Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) Միավորված Ազգերի Կազմակերպությանը պատկանող միջկառավարական կազմակերպություն է։ Կենտրոնական գրասենյակը Ժնեւում է։

Հիմնվել է 1948 թվականի ապրիլի 7-ին, երբ ՄԱԿ-ի անդամ 26 երկրի կողմից ընդունվեց եւ հաստատվեց ԱՀԿ կանոնադրությունը։ Ամեն տարի ապրիլի 7-ը աշխարհում նշվում է որպես «Առողջության համաշխարհային օր»։ ԱՀԿ-ն, հաշվելով 193 անդամ պետություններ, նպատակ ունի բոլոր ժողովուրդներին բարձրացնել առողջապահության ամենաբարձր մակարդակի։

Ըստ իր սահմանադրության ԱՀԿ-ն ունի երկու գլխավոր ֆունկցիա՝

  1. գործել որպես ղեկավար մարմին առողջապահության բնագավառում
  2. նպաստել տեխնիկական համագործակցությանը անդամ պետությունների ներսում՝ ի հօգուտ առողջապահության համակարգի զարգացման։

ԱՀԿ-ն իր ֆունկցիաներն իրականացնում է երեք հիմնական մարմինների միջոցով՝ Առողջապահության համաշխարհային ժողով, Գործադիր խորհուրդ եւ Քարտուղարություն։

Հայաստանի Հանրապետությունը ԱՀԿ անդամ է 1994 թվականի օգոստոսից, եւ այդ ժամանակից էլ Հայաստանում ստեղծվել է ԱՀԿ-յան ներկայացուցչություն։ 

Իսրայելից բժիշկներ են ժամանել Հայաստան օգնելու բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին |1lurer.am|

Իսրայելից բժիշկներ են ժամանել Հայաստան օգնելու բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին |1lurer.am|

1lurer.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայցով Իսրայելի Պետության առողջապահության նախարարությունը երկու բժիշկ է ուղարկել Երևան՝ աջակցելու սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը: Բժիշկներից Յարոմ Շոհամը Իսրայելի «Սորոկա» բժշկական կենտրոնի այրվածքաբանության բաժնի վարիչն է, իսկ Ադի Մաիսել Լոթանը Իսրայելի «Շաարե Զեդեք» բժշկական կենտրոնի պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության փորձագետ է։ Նրանք կմիանան պայթյունից տուժածներին բժշկական աջակցություն ցուցաբերողների միջազգային փորձագետների խմբին։ Բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը հանգեցրել է մեծածավալ վնասների, ինչի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Վիրավորներից շատերը բուժման նպատակով տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ, և Իսրայելից ժամանած բժիշկները իրենց փորձով կկիսվեն՝ օգնելու Հայաստանի բժիշկներին։ Այս ողբերգության կապակցությամբ Իսրայելի կառավարությունը իր զորակցությունն ու աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել հայ ժողովրդին։ Այս երկու բժիշկների առաքելությունը վկայում է Իսրայելի՝ հումանիտար օգնության հանդեպ ունեցած իր նվիրվածության և հայ ժողովրդին աջակցության մասին։
12:39 - 02 հոկտեմբերի, 2023
Covid 19-ի դեպքերն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում 2023 թվականի սկզբից կտրուկ նվազել են. ԱՆ |armenpress.am|

Covid 19-ի դեպքերն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում 2023 թվականի սկզբից կտրուկ նվազել են. ԱՆ |armenpress.am|

armenpress.am: Covid 19-ի դեպքերն  աշխարհում 2023 թվականի սկզբից կտրուկ նվազել են: Համավարակը դեռ շարունակվում է, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ վերջին շրջանում նվազել է և՛ վարակման դեպքերի,  և՛մահվան դեպքերի թիվը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն ընդգծեց, որ Հայաստանում նույնպես գրանցվել է կորոնավիրուսային համավարակի կտրուկ նվազում: Մասնագետն ընդգծեց, որ  Covid 19-ի վերարտադրողականությունը վերջին օրերին  1 տոկոսից ցածր է, ինչը նշանակում է, որ վարակի տարածման տեմպերը բավականին դանդաղել են: «Ամբողջ աշխարհում քանի որ իրավիճակն ավելի կայուն է,  թեստավորումն իրականացվում է ավելի պակաս: Շատ են նշում, որ մարդիկ ավելի թեթև են տանում և թեստավորում չեն իրականացնում, բայց պետք է արձանագրեմ, որ մենք երկու հրաման ունենք,  ըստ որի՝ սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով բուժառուները ինչպես  առաջնային պահպանման օղակում, այնպես էլ բժշկական ցանկացած կազմակերպությունում պարտադիր հետազոտվում են, և այդ տվյալները հավաքվում, ամփոփվում և վերլուծվում են: Նշեմ, որ մեզ մոտ թեստավորումը շատ ավելի ակտիվ է իրականացվում և թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը 4,1 տոկոս է կազմում»,-նշեց Ռոմելլա Աբովյանը: Նա ընդգծեց, որ մեր երկրում Covid 19-ով պայմանավորված մահացությունն այս պահին  կազմում է 2 տոկոս. վերջին մի քանի ամիսներին այդ ցուցանիշը պահպանվում է, իսկ վերջին օրերին մահվան դեպքեր  չեն գրանցվել: «Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 2 դեպք՝ նախորդ 7 օրվա 9 դեպքի փոխարեն:  Վերջին 14 օրվա ընթացքում ունենք 11 դեպք, իսկ նախորդ նույն ժամանակահատվածում 19 դեպք, սա նշանակում է, որ  ունենք 42 տոկոսով նվազում»,- ասաց Ռոմելլա Աբովյանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով  (ԱՀԿ) մայիսի 22-ից մինչև հունիսի 18-ն ընկած ժամանակաշրջանում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1,2 մլն մարդ, մահացել` 7100-ից ավելին։ Մահվան դեպքերի թիվը նախորդ 28 օրվա համեմատությամբ նվազել է 58%-ով, վարակման դեպքերի թիվը՝ 48%-ով:  
11:27 - 03 հուլիսի, 2023
Բուժաշխատողների թիրախավորումն անընդունելի է․ ԱՀԿ

Բուժաշխատողների թիրախավորումն անընդունելի է․ ԱՀԿ

Խստորեն դատապարտում ենք Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանին տեղի ունեցող գործողությունները: Բուժաշխատողների թիրախավորումն անընդունելի է։ Այս մասին ԱՀԿ պատվիրակության ղեկավարը ասել է ՀՀ առողջապահության նախարարի հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ պատրաստ են օգտագործել դիվանագիտական բոլոր լծակները` նմանատիպ գործողությունները դատապարտելու համար: Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեին` խնդրի կարգավորման մեջ անձնական ներգրավվածության համար: Պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարթե Էվերարդը: Հանդիպմանը քննարկվել են Առողջապահության համաշխարհային 76-րդ վեհաժողովին ընդառաջ Հայաստանի և ԱՀԿ համագործակցությունը խորացնելու, ԱԱՊ օղակի, որակի ապահովման բարեփոխումներին տեխնիկական աջակցություն տրամադրելուն առնչվող հարցեր: Նշվել է, որ ԱՀԿ ներկայացուցչի նշանակումը, ինչպես նաև գալիք Վեհաժողովի շրջանակներում Անահիտ Ավանեսյան-Հանս Կլյուգե հանդիպումը կնպաստի համագործակցության ակտիվացմանը:
10:53 - 19 մայիսի, 2023
Սուդանում սպանվել է 413 մարդ, ավելի քան 3 500-ը՝ վիրավորվել. ԱՀԿ ներկայացուցիչ |azatutyun.am|

Սուդանում սպանվել է 413 մարդ, ավելի քան 3 500-ը՝ վիրավորվել. ԱՀԿ ներկայացուցիչ |azatutyun.am|

azatutyun.am: Սուդանում մոտ մեկ շաբաթ առաջ բռնկված ռազմական բախումների ընթացքում սպանվել է 413 մարդ, ավելի քան 3 հազար 500-ը՝ վիրավորվել, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը։ ԱՀԿ-ի պաշտոնյայի խոսքերով՝ զոհերի թվում կան նաև երեխաներ, առնվազն 50 երեխա էլ վիրավորվել է։ Հյուսիսաֆրիկյան այդ պետությունում իրադրությունը կտրուկ սրվել է անցած շաբաթավերջին։ Սուդանի զինված ուժերի հրամանատարությունը պնդում է, որ իրավիճակի լարման պատճառը «Արագ արձագանքման ուժերի» կողմից իրականացված պետական հեղաշրջման փորձն էր։ Վերջիններս էլ կանոնավոր բանակի ստորաբաժանումներին են մեղադրում առաջինը ուժային գործողություններ սկսելու համար։ Կողմերը մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ պայմանավորվել են հրադադարի շուրջ, սակայն ռազմական գործողությունները շարունակվում են։
21:17 - 21 ապրիլի, 2023
Անահիտ Ավանեսյանն ակնկալում է ԱՀԿ-ի արագ արձագանքը Արցախում հասունացող հումանիտար աղետին

 |armenpress.am|

Անահիտ Ավանեսյանն ակնկալում է ԱՀԿ-ի արագ արձագանքը Արցախում հասունացող հումանիտար աղետին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ակնկալելով կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաների արագ արձագանքը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում հասունացող հումանիտար աղետին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Անահիտ Ավանեսյանը խնդրի մասին բարձրաձայնել է նաև «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ: «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախի հայերը բախվում են առողջապահական ճգնաժամի: Առողջապահական հրատապ կարիքներ ունեցող մարդկանց չեն կարողանում տեղափոխել Երևան, դեղորայքի և հումանիտար աջակցության մատակարարումը բնակչությանն անհնար է դարձել»,- գրել է Ավանեսյանը:
11:48 - 14 դեկտեմբերի, 2022
Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ պատվիրակությանը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակում տարվող բարելավման աշխատանքները

Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ պատվիրակությանը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակում տարվող բարելավման աշխատանքները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվիրակությանը, որը Հայաստանում է Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ, հյուրընկալել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։   Նախարարն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահական քաղաքականության և համակարգերի տնօրեն Նատաշա Մուսկատին է ներկայացրել առողջության համընդհանուր ծածկույթի ապահովման 3 բաղադրիչների՝ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակ, առողջության համապարփակ ապահովագրության ներդրում, բժշկական ծառայությունների որակի բարելավում, ուղղությամբ տարվող աշխատանքները, քննարկել ԱՀԿ համագործակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքը:   Նաև ներկայացվել է Լոռու մարզում նախատեսվող փորձարարական ծրագիրը, որով նախատեսվում են մարզային ԱԱՊ օղակի ենթակառուցվածքների վերակառուցում և վերազինում, ընտանեկան բժիշկների վերապատրաստում, թվայնացման գործընթաց և այլն։   Հյուրը բարձր է գնահատել մեր երկրի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը, նշել, որ COVID-19-ը համավարակը ցույց տվեց առաջնային օղակի կարևորությունը, և որ Հայաստանը բարեփոխման ճիշտ ուղղություններ է ընտրել:   Երկուստեք ընդգծվել է հոգեկան առողջության պահպանման ծառայությունների ինտեգրման անհրաժեշտությունը ԱԱՊ օղակ։
19:11 - 09 հոկտեմբերի, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը կարևորել է ճգնաժամերին արագ արձագանքման համար կարողությունների հզորացման անհրաժեշտությունը

Փոխվարչապետ Մաթևոսյանը կարևորել է ճգնաժամերին արագ արձագանքման համար կարողությունների հզորացման անհրաժեշտությունը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը, որը համախմբել է ավելի քան 500 մասնակցի՝ ԱՀԿ 6 տարածաշրջանից։ Ձևավորվելով 2010-ին Հայիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո՝ Արագ արձագանքման բժշկական թիմերի նախաձեռնությունն այս տարիների ընթացքում վերածվել է որակյալ բժշկական թիմերի ընդգրկուն ցանցի՝ պատրաստ արտակարգ իրավիճակներում անհապաղ աջակցություն ցուցաբերել բնակչությանը։ Ողջունելով արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետ Մաթևոսյանը կարևորել է գլոբալ, այդ թվում՝ հանրային առողջապահական ճգնաժամերին արդյունավետ արձագանքելու նպատակով համաձայնեցված և միասնական արձագանք ցուցաբերելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում փոխվարչապետը վերահաստատել է Հայաստանի արագ արձագանքման բժշկական թիմերի ձևավորմանը և ցանցի արդյունավետ գործունեությանը նպաստելու պատրաստակամությունը։ Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության՝ կորոնավիրուսի համավարակին արձագանքելու ուղղությամբ իրականացրած քայլերին՝ փոխվարչապետը նկատել է, որ Հայաստանը ստիպված էր դիմագրավել կրկնակի ճգնաժամի՝ պայմանավորված 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով։ Ներկայացնելով սույն թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիայի հետևանքները, այդ թվում՝ պայմանավորված քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորմամբ, փոխվարչապետը հատուկ կարևորել է ճգնաժամերին պատրաստվածության և արագ արձագանքման համար ազգային կարողությունների հզորացման անհրաժեշտությունը։
15:15 - 05 հոկտեմբերի, 2022
Անահիտ Ավանեսյանը կարևորում է տեղահանված և իրենց բնականոն կյանքից զրկված քաղաքացիներին բժշկական աջակցության տրամադրումը

 |armenpress.am|

Անահիտ Ավանեսյանը կարևորում է տեղահանված և իրենց բնականոն կյանքից զրկված քաղաքացիներին բժշկական աջակցության տրամադրումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորում է պատերազմական գործողությունների հետևանքով  տեղահանված և իրենց բնականոն կյանքից զրկված քաղաքացիներին բժշկական  աջակցության տրամադրումը:«Մենք պետք է կազմակերպենք նրանց ընթացիկ բժշկական օգնությունը, նրանց առաջնային օղակի ծառայությունները, պատվաստումները, ընթացիկ հսկողական այցերը: Մեր ամբողջական համակարգը պետք է հնարավորություն ունենա բոլոր կարիքները հոգալու»,- Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ընթացքում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախարարը: Նա նշեց, որ առողջապահական համակարգում անընդհատ ներդրում է կատարվում համակարգն ուժեղացնելու, կրթելու, բժշկական կենտրոնները վերազինելու ուղղությամբ, ինչպես նաև ստեղծելու մեխանիզմներ, որ բոլորը միասնական,  կոորդինացված, արագ աշխատեն իրար հետ: «Մենք անընդհատ աշխատանքներ ենք իրականացնում,  և շատ կարևոր է նշել, որ այդ աշխատանքներն առանց լրացուցիչ ֆինանսավորման և մեր հանրային միջոցների հնարավոր չէ: Մենք ամեն տարի տեսնում ենք, որ մեր բյուջեում առողջապահական ծախսերը աճ են գրանցում»,-հավելեց Ավանեսյանը:
12:20 - 05 հոկտեմբերի, 2022
ԱՀԿ-ն դատապարտում է պատերազմական իրավիճակներում բուժաշխատողների և շտապօգնության մեքենաների թիրախավորումը

 |armenpress.am|

ԱՀԿ-ն դատապարտում է պատերազմական իրավիճակներում բուժաշխատողների և շտապօգնության մեքենաների թիրախավորումը |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները դատապարտում են պատերազմական իրավիճակներում բուժաշխատողների և շտապօգնության մեքենաների թիրախավորման դեպքերը: Այս մասին Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ընթացքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՀԿ գլխադասային գրասենյակի ներկայացուցիչ Ֆլավիո Սալիոն: Նա նշեց, որ բուժաշխատողները մարտական գործողություների ընթացքում երբևէ չպետք է խոցվեն կամ նշանառության տակ լինեն: «Ցավոք սրտի, բուժաշխատողների վրա հարձակումները և նրանց թիրախավորումը վերջին 5 տարիներին շատացել են: Դա միանշանակ հանցագործություն է և պետք է դատապարտվի»,- ասաց Սալիոն: ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Արտակարգ իրավիճակների գծով տնօրեն  Ջերալդ Ռոկենշաուբն էլ հավելեց, որ ամեն անգամ, երբ լսում են Հայաստանում նման դեպքերի մասին, փաստաթղթավորում են իրականացնում: «Ուկրաինայի դեպքում էլ 150 նման դեպք ենք արձանագրել»,- ասաց Ռոկենշաուբը: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, դատապարտելով նման գործողությունները, ընդգծեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի, այնպես էլ ադրբեջանական ԶՈւ սանձազերծած վերջին ագրեսիայի հետևանքով շտապօգնության մեքենաների վրա բոլոր հարձակումները փաստագրված են: «Բոլոր ապացույցները ներկայացված են և՛ մոնիթորինգային օղակներով, և՛ ԱՀԿ-ին: Նման գործողությունները պետք է մշտապես խստագույնս դատապարտվեն և տեղ չգտնեն մեզանում»,- նշեց Ավանեսյանը:  
12:08 - 05 հոկտեմբերի, 2022
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ

Իսրայելում Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 72-րդ նիստի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսին: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։   «Խոսել ենք առողջության առաջնային պահպանման օղակի, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման, էլեկտրոնային առողջապահության և ոլորտի այլ բարեփոխումներից, ԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի և ձեռքբերված պայմանավորվածությունների ընթացքից: Հաշվի առնելով հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում անցկացվելիք Արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի 5-րդ գլոբալ հանդիպման նշանակությունը` քննարկել ենք նախապատրաստական աշխատանքները, ընդգծելով նման միջոցառման անցկացման կարևորությունը: Քննարկել ենք նաև միջազգային մակարդակով համաճարակային սպառնալիքին պատրաստվածության շուրջ իրավական փաստաթղթի մշակման և ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքները` կարևորելով երկրների պատրաստվածությունը հնարավոր համավարակների հաղթահարման գործում»։  
21:19 - 12 սեպտեմբերի, 2022