գազի մատակարարման անվտանգության հարցի քննարկման մասին։ Իսկ երեկ APA ավստրիական և DPA գերմանական գործակալություններին տված հարցազրույցում Նեհամերը նշել է․ Պուտինի խոսքով՝ «գազի մատակարարումները պաշտպանված են, Ռուսաստանը տրամադրելու է պայմանագրով համաձայանեցված ծավալները, և վճարումները կարող են նախկինի պես եվրոյով կատարվել»։ Նշենք, որ Մոսկվան Եվրոպային զգուշացրել է, որ գազի դիմաց ռուբլով չվճարման դեպքում մատակարարումները կարող են դադարեցվել։ Ավստրիան իր գազի 80%-ը ստանում է Ռուսաստանից և դեմ է արտահայտվում ռուսական գազի էմբարգոյին, որի սահմանումը քննարկում է Եվրամիությունը։ Երկիրը պնդում է, որ անհնար է միանգամից այլընտրանքային մատակարարներ գտնել։   Նորա Վանյան  
15:59 - 14 ապրիլի, 2022
Ավստրիայի կանցլերը Մոսկվա է ժամանում

 |factor.am|

Ավստրիայի կանցլերը Մոսկվա է ժամանում |factor.am|

factor.am: Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը երկուշաբթի կժամանի Մոսկվա և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա կլինի առաջին եվրոպացի առաջնորդը, որը կայցելի Մոսկվա փետրվարի 24-ից ի վեր, երբ սկսվեց ռուսական լայնածավալ ներխուժումն Ուկրաինա, գրում է VOA-ն: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է Ավստրիայի կանցլերի այցը։ Նեհամերն իր հերթին լրագրողներին ասել է, որ մտադիր է Պուտինի հետ խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության հնարավորության և Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մասին։ «Մեզ անհրաժեշտ են մարդասիրական միջանցքներ, հրադադար և ռազմական հանցագործությունների լիարժեք հետաքննություն»,- գրել է կանցլերը Twitter-ում։ Մինչ այդ, շաբաթ Նեհամերը Կիևում բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ դատապարտելով ռուսական ագրեսիան և խոստանալով քաղաքական և հումանիտար աջակցություն։ Ավստրիան չեզոք երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ չէ, Ուկրաինային զենք չի մատակարարում։ Հաղորդվում է, որ կանցլերի այցը համաձայնեցվել է ԵՄ առաջնորդների հետ, որի մասին տեղեկացվել են նաև Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները։
16:44 - 11 ապրիլի, 2022
Ավստրիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսի դեմ բնակչության պարտադիր պատվաստման օրենքը

Ավստրիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսի դեմ բնակչության պարտադիր պատվաստման օրենքը

Ավստրիայում փետրվարի 5-ից ուժի մեջ է մտել կորոնավիրուսի դեմ բնակչության պարտադիր պատվաստման օրենքը։ Deutsche Welle-ն գրում է, որ խորհրդարանի հավանությունն ստացած համապատասխան օրենքը նախօրեին՝ փետրվարի 4-ին ստորագրվել է հանրապետության նախագահի և դաշնային կանցլերի կողմից։ Բոլոր նրանք, որոնք չունենալով բժշկական հակացուցումներ, կհրաժարվեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, օրենքը նախատեսում է մինչև 3600 եվրո տուգանք։  Նախատեսվում է, որ փետրվարի 15-ից Ավստրիայի բոլոր չպատվաստված բնակիչները նամակներ կստանան, որտեղ կոչ կարվի պատվաստվել COVID-19-ի դեմ։ Եթե մեկ ամսվա ընթացքում քաղաքացին չպատվաստվի, կտուգանվի։  Ավստրիայի բնակչության շրջանում հակասական վերաբերմունք կա կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման երևույթի նկատմամբ։ Այս միջոցի կողմնակիցները հայտարարում են, որ այդպիսով նրանք իրենց համերաշխությունն են հայտնում հանրությանը։ Զուգահեռաբար, կորոնավիրուսի դեմ պատվաստման տասնյակ հազարավոր ընդդիմադիրներ, վերջին մի քանի շաբաթների ընթացքում, ի նշան իրենց բողոքի, պարբերաբար դուրս են գալիս փողոցներ։  Շարունակությունը՝ hetq.am կայքում
17:54 - 05 փետրվարի, 2022
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգին

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։  Վարչապետը ողջունել է պարոն Շալենբերգի այցը մեր երկիր և հույս հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-ավստրիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նշելով, որ այս տարի լրացել է Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա փոխգործակցության մեծ ներուժ կա: Այն իրացնելու համատեքստում վարչապետը կարևորել է քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում Հայաստանի ու Ավստրիայի կառավարությունների ակտիվ փոխգործակցության անհրաժեշտությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Երևանում հայ-ավստրիական գործարար ֆորումի անցկացումը, ինչը կնպաստի մասնավոր հատվածների միջև կապերի ընդլայնմանը, համատեղ նոր ներդրումային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Ալեքսանդր Շալենբերգը նշել է, որ Հայաստանի իր գործընկերոջ հետ ունեցել է արդյունավետ բանակցություններ և նշել, որ Ավստրիան շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ բոլոր ուղղություններով: Ավստրիայի ԱԳ նախարարը ևս կարևորել է տնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնումը և հավելել, որ ավստրիացի գործարարները մեծապես հետաքրքրված են մեր երկրում գործունեություն ծավալելու հնարավորություններով: Ալեքսանդր Շալենբերգը ողջունելի է համարել ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով, որ իր երկիրը պատրաստ է օժանդակել Հայաստանին դրանց հետագա արդյունավետ ընթացքն ապահովելու գործում:   Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Շալենբերգն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերսկսման ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը: Այդ առումով, կարևորվել է ՄԽ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցի իրականացումը: Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հնարավորություններին և դրա համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը վերաբերող հարցեր:
18:00 - 03 փետրվարի, 2022
Հայաստանը պատրաստ է և իսկապես ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանը պատրաստ է և իսկապես ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցրեին Ավստրիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,Հարգելի՛ պարոն նախարար, պարո՛ն Շալենբերգ, Ողջունում եմ Ձեր այցը Երևան, Հայաստանի Հանրապետություն: Հատկանշական է և շատ ուրախալի, որ այս այցը համընկնում է մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ, և ուրախությամբ պետք նկատեմ, որ այս 30 տարիների ընթացքում բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվել․ կա քաղաքական, տնտեսական և մշակութային երկխոսության ու համագործակցության լուրջ փորձ: Անշուշտ, մենք չենք իրացրել այն ողջ ներուժը, որը կա մեր երկու երկրների միջև հարաբերություններում, և ես մեծ հույս ունեմ, որ այս այցը խթան կհանդիսանա, որպեսզի այդ ուղղությունով առաջ շարժվենք՝ անցնենք մեր միջև հարաբերությունների հաջորդ փուլին։ Այս առումով ուրախալի է նկատել, որ պարոն Շալենբերգին ուղեկցում է ավստրիական լուրջ բիզնես պատվիրակություն, և մենք այստեղ վաղը ունենք հայ-ավստրիական բիզնես ֆորումի բացում և աշխատանքներ։ Եվ նաև ուզում եմ ևս մեկ հատկանշական փաստ ներկայացնել. մենք այս այցի ընթացքում համատեղ կբացենք Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակը Երևանում, և այս գործակալությունը ևս կլինի այն կարևոր միջոցներից մեկը, որով մեր համագործակցությունը կշարունակվի: Ուզում եմ մեր գործընկերներին, Ձեր թույլտվությամբ, պարո՛ն նախարար, տեղեկացնել, որ մենք քիչ առաջ ունեցել ենք համատեղ քննարկում, որտեղ անդրադարձել ենք և՛ երկկողմ հարաբերություններին և՛ տարածաշրջանին և ընդհանրապես՝ աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Ես կիսվել եմ նախարար Շալենբերգի հետ մեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումներով՝ և՛ Լեռնային Ղարաբաղին, և՛ Հայաստան-Ադրբեջան սահմանին առնչվող բոլոր խնդիրներով։ Տեղեկացրել եմ նաև Հայաստան-Թուրքիա երկխոսության վերջին զարգացումների մասին: Ուրախությամբ պիտի նկատեմ, որ պարոն Շալենբերգը, վստահ եմ՝ իր ելույթում ևս կնշի, միանշանակ ողջունում և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափինվ և նրանց ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի դեռ չլուծված հակամարտության կարգավորմանը։ Նա նաև իր աջակցությունն է հայտնել բոլոր առկահումանիտար խնդիրների լուծմանը, ինչպիսիք են մեր ռազմագերիների հարցը և մշակութային հուշարձանների պահպանման ու հասանելիության հարցը։ Մենք այսօր նաև հարցուպատասխանի հնարավորություն կունենանք։ Խոսքս փոխանցում եմ իմ գործընկերոջը։ Համեցե՛ք, խնդրեմ։ ՀՀ ԱԳ նախարարի արձագանքը՝ Ավստրիայի ԱԳ նախարարի ելույթից հետո Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, պարո՛ն նախարար։ Ես հուսով եմ, որ Դուք այս անգամ Երևանից գնալիս ինձ հրաժեշտ կտաք ոչ միայն որպես գործընկերոջ, այլև՝ որպես ընկերոջ։ Եվ նաև, ուզում եմ կրկին ընդգծել բիզնես համայնքների միջև համագործակցության կարևորությունը և ասել, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, Հայաստանն ազատ և իրապես մրցակցային շուկա ունեցող, շուկայական տնտեսական հարաբերություններ ունեցող երկիր է։ Հայաստանը մի երկիր է, որն անհաշտ պայքար է մղում կոռուպցիայի դեմ, և այս առումով կարծում եմ, որ ավստրիացի գործարարների համար անհրաժեշտ պայմանները ստեղծված են՝ իրենց հետաքրքրություններն իրականացնելու համար։ Այժմ Ձեր թույլտվությամբ անդրադառնանք հարցերին։ Հարց. Հարցս կցանկանայի ուղղել Ավստրիայի արտաքին գերատեսչության ղեկավարին: Պարո՛ն նախարար, արցախյան երկրորդ պատերազմից հետո հանրապետությունում առկա են մի շարք հումանիտար բնույթի խնդիրներ: Խոսքը, առաջին հերթին, բնականաբար, գերիների և քաղաքացիական անձանց մասին է, որոնք շարունակում են պահվել Բաքվում․ չնայած տարբեր հորդորների, Ադրբեջանը հրաժարվում է մարդկանց վերադարձնել Հայաստան: Երկրորդ կարևոր խնդիրը դա միջազգային հումանիտար կառույցների մուտքի արգելափակումն է Արցախի Հանրապետություն: Այդ կառուցները, ցավոք սրտի, հնարավորություն չունեն աշխատելու այդ տարածքներում: Ինչպիսի՞ն եք Դուք տեսնում միջազգային հանրության դերակատարումը այս երկու՝ Հայաստանի համար երկու կարևոր հարցերի հանգուցալուծման առումով: Շնորհակալություն: Արարատ Միրզոյան. Թեև հարցը ինձ չէր ուղղված, այնուամենայնիվ ես էլ արձագանքեմ, որովհետև պարոն նախարարը չափազանց կարևոր բաներ ասեց, ես ուզում եմ փոքրիկ լրացում անել։ Իսկապես, որքան էլ որ միջազգային հանրությունն իր գործիքակազմը կիրառի և խրախուսի՝ կողմերին գալու համաձայնության տարբեր հարցերում, այնուամենայնիվ էական է, որ բուն կողմերն ունենան այդ քաղաքական կամքը։ Կարծում եմ և՛ դուք, և՛ ողջ աշխարհը տեսել եք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և իսկապես ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը, և այս մասին մենք հայտարարել ենք ոչ միայն հրապարակավ, այլև գրել ենք մեր կառավարության ծրագրում: Այն ընդունվել է Ազգային ժողովում և դրանից հետո տեղի են ունեցել ընտրություններ, և Հայաստանի ժողովուրդը, ըստ էության, քվեարկել է այդ խաղաղության համար: Եվ ահա այստեղ է, որ մենք պետք է ցավով արձանագրենք, որ ոչ միշտ կամ, կարելի է ասել՝ ճիշտ հակառակը, մշտապես հակառակ մեսիջներ ենք ստանում պաշտոնական Բաքվից։ Որպես օրինակ, կարող եմ գործընկերներին խորհուրդ տալ նայել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը: Ինչպես և նախկինում, այնպես էլ այսօր, ես կրկնում եմ, որ հակահայ հռետորաբանությունը, ագրեսիվ հռետորաբանությունը, ագրեսիվ քայլերը սահմանին և հումանիտար խնդիրների չլուծելը, օրինակ՝ ռազմագերիների շարունակական առկայությունը Ադրբեջանում, մեղմ ասած, չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը: Ուզում եմ հավելել, որ թեև դա նախատեսված չէր հրադադար հաստատող եռակողմ հայտարարությամբ, այնուամենայնիվ հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, քանի որ մենք շահագրգռված չենք մարդկանց մահվան մեջ և մեր կողմից միակողմանիորեն լուծում ենք տվել այդ հարցին: Նաև ուզում եմ անդրադառնալ միջազգային կազմակերպություններին: Ցավով պետք է ասեմ, որ այստեղ ևս Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումն ակնհայտ երևում է, որովհետև նրանք պարտադրում են ոչ միայն այլ միջազգային կառույցների, այլև նույնիսկ միջազգային Կարմիր խաչի կոմիտեին, որը մարդասիրական նպատակներ հետապնդող կազմակերպություն է և որևէ քաղաքական ենթաշերտ և կոնտեքստ չունի, և, ահա, Ադրբեջանը, ըստ էության, պարտադրում է նույնիսկ միջազգային Կարմիր խաչին տեղավորվել այն քաղաքականության մեջ, որ իրենք են տեսնում: Սա միակ կազմակերպությունն է, որն այս տարիների ընթացքում եղել է, ունեցել է ներկայություն և մուտք ու ելք է ունեցել Լեռնային Ղարաբաղ, և այժմ Ադրբեջանը, ըստ էության, փաստորեն նույնիսկ սա է սահմանափակում: Ես պետք է ամփոփելով վերահաստատեմ, որ մենք ցանկանում ենք կառուցողական խոսակցություն և բոլոր հարցերի լուծում, ինչպես և Դուք նշեցիք՝ նպատակ ունենալով խաղաղություն և կայունություն հաստատել տարածաշրջանում, և այստեղ պահանջվում է նաև Ադրբեջանի նույնատիպ դիրքորոշումը: Հարց․ Ինչպես է ընթանում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Արարատ Միրզոյան. Շատ շնորհակալ եմ հարցի համար: Սա իսկապես կարևոր հարց է, որը հետքրքրում է և՛ հայ հասարակությանը, և՛, կարծում եմ, Թուրքիայի քաղաքացիներին, ինչպես նաև բոլոր միջազգային գործընկերներին: Պետք է ասեմ, որ, մեծ հաշվով, Հայաստանի Հանրապետության դիրքորոշման մեջ այս հարցում ոչինչ չի փոխվել այս տարիների ընթացքում։ Ինչպես և նախորդ բոլոր 25, 30 տարիների ընթացքում, այնպես էլ այսօր Հայաստանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները պետք է բացվեն, և մեր երկրների միջև պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ առանց որևէ նախապայմանի: Ահա այս նպատակադրումով, այս ակնկալիքով է, որ մենք կրկին մտել ենք այս երկխոսության գործընթացի մեջ: Գիտեք, որ առայժմ տեղի է ունեցել մեկ հանդիպում: Պետք է ասեմ, որ առաջին հանդիպումը, իհարկե, շատ բովանդակային հարցերի չի կարողացել անդրադառնալ, բայց կան որոշակի դրական ազդակներ, որ գործընթացը կընթանա բարեհաջող, բայց կրկնում եմ՝ սա այն հարցերից է, որոնք ակնհայտորեն միայն մեկ կողմի դիրքորոշումից չեն կախված: Շնորհակալ եմ: Հարց. Շնորհակալություն: Հարցս ուղղում եմ Հայաստանի արտգործնախարարին: Դուք նոր խոսեցիք հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումից, կարո՞ղ եք ասել այս պահի դրությամբ պաշտոնական Երևանը, ի վերջո, որոշում կայացրե՞լ է, մասնակցելու՞ է Անթալիայի համաժողովին: Դու՞ք եք մեկնելու, թե պարոն Ռուբինյանն է մեկնելու: Այս հարցում որևէ նորություն կա՞, և հաջորդ հանդիպումը Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև ե՞րբ և որտե՞ղ է կայանալու: Դուք նաև հպանցիկ անդրադարձաք Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին, այնուամենայնիվ, Ձեր գնահատմամբ, պարոն Ալիևի այս խոսքերը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բանակցությունների ֆոնին ինչպե՞ս են դիտվում: Շնորհակալություն: Արարատ Միրզոյան. Նախ՝ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի կոնտեքստում՝ այո, ես և պարոն Ռուբինյանը հրավեր ենք ստացել մասնակցելու Անթալիայի միջոցառմանը, և, ըստ էության, քիչ առաջ մենք միջոցառումը քննարկել ենք նաև պարոն Շալենբերգի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այս մասով դեռևս որոշում չունի. հարցը քննարկվում է: Ուղղակի ուզում եմ նշել, որ սա, ըստ էության, կարևոր է ընդգծել, որ երկկողմ այց չէ և երկկողմ համատեքստում պետք չէ դիտարկել, սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է և Հայաստանի Հանրապետությունը որոշի մասնակցել. ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև, կարծում եմ, որ, նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի: Ինչ վերաբերում է Ադրբեջանի մասով Ձեր հարցին, պիտի ուղղակի կրկնեմ, որ ես կարծում եմ, որ այն պայմաններում, երբ Հայաստանն իսկապես շահագրգիռ է և հայտարարում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու իր պատրաստականության և ցանկության մասին, ահա այդ պայմաններում մենք պիտի նայենք երկրորդ կողմից, տվյալ դեպքում՝ Ադրբեջանից, նույն կառուցողական մոտեցումը տեսնենք: Նորից եմ կրկնում՝ այդ ագրեսիվ և հակահայ հռետորաբանությունը որևէ կերպ համապատասխան կառուցողական մթնոլորտի ստեղծմանը չի նպաստում: Նույնիսկ ավելին կարող եմ ասել․ գիտեք որ Հաագայի դատարանը դեկտեմբերի 7-ին կայացրել է համապատասխան որոշումներ, և ահա այդ որոշումներից մեկը ֆիքսում էր ադրբեջանական պաշտոնյաների կողմից հակահայկական հռետորաբանությունը. շատ հստակ արձանագրված է որոշումներում, և կոչ էր անում և պարտադրում էր Ադրբեջանի բարձր ղեկավարությանը՝ զերծ մնալ այդպիսի հռետորաբանությունից: Ահա սա ևս մի կարևոր նրբերանգ և պատճառ է, ինչի համար կարծում եմ, որ նրանք պիտի դադարեցնեն դա: Շնորհակալություն: Հարց․ Պարո՛ն նախարար, արդյո՞ք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վաղ թե ուշ կնքումը օգտակար կլինի Հայաստանի համար, և որո՞նք են նմանատիպ պայմանագրի պարագայում հայկական կողմի կարմիր գծերը։ Արարատ Միրզոյան. Իսկապես, կարևոր հարց եք բարձրացնում և պատասխանները, կարծում եմ, առավել քան ակնհայտ են: Ես քիչ առաջ խոսեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասին և ուզում եմ այժմ մանրամասնել. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այն միջազգային ձևաչափն է, որը ստեղծվել է և օժտվել միակ և բացառիկ մանդատով՝ գտնել քաղաքական կարգավորում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համար: Ահա, հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ, և մենք պիտի շարունակենք բանակցություններն այդ ձևաչափում․ կրկնում եմ, քաղաքական կարգավորում գտնելու ճանապարհը կամ արդյունքներից մեկը հենց խաղաղության համապարփակ համաձայնագրի պարամետրերը հստակեցնելն է և այդպիսի պայմանագիր մշակելը և, ըստ այդմ նաև՝ կնքելը: Ուզում եմ այստեղ ասել նաև, որ չափազանց էական է հիշել այն սկզբունքները, որոնք այս համանախագահությունը տարիների ընթացքում մշակել է և, ահա, այդ սկզբունքներից մեկը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն են և, մասնավորապես, ինքնորոշման իրավունքը։ Եվ այդ սկզբունքներից մեկը, օրինակ, ուժի չկիրառումն է, որը, ցավոք, տեսանք 2020 թվականի ընթացքում կոպտորեն ոտնահարվեց, և հիմա ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը և ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, այլև ողջ աշխարհը պիտի որոշի՝ արդյոք ուժի չկիրառումը մնում է հիմնարար սկզբունք աշխարհում, թե՝ պետությունները կարող են թույլ տալ ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով կարևորագույն հարցեր և ժողովուրդների ճակատագրեր որոշել, որովհետև, եթե կանոնը խախտվում է մեկի համար, հավանաբար, դուռ է բացվում նաև մյուսների համար այդ ճանապարհով շարժվելու:
18:04 - 02 փետրվարի, 2022
Միջազգային հանրությանը պետք է, որ Երևանը, Բաքուն, հայերն ու ադրբեջանցիները կամք դրսևորեն՝ առաջ գնալու. Ավստրիայի ԱԳ նախարար |1lurer.am|

Միջազգային հանրությանը պետք է, որ Երևանը, Բաքուն, հայերն ու ադրբեջանցիները կամք դրսևորեն՝ առաջ գնալու. Ավստրիայի ԱԳ նախարար |1lurer.am|

1lurer.am: Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանում առկա են մի շարք հումանիտար բնույթի խնդիրներ. խոսքը առաջին հերթին գերիների և քաղաքացիական անձանց մասին է, որոնք շարունակում են պահվել Բաքվում: Ադրբեջանը հրաժարվում է նրանց վերադարձնել: Մյուս կարևոր խնդիրը միջազգային կառույցների մուտքի արգելափակումն է Արցախ: Ինչպե՞ս եք տեսնում այս հարցերի հանգուցալուծումը: Այսօրվա ասուլիսի ընթացքում «Լուրեր»-ի հարցին Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը պատասխանեց. «Ես հավատում եմ, և մենք տեղյակ ենք, որ բազմաթիվ շահագրգիռ կողմեր մտադիր են բարի գործեր իրականացնել: Ունենք անմիջական հարևաններ, Մինսկի խմբի համանախագահությունը, և ինչ էլ լինի, պետք է գործընթացն ուղղորդենք ԵԱՀԿ-ի շրջանակներում: Միջազգային հանրությունը չի կարող փոխարինել կողմերի քաղաքական կամքը: Միջազգային հանրությանը պետք են Երևանը, Բաքուն, հայերն ու ադրբեջանցիները, որ կամք դրսևորեն՝ առաջ գնալու: Գիտենք, որ վերքը դեռևս բաց է»: Ավստրիայի ԱԳ նախարարը ճիշտ քայլերի դիմելու պատրաստակամություն տեսնում է:
13:32 - 02 փետրվարի, 2022
Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը կայցելի Հայաստան |hetq.am|

Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը կայցելի Հայաստան |hetq.am|

hetq.am: Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ Այդ մասին նշվում է Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում։     «Այսօր մենք տոնում ենք Հայաստանի և Ավստրիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Հաջորդ շաբաթ արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի այցը Երևան նոր հնարավորություն կլինի ակտիվացնելու մեր երկկողմ հիանալի հարաբերությունները և ուսումնասիրելու մեր հետագա համագործակցության հնարավորությունները»,- նշվում է գրառման մեջ։ Ալեքսանդր Շալենբերգը Ավստրիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնին վերանշանակվել է 2021 թվականի դեկտեմբերի 6-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր դաշնային կանցլերի պաշտոնը։ Այդ պաշտոնին Սեբաստիան Կուրցին փոխարինելուց 52 օր անց՝ նա հրաժարական էր տվել։ Կանցլերի պաշտոնում հաստատվելուց հետո Շալենբերգը չէր դարձել Ավստրիայի ժողովրդական կուսակցության առաջնորդ։ Այն շարունակում էր ղեկավարել նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը։ «Ես այդպիսի մտադրություն չունեմ և երբեք այդպիսի նպատակ չի եղել՝ ինձ վրա վերցնելու Ավստրիայի ժողովրդական կուսակցության նախագահի գործառույթը։ Ես համոզված եմ, որ երկու պաշտոնը՝ կառավարության ղեկավարի և Ավստրիայի ամենահեղինակավոր կուսակցության առաջնորդի, պետք է որքան հնարավոր է շուտ միավորվեն մեկ ձեռքում»,- իր հրաժարականի դիմումում գրել էր Շալենբերգը։ Ներկայում Ավստրիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնում է երկրի ներքին գործերի նախկին նախարար Կառլ Նեհամերը, որը զուգահեռաբար նաև Ժողովրդական կուսակցության առաջնորդն է։ Նոյեմբերի 18-ին Ավստրիայի խորհրդարանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել էր նախկին կանցլեր Կուրցին՝ կոռուպցիոն սկանդալի հետաքննության համար։ Դատախազությունը կասկածում է, որ Կուրցը և նրա մի քանի մերձավորներ ավստրիական տաբլոիդներից մեկի խմբագրությանը վճարել են, որպեսզի նա Կուրցի վարած քաղաքականությունը լուսաբանի բարենպաստ լույսի ներքո։ Ըստ դատախազության՝ վճարումն արվել է պետական միջոցներից։ Քրեական գործով անցնում է Ավստրիայի ֆինանսների նախարարության մամուլի նախկին քարտուղար Յոհանես Ֆիշմանը, Ավստրիայի ժողովրդական կուսակցության անդամներ, սոցիոլոգներ և լրագրողներ, որոնք, ըստ դատախազության, իշխանության գալու համար, օգնել են Կուրցին մանիպուլացնել հանրային կարծիքը։ Ինքը՝ Կուրցը, հերքում է բոլոր մեղադրանքները։
16:25 - 25 հունվարի, 2022