Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Հայաստանի Հանրապետության եռաստիճան դատական համակարգի առաջին օղակը Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններն են։

Ընդհանուր իրավասության դատարանները ՀՀ-ում 10-ն են՝ Երեւանի, Արագածոտնի, Արարատի եւ Վայոց ձորի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի դատարանները։ Դրանցից յուրաքանչյուրն իր հերթին ունի նստավայրեր քաղաքի եւ մարզի տարբեր շրջաններում։ Մարզերում նստավայրերի քանակը 3-ից 6-ի սահմաններում է, իսկ Երեւանում դրանց թիվը 8-ն է։

Դատախազությունը բողոքարկել է «Ռեստարտ»-ի գործով արդարացման դատավճիռը

Դատախազությունը բողոքարկել է «Ռեստարտ»-ի գործով արդարացման դատավճիռը

«Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամների՝ Դավիթ Պետրոսյանի, Դավիթ Սիմոնյանի, Գարիկ Միսկարյանի, Արամայիս Պետրոսյանի, Հրաչյա Խլղաթյանի եւ Յուրի Ավագյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։ Բողոքը ներկայացրել է գործով հանրային մեղադրող (դատախազ) Սեւակ Պողոսյանը։ Վերջինս պահանջում է ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել տղաների վերաբերյալ արդարացման դատավճիռը՝ առեւանգման փորձի մեջ նրանց մեղավոր ճանաչելով, դատապարտելով 4 տարի ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան` 3 տարի ժամկետով եւ նրանց վրա մշտական բնակության վայրերը չփոխելու պարտականություն դնելով : Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերը Վերաքննիչ դատարանում վերանայվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, որոնցից մեկը նախագահողն է։ Ըստ այդմ, նախագահող դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյանը, կազմում են դատավորներ Արսեն Նիկողոսյանը եւ Վազգեն Ռշտունին։ Հիշեցնենք՝ Նարեկ Մալյանին առեւանգելու փորձի մեջ շուրջ երեք տարի մեղադրվելուց հետո` հունիսի 20-ին, տղաներն արդարացվել էին հանցակազմի բացակայության հիմքով։ Դատավճիռը կայացրել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը։ Դատարանն արձանագրել էր, որ ապացուցված չէ ամբաստանյալներին ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թ․) 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը՝ մասնավորապես, նշելով, որ անձի, տվյալ դեպքում՝ նաեւ տուժողի ամեն տեղաշարժ կամ տեղափոխում՝ լինի բռնությամբ թե խմբակային, բացահայտ թե թաքուն, խաբեությամբ թե այլ եղանակով, չի կարող դիտվել որպես առեւանգում: Դատարանը նշել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ առեւանգման օբյեկտիվ կողմն են կազմում այն գործողությունները, որոնք դրսեւորվում են մարդուն՝ նրա կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելով եւ մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր տեղափոխելով ու այնտեղ պահելով, այնինչ մեղադրական եզրակացությունում, առավել եւս մեղադրանքի որոշման մեջ որեւէ խոսք չկա այն մասին, թե «բացահայտ առեւանգումը» ինչպես է դրսեւորվել, մասնավորապես, ուր պետք է տարվեր տուժողը կամ որտեղ պետք է պահվեր, մինչդեռ գործով ի սկզբանե հաստատված է եղել վերջինիս դիմացի մայթում գտնվող աղբարկղ նետելու կամ այնտեղ տեղափոխելու դիտավորությունը։ Մեղադրանքի նման անհստակ կամ թերի ձևակերպումն ինքնին, ըստ Դատարանի, հիմք է արձանագրելու, որ խախտվել է ամբաստանյալների պաշտպանության իրավունքը, իսկ այդ իրավունքի խախտմամբ մեղադրանքի անհստակությունը կամ անորոշությունն ինքնին բավարար հիմք է այն հաստատված չհամարելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու համար։ Դատարանը նաեւ արձանագրել էր, որ մեղադրանքում հիշատակում չկա գործով ապացուցված աղբարկղի մասին, ինչը, հնարավոր է, պայմանավորված լինի հենց արարքի սխալ որակումը քողարկելու անհրաժեշտությամբ, այլապես աղբարկղերի առկայության փաստի արձանագրումը կչեզոքացներ կամ անհնարին կդարձներ մեղադրանքի կիսատ ձևակերպումը՝ օբյեկտիվ կողմի նկարագրության մասով: Հակառակ դիրքորոշում ունենալու դեպքում պետք է փաստել, թե անձի բռնի ցանկացած մինիմալ տեղաշարժ առեւանգում է, ինչը, Դատարանի գնահատմամբ, ողջամիտ դիտարկվել չի կարող․ «Այն դեպքում, երբ տեսականորեն հիմք ընդունվի, թե բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելն ու աղբամանում տեղավորելը կապված չէ տարածություն անցնելու (տեղափոխելու) հատկանիշի հետ, եւ աղբամանը դիտարկվում է այլ բնական միկրոսոցիալական միջավայր, ապա կստացվի, թե աղբամանի մոտ գտնվող անձին աղբաման նետելը, հրելը, տեղադրելը պետք է որակվի որպես առեւանգում, եւ եթե նույնիսկ որեւէ մեկը սա դիտի ողջամիտ, ապա պետք է նշել, որ նման մեղադրանք առադրված չէ (մեղադրանքում աղբամանի նկարագրություն, հիշատակում առկա չէ)»,- նշել է դատավոր Դավիթ Հարությունյանը՝ ընդգծելով, որ դատական պրակտիկայում չկա գեթ մեկ հայտնի դեպք (datalex.am համահասանելի տեղեկատվական կայքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով օրինական ուժի մեջ մտած հարյուրավոր դատավճիռներ), երբ անձի՝ նման կարճ տարածության մեջ տեղափոխումը որակված լինի որպես առեւանգում: Դատարանն արձանագրել էր նաեւ, որ առեւանգման մասին հիշատակում, հարցադրում կամ ենթադրություն պարունակող դատողություն առկա է բացառապես տուժողի ցուցմունքում․ «Իսկ եթե վարույթն իրականացնող մարմինը հիմք է ընդունել տուժողի չփաստարկված դատողությունն իրեն առեւանգելու մասին, թերեւս նույն հավանականությամբ հնարավոր կլիներ մեղադրանք առաջադրել կողոպուտի, սպանության եւ վկայակոչած այլ ենթադրությունների համար»,- նշել է դատավորը։ Ինչ վերաբերում է արարքի վերաորակում կատարելու հնարավորությանը, վերջինս արձանագրել էր, որ վերաորակում իրավասու է կատարել բացառապես մեղադրանքի սահմաններում՝ երաշխավորելով պաշտպանության իրավունքի պատշաճ իրացումը․ «Այլ կերպ ասած՝ եթե նույնիսկ ընդունենք, թե դատաքննությամբ հիմնավորվել է ամբաստանյալների կողմից կատարված մեկ այլ ենթադրյալ հանցագործություն, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածը (անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), ապա Դատարանն իրավասու չէ կատարել արարքի վերաորակում, քանի որ կաշկանդված է մեղադրանքի ծավալով: Հակառակ մոտեցումը կնշանակի, թե դատարանն իրականացնում է ոչ թե արդարադատության, այլ հանդես է գալիս մեղադրանքի կողմում, ինչն անթույլատրելի է»,- ասված է դատավճռում։ Այնուհանդերձ, դատարանը նշել էր, որ մեղադրանքում չկա նկարագրություն նաեւ անձին ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու ենթադրյալ հանգամանքների վերաբերյալ։ Բողոքը վարույթ ընդունելու եւ նիստ նշանակելու վերաբերյալ տեղեկություն դատական տեղեկատվական համակարգում առայժմ առկա չէ։   Միլենա Խաչիկյան
14:45 - 02 օգոստոսի, 2022
Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է

Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է

«Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի եւ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ Դատարանի որոշմամբ Դանիելյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Այս մասին Infocom-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Հիշեցնենք՝ Արթուր Դանիելյանի եւ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը տեղի էր ունեցել 2020 թվականի ապրիլի 29-ին։ Ըստ Ալեն Սիմոնյանի՝ վեճը սկսվել էր Արթուր Դանիելյանից, որը այգում զբոսնելիս իր բարեւին ի պատասխան՝ սեռական հայհոյանքներ էր հնչեցրել, որից հետո ինքն էր հարվածել նրան, ինչի արդյունքում սկսվել էր ծեծկռտուք։ Մինչդեռ «Ադեկվադ» կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ Արթուր Դանիելյանն էր Սիմոնյանի կողմից հարձակման ենթարկվել, ինչի համար էլ Դանիելյանը դիմել էր ինքնապաշտպանության։ Ավելի ուշ թե՛ Սիմոնյանը, թե՛ Դանիելյանը տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թ․) 258-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 117-րդ հոդվածի՝ բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքով խուլիգանության եւ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով։ Ավելի ուշ այդ ժամանակվա Հատուկ քննչական ծառայությունը (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն) հայտնել էր, որ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանին, ՀՔԾ-ն հայտնել էր, որ  նախաքննության ընթացքում պարզվել է, որ Դանիելյանին հարված հասցնելու պահին Ալեն Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, ինչը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով, ինչով պայմանավորված՝ որոշում էր կայացվել Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ալեն Սիմոնյանը, Երևանի Մալիբուի այգի կոչվող զբոսայգու տարածքում նկատելով Արթուր Դանիելյանին, բարեւել է նրան, սակայն վերջինս ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդդգծելու նպատակով սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի եւ նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջեւ քաշքշուկ է սկսվել․ «Այդ ժամանակ Դանիելյանը, անտեսելով հասարակական վայր հանդիսացող Երեւանի մարդաշատ զբոսայգում գտնվելու հանգամանքը, տարածքում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց ներկայությամբ, խուլիգանական դրդումներով շարունակել է դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսեւորելով անթաքույց արհամարհանք եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ՀՀ օրենսդիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի հասցեին եւ բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածներ է հասցրել Սիմոնյանի գլխի շրջանին եւ մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,- ասված էր ՀՔԾ հաղորդագրության մեջ։ Քրեական գործը դատարանում էր 2020 թ․ օգոստոս ամսից։ Այն գտնվում էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի վարույթում, որն էլ նախորդ ամիս՝ հունիսի 20-ին, որոշում է կայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 41-րդ, 313-րդ եւ 379-րդ հոդվածների հիմքով քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Արարքը, որ մեղսագրվում էր Դանիելյանին, նախատեսում է պատիժ տուգանքով՝ 100․000-300․000 ՀՀ դրամի չափով կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով։ Քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ այն հանցագործությունները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 2 տարի ժամկետով ազատազրկումը, համարվում են ոչ մեծ ծանրության հանցագործություններ, իսկ նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է 2 տարի։ Նշենք, որ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումը համարվում է ոչ արդարացնող հիմք։   Միլենա Խաչիկյան
15:20 - 25 հուլիսի, 2022
Դատարանը մերժեց դատավորներ Գևորգ Նարինյանի, Արա Կուբանյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

Դատարանը մերժեց դատավորներ Գևորգ Նարինյանի, Արա Կուբանյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

#Կարճասած ՀՀ սնանկության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավորներ Գեւորգ Նարինյանի, Արա Կուբանյանի եւ եւս երկու անձի վերաբերյալ գործով այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմը քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց՝ այն հիմնավորմամբ, որ 2003 թ․ Քրեական օրենսգիրքը, որով նախատեսված հոդվածները նրանց մեղսագրվում են, օրեր առաջ՝ 2022 թ․ հուլիսի 1-ին, ճանաչվել է ուժը կորցրած։ Հանրային մեղադրող (դատախազ) Արամ Արամյանը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ պնդելով, որ մեղսագրվող արարքները, միեւնույն է, հուլիսի 1-ին ուժի մեջ մտած նոր օրենսգրքով եւս քրեականացված են։ Տուժող Սիմոն Աղեկյանը միացավ նրա առարկությանը։ Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ առանձին սենյակ՝ միջնորդության վերաբերյալ դատական ակտ կայացնելու, որտեղից կարճ ժամանակ անց վերադառնալով՝ որոշեց մերժել միջնորդությունը։ #Մանրամասն Իրավաբանական համայնքն արդեն քանի օր է՝ քննարկում է այն հարցը, թե Քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո նախկինում կատարված ենթադրյալ հանցանքին տրված որակման հետ ինչպես է պետք վարվել․ առաջադրված մեղադրանքը պե՞տք է համապատասխանեցնել նոր օրենսգրքին, եթե այն չի ապաքրեականացվել, թե՞ պետք է պահպանել արարքի կատարման պահին գործող, սակայն այժմ ուժը կորցրած իրավակարգավորումը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում, ուր այսօր նշանակված էր Սնանկության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավորներ Գեւորգ Նարինյանի, Արա Կուբանյանի եւ մյուսների գործով դատական նիստը, այս հարցը դարձյալ քննարկման առարկա դարձավ։ Գեւորգ Նարինյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի հարստանալու, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կամ կեղծելու, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն եւ հրապարակային սակարգությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելուն դրդելու, իսկ Արա Կուբանյանը՝ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նարինյանի մորաքրոջ որդին՝ Տիգրան Մարտիրոսյանը, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, իսկ սնանկության գործով կառավարիչը՝ Աշոտ Խատատրյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ հրապարակային սակարգությունների իրականացման կարգը խախտելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Այս մեղադրանքները նրանց առաջադրվել են 2003 թվականին ընդունված եւ մինչեւ վերջերս գործող Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Այդ օրենսգիրքը, սակայն, օրեր առաջ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին, ճանաչվեց ուժը կորցրած։ Նույն օրը ուժի մեջ մտան Ազգային ժողովի կողմից ավելի վաղ ընդունված Քրեական եւ Քրեական դատավարության նոր օրենսգրքերը։ Հանրային մեղադրողը մեղադրանքների փոփոխության անհրաժեշտություն այս փուլում չի տեսնում Այս փոփոխությունը հաշվի առնելով՝ այսօրվա նիստի սկզբում Արա Կուբանյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ անորոշություն է առաջացել, եւ պաշտպանության  իրավունքի լիարժեք իրացման նպատակով դատախազը պետք է հստակեցնի՝ ի՞նչ դիրքորոշում ունի, արդյո՞ք գործը պետք է այս մեղադրանքով շարունակվի, ի վերջո ի՞նչից պետք է պաշտպանության կողմը պաշտպանվի: Արձագանքելով հարցերին՝ հանրային մեղադրող Արամ Արամյանն ասաց, որ ներկա փուլում ինքը չի պատրաստվում մեղադրանքը փոփոխելու միջնորդությամբ հանդես գալ, եւ կարծում է, որ առկա իրավական կարգավորումներով անորոշություն եւ դատական նիստը շարունակելու խոչընդոտ չկա։  Լուսանկարում՝ հանրային մեղադրող Արամ Արամյանը Ըստ Արամյանի՝ օրենքի փոփոխությամբ մեղսագրված հանցավոր որեւէ արարք չի ապաքրեականացվել․ հին օրենսգրքով նախատեսված 190-րդ հոդվածը ներկայումս նախատեսված է նոր օրենսգրքի 296-րդ հոդվածով, 310․1-դ հոդվածը՝ 443-ով, 314․3-րդը՝ 444-րդով, 308-րդը՝ 441-ով, 196-րդը՝ 283-ով։ Նա մեջբերեց  2022 հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՔՕ-ի 8-րդ մասը, ըստ որի՝ արարքի հանցավորությունը, պատժելիությունը եւ քրեաիրավական այլ հետեւանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով, իսկ այս կանոնից բացառությունը միայն մեղմացնող օրենքի առկայության պարագայում է։ Արամյանը հիշատակեց նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, համաձայն որի՝ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչեւ դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ․ «Պետք է արձանագրենք, որ պաշտպանի բարձրացրած հարցը վերաբերում է պաշտպանության իրավունքի խախտմանը, իսկ ես գտնում եմ, որ խախտում առկա չէ, եւ լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է»,- ասաց նա։ Դատավոր Ջոն Հայրապետյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ մեղադրողն ուսումնասիրել եւ գտել է, որ հին եւ նոր օրենքներով հոդվածների դիսպոզիցիաները, արարքի նկարագրությունները չեն փոխվել, ուստի առաջադրված մեղադրանքների հոդվածները համապատասխանում են նրա վկայակոչած հոդվածներին, ինչին Արամյանը դրական պատասխան տվեց։ Քիչ անց, սակայն, դատավորը նկատեց, որ հոդվածների դիսպոզիցիաներում ձեւակերպումների փոփոխություն, ամեն դեպքում, առկա է․ «Արարքները, որոնք մեղսագրվում են, ապաքրեականացված չեն, փոփոխություններ կան, այո, բայց իմ ասածը վերաբերում է ներկա փուլում գործողությունները շարունակելուն, միգուցե հետագայում լրացուցիչ փոփոխությունների կարիք լինի, բայց դրանք խոչընդոտ չեն»,- արձագանքեց հանրային մեղադրողը։ Պաշտպանական կողմի համոզմամբ, սակայն, առաջադրված մեղադրանքները պետք է փոխվեին եւ համապատասխանեցվեին գործող օրենսգրքին հենց այս փուլում։ Նման կարծիք հայտնեց նաեւ Աշոտ Խաչատրյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը՝ նշելով, որ պաշտպանական իրավունքի լիարժեք իրացման համար է պետք հստակ իմանալ, թե երկու հոդվածներից ի վերջո որը պետք է կիրառել։ Դատավորն ընդգծեց, որ օրենքը երկու շաբաթ է, ինչ փոխվել է, եւ միասնական պրակտիկա դեռ ո՛չ դատախազությունն ունի, ո՛չ փաստաբանական համայնքը, ուստի առաջարկեց այսօր սկսել գրավոր նյութերի ուսումնասիրությունը, իսկ այս հարցի քննարկումը թողնել մեկ այլ նիստի․ «Կարող է լինել իրավիճակ, երբ արարքի դիսպոզիցիան նույնը լինի, եւ այդ դեպքում միայն հոդվածի վկայակոչումը կարող է հերիք լինել, բայց եթե դիսպոզիցիայում փոփոխություն կա, միգուցե պարոն Արամյանը հետագայում իր դիրքորոշումը էլ ավելի հստակեցնի, եթե կա արտահայտությունների, ձեւակերպումների փոփոխություն, դա հստակեցում է պահանջում»,- ասաց նա։ Գեւորգ Նարինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, սակայն, նշեց՝ փաստը մնում է փաստ, որ այս պահի դրությամբ առաջադրված են մեղադրանքներ, որոնց լույսի ներքո շարունակվում է կիրառվել մի օրենսգիրք, որը ուժը կորցրել է․ «Միայն այն հանգամանքը, որ դատախազը վերջնական դիրքորոշում չի հայտնում, տեղ է թողնում, որ կարող է վաղը-մյուս օրը ինչ-որ բան փոխվել, նշանակում է, որ խնդրի առաջ ենք, եւ եթե այսօր շարունակենք, բայց վաղը միասնական դիրքորոշումը այլ տեսք ունենա, ինչքանո՞վ մեր այսօրվա գործողությունները օրինական կլինեն կամ հարցականի տակ չեն դրվի»,- ասաց նա՝ առաջարկելով հետագայի համար լրացուցիչ խնդիրներ չստեղծել։ Դատավորը հետաքրքրվեց, թե նախկինում, երբ ընդունվում էր 2003 թ․ Քրեական օրենսգիրքը, այս հարցը ինչպե՞ս են լուծել, ինչին ի պատասխան՝ Վարոսյանն ասաց, որ անցումային դրույթներում եղել է նորմ, որը ժամկետ է սահմանել մեղադրանքները նոր օրենքին համապատասխանեցնելու համար, եւ մինչ դա չէր արվում, գործն առաջ չէր գնում։ Պաշտպանական կողմը միջնորդեց դադարեցնել մեղադրյալների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը  Հաշվի առնելով, որ հանրային մեղադրողը նախկին օրենսգրքով առաջադրված մեղադրանքները նոր օրենսգրքին համապատասխանեցնելու անհրաժեշտություն այս փուլում չի տեսնում՝ Արա Կուբանյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ խնդրելով գոյություն չունեցող մեղադրանքի պայմաններում օրենքի եւ իրավունքի ուժով դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ վերացնել ընտրված խափանման միջոցը։ Գեւորգ Նարինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, Աշոտ Խաչատրյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը եւ Տիգրան Մարտիրոսյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միացան միջնորդությանը՝ խնդրելով այն քննարկել նաեւ իրենց պաշտպանյալների նկատմամբ։ Մեջբերելով նախկին եւ ներկա իրավակարգավորումները՝ Հովսեփ Սարգսյանը պնդեց՝ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը չի կարող շարունակվել չգործող քրեական օրենսգրքի համապատասխան որակմամբ, իսկ շարունակվելու դեպքում կխախտվեն նրա՝ ՀՀ Սահմանադրությամբ եւ  Եվրոպական կոնվենցիայով ամրագրված պաշտպանության եւ արդար դատաքննության իրավունքները։ Սարգսյանի կարծիքով՝ դատարանի առջեւ կանգնած անձի արդյունավետ պաշտպանության իրավունքն այս հարցի կենտրոնական մասն է, քանի որ քրեաիրավական հարաբերությունների տիրույթում հայտնված անձը պետք է հստակ իմանա, թե իր կատարած արարքը որ հոդվածով է որակված, որպեսզի տարրական հնարավորություն ունենա գոնե այն բացելու եւ կարդալու: Ըստ նրա՝ անձը պաշտպանվում է հավասարաչափ նաեւ արարքի որակումից, իսկ որակումը միշտ ենթադրում է քրեական օրենքի հոդվածի, մասի, կետի հստակ նշում․ «Այլ կերպ ասած՝ եթե անձը, որի վերաբերյալ քրեական վարույթ է իրականացվում դատարանում, չիմանա, թե ինչ հոդվածով է մեղադրվում, ամբողջությամբ կչեզոքացվի նրա պաշտպանության իրավունքը, եւ դատավճիռ կայացնելիս արարքի վերջնական որակումը նրա համար կլինի անակնկալ։ Դրանից բացի, անձի համար վարույթի ընթացքում տեսանելի չէ հին օրենքի եւ նոր օրենքի էական կամ ոչ էական փոփոխությունները, անձը պարտավոր չէ ունենալ պաշտպան կամ իրավաբանական կրթություն»,- ասաց նա։ Որպես հիմնավորում՝ Սարգսյանը մեջբերեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Պելիսին եւ Սասսին ընդդեմ Ֆրանսիայի գործով դիրքորոշումը, ըստ որի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթները մեղադրյալին իրավունք են վերապահում տեղեկացված լինելու ոչ միայն մեղադրանքի համար առիթ հանդիսացած նյութական փաստերի մասին, այլ նաեւ այդ փաստերի մանրամասն իրավական որակման մասին։ Մեջբերելով Վճռաբեկ դատարանի՝ Արկադի Պապյանի վերաբերյալ գործով որոշումը՝ պաշտպանն ասաց՝ Վճռաբեկ դատարանն էլ արձանագրել է, որ դատական քննության սահմաններն ընդգծելու եւ մեղադրյալի պաշտպանության իրավունքն ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ է, որ «մեղադրանք» եզրույթը հասկացվի որպես արարքի քրեաիրավական որակման եւ դրա հիմքում ընկած փաստական հանգամանքների ամբողջություն: Հովսեփ Սարգսյանի գնահատմամբ՝ որ ոչ մի իրավակիրառող, այդ թվում՝ դատարանը, չի կարող հիմնվել ուժը կորցրած օրենքի վրա, քանի որ այդ օրենքը դադարել է գոյություն ունենալ, եւ դա չպետք է շփոթել մասնավոր իրավահարաբերությունների ծագման ժամանակ գործող օրենքի կիրառման հետ։ Պաշտպանի խոսքով՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածը՝ օրինականության սկզբունքը, որոշում է արարքի հանցավորությունը եւ պատժելիությունը, այլ ոչ թե որակումը․ «Ավելի պարզ ասած՝ «արարքի հանցավորությունը, պատժելիությունը եւ քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով» կանոնը պաշտպանում է մարդուն ոչ հանցավոր արարքը հետագայում քրեականացնելուց եւ պատասխանատվության կանչելուց, որը երբևէ չի կարող մեկնաբանվել զուտ հետադարձության համատեքստում»,- ասաց նա՝ միջնորդելով քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության հիմքով։ Հանրային մեղադրող Արամ Արամյանը առարկեց միջնորդության դեմ՝ հղում կատարելով իր արդեն իսկ նշած դիրքորոշմանը եւ հավելելով, որ քրեական հետապնդման դադարեցման հիմքերը բացակայում են։ Լուսանկարում՝ տուժող Սիմոն Աղեկյանը Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ տուժող Սիմոն Աղեկյանը՝ կարծիք հայտնելով, որ վերջերս դատավոր նշանակված Արթուր Դավթյանը հնարավոր ամեն ինչ արել է Կուբանյանին աջակցելու, իր գնահատմամբ՝ օրենքի այսպիսի բացեր ստեղծելու համար։ Նշենք, որ խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արթուր Դավթյանի մասին է, որը հունիսի 28-ին ընտրվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր․ «Կուբանյանի եւ Նարինյանի կալանքի քննության օրը, երբ Նարինյանը կալանավորվեց, իսկ Կուբանյանը՝ ոչ, ես ինքս տեսել եմ՝ նա ոնց Կուբանյանին նստեցրեց իր մեքենան ու տարավ․․․ Սա մեծ կոռուպցիոն հանցագործություն է, եւ երբ մենք կանցնենք ապացույցների փուլին, դրանք կներկայացվեն, ես տիրապետում եմ, թե ով ինչ է արել, եւ գտնում եմ, որ այստեղ նստած ամբաստանյալները արժանի են այդ հոդվածներին»։ Դատավորը հորդորեց դիրքորոշում հայտնել կոնկրետ միջնորդության վերաբերյալ, ինչից հետո տուժողն ասաց, որ միջնորդությունը տեղին չէր, եւ ինքը համաձայն է դատախազի դիրքորոշմանը․ «Մինչեւ օրենքը տրամաբանություն կա․ մարդը որ մարդու հանդեպ անմարդկային սխալ է անում, նրան մեղադրում են, եւ եթե չլիներ դատարան, պիտի մարդիկ հավաքվեին, խոսեին, հասկանային՝ վա՞տ բան է արել եւ կամ ի՞նչ պատիժ է հասնում, որ արածների համար պատասխան տա»։ Տուժողը հույս հայտնեց, որ դատարանը արդար որոշում կկայացնի։ Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ առանձին սենյակ՝ դատական ակտ կայացնելու, որտեղից վերադառնալով՝ հրապարակեց դրա եզրափակիչ մասը։ Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 31-ին։   Գլխավոր լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Միլենա Խաչիկյան
22:39 - 15 հուլիսի, 2022
Երեխաների ապօրինի որդեգրումների վերաբերյալ քրեական գործը կքննվի դռնփակ

Երեխաների ապօրինի որդեգրումների վերաբերյալ քրեական գործը կքննվի դռնփակ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր սկսվեց երեխաների ապօրինի որդեգրումների վերաբերյալ քրեական գործի քննությունը։  Դատական նիստը, սակայն, դռնփակ է։ Infocom-ի հարցին ի պատասխան՝ դատավորի աշխատակազմից տեղեկացրին, որ որոշում է կայացվել գործը դռնփակ քննելու վերաբերյալ, սակայն հրաժարվեցին նշել, թե որ հիմքով։ Ըստ ամենայնի, գործը դռնփակ է քննվելու՝ հաշվի առնելով, որ դրանում առկա են երեխաների անձնական տվյալներ, ինչպես նաեւ որդեգրման գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։ Հիշեցնենք՝ այս քրեական գործի մասին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր դեռ 2019 թ նոյեմբեր ամսին՝ նշելով, որ բացահայտվել են ՀՀ քաղաքացիների կողմից 3 տասնյակից ավելի երեխաների ապօրինի որդեգրումները Իտալիայի Հանրապետություն կազմակերպելու եւ իրականացնելու դեպքեր: Ըստ նախաքննական մարմնի՝ յուրաքանչյուր երեխայի համար նախատեսված է եղել 15․000-25․000 եվրո գումար։ Նախաքննության ընթացքում մայր քրեական գործից անջատվել եւ դատարան է ուղարկվել կոնկրետ 20 երեխայի վերաբերյալ այս գործը, որով մեղադրյալի կարգավիճակ ունի 11 անձ։ Մասնավորապես․ ենթադրյալ հանցավոր խմբի կազմակերպիչը իտալական մի շարք կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչ Անուշ Գարսանցյանն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2005 թվականից սկսած, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով առանց ծնողական խնամքի մնացած եւ ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող, ՀՀ քաղաքացիություն ունեցող երեխաների վաճառքն իրականացնելու համար ստեղծել եւ ղեկավարել է կազմակերպված խումբ։ Խմբի կազմում ներգրավվելու եւ երեխաների վաճառքին օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանին, ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պայմանագրերի եւ ապոստիլի բաժնի պետ Ալբերտ Վիրաբյանին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի՝ ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանին,  «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամայնին, վերջինիս տեղակալ Արշակ Ջերջերյանին, նույն ՓԲԸ-ի ցերեկային ստացիոնար վարիչ Արամ Շահբազին, թարգմանիչ Քրիստինե Նարինյանին։ Մյուս մեղադրյալ Լենա Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում զբաղեցնելով ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետի պաշտոնը եւ իրականացնելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ չի կատարել ծառայողական պարտականությունները՝ էական վնաս պատճառելով անձանց եւ պետության օրինական շահերին, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Նախարարության նույն բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցրած Անուշ Բադալյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախարարության՝ «Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների «Մանուկ» համակարգում իր անվամբ ստեղծված «ANUSH BADALYAN» օգտատիրոջ միջոցով ունենալով հասանելիություն եւ իրավասություններ որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ անհրաժեշտ նշումներ եւ փոփոխություններ կատարելու համար, հանդիսանալով պաշտոնատար անձ, անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք դրսևորելով նշված համակարգում որդեգրման ենթակա ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների վերաբերյալ տվյալներ մուտքագրելու եւ համապատասխան փոփոխություններ կատարելու հարցերում, խախտել է ՀՀ կառավարության թիվ 269-Ն որոշման 40-րդ եւ 41-րդ կետերը։  Ըստ առաջին կետի՝ որդեգրել ցանկացող անձանց կողմից որդեգրման ենթակա երեխա ընտրելու դեպքում ՀՀ աշխատանքի եւ սոցիակաան հարցերի նախարարության աշխատակազմը (իսկ սահմանված դեպքերում` կենտրոնական մարմինը) նախարարությանը գրավոր տեղեկացնում է դրա մասին, եւ եթե այլ որդեգրել ցանկացող անձ ընտրված երեխային որդեգրելու ցանկություն չի հայտնել, ապա կազմակերպում է որդեգրման ենթակա երեխայի եւ որդեգրել ցանկացող անձի հանդիպումը, իսկ ըստ մյուս կետի՝ 40-րդ կետով նախատեսված տեղեկությունը ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում նախարարությունը կասեցնում է որդեգրման ենթակա երեխայի տվյալների տրամադրումը։ Համաձայն մեղադրանքի՝ Անուշ Բադալյանը տվյալ համակարգում 2019 թվականի մարտի 11-ի նշագրումով կասեցրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի սան, որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառված անձի տվյալները, որի հետևանքով ՀՀ քաղաքացի հանդիսացող, երեխա որդեգրելու նպատակով հաշվառված քաղաքացիների համար նրա տվյալները դարձել են անհասանելի: Արդյունքում երեխա որդեգրելու համար հաշվառված անձինք զրկվել են որդեգրելու համար ընտրելու, տեսակցելու, հետագայում՝ նրան որդեգրելու հնարավորություններից, ինչի պատճառով առաջացել են ծանր հետևանքներ, քանի որ երեխան զրկվել է հնարավորինս շուտ որդեգրվելու հնարավորությունից: Այս պահին գործով կալանավորված անձ չկա, մեղադրյալների նկատմամբ ընտրված են երկրից չհեռանալու մասին ստորագրություն եւ գրավ խափանման միջոցները։   Լուսանկարում՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ նստավայրը   Միլենա Խաչիկյան
11:11 - 04 հուլիսի, 2022
44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարի գործով դատարանում հարցաքննվեցին մի շարք վկաներ

44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարի գործով դատարանում հարցաքննվեցին մի շարք վկաներ

#Կարճասած 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով երեկ սկսվեց վկաների հարցաքննությունը։ Գրեթե 4 ժամ տեւած նիստի ընթացքում դատարան ներկայացան եւ ցուցմունքներ տվեցին Գլխավոր շտաբի գնդապետ Նորայր Կարապետյանը,  ՊԲ ինժեներասակրավորային ծառայության սպա, կապիտան Կարեն Գրկիկյանը, ՊԲ 5-րդ գումարտակի վաշտի հրամանատար Վազգեն Վարդանյանը, Խնձորեսկում ամբաստանյալի վերքը զննած բժիշկ-թերապեւտ Արկադի Չախոյանը, ինչպես նաեւ՝ Արսեն Ղուկասյանը, որի եղբորորդին ծառայել է ամբաստանյալի գումարտակի կազմում։ Վազգեն Վարդանյանը, որը մեղադրանքում նշված դեպքի օրը ամբաստանյալից մի քանի քայլ հեռավորության վրա է եղել, դատարանում հայտարարեց, որ այդ ընթացքում իրենց ուղղությամբ հրաձգային զինատեսակներ են կիրառվել միայն, որոնցից, ըստ նրա, հնարավոր չէր բեկորային վնասվածք ստանալ։ Ամբաստանյալի բժշկական պատմագրում, սակայն, նշված է, որ նա բեկորային վիրավորում է ստացել։ Վկա Արսեն Ղուկասյանն էլ նշեց, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ ամբաստանյալը շատ ավելի վաղ է վիրավորվել, սակայն դեպքի օրը իր վերքը քչփորել է, որպեսզի մարտի դաշտը լքելու պատրվակ ստեղծի։ #Մանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավարում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ երեկ շարունակվեց Պաշտպանության բանակի N զորամասի 5-րդ գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը։ Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ եւ 380-րդ հոդվածի 1-ին մասերով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ  անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։  Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Նախորդ դատական նիստին ավարտվել էր գործում առկա ապացույցների հետազոտումը, այժմ դատարանը վկաների հարցաքննության փուլում է։ Դատակոչված վկաների հարցաքննությունը սկսելուց առաջ դատավոր Ջոն Հայրապետյանը նրանց նախազգուշացրեց սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ինչպես նաեւ պարզաբանեց, որ նրանք կարող են հրաժարվել ցուցմունք տալ, եթե ողջամտորեն ենթադրում են, որ իրենց հայտնած տեղեկությունները կարող են գործածվել իրենց կամ իրենց մերձավոր ազգականների դեմ։ Նման ցանկություն վկաներից ոչ ոք չհայտնեց։ Ըստ Արսեն Ղուկասյանի՝ ամբաստանյալը ավելի վաղ ստացած վերքը քչփորել է, որպեսզի ենթադրյալ դեպքի օրը մարտի դաշտը լքելու պատրվակ ստեղծի Հարցաքննված առաջին վկան Արսեն Ղուկասյանն էր։ Նրա եղբայրը, հիշեցնենք, պատերազմի ժամանակ զոհվել է, իսկ եղբորորդին անհետ կորած է առ այսօր։ Դատավորի հարցին, թե իր աջ ու ձախ կողմում նստած անձանցից ում է ճանաչում, Ղուկասյանը պատասխանեց՝ խուսափելով տալ ամբաստանյալի անուն-ազգանունը․ «Այս անձնավորությանը»,- ասաց նա․ «Բարեկամական, ազգակցական հարաբերություններ չկան, թշնամական էլ չեմ ասի, բայց անձնական հակակրանք կա»։ Ղուկասյանը պատմեց, որ պատերազմը սկսվելու օրը՝ 2020 թ սեպտեմբերի 27-ին, իր եղբայրը մեկնել է ռազմաճակատ՝ որդու մոտ, որը ժամկետային նորակոչիկ էր, ծառայում էր Ջաբրայիլում։ Մի քանի օր Ղուկասյանն իր եղբոր հետ կապի մեջ է եղել, սակայն հոկտեմբերի 3-ից սկսած՝  կապը կորել է, եւ հասկանալով, որ մի բան այն չէ՝ ինքը սկսել է նախապատրաստվել եւ հոկտեմբերի 6-ի առավոտյան մեկնել է Արցախ՝ եղբորը գտնելու։ Նրա խոսքով՝ այդ օրը Հադրութում իրեն դիմավորել է նույն զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Մկրտչյանը, որը հայտնել է, որ Ջաբրայիլի զորքը Հադրութի դպրոցում է, քանի որ Ջաբրայիլը, որպես այդպիսին, արդեն հանձնած էր։ Այդ օրը փորձել է գտնել եղբորորդուն, բայց չի հաջողվել, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին միայն, տղայի նկարը զինվորներին ցույց տալով, գտել է, խոսել են իրար հետ, լուսանկարվել։ Նույն հոկտեմբերի 7-ին, ըստ Ղուկասյանի ցուցմունքի, ինքը դպրոցում հանդիպել է նաեւ ամբաստանյալ Իշխան Վահանյանին, որը, իր տպավորությամբ, արդեն իսկ վիրավոր էր․ «Երբ ես Հադրութի դպրոցում էի, էրեխուն նկարում էի, էնտեղ երեւում է, որ ինքը (նկատի ունի՝ ամբաստանյալը,-հեղ․) նստած է հետույքի մի այտի վրա, ամբողջությամբ նստած չէ, այսինքն՝ ավելի շուտ է վիրավորված եղել, ես հետո իմացել եմ, որ գործի ընթացքում ասել է, թե ամսի 10-ին է վիրավորված եղել, բայց ոչ, ամսի 10-ին ինքը իր հին վերքը քչփորել է, ասել է՝ վիրավոր եմ, ու դա որպես պատրվակ ներկայացնելով՝ թողել, փախել է»,- ասաց Ղուկասյանը՝ նշելով, որ մեկ հոգի չէ, որ ասել է այս մասին, ինքը բազմաթիվ զինվորների հետ է զրուցել։ Դատավորը հետաքրքվեց՝ ավելի վաղ վիրավորում ստանալու մասին կոնկրետ ո՞վ է հայտնել, ինչին ի պատասխան՝ վկան զինվորների անունները մտաբերել չկարողացավ, նշեց միայն Գարիկ Վարդերեսյանի անունը․ վերջինս ամբաստանյալից առաջ եղել է նույն այդ գումարտակի հրամանատարը․ «Երբ ես Գարիկի հետ խոսեցի, ինքն ասաց` բա պիտի մի թշի վրա լիներ, բա ինքը վիրավորվել էր դրանից առաջ, ասում էին՝ ամսի 2-ին, բայց ես դա հաստատ չեմ կարող ասել»,- նշեց նա։ Դատավորը հետաքրքրվեց՝ լուսանկարի հետ կապված այդ տեղեկությունն ինքը քննիչին հայտնե՞լ է, ինչը Արսեն Ղուկասյանը դժվարացավ մտաբերել՝ ենթադրելով, որ կարող է եւ բաց թողած լինի։ Դատարանն արձանագրեց, որ լուսանկարի եւ դրանում ամբաստանյալի երեւալու մասին տեղեկությունները նախաքննական ցուցմունքում առկա չեն։ Լուսանկարում՝ վկա Արսեն Ղուկասյանը Շարունակելով իր ցուցմունքը՝ Արսեն Ղուկասյանը հայտնեց՝ քանի որ տեսել է, որ եղբորորդու հետ ամեն ինչ նորմալ է, գնացել է եղբոր հետեւից․ իր խոսքով՝ այդ օրը իրեն զանգահարել էին՝ ասելով, թե ոմն Անդո Սոնասարում տեսել է իր եղբորը, տեղն էլ գիտի։ Այնտեղ, սակայն, եղբորը գտնել չի հաջողվել (հետագայում պարզվել է, որ նա զոհվել է հոկտեմբերի 2-ին, իսկ դին հայտնաբերվել է դեկտեմբերի 15-ին), եւ Ղուկասյանը հոկտեմբերի 9-ին նորից վերադարձել է Հադրութ։  Մեկ օր անց՝ հոկտեմբերի 10-ին արդեն, եղբորորդին է զանգահարել իրեն՝ հայտնելով, որ շրջափակման մեջ են։ Նշենք, որ այդ խոսակցության ձայնագրությունը Ղուկասյանը ներկայացրել է նախաքննական մարմնին, եւ առաջին դատական նիստին դատարանն այն հետազոտել է․ «Անելանելի վիճակի մեջ են եղել, կապի միջոց չեն ունեցել, եթե ունենային, կկապվեին ԱԱԾ-ի զորքերի հետ, որպեսզի կարողանային իրենց տեղը ասել, միակ միջոցը եղել է հեռախոսը, որով կապվել են ինձ հետ՝ իմանալով, որ ես մոտակայքում եմ, ես էլ իմ հնարավորության սահմաններում արել եմ ամեն ինչ, որ ինչ-որ ձեւ օգուտ տամ, բայց ստացվել է այնպես, որ չի ստացվել, քանի որ իրենք եղել են առանց վերադասի»։ Ղուկասյանի խոսքով՝ իր եղբորորդու հետ  վերադաս անձնակազմից եղել է դասակի հրամանատար, որը, ըստ իր տեղեկությունների, զանգից կես ժամ անց զոհվել է դիպուկահարի կրակոցից․ «Ու էրեխեքը մնացել են առանց սպայի, զինվորներ, որոնք եղել են նորակիչներ․․․»- ասաց նա։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ հեռախոսազանգը ստանալուց հետո ինքն ի՞նչ գործողություններ է իրականացրել․ «Զանգից հետո դիմել եմ Գորիսի ռազմական ոստիկանություն, հաղորդումը տրվել է մինչեւ ՊՆ, դրանից հետո զանգել եմ իմ զարմիկին, որը ծառայում է ԱԱԾ սահմանապահ զորքերում, ասել եմ, որ էսպիսի իրավիճակ է, դրանից հետո ինքն էլ է կապվել նրանց հետ, ուղղություն է տվել, բայց թե դրանից հետո ինչ է եղել․․․»։ Ըստ Ղուկասյանի՝ վերջին տեղեկություններով՝ շրջափակման մեջ հայտնված 13 տղաներից 11-ը փրկվել են Վանաձորի հատուկ ջոկատայինների շնորհիվ,  մեկը՝ Գեւորգը, զոհվել է, իսկ մյուսը՝ իր եղբորորդին՝ Սարգիս Ղուկասյանը, առ այսօր անհետ կորած է․ «Մեր ունեցած տեղեկություններով՝ հակառակորդը հայկական համազգեստ կրելիս է եղել, խոսել է հայերեն, դրա համար էրեխեքը արդեն չեն իմացել՝ հայը որն է, թուրքը որն է, անգամ, երբ Գեւորգին խփել են, նա ասել է՝ արա, հայ եմ, մի խփեք, այսինքն՝ չի էլ հասկացել՝ հայ է եղել թե թուրք, բայց մեր ունեցած տեղեկություններով՝ եղել է թուրք, որը համազգեստը փոխած է եղել»։ Հետագայում զինվորները իրենց ցույց են տվել, թե կոնկրետ որտեղ է Գեւորգը սպանվել, որտեղ՝ Սարգիսը կորել․ «Դա Հադրութի ամենաներքեւի հատվածն է եղել, իրենց համարյա բան չէր մնացել հասնելու, էդ ամբողջը քարտեզի վրա ես ունեմ»։ Վկան պատմեց նաեւ, որ պատերազմից հետո իրենք ծնողներով ընդգրկվել են որոնողական աշխատանքների մեջ, որի ժամանակ եւս ինքը հանդիպել է ամբաստանյալին․ «Քանի որ ինքն է եղել այդ գումարտակի հրամանատարը, մեր պահանջով եկել է Ստեփանակերտ, փախել-փախել էր, գոնե գար, որոնողական աշխատանքներին մասնակցեր, դիակները հաներ, Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տղերքի հետ գնացել է որոնողականի, իսկ երեկոյան, երբ վերադարձել են, ես տղերքից հարցրել եմ՝ ի՞նչ արեց, պատասխանեցին՝ բացարձակ ոչ մի բան, անգամ մեքենայից չիջավ, այսինքն՝ բոլորին էլ արդեն հայտնի է, թե ինքը ով է, ինչ է»,- ասաց Արսեն Ղուկասյանը։ Ըստ վկա Վազգեն Վարդանյանի՝ ենթադրյալ դեպքի ժամանակ բեկորային վնաս հասցնող զինատեսակներ չեն կիրառվել, այնինչ ըստ ամբաստանյալի հիվանդության պատմագրի՝ նա բեկորային վնասվածք է ստացել Դատակոչված մյուս վկան Վազգեն Վարդանյանն էր, որը, պատերազմի օրերին որպես վաշտի հրամանատար, ծառայել է ամբաստանյալի ղեկավարած գումարտակի կազմում, նրա հետ ունի նորմալ, ծառայողական հարաբերություններ։ Վարդանյանի խոսքով՝ հոկտեմբերի 7-ին, երբ Հադրութի դպրոցում հանդիպել է ամբաստանյալին, նկատել է, որ նա ինչ-որ վիրավորում ունի, ծանր է շարժվել, եւ ինքը լսել է, որ ամսի 2-3-ի մոտակայքում վիրավորում է ստացել, բայց մանրամասներին տեղյակ չէ։ Օրեր անց՝ հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը, ուղեւորվել են Խուռհատ սար՝ փոխարինելու այնտեղ գտնվող 3-րդ գումարտակին։ Դատավորի հարցին, թե ինչպիսին է եղել ամբաստանյալի քայլվածքն այդ ժամանակ, վկան պատասխանեց, որ նորմալ է քայլել, կիսակաղալով։ Ըստ նրա՝ այդ օրը, երբ դիրքավորվել են, հեռակա մարտ է եղել, մեծ վնասներ են հասցրել հակառակորդին, իսկ հաջորդ օրը՝ արդեն հոկտեմբերի 10-ին, երբ հակառակորդը հարձակվել է, Վահանյանն իրեն շատ մոտ է գտնվել, ու ինքը նկատել է, որ «վախ-վախ» ասելով՝ նա հեռացել է, դրանից հետո նրան էլ չի հանդիպել․ «Որ վազեց ճանապարհի կողմ, մենակ էր, «վախ-վախ» էր ասում, դա եմ լսել միայն, ինձ ոչ մի բան չի ասել, մտածեցի՝ վիրավորվել է երեւի»։ Արյան հետքեր եղել են թե ոչ՝ վկան ուշադրություն չի դարձրել։ Լուսանկարում՝ վկա Վազգեն Վարդանյանը Դատախազը նաեւ հետաքրքրվեց, թե ինչպիսի առաջադրանք է տրվել Խուռհատ սարում, եւ ով է այն ղեկավարել․ «Գումարտակի հրամանատարի ղեկավարությամբ անցել ենք պաշտպանության, հարձակում գործելուց հետո ղեկավարել է գումարտակի հրամանատարը եւ գնդի հրամանատար Նելսոն Հակոբջանյանը, երբ մարտական գործողությունները սկսվել են, Նելսոնը առաջ է մղվել, էդտեղ զոհվել է, դրանից հետո գործողությունները ղեկավարել սկսել է ամբաստանյալը»։ Վկան չմտաբերեց, որ Վահանյանը կոնկրետ որեւէ առաջադրանք տված լինի։ Դատախազի մյուս հարցին, թե այդ ընթացքում ինչ զինատեսակներով է թշնամին կրակել, նա պատասխանեց․ «Տարբեր զինատեսակներ եղել են, այդ պահին կոնկրետ հրաձգային զենքեր են եղել»։  Հարցին՝ դրանցից բեկորային վնաս հնարավո՞ր էր ստանալ կամ ականներ, այլ պայթյուններ, որոնցից հնարավոր կլիներ բեկորային վնասվածք ստանալ, եղե՞լ են, վկան բացասական պատասխան տվեց։ Վազգեն Վարդանյանի խոսքով՝ ամբաստանյալի հեռանալուց հետո դեռ 20-30 րոպե շարունակել են կռվել, բայց հետո արդեն չեն կարողացել այդտեղ մնալ, եւ քանի որ կապի միջոց չեն ունեցել, չեն կարողացել նաեւ վերադաս հրամանատարության հետ խոսել․ «Հետո արդեն անձնակազմն անկանոն ներքեւ էր իջնում, իրենք էլ երեւի չգիտեին, թե ուր, մենք չենք կազմակերպել նահանջ, զորքը իր ոտքով, ինքնըստինքյան է հետ քաշվել, մենք՝ սպաներով՝ ես եւ Հայկազ Գրիգորյանը, փորձել ենք էդ անձնակազմին ավելի անվտանգ ճանապարհով դուրս հանել, մեզ մնում էր պահել էդ էրեխեքին, որպեսզի մինչեւ վերջին զինվորը դուրս գա ճանապարհ, հասնի մնացած զորքին»։ Ի պատասխան դատախազի հարցին՝ այդ խուճապային իրավիճակը Վահանյանի գնալուց հետո՞ ստեղծվեց, վկան նշեց, որ ե՛ւ գնալուց հետո, ե՛ւ մինչ դա։ Լուսանկարում՝ դատախազ Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը Դատախազ Գեւորգ Ավետիսյանը նաեւ հարցրեց՝ կարո՞ղ են եզրահանգել, որ այդ անձնակազմը ավելի շատ ղեկավարման եւ ուշադրության կարիք ուներ, քանի որ նրանց շարքում նաեւ նորակոչիկներ կային․ «Բնականաբար, նորակոչիկը ավելի շատ կարիք ունի, պատրաստված չէին»,- ասաց նա․ «Իմ վաշտում էլ բացի սերժանտներից մնացածը նորակոչիկ էին, զինվոր կար՝ 20 օրվա ծառայող էր»։ Նա նշեց, որ ժամանակը շատ քիչ է եղել, չեն հասցրել նորմալ պատրաստել նրանց։ Հարցին՝ Վահանյանը տեղյա՞կ էր այդ մասին, նա պատասխանեց․ «Բոլորն էլ տեղյակ էին»։ Տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը փորձեց թվային մոտավոր պատկեր ստանալ՝ ասելով․ «370-ից ավելի նորակոչիկ եք ունեցել, նրանցից մոտ 150-ն են տուն եկել, 250-ը չեն եկել, ո՞ւմ թեթեւ ձեռքով այդ հրամանը տրվեց»,- վրդովվեց նա։ Վազգեն Վարդանյանի խոսքով՝ հոկտեմբերի 10-ից հետո, երբ տեղակայվել են գյուղերի մոտակայքում, իրենց գումարտակի հրամանատար են նշանակել Տիգրան Թովմասյանին։ Նրանից եւ Վահանյանից առաջ գումարտակը ղեկավարել են նախ Սամվել Սահակյանը, ապա՝ Գարիկ Վարդերեսյանը։ «Իսկ Վարդերեսյան Գարիկը ասում էր՝ Վահանյան Իշխանը էրեխեքին գցեց մսաղաց, բերեցին, իմ գլխին սարքեցին, ինձ դրեցին հրամանատար»,- տեղից բղավեց տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը՝ բացականչելով․ «Ո՞ւմից ես վախենում, Վազգեն»։ Ծնողները պարբերաբար դժգոհում էին, որ վկան դատարանին չի ասում այն, ինչ նախկինում իրենց է հայտնել, նախագահող դատավորն էլ հորդորում էր նրա վրա ճնշումներ չգործադրել։ Վազգեն Վարդանյանից հետաքրքրվեցին նաեւ՝ գումարտակի հրամանատարի հեռանալուց հետո, ըստ կանոնակարգի, ի՞նչ ձեւ պետք է իրականացվեր գումարտակի հրամանատարի լիազորությունների փոխանցումը․ «Կարգը այսպիսին է․ ինքը պետք է նշանակի իրեն փոխարինողին, խնդիրը տա, նոր գնա, այդ պարագայում կապի միջոցների հանձնում շատ պետք էր, վերադաս հրամանատարության հետ միակ կապը դրանով էր հնարավոր, բայց դա մեր մոտ չի եղել, ենթականերից որեւէ մեկին լիազորությունների փոխանցում էլ չի եղել»,- ասաց նա։ Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ամբաստանյալը մարտի դաշտը լքելիս կապի սարքն իր հետ տարել է։ Բժշկի խոսքով՝ Խնձորեսկի բուժկետում, որտեղ մեկ շաբաթ մնացել է ամբաստանյալը, պահում էին այն վիրավորներին, որոնց վիճակը ծանր չէր Դատակոչված հաջորդ վկան բժիշկ-թերապեւտ Արկադի Չախոյանն էր, որը պատերազմի սկզբնական օրերին եղել է Իշխանաձորի շարժական հոսպիտալում, հետագայում տեղափոխվել է Խնձորեսկ՝ աշխատելով այնտեղ որպես բժիշկ։ Չախոյանը, սակայն, Վահանյանին ընդունող կամ բուժող բժիշկը չի եղել, մի քանի անգամ միայն բուժզննում է իրականացրել, եւ հանգամանքները հիշում է այնքանով, որքանով արձանագրված է ամբաստանյալի հիվանդության պատմագրում։ Դա հաշվի առնելով՝ դատավոր Ջոն Հայրապետյանը պատմագիրը տրամադրեց Չախոյանին՝ խնդրելով իրենց համար պարզաբանել այնտեղ կատարված նշումները։ Ըստ դրանց՝ հոկտեմբերի 10-ին Վահանյանը ընդունվել է աջ ազդրի վերին երրորդի կույր բեկորային վիրավորում ախտորոշմամբ, եւ հայտնել է, որ այդ օրը մարտական գործողությունների ժամանակ է վիրավորում ստացել։ Կատարվել է առաջնային մշակում, դրվել է ռետինե խողովակ։ Դրանից հետո Չախոյանը զննում իրականացրել է հոկտեմբերի 13-ին եւ 15-ին։ Առաջին օրը նշել է, որ վիճակը նորմալ է, վերքը հանգիստ վիճակում է, իսկ երկրորդ անգամ նշել է, որ հետագա բուժման տակտիկան որոշելու համար ուղեւորվում է Զանգեզուրի կայազորային հոսպիտալ։ Առկա նշումներից, սակայն, պարզ է դառնում, որ Վահանյանը այդտեղից դուրս է գրվել ոչ թե այդ օրը, այլ միայն հոկտեմբերի 17-ին։ Լուսանկարում՝ բժիշկ-թերապեւտ Արկադի Չախոյանը Տուժողների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը հարցրեց վկային, թե հոկտեմբերի 13-ին վերքը ի՞նչ վիճակում է եղել, դա նոր վերքի նմա՞ն է եղել, ինչին նա դժվարացավ պատասխանել․ «Ես այդ ժամանակ չեմ գնահատում, նպատակ, միջոց էլ չունեմ ենթադրելու՝ գուցե ամսի 10-ի չէ, 6-ի է»։ Համենայն դեպս, վկան նշեց, որ եթե գրել է, որ վերքը հանգիստ է, հավանաբար լավ վիճակ է եղել, վատթարացում չի եղել։ Հարցին՝ արդյո՞ք այդ վնասվածքը կարող էր նրան զրկել իր գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, վկան դարձյալ դժվարացավ պատասխանել, քանի որ վիրավորների մեծ հոսք է եղել, եւ ինքը չէր հիշում, թե կոնկրետ դեպքում վերքը ինչ աստիճանի է եղել․ «Վերքը ինքնին ենթադրում է շարժումների սահմանափակում, բայց թե ինչ աստիճանի, դժվարանում եմ ասել, դրան պետք է մի քիչ ավելի մանրամասն գնահատական տրվի»։ Հիվանդության պատմագրում հոկտեմբերի 27-ի գրառումը կատարված էր մի ձեւաթղթի վրա, որի վերեւում գրված էր «Վիրահատության հիմնավորում»։ Դատավարության մասնակիցները խնդրեցին բժշկին մեկնաբանել՝ արդյո՞ք դա նշանակում է, որ նա վիրահատվել է․ «Կարծում եմ՝ չէ, դա կապ չունի, դա պատմագրի ձեւն է, գրառումը պարզապես այդտեղ են արել, կարող էին այլ թուղթ կպցնել, թղթի վրա անել, բայց իմ պրակտիկայում շատ հաճախ գրառումները խառն են լինում»։ Ըստ նրա՝ եթե վիրահատություն կատարված լիներ, ենթադրվում է, որ վիրաբույժն էլ, անասթազիոլոգն էլ մանրակրկիտ գրառումներ կանեին այդ մասին։ Նշենք, որ դեռ առաջին դատական նիստին պատասխանելով այդ ձեւաթղթի վերաբերյալ դատավորի հարցին՝ Իշխան Վահանյանը հաստատել էր, թե ինքը հոկտեմբերի 27-ին վիրահատվել է։ Չախոյանի խոսքով՝ ձեւավորված պրակտիկայի համաձայն՝ իրենց մոտ՝ Խնձորեսկում տեղակայված բժշկական կետում, որպես կանոն, պահել են նրանց, որոնց վիճակը ծանր չի եղել, իսկ այն տուժածներին, որոնց կյանքին վտանգ է սպառնացել, շտապ վիրահատել են կամ տեղափոխել համապատասխան հոսպիտալներ։ Ըստ հիվանդության պատմագրի՝ Վահանյանն այդ բուժկետում մնացել է մեկ շաբաթ, ինչը, ըստ նրա, թույլ է տալիս ենթադրելու, որ նա առաջնային պլանում չի եղել։ Իշխան Վահանյանը կապիտան Կարեն Գրկիկյանին ասել է, թե իր զինվորներին է փնտրում Հարցաքննված հաջորդ վկան ՊԲ ինժեներասակրավորային ծառայության սպա, կապիտան Կարեն Գրկիկյանն էր, որը ծառայելիս է եղել Ջաբրայիլի զորամասում, իսկ պատերազմի օրերին կոնկրետ առաջադրանքներ կատարելու նպատակով շրջել է տարբեր հատվածներում, այդ թվում եւ՝ Հադրութում։ Նա պատմեց, որ հոկտեմբերի 3-ին կամ 4-ին, երբ անցնելիս է եղել Հադրութից դուրս եկող ճանապարհով, տեսել է միայնակ քայլող Իշխան Վահանյանին, հարցրել է՝ ի՞նչ է անում, նա էլ պատասխանել է, թե զինվորներին է ման գալիս։ Այլ հարցեր չի տվել, իսկ նրա քայլվածքում արտասովոր բան չի նկատել, իր մեքենայով նրան իջեցրել է «9 կիլոմետր» կոչվող հատված, եւ բաժանվել են։ Դատավորը հարցրեց՝ չի՞ հետաքրքրվել, թե ում նկատի ունի՝ զինվորական անձնակազմ ասելով, արդյո՞ք զինվորներին, թե՞ օրինակ, ՄՈԲ-ի անձնակազմին․ «Այո, զինվորներին, բայց ես երկար ժամանակ չեմ ունեցել, որ խոսենք, կրակում էին ահավոր, ասաց՝ իջնում եմ, ասացի՝ արի՝ իջեցնեմ»։ Դատավորի ճշտող հարցին՝ ի՞նչ է նշանակում անձնակազմին ման գալ, արդյո՞ք զինվորները չպիտի զորամասում կամ դիրքերում լինեին․ «Դե եթե էդպես են ասում, ուրեմն՝ փախել են»,- պատասխանեց վկան։ Նրա այս արտահայտությունը զայրացրեց դահլիճում ներկա ծնողներին, որոնք տեղից սկսեցին բղավել․ «Էդ արտահայտությունը էլ չանես»,- ասացին նրանք։ Շարունակելով իր ցուցմունքը՝ կապիտանը պատմեց, որ Վահանյանին հանդիպել է մեկ էլ Հադրութի դպրոցում։ Օրը հստակ հիշել չկարողացավ, միայն նշեց, որ հոկտեմբերի 7-10 ընկած ժամանակահատվածում է եղել։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը հետաքրքրվեց՝ զրուցե՞լ է հետը, ի՞նչ վիճակում է եղել ամբաստանյալն այդ ժամանակ․ «Տեսել եմ, բարեւել եմ, գնացել եմ, չեմ հետաքրքրվել առողջությամբ, առերեւույթ նորմալ է եղել, արտասովոր բան չեմ տեսել»,- ասաց վկան՝ ընդգծելով, որ իր անմիջական պետը Վահանյանը չի եղել, ինքը նրա հետ կապ չի ունեցել։ Լուսանկարում՝ կապիտան Կարեն Գրկիկյանը Դատախազը հարցրեց՝ իրեն ի՞նչ է հայտնի Խուռհատում տեղի ունեցած դեպքերից, ինչին ի պատասխան՝ Գրկիկյանն ասաց, որ իմացել է, որ հոկտեմբերի 10-ից հետո վիրավորներ, զոհեր եղել են, բայց կոնկրետ շրջափակման մեջ հայտնված ողջ զինծառայողների մասին չի լսել։ Տուժողի իրավահաջորդներից մեկը դարձյալ վրդովվեց․ «Ո՞նց է ձեր բախտը բերել, դուք պատերազմի մեջ փրկվել եք, մեր էրեխեքը զոհվել են»,- ասաց նա։ Դատավորն արձանագրեց, որ հարցը մեղադրանքի հետ կապ չունի, ուստի հանվում է։ Դատավորը նաեւ հարցրեց՝ եթե ինքը, որպես զինծառայող, վիրավորում ստանա, իրավունք ունի՞ լքելու ծառայության վայրը․ «Նայած ինչ վիրավորում․ եթե կյանքիդ վտանգ է սպառնում, ոչ պիտանի ես դառնում․․․»։ Ճշտող հարցին, թե ո՞վ պետք է դա գնահատի, վկան պատասխանեց․ «Դե, օրինակ եթե թեւդ կտրվի, արդեն ոչ պիտանի ես, եթե ջերմում ես, գրիպ ես, միանշանակ ոչ, թեթեւ հիվանդության դեպքում՝ միանշանակ ոչ»։ Դատավորը ճշտեց՝ ինտուիցիայո՞վ է պատասխանում թե՞ ըստ Կանոնագրքի․ «Առաջինը՝ ինտուիցիայով, հետո էլ՝ Կանոնագրքով»,- պատասխանեց նա․ «Ինքս էլ պատերազմի ժամանակ ավտովթարի եմ ենթարկվել, բեկոր եղել է ձեռքի հատվածում, բայց չնչին, զորամասի հոսպիտալում բուժել են, 5 օր արձակուրդ գրել, բայց ես շարունակել եմ ծառայությունս»։  ԳՇ գնդապետը պարզաբանեց Մարտական կանոնադրության դրույթները Երեկ հարցաքննված վերջին վկան Գլխավոր շտաբի գնդապետ, պատերազմի ժամանակ Կրակային խոցման պլանավորման խմբի պետի տեղակալ Նորայր Կարապետյանն էր, որը դատավարության մասնակիցներին չէր ճանաչում, դատակոչվել էր մարտական կանոնադրության դրույթները պարզաբանելու նպատակով։ Պատասխանելով դատախազի եւ դատավորի հարցերին՝ նա հայտնեց, որ  պատերազմական գործողությունների ժամանակ գումարտակի հրամանատարության գործողությունները կանոնակարգվել են Մարտական կանոնադրության 2-րդ մասով՝ հաստատված Պաշտպանության նախարարի կողմից։ Ընդհանուր առմամբ, գումարտակի հրամանատարի պարտականությունը մարտական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների հմուտ ղեկավարումն է՝ մարտական խնդրի բարեհաջող իրականացման համար, իսկ նահանջի ժամանակ, ըստ Կարապետյանի, գումարտակի հրամանատարը այդ մասին պետք է զեկուցի վերադաս հրամանատարությանը, եւ հաստատում ստանալուց հետո միայն դա իրագործվի․ «Այդ ժամանակ նշանակվում են պահպանվող ստորաբաժանումներ, որոնք մարտով ապահովում են հիմնական ուժերի նահանջը կամ հետքաշումը նոր բնագիծ, այնուհետեւ այդ ուժերն են հետ քաշվում, միանում իրենց ստորաբաժանումներին»։ Ստորաբաժանումների ղեկավարումը, ըստ նրա, իրականացվում է կապի միջոցներով՝ գծալարային կապով կամ ռադիոկապով կամ ծայրագույն դեպքում սուրհանդակափոստային կապի միջոցով։ Գնդապետի խոսքով՝ մարտական կանոնադրության համաձայն՝ հրամանատարական կետի շարքից դուրս գալու դեպքում հրամանատարը իր որոշման մեջ պետք է ի սկզբանե հայտնի, թե ով է ստանձնելու ընդհանուր ղեկավարումը՝ նշելով իր տեղակալներից կամ վաշտի հրամանատարներից այն մեկին, որը ավելի հմուտ է եւ պատրաստված։ Կարգադրությունները կարող են տրվել բանավոր՝ հետագայում գրի առնելու պայմանով։ Դատախազը հարցրեց՝ իսկ պարտադի՞ր է, որ վերադաս հրամանատարությունը կամ գումարտակի անձնակազմը այդ փոփոխության մասին տեղեկանա, ինչին նա դրական պատասխան տվեց՝ նշելով, որ հակառակ դեպքում ղեկավարումը խաթարվում է։ Լուսանկարում՝ գնդապետ Նորայր Կարապետյանը Դատախազն առաջարկեց հայտնել նաեւ, թե ինչ կարգով պետք է իրականացվի վիրավորների տարհանումը։ Վկան դժվարացավ մտաբերել, ասաց՝ կարող է Կանոնադրությունը բերել, միասին նայեն, հասկանան․ «Իսկ առհասարակ թեթեւ վիրավորում ստանալուց հետո արձակուրդ պատերազմի ժամանակ տրվո՞ւմ է»,- հարցրեց դատախազը։ Կարապետյանը հայտնեց, որ մարտական կանոնադրություններում նման բանի չի հանդիպել, մի գուցե այլ ակտերով է նախատեսված, ինքը չի կարող ասել։ Տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը հարցրեց․ «Մարդկային տեսակետից, եթե վիրավորվածությունը վտանգ չի սպառնում, հրամանատարը կարո՞ղ է փախչել մարտի դաշտից թե՞ ոչ»։ Հարցին արձագանքեց դատավոր Ջոն Հայրապետյանը՝ ասելով․ «Ձեր դիմաց կանգնած է ՊՆ ԳՇ գնդապետ, ով եկել է այստեղ ոչ թե բարոյական հարցերից խոսելու, այլ զինվորական»։ «Լավ, դուք լինեիք՝ կփախչեի՞ք»,- շարունակելով իր ելույթը՝ հարցրեց Ղազարյանը․ «Կներեք, որ հարցս սենց եմ տալիս, 18 տարեկան տղերքին կթողնեիք մարտի դաշտում, կփախչեի՞ք»։ Նորայր Կարապետյանը չմտաբերեց, թե որ ակտով է դա կարգավորվում, բայց նշեց, որ ցանկացած պարագայում, եթե հրամանտարը ունակ է ղեկավարելու մարտը, պետք է մինչեւ վերջ ղեկավարի»։ Տուժողի իրավահաջորդ Գարիկ Մխիթարյանն էլ հարցրեց՝ արդյո՞ք Կանոնադրությամբ սահմանված է, որ զինվորական երդում դեռ չտված նորակոչիկներին կարող են տանել առաջնագիծ։ Դատավորը վերաձեւակերպեց հարցը․ «Հայտարարված պատերազմի ժամանակ նորակոչիկը մարտի դաշտ դուրս գալի՞ս է թե՞ ոչ»։ Կարապետյանը նշեց, որ չի կարող հարցին պատասխանել։ Նիստերի դահլիճում իրավիճակը փոքր-ինչ լարվեց․ «Ո՞նց կարելի է չիմանալ», «Գնդապետ մարդը այդ հարցին պետք է պատասխանի»,- դժգոհեցին ծնողները։ Այնուհետեւ Գարիկ Մխիթարյանը հայտնեց, որ 5-րդ գումարտակը համարվում էր ոչ մարտական, ուսումնական գումարտակ, որտեղ կային թե՛ մի քանի օր, թե՛ մի քանի ամիս ծառայող ժամկետայիններ․ «Ո՞նց եղավ, որ էդ օրը օրենք դուրս եկավ, եւ բոլորը հավասար համարվեցին մոտոհրաձգային գումարտակ, ու բարձրացան դիրքեր՝ այն դեպքում, երբ շատերը ծանոթ չէին զենքի հետ վարվելու կանոններին»։ Դատավորը վերաձեւակերպեց հարցը՝ ասելով՝ ոչ մարտական զորամիավորումը մոտոհրաձգային դարձնելու կարգ կա՞․ «Մեր ղեկավար փաստաթղթերում սահմանված է, որ ուսումնական գումարտակները մարտական պատրաստության բարձր աստիճանների մարտական ռեժիմի անցնելուց վերափոխվում են, որոշակի ժամանակ հետո դրանք մարտական են, 2020 թ զորակոչը եղել է հուլիս-օգոստոս, այդ ընթացքում պետք է ստորաբաժանումը սկսեր համապատասխան ծրագրով պատրաստություն անցնել, ծանոթանալ զինվորի պարտականություններին, զինվորի գործողություններին մարտի դաշտում, առնվազն հրաձգային զենքին տիրապետեր»։ Հարց հղեց նաեւ տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք մարտական գործողությունների մեջ գտնվող երկու եղբայրներից մեկը պետք է 100 կմ հեռավորության վրա գտնվի, որպեսզի տան ծուխը չմարի։ Դատավորը դարձյալ վերաձեւակերպեց հարցը․ «Հայտարարված պատերազմական դրության ժամանակ հարազատ եղբայրների միաժամանակ մարտական գործողությունների մասնակցելու արգելքի վերաբերյալ նորմ կա՞», ինչին ի պատասխան՝ Կարապետյանն ասաց․ «Մարտական հերթապահության կրման համար կա, բայց ռազմական դրության ժամանակ չեմ հիշում, պետք է որ լինի»,- պատասխանեց նա։ Նշենք, որ Ղազարյանի երկու որդիները զոհվել են պատերազմում։ Նորայր Կարապետյանը միակ վկան էր, որին պաշտպանական կողմը հարցեր հղեց։ Մասնավորապես, պաշտպան Գեւորգ Պարունակյանը հետաքրքրվեց՝ զինվորական երդում չտված երեխաներին ո՞ւմ հրամանով կարող էին տանել, գումարտակի հրամանատարը նման իրավունք ունի՞․ «Ես չեմ հանդիպել այդպիսի բանի»,- պատասխանեց ԳՇ պաշտոնյան։ Այնուհետեւ պաշտպանը հարցրեց՝ պատերազմական դրության ժամանակ ո՞վ պետք է որոշում կայացներ հարազատ եղբայրների իրարից հեռու գտնվելու վերաբերյալ․ «Դա կարգավորող փաստաթղթեր կան, որտեղ նշված են, թե ով ինչ պարտականություններ իրավունքներ ունի»,- ասաց Կարապետյանը։ Պարունակյանը հարցրեց նաեւ՝ եթե դիվերսիոն խմբեր կան, ռմբակոծության հատվածում ապահով վայր ո՞րն է համարվում, ինչին ի պատասխան Կարապետյանն ասաց․ «Եթե մարտի դաշտում են,  խրամատը կամ խրամաճեղքերը կամ ապաստարանները, իսկ եթե քաղաքում են՝ նկուղային հարկը, ապաստարանը»։ Դատավորը հիշեցրեց, որ իրենք քննարկում են ոչ թե 44-օրյա պատերազմի ընդհանուր դեպքերը, այլ կաշկանդված են մեղադրանքի սահմաններով․ «Այսինքն՝ հարցերը այն ամենի շուրջ պետք է լինեն, ինչը վերաբերում է մեղադրանքին, թե երբ ով ինչ է արել, բոլորիս հետաքրքրում է, բայց դա այս դատաքննության սահմաններից դուրս է»։  Վկա Նորայր Կարապետյանը պարզաբանեց նաեւ, որ գումարտակները հաստիքային բուժակներ եւ սանիտարներ են ունենում, բայց տվյալ դեպքում հաստիքը լրացված եղել է թե ոչ, ինքը տեղյակ չէ։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 2-ին։   Միլենա Խաչիկյան
23:30 - 30 հունիսի, 2022
Դատարանն ավարտեց մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարի գործով ապացույցների հետազոտումը

Դատարանն ավարտեց մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարի գործով ապացույցների հետազոտումը

#Կարճասած Դատարանում այսօր շարունակվեց եւ ավարտվեց Պաշտպանության բանակի N զորամասի գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով ապացույցների հետազոտումը։  Վահանյանը հայտարարեց, որ վիրավորվելուց հետո նախ Տողի բուժկետում է եղել, հետո Ստեփանակերտի հոսպիտալում, ապա Խնձորեսկի զինհոսպիտալում, որից հետո տեղափոխվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալ։ Վահանյանի խոսքով՝ իրեն երեք անգամ վիրահատել են։ Մեղադրող դատախազի խոսքով՝ գործի քննության ընթացքում հետազոտվել է այլ բուժհաստատություններում բուժօգնություն ստանալու հանգամանքը, սակայն առկա են միայն իր ներկայացրած փաստաթղթերը, որոնք Զանգեզուրի կայազորային հոսպիտալից էին։  Դատախազն ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը նկատեցին՝ թե՛ Խնձորեսկի, թե՛ Զանգեզուրի հոսպիտալներում ընդամենը կատարվել են վիրակապություններ, այլ ոչ թե վիրահատություններ՝ ինչպես պնդում է Վահանյանը։ #Մանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ այսօր շարունակվեց եւ ավարտվեց Պաշտպանության բանակի N զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով ապացույցների հետազոտումը։ Նիստին ներկա էին տուժողների իրավահաջորդներ, նաեւ տուժողներից Դավիթ Սահակյանը։ Նախորդ նիստի ժամանակ մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակել էր ամբաստանյալ Վահան Իշխանյանի բուժման վերաբերյալ Զանգեզուրի կայազորային հոսպիտալից ստացված փաստաթղթեր, ըստ որոնց՝ Վահանյանը 2020 թ․ հոկտեմբերի 10-ին ընդունվել է հոսպիտալ «աջ ազդրի կույր բեկորային վնասվածք» ախտորոշմամբ, որից հետո կատարվել է վերքի մշակում, վիրակապում։ Փաստաթղթերից մեկի համաձայն՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ վերքի վիճակը գնահատվել է հանգիստ, կատարվել են վիրակապումներ, իսկ հոկտեմբերի 15-ին նշվել է, որ հիվանդի վիճակը բավարար է, տվյալները նորմայի սահմաններում են։ Այնուհանդերձ, երկու օր անց՝ հոկտեմբերի 17-ին, Վահանյանը, ըստ ներկայացված փաստաթղթերի, վիրահատվել է, նրան տրամադրվել է 10-օրյա վերականգնողական արձակուրդ։ Հոկտեմբերի 27-ին արդեն նշվել է, որ նա պիտանի է ծառայության եւ դուրս է գրվում զորամաս։ Դատախազն այսօր շարունակեց ներկայացնել Զանգեզուրի կայազորային հոսպիտալից ստացված փաստաթղթերը, եւ պարզվեց, որ հոսպիտալ ներկայանալու, ապա դուրս գրվելու եւ բուժհաստատություններից ստացված այլ փաստաթղթերը ժամանակագրական որոշակի անհամապատասխանություն ունեին, ինչը նկատեց նաեւ դատավոր Հայրապետյանը։ Դատավորը հստակեցրեց՝ ճի՞շտ հասկացավ, արդյոք, որ Վահանյանը հոկտեմբերի տասին ընդունվել է հոսպիտալ, ապա յոթ օր ստացիոնար բուժումից հետո արձակուրդ ստացել, քանի որ նախորդիվ հետազոտված փաստաթղթերի համաձայն՝ Վահանյանին հոսպիտալ ընդունելուց յոթ օր հետո նոր վիրահատել էին։ Դատավորն այս անճշտության պատճառով դարձյալ ուսումնասիրեց արդեն իսկ հրապարակված փաստաթղթերը, եւ առաջարկեց դրանք հերթով հրապարակելով գալ։ Այդպիսով, Վահանյանի հիվանդության պատմության վերաբերյալ փաստաթղթերում նշված է, որ նա Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել հոկտեմբերի տասին, ժամը, 22:30-ին, ախտորոշվել է «աջ ազդրի վերին երրորդականի կույր բեկորային վիրավորում»։ Ի դեպ, ինչպես նկատեց դատախազ Ավետիսյանը՝ այդ փաստաթղթի վրա նշված ամսաթիվը ջնջումով է, մգեցված գրված է «13.10․2020թ․»։ Հոսպիտալ դիմելու, վիրահատվելու, դուրս գրվելու եւ արձակուրդ ստանալու ժամանակագրական անհամապատասխանությունների առնչությամբ դատախազը մեկնաբանեց, որ մասնագետները հետագայում կպարզաբանեն՝ ինչի հետ է կապված խնդիրը։  Վահանյանի պնդմամբ՝ ինքը 7 օր Խնձորեսկի զինհոսպիտալում է եղել Նիստի ընթացքում հստակեցվեց, որ Վահանյանը սկզբում գտնվել է Խնձորեսկի զինվորական հոսպիտալում՝ շուրջ յոթ օր, ապա Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդուվել հոկտեմբերի 17-ին։ Հոկտեմբերի 13-ի փաստաթղթում նշված է, որ հիվանդի ընդհանուր վիճակը բավարար է, նա գանգատվում է ազդրի ցավերից, երկու օր անց մեկ այլ փաստաթղթում նշված է, որ Վահանյանի վիճակը նորմալ է, վերքը հանգիստ է, իսկ հոկտեմբերի 17-ին Վահանյանն ուղարկվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալ՝ հետագա բուժման ընթացքը ճշտելու նպատակով։ Դատավորը, դիմելով ամբաստանյալին, ճշտող հարց հնչեցրեց՝ այսինքն՝ այդ փաստաթղթերը Խնձորեսկի բուժհաստատությունից են, եւ նա յոթ օր եղել է Խնձորեսկի հոսպիտալո՞ւմ, ինչին ի պատասխան՝ Վահանյանն ասաց․ «Յոթ օր Խնձորեսկում պառկած եմ եղել»։ Այս քննարկման ժամանակ ամբաստանյալն իր խոսքում ներկայացրեց, որ ինքը սկզբում Ստեփանակերտում է եղել, որտեղ իրեն վիրահատել են, հետո տարել են Խնձորեսկի հոսպիտալ, որտեղ նորից վիրահատել են, ապա ուղարկել են Զանգեզուրի կայազորային հոսպիտալ։ Նշենք, որ Վահանյանը ներկայացրեց, որ իրեն վիրահատել են նաեւ հոկտեմբերի 17-ին, հետո տվել արձակուրդ։ Դատարանը ճշտեց՝ ճի՞շտ հասկացավ, որ վիրավորումը ստացել է, դիմել է Ստեփանակերտի հոսպիտալ։ Ամբաստանյալը պատասխանեց․ «Մեզ տարել են Տող (Հադրութի Տող գյուղի մասին է խոսքը,-խմբ), Տողի բուժկետ, հետո Ստեփանակերտ են տարել, նույն օրը գիշերը՝ Խնձորեսկ, յոթ օր մնացել եմ, տարել են Զանգեզուր»,- ասաց Վահանյանը։ Դատարանը հետաքրքրվեց՝ ո՞վ է տարել, ի պատասխան՝ Վահանյանն ասաց՝ «սկոռին»։ Այդ պահին տուժողի իրավահաջորդներից Գեղամ Ղազարյանը՝ զոհվածներից մեկի հայրը, վրդովված հայտարարեց, որ, փաստորեն, Վահանյանի վիրավորումը նրա կյանքին վտանգ չի սպառնացել․ «Բայց ինքը փախել ա, ինքը կարար մնար, իմ տղին վիրակապեր, որ արնաքամ չլիներ, իմ տղեն տասներկու ժամ ապրել ա, կարար վիրակապեր։ Կադրեր կան, չէ՞, զինվորը վիրակապված կռվում ա, բայց էս մարդը ափալ-թափալ փախել ա մայրական խնամքի»։ Այնուհետեւ դատախազը հրապարակեց հաջորդ փաստաթուղթը՝ էպիկրիզ, որ լրացվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, տրվել է կլինիկական ախտորոշում՝ «աջ ազդրի վերին երրոդակայի կույր բեկորային վիրավորում»։ Այդ փաստաթղթում նշված է, որ ընդունվելիս Վահանյանը գանգատվել է վերքից։ Դատախազը նաեւ հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալի հայտնած տեղեկությունների վերաբերյալ՝ նշելով, որ քրեական գործի քննության ընթացքում հետազոտվել է այլ բուժհաստատություններում բուժօգնություն ստանալու հանգամանքը, սակայն առկա են միայն իր ներկայացրած փաստաթղթերը, որոնք, ինչպես նշեցինք, Զանգեզուրի կայազորային հոսպիտալից էին։  Ոչ թե վիրահատություն, այլ վիրակապություն Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներից մեկը նիստի ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ՝ նկատելով, որ փաստաթղթերում եւս մի անհամապատասխանություն կա․ բանն այն է, որ դատարանում հնչել են ե՛ւ վիրակապություն, ե՛ւ վիրահատություն բառերը, բայց դրանց բովանդակությանը ծանոթանալիս պարզ է դառնում, որ վիրահատություն չի եղել, այլ վիրակապություն։ Դատավորն ասաց, որ, ըստ գործի նյութերի, Վահանյանը հոկտեմբերի 17-ին Խնձորեսկի հոսպիտալից ուղարկվել է Զանգեզուրի հոսպիտալ, որտեղ եւ 17-ին վիրահատվել է, հետո նրան տրամադրվել է արձակուրդ։ Ի դեպ՝ դատախազը եւս ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թե՛ Խնձորեսկի, թե՛ Զանգեզուրի հոսպիտալներում ընդամենը կատարվել են վիրակապություններ, այլ ոչ թե, ինչպես նշեց ամբաստանյալը, վիրահատություններ։  Վահանյանի պաշտպանը՝ Գեւորգ Պարունակյանը, այս առնչությամբ հայտարարեց, որ նյութերի հետազոտության ժամանակ էլ առկա են եղել ապացույցներ, որ վիրահատություն եղել է։ Ըստ Պարունակյանի՝ գրավոր ապացույցներում վիրահատություն բառն օգտագործված է։  Դատախազն արձանագրեց, որ Զանգեզուրի կայազորային հոսպիտալից ստացված փաստաթղթում հստակ նշված է, որ կատարված բուժումը վիրակապությունն է, անձը դուրս է գրվել առողջացած, պիտանի է ծառայությանը։ Իսկ վիրակապության մասին նշում փաստաթղթերում, ըստ էության, առկա չէ։ Դատարանն առաջարկեց եւս մեկ անգամ աչքի անցկացնել փաստաթղթերը, ինչը եւ տեղում արվեց։ Նա նկատեց, որ փաստաթղթերից մեկը վերնագրված է «Վիրահատության հիմնավորում»։ Բայց այդ փաստաթղթի բովանդակության մեջ վիրահատության մասին ոչինչ նշված չէր, դրանում հոկտեմբերի 27-ի թվագրմամբ նշված էր, որ հիվանդը վերադարձել է արձակուրդից, ընդհանուր վիճակը բավարար է, գանգատվում է ազդրի թմրածությունից։ Դատախազի ենթադրությամբ՝ դա, ըստ ամենայնի, ձեւաթղթի ձեւն է։ Թեեւ նա կարծիք հայտնեց, որ մասնագետները հետագայում եւս կարող են պարզաբանել։ Այս հստակեցումից հետո հայտարարությամբ հանդես եկավ տուժողի իրավահաջորդ Ալբերտ Ստեփանյանը՝ նշելով, որ պատերազմի սկսվելուց երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, իր որդին որովայնի ճողվածքի վիրահատություն է տարել, բայց նույն ամսի 28-ին՝ պատերազմի սկսվելու հաջորդ օրը, իր որդուն այդ վիճակում Ջրականից տարել են Հադրութի Տող գյուղ․ «Երեխուն տարել են պոստեր, էդ ժամանակ հինգերորդ գումարտակի հրամանատարը Վահան Իշխանյանն ա եղել, ո՞վ ա հրամայել, որ երեխուն էդ կարգավիճակով տանեն պոստեր»,- հարց հնչեցրեց նա․ այդ հարցն այս նիստում անպատասխան մնաց։ Հայտնի չէ՝ ինչ ավտոմեքենայով է Վահանյանը լքել մարտական դիրքը, ով է եղել վարորդը, որտեղ է Վահանյանին պատկանող ավտոմեքենան Նիստի ավարտին դատարանը նշեց, որ Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժինն, ի պատասխան պաշտպանի գրության, հայտնել է, որ գործի քննության ընթացքում պարզվել է, որ Վահանյանը N մարտական դիրքում մարտական հերթափոխություն չի իրականացրել հոկտեմբերի 10-ին։ Պարզվել է, թե որ անձնակազմերն են մարտական հերթապահության նշանակված եղել N մարտական դիրքում, եւ որ այդ դիրքում մարտերի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին ցուցաբերվել է բուժօգնություն եւ նրանք սանիտարական ավտոմեքենաներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Ձեռնարկված միջոցառումների շրջանակում, սակայն, հնարավոր չի եղել պարզել, թե ովքեր են եղել նշված սանիտարական ավտմենքենրի վարորդները եւ որ զորամասի հաշվեկշում են եղել այդ մեքենաները։  Միջոցառումներով տեղեկեւթյուններ չեն ստացվել նաեւ այն մասին, թե ինչ հանգամանքներում է Վահանյանը սեպտեմբերի 29-ին եւ հոկտեմբերի 10-ին վիրավորում ստացել, մարմնի որ մասերում, եւ արդյոք ստացե՞լ է վիրավորում, թե՞ ոչ, չեն պարզվել նաեւ N մարտական դիրքում վիրավորված, Վանք գյուղում շրջափակված, գերեվարված, վիրավորված զինծառայողների ինքնությունները, ինչպես նաեւ Վահանյանի հետ Տող գյուղի հոսպիտալ տեղափոխված զինծառայողների ինքնությունները։ Տեղեկություններ չկան նաեւ այն մասին, թե ինչ ավտոմեքենայով է Վահանյանը լքել մարտական դիրքը, ով է եղել վարորդը, եւ թե որտեղ է Վահանյանին պատկանող ավտոմեքենան։ Այսպիսով, ինչպես նշեցինք, գրավոր ապացույցների հետազոտությունն ավարտվեց, իսկ իրեղեն ապացույցներ չկան։ Ըստ ապացույցների հետազոտման հաջորդականության՝ հաջորդիվ պետք է հարցաքննվեն գործով վկաները։ Բայց քանի որ այսօր նրանց ներկայությունն ապահովելն անհնարին էր, դատարանը գործի քննությունը որոշ ժամանակով հետաձգեց։ Հաջորդ նիստը նշանակվեց այս ամսվա 28-ին։  Հիշեցնենք՝ Վահանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ եւ 380-րդ հոդվածի 1-ին մասերով՝ պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։ Վահանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ Հայարփի Բաղդասարյան
20:55 - 20 հունիսի, 2022
«Ռեստարտ»-ի անդամներն արդարացվեցին. դատարանը հրապարակեց դատավճիռը

«Ռեստարտ»-ի անդամներն արդարացվեցին. դատարանը հրապարակեց դատավճիռը

«Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամներ Դավիթ Պետրոսյանը, Դավիթ Սիմոնյանը, Գարիկ Միսկարյանը, Արամայիս Պետրոսյանը, Հրաչյա Խլղաթյանը եւ Յուրի Ավագյանը քիչ առաջ արդարացվեցին։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հրապարակեց տղաների վերաբերյալ գործով դատավճիռը։ Դատարանը ճանաչեց եւ հռչակեց ամբաստանյալների անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում։ Խոսքը վերաբերում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգման փորձ կատարելուն։ Տղաներն արդարացվեցին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Նրանց նկատմամբ ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը կվերացվի։ Հիշեցնենք՝ մեղադրող դատախազ Սեւակ Պողոսյանը միջնորդել էր տղաներին դատապարտել 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Գործով տուժող Նարեկ Մալյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը միացել էր դատախազի հիմնավորումներին՝ բացառությամբ պատիժը պայմանականորեն չկիրառելուն։ Պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը եւ Կարեն Մեժլումյանը, սակայն, դատարանում պնդել էին՝ առաջադրված մեղադրանքում իրենց պաշտպանյալները պետք է արդարացվեն։ Այս քրեական գործը հարուցվել էր 2019 թ․ մարտի 4-ին Երեւանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առիթով։ «Ռեստարտ»-ի անդամները փորձել էին աղբարկղը նետել Նարեկ Մալյանին, ինչը կանխվել էր տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից։ Ի սկզբանե գործը հարուցվել էր ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի՝ խուլիգանության հատկանիշներով, սակայն հետագայում տղաներին մեղադրանք էր առաջադրվել 34-131-րդ՝ առեւանգման փորձի հոդվածով։ Ողջ դատաքննության ընթացքում նրանք պնդել են, որ Մալյանին առեւանգելու միտում չեն ունեցել, այլ իրականացրել են սոսկ ակցիա՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Մալյանը տեւական ժամանակ իրենց հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչեւ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։ Գործը դատարանում քննվում էր գրեթե 3 տարի՝ 2019 թ․ օգոստոս ամսից սկսած։ Միլենա Խաչիկյան
15:37 - 20 հունիսի, 2022
Պաշտպանները դատարանում պնդեցին՝ «Ռեստարտ»-ի անդամներն առաջադրված մեղադրանքում պետք է արդարացվեն

Պաշտպանները դատարանում պնդեցին՝ «Ռեստարտ»-ի անդամներն առաջադրված մեղադրանքում պետք է արդարացվեն

#Կարճասած «Ռեստարտ» նախաձեռնության գործով պաշտպանները դատարանում հանդես եկան ճառով՝ պնդելով, որ իրենց պաշտպանյալներն առաջադրված մեղադրանքում պետք է արդարացվեն։ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ այս ողջ ընթացքում միակ դրական բանն այն էր, որ երեւույթը, որին իրենք բախվել էին, բարձրաձայնվեց, եւ իրենք հուսով են, որ իրավապահ մարմիններն այսուհետ նման դեպքերի հետ կապված ավելի կոմպետենտ վարքագիծ կդրսեւորեն, իսկ քաղաքացիները իրավունքներն էլ պաշտպանված կլինեն։ Դատական վիճաբանությունների փուլն այսպիսով ավարտվեց, մնաց լսել միայն ամբաստանյալների վերջին խոսքը։ #Մանրամասն «Ռեստարտի տղաները Նարեկ Մալյանին առեւանգելու նպատակ չեն ունեցել, այլ ցանկացել են նրան նետել աղբարկղը՝ որպես ակցիա հայհոյանքի դեմ»։ Սա է այն գլխավոր պնդումը, որի շուրջ պաշտպանական կողմը երեկ կառուցեց իր պաշտպանական ճառը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր նորք նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Դավիթ Պետրոսյանի եւ մյուսների վերաբերյալ գործի քննությունը։ «Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամները, հիշեցնենք, մեղադրվում են 2019 թ․ մարտի 4-ին Նարեկ Մալյանին առեւանգելու փորձի մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։ Լուսանկարում՝ դատավոր Դավիթ Հարությունյանը Սկսելով ճառը՝ պաշտպան Կարեն Մեժլումյանը հիշեցրեց՝ տղաների իրականացրած ակցիան պայմանավորված է եղել նրանով, որ Նարեկ Մալյանը տեւական ժամանակ հրապարակային հարթակներում հայհոյել է նրանց, իսկ նրանց սկզբունքները թույլ չեն տվել դրան հայհոյանքով պատասխանել, ուստի տղաները ցանկացել են Մալյանին նետել աղբարկղը, դա տեսագրել եւ հրապարակել՝ ցույց տալու համար, որ հայհոյողների տեղը աղբամանն է։ Ըստ Կարեն Մեժլումյանի՝ որպեսզի առկա լինի առեւանգում, պարտադիր է ազատությունից ապօրինի զրկած պահելու նպատակը, սակայն ո՛չ առաջադրված մեղադրանքում, ո՛չ մեղադրական եզրակացության մեջ, ո՛չ մեղադրական ճառերում նշված չէ, թե տղաները ցանկանում էին Մալյանին այլ վայր տեղափոխել եւ պահել․ «Այսինքն՝ առաջադրված մեղադրանքը չի պարունակում առեւանգման օբյեկտիվ կողմի հատկանիշները, էլ չեմ ասում հակառակը հիմնավորող ապացույցների մասին»,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ հենց մեղադրող դատախազն էր իր ճառում իրավացիորեն նշում, որ առեւանգման օբյեկտիվ կողմը կարող է դրսեւորվել տուժողին իր կամքից անկախ իր բնական միկրոսոցիալական միջավայրից կտրելով, այլ վայր տեղափոխելով եւ այնտեղ պահելով․ «Այսինքն՝ այս արարքը կարող է ավարտված համարվել նշված եղանակով անձին իր միկրոսոցիալական միջավայրից հանելու պահից, եթե միայն հաստատվի վերջինիս այլ վայր տեղափոխելու եւ պահելու նպատակը»։ Որպես հիմնավորում՝ Կարեն Մեժլումյանը մեջբերեց Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի իրավական դիրքորոշումն այն մասին, որ օրենքի իմաստով անձի առեւանգումը պետք է հասկանալ որպես ապօրինի դիտավորությամբ գործողություն՝ կապված կենդանի անձին իր կամքից անկախ վերցնելու եւ այլ վայր տեղափոխելու հետ՝ հետագա պահելու նպատակով, իսկ Գերագույն դատարանի Պլենումի դիրքորոշմամբ էլ՝ քրեական օրենքի իմաստով՝ անձի առեւանգումը պետք է ընկալվի նրան ապօրինի բռնելը, տեղափոխելը, այլ վայրում պահելը՝ հետագայում այլ հանցանք կատարելու կամ այլ դրդապատճառներով»։ Սա, ըստ պաշտպանի, հավաստում է, որ մեղադրողը, գործով հետազոտված ապացույցներին  հղում կատարելով, պետք է հիմնավորեր, որ տղաները ցանկացել են Մալյանին տեղափոխել այլ վայր եւ այնտեղ իր կամքին հակառակ ազատությունից զրկած պահել, սակայն ըստ նրա՝ ոչ միայն դա հիմնավորող ապացույցներ չկան, այլ անգամ մեղադրանքի որոշման, մեղադրական եզրակացության եւ մեղադրական կողմի ճառերում նման պնդում, նման գործողությունների վերագրում տղաներին չկա․ «Այսինքն՝ ե՛ւ մեղադրանքում, ե՛ւ փաստացի առեւանգման կազմը բացակայում է»,- ասաց նա։ Ելույթ ունեցավ նաեւ պաշտպան Ինեսսա Պետրոսյանը՝ հայտարարելով, որ դատաքննության ընթացքում ամբողջությամբ հիմնավորվեց, որ գործով տուժող ճանաչված Նարեկ Մալյանը թիրախավորել էր «Ռեստարտ» նախաձեռնությանը եւ ամբաստանյալներին, եւ հանդես գալով որպես հասարակական գործիչ՝ տեւական ժամանակ իրեն թույլ է տվել ամբաստանյալների հասցեին հանրային հարթակներում հնչեցնել անձնական բնույթի վիրավորանքներ եւ սեռական հայհոյանքներ․ «Այդ կերպ նա մեր պաշտպանյալներին դրդել է, ինչու ոչ, նաեւ սադրել է իր դեմ գործողություններ կատարել կամ համահունչ կերպով պատասխանել, ինչին նրանք, ինչպես նշել են իրենց ցուցմունքներում, ընդունակ չեն, քանի որ նրանք իրենց նախաձեռնությամբ, նաեւ իրենց բարոյական կերպարով պայքարում են նման անօրինականությունների դեմ»։ Ըստ Պետրոսյանի՝ իրենց պաշտպանյալները, քաջ գիտակցելով, որ չպետք է տրվեն սադրանքների, միեւնույն ժամանակ հասկանալով, որ պետք է հանրայնացնեն Մալյանի ոչ իրավաչափ արարքը, ցանկացել են ընդամենը ակցիայի շրջանակում նրան տեղափոխել աղբարկղը եւ այդ մասին անմիջապես հայտնել իրավապահ մարմիններին․ «Ի դեպ, նշեմ, որ Մալյանը ոստիկանության բաժին տեղափոխվելուց հետո նույնիսկ բողոք չի ներկայացրել, քանի որ այդ պահին էլ իրեն քաջ հայտնի է եղել, թե ինչ է կատարվում, նա իր դատաքննական ցուցմունքում նշել է, որ նույն պահին տեղեկացել է, որ իրեն ցանկանում էին նետել աղբարկղը»։ Նման ցուցմունք, ըստ նրա, նաեւ գործով վկա ոստիկաններն են տվել՝ նշելով, որ ոստիկանության բաժին տեղափոխվելիս՝ դեռ ավտոմեքենայի մեջ, տղաները ասել են, որ կատարել են սոսկ ակցիա եւ ցանկացել են Մալյանին նետել աղբարկղը։ Պաշտպանը կարեւորեց այն հանգամանքը, որ տղաներն անձամբ են տեսանկարահանել են միջադեպի ընթացքը, եւ դրանից բացի, դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում, որտեղ շուրջբոլորը տեսախցիկներ են, ինչը փաստում է, որ նրանք որեւէ բան թաքցնելու միտում չեն ունեցել․ «Այլ հակառակը, ցանկացել են հանրայնացնել, որպեսզի պայքարեն այդ սարսափելի երեւույթի դեմ, երբ անձը կարող է իրեն թույլ տալ հայհոյանքներ հնչեցնել, մայր հայհոյել եւ այդ ամենը անել հանրային ձեւով»,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ այդ փաստը Մալյանն էլ է դատարանում ընդունել․ «Կա՞ մեկ ապացույց, որը կվկայի, որ մեր պաշտպանյալները ցանկանում էին Մալյանին տեղափոխել եւ ինչ-որ տեղ պահել, չկա, չի կարող լինել, մարդիկ, կներեք, պիտի անմեղսունակ լինեին, որ նման բան մտածեին․ եթե այդ ամենը կատարվում էր Ամիրյան փողոցում՝ քաղաքի ամենաբանուկ մասում, ԱԱԾ շենքի կողքը, տեսախցիկների առջեւ, իրենք էլ էին նկարում, ի՞նչ առեւանգման մասին կարող է խոսք լինել կամ նպատակը ի՞նչ կարող էր լինել, եթե գործի նյութերով միանշանակ ապացուցված է Նարեկ Մալյանի վարքագիծը»։ Պետրոսյանն ընդգծեց, որ մեղադրողը իր ճառով հպանցիկ ձեւով է անդրադարձել Մալյանի՝ հայհոյանքներ հնչեցնելու հանգամանքին եւ չի նշել, որ պետք է տուժողի հակաօրինական վարքը եւս նկատի ունենալ․ «Բայց իր անդրադարձը վկայում է, որ մեղադրանքի կողմը շատ լավ գիտի, քաջատեղյակ է, որ այս ակցիան հենց այդ վարքագծի դեմ է, որ հանրային կերպով բոլորը տեղեկանան, որ հայհոյելը դատապարտելի է, խայտառակ արարք է, եւ ինչպես գիտենք, մեր պաշտպանյալներն էլ նշում էին, թե դրա պատճառով ինչքան սպանություններ եւ ինքնասպանություններ են եղել բանակում, հիմա մենք նույնը հանրային ենք տեսնում, եւ ի՞նչ պատասխան են տվել դրան, իմ կարծիքով՝ ամենագրագետ եւ ճիշտ պատասխանը, որովհետեւ եթե մարդկանց հայհոյում են, եւ չես ուզում ավելի վատ կերպով վարվել, պետք է հանրայնացնես, որպեսզի նա հասկանա, որ իր արաքը պարսավելի է եւ անընդունելի է»,- ասաց պաշտպանը՝ նման ակցիան առեւանգման փորձ որակելը աբսուրդ համարելով․ «Այս արարքներում մեր պաշտպանյալները պետք է արդարացվեն»,- եզրափակեց նա։ Լուսանկարում՝ ամբաստանյալները, պաշտպան Կարեն Մեժլումյանը Ելույթ ունեցան նաեւ ամբաստանյալներից երկուսը։ Մասնավորապես, Դավիթ Պետրոսյանը նշեց, որ իրենք ի սկզբանե մեկ կանխատեսում եւ մեկ նպատակ են ունեցել․ կանխատեսումը եղել է այն, որ եթե նման վարքագիծը հանրության կողմից անհանդուրժողական վերաբերմունքի, իսկ իրավապահ մարմինների կողմից համարժեք գնահատականի չարժանանա, կեղեքելու է պետությունը, ինչպես կոռուպցիան, եւ թունավոր մթնոլորտ է ստեղծելու։ Ուստի իրենց ակցիայի նպատակը, ըստ Պետրոսյանի, եղել է երեւույթը հանրայնացնելը․ «Միակ դրական բանը այն էր, որ այս երեւույթը բարձրաձայնվեց, սրա մասին խոսվեց, եւ մենք հուսով ենք, որ մեր իրավապահ մարմինները նման դեպքերի հետ կապված ավելի կոմպետենտ վարքագիծ կդրսեւորեն, քաղաքացիները իրավունքները պաշտպանված կլինեն, իսկ քաղաքացիներն էլ  իրենց կարծիքը բարձրաձայնելիս չեն շրջանցի Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքները, չեն օգտագործի սեռական բնույթի հայհոյանքներ, այլ՝ միայն թույլատրելի միջոցներ, այսինքն՝ բանավեճ, խոսք, փաստարկներ»։ Ըստ Դավիթ Պետրոսյանի՝ ՀՀ-ում հայհոյանքի եւ ծանր վիրավորանքի քրեականացումը ամենաբացահայտ ապացույցն էր այն բանի, որ երկրում կար օրենսդրական բաց։ Այնուհանդերձ, նա ընդգծեց, որ մինչ օրենսդրական այդ փոփոխությունը, երբ համանման դեպքեր եղան այլ քաղաքացիների, անգամ պաշտոնատար անձանց հետ, նույն Դատախազությունը քրեական հետապնդում հարուցեց հենց հայհոյողի, ոչ թե պատասխանողի նկատմամբ։ Պետրոսյանը նշեց՝ որպես ՀՀ քաղաքացի՝ ուզում է հասկանալ՝ մեզ մոտ օրենքի՞ գերակայություն է թե՞ իրավունքի․ «Մենք խոսեցինք օրենքից, օրենքից, օրենքից, մինչդեռ  նշվում է, որ օրենքի գերակայությունը պետք է բխի բնական իրավունքից, իսկ մեր բնական իրավունքներից ամենաառաջինը արժանապատիվ ապրելու, մեր ընտանիքի պաշտպանության իրավունքն է, որի մասին ցավոք ոչ մի խոսք չասվեց»,- նշեց նա՝ հավելելով, որ այս տարիների ընթացքում իրենց պատկերացումը արդարության մասին որոշակի փոխակերպումների էր ուզում ենթարկվել, սակայն իրենք չեն հուսահատվում եւ չեն հիասթափվում․ «Բայց երբ քաղաքացու իրավունքները ոտնահարվում են, դրա մասին պետք է հիշել ոչ թե այն ժամանակ, երբ նա դիմի, այլ պետությունը դա պետք է տեսնի, ոորվհետեւ այդ իրավունքները մեզ տրված են, երաշխավորված են, ինչ-որ տեղ գրված չէ, որ այդ իրավունքները աշխատում են այն ժամանակ, երբ քաղաքացին փաստաբանի միջոցով դիմում է համապատասխան մարմիններին»։ Խոսելով կոնկերտ գործի փաստական հանգամանքներից՝ Դավիթ Պետրոսյանն ասաց, որ ցավոք սրտի, այդպես էլ չբացահայտվեցին այն մարդիկ, ովքեր իսկապես ներկա էին դեպքի ժամանակ․ «Այն ոստիկանները, որոնց հղում է կատարվում, եկել են դեպքից հետո, իսկ այն մարդիկ, ովքեր այդտեղ են եղել քաղաքացիական հագուստով եւ ներկայացել որպես «քրեական», չկան»,- ասաց նա՝ հավելելով, որ չբացահայտվեց նաեւ այն մարդկանց ինքնությունը, որոնք նկարում էին միջադեպը։ Պետրոսյանը ցավով նշեց նաեւ, որ ոչ նախաքննության, ոչ դատաքննության ժամանակ տուժողի վարքագիծը չփոփոխվեց «Եվ այս 4 տարիների ընթացքում ոչ ոք այդպես էլ չկարողացավ բացատրել, թե «Ռեստարտ»-ի գործունեության մեջ հակաազգային, հակապետական ինչ երեւույթ կա»,- եզրափակեց նա։ Ամբաստանյալ Հրաչյա Խլղաթյանն էլ կրկնեց, որ իրենք ոչ մեկի չեն առեւանգել, եւ իրենց նպատակը եղել է սոսկ ակցիան՝ հայհոյանքի դեմ․ «Մեղադրանքը անհիմն է, ես այն չեմ ընդունում եւ չեմ հասկանում, թե այս պահին ինչու եմ այս հոդվածով այստեղ»,- ասաց նա։ Լուսանկարում՝ աջից՝ դատախազ Սեւակ Պողոսյանը, փաստաբան Տիգրան Աթանեսյանը Պաշտպանական կողմի ճառերի ավարտից հետո հայտարարություն արեց տուժող Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Հիշեցնելով, որ մեղադրող դատախազը նախորդ նիստին միջնորդել էր ամբաստանյալներին դատապարտել 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ Աթանեսյանն ասաց, որ պատիժը չի կարող պայմանականորեն չկիրառվել, եթե ամբաստանյալները չեն զղջում․ «Իհարկե, դա դոգմա չէ, սակայն պրակտիկա է, որը առկա է մեր դատական համակարգում շատ վաղուց»,- ասաց նա՝ խնդրելով դատարանին դատավճիռ կայացնելիս դա հաշվի առնել։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 20-ին։   Միլենա Խաչիկյան      
10:53 - 18 հունիսի, 2022
Մետրոպոլիտենի նախկին տնօրենից ու ընտանիքի անդամներից գույքի բռնագանձման հայցեր են ներկայացվել

Մետրոպոլիտենի նախկին տնօրենից ու ընտանիքի անդամներից գույքի բռնագանձման հայցեր են ներկայացվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական 2 հայցադիմումներն ընդունվել են վարույթ: ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունն այդ հայցադիմումներով պահանջ է ներկայացրել դատարանին «Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանից և նրան փոխկապակցված՝ ընտանիքի անդամ հանդիսացող 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. Երևան քաղաքի տարբեր հասցեներում գտնվող 7 բնակարանները, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող գույքը (որոշների դեպքում դրանց 84-ից 94%-ը), իսկ անհնարինության դեպքում՝ այդ գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 702.472.355 ՀՀ դրամ, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող 2 հողամասը (մեկը՝ մասնակի), Երևան քաղաքի Պ.Պռոշյան փողոցում գտնվող ավտոկայանատեղին, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում և Պ. Պռոշյան փողոցում գտնվող 2 շինությունները, իսկ անհնարինության դեպքում՝ այս գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 535.699.753 ՀՀ դրամ, Շարժական 3 գույքը (ավտոմեքենաներ, որոնցից մեկի 79.47%-ը), անհնարինության դեպքում՝ այս գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 27.745.000 ՀՀ դրամ, 2 ՍՊ ընկերության բաժնեմասերը՝ մեկի դեպքում 1/2 բաժնեմասի 84.92%, մյուսի դեպքում՝ 50% մասնաբաժինները,   29.847.801 ՀՀ դրամ, որպես լուծարված ՓԲԸ բաժնեմասի ձեռքբերման գումար, Ընդհանուր 272.240.034 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում Փ. Յայլոյանի և նրա երկու որդիների օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում կատարվող ուսումանսիրությունների արդյունքում դատարան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումների ներկայացման գործըթնացը շարունակվում է:  
12:11 - 13 հունիսի, 2022
44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում

44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում

#Կարճասած Դատարանում այսօր սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը: Վահանյանը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, ինչը զայրացրեց նիստին ներկա տուժողների իրավահաջորդներին: Զոհված եւ անհետ կորած բազմաթիվ զինծառայողների՝ տուժողի իրավահաջորդ ճանաչված ծնողներից բացի այս գործով տուժող են նաեւ ավելի քան 70 օր Հադրութի հարակից անտառներում թաքնված եւ 2020 թ․ դեկտեմբերի 20-ին փրկված ժամկետային 6 զինծառայողները, որոնցից դատարան էին ներկայացել Արման Արմաղանյանը եւ Դավիթ Սահակյանը։ #Մանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրն այսօր մարդաշատ էր։ Դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ այստեղ սկսվեց Պաշտպանության բանակի N զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը։ Վահանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ եւ 380-րդ հոդվածի 1-ին մասերով՝ պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։ Նշենք, որ այս գործն ի սկզբանե ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ մարտի 28-ին դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ կայացել է դատական նիստ։ Շաբաթներ անց, սակայն, ապրիլի 15-ին, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ գործի տարածքային ընդատությունը փոխելու վերաբերյալ, որը դատարանը բավարարել է այն հիմնավորմամբ, որ տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչների եւ դատակոչված վկաների գերակշիռ մասի բնակության վայրը գտնվում է Սյունիքի մարզի վարչական տարածքից դուրս՝ ՀՀ տարբեր, այդ թվում՝ Երեւանին մոտ մարզերում։  Ընդատության փոփոխության այդպիսի հիմք նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածով։ Նիստի սկզբում նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը դահլիճում ներկա տուժողներին եւ տուժողների իրավահաջորդներին ասաց՝ ոչ ոք չի կարող հասկանալ այն ցավը, որ նրանք են զգում, սակայն իրենք դատական գործընթաց են անցկացնելու, եւ ինքը, որպես դատավոր, պարտավոր է դատարանում նիստի կարգը ապահովել, ուստի խնդրում է ըմռնումով մոտենալ, չաղմկել եւ վիրավորական արտահայտություններ չհնչեցնել, հակառակ դեպքում դա համարժեք պատասխանատվության է հանգեցնելու։ Չնայած դատավորի հորդորին՝ դատական նիստը անցավ լարված մթնոլորտում։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Նիստին ներկա անձանց ինքնությունը ճշտելու ընթացքում պարզ դարձավ, որ զոհված զինծառայողների՝ տուժողի իրավահաջորդ ճանաչված ծնողներից բացի դատարան են ներկայացել նաեւ ծնողներ, որոնք գործով իրավահաջորդ ճանաչված չեն, թեեւ նրանց որդիները եւս ծառայել են այն գումարտակում, որի հրամանատարը ամբաստանյալն է եղել։ Դատախազը պարզաբանեց՝ դա պայմանավորված է եղել նախաքննության ժամկետների սղությամբ․ «Ամբաստանյալի գործողությունների հետեւանքով, այո, տուժել են անձինք, սակայն քրեական գործի նախաքննության ժամկետների հետ կապված ստեղծվել էր իրավիճակ, երբ բոլոր տուժողներին հնարավոր չեղավ ճանաչել»,- ասաց նա՝ առաջարկելով գործի քննության ընթացքում այդպիսի տվյալներ հայտնաբերելու դեպքում համապատասխան անձանց ճանաչել տուժող, որից հետո նրանց ծնողներին՝ տուժողների իրավահաջորդ։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդներն ու ծնողները Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը ընդգծեց՝ դա պետք է ոչ թե ընթացքում, այլ ի սկզբանե անել, քանի որ այդ մարդիկ իրենց իրավունքների պաշտպանության խնդիր ունեն։ Այնուհանդերձ, կողմերը չառարկեցին այս փուլում դատական նիստը շարունակելուն։ Դատավոր Ջոն Հայրապետյանը պարզաբանեց, որ ցանկացած անձ, որը համարում է, որ առաջադրված մեղադրանքի սահմաններում իրեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ նյութական վնաս, իրավունք ունի դիմում հասցեագրել դատարան՝ իրեն տուժող կամ եթե տուժողը կենդանի չէ, ապա տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ։ Այնուհետեւ դատավորը ճշտեց ամբաստանյալի ինքնությունը։ Դատավորի հարցերին ի պատասխան՝ Իշխան Վահանյանը հայտնեց, որ ՀՀ քաղաքացի է, ծնվել է Երեւանում, 37 տարեկան է, ամուսնացած, խնամքին կա երկու անչափահաս՝ 14 եւ 15 տարեկան երեխա, նախկինում դատապարտված չի եղել։ Վահանյանն ունի զինվորական բարձրագույն կրթություն, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ծառայել Արմավիրի ուսումնական բրիգադում, Մեհրաբի զորամասում, ապա՝ Ջաբրայիլում։ Դատավորը ճշտեց դատավարության մյուս մասնակիցների ինքնությունները եւս, պարզաբանեց նրանց իրավունքներն ու պարտականությունները, հետաքրքրվեց՝ կողմերը ունե՞ն բացարկի, ինքնաբացարկի կամ այլ միջնորդություններ։ Քանի որ այդպիսիք առկա չէին, դատարանը սկսեց դատաքննության փուլը։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը Մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը, հրապարակելով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, հայտնեց, որ Իշխան Վահանյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա, ՊԲ N զորամասի հրամանատարի համապատասխան հրամանի համաձայն՝ 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես ՊԲ N զորամասի գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի՝ ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դատախազի խոսքով՝ դրանից բացի Իշխան Վահանյանը նույն օրը «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտական դիրքը:  Լուսանկարում՝ դատախազ Գեւորգ Ավետիսյանը Մասնավորապես, Վահանյանը, ըստ մեղադրանքի, ՊԲ N զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա եւ իրականացնել հիշյալ վայրում տեղակայված մարտական դիրքերի պաշտպանությունը, ինչն արվել է հոկտեմբերի 9-ին։ Մեկ օր անց՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդն անցել է հարձակման, որի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Իշխան Վահանյանը չի կատարել ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ իր վրա դրված բազում պարտավորություններ, ինչպես, օրինակ, հավատարիմ մնալ զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը եւ նույնիսկ կյանքը, խստորեն պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները,  իր բացակայության դեպքում պարտականությունների կատարումը թողնել տեղակալին, պատասխանատու լինել իրեն վստահված ստորաբաժանման կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման եւ գումարտակը հմտորեն ղեկավարելու համար, կազմակերպել ավագ պետի առաջադրած խնդիրների կատարումը, ղեկավարել ենթակա ստորաբաժանումների կողմից ստացած խնդրի կատարումը, մարտի վճռական պահերին գտնվել առավել կարեւոր ուղղությունում եւ իր ենթակայության տակ եղած ուժերով ու միջոցներով ժամանակին ազդել մարտի վրա եւ այլն։  Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները Ըստ մեղադրանքի՝ Վահանյանը, տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր անվտանգությունը վեր է դասել ենթակայության տակ գտնվող զինծառայողների անվտանգությունից, անտեսել իր ենթակայության տակ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների նորակոչիկ լինելու եւ մարտական հմտություններին բավարար չտիրապետելու հանգամանքները, ինչպես նաեւ մարտի դաշտը չթողնելու եւ ենթակա անձնակազմի անվտանգությունն ապահովելուն ուղղված գործողություններ կատարելու վերաբերյալ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի պահանջը եւ որեւէ միջոց չի ձեռնարկել առաջադրված խնդրի կատարումն ապահովելու ուղղությամբ․ «Փոխարենը մարտական գործողությունների ընթացքում աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային վիրավորման ձեւով թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով՝ Վահանյանը վերցրել է վերադաս հրամանատարության հետ կայուն կապ հաստատելու համար նախատեսված «Հայտեռա» տեսակի միակ կապի միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որևէ մեկին չփոխանցելով՝  անձնակազմին թողել առանց պատշաճ ղեկավարման եւ ղեկավարման միջոցների, որից հետո, նստելով ավտոմեքենան՝ ինքնակամ լքել մարտադաշտ հանդիսացող վերոնշյալ մարտական դիրքը»,- հայտարարեց դատախազը։ Ըստ նրա՝ իշխանության այդպիսի անգործությունն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ․ «Մասնավորապես, գումարտակի անձնակազմը, մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով եւ եղանակներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու եւ միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել, որպիսի պայմաններում հնարավորություն չի եղել նաեւ վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ»։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ դրա արդյունքում գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց, զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը և Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը և  Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչեւ օրս հայտնի չէ։ Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, պաշտպան Գեւորգ Պարունակյանը Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո դատավորի հարցին՝ հասկանալի՞ են իրեն մեղադրանքի էությունն ու իրավաբանական որակումը, Իշխան Վահանյանը դրական պատասխան տվեց։ Նա նաեւ հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ Ապացույցների հետազոտման ժամանակ նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց Լսելով կողմերի կարծիքը՝ դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հետեւյալ հաջորդականությունը․ նախ կհետազոտվեն գործում առկա նյութերը, ապա՝ իրեղեն ապացույցները, եթե այդպիսիք առկա են, որից հետո կհարցաքննվեն վկաները, տուժողները եւ տուժողների իրավահաջորդները, իսկ վերջում՝ ամբաստանյալը։ Ըստ այդմ, մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակեց Վահանյանի հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությունները։ Դրանք պարունակում էին տեղեկություններ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կատարված մուտքային եւ ելքային զանգերի վերաբերյալ։ Ըստ դատախազի՝ զննությամբ պարզվել է, որ կատարված զանգերի մեջ ՊԲ N զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի հեռախոսահամարը առկա չէ։ Վահանյանը, սակայն, հակառակը պնդեց՝ կարծիք հայտնելով, որ դա գուցե պայմանավորված է Արցախի հեռախոսահամարների 097 կոդով․ «Նախաքննության ժամանակ ասել են, որ բարդ պրոցես է, ՀՀ համարները կարողացել են հանել, Արցախինը դեռ հանում էին»,- նշեց նա։ Դատավորը, սակայն, նկատեց՝ հրապարակված հեռախոսահամարների մեջ կային 097 կոդով սկսվող զանգերի վերծանումներ։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանն էլ հայտնեց, որ միջնորդություններ են ներկայացվել հենց «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությանը եւ այնտեղից են ստացվել տեղեկությունները․ «Եվ ինչպես դատարանը նշեց, այդ զանգերի մեջ կան նաեւ 097 կոդով, այսինքն՝ Ղարաբաղից իրականացված զանգեր, ամբողջ տեղեկութոյւնը ստացվել է, եւ ինչ զանգ կա, արձանագրվել է»,- ասաց նա։ Լուսանկարում՝ տուժողի իրավահաջորդ Վարդուհի Մանուկյանը Ամբաստանյալի առարկությունները զայրացրին դահլիճում ներկա ծնողներին, որոնք սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին՝ ասելով նաեւ․ «Ի՞նչ ես հեքիաթ պատմում», «Սա էլ արդարանալու նոր ձե՞ւ է», «Փոխանակ աչքերը կախի, մարդկանց դեմքերին է նայում», «Սրա նման սրիկաները իմ երկու տղայի եւ հինգ հազար էրեխու գլուխն են կերել, իմ տունը քանդել են» եւ այլն։ Դատավորը փորձեց հանդարտեցնել տուժողների իրավահաջորդներին, որոնցից մեկը՝ Վարդուհի Մանուկյանը, ասաց․ «Չի ստացվում, չեմ կարողանում իմ էմոցիաները զսպել, երբ նրան տեսնում եմ»։ Դատավորը պարզաբանեց, որ խոսելու իրավունք ունեն ինչպես տուժողների իրավահաջորդները, այնպես էլ ամբաստանյալը․ «Բայց ստելու իրավունք նա չունի»,- արձագանքեց Մանուկյանը։ Իսկ երբ դատավորը փորձեց մեջբերել օրենքը, Մանուկյանը, ձեռքի ժամացույցը նետելով ամբաստանյալի ուղղությամբ, բղավեց․ «Այդ օրենքը միայն մե՞զ համար է գործում»։ Դատական նիստը ընդմիջվեց։ Լուսանկարում՝ ժամացույցը Հետազոտվեցին Իշխան Վահանյանի ստացած վնասվածքի եւ բուժման  վերաբերյալ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի բժշկական փաստաթղթերը Ընդմիջումից հետո դատարանը շարունակեց ապացույցների հետազոտումը։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակեց ամբաստանյալի բուժման վերաբերյալ Զանգեզուրի կայազորային հոսպիտալից ստացված որոշ փաստաթղթեր։ Դրանցից պարզ էր դառնում, որ Իշխան Վահանյանը 2020 թ․ հոկտեմբերի 10-ին ընդունվել է հոսպիտալ «աջ ազդրի կույր բեկորային վնասվածք» ախտորոշմամբ, որից հետո կատարվել է վերքի մշակում, վիրակապում։ Հոկտեմբերի 13-ի դրությամբ վերքի վիճակը գնահատվել է հանգիստ, կատարվել են վիրակապումներ, իսկ հոկտեմբերի 15-ին նշվել է, որ հիվանդի վիճակը բավարար է, տվյալները նորմայի սահմաններում են։ Այնուհանդերձ, երկու օր անց՝ հոկտեմբերի 17-ին, Վահանյանը, ըստ ներկայացված փաստաթղթերի, վիրահատվել է, նրան տրամադրվել է 10-օրյա վերականգնողական արձակուրդ։ Հհոկտեմբերի 27-ին արդեն նշվել է, որ նա պիտանի է ծառայության եւ դուրս է գրվում զորամաս։ Այս ապացույցների հրապարակումից հետո հայտարարությամբ հանդես եկավ տուժող Արման Արմաղանյանը։ Վերջինս, հիշեցնենք, մեկն է այն 6 տղաներից, որոնք շուրջ 70 օր թաքնվել էին Հադրութի հարակից անտառներում եւ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել եւ փրկվել։ Նա ասաց, որ Վահանյանի զորքից է եղել եւ նրան շատ լավ ճանաչում է․ «Հոկտեմբերի 6-ի կողմերը Վահանյանը կողքից վիրավորում է ստացել, իսկ 10-ին, երբ ձորից իջնում էինք, ինձնից մի տասը մետր այն կողմ նորմալ քայլում էր, երբ տեսավ՝ կամազներ են գալիս, կողքը բռնեց, սկսեց դժվար քայլել»,- նշեց նա։ Լուսանկարում՝ տուժող Արման Արմաղանյանը Հայտարարությամբ հանդես եկավ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը՝ ընդգծելով այս ապացույցի կարեւորությունը․ «Դրանք հավաստում են մեկ բան․ ամբաստանյալը, լինելով հրամանատար, հնարավորություն ունենալով վիրակապի միջոցով այդ պահին մնալ դիրքերի վրա եւ ղեկավարել, օգտագործել է  բժշկության հետ կապված զինվորական իր գիտելիքները այն մասին, որ նման պարագայում հնարավոր է եւ արձակուրդ ստանալ, եւ չարամտորեն խուսափել, փախել է»,- ասաց նա։ Զոհված զինծառայողներից մեկի հայրն էլ հայտարարեց՝ գուցե կարիք կա, որ բժիշկը գա եւ հարցաքննվի․ «Որովհետեւ երեւում է, որ կարող է նաեւ հանցավոր համաձայնություն եղած լինել նրա հետ»,- ասաց նա։ Դատախազը տեղեկացրեց, որ հիշյալ բժիշկը դատակոչի ցուցակում ներառված է եւ որպես վկա հրավիրվելու դատարան՝ հարցաքննության։ Այնուհետեւ հրապարակվեց գործով վկա Արսեն Ղուկասյանի կողմից ներկայացված լազերային սկավառակի զննությունը։ Դրանում առկա էր հեռախոսային խոսակցություն, որը Ղուկասյանը ձայնագրել է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին (այսինքն՝ նույն օրը, երբ Վահանյանը, ըստ մեղադրանքի, լքել է մարտի դաշտը,- հեղ․)։ Նախաքննության փուլում նա հայտնել է, որ այդ օրը իրեն է զանգահարել իր եղբորորդին՝ Սարգիս Ղուկասյանը (որի հայրը զոհվել է 44-օրյա պատերազմում,- հեղ․) եւ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի օգնությամբ փորձել է նկարագրել տեղանքը, բացատրել, թե իրենք որտեղ են գտնվում այդ պահին․ «Հադրութի պոստից որ նայում ես դեպի հակառակորդ, հենց ուղիղ աջ կողմը մենք ենք, անտառի մեջ ենք, սարի գլխին, ես ԱԱԾ զորքին ասացի, որ մենք սարի գլխին երեք դիրք ունենք դրած, հիմա էդ դիրքից կրակում են մեզ, պիտի իմանան՝ եթե մերոնք են, ասեն՝ չկրակեն, գնանք գոնե այնտեղ․․․ Մեկին ասեք՝ հետս կապվի, հասկանանք՝ զորքը ոնց տանենք ավելի ապահով տեղ»,- նշված էր արձանագրությունում։ Արսեն Ղուկասյանը հայտնել է, որ այդ հեռախոսազրույցից հետո ինքն այլեւս չի կարողացել կապ հաստատել եղբորորդու հետ, եւ մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Այսպիսով, այսօրվա դատական նիստը ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 20-ին։   Միլենա Խաչիկյան
23:55 - 09 հունիսի, 2022
Դատախազը միջնորդեց «Ռեստարտ»-ի անդամներին դատապարտել 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով

Դատախազը միջնորդեց «Ռեստարտ»-ի անդամներին դատապարտել 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով

#Կարճասած «Ռեստարտ» նախաձեռնության անդամների գործով դատաքննությունն այսօր ավարտվեց, դատարանը սկսեց դատական վիճաբանությունների փուլը: Դատախազ Սեւակ Պողոսյանը միջնորդեց բոլոր 6 ամբաստանյալներին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում, դատապարտել 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Գործով տուժող Նարեկ Մալյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը միացավ դատախազի հիմնավորումներին՝ բացառությամբ պատիժը պայմանականորեն չկիրառելուն։ #Ավելիմանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր ավարտվեց «Ռեստարտ» նախաձեռնության անդամների գործով դատաքննությունը, դատարանն անցավ վիճաբանությունների փուլին, որի ժամանակ մեղադրող դատախազ Սեւակ Պողոսյանը հանդես եկավ մեղադրական ճառով։ Հիշեցնենք՝ գործով ամբաստանյալի կարգավիճակում են «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը, Գարիկ Միսկարյանը, Յուրի Ավագյանը, Դավիթ Սիմոնյանը, Հրաչյա Խլղաթյանը եւ Արամայիս Պետրոսյանը։ Նրանց եւ Նարեկ Մալյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել դեռ 2019 թ․ մարտի 4-ին։  Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների կողմից ենթարկվել է հարձակման: Միջադեպից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում դեպքին անդրադարձել էին նաեւ «Ռեստարտ»-ի անդամները՝ պատմելով, որ ի պատասխան Մալյանի՝ իրենց հասցեին հնչեցրած վիրավորանքների՝ փորձել են նրան գցել աղբամանը, ապա տարածել են նաեւ միջադեպի վերաբերյալ տեսագրությունը։ Նույն օրը դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանությունը): Օրեր անց երիտասարդներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգման փորձը): Հարուցված քրեական գործի շրջանակում Նարեկ Մալյանը ճանաչվել էր տուժող: Լուսանկարում՝ ամբաստանյալները, պաշտպան Կարեն Մեժլումյանը Նախքան դատական վիճաբանությունների փուլին անցնելը ամբաստանյալների պաշտպան Կարեն Մեժլումյանն այսօր դատարանին ներկայացրեց համացանցից ներբեռնված մի տեսանյութ եւ միջնորդեց այն կցել գործի նյութերին։ Տեսանյութում երեւում էր, թե ինչպես են մի քաղաքացու, գետնին քարշ տալով, բերում եւ նետում աղբարկղը։  Պաշտպանը զուգահեռներ անցկացրեց երկու դեպքերի միջեւ՝ ցույց տալու համար, որ իր պաշտպանյալների արարքը որակվել է առեւանգման հոդվածով, իսկ այդ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումն անգամ առեւանգման հոդվածի շրջանակներում չի արվել։ Մեժլումյանի հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից հայտնել են, որ հետաքննության մարմնում նյութեր են նախապատրաստվել, մասնավորապես, ծեծի, ֆիզիական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու, դիտավորությամբ առողջությանը միջին կամ ծանր վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածներով եւ արդյունքում, որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Մեժլումյանը հիշեցրեց՝ երբ Նարեկ Մալյանի եւ Դավիթ Պետրոսյանի առերեսման ժամանակ Պետրոսյանն ասաց, որ իրենք Մալյանին աղբամանը նետելու նպատակ են ունեցել միայն, քննիչը կարծիք հայտնեց, թե նման դիրքորոշումը պատասխանատվությունից խուսափելու միտում է հետապնդում, այնինչ իրենց դիրքորոշումն է հենց այն, որ եթե անձին տանում էին՝ աղբամանը նետելու, ուրեմն՝ այդտեղ առեւանգում չէր կարող լինել։ Դատավոր Դավիթ Հարությունյանը հետաքրքրվեց՝ քրեական գործի հարուցումը մերժելու այդ որոշումը դատական ստուգման ենթարկվե՞լ է, ինչին Մեժլումյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ դատախազի կողմից է դրա օրինականությունը ստուգվել։ Ավելի ուշ տեսանյութի մասին դիրքորոշում հայտնեց նաեւ այս գործով դատախազ Սեւակ Պողոսյանը՝ նշելով, որ այն վերաբերելի չէ եւ համադրելի չէ իրենց գործի հանգամանքներին։ Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց տեսանյութը կցել գործին, իսկ դրա թույլատրելիության կամ վերաբերելիության կամ ընդհանրապես, որպես «այլ փաստաթուղթ» ապացույց օգտագործելու հարցը քննարկել վերջնական դատական ակտ կայացնելիս՝ մյուս ապացույցների հետ համադրելու արդյունքում։ Լուսանկարում՝ պաշտպան Կարեն Մեժլումյանը, դատավոր Դավիթ Հարությունյանը Այնուհետեւ դատախազ Սեւակ Պողոսյանը ներկայացրեց իր մեղադրական ճառը։ Նա նախ հիշեցրեց, որ 6 ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, Նարեկ Մալյանին բացահայտ առեւանգելու շուրջ նախնական համաձայնության գալով, հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով 2019 թվականի մարտի 4-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, սպասել են Մալյանին վերջինիս բնակության վայրի մոտակայքում, որտեղ, հանդիպելով նրան, մոտեցել են եւ նրա կամքին հակառակ բռնություն գործադրելու միջոցով, ճնշելով վերջինիս  դիմադրությունը, փորձել են բացահայտ առեւանգել նրան, սակայն հանցավոր դիտավորությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ վնասազերծվել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից: Ըստ դատախազի՝  առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն ընդունել են իրենց կողմից տուժողի նկատմամբ կատարած գործողությունները․ «Ամբաստանյալները, թեեւ դատարանում հերքել են Նարեկ Մալյանին նախնական համաձայնությամբ, խմբի կազմում առեւանգելու հանգամանքը, սակայն նշել են, որ իրենց գործողություններն այդ օրը պայմանավորված են եղել նրանով, որ մինչ այդ Նարեկ Մալյանը սոցիալական էջերում կատարված հրապարակային ելույթներով եւ գրառումներով իրենց բազմիցս վիրավորանքներ է հասցրել: Այսինքն՝ ամբաստանյալները, ըստ էության, ընդունել են տուժողին կամքին հակառակ, խմբով, բռնություն գործադրելով բացահայտ տեղափոխելու հանգամանքը, սակայն պնդել են, որ իրենց նպատակը եղել է ոչ թե առեւանգելը, այլ մոտակայքում գտնվող աղբամաններից մեկը գցելը, եւ եթե ոստիկանները չմիջամտեին, իրենք կատարելու էին դա ու ներկայանալու էին ոստիկանություն, քանի որ կարծում են, որ այդ կերպ իրենց իրավունքներն են պաշտպանում»,- նշեց դատախազը։ Նրա խոսքով՝ ամբաստանյալների մեղավորությունը հաստատվել է ինչպես տուժող Նարեկ Մալյանի, այնպես էլ վկաների ցուցմունքներով: Տուժողը, ըստ դատախազի, նախաքննության ժամանակ տված ցուցմունքով մանրամասն պատմել է, թե ինչպես է դեպքի օրը հարձակման ենթարկվել, իսկ դատարանում եւս հաստատել է, որ ամբաստանյալների գործողությունները նախապես մանրամասն պլանավորված են եղել, ինչի մասին է վկայել այդ անձանց գործողությունների հստակությունը․ «Տուժողը նաեւ ավելացրել է, որ ֆիզիկական ցավ զգալուց բացի իրեն այդ վիճակը նաեւ հոգեկան տառապանք է պատճառել, քանի որ ինքը հանրային գործունեությամբ է զբաղվում եւ իր բնակության հասցեի մոտ՝ այդ մարդաշատ վայրում իր կամքին հակառակ, անելանելիութան վիճակում իրեն տեղափոխելը եւ հետագայում ամբաստանյալների խմբի կողմից տեսագրության հրապարակումը այլ կերպ ընկալվել չէր կարող ու կրում էր իրեն նվաստացնելու նպատակ»,- նշեց Պողոսյանը։ Վերջինս պնդեց, որ ամբաստանյալների մեղավորությունը հաստատվել է նաեւ դեպքի վայրի զննության արձանագրություններով, հարակից տարածքների տեսախցիկների՝ ապացույց ճանաչված տեսագրությունները պարունակող սկավառակներով, ամբաստանյալներին դեպքի վայրից բերման ենթարկելու մասին կազմված արձանագրություններով։ Լուսանկարում՝ դատախազ Սեւակ Պողոսյանը, փաստաբան Տիգրան Աթանեսյանը Խոսելով ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքից՝ Սեւակ Պողոսյանն ասաց․ «Առեւանգման օբյեկտիվ կողմը կարող է դրսեւորվել՝ տուժողին իր կամքին հակառակ բնական միկրոսոցիալական միջավայրից կտրելով, այլ վայր տեղափոխելով եւ այնտեղ պահելով: Այսինքն՝ հիշյալ արարքը կարող է ավարտված համարվել վերը նշված եղանակով անձին միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելու պահից, եթե հաստատվի վերջինիս այլ վայր տեղափոխելու եւ պահելու նպատակը: Ինչ վերաբերում է նշված արարքի հանցափորձին, ապա այն կարող է դրսեւորվել տուժողնի վերը նկարագրված եղանակով միկրոսոցիալական միջավայրից դուրս բերելու ընթացքում հանցավորի կամքից անկախ հանգամանքներում արարքի խափանման արդյունքում», -նշեց նա՝ հավելելով, որ հենց այդ հանցափորձն էլ տվյալ դեպքում տեղի է ունեցել․ «Տուժողը գտնվել է իր բնակության վայրի շքամուտքում եւ նրան միկրոսոցիալական միջավայրից կտրելուն ուղղված գործողությունները, թեեւ տեղի են ունեցել նույն փողոցում կատարված բռնարարքի միջոցով, այսինքն՝ նրան մեքենայով չեն տեղափոխել կամ շատ մեծ տարածություն չեն տեղափոխել,  սակայն ակնհայտ է, որ անգամ Ամիրյան փողոցի նշված հասցեից դեպի Սարյան փողոցը ընկած շուրջ 20 մետր հեռավորության վրա գտնվող աղբամանները տեղափոխելու եւ այնտեղ գցելու պարագայում էլ անձը փաստացի կկտրվեր իր միկրոսոցիալական միջավայրից, հետեւաբար՝ առկա կլիներ ավարտված առեւանգում, որը կատարված կլիներ վրեժի շարժառիթով»։ Սեւակ Պողոսյանը հարկ համարեց արձանագրել նաեւ, որ դատաքննությամբ պաշտպանական կողմի միջնորդությամբ հետազոտված ձայնագրություններով հաստատվել է տուժողի կողմից մինչ դեպքը ամբաստանյալներին բազմիցս հայհոյելու հանգամանքը, ինչը հաստատել է նաեւ հենց տուժողը։ Նա նշեց նաեւ, որ ներկայացվել են ամբաստանյալների անձը դրականորեն բնութագրող տեղեկանքներ եւ այլ փաստաթղթեր, այդ թվում՝ ուսման վայրերից․ «Ուշադրության են արժանի պատերազմին մասնակցելու վերաբերյալ փաստական տվյալները, որոնք եւս գործին կցված են»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ ամբաստանյալների պատասխանա­տվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատախազը միջնորդեց բոլոր ամբաստանյալներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հանցագործությունը կատարելու համար եւ դատապարտել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով:   Միաժամանակ դատախազը միջնորդեց ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժները ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել՝ 3 տարի ժամկետով փորձաշրջան սահմանելով եւ վերջիններիս վրա բնակության վայրերը չփոխելու պարտականություն դնելով։ Տուժող Նարեկ Մալյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը միացավ դատախազի դատողություններին՝ չհամաձայնելով միայն պատիժը պայմանականորեն չկիրառելու դիրքորոշմանը եւ պնդելով, որ նրանք ազատազրկումը պիտի իրականում կրեն։ Հակառակ դեպքում, ըստ փաստաբանի, սոցիալական արդարությունը չի կարող վերականգնվել․ «Խոսքն ակցիայի մասին չէ, այլ ինքնադատաստանի, որը ամբաստանյալները ցանկացել են եւ  մասնակի հաջողել, իսկ ինքնադատաստանի վտանգը այն է, որ այն չի ունենում ավարտ, նման բռնարարքը կարող է ունենալ իր պատասխանը, այդ պատասխանը՝ իրենը, եւ դա կլինի անվերջ»,- ասաց Աթանեսյանը՝ նշելով, որ դատարանն այժմ ունի հնարավորություն այդ ամենին վերջ տալու եւ թույլ չտալու, որ արդարության պակասի զգացումից տեղի ունենան այլ հանցանքներ կամ ամբաստանյալների նշած, այսպես կոչված, «ակցիաները», լայն տարածում ստանան։ Աթանեսյանը միաժամանակ ընդգծեց, որ թեեւ այն ժամանակ ծանր վիրավորանքը դեռ քրեականացված չէր, սակայն ամբաստանյալներն իրավական դաշտում, մասնավորապես, քաղաքացիական կարգով, ունեին իրենց պաշտպաննելու արդյունավետ միջոցներ․ «Ի վերջո վիրավորանքին կարող էին պատասխանել վիրավորանքով միգուցե»,- ասաց նա՝ հավելելով, որ այս դեպքում հասարակական վտանգավորությունը նրանում է, որ բարձր արժեքներ ձեւականորեն քարոզող ՀԿ-ն դիմում է հանցագործության, այն էլ՝ կազմակերպված, հասարակական վայրում, տուժողի բնակության վայրում, որտեղ կարող էին ականտաես լինել թե՛ նրա հարեւանները, թե՛ ընտանիքի անդամները, այդ թվում՝ անչափահաս երեխան։ Մեղադրող եւ տուժող կողմի ելույթներից հետո պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց՝ պաշտպանական ճառ պատրաստելու համար, ինչով պայմանավորված` նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 17-ին։   Միլենա Խաչիկյան
23:45 - 06 հունիսի, 2022
Ըստ պաշտպանների՝ Հրայր Թովմասյանի գործում առկա գաղտնալսումները չպետք է հետազոտվեն, քանի որ ձեռք են բերվել իրավունքի խախտմամբ

Ըստ պաշտպանների՝ Հրայր Թովմասյանի գործում առկա գաղտնալսումները չպետք է հետազոտվեն, քանի որ ձեռք են բերվել իրավունքի խախտմամբ

#Կարճասած Դատարանն ավարտեց Հրայր Թովմասյանի գործով փաստաթղթերի հետազոտումը, հերթը հասավ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռքբերված գաղտնալսումներին Ըստ պաշտպանական կողմի՝ այդ գաղտնալսումները ի սկզբանե չպետք է հետազոտվեն, քանի որ ձեռք են բերվել իրավունքների խախտմամբ, դատախազները, սակայն, հակառակ կարծիքին են Այնուհանդերձ, դրանք այսօր հետազոտվեցին մասամբ․ պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց գրավոր միջնորդություն ներկայացնելու համար։ #Ավելիմանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում այսօր շարունակվեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով ապացույցների հետազոտումը։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակեց գործում առկա փաստաթղթերը, որից հետո անցավ գաղտնալսումների հրապարակմանը։ Նախքան դա Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հարց հնչեցրեց՝ ճի՞շտ է հասկանում, որ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Թովմասյանի բնակարանի անձեռնմխելիության խախտման փաստը հաստատելու մասին, գործի նյութերում առկա չէ։ Ի պատասխան՝ դատավորն ասաց, որ եթե առկա լիներ, ինքը դա կհրապարակեր։ Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին պաշտպանները միջնորդել էին չհետազոտել Թովմասյանի բնակարանի խուզարկության արձանագրությունը՝ պատճառաբանությամբ, որ այն, թեեւ ի սկզբանե դատարանի որոշման հիման վրա է իրականացվել, սակայն հետագայում դրա դեմ բողոք է ներկայացվել, եւ Վերաքննիչ դատարանը բեկանել է խուզարկության թույլտվության որոշումը՝ այն որակելով անօրինական։ Դատարանը, այնուհանդերձ, հետազոտել էր այն՝ նշելով, որ այս փուլում չի կարող գնահատական տալ ապացույցների թույլատրելիությանը եւ դրանց անդրադառնալու է խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս։ Այդ հարցը այսօր եւս քննարկման առարկա դարձավ։ Երբ դատարանը սկսեց հետազոտել Էդուարդ Այվազյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ գաղտնալսման այդ գործընթացը առնվազն գործի նյութերում առկա ապացույցներով հիմնավոր չէ, քանի որ, ըստ նրա, անձի հեռախոսի գաղտալսումը թույլ տալու համար պարտադիր պահանջ է նրա՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվելու պայմաններից մեկը․ «Մնացած դետալները չասեմ, ինքնին ձայնագրությունը սույն գործի շրջանակում ապօրինի է եւ չի կարող քննարկման առարկա դառնալ, հետեւաբար չի կարող նաեւ ուսումնասիրվել, որպեսզի դատարանի ներքին համոզման վրա ազդեցություն չթողնի»։ Պաշտպանի համոզմամբ՝ նախագահողը չպետք է թույլ տա ապօրինի որեւէ նյութի ուսումնասիրությունը դատական նիստում, եթե այդ նյութի ապօրինիությունը հնարավոր է արձանագրել առանց դրա բուն պարունակությունը ուսումնասիրելու։ Նշենք, որ Էդուարդ Այվազյանը այն անձն է, ով ի սկզբանե գնել է Բաղրամյան պողոտայում գտնվող  անշարժ գույքը, որի մասին խոսվում է մեղադրանքում։ Ըստ դրա՝ Թովմասյանն ու Փանոսյանը խոչընդոտել են նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Գաղտնալսումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Թովմասյանի մյուս պաշտպան Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ մեղադրական եզրակացությունում մեջբերված են հիշյալ հեռախոսային խոսակցություններից երկուսը, իսկ սկավառակի մեջ առկա է վեց ձայնագրություն․ «Ուստի եթե, այնուամենայնիվ, լսում ենք, լսենք նրանք, որոնք ներառված են մեղադրական եզրակացության մեջ»,- ասաց նա։ Դատախազ Արսեն Մարգարյանը, սակայն, հակադարձեց՝ սկավառակում առկա բոլոր ձայնագրությունները գործում ապացույց են, ուրեմն՝ պետք է հետազոտվեն․ «Իսկ թե քանի խոսակցություն է մեղադրական եզրակացության մեջ քննիչը արձանագրել, չի կարող կանխորոշիչ լինել սկավառակի պարունակությունը մասամբ լսելու համար»,- ասաց դատախազը։ Դատարանը, ամեն դեպքում, շարունակեց գաղտնալսումների հետազոտումը, որոնց պարունակությունը լիարժեք լսելի չէր, այնուհանդերձ, հասկանալի եղավ, որ կողմերը խոսում են անշարժ գույքի վաճառքի, քննչական մարմնում բացատրություններ չտալու մասին, եւ մի քանի անգամ հնչում էին «հեռախոսով ի՞նչ ասեմ»,  «հեռախոսով չխոսենք» արտահայտություններ։ Գաղտնալսումների հետազոտումը դարձյալ ընդհատվեց, երբ Նորայր Փանոսյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը խնդրեց՝ դատախազները բացատրեն, թե այդ հեռախոսազրույցները ինչ կապ ունեն մեղադրանքի հետ կամ մեղադրանքի կոնկրետ որ հանգամանքին են առնչվում։ Դատախազները արձագանքի անհրաժեշտություն չտեսան, եւ դատարանը ցանկացավ շարունակել գաղտնալսման հետազոտումը։ Սարգսյանը, սակայն առարկեց՝ ասելով, որ իր հարցը մնաց անպատասխան․ «Ես կարող եմ բազմաթիվ հայտարարություններ անել, ծանրաբեռնել դատական նիստը, ինչպես այս գործն է ծանրաբեռնված, բայց մենք պաշտպանական իրավունք ենք իրացնում, մեկ-երկու բառով կարելի  է ասել՝ մեղադրանքի այս հատվածին է վերաբերում, որ մենք էլ իմանանք՝ ինչից ենք պաշտպանվում»։ Մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանը ավելի ուշ պարզաբանեց՝ այնպես չէ, որ իրենք իրենց մեջ այդ բացատրությունները չունեն, դրա համար չեն արձագանքում, խնդիրը պարզապես այն է, որ նման օրենսդրական պահանջ չկա․ «Այսինքն՝ դատախազը որեւէ պարտավորություն չունի  բացատրություններ տալու, հիմնավորումներ ներկայացնելու, թե այս ապացույցը առանձին ինչին է վերաբերում, մենք բերել ենք գործը, բերել ենք ապացույցները, ասում ենք՝ սա է, արդեն հանձնել ենք դատարանի դատին»,- ասաց նա։ Այնուհետեւ Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց հրապարակել ամեն ձայնագրության ձեռքբերման աղբյուրը, այսինքն՝ դրա հիմք հանդիսացող փաստաթուղթը, որով, ըստ պաշտպանի, հասկանալի կդառնա, թե տվյալ սկավառակը որտեղ է ստեղծվել, որտեղից որտեղ ուղարկվել։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտնեց՝ գործում առկա բոլոր փաստաթղթերը դատարանը արդեն իսկ հրապարակել է։ «Այսինքն՝ չկա՞ ձեռքբերման աղբյուրը»,- հարցրեց պաշտպանը, ինչին ի պատասխան՝ դատավորն ասաց, որ եթե եղել է, ուրեմն՝ հրապարակվել է։ «Եթե-ով չէ, մենք ապացույց ենք հետազոտում, հրապարակվե՞լ է արդյոք ձեռքբերման աղբյուրը թե՞ ոչ»։ Պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ շարունակեց․ «Դատարանը ոչ թե պետք է առաջարկի դատախազներին ցանկության դեպքում արձագանքել, այլ եթե նրանք շատ հստակ չեն բերում բավարար հիմնավորումներ, որ դատարանի մոտ ձեւավորվի համոզմունք, որ սա ունի ծագում, եւ այն օրինական է, ապա պետք է հանի գործի նյութերից եւ վերադարձնի Դատախազությանը»։ Դատավորը հետաքրքրվեց՝ ի՞նչ ընթացակարգով է պաշտպանը դա պատկերացնում․ «Ընթացակարգը հետեւյալն է․ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածն ասում է, որ յուրաքանչյուր ոք ունի արդար դատաքննության իրավունք, որի բաղադրատարր է, որ ապօրինի ձեռքբերված ապացույցը չի կարող օգտագործվել, անմիջականորեն կիրառեք Սահմանադրության նորմերը»,- ասաց նա՝ հավելելով․ «Կա ձայնագություն, լսեցինք, հասկացանք, բայց այդ ձայնագրությունը որտեղի՞ց է հայտնվել, այսինքն՝ ո՞վ է ձայնագրել, որտե՞ղ է ձայնագրել, ինչի՞ հիման վրա է ձայնագրել, եթե դրանք չկան, դուք ինչպե՞ս եք գնահատելու այն»։ Պաշտպանն ընդգծեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը» եւս ուղղակիորեն նախատեսում են, որ ապօրինի ապացույցը չի կարող հետազոտել։   Դատախազ Արսեն Մարգարյանն ի վերջո արձագանքեց՝ ասելով, որ պաշտպանների պնդումը, թե հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավական հիմք գործում չկա, իրականությանը չի համապատասխանում․ «Քիչ առաջ եւ նախորդ դատական նիստին էլ հետազոտված փաստաթղթերը առնվազն դրա իրավական հիմքը պարունակում են, այդ ապացույցը ապօրինի ձեռք չի բերվել, առկա են դատարանի որոշումներ, դրանց գաղտազերծման որոշումներ, համապատասխան մարմնի միջնորդությունը, եւ հիմքը, թե ինչ կասկածանքով է տրվել այդ միջնորդությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ ամենեւին անհրաժեշտ չէ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում մարդ ներգրավված լինի, որպեսզի հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացվի։ Անդրադառնալով պաշտպան Հովսեփ Սարգսյանի այն խոսքին, թե կարող են հայտարարություններով ծանրաբեռնել նիստը՝ դատախազն ասաց, որ ըստ էության, դա էլ արվում է, քանի որ նույնաբովանդակ միջնորդություն ներկայացվել է ե՛ւ նախորդ դատական նիստին, ե՛ւ դրանից առաջ։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը եւս պաշտպաններին հիշեցրեց՝ այս փուլում գործից ապացույց հեռացնելու վերաբերյալ նախորդ նիստին արդեն իսկ դիրքորոշում արտահայտել է, ուստի միջնորդությունը չի քննարկվում, թողնվում է առանց քննության։ Հրայր Թովմասյանը խնդրեց ընդմիջել նիստը, որպեսզի իր պաշտպանների հետ քննարկի տվյալ իրավիճակում իրենց հետագա գործողությունները։ Ընդիջումից հետո պաշտպան Արամ Օրբելյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նախորդ Սահմանադրությամբ խոսվում էր ապօրինի ձեռքբերված ապացույցները դատավճռի հիմքում դնելու արգելքի մասին, մինչդեռ գործող Սահմանադրությունը ամրագրում է, որ այդպիսի ապացույցների օգտագործումն է արգելվում․ «Սրանով երկու հիմնական խնդիր է բարձրացվել․ նախ, ընդլայնվել է սուբյեկտների շրջանակը, ում արգելվում է ապօրինի ձեռքբերված ապացույցը օգտագործել՝ դատարանից բացի ներառելով դատավարության մյուս մասնակիցներին, այդ թվում՝ դատախազությանը,  եւ երկրորդը, «մեղադրական դատավճռում դնելու» փոխարեն տրվել է «օտագործվել» ձեւակերպումը՝ իր սահմանադրաիրավական առանձին բովանդակությամբ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հետազոտումն ինքնին օգտագործման եղանակ է։ Օրբելյանը նշեց, որ իրենց համոզմամբ այդ ձայնագրությունները ձեռք են բերվել հիմնական իրավունքների խախտմամբ եւ խաթարել են արդար դատաքննության իրավունքը, սակայն քրեադատավարական օրենսգրքի հետազոտումից պարզ է դարձել, որ դատարանը չունի գործիքակազմ՝ ասելու, որ տվյալ դեպքում տվյալ ապացույցը տվյալ պարամետրերով խաթարող է կամ խաթարող չէ, ի տարբերություն, օրինակ, Քաղաքացիական օրենսգրքի, որը նման հնարավորություն տալիս է։ Այս իրավիճակը, ըստ պաշտպանի, հանգեցնում է հակասահմանադրական արդյունքի, ինչով պայմանավորված՝ նա ժամանակ խնդրեց գրավոր միջնորդություն պատրաստելու համար։ Ըստ ամենայնի, խոսքը գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդության մասին է։ Նորայր Փանոսյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը միացավ խնդրանքին՝ հայտնելով, որ կախված Օրբելյանի կողմից ներկայացվող միջնորդության արդյունքներից՝ հնարավոր է՝ ինքն էլ միջնորդությամբ հանդես գա։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 17-ին։   Միլենա Խաչիկյան
19:53 - 02 հունիսի, 2022
Ըստ Հրայր Թովմասյանի՝ իր վերաբերյալ գործում առկա որոշ ապացույցներ պետք է անթույլատրելի ճանաչվեն

Ըստ Հրայր Թովմասյանի՝ իր վերաբերյալ գործում առկա որոշ ապացույցներ պետք է անթույլատրելի ճանաչվեն

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի կարծիքով՝ իրեն առաջադրված մեղադրանքը նման է ավազե պարանի․ «Որտեղ որոշես փաթաթել, այն ցաքուցրիվ է լինելու»,- Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում հայտարարեց նա։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց նրա եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի վերաբերյալ գործի քննությունը։ Հիշեցնենք՝ Թովմասյանն ու Փանոսյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Առաջադրված մեղադրանքները նրանք չեն ընդունում։ Ըստ մեղադրանքի՝  2010-2014 թթ ընթացքում Հրայր Թովմասյանը, լինելով Արդարադատության նախարար եւ ունենալով կազմակերպական-տնօրինչական լիազորություններ, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել Արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Դրանից բացի, ըստ մեղադրանքի, նա, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ, հարկադրվել է Նոտարական պալատի նախագահին պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել Արդարադատության նախարարության եւ Նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Նորայր Փանոսյանի մեղադրանքը եւս այս դրվագների վերաբերյալ է․ նա այդ ժամանակ զբաղեցրել է Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը։ Նախաքննության ընթացքում Փանոսյանը կալանավորված է եղել, այժմ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Նշենք, որ քրեական գործը դատարանում է 2020 թվականի մարտ ամսից, դատարանն ապացույցների հետազոտման փուլում է։ Հրապարակվեցին գործում առկա զննությունների արձանագրություններ Այսօրվա նիստի ընթացքում մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանը հրապարակեց նախաքննության ընթացքում կատարված զննությունների արձանագրությունները, որոնց թվում էր Արդարադատության նախարարությունից 2019 թվականի դեկտեմբերի 2-ին ստացված մի սկավառակի զննության արձանագրություն։ Սկավառակի մեջ, ինչպես դատախազը նշեց, առկա էր երկու թղթապանակ՝ «Հրայր Թովմասյան 1» եւ «Հրայր Թովմասյան 2» վերնագրերով։ Դրանցում Նոտարական պալատի բանկային հաշվի քաղվածքներն էին, կնքած վարձակալության պայմանագրեր։ Չանդրադառնալով արձանագրության բովանդակային մասին՝ Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց զննել բուն սկավառակը՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչ հանգամանքներում են թղթապանակներին այդ անվանումները տրվել, արդյո՞ք ի սկզբանե այդպես են վերնագրված եղել, թե՞ երբ քննիչը պահանջել է, կատարող անձն է այդ անվանումը տվել։ Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ասաց, որ տեխնիկական պատճառներով սկավառակը կզննեն նիստի ավարտին, այժմ կշարունակեն ապացույցների հետազոտումը։ Պաշտպանը, սակայն, պնդեց՝ մինչեւ չիմանան, թե ինչ պայմաններում են ստեղծվել այդ թղթապանակները, չեն կարող վստահաբար ասել, որ դրանք համապատասխանում են Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված «այլ փաստաթուղթ» ապացույցի տեսակին․ «Ես պնդում եմ, որ առկա թղթապանակները վարույթն իրականացնող մարմնի կամայականության եւ նախարարության պաշտոնատար անձանց հետ անօրինական համագործակցության արդյունք են, որովհետեւ դրանք ի սկզբանե առկա չեն եղել նախարարությունում, համապատասխան վայրից ստացվել են, եւ համապատասխան վայրում այդ անվանումներով թղթապանակներ առկա չեն եղել»,- ասաց նա։ Ելույթ ունեցավ նաեւ Հրայր Թովմասյանը՝ հարց հնչեցնելով, թե ինչի՞ց են ենթադրել, որ սկավառակի վրա նշված «Հրայր Թովմասյան»-ը հենց ինքն է, որովհետեւ ըստ ընտրողների ռեգիստրի՝ ՀՀ-ում այդ անուն-ազգանունով 123 անձ կա․ «Միգուցե մյուս Հրայր Թովմասյաններից մեկն է, միգուցե նրան է պետք բերել, այստեղ կանգնեցնել, դուք ասացիք՝ վրան գրված է, եթե վրան գրված լիներ ձեր անուններից մեկը, ձեր գլխավոր դատախազի անունը, ի՞նչ էիք անելու»,- դիմելով դատախազներին՝ հարցրեց Թովմասյանը։ Դատավորը հիշեցրեց, որ նա իր հայտարարությունները պետք է դատարանին ուղղի, ինչից հետո Թովմասյանը շարունակեց․ «Ես ասում եմ՝ ՀՀ նախագահի անունն էր վրան գրված կամ Պողոս Պողոսյան էր գրված,  ինչի՞ց եք ենթադրել, որ դա ես եմ, եթե վրան գրվածով որոշել եք, որ դա ապացույց է, եւ դատարանն էլ ժամանակ է վատնում դա ուսումնասիրելու վրա, եկեք փորձաքննություն նշանակենք, պարզենք՝ 2012 թվականի՞ն է գրվել «Հրայր Թովմասյան», թե՞ 2019-2020 թթ, ես ձեզ վստահեցնում եմ, որ 2020 թ է գրված լինելու կամ 2019-ին, 2018-ին»։ Դատախազները, այնուամենայնիվ, արձագանքեցին Թովմասյանի հայտարարություններին։ Մասնավորապես, մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանն ասաց՝ թե ում են նկատի ունեցել, ապացույցների գնահատման արդյունքում է պետք պարզել, բայց կարիք չկա իրենց կամ գլխավոր դատախազի անունը շահարկելու, ինչ-որ օրինակներ բերելու, եւ եթե վիճարկման առարկա է, թե երբ է դա կատարվել, ապա կողմը կարող է համապատասխան ընթացակարգով միջնորդություն ներկայացնել, որի վերաբերյալ իրենք դիրքորոշում կհայտնեն, այնինչ պարզապես հայտարարության տեսքով զուտ կասկածի տակ դնելը անհարկի քննադատություն է։ Պաշտպան Միհրան Պողոսյանն էլ հարցրեց․ «Գլխավոր դատախազն էլ մեկը չէ, ինչի՞ց ենթադրեցին, որ հենց գործող գլխավոր դատախազին նկատի ունենք թե՞ բոլոր գլխավոր դատախազներին են պաշտպանում»։ Արձագանքելով դատախազ Արմեն Մուրադյանն ասաց․ «Ցանկացած,  բոլորին»։ Մյուս դատախազ Արսեն Մարգարյանն էլ նշեց՝ չի կարծում, թե որեւէ իրավաբանի համար ֆայլի վերնագիրը պիտի ապացույց հանդիսանա, դրա բովանդակությունն է ապացույց․ «Հարցում են կատարել, ինչ ստացել են, դա էլ զննության են ենթարկել, չզննեի՞ն»,- հարց հնչեցրեց նա՝ ասելով, թե ֆայլի անվանումը չի կարող ապացույցի թույլատրելիության կասկածի տեղիք տալ։ Նա նաեւ նշեց՝ չի կարծում, որ այլ Հրայր Թովմասյանին նկատի ունեցած լինեն, քանի որ գործով քննվում է այդ տարածքների հետ դատավոր Հրայր Թովմասյանի առնչությունը։ Կարճ ժամանակ անց, երբ դատարանը զննեց սկավառակը, պարզ դարձավ, որ դրանում առկա երկու թղթապանակները ստեղծվել են 2019 թվականի դեկտեմբերի 2-ին, այսինքն՝ այն նույն օրը, երբ Նախարարությունից ուղարկվել են նախաքննական մարմնին։ Պաշտպանն արձանագրեց, որ Հրայր Թովմասյանի անվանումը գրվել է սոսկ ցույց տալու նպատակով, թե Թովմասյանը կապ ունի այդ տարածքների հետ։ Ըստ պաշտպանական կողմի՝ գործում առկա որոշ ապացույցներ պետք է անթույլատրելի ճանաչվեն Հաջորդ ապացույցը, որ քննարկվեց, նախաքննության ընթացքում կատարված գաղտալսումների ձայնագրությունները պարունակող սկավառակն էր։ Դատախազ Արսեն Մարգարյանը կարծիք հայտնեց, որ այդ սկավառակը եւս պետք է հետազոտել, որպեսզի հետագայում չհնչեն հայտարարություններ, թե այդ ձայնագրությունները քննիչի ենթադրություններն են։ Պաշտպանական կողմը, սակայն, պնդեց, որ այդ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ուստի այն ոչ թե պետք է հետազոտել, այլ պետք է հանել ապացուցողական բազայից՝ անթույլատրելի ապացույց ճանաչելով։ Բանն այն է, որ այդ ձայնագրությունները ձեռք են բերվել օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչի վերաբերյալ, օրենքի համաձայն, պետք է արձանագրություն կազմել, իսկ ըստ պաշտպանների՝ քրեական գործում նման փաստաթուղթ առկա չէ։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ասաց, որ ապացույցների հետազոտման փուլում դատարանը չի կարող դրանց գնահատական տալ, երբ կհասնեն միջնորդությունների փուլին, պաշտպանները կարող են համապատասխան միջնորդություն ներկայացնել․ «Միջնորդությունները, որոնք կներկայացվեն ապացույցների թույլատրելիության, արժանահավատության, գնահատման վերաբերյալ, դատարանը հետաձգելու է, եւ դրանց անդրադառնալու է խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս»,- ասաց նա։ Ամբաստանյալ Նորայր Փանոսյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը պնդեց՝ իրենք կաշկանդված չեն այս փուլում եւս միջնորդություններ ներկայացնելուց․ «Պետք է ուսումնասիրվի տվյալ սկավառակի ծագումնաբանությունը, թե ինչպես է այն հայտնվել այս քրեական գործում, եւ մի փաստաթուղթ կա, որը կարող է ուղղորդել, դա արձանագրությունն է՝ տվյալ ՕՀՄ-ն անցկացնալու մասին, «լազերային սկավառակ» ՕՀՄ գոյություն չունի ոչ օրենսդրության մեջ, ոչ բնության մեջ»,- ասաց նա։ Հրայր Թովմասյանն էլ նշեց, որ օրենքի խախտմամբ ձեռքբերված ապացույցը  պետք է հասու չլինի նաեւ դատավորին, որովհետեւ որքան էլ նա անաչառ եւ կամային լինի, դա կարող է ազդեցություն թողնել նրա ներքին համոզման վրա։ Այնուհանդերձ, բուն միջնորդությունը դատարանը չքննարկեց՝ շարունակելով հրապարակել գործում առկա փաստաթղթերը։ Դրանցից մեկն էլ Հրայր Թովմասյանի բնակարանում իրականացված խուզարկության արձանագրությունն էր։ Պաշտպանական կողմը պնդեց, որ այդ ապացույցը չպետք է հետազոտվի, որովհետեւ այն եւս ձեռք է բերվել օրենքի խախտմամբ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է խուզարկություն կատարելու որոշմանը։ Քննիչը դատարանի թույլտվությամբ խուզարկել է Թովմասյանի բնակարանը, սակայն այդ որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է, եւ ամիսներ անց Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքը․ «Կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որ իմ բնակարանի խուզարկությունը եղել է անօրինական»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ տարակուսանք հայտնելով, թե ինչու է քննիչը լուսանկարել իր բնակարանը․ «Իրենք եկել էին իմ տուն՝ գտնելու այդ տարածքների հետ կապված ինչ-որ պայմանագիր, ես ուզում եմ հասկանալ՝ երբ քննիչը իմ ննջարանը նկարում էր, կարծում էր՝ դա պատին կպցրա՞ծ էի լինելու, այսինքն՝ նկարում էր որպես ապացու՞յց, երբ իմ բնակարանի սանհանգույցն էր նկարում, ի՞նչ էր կարծում, որ այդտե՞ղ էի փակցրել, ի՞նչի համար էր նկարում»,- ասաց նա՝ ենթադրելով, թե գալու նպատակը այլ է եղել․ «Հիմա ես չեմ ուզում, որ Դուք իմանաք՝ իմ ննջարանում ինչ կա, այդ իրավունքը ունե՞մ թե՞ չունեմ, ուզում եմ հասկանալ՝ իմ պատը կապույտ էր թե կարմիր, ի՞նչ կապ ունի, որ այդ լուսանկարները բերել են»,- դիմելով դատարանին՝ հարցրեց նա։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտնեց՝ գործում առկա են լուսանկարների պատճենները, դրանք անգույն են․ «Ավելի լավ, կարող էր մի հոգեբան գալ ու ասել, որ եթե տան պատերը կարմիր են, ուրեմն՝ նա հակում ունի նոտարներին հանձնարարություն տալու»,- արձագանքեց Թովմասյանը։ Դատարանը շարունակեց ապացույցների հետազոտումը, որից հետո պաշտպանական կողմի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 2-ին։   Միլենա Խաչիկյան
20:40 - 19 մայիսի, 2022
Դատախազը հրապարակեց դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի գործով մեղադրական եզրակացությունը

Դատախազը հրապարակեց դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի գործով մեղադրական եզրակացությունը

ՀՀ սնանկության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավորներ Գեւորգ Նարինյանն ու Արա Կուբանյանն այսօր հայտարարեցին, որ իրենց համար բացարձակ անհասկանալի է, թե ինչում են իրենք մեղադրվում։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ սկսվեց նրանց եւ եւս երկու անձի վերաբերյալ գործի դատաքննության փուլը։ Այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազ Արամ Արամյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որում մանրամասն նկարագրված է, թե ինչ արարքներ են մեղսագրվում ամբաստանյալներին։ Ըստ այդմ, Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը, նպատակ ունենալով հնարավորինս էժան գնով ձեռք բերել նույն դատարանի մեկ այլ դատավորի՝ Արա Կուբանյանի վարույթում քննվող գործերից մեկով սնանկ ճանաչված քաղաքացու՝ Սիմոն Աղեկյանի անշարժ գույքը, խնդրելու եւ համոզելու եղանակով դրդել է այդ գործով սնանկության կառավարիչ Աշոտ Խաչատրյանին խախտել հրապարակային սակարգությունների անցկացման կարգը եւ խոչընդոտել գույքի իրացման բնականոն գործընթացը։  Խոսքը Երեւան քաղաքի Վարդանանց փողոցի վրա գտնվող բնակարանը ձեռք բերելու մասին է, որը դրված է եղել աճուրդի։  Համաձայն մեղադրական եզրակացության՝ դրա արդյունքում Աշոտ Խաչատրյանը, 2018-2019 թթ. ընթացքում  չարամտորեն խախտելով հրապարակային սակարգությունների անցկացման կարգը, ապակողմնորոշել է անշարժ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված տարբեր անձանց՝ հայտնելով, որ գույքը ձեռք է բերվելու համասեփականատերերի կողմից, եւ հնարավոր գնորդներին զերծ է պահել օրինական կարգով աճուրդներին մասնակցելուց, ինչի հետեւանքով աճուրդները չեն կայացել, բնակարանի մեկնարկային գինն էլ արհեստականորեն նվազեցվել է՝ 26 մլն 400 հզ դրամից դառնալով շուրջ 12 մլն 382 հզ դրամ։ Դրանից հետո արդեն, ըստ մեղադրանքի, Նարինյանն այդ գործընթացում ներգրավել է իր մորաքրոջ որդուն՝ Տիգրան Մարտիրոսյանին՝ տրամադրելով նրան անհրաժեշտ միջոցներ, եւ Մարտիրոսյանը, մասնակցելով աճուրդին, բնակարանը ձեռք է բերել արդեն իջեցված գնով։ Սակայն մեղադրական եզրակացության համաձայն՝ Մարտիրոսյանը հանդիսացել է ձեւական գնորդ, եւ թեեւ սեփականության իրավունքը գրանցվել է նրա անունով, բնակարանը փաստացի պատկանել է Նարինյանին։ Դատախազ Արամ Արամյանի խոսքով՝ նույն ժամանակահատվածում տվյալ սնանկության գործը վարող դատավոր Արա Կուբանյանը, տեղեկացված լինելով Նարինյանի եւ Խաչատրյանի այդ գործողություններից, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ ծառայողական պարտականությունները չկատարելով, որեւէ միջոց չի ձեռնարկել հանցավոր գործողությունները խափանելու եւ դրանց հետեւանքները վերացնելու ուղղությամբ։  Այնուհետեւ նպատակ ունենալով վերացնել բնակարանի տիրապետման համար առաջացած խոչընդոտները, մասնավորապես՝ իրականացնել նշված հասցեում բնակվող անձանց վտարումն ու առկա գույքի հարկադրաբար դուրսբերումը՝ Արա Կուբանյանը  սնանկության կառավարիչ Աշոտ Խաչատրյանին 2020 թ փետրվարի 6-ին հանձնարարել է Տիգրան Մարտիրոսյանից ետին ամսաթվով ստանալ համապատասխան դիմում, դրա բնօրինակը տրամադրել իրենց՝ սնանկության վարույթին կցելու, կայացվելիք ապօրինի դատական ակտի համար որոշակի հիմք ստեղծելու համար։ Արդյունքում, դիմումը տալու նույն օրը՝ փետրվարի 6-ին, կայացվել է դատական ակտ, որում, սակայն, որպես  կայացման ամսաթիվ նշվել է փետրվարի 4-ը․ «Այնուհետեւ, կեղծ տեղեկություններ պարունակող դատական ակտի հիման վրա 2020 թ փետրվարի 6-ին Արա Կուբանյանի կողմից տրվել է կատարողական թերթ, աճուրդի դրված եւ վաճառված անշարժ գույքի կենցաղային իրերը, շարժական գույքը դուրս բերելուն պարտավորեցնելու վերաբերյալ»- ընթերցեց դատախազը՝ նշելով, որ այդ գործողությունների հետեւանքով խաթարվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, ինչպես նաեւ՝ սնանկ ճանաչված անձի եւ այդ հասցեում բնակվող մյուս համասեփականատերերի օրինական շահերը։ Այսինքն՝ դատավոր Արա Կուբանյանը մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, Տիգրան Մարտիրոսյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, իսկ Աշոտ Խատատրյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ հրապարակային սակարգությունների իրականացման կարգը խախտելու մեջ։ Շարունակելով իր ելույթը՝ դատախազը հայտնեց, որ նշվածից բացի, Գեւորգ Նարինյանը, հանդիսանալով հայտարարատու անձ եւ պարտավոր լինելով օրենքով նախատեսված կարգով ներկայացնել ճշգրտիր հաշվետվություններ, 2017-2020 թթ ընթացքում 100 հզ ԱՄՆ դոլարին համարժեք 47 մլն 581 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, ինչը գերազանցել է իր օրինական եկամուտները եւ ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով․ «Դրանից բացի, նույն ժամանակահատվածում ներկայացված հայտարարագրերում Նարինյանը թաքցրել եւ չի ներառել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի, դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաեւ՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները եւ գույքի նկատմամբ իրավունքը»,- ասաց Արամյանը։ Վերջինիս խոսքով՝ նպատակ ունենալով թաքցնել ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա դրամական միջոցների հանցավոր ծագումը՝ Նարինյանը Վարչական դատարանի դատավոր, իրեն մտերիմ Անի Հարությունյանի հետ կազմել է 2020 հունիսի 4-ի թվագրմամբ 100 հազար ԱՄՆ դոլար փոխառություն տրամադրելու վերաբերյալ ձեւական պայմանագիր։ Հիշյալ գումարը մուտք է եղել Անի Հարությունյանի բանկային հաշվեհամարին, որից հետո փոխանցվել է Նարինյանի՝ մեկ այլ բանկում գործող հաշվեհամարին, եւ վերջնարդյունքում դրանց հաղորդվել է օրինական տեսք։ Այսինքն՝ Գեւորգ Նարինյանը մեղադրվում է ապօրինի հարստանալու, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կամ կեղծելու, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաեւ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն եւ հրապարակային սակարգությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելուն դրդելու մեջ։ Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը ամբաստանյալներից հետաքրքրվեց՝ հասկանալի՞ է առաջադրված մեղադրանքը, եւ արդյո՞ք նրանք իրենց մեղավոր են ճանաչում։ Ամբաստանյալ Գեւորգ Նարինյանն ասաց, որ իրեն բացարձակ անհասկանալի է, եւ խնդրեց տեւական ժամանակով հետաձգել դատական նիստը, որպեսզի իրենք մեղադրողի համար հարցեր նախապատրաստեն՝ գոնե դրանց միջոցով հասկանալու համար մեղադրանքի էությունը։ Դատավորը նախ նշեց, որ ամբաստանյալը մեղադրանքի պարզաբանման առումով դատախազին հարցեր տալու իրավունք չունի, ապա հիշեցրեց, որ երբ նախորդ դատական նիստին ինքը հարցրեց՝ Նարինյանը ստացե՞լ է մեղադրական եզրակացությունը, վերջինս դրական պատասխան տվեց, ուստի նա ունեցել է ժամանակ դրան ծանոթանալու եւ պատրաստվելու համար։ Նարինյանի պաշտպան Լուսինե Սահակյանն արձագանքեց՝ ասելով, որ իրենք չեն պատկերացրել, որ այսքան արագ կանցնեն դատաքննության փուլին՝ հաշվի առնելով դատական նիստի բազմանդամ լինելը։ Պաշտպանը նաեւ նշեց, որ թեեւ Քրեական դատավարության օրենսգիրքը մեղադրանքի պարզաբանումը դատարանի վրա է դնում, սակայն իրենք այն համոզմանն են, որ մեղադրանքը պարզաբանելով՝ դատարանը մեղադրողի դեր կստանձնի, ուստի դա պետք է հենց մեղադրող դատախազն անի, ինչը որ, ըստ նրա, պրակտիկայում արվում է․ «Մեղադրանքի պաշտպանությունը սկսվում է հենց մեղադրանքը պարզաբանելուց, եթե մեղադրողը հրաժարվում է պարզաբանելուց, ուրեմն հրաժարվում է մեղադրանքից»,- ասաց նա։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը, սակայն, նշեց, որ մեղադրանքի էության վերաբերյալ մեղադրողից պարզաբանում ստանալու դատավարական կարգ չկա։ Նա նաեւ ընդգծեց, որ մեղադրանքի պարզ չլինելը եւ անորոշ լինելը տարբեր բաներ են․ պարզ չլինելը նշանակում է, որ անձը չի հասկանում, թե ինչ է գրված, ինչու է հենց այդ հոդվածն ընտրված, իսկ մեղադրանքի անորոշությունը, որի մասին, ըստ դատավորի, պաշտպանական կողմը խոսում է, նշանակում է, որ մեղադրանքում գրվածն ու ընտրված հոդվածը իրար չեն համապատասխանում․ «Ինչ վերաբերում է նրան, որ մեղադրանքը անորոշ է, ապա անորոշ մեղադրանքը հանգեցնում է արդարացման դատական ակտի, բայց դատարանը այս փուլում մեղադրանքի անորոշությունը չի ստուգում, դրա հետ կապված Ձեր դիրքորոշումները Դուք կարող եք ամեն ապացույցի հետազոտումից հետո անել»,- ասաց նա՝ խնդրելով Նարինյանին հայտնել՝ ընթերցված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է․ «Եթե ինձ պարզ չէ մեղադրանքի էությունը, ես չեմ կարող բարձրաձայնել իմ մեղավորության կամ անմեղության մասին»,- պատասխանեց Նարինյանը։ Դատավորի հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է նախաքննության փուլում հայտարարել, որ իրեն մեղավոր չի ճանաչում, արձագանքեց պաշտպան Լուսինե Սահակյանը՝ ասելով, որ Նարինյանը նշել է, որ առհասարակ հանցագործություն չի կատարել։ Տեւական ժամանակ այս հարցի քննարկումը շարունակվեց, ինչից հետո ի վերջո դատավորն ընթերցեց Նարինյանին մեղսագրվող անօրինական արարքները եւ արձանագրեց, որ նա հրաժարվում է հայտնել՝ իրեն մեղավոր ճանաչում է թե ոչ։ Ամբաստանյալ Արա Կուբանյանը եւս հայտնեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչում են իրեն մեղադրում․ «Այստեղ մեղադրանք չկա, եւ իրավաբանական որակումն էլ սխալ է»,- ասաց նա՝ հավելելով, որ հույս ուներ, թե մեղադրողը կհրաժարվի այս մեղադրանքից։ Այնուհանդերձ, դատավորի հարցին ի պատասխան՝ Կուբանյանը նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Կուբանյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ հոդվածն ինքնին հասկանալի է, բայց իրենք ուզում են հասկանալ, թե այդ հոդվածի շրջանակում Կուբանյանը կոնկրետ ինչ գործողություն կամ անգործություն է արել․ «Սա սովորական քրեական գործ է, բայց անսովոր է այնքանով, որ երկու դատավոր են ամբաստանյալի աթոռին, եւ իրավաբանական պրոֆեսիոնալիզմն այստեղ ավելի բարձր պետք է լինի, եւ եթե մենք մեղադրանքի կողմի հետ գտնվում ենք մրցակցության մեջ, ապա մեղադրանքի կողմն է  պարտավոր բացահայտել դա»։ Կուբանյանի մյուս պաշտպան Կրոմվել Գրիգորյանն էլ կարծիք հայտնեց, թե Գլխավոր դատախազը կատարել է գործողություն, որի լիազորությունը չուներ․ «Ո՞վ է իրավունք վերապահել նրանց օրինական ուժի մեջ մտած դատական ակտը անվանել «կեղծ տեղեկություններ պարունակող դատական ակտ», մենք նման դատական ակտ չունենք, ցանկացած ակտ, քանի դեռ վերացված կամ փոփոխված չէ, օրենքի ուժ ունի»,- ընդգծեց նա։ Ամբաստանյալ Աշոտ Խաչատրյանը եւս հայտնեց, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ չէ, եւ անհասկանալի է, թե ինքն ինչ գործողություն չի կատարել, որը պարտավոր էր կատարել, եւ ինչ գործողություն կամ անգործություն է կատարել, որը չպետք է կատարեր։ Դատավորի հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ Խաչատրյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ մեղադրանքում նշված չէ, թե Խաչատրյանը, հրապարակային սակարգության կարգն իբր խախտելով, ում է խաբել, ում է վախեցրել, ովքեր են եղել այդ հնարավոր գնորդները։ Անդրադառնալով այն ձեւակերպմանը, թե Խաչատրյանը ի պաշտոնե կախվածության մեջ է եղել Նարինյանից՝ պաշտպանն ասաց, որ այդ կախվածությունը վերացական է, եւ նրանց միջեւ եղել են սոսկ դատավոր-սնանկության կառավարիչ հարաբերություններ․ «Եթե չեմ սխալվում, ՀՀ-ում 244 դատավոր կա, հիմա պիտի համարենք, որ ինչքան սնանկության կառավարիչ կա, բոլորը կախվածության մե՞ջ են այդ 244 դատավորներից»,- ասաց նա։ Խաչատրյանի մյուս պաշտպան Խաչատուր Ղանդիլյանն էլ ընդգծեց, որ նշված չէ, թե իր պաշտպանյալը հրապարակային սակարգությունների անցկացման կարգի կոնկրետ որ կանոնն է խախտել։ Անդրադառնալով աճուրդի մեկնարկային գինը ձեւականորեն իջեցնելու ձեւակերպմանը՝ նա ասաց․ «Օրենքով սահմանված դրույթները կիրառելով՝ մենք կարող ենք ապացուցել, որ 26 միլիոնից 13 միլիոն հասցնելով, ոչ թե արհեստական նվազեցվել է, այլ բացի նրանից, որ Խաչատրյանը գործել է օրենքով սահմանված կարգով, նաեւ կարող էր էլ ավելի նվազել՝ ընդհուպ հասցնելով շուրջ 3 միլիոնի»։ Ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանը,  դատավորի հարցին ի պատասխան, հրաժարվեց մեղադրանքի հասկանալի լինել-չլինելու վերաբերյալ դիրքորոշում հայտնել՝ առայժմ չցանկանալով նշել նաեւ՝ ընդունո՞ւմ է առաջադրված մեղադրանքը թե՞ ոչ։ Նա միայն հայտարարեց, որ դատավոր Արա Կուբանյանին առաջին անգամ է տեսնում։ Այնուհետեւ քննարկվեց ապացույցների հետազոտման հաջորդականության հարցը։ Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց նախ հետազոտել գործում առկա նյութերն ու իրեղեն ապացույցները, ապա հարցաքննել տուժողին, որից հետո՝ վկաներին, եւ վերջում միայն՝ ամբաստանյալներին։ Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 24-ին։   Գլխավոր լուսանկարում՝ դատախազ Արամ Արամյանը Միլենա Խաչիկյան
00:47 - 14 մայիսի, 2022
Դատավորներ Գևորգ Նարինյանն ու Արա Կուբանյանը հայտարարեցին, թե չեն ճանաչում իրենց վերաբերյալ քրեական գործով տուժողին

Դատավորներ Գևորգ Նարինյանն ու Արա Կուբանյանը հայտարարեցին, թե չեն ճանաչում իրենց վերաբերյալ քրեական գործով տուժողին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում այսօր կայացավ Սնանկության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի եւ եւս երկու անձի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։ Այն նախագահում էր դատավոր Ջոն Հայրապետյանը։ Վերջինս մի քանի օր է, ինչ տեղափոխվել է Երեւան, մինչ այդ նա դատավոր էր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի հարստանալու, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կամ կեղծելու, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաեւ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն եւ հրապարակային սակարգությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելուն դրդելու, իսկ մյուս դատավոր Արա Կուբանյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Գործով անցնող մյուս անձինք՝ Տիգրան Մարտիրոսյանը, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, իսկ Աշոտ Խատատրյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ հրապարակային սակարգությունների իրականացման կարգը խախտելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ դատավոր Գեւորգ Նարինյանը, տեղեկանալով քաղաքացիական գործերից մեկով անհատ ձեռներեց Սիմոն Աղեկյանին սնանկ ճանաչելու գործընթացի մասին, նպատակ է ունեցել նրան պատկանող անշարժ գույքը՝ բնակարանը, ձեռք բերել հնարավորինս էժան գնով, ինչի համար իրենից որոշակի ծառայողական կախվածության մեջ գտնվող սնանկության կառավարիչ Աշոտ Խաչատրյանին դրդել է խախտել հրապարակային սակարգությունների անցկացման կարգը, իսկ նույն դատարանի իր մտերիմ դատավոր Արա Կուբանյանին՝ պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործել, ինչի ընթացքում նրանց օժանդակել է նաեւ Նարինյանի ազգական Տիգրան Մարտիրոսյանը։ Արդյունքում, ըստ մեղադրանքի, կայացվել է դատական ակտ, տրվել է կատարողական թերթ, որով Աղեկյանը պարտավորվել է իր կենցաղային իրերը դուրս բերել աճուրդի դրված եւ վաճառված անշարժ գույք հանդիսացող բնակարանից։ Դեռ երկու տարի առաջ դեպքի մասին հաղորդելիս ԱԱԾ-ն նաեւ հայտնել էր, որ տուժած քաղաքացին ՀՀ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ է կատարել՝ դժգոհելով թույլ տրված չարաշահումներից եւ դրա արդյունքում իր ունեզրկման փաստից: Հայտնի է, որ դատավորներ Նարինյանն ու Կուբանյանը չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։  Լուսանկարում՝ Արա Կուբանյանը, աղբյուրը՝ helpcourt.am Այսօրվա դատական նիստի սկզբում դատավոր Ջոն Հայրապետյանը կողմերին տեղեկացրեց զանգվածային լրատվության միջոցների ներկայության մասին՝ ճշտելով նրանց դիրքորոշումը նիստի տեսա եւ լուսանկարահանման  վերաբերյալ։ Մեղադրող դատախազ Արամ Արամյանը առարկություն չներկայացրեց, իսկ պաշտպանական կողմն ամբողջությամբ առարկեց տեսա եւ լուսանկարահանման դեմ։ Գործով տուժող ճանաչված քաղաքացի Սիմոն Աղեկյանն էլ հայտարարեց, որ ցանկանում է՝ լրատվամիջոցները նկարահանեն, եւ հանրությունը տեղյակ լինի այս դատավարության մասին։ Լսելով կողմերին՝ դատավորը որոշեց թույլատրել տեսա եւ լուսանկարահանել դատական նիստի առաջիկա 5 րոպեն միայն՝ պայմանով, որ ամբաստանյալները կադրում չերեւան։ Այնուհետեւ դատախազ Արամ Արամյանը դատարանին ներկայացրեց Գլխավոր դատախազի գրությունը, որով վերջինս լիազորում է իրեն այս գործով իրականացնել մեղադրանքի պաշտպանություն։ Լիազորագրի անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը եւ տվյալ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը։ Այսինքն՝ Արամ Արամյանը, ով ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալն է, նախաքննության փուլում գործով ներգրավված չի եղել։ Պաշտպանական կողմը դատախազին բացարկի միջնորդության այսօր չներկայացրեց, միայն Նարինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ հնարավոր է՝ որոշ հարցեր ճշտելուց հետո ներկայացնեն։ Ինչ վերաբերում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուն, Սահակյանը դարձյալ նշեց, որ այս պահին նման միջնորդություն չունեն։ Չունեին նաեւ մյուս ամբաստանյալների պաշտպանները։ Անդրադառնալով ամբաստանյալներին՝ դատավորը ճշտեց նրանց ինքնությունը։ Ըստ այդմ, Գեւորգ Նարինյանը հայտնեց, որ ՀՀ քաղաքացի է, ամուսնացած, խնամքին ունի 2 երեխա, որոնցից մեկը՝ մինչեւ 14 տարեկան։ Արա Կուբանյանը հայտնեց, որ ՀՀ քաղաքացի է, ծնվել է Երեւանում, խնամքին ունի 2 ծնող եւ 3 անչափահաս երեխա։ Աշոտ Խաչատրյանը եւս ՀՀ քաղաքացի է, ամուսնացած, ունի բարձրագույն կրթություն, չունի դատվածություն։ Տիգրան Մարտիրոսյանն էլ ՀՀ քաղաքացի է, խնամքին ունի 2 անչափահաս երեխա, 3-րդ էլ ամռանն է լույս աշխարհ գալու։ Տուժող Սիմոն Աղեկյանի ինքնությունը ճշտելու համար դատարանն ընդմիջում հայտարարեց։ Բանն այն է, որ Աղեկյանի անձը հաստատող փաստաթուղթը նրա մոտ չէր, եւ նախագահող դատավորը ընդմիջման վրա ժամանակ չծախսելու համար նրան նույնականացնող տվյալների վերաբերյալ մի քանի հարց տվեց, որից հետո նաեւ պաշտպանական կողմից հետաքրքրվեց՝ նրանք ճանաչո՞ւմ են Աղեկյանին, արդյո՞ք նա այն նույն տուժողն է, որի հետ նախաքննության փուլում առերեսվել են։ Ամբաստանյալները, սակայն, հայտարարեցին, թե չեն առերեսվել եւ չեն ճանաչում։ Ի պատասխան՝ տուժող Աղեկյանը հայտնեց՝ ինքն առերեսվել է ե՛ւ Տիգրան Մարտիրոսյանի, ե՛ւ Աշոտ Խաչատրյանի հետ։ Դատավորը լրացուցիչ հարց հղեց նրանց՝ Քննչականում չե՞ն տեսել տուժողին, սակայն նրանք դարձյալ բացասական պատասխան տվեցին։ Վայրկյաններ անց, երբ նիստն արդեն ընդմիջվել էր, Աշոտ Խաչատրյանը, ամեն դեպքում, ասաց, որ ինքը ճանաչում է տուժողին։ Լուսանկարում՝ գործով տուժող Սիմոն Աղեկյանը Նիստը վերսկսելուց հետո, երբ անձնագիրն արդեն ներկայացվել էր, նախագահող դատավորը հայտնեց, որ տուժող Սիմոն Աղեկյանը ավելի վաղ դիմում է ներկայացրել դատարան՝ տեղեկացնելով, որ չունի իրավաբանական կրթություն եւ բավարար միջոցներ, որպեսզի փաստաբան վարձի։ Նա տուժողին պարզաբանեց՝ եթե բավարարում է համապատասխան չափանիշներին, կարող է դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ, եւ նրան փաստաբան կտրամադրվի պետության միջոցներին հաշվին։ Տուժողը ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ բոլոր ամբաստանյալներն իրեն լավ ճանաչում են։  Ամբաստանյալների պաշտպանների ինքնությունը ճշտելուց հետո նախագահող դատավորը ստիպված էր հետաձգել դատական նիստը, քանի որ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը չէր մասնակցում նիստին երկրում չլինելու պատճառաբանությամբ, իսկ Խաչատրյանը առարկեց առանց նրա նիստը շարունակելու դեմ։ Տուժող Սիմոն Աղեկյանը դատարանին խնդրեց ստուգել՝ արդյո՞ք Պետրոսյանը իսկապես բացակայում է երկրից թե՞ ձեւականորեն չի ներկայանում (քանի որ իրեն հայտնի էին այլ փաստաբանների կողմից ձեւականորեն չներկայանալու դեպքեր), սակայն նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը հայտնեց, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում՝ ընդգծելով, որ փաստաբանը ՀՀ-ում արտոնագրված անձ է։ Լուսանկարում՝ Գեւորգ Նարինյանը, աղբյուր՝ dataran.am Նախքան նիստը հետաձգելը ամբաստանյալ Գեւորգ Նարինյանին դատավորը տեղեկացրեց, որ դատական քննություն նշանակելու որոշմամբ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը․  «Այն, ինչ Դուք բարձրաձայնեցիք, պարզ է, սակայն պարզ չեն դրա հիմքերն ու ընտրելու անհրաժեշտությունը »,- հայտարարեց Նարինյանը։ Նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը հետաքրքրվեց՝ նման միջնորդությամբ դատախա՞զն է հանդես եկել, ինչին ի պատասխան՝ դատավորը հայտնեց, որ այդպիսի միջնորդություն չի եղել, ինքը սեփական նախաձեռնությամբ է խափանման միջոց ընտրել։ Դատավորը պարզաբանեց, որ ի թիվս այլնի, հաշվի է առել նաեւ Վերաքննիչ դատարանի նախկինում կայացրած այն որոշումը, որով վերջինս, թեեւ մերժել էր Նարինյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդությունը, սակայն միաժամանակ արձանագրել էր, որ առկա է վարույթին խոչընդոտելու հիմք․  «Եվ նյութերում չկա որեւէ տվյալ, որ դատական ակտն այդ մասով բողոքարկվել է, ուստի առկա է այդ մասով օրինական ուժի մեջ մտած դատական ակտ »,- նշեց նա։ Պաշտպան Լուսինե Սահակյանն էլ կարծիք հայտնեց, թե դատավորը իրավունք չուներ նման որոշում կայացնելու, եւ այն որակեց չպատճառաբանված․  «Գտնում ենք, որ դատարանը մեղադրողի ֆունկցիա է վերցրել՝ առանց դատախազի կողմից նման միջնորդություն ներկայացնելու խափանման միջոց ընտրելով, չլսելով մեր պաշտպանյալին եւ մեզ, ինչը, բնականաբար, պետք է արվեր»։ Սահակյանն ընդգծեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը, որին դատավորը հղում է արել, կայացվել է նախաքննության փուլում՝ մոտ մեկ ու կես տարի առաջ․  «Եվ եթե նույնիսկ Վերաքննիչ դատարանը նման ռիսկ տեսել է, տեսել է նախաքննության ընթացքում՝ տարի ու կես առաջ, բայց նախաքննությունն ավարտվել է, գործը ուղարկվել է դատարան, եւ դատարանը այս փուլում նման որոշում կայացնելիս պիտի դա հաշվի առներ»,- ասաց նա՝ հայտարարելով, որ որոշումը ստանալուն պես կբողոքարկեն։ Նարինյանն էլ իր հերթին նշեց, որ օբյեկտիվ իրականության մեջ չի կարող լինել որեւէ ապացույց, որ ինքը կալանավորումից հետո որեւէ կերպ խոչընդոտած լինի գործի քննությանը։  Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 13-ին։   Գլխավոր լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Միլենա Խաչիկյան  
20:14 - 05 մայիսի, 2022
Առուշ Առուշանյանը մասամբ արդարացվեց, մասամբ մեղավոր ճանաչվեց

Առուշ Առուշանյանը մասամբ արդարացվեց, մասամբ մեղավոր ճանաչվեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, քիչ առաջ հրապարակեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատավճիռը։ Դատարանը ճանաչեց եւ հռչակեց Առուշ Առուշանյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 35-154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 291-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքներում եւ նրան արդարացրեց։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, երկու կամ ավելի ընտրողների կաշառք տալու հանցակցությանը, դրա նախապատրաստմանը, ապօրինի ձեռնարկատիրությանը (որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով), ինչպես նաեւ ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործմանը։ Հիշյալ հոդվածներում Առուշանյանը արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Միեւնույն ժամանակ նա մեղավոր ճանաչվեց ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվեց տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը 5 տարի ժամկետով։ Առուշանյանը մեղավոր ճանաչվեց նաեւ ՔՕ 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ ( բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչությունը) եւ դատապարտվեց տուգանքի՝ նվազագայուն աշխատավարձի յոթհարյուրապատիկի չափով (700․000 ՀՀ դրամ)։ Առուշանյանը մեղավոր ճանաչվեց նաեւ ՔՕ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով (խուլիգանական դրդումներով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) եւ դատապարտվեց ազատազրկման 1 տարի 3 ամիս ժամկետով։ Հաշվի առնելով, որ նա արդեն իսկ 8 ամիս 12 օր գտնվել է արգելանքի տակ՝ վերջնական պատիժ սահմանվեց  6 ամիս 18 օրը։ ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կանոններով համակցելով հանցանքները եւ գումարելով պատիժները՝ որպես վերջնական պատիժ սահմանվեց 6 ամիս 18 օր ժամկետով ազատազրկումը, 700․000 ՀՀ դրամ տուգանքը եւ ՏԻՄ-երում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը 5 տարի ժամկետով։ ՀՀ ՔՕ 70-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը որոշեց ազատազրկումը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։ Դատարանը նաեւ բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ փոփոխելով Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւ ընտրելով երկրից չհեռանալու մասին ստորագրությունը մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Արդյունքում, Առուշանյանը անհապաղ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։   Միլենա Խաչիկյան
15:01 - 28 մարտի, 2022