Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Կառավարությունը ԼՂ-ց բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ
 |armenpress.am|

Կառավարությունը ԼՂ-ց բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ |armenpress.am|

armenpress.am:  Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ։ Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Վճարումները կիրականացվեն նույն տրամաբանությամբ՝ աջակցելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ Նախագծով պահպանվում են 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիմնական պայմանները։  Ընդլայնում ենք նաև շահառուների շրջանակը։ Մասնավորապես, որպես շահառու ենք դիտարկում արդեն 2020 թվականից հետո տեղահանված ընտանիքների անդամներին, նաև շահառու կդառնան բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները կամ մինչև 18 բոլոր տարեկան երեխաները, որոնց դրամական աջակցությունը նշանակելու դիմումը ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն հանդիսանում են միջոցառման շահառու»,- ասաց Մկրտչյանը։ Նախարարը հայտնեց, որ նախատեսում են ծրագիրը իրականացնել մինչև ընթացիկ տարվա վերջ, որից հետո ուսումնասիրություն կիրականացնեն և կդիտարկեն այն շարունակելու նպատակահարմարությունը։
12:16 - 28 մարտի, 2024
ԼՂ-ից տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում շարունակվում է հաշվառման գործընթացը

ԼՂ-ից տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում շարունակվում է հաշվառման գործընթացը

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում (հասցեները՝ https://socservice.am/offices) շարունակվում է հայրենակիցների հաշվառման գործընթացը։ Այս պահի դրությամբ՝ ծրագրից օգտվում է 235 անձ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից։ «Միջոցառման շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմել ՄՍԾ տարածքային կենտրոն, որտեղ հաշվառվելուց հետո կարող եք օգտվել առաջարկվող երեք բաղադրիչներից մեկից․ անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանք, անցնել աշխատանքային փորձառություն, որից հետո՝ աշխատանք, անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանքային փորձառություն և ապա՝ աշխատանք։ Հիշեցնենք, որ առաջին բաղադրիչի շրջանակում տրվում է մասնագիտական ուսուցման հնարավորություն․ ԼՂ հայրենակիցը կարող է մինչև 6 ամիս ժամկետով սովորել որևէ մասնագիտություն կամ վերապատրաստվել գործատուի առաջարկած ուսումնական հաստատությունում։ Այդ ընթացքում նրան կտրվի ուսման վարձի փոխհատուցում՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով, ինչպես նաև կրթաթոշակ՝ ևս 50 հազար դրամի չափով։ Ուսուցման գործընթացի ավարտից հետո վերջինիս և գործատուի միջև կկնքվի ամենաքիչը 3 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր, որի դիմաց գործատուն ամսական կստանա փոխհատուցում՝ առավելագույնը 50,000 դրամի չափով։ Երկրորդ բաղադրիչի շրջանակում ԼՂ հայրենակիցը կարող է վճարովի աշխատանքային պրակտիկա անցնել գործատուի մոտ․ նրա և գործատուի միջև նվազագույնը 6 ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր։ Այս դեպքում գործատուին 3 ամիս ժամկետով կտրվի ամսական 165,000 դրամ՝ շահառուի աշխատավարձի վճարման համար, ինչպես նաև ամսական առավելագույնը 50,000 դրամ՝ հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցման համար։ Երրորդ բաղադրիչի դեպքում՝ հայրենակիցը նույն պայմաններով կարող է օգտվել առաջին և երկրորդ բաղադրիչից, այսինքն՝ անցնել ուսուցում, ստանալ կրթաթոշակ ու ուսման վարձի փոխհատուցում, ձեռք բերել աշխատանքային փորձառություն և անցնել աշխատանքի։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ։
14:56 - 21 մարտի, 2024
Առանց պայմանների փոփոխության․ բռնի տեղահանվածների 40+10 հզ աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ
 |armenpress.am|

Առանց պայմանների փոփոխության․ բռնի տեղահանվածների 40+10 հզ աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարության հաջորդ նիստին կներկայացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը մինչև տարեվերջ երկարացնելու որոշումը։ Այս մասին ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։  - Տիկին Ժամակոչյան, և՛ վարչապետը, և՛ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իրենց ելույթներում վերջին շրջանում խոսեցին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության ծրագրի և դրամական աջակցությունների շարունակման մասին։ Ի՞նչ է արվում այս պահին այդ ուղղություններով, ի՞նչ փուլում են ծրագրերը։  - Այո՛, նախ նշեմ, որ դրամական աջակցությունը շարունակելու որոշումը Կառավարության ընդունմանը կներկայացնենք մյուս հինգշաբթի։ Այս մասին վարչապետն արդեն իսկ հայտարարել էր օրեր առաջ։ Նախագծով նախատեսում ենք դրամական աջակցությունն առանց պայմանների փոփոխության երկարացնել մինչև 2024 թ. դեկտեմբերի վերջ։ Հիշեցնեմ, որ յուրաքանչյուր անձի հաշվով 2023թ հոկտեմբերից սկսած վճարվել են 40 + 10 հզ-ական դրամ բնակելի անարժ գույք չունեցող ընտանիքների անդամներին և 10հզ-ական դրամ անշարժ գույք ունենալու դեպքում՝ իհարկե միջոցառման մյուս պայմաններին բավարարելու դեպքում: Այս ամիսներին շարունակաբար միջոցառման պայմանները վերանայվել են, ինչի արդյունքում ավելացել են նոր շահառու խմբեր: Բարելավման այս մոտեցումը կարծում եմ կպահպանենք: Մինչև ծրագրի երկարացման որոշումը նախաձեռնել էինք աշխատանքային քննարկում, և կարևոր առաջարկներ ստացանք տեղական և ԼՂ–ում հայտնի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ու պարզապես ծրագրի շահառու հանդիսացած ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից։ Միաժամանակ, կարծում եմ՝ 2025թ ևս դրամական աջակցության միջոցառումը կշարունակենք, սակայն պայմանները փոփոխելով և կենտրոնանալով անաշխատունակ և խոցելի անձանց ու ընտանիքների կարիքների բավարարման վրա։ Ինչ վերաբերում է բնակարանային մատչելիության ծրագրին, ապա այն մշակման փուլում է, և պայմանների հստակեցման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս պահին շարունակում է այս ուղղությամբ հանդիպումները։ Պետք է նշեմ, որ քննարկումներն այս դեպքում նույնպես ընթանում են ոչ միայն պետական մարմինների միջև, այլև հրավիրվում են տեղական և ԼՂ–ում հայտնի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և գործիչներ։ Հանդիպումների նպատակը ԼՂ բռնի տեղահանվածների համար Հայաստանում բնակվելու կայուն ծրագրեր մշակելիս բոլոր կողմերի կարծիքները լսելն է՝ առաջարկները դիտարկելու համար։ Բնականաբար, հաշվի են առնվելու բռնի տեղահանվածների կարիքները, որոնք ձգտելու ենք բավարարել պետության հնարավորությունները մեծացնելով և նոր միջոցներ ներգրավելով: Միաժամանակ ծրագրով նախատեսվող որոշ պայմաններ արդեն հստակեցվել են․ մասնավորապես բնակարանի գնման կամ կառուցման նպատակով աջակցության չափը կլինի մեկ անձի հաշվով 3 մլն դրամ: Բացի այդ, ներդրումային առաջնահերթություն ունեցող բնակավայրերում բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու դեպքում աջակցության չափը կավելանա՝ հասնելով 4մլն-ի, իսկ առանձին բնակավայրերում անգամ 5 մլն դրամի:  Ծրագրի շահառու կլինեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձինք, քանի որ, ինչպես նշեցի, ծրագիրը ուղղված է ԼՂ բռնի տեղահանվածների Հայաստանում կայուն կյանքի աջակցությանը։ Պարզ է նաև, որ հաշվի առնելով ծրագրի մասշտաբը՝ այն չի կարող իրագործվել միանգամից և կունենա փուլային ընթացք, կտևի 3-5 տարի, սակայն կառանձնացվեն առաջնահերթություններ ունեցող ընտանիքները, որոնց համար ծրագիրը կմեկնարկի այս տարվանից։ Հստակ է, որ 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները կունենան առաջնահերթություն։ - Դուք նշեցիք, որ դրամական աջակցության ծրագիրը շարունակվելու է մինչև դեկտեմբեր, սակայն մատչելի բնակարանի ծրագիրը կտևի 3-5 տարի։ Ի՞նչ է լինելու դեկտեմբերից հետո այն ընտանիքների հետ, որոնք այս տարի չեն դառնա բնակարանային ծրագրի շահառու։  - Արդեն նշեցի Կառավարությունը տարբեր ձևաչափերով կշարունակի աջակցել ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ կացության և կեցության ծախսերը հոգալու հարցում։ Ուզում եմ նշել նաև, որ թեև դրամական աջակցությունները կշարունակվեն 2025թ ևս, մեր աջակցության ամենակարևոր ձևն ենք համարում աշխատաշուկայում ԼՂ տեղահանվածներին աշխատանք գտնելու համար խթանող պայմաններ ստեղծելը։   ՀՀ ՊԵԿ տրամադրած տվյալների համաձայն՝ ՀՀ-ում փետրվարի դրությամբ աշխատանքով է ապահովված ավելի քան 11 հազար ԼՂ բռնի տեղահանված։ Այս գործընթացը խթանելու համար կառավարությունը հաստատել է գործատուներին և աշխատանք փնտրող մեր ԼՂ հայրենակիցներին աջակցող միջոցառում, որն ունի 3 բաղադրիչ․  Առաջին բաղադրիչով միջոցառումը ԼՂ-ից բռնի տեղահանված անձին հնարավորություն է տալիս պետության աջակցությամբ կրթություն ստանալ և միաժամանակ 50հզ դրամի չափով կրթաթոշակ ստանալ։  Երկրորդ բաղադրիչով հնարավոր է դառնում անցնել պրակտիկա՝ միաժամանակ ստանալ աշխատավարձ։  Երրորդ բաղադրիչով նաև աշխատանքով ապահովվելու հնարավորություն է տրվում՝ գործատուի համար երաշխավորելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանքի վերցնելու դեպքում հարկերի հատուցում։
21:49 - 19 մարտի, 2024
Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ
 |1lurer.am|

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ |1lurer.am|

1lurer.am: Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ: Այդ մասին ծրագիրը Կառավարության հումանիտար կենտրոնում ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Առաջին բաղադրիչի համար նախատեսված է, որ պետությունը տրամադրում է ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ, յուրաքանչյուրի համար՝ 50-հազարական դրամ: Ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս, որից հետո աշխատանքային պայմանագիր է կնքվում առնվազն 3 ամսով, և պետությունը գործատուին փոխհատուցում է մինչև 50 հազար դրամի չափով եկամտային հարկ և այլ պահումներ: Երկրորդ բաղադրիչով մինչև 3 ամիս տևողությամբ յուրաքանչյուր ամիս 165 հազար դրամի չափով աշխատավարձի գումար է փոխհատուցվում գործատուին, որի մեջ ներառված են հարկերը, որից հետո ևս 3 ամիս պետությունը փոխհատուցում է եկամտային հարկի՝ մինչև 50 հազար դրամը՝ ևս 3 ամիս: Այս պարագայում նվազագույն աշխատանքային պայմանագրի տևողությունը առնվազն 6 ամիս է: Երրորդ բաղադրիչն առաջին և երկրորդ բաղադրիչների համադրությունն է, այսինքն՝ առկա է մասնագիտական ուսուցման բաղադրիչ, աշխատանքային փորձի և հարկերի փոխհատուցման: «Ծրագրով հետաքրքրվողների թիվը 1000-ից ավելի է, առկա պայմանագրերի թիվը՝ 133»,- ասաց նախարարի տեղակալը:
17:05 - 15 մարտի, 2024
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի ժամկետը երկարաձգվեց
 |armeniasputnik.am|

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի ժամկետը երկարաձգվեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև 2026 թվականը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ 2020 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել 9 464 շահառու, որոնց վճարվել է շուրջ 6 մլրդ 668 մլն դրամ` 1530-ը` միանվագ դրամական աջակցության ծրագրով, 2 769-ը` կանխավճարի ապահովագրության ծրագրով, 5165-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով։ Փոխնախարարի խոսքով` ծրագրերի իրականացման 4 տարվա ընթացքում արձանագրվել է դիմումների թվի աննախադեպ աճ։ «Նախագծով նաև առաջարկվում է սահմանել արտոնություններ և խրախուսել այն ընտանիքներին, որոնք անշարժ գույք ձեռք կբերեն կամ անհատական բնակելի տուն կկառուցեն այն առանձին բնակավայրերում (թվով 48), որտեղ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն իսկ կառուցված են և/կամ հիմնանորոգվում կամ կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերում։ Միաժամանակ կխրախուսվեն այն ընտանիքները, որոնք հիփոթեքային վարկով անշարժ գույքը ձեռք են բերել կամ անհատական բնակելի տունը կառուցել կամ կառուցում են վերոնշյալ բնակավայրերում և վարկի գործողության ընթացքում ընտանիքում ծնվում է նոր երեխա»,– նշեց Խաչատրյանը։ Նա ավելացրեց, որ 2024 թ. ծրագրի իրականացման համար կպահանջվի շուրջ 1 մլրդ 281 մլն դրամ, որից 606 մլն դրամը նախատեսված է 2024 թ. պետական բյուջեով, իսկ 675 մլն դրամը նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ կառավարության շահառուն այս դեպքում երեխան է. երեխան ծնվեց` նա պետք է ստանա ՀՀ կառավարության աջակցությունը։
12:15 - 14 մարտի, 2024
ՀՀ ԱՍՀ նախարարը Սաուդյան Արաբիայի պաշտոնյայի հետ քննարկել է սոցիալական պաշտպանության ոլորտի մի շարք հարցեր

ՀՀ ԱՍՀ նախարարը Սաուդյան Արաբիայի պաշտոնյայի հետ քննարկել է սոցիալական պաշտպանության ոլորտի մի շարք հարցեր

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության ընտանեկան հարցերի խորհրդի գլխավոր քարտուղար Մայմունա Ալ Խալիլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։  Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության, կանանց և տարեցների հիմնահարցերի ոլորտներում համագործակցության ուղղություններին։ Քննարկվել է նաև ընտանիքի ինստիտուտի ամրապնդման և ավագ սերնդի արժանապատիվ ծերության ապահովման վերաբերյալ համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունը։  Ըստ աղբյուրի՝ ներկայացնելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նախարար Մկրտչյանը մանրամասնել է նաև խնամատարության ինստիտուտի զարգացման ու ապաինստիտուցիոնալացման քաղաքականության շրջանակում տարվող աշխատանքները։  Մայմունա Ալ Խալիլը նշել է, որ Սաուդիան Արաբիան ունի երեխաների խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման մեծ փորձ, և որ հայկական կողմի հետ ուրախ կլինեն այս ուղղությամբ անցկացնել փորձի փոխանակում։  Նշվում է, որ հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության ուղղությունների վերաբերյալ արդեն իսկ մշակված փաստաթուղթը, որը հնարավորություն կտա նախատեսվող աշխատանքներն իրականացնել առավել կանոնակարգված։
22:42 - 12 մարտի, 2024
Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի բացման արարողությանը

Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի բացման արարողությանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի բացման արարողությանը (CSW68)։ Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, Կանանց ռեսուրսային կենտրոնի Ադվոկացիայի թիմի համակարգող Աննա Հովհաննիսյանը։ Նստաշրջանը, որի պաշտոնական բացումն ազդարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ներառում է քննարկումներ՝ գենդերային հավասարության, կանանց ու աղջիկների առաջխաղացման ապահովման ուղղությամբ։ Նստաշրջանի այս տարվա գլխավոր թեման կանանց շրջանում աղքատության հաղթահարումն է՝ խրախուսելով նրանց առաջնորդությունն ու գենդերային անհավասարության դեմ ուղղված քաղաքականությունը։ Արդար ու հավասար աշխատավարձեր, սոցիալական հավասար երաշխիքներ, հավասար հնարավորություններ սովորելու և ընտանիքի պլանավորման հարցերում. համաժողովին մասնակից աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ կմիավորեն ջանքերը՝ այս հիմնախնդիրների շուրջ համաձայնեցնելու իրենց գործողությունները, որոնք կարող են նվազեցնել կանանց շրջանում աղքատության ցուցանիշներն ու առաջ մղել գենդերային հավասարությունը։ Թեմայի շուրջ նախարար Մկրտչյանը ելույթ կունենա միջոցառման ընդհանուր քննարկման, ինչպես նաև նախարարական կլոր-սեղանի շրջանակում։ Հայկական կողմը՝ ԱՍՀ նախարարության և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցությամբ, նախատեսել է նաև հարակից միջոցառում՝ ներկայացնելու հայաստանյան փորձը՝ կանանց տնտեսական զորեղացման համատեքստում։
11:40 - 12 մարտի, 2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է
 |armenpress.am|

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրով աջակցությունն իրականացվելու է բնակելի տուն կառուցելու, բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու եղանակներով, ինչպես նաև այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով այդ հնարավորությունները չեն ունենա, ապա նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում։  Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում մարտի 1-ին կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։   «Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, որոնք  կունենան Հայաստանի քաղաքացիություն։ Հետևաբար, մեր հայրենակիցները ժամանակ շահելու նպատակով պետք է  սկսեն դիմել քաղաքացիություն ստանալու համար, որից հետո, երբ կսկսվի բնակարանային աջակցությունը, նրանք բնակարանը ձեռք բերելուց հետո 10 տարի այնտեղ ապրելու իրավունք կունենան, իսկ այնուհետև կդառնան այդ գույքի լիիրավ սեփականատեր»,-պարզաբանեց Խաչատրյանը՝ հավելելով, որ 10 տարվա ընթացքում՝ բացառությամբ անչափահասների, աշխատունակության տարիքում գտնվող անձինք աջակցության գումարը պետք է վերադարձնեն, որից հետո, ըստ ծրագրի պայմանի, նրանք ամբողջությամբ ձեռք կբերեն այդ սեփականության իրավունքը։Այս պայմանը չի վերաբերում անչափահասներին, իսկ կենսաթոշակառուների և այլ խոցելի խմբերի համար կլինեն որոշակի արտոնություններ։ Փոխնախարարի խոսքով՝ մեկ անձի հաշվով աջակցության չափը կկազմի 3 միլիոն դրամ։ Անդրադառնալով փուլային տարբերակով իրականացվելիք ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկված խմբերի ընտրությանը՝ Խաչատրյանը շեշտել է, որ, հաշվի առնելով ծրագրի մասշտաբայնությունը, ինչպես նաև բնակարանային ֆոնդի առկա իրավիճակը Հայաստանում, պետք է կառուցապատումներ իրականացվեն, ինչը նշանակում է, որ ամիսների ընթացքում հնարավոր չէ լուծում տալ խնդրին, և գործընթացը կարող է հինգ տարի տևել։ Ուստի, առաջին հերթում ընդգրկվել են երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները, իսկ երկրորդ փուլով աջակցությունը կտրամադրվի ըստ երեխաների թվի նվազման, ինչպես նաև ընտանիքի անդամների թվի մեծության։ Ըստ էության, աջակցությունից օգտվելու հնարավորություն կունենան ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր անձինք՝ անկախ նրանից, թե երբ են տեղահանվել՝ բացառությամբ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների, որոնց համար արդեն իրականացվում է բնակարանային ապահովման ծրագիր։ Փոխնախարարը հայտնեց նաև, որ քննարկման արդյունքում կլինի բնակավայրերի որոշակի ցանկ, այդ թվում՝ գյուղական և քաղաքային, որոնց դեպքում, հնարավոր է, պետությունն ավելի մեծ աջակցություն տրամադրի։   
18:00 - 01 մարտի, 2024
Փոփոխություններ և լրացումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության 3 ծրագրերում

Փոփոխություններ և լրացումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության 3 ծրագրերում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները․ · շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով՝ ծրագրից կկարողանան օգտվել նաև Լաչինի միջանցքի արգելափակելուց հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ՀՀ տեղափոխված բուժառու անձանց ուղեկցողները, եթե անձը ներկայացրել է դիմում մինչև 2024թ․ հունվարի 31–ը, և նրա տվյալներն առկա են ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած ցուցակում։ · ծրագրի վճարման ցուցակի ձևավորման ժամկետը կերկարաձգվի մինչև մարտի 20–ը։ Կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար՝ վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները․ · ժամանակավոր կացարանում բնակվելու համար նախատեսված 40 հազար դրամը կստանան նաև այն անձինք, ովքեր ունեն բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք, որի բաժնեմասին համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից։ · որոշ հանգամանքների պատճառով ուշ դիմած շահառուներին կվճարվի նաև նախորդ ամիսների համար, եթե այդ ամիսներին ՀՀ-ից 10 օրից պակաս են բացակայել։ · դիմում ներկայացնելու ժամկետը մարտի 15-ի փոխարեն կսահմանվի մարտի 31-ը։ · ծրագրի շահառու կդառնան նաև այն անձինք, որոնց դիմումները մերժվել են բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ՀՀ-ում հաշվառված լինելու պատճառով։ · նշված փոփոխությունները կդիտարկվեն սկսած հոկտեմբեր ամսից։ Երկամսյա 50 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները․ · որոշ հանգամանքների պատճառով ուշ դիմած շահառուներին կվճարվի նաև նոյեմբեր ամսվա համար, եթե այդ ամսին ՀՀ-ից 10 օրից պակաս են բացակայել։ · դիմում ներկայացնելու ժամկետը հունվարի 31-ի փոխարեն սահմանվել է մարտի 31-ը։ · աջակցությունից կօգտվեն նաև այն երեխաները, որոնց ծնողների հաշիվներին եղել է 2 մլն դրամը գերազանցող գումար։ · շահառու կդառնան նաև այն անձինք, որոնց դիմումները մերժվել են բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ՀՀ-ում հաշվառված լինելու պատճառով։ · նշված փոփոխությունները կդիտարկվեն սկսած նոյեմբեր ամսից։  
15:16 - 29 փետրվարի, 2024
Նարեկ Մկրտչյանը Հնդկաստանում քննարկել է կանանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները

Նարեկ Մկրտչյանը Հնդկաստանում քննարկել է կանանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի կանանց և երեխաների զարգացման նախարար Սմրիտի Զուբին Իրանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները։Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտում տարվող բարեփոխումներն ու ծրագրերը՝ մանրամասնելով խնամատարության ինստիտուտի զարգացման, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացման ուղղությամբ տարվող քայլերը։ Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվող աշխատանքներին՝ նախարարը խոսել է սոցիալական արդարության ապահովման շրջանակում անհրաժեշտ քայլեր իրականացնելու անհրաժեշտության մասին ու առաջարկել համագործակցել այս ուղղությամբ։ Սմրիտի Զուբին Իրանին ներկայացրել է Հնդկաստանի փորձը կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կանանց հզորացմանն ուղղված աշխատանքներում։Նա նշել է, որ Հնդկաստանը ևս կարևորում է խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված աշխատանքները և պատրաստակամություն հայտնել իրենց փորձը ներկայացնել հայկական կողմին։ Հնդկաստանի կանանց և երեխաների զարգացման նախարարը նաև առաջարկել է դիտարկել ԱՍՀ նախարարության հետ համագործակցության հնարավորությունը՝ մասնագիտական դասընթացների կազմակերպման և աշխատակիցների հմտությունների զարգացման վերաբերյալ։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են մշակել համապատասխան հուշագիր, որը թույլ կտա հստակեցնել այն ուղղությունները, որոնց շրջանակում կարող են զարգացնել համագործակցությունը։
11:58 - 24 փետրվարի, 2024
Ինչպես կարգավորել Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների զբաղվածության ապահովումը․ Նարեկ Մկրտչյանը հարցը Հնդկաստանում քննարկել է գործընկերոջ հետ

Ինչպես կարգավորել Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների զբաղվածության ապահովումը․ Նարեկ Մկրտչյանը հարցը Հնդկաստանում քննարկել է գործընկերոջ հետ

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության նախարար Շրի Բհուպենդեր Յադավի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղությունների վերաբերյալ։ Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել Հնդկաստանի հետ ձևավորված սերտ հարաբերությունների դերը և այս համատեքստում ընդգծել Հայաստան ժամանող Հնդկաստանի քաղաքացիների զբաղվածության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ կարգավորումների մշակման անհրաժեշտությունը։ Նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ մեխանիզմների ներդնումը հնարավորություն կտա կանոնակարգել դեպի Հայաստան աշխատանքային միգրացիայի հոսքը և խուսափել հետագա հնարավոր խնդիրներից։ Նարեկ Մկրտչյանի խոսքով՝  «Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի» հետ համատեղ նախատեսվող հարթակի ստեղծումը ևս թույլ կտա նպաստել գործընթացին․ այն մի կողմից կհավաքագրի Հնդկաստանի աշխատուժը, մյուս կողմից՝ Միասնական սոցիալական ծառայության միջոցով կներկայացնի Հայաստանում առկա թափուր աշխատատեղերը։ Շրի Բհուպենդեր Յադավը ևս, կարևորելով ՀՀ հետ համագործակցությունը, նշել է, որ վերջին տարիների ընթացքում իրապես նկատելի է Հնդկաստանի քաղաքացիների՝ դեպի Հայաստան մեծ ներհոսքը․ Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության նախարարը ևս հաստատել է աշխատանքային միգրացիայի ոլորտում համատեղ կարգավորումների մշակման անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ ևս։  Ներկայացնելով Հնդկաստանի աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող աշխատանքները՝ վերջինս նշել է, որ ստեղծվել է մասնագիտական ծառայությունների ազգային հարթակ, որի միջոցով օրական շուրջ 4 մլն աշխատանքի հայտարարություն է հրապարակվում։ Յադավի խոսքով՝ հարթակի միջոցով նաև արտերկրում գործունեություն իրականացնող գործատուները հնարավորություն ունեն ծանոթանալ Հնդկաստանի թափուր հաստիքներին և համապատասխան աշխատուժ ներգրավել հետաքրքրող աշխատանքներում։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել դիտարկել աշխատանքի և զբաղվածության ոլորտում համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը։  
17:52 - 23 փետրվարի, 2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս կարող են օգտվել կենսաթոշակի ու նպաստի հետվճարի ծրագրից

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս կարող են օգտվել կենսաթոշակի ու նպաստի հետվճարի ծրագրից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք ևս կարող են օգտվել անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի դեպքում 10 տոկոս հետվճարի ծրագրից: Եթե նախկինում հետվճարի ծրագրից կարողանում էին օգտվել այն քաղաքացիները, ովքեր օգտվում էին գործընկեր բանկերից, 2024 թվականից տեղի է ունեցել փոփոխություն, և հետվճարի ծրագրից կարող են օգտվել բոլոր քարտապան կենսաթոշակառուները: Այդ մասին հումանիտար կենտրոնում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառու անձինք կարո՞ղ են օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից: «Հետվճարի ծրագրից կարող են օգտվել ինչպես կենսաթոշակառուները, այնպես էլ նպաստառուները՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ, 3-րդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված 50 000 դրամ աջակցություն, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, վետերանների պատվո վճար, զինպարգևավճար, ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացողները»,- նշել է նա: Ինչ վերաբերում է այն հարցին, որ եթե կենսաթոշակառուն փոխում է հաշվեհամարը, ե՞րբ կարող է ստանալ կենսաթոշակը նոր հաշվին, Զարուհի Մանուչարյանն ասել է. «Հաշվեհամարի կամ քարտի հետ ցանկացած գործարքի դեպքում քաղաքացուն խնդրում ենք մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն և գրել դիմում, և հաջորդող ամսվանից կենսաթոշակը կամ նպաստը կփոխանցվի նոր հաշվեհամարին»: Խոսելով այն մասին, որ եթե մայրն ունի 2 մլն կամ ավելի գումար, արդյոք նրա անչափահաս երեխաներն օգտվո՞ւմ են սպառողական ծախսերի համար հատկացվող 50 000 դրամ աջակցությունից, եթե դիմումը լրացրել է մայրը, նա տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում երեխան շահառու է, եթե դիմում լրացնող ծնողը շահառու է: «Այս դեպքում, եթե մայրը ծրագրի շահառու չէ, ապա երեխան ևս չի կարող լինել շահառու»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարը: Ամփոփելով՝ Զարուհի Մանուչարյանն անդրադարձել է նախարարության տարածած հայտարարությանը, որը հորդորում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զերծ մնալ անձնական տվյալները՝ անձնագրի, հանրային համարանիշի, բանկի քարտային տվյալները, ներկայացնել որևէ ոչ պաշտոնական աղբյուրներում կամ հարթակներում՝ խարդախություններից և կիբեռհանցագործություններից խուսափելու նպատակով:
18:57 - 16 փետրվարի, 2024
Սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու ծրագիրը երկարացվեց մինչեւ 2026-ը. պետությունը կվճարի եւ մայր գումարը, եւ տոկոսը
 |news.am|

Սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու ծրագիրը երկարացվեց մինչեւ 2026-ը. պետությունը կվճարի եւ մայր գումարը, եւ տոկոսը |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում մեկ տարի ժամկետով երկարաձգեց սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիրը՝ մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այս պահի դրությամբ գործընկեր բանկերի կողմից (Կոնվերսբանկ, Էվոկաբան, Ամերիաբանկ Ակբաբանկ) ստացվել եւ ՄԶԾ հաստատվել է 412  շահառուի հայտ: Դրանք ըստ նմարզերի բաշխված են հետեւյալ կերպ. Տավուշի մարզ – 239 Սյունիքի մարզ – 54 Արարատ – 50 Վայոց ձոր – 47 Գեղարքունիք – 22: Այս 412 հայտերը գտնվում են շինարարության ամենատարբեր փուլերում: Նաեւ պոտենցիալ շահառուների թիվը այս պահի դրությամբ շատ ավելի մեծ է, քան 412-ը, որովհետեւ ունենք շատ դեպքեր, երբ քաղաքացիները շինթույլտվություններն ստացել են, բայց դեռ չեն դիմել բանկ»,-ասաց նա: Նախարարը հստակեցրեց, որ շահառուները պետք է լինեն զագսով գրանցված ամուսիններ եւ նրանցից մեկը պարտադիր պետք է լինի ՀՀ քաղաքացի. «Նրանք ծրագրից կարող են օգտվել, եթե ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն, որը չունի ավարտական ակտ: Կա սահմանամերձ գյուղերի համար հաստատված ցանկ, շուրջ 80 գյուղեր: Շահառուն պետք է համայնքից շինթույլտվություն ունենա, ինչպես նաեւ կառուցապատման նախագիծ եւ նախահաշիվ: Ըստ ծրագրի պետությունը 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարի մինչեւ 16 մլն դրամի կառուցապատման հիփոթեքի մայր գումարն ու դրա գծով առաջացող տոկոսագումարը՝ 13 տոկոս տոկոսադրույքով: Մինչ այս պահը տրամադրվել է շուրջ 1,5 մլրդ դրամի վարկ»,-ասաց Նարեկ Մկրտչյանը: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով 412 շահառուի առկայությանը, ասաց. «Մենք մոտավորապես օրը մեկ տան վարկի հարց ենք լուծել: Օրը մի որոշում կայացվել է, ինչը վատ ցուցանիշ չէ: Երբ մի քանի տեղ շինարարություն սկսվեց, մենք տեսնում ենք, որ համատարած սահմանամերձգյուղերում այդ շինարարություններն իրականացվում են: Այս ծրագրով վարկը տալիս է բանկը, բայց եւ մայր գումարը, եւ տոկոսը վճարում է կառավարությունը: Գումարը 16 մլն դրամ է: Եթե քաղաքացին ուզում է 16 մլն-ից ավելին, նա կարող է իր կողմից 1, 2 կամ 5 մլն դրամ ավելացնել: Այդ 16 մլն-ը կվճարի կառավարությունը, իսկ ավել հատվածը՝ քաղաքացին: Ծրագիրը ծավալվում է, եւ մենք բնակֆոնդի թարմացում կարող ենք ունենալ»,-ասաց Փաշինյանը: Նա նկատեց, որ ոչ բոլոր դեպքերում են վարկերը հաստատում. «Ես փորձեցի հասկանալ՝ ինչն է պատճառը. հիմնականում նման դեպքեր պատահում են վատ վարկային պատմություն ունեցող անձանց հետ: Ես հետաքրքրվեցի, որ եթե մայր գումարն էլ է կառավարությունը տալիս, ինչո՞ւ է  բանկերին հետաքրքրում այդ հանգամանքը: Դրա համար կա կոնկրետ պատճառ. խնդիրն այն է, որ բանկերը տրանշներով վարկերը տալիս են քաղաքացուն եւ եթե նրանք տեսնում են, որ քաղաքացին խաղադրույքներ կատարելու սովորություն ունի, կարող է տրանշը վերցնել եւ նպատակային չօգտագործել, ինքը խուսափում է վարկը հաստատելուց»,- ասաց վարչապետը:
13:01 - 15 փետրվարի, 2024
Քննարկվում է տեղահանված արցախցիներին օգնելու ծրագրերի շարունակականության հարցը․ ՀՀ ԱՍՀ նախարարություն

Քննարկվում է տեղահանված արցախցիներին օգնելու ծրագրերի շարունակականության հարցը․ ՀՀ ԱՍՀ նախարարություն

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացումը շարունակում է լինել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օրակարգային հարցերից․ այս պահին քննարկվում է միջոցառումների շարունակականության ընթացքին վերաբերող մանրամասները։   Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։Նախարարությունն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ, որի շրջանակում կներկայացվեն նախատեսվող նոր ծրագրի իրականացման պայմաններն ու ընթացակարգը։Հիշեցնենք, որ հայրենակիցների համար իրականացվել/իրականացվում են՝․ առաջնային սպառողական ծախսերի նպատակով՝ միանվագ 100 հազար դրամ աջակցության ծրագիր, ․ կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար՝ վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագիր, ․ սպառողական ծախսերի նպատակով՝ երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագիր, ․ մասնագիտական ուսուցման, վճարովի պրակտիկայի և զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագիր։
20:24 - 12 փետրվարի, 2024
Վարչապետին է ներկայացվել Միասնական սոցիալական ծառայության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Միասնական սոցիալական ծառայության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ կառույցի 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և նրա տեղակալները ներկայացրել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների, ինչպես նաև 2023 թ.-ի բյուջեի արդյունքային ցուցանիշների վերաբերյալ վերլուծությունը և համապարփակ տեղեկատվությունը։ Ներկայացվել է, որ ոլորտային գործառույթները Երևանում և մարզերում կազմակերպվում են Ծառայության 49 տարածքային կենտրոնների միջոցով։ Նախորդ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ Ծառայության միջոցով սոցիալական աջակցություններից օգտված կամ դրա համար Ծառայություն դիմած «ակտիվ» շահառուների թիվը կազմել է 501 329 անձ, որը 21.3%-ով կամ 87 966 անձով ավելի է, քան 2022-ին է եղել։ Նշվել է, որ Ծառայությունը շարունակում է ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն օժանդակելու կամ վատթարացումը կանխելու նպատակով ընտանիքների անապահովության գնահատման հիման վրա տրամադրել ընտանեկան, սոցիալական նպաստ, եռամսյակային հրատապ օգնություն։ Անդրադարձ է կատարվել անապահովության գնահատման համակարգում հաշվառված և նպաստ նշանակված ընտանիքների վերաբերյալ 2021, 2022 և 2023 թթ․ վիճակագրությանը, ինչը ցույց է տալիս, որ 2023 թ․ նպաստառու ընտանիքների թիվն ավելի քիչ է (ընդհանուր առմամբ 2021-23 թ․ տարբերությունը կազմում է -18.1% (15 799 ընտանիք)։ Նվազման միտումը պայմանավորված է ոչ միայն ընտանիքների կենսամակարդակի բարձրացման կամ կյանքի դժվարին իրավիճակների թվի նվազմամբ, այլև տարածքային կենտրոնների առավել թիրախային և մասնագիտական աշխատանքով։ Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ավելի կոնկրետ ինչի հաշվին է նվազել նպաստառու ընտանիքների թիվը: «18 տոկոսով նվազել է մեր նպաստառու ընտանիքների թիվը, այսինքն` սա միայն վարչարարության հաշվին, որ այն ընտանիքները պիտի նպաստ չստանան, բայց ստանում են, մենք գնացել ենք, հայտնաբերել ենք և հանել ցուցակներից»,- նշել է վարչապետը։Պատասխանատուները նշել են, որ 2021 թվականից նվազել է թիվը մինչև 82 հազարի, ու այսպես դինամիկան պահպանվել է: Նշվել է, որ 7-8 հազարով պակասել է նաև նպաստ ստանալու դիմողների թիվը։ «Այսինքն` մարդիկ ամեն տարի, որ պետք է գան, դիմեն, որ փաստագրվեն, ենթադրվում է, որ հասկացել են, որ իմաստ չունի դիմելը»,- ասել է ծառայության պետը: Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Բայց դե այդ էլ եկեք նայենք, հարգելի գործընկերներ, լավ ասենք, ենթադրենք` մի տարի 5.5 տոկոս է տնտեսական աճը, մի տարի 12 տոկոս, մի տարի 8 տոկոս, դա պետք է մի ձևով արտահայտվի։ Օբյեկտիվ տվյալներ կան, ասենք, օրինակ՝ պետական բյուջեի եկամուտները, դա օբյեկտիվ տվյալ է և այդ օբյեկտիվ եկամուտների աճն այստեղ որևէ ձևով պետք է արտահայտվի։ Իհարկե, շատ դեպքերում, ցավոք, ոչ այն ծավալով, որ իրենք էլ, մենք էլ կուզեինք, բայց այնուամենայնիվ, պետք է արտահայտվի։ Նկատի ունեմ` դուք այդ տեսանկյունից եք նայում, ասում եք` մտածել են իմաստ չունի, որ դիմեն։ Այսինքն` դա ուրիշ բան էլ է նշանակում, որ գնահատող խումբը կգա, կտեսնի, որ իզուր է դիմել քաղաքացին։ Այսինքն` նայած ինչ դիտանկյունով նայենք»։ Պատասխանատուները նշել են, որ փաստագրման համար բոլորը պարտավոր են յուրաքանչյուր տարի դիմել՝ նպաստ ստանալու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 8 հազարով դիմող անձանց թվի նվազումը ևս մեկ տվյալ է, որը կրկին տնտեսական աճի արտահայտման մասին է խոսում: Նշվել է նաև, որ Ծառայության 49 տարածքային կենտրոնների կողմից իրականացվել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 48,614 հրատապ առաջնային կարիքների գնահատում։ Տարածքային կենտրոնների համակարգմամբ գործել են 2 կոորդինացիոն կենտրոններ՝ Շենգավիթի տարածքային կենտրոնում և Փարաքարի մշակույթի տանը՝ Վաղարշապատի Տարածքային կենտրոնի համակարգմամբ։ Տվյալ կենտրոններում իրականացվել են տեղահանվածների կարիքների գնահատման աշխատանքներ, աջակցության ծրագրերի վերաբերյալ տրամադրվել խորհրդատվություն և ժամանակավոր կեցության վայրի տեղափոխում։ Սահմանամերձ համայնքներում 16 մլն դրամի տրամադրման միջոցով բնականների կառուցման ծրագրին փետրվարի 8-ի դրությամբ արդեն հաստատվել է 419 հայտ, որակավորվել է 214-ը։ Վարչապետը նշել է, որ այժմ այդպիսի միտում էլ կա, այլ բնակավայրերից մարդիկ գնում են սահմանամերձ գյուղում հող ձեռք բերում և ցանկանում դառնալ ծրագրի շահառու։ Պատասխանատուները նշել են, որ սահմանափակում չկա: «Ընդ որում՝ ես, որ շփվում եմ մարդկանց հետ, սա բազմակողմ էֆեկտներ ունի, որը չգիտեմ ինչքանով ենք մենք հաշվարկել, բայց առաջինը՝ նախ մարդիկ գյուղերում չեն թողնում, որ իրենց ժողովուրդը գնա արտագնա աշխատանքի։ Ասում են` պիտի մնաք, մեր տները կառուցեք։ Երկրորդը, տնտեսական ակտիվություն է բերում, որովհետև այն ժամանակ, երբ մի տուն է կառուցվում գյուղում, մարդիկ գնում են մարզկենտրոնից, կամ Երևանից, այսպես ասած, իրենց անհրաժեշտ առևտուրն անում են, բերում գյուղ։ Հիմա, քանի որ գյուղերում մի քանի տուն է կառուցվում, արդեն ծառայություններ և բիզնեսներ են ի հայտ գալիս: Մանրածախը գալիս է գյուղ, որովհետև տեսնում է, որ պրոցեսներ կան։ Եվ նաև այդ պրոցեսները ես շատ կարևոր և օգտակար եմ համարում։ Նույնիսկ եթե իրենք հովեկի կարգավիճակով են այդ տունը կառուցում, ամառվա ընթացքում, տարվա ընթացքում մի քանի անգամ գնացին գյուղ՝ հավ են առնելու, ձու են առնելու, միս են առնելու, մածուն են առնելու, և դա կարող է գյուղի տնտեսական ակտիվացման շատ էական էֆեկտ ունենալ։ Եվ այո, հյուրատներ էլ են կառուցում, որը նորմալ է։ Կարծում եմ, որ այո, մենք այդ ծրագիրը պետք է հնարավորինս արդյունավետ իրականացնենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։ Ներկայացվել է նաև 114 թեժ գիծ ծառայության 2022-2023 թթ․ կատարած աշխատանքը․ 2022 թ․ համեմատությամբ՝ 2023 թ․ արձանագրվել է ստացվող զանգերի 202% աճ, այն է՝ եթե 2022 թ․ ստացվել է 350,238 զանգ, ապա 2023 թ․ զանգերի կենտրոնը ստացել է 1,057,829 զանգ։ Մանրամասներ են ներկայացվել նաև սոցիալական աջակցության ոլորտում նախատեսվող բարեփոխումների, մասնավորապես՝ անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, վերջինիս առավելությունների, դեպքի վարման համատեքստում սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, 114 թեժ գծի լավարկման, ԼՂ-ից տեղահանված ընտանիքների կարիքների խորքային գնահատման գործընթացների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել կառույցի կողմից զբաղվածության ուղղությամբ 2021-2023 թվականներին իրականացված աշխատանքներին։ Մասնավորապես նշվել է, որ 2023-ի ընթացքում ՄՍԾ տարածքային կենտրոններում 86 842 աշխատանք փնտրող ստացել է խորհրդատվություն՝ զբաղվածության ծառայությունների վերաբերյալ: Միասնական սոցիալական ծառայությունը համագործակցել է 18 268 գործատուի հետ: Թեև գործող օրենսդրությունը գործատուի համար չի սահմանում թափուր աշխատատեղը ՄՍԾ-ին տրամադրելու պարտադրող նորմ, այնուամենայնիվ, ձևավորված գործընկերային հարաբերությունների, ինչպես նաև գործատուի սոցիալական պատասխանատվության արդյունքում հավաքագրվել է 12 421 թափուր աշխատատեղ, որից 1 317-ը նոր ստեղծված աշխատատեղեր են: Հավաքագրված թափուր աշխատատեղերի թիվը 2021-ի համեմատ աճել է շուրջ 50%-ով: Գործատուների և գործընկերների հետ համագործակցության արդյունքում 2023-ին հարմար աշխատանքի առաջարկ է ստացել 16 933 մարդ, որը 2021-ի համեմատ աճել է 110%-ով: Իրականացված աշխատանքների արդյունքում նախորդ տարի աշխատանքի է տեղավորվել 10 878 անձ, ինչը 2021-ի համեմատ աճել է 7.5%-ով: Հարկ է նշել, որ աշխատանքի տեղավորվածների մեջ Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվածների թիվը կազմում է 3 792, որից 2 961-ը ստանում է ընտանեկան նպաստ: Նշվել է, որ զբաղվածության ծրագրերի միջոցով աշխատանքի է տեղավորվել 3 733 մարդ։ Արձագանքելով ՄՍԾ-ի աջակցությամբ քաղաքացիների աշխատանքի տեղավորման գործընթացին՝ վարչապետը նշել է. «Որևէ ձևով ծառայության հետ գործ ունեցած 10 878 մարդ է ընդունվել աշխատանքի, որից 3 733-ը՝ զբաղվածության ծրագրի միջոցով։ Նաև սեզոնայինի դեպքում մենք իրենց աշխատանքի ենք տեղավորում, այսինքն` գրանցված աշխատատեղերի մասի՞ն է խոսքը»։ Ի պատասխան՝ նշվել է, որ սեզոնային դեպքում քաղաքացին իր հողամասն է մշակում։ «Մենք ունենք ծրագրի հետ կապված հետազոտություն, շուրջ 1100 շահառուներից ներկայացված տվյալները։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր ծախսած գումարը հավելյալ 3 անգամ` 300 տոկոս արժեք է ստեղծել։ Տեսականորեն մենք իրեն տվել ենք 4 հազար դրամ, իրենք միջին հաշվարկով աշխատել են 12 հազար դրամ՝ յուրաքանչյուր ծախսի հատվածով»,- ասել է ՄՍԾ պետ Էդուարդ Պետրոսյանը։ Վարչապետ Փաշինյանը նշել է. «Մենք նորից արժեք ենք ստեղծում, բայց կարծում եմ, որ այստեղ պետք է մի նոր բաղադրիչ էլ մտցնենք։ Դա խորհրդատվության բաղադրիչն է, որ մարդկանց օգնեն կողմնորոշվել` ինչ աճեցնել և ինչպես աճեցնել։ Սա շատ կարևոր բան է՝ ելնելով տվյալ տարածքի կլիմայական առանձնահատկություններից և այլնից»: Անդրադարձ է կատարվել նաև զբաղվածության ոլորտի ընթացիկ և առաջիկա նախաձեռնություններին, այն է՝ զբաղվածության գործառույթների ավտոմատացված տեղեկատվական համակարգի արդիականացում, զբաղվածության մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացում, զբաղվածության ծրագրերի իրականացում և գործատուների հետ համագործակցություն: Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման, աջակցող միջոցներով ապահովման վերաբերյալ նշվել է, որը 2023 թ․ հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել 38 182 քաղաքացի, որից առաջին անգամ անձի ֆունկցիոնալության գնահատմամբ՝ 9 611 անձ, աջակցող միջոցներ ստանալու համար տրամադրվել է 24,024 պետական հավաստագիր, որոնց հնարավորություն ընձեռնել՝ ստանալու անվասայլակ, քայլակ, հենակ, ձեռնափայտ, ստորին և վերին վերջույթների պրոթեզ, լսողական սարք և այլն։ Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է՝ անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը կարո՞ղ ենք համարել հիմնադրված։Պատասխանատուները դրական պատասխան են տվել և նշել, որ 2024 թվականի հունվարի 1-ից արդեն սկսել ենք կրկնակի փորձաքննություններն անցկացնել նոր համակարգով։ Անձի ֆունկցիոնալության ներդրման արդյունքում ընդունվող հիմնական որոշումը գրեթե ամբողջությամբ ինքնաշխատ է, և մարդու միջամտությունը նվազեցրած է գրեթե զրոյի։ «Այսինքն` այս տարի, ովքեր ԱՖԳ-ով են գնահատում անցել, ճանաչվել է ուղեգրվածների ընդամենը 68 տոկոսը։ Դա անհավանական ցուցանիշ է։ Օրինակ, մենք մեծ պայքար ենք տարել՝ նաև քրեաիրավական տիրույթում, մեծ թվով մարդիկ ենք ազատել, ճշգրտությունով հասել ենք 80 տոկոսի»,- ասել է ՄՍԾ պետը։ Ներկայացվել են սոցիալական ապահովության ոլորտում կատարված աշխատանքները: Նշվել է, որ 2021, 2022 և 2023 թթ. Միասնական սոցիալական տարածքային կենտրոններում ընդունված դիմումների վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2023-ին ընդունված դիմումներն ավելի շատ են, ինչը պայմանավորված է 2023 թ․-ին իրականացված մի շարք օրենսդրական փոփոխություններով (այդ թվում՝ հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու իրավունքից օգտվեցին նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակից թոշակառուներին նշանակվում է նաև պարգևավճար 5000 դրամի չափով և այլն): Խոսվել է նաև ոլորտում իրականացված վարչարարության պարզեցման և առաջիկա նախաձեռնությունների մասին: Զեկուցվել է, որ արդեն ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 22 000 անձի հաստատվել և վճարվել է կենսաթոշակները, ինչպես նաև շուրջ 1200 անձի՝ նպաստները։
11:01 - 10 փետրվարի, 2024