Աննա Նաղդալյան

ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի գործող քարտուղարն է։

2007-2008թթ աշխատել է «Երրորդ Ուժ պլյուս» թերթում, որպես լրագրող։ 2008-2009թթ․ աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում, որպես փորձնակ։ 2009-2010թթ․ աշխատել է ԱԳՆ մամուլի բաժնում։ 2010-2012թթ․ եղել է դիվանագիտական կցորդ։ 2012-2015թթ․ եղել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան կցորդ։ 2015-2017թթ. ՀՀ ԱԳՆ երրորդ քարտուղար։ 2017-2018թթ. ՀՀ ԱԳՆ երկրորդ քարտուղար։ 2018թ-ի հոկտեմբերից առ այսօր ԱԳՆ մամուլի քարտուղարն է։

Համաշխարհային մեդիան գրում է Հայաստանում Pegasus-ի կիրառման մասին |itel.am|

Համաշխարհային մեդիան գրում է Հայաստանում Pegasus-ի կիրառման մասին |itel.am|

itel.am: Աշխարհի մի շարք առաջատար լրատվամիջոցներ այսօր հոդվածներ են հրապարակել Հայաստանում իսրայելական արտադրության Pegasus ծրագրի միջոցով լրագրողների եւ իրավապաշտպանների հեռախոսների գաղտնալսման դեպքերի մասին:Reuters-ի հրապարակման մեջ ասված է, որ Access Now կազմակերպությունը, Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, թվային պաշտպանության հայկական CyberHUB-AM հարթակը եւ անկախ փորձագետ Ռուբեն Մուրադյանը հաստատել են առնվազն 12 դեպք, երբ իսրայելական NSO Group-ի արտադրած հետախուզական ծրագիրը օգտագործվել է Հայաստանի պաշտոնյաների եւ լրագրողների գաղտնալսման համար:Access Now-ի ներկայացուցիչ Նատալյա Կրապիվան նշել է, որ իրենց հաջողվել է բացահայտել միայն «այսբերգի գագաթը»: «Թիրախավորումը բավականին լայն է եղել», - ասել է նա:Reuters-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի եւ թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ, ովքեր գաղտնալսվել էին:Forbes-ի կայքում հրապարակված հոդվածում ասվում է, որ Հայաստանի ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանի հեռախոսը 2020թ. հոկտեմբերի եւ 2021թ. հուլիսի միջեւ ընկած ժամանակահատվածում արտաքին ներգործության է ենթարկվել առնվազն 27 անգամ:The Guardian-ի հոդվածում ասվում է, որ Pegasus-ի թիրախում էին հայտնվել նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության լրագրողներ Կառլեն Ասլանյանը եւ Աստղիկ Բեդեւյանը:Այս թեմայով հոդվածներ են հրապարակել նաեւ Techcrunch պարբերականը եւ իսրայելական The Haaretz-ը: Վերջինիս հոդվածում նշվում է, որ Pegasus-ը թիրախավորել էր նաեւ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին:
16:21 - 25 մայիսի, 2023
Այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Աննա Նաղդալյան

Այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի գործընկերներ, Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ: Հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում: ԱԳՆ գործունեության վերաբերյալ մեկնաբանությունների և այլ հարցերի համար կարող եք դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով»:
16:26 - 31 մայիսի, 2021
Առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի տարածքների դեօկուպացիայի և վերջնական կարգավիճակի հարցերը. Աննա Նաղդալյան

Առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի տարածքների դեօկուպացիայի և վերջնական կարգավիճակի հարցերը. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները լրատվականների հարցերին․ «Հարց. Արդեն մեկ շաբաթից ավել է՝ Ադրբեջանի զինված ուժերը ներթափանցել են ՀՀ ինքնիշխան տարածք: Խնդրում ենք ԱԳՆ դիրքորոշումը ստեղծված իրավիճակի առնչությամբ:    Պատասխան. Ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքի օգտագործմամբ պայմանների առաջադրումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Հայաստանը չի տրվելու նմանօրինակ ճնշումներին: Հայաստանը մերժում է նաև այսպես կոչված «վիճելի տարածքներ» կեղծ օրակարգի ներմուծումը, ինչը վտանգավոր նախադեպ կարող է հանդիսանալ ուժի կիրառման արդարացման համար նաև այլ տարածաշրջաններում: Չկատարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման և այլ հումանիտար հարցերի առնչությամբ՝ Ադրբեջանը կրկին ի ցույց է դրել միջազգային հանձնառությունների միտումնավոր դրժման իր վարքագիծը: Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը մայիսի 11-ի դրությամբ ելման դիրքեր կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել ի հայտ եկող հարցերը քաղաքական-դիվանագիտական գործիքակազմի շրջանակներում դիտարկելու համար: Հարց. Ինչպե՞ս կգնահատեք միջազգայի արձագանքը իրավիճակի վերաբերյալ: Պատասխան. Միջազգային իրավունքի դիրքերից հանդես եկող և Հարավային Կովկասում կայունությամբ ու անվտանգությամբ անկեղծորեն շահագրգռված միջազգային մեր գործընկերներն արտահայտել են իրենց աներկբա դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանն անհապաղ և անվերապահ պետք է ետ քաշի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից»։
16:22 - 21 մայիսի, 2021
ՀՀ-ից ադրբեջանցիների դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար. ԱԳՆ |aysor.am|

ՀՀ-ից ադրբեջանցիների դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար. ԱԳՆ |aysor.am|

aysor.am: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է սահմանզատմանը վերաբերող հնարավոր փաստաթուղթը և դրա ստորագրման գործընթացը։ «Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար», - ասել է Աննա Նաղդալյանը։ Կառավարության հերթական նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները հարյուր տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին ու, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»։
15:52 - 20 մայիսի, 2021
Գերիների ազատ արձակման հարցում ուժեղացող միջազգային ճնշման ներքո Ադրբեջանը առաջ է քաշում կեղծ օրակարգեր՝ արդարացում փնտրելով իր ստանձնած մարդասիրական պարտավորությունների չկատարման համար. Ա. Նաղդալյան

Գերիների ազատ արձակման հարցում ուժեղացող միջազգային ճնշման ներքո Ադրբեջանը առաջ է քաշում կեղծ օրակարգեր՝ արդարացում փնտրելով իր ստանձնած մարդասիրական պարտավորությունների չկատարման համար. Ա. Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է մի շարք լրատվականների հարցերին, որը ներկայացնում ենք ստորև. - Ինչպե՞ս կմեկնաբանեք գերիների խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությունը և միջազգային գործընկերների արձագանքները: Որոշ հայտարարություններում հնչում է բոլոր կողմերից գերիների ազատ արձակման կոչ: Կա՞ն արդյոք Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ կամ այլ ձերբակալվածներ: - Հայաստանը ամբողջությամբ կատարել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները և վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, այդ թվում՝  2014թ. անչափահասի սպանության համար դատապարտված երկու անձանց: Ադրբեջանի վրա տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների օրեցօր աճող ճնշումը ցույց է տալիս, որ ձևավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ՝ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին համաձայն: - Ինչպե՞ս կմեկնաբանեք նաև Ադրբեջանի կողմից հնչեցվող մեղադրանքները՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած անձանց և ականապատման մասին տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ: - Գերիների ազատ արձակման հարցում օրեցօր ուժեղացող միջազգային ճնշման լույսի ներքո Ադրբեջանը փորձում է առաջ քաշել կեղծ օրակարգեր՝ արդարացում փնտրելով իր իսկ կողմից ստանձնած մարդասիրական պարտավորությունների չկատարման համար: Հայաստանը մշտապես պատրաստակամ է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ:
18:00 - 07 մայիսի, 2021
Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը․ ԱԳՆ արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը

Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը․ ԱԳՆ արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին։ Տեղեկացնում է ԱԳՆ-ն։ Հարց. Ադրբեջանի նախագահն ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ: Պատասխան. Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը: Հատկանշական է, որ նման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ և նպատակ ունեն ուժի դիրքերից խոսելու հայ ժողովրդի հետ: Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ: Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:
23:05 - 20 ապրիլի, 2021
Պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի տարածքային նկրտումներն արտահայտող հայտարարություններին |armenpress.am|

Պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի տարածքային նկրտումներն արտահայտող հայտարարություններին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը զավեշտալի է համարում, երբ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բնօրրանում տարածքային պահանջներ է ներկայացնում մի երկրի ղեկավար, որի անվանումն անգամ Հարավային Կովկասի տարածքում ունի միայն մեկդարյա պատմություն՝ թե՛ քաղաքական և թե՛ անգամ աշխարհագրական առումներով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների, նաև Կանադային՝ «Բայրաքթար» անօդաչուներում կանադական տեխնոլոգիաների կիրառումն ապացուցող փաստեր չտրամադրելու մասին Հայ դատի գրասենյակի հայտարարության առնչությամբ խոսել է ՀՀ ԱԳՆ խոսնակը: -Ադրբեջանի նախագահը «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովին ունեցած իր ելույթում նշել է, որ Հայաստանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն դեռ հայկական կողմից որևէ արձագանք չի եղել: Այս համատեքստում և ընդհանրապես առաջիկայում սպասվո՞ւմ են հանդիպումներ ադրբեջանական կողմի հետ։ -Նման հանդիպում նախատեսված չէ: Ավելին, Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշումը և վարքագիծը, մեղմ ասած, հիմք չեն տալիս՝ Ադրբեջանի իշխանություններից կառուցողականություն ակնկալելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակում լուծումներ փնտրելու համար: Ասածիս վառ վկայությունն է ապրիլի 12-ին Բաքվում տեղի ունեցած՝ Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացմանը Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները և ինքնին՝ ցուցադրության կազմակերպումը՝ դիակապտության տարրեր պարունակող տեսարաններով և զոհված հայ զինվորների հիշատակի նկատմամբ անարգանքի դրսևորումներով: Այս ամենը, ինչպես նաև ռազմագերիների հարցի շահարկումը Ադրբեջանի կողմից, գալիս է ապացուցելու, թե որքան հեռու է կանգնած Ադրբեջանի ղեկավարությունը հետպատերազմյան իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր իսկ դեկլարատիվ հայտարարություններից։ Ադրբեջանի նախագահը շարունակում է հանդես գալ հակասական, իրարամերժ հայտարարություններով. մի կողմից՝ սեփական լսարանին հրամցնում են հակամարտության լուծված լինելու թեզը, մյուս կողմից՝ միջազգային լսարանի համար կազմակերպված միջոցառմանը խոսում խաղաղության համաձայնագրի ստորագրման և ԼՂ հակամարտության որոշ հարցերի լուծված չլինելու մասին: Պարզապես մեկ պարզ դիտարկում անենք այս առնչությամբ, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է նախևառաջ խաղաղ գործընթաց, որը դադարել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո: - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն համաժողովի ժամանակ հերթական անգամ խեղաթյուրել է պատմական փաստերը, գործել միջազգային հանրությանն ու իր լսարանին մոլորության մեջ դնելու իր կողմից չարչրկված գործելաոճով: Նա հայտարարել է, թե Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է, արտահայտել նկրտումները Երևանի և Սևանի նկատմամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիևի այս հայտարարությունները: -Զավեշտալի է, երբ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բնօրրանում տարածքային պահանջներ է ներկայացնում մի երկրի ղեկավար, որի անվանումն անգամ Հարավային Կովկասի տարածքում ունի միայն մեկդարյա պատմություն թե՛ քաղաքական և թե՛ անգամ աշխարհագրական առումներով: Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում վերջին հարյուր տարում ընթացել և ընթանում է նոր ինքնության ձևավորման գործընթաց, սակայն հարկ ենք համարում վերստին ընդգծել, որ պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ: Նմանօրինակ սադրիչ հայտարարությունները խաթարում են տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար: -Կանադան որոշում է կայացրել «Բայրաքթար» անօդաչուների կիրառման մասին: Ինչպես հայտնել է Կանադայի Հայ Դատի գրասենյակը, Կանադան խնդրել է Հայաստանին՝ տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ապացուցել կանադական տեխնոլոգիաների կիրառումը «Բայրաքթար» անօդաչուներում, սակայն Հայաստանի իշխանությունները չեն տրամադրել որևէ տեղեկատվություն` այդպիսով հետաքննության ընթացքում չօժանդակելով կանադական իշխանություններին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը: -Թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Արցախի և Արցախի ժողովրդի դեմ կիրառված զինատեսակների վերաբերյալ Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ համապարփակ տեղեկատվություն է տրամադրվել մեր բոլոր գործընկերներին: Այդ տեղեկատվությունը, այդ թվում՝ համապատասխան զեկույցների տեսքով, տրամադրվել է պատերազմի առաջին իսկ օրերից: Զեկույցները նվիրված են եղել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածությանը և վերջինիս կողմից ահաբեկիչների տեղափոխմանը, Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառմանը և այլն: Այս հարցով առավել պատկերավոր լինելու համար պարզապես մեկ իրավիճակ նկարագրեմ. Բայրաքթար անօդաչու սարքերի մասեր արտադրող երկրներում մեր դեսպանություններին, այդ թվում՝ Կանադայում ՀՀ դեսպանությանը, դեռ պատերազմի օրերին հանձնարարականներ տրվեցին՝ դիմելու դեսպանընկալ երկրներին դադարեցնելու Բայրաքթարներում կիրառվող մասերի մատակարարումը Թուրքիային: Ձեռնարկված քայլերի արդյունքում, Կանադայում գլխադասային «Բոմբարդիր» ընկերությունը, անտեսելով իր բիզնես պարտավորությունները, որոշում կայացրեց դադարեցնելու իր ավստրիական դուստր «Ռոտաքս» ընկերության կողմից արտադրվող շարժիչների վաճառքը իտալական մատակարարող ընկերության կողմից Թուրքիային: Վստահեցնում եմ, որ նույն աշխատանքը իրականացվել է նաև «Վեսքամ»-ի ուղղությամբ. անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ դեսպանություններ այն ստանալուն պես: Վերոնշյալ աշխատանքն իրականացվել է նաև կանադական ուղղությամբ, թեև կանադական կողմը պաշտոնապես նման տեղեկատվություն չի հայցել: Հավելեմ, որ խոսքը ոչ թե մամուլում հրապարակված տեղեկատվության և հայտարարությունների մասին է, այլ փաստական ապացույցների, որոնք բացառապես ծառայողական կիրառման համար են: Այս առնչությամբ այլ մանրամասներ չեմ կարող տրամադրել:  Շարունակությունը՝ armenpress.am-ում
12:51 - 15 ապրիլի, 2021
Ադրբեջանական կողմն ամեն ջանք ներդրել է Հայաստանում և Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը խափանելու նպատակով. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Ադրբեջանական կողմն ամեն ջանք ներդրել է Հայաստանում և Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը խափանելու նպատակով. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրագրողների հարցին Հարց․ Ադրբեջանի իշխանությունները վերջերս հանդես են գալիս հայտարարություններով՝ մեղադրելով հայկական կողմին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ականապատ տարածքների քարտեզները չտրամադրելու մեջ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները։ Պատասխան. Ինչպես գիտեք, ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքով և 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ստանձնած իրենց հանձնառությունները՝ հայրենադարձնելու դեռևս պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Ըստ էության, ի պատասխան այս հարցում նաև միջազգային հանրության ճնշումներին, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ադրբեջանական պաշտոնյաների կողմից այդ հարցի բարձրացումը կրում է զուտ հրապարակային բնույթ:  Հակամարտության ողջ ընթացքում ադրբեջանական կողմը ոչ միայն հանդես չի եկել ականազերծման հարցերով համագործակցելու առաջարկով, այլև ավելին` ամեն ջանք ներդրել է Հայաստանում և Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը  խափանելու նպատակով։ Բավական է հիշել, որ Ադրբեջանը 2016թ․ արգելափակել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի  մանդատի երկարաձգումը վերջինիս՝ ականազերծման ծրագրերին աջակցելու պատրվակով, ինչն էլ հանգեցրել է Հայաստանում ԵԱՀԿ դաշտային առաքելության փակմանը։ Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ միջազգային հանրությանն ապակողմնորոշելու նման պրակտիկայից և գործուն քայլեր ձեռնարկել՝ կատարելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն ու միջազգային հումանիտար իրավունքի պահանջները, որոնք ենթադրում են անհապաղ և անվերապահ կերպով բոլոր ռազմագերիների և պատանդառության մեջ գտնվող անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը։
19:19 - 06 ապրիլի, 2021
Պաշտամունքի վայրի բարբարոսական ոչնչացումն արդարացնելու Ադրբեջանի բոլոր փորձերը դատապարտելի են. Աննա Նաղդալյան

Պաշտամունքի վայրի բարբարոսական ոչնչացումն արդարացնելու Ադրբեջանի բոլոր փորձերը դատապարտելի են. Աննա Նաղդալյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահականի և արտաքին քաղաքական գերատեսչության «արդարացումներին» Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման մասին: ՀՀ ԱԳՆ խոսնակի արձագանքը. Հարց. Ադրբեջանի նախագահականը և արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես են եկել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման մասին «արդարացումներով»: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Պատասխան. Ադրբեջանական կողմը հաստատեց Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերման միտումնավոր և ծրագրված բնույթը, և որ դա իրականացվել է Ադրբեջանի իշխանությունների որոշման արդյունքում: Ադրբեջանական կողմի բոլոր փորձերը՝ արդարացնելու պաշտամունքի վայրի բարբարոսական ոչնչացումը մտահոգիչ և դատապարտելի են: Հատկանշական է, որ միաժամանակ ադրբեջանական կողմը քար լռություն է պահպանում Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) եկեղեցու ավերման մեղադրանքների և փաստերի վերաբերյալ՝ հավանաբար չգտնելով այս հերթական բարբարոսության «արդարացման» որևէ, անգամ՝ մտացածին հիմնավորում: Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ միջազգային հանրությունը, նախևառաջ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և համանախագահ երկրները, ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է անհապաղ միջամտեն հայկական պատմամշակութային ժառանգությունը պահպանելու համար:
16:54 - 26 մարտի, 2021
Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը հիմնվում է քրիստոնյա հայ ժողովրդի հանդեպ ատելության վրա. ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը հիմնվում է քրիստոնյա հայ ժողովրդի հանդեպ ատելության վրա. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանություն է տարածել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման վերաբերյալ:  «Այսօր BBC լրատվական ծառայության կողմից շրջանառության մեջ դրվեցին տեսանյութեր՝ փաստելով Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերումը, որը տեղի է ունեցել շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց հետո: Այդ նույն եկեղեցին Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ արդեն իսկ ենթարկվել էր սրբապղծման: Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի կողմից կրոնական ատելության հիմքով իրականացված հանցագործության հերթական այս դեպքը։ Միաժամանակ առավել անհանգստացնող է ադրբեջանական ղեկավար շրջանակների կողմից այս բարբարոսությունը հիմնավորելու փորձերը, ինչը ցույց է տալիս, որ վանդալիզմի այս հերթական դրսևորումն ունեցել է միտումնավոր բնույթ և իր կազմակերպվածությամբ հիշեցնում է Նախիջևանի պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը: Վերջին պատերազմից հետո պաշտամունքի վայրի ոչնչացման այս դեպքն առանձին դրվագ չէ: Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի 200 տարուց ավել պատմություն ունեցող Կանաչ ժամ եկեղեցու ավերումը փաստում է, որ ադրբեջանական կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը հիմվում է միայն մեկ չափանիշի վրա, և այդ չափանիշը քրիստոնյա հայ ժողովրդի հանդեպ ատելությունն է: Ի հեճուկս աշխարհին որպես «հանդուրժողականության և բազմամշակութայնության կենտրոն» ներկայանալու ջանքերին՝ Ադրբեջանն առ այսօր ամրագրել է իր դիրքը՝ որպես քրիստոնեական ժառանգության ոչնչացման առաջամարտիկ: Հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում ադրբեջանական իշխանությունների՝ քրիստոնեական մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ հավաստիացումների սին լինելը: Միջազգային հանրությունը պետք է օր առաջ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի կողմից նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից սկսված և մինչ օրս շարունակվող հանցագործությունների, այդ թվում՝ մշակութային ցեղասպանության դադարեցման և դատապարտման ուղղությամբ»,- ասված է մեկնաբանության մեջ:
19:05 - 25 մարտի, 2021
Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը The Human Rights Watch-ի զեկույցի վերաբերյալ

Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը The Human Rights Watch-ի զեկույցի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես է եկել The Human Rights Watch-ի զեկույցի վերաբերյալ մեկնաբանությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «The Human Rights Watch-ը փաստագրել է հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված լայնածավալ պատերազմական հանցագործությունները։ Ինչպես նշված է The Human Rights Watch-ի զեկույցում, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներն իրականացվել են ռազմագերիների և քաղաքացիական պատանդների գերեվարության ողջ ընթացքում՝ ուղեկցվելով դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքով և խոշտանգումներով։ Զեկույցն ամրագրում է, որ բազմաթիվ հայ զինվորների վերջին անգամ տեսել են Ադրբեջանում պատանդության մեջ, սակայն Ադրբեջանը չի զեկուցել նրանց մասին։ Սա վկայում է մեծածավալ բռնի անհետացումների բարձր հավանականության մասին ոչ միայն զինծառայողների, այլև գերեվարված քաղաքացիական անձանց շրջանում։ Հրադադարի հաստատումից չորս ամիս անց հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շարունակվող գերությունն ակնհայտորեն ի ցույց է դնում, որ Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները: Ելնելով այն հանգամանքից, որ հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և խոշտանգումները վկայում են դրանց համակարգված բնույթի մասին՝ հայ ռազմագերիների շարունակվող գերությունը, վերջիններիս նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը և խոշտանգումները կարող են հավասարազոր լինել մարդկության դեմ հանցագործություններին»։
11:49 - 22 մարտի, 2021
Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ՝ 188 հայ գերիների վերաբերյալ. Աննա Նաղդալյան

Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ՝ 188 հայ գերիների վերաբերյալ. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանել է լրագրողների հարցին:- Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Ադրբեջանը, համաձայն իր պարտավորությունների, հայկական կողմին է փոխանցել բոլոր ռազմագերիներին, որոնք գերեվարվել են ռազմական գործողությունների ընթացքում և դրանից առաջ։ Կխնդրեմ Ձեր մեկնաբանությունը այս հայտարարության առնչությամբ։ - Սա ադրբեջանական կողմի հերթական կեղծիքն է հումանիտար բնույթի այս հրատապ հարցի վերաբերյալ: Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հայտարարությամբ հակադրվում է հենց այդ երկրի մյուս պատկան մարմիններին, որոնք հաստատել են Ադրբեջանում տասնյակ հայ ռազմագերիների առկայության փաստը՝ գերեվարված ինչպես ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ՝ հրադադարի հաստատումից հետո:Ադրբեջանը հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվությունը չի ներկայացնում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որը զբաղվում է այս հարցով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գործի շրջանակներում։ Դատարանը վերջերս որոշում է կայացրել այս առնչությամբ ծանուցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները և չի տրամադրել ամբողջական տեղեկատվություն։ Ներկայումս Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ՝ 188 հայ գերիների վերաբերյալ։ Պետք է ընդգծեմ, որ միջանկյալ միջոցների չկատարումը հավասարազոր է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման։Հավելեմ նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ դրույթը վերաբերում է բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված այլ անձանց, և նմանօրինակ հայտարարություններով ադրբեջանական կողմը վկայում է, որ միտումնավոր կերպով չի կատարում այդ եռակողմ հայտարարությունը: Հայ գերիներին պատանդի կարգավիճակում շարունակական պահելը խաթարում է եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների իրականացմանը: 
22:28 - 15 մարտի, 2021