Անձնագրային եւ վիզաների վարչություն

Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգ ներդնելու նպատակով հայտատուների ընտրության փուլը

Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգ ներդնելու նպատակով հայտատուների ընտրության փուլը

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ պետություն-մասնավոր գործընկերություն ծրագրի շրջանակում Ներքին գործերի նախարարությունը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգ ներդնելու նպատակով տվել է հայտատուների ընտրության փուլի մեկնարկը։ «Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի թվային վերափոխմանը և բնակչությանը մատուցել բարձրորակ ծառայություններ՝ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ու տրամադրման համար, ինչը կնպաստի պետական-մասնավոր երկարաժամկետ համագործակցության ձևավորմանը: Այն հնարավորություն կտա սահմանել քաղաքացու փորձառության և ծառայության որակի համար համաշխարհային ստանդարտներին համապատասխան նոր չափանիշներ, բարձրացնել ճամփորդական և նույնականացման փաստաթղթերի ձեռքբերման և օգտագործման մակարդակը, նաև որդեգրել նորարարական լուծումներ՝ շարունակաբար մատուցվող ծառայությունները համապատասխանեցնելով ոլորտի լավագույն չափանիշներին: Համաշխարհային շուկայի հետաքրքրված ընկերությունները մինչև մարտի 14-ը կարող են ներկայացնել հայտեր՝ որակավորվելու նպատակով հետագա մրցույթին մասնակցելու համար: Հրապարակվել են ծրագրի հիմնական դրույթները, հավակնորդ հայտատուների որակավորման չափանիշները, նրանց ներկայացվող ընդհանուր պահանջները: Հանձնաժողովը, գնահատելով ստացված հայտերը, կկազմի որակավորված հայտատուների համառոտ ցուցակ, որի շրջանակում արդեն կհայտարարվի մրցույթը»,- ասված է հաղորդագրության մեջ:
19:57 - 05 հունվարի, 2024
Կառավարությունը որպես նվիրատվություն գույք ընդունեց՝ անձնագրային և վիզաների վարչությունումը հերթերը կանոնակարգելու համար

Կառավարությունը որպես նվիրատվություն գույք ընդունեց՝ անձնագրային և վիզաների վարչությունումը հերթերը կանոնակարգելու համար

ՀՀ կառավարությունը այսօր՝ չզեկուցվող հարցերի փաթեթով որոշեց որպես նվիրատվություն ընդունել «Հայաստանում միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոն՝ ICMPD» գույքը, որը նախատեսված է տեղադրել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում և տարածքային անձնագրային ստորաբաժանումներում` առաջացող հերթերը կանոնակարգելու և անձնագրային ծառայությունների աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար։ Ըստ նախագծի հիմնավորման՝ ներկայումս ամբողջ աշխարհում կառավարությունները, ժամանակի պահանջով պայմանավորված, իրենց գործունեությունն առավել արդյունավետ իրականացնելու համար որդեգրել են նորարարությանը համընթաց շարժվելու և առավելապես տեղեկատվական տեխնոլոգիաներ օգտագործելու ուղղվածությունն ու ռազմավարությունը։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ աշխարհը, ինչպես նաև ՀՀ-ն ապրում է էական զարգացում և ողջ կառավարման համակարգում տեղի են ունենում նշանակալից կարևոր մի շարք փոփոխություններ:  «2022թ․-ի մայիս ամսին «Հայաստանում միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոն՝ ICMPD» կազմակերպությունը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը՝ որպես տեխնիկական օժանդակություն անվճար, անհատույց հիմունքներով և առանց միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի նկատմամբ որևէ պարտավորության տրամադրել է հերթերի կառավարման սարքավորումներ՝ առաջարկելով այն ընդունել որպես նվիրատվություն»։ Նշվում է նաև, որ տեխնիկական սարքավորումները որպես նվիրատվություն ընդունելը նպատակ ունի բարձրացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և տարածքային ստորաբաժանումների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը՝ հաշվի առնելով ներկայումս նկատվող հերթերի աճման միտումը, ինչը պայմանավորված է նաև Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեծ թվով ՀՀ քաղաքացիների անձնագիր ստանալու համար ներկայացվող դիմումների աճով։
12:50 - 04 օգոստոսի, 2022
Աննախադեպ ավելացել են օտարերկրյա պետություններում բնակվող հայերի դիմումները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Ոստիկանություն

Աննախադեպ ավելացել են օտարերկրյա պետություններում բնակվող հայերի դիմումները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որի մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և տարածքային անձնագրային ծառայություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը պայմանավորված է մի շարք գործոնների միաժամանակյա առկայությամբ։ «Տեղեկացնում ենք, որ հիմնականում ամռան ամիսներին, սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված, կտրուկ մեծանում է անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար դիմողների քանակը։ Մասնավորապես, աճում են ինչպես մեր հայրենակիցների կողմից հանգստանալու նպատակով արտերկիր մեկնելու համար անձնագիր ձեռք բերելու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության նշում կատարելու համար դիմելու դեպքերը, այնպես էլ օտարերկրյա պետություններից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների կողմից անձնագիր ստանալու կամ փոխանակելու դիմումները։ Սակայն 2022 թվականն էապես տարբերվում է նախկին տարիներից, քանի որ աննախադեպ ավելացել են օտարերկրյա պետություններում բնակվող մեր հայրենակիցների ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումները։ Համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ եթե 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը կազմել է 3448, ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածի համար այն կազմել է 9917 (մոտ երեք անգամ ավելի)։ Անհամեմատ մեծացել են նաև ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու /փոխանակելու/ համար ներկայացվող դիմումները։ Դիմումատուների մեծ քանակ են կազմում օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները, որոնք ամռան ընթացքում գտնվելով Հայաստանի Հանրապետությունում՝ դիմում են ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կամ իրենց ժամկետանց անձնագրերը փոխանակելու համար»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ: Բացի վերը թվարկվածից, այս տարի ավելացել է նաև երկար ժամանակով Հայաստանում բնակվելու և աշխատելու նպատակով ՀՀ ժամանող օտարերկրացիների թիվը, որոնք ՀՀ-ում իրենց բնակությունն օրինականացնելու, հաշվառվելու, ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ ստանալու նպատակով դիմում են անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ՝ անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու համար։ Մեծացել են ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու նպատակով օտարերկյա պետություններում գտնվող ՀՀ դիվանագիտական մարմիններ դիմողների քանակը, ինչով պայմանավորված՝ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում կատարվում է քաղաքացիների էլեկտրոնային հերթագրում։ Նշվում է, որ դիմելիության մեծ աճով պայմանավորված՝ նշված մարմիններում արդեն առաջիկա 2-3 ամիսների համար սպառվել է հերթագրվելու հնարավորությունը, ուստի, ինչպես ՀՀ քաղաքացիություն ստանալու, այնպես էլ անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար անձինք գերադասում են ժամանել Հայաստանի Հանրապետություն՝ տեղում անհրաժեշտ գործողություններ կատարելու նպատակով։ Վերը թվարկված, ինչպես նաև մի շարք այլ գործոններ, օրինակ՝ երեխաներին դպրոց ընդունելու համար հաշվառումների իրականացում, հաշվառման և հանրային ծառայությունների համարանիշի ստանալու տեղեկանքների տրամադրում և այլ հանգամանքներ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում և տարածքային անձնագրային ծառայություններում առաջացրել են մեծ հերթեր։ Անձնագրային և վիզաների վարչությունն իր մարդկային և նյութական ռեսուրսների շրջանակում ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու դիմումատուների պատշաճ սպասարկումը և օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով գործերի ընթացքը, ինչպես նաև քննարկվում են որոշ ծառայություններ էլեկտրոնային եղանակով մատուցելու հնարավորության հարցերը: Միևնույն ժամանակ Ոստիկանությունից հորդորում են Անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ դիմած քաղաքացիներին՝ նկարագրված իրավիճակի պայմաններում դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և իրենց գործողություններով ավելի չբարդացնել իրավիճակը, մասնավորապես. անձնագրային ծառայություններում տեղադրված հերթերը կանոնակարգող սարքավորումներից չստանալ մեկից ավելի կտրոններ, ստանալ հերթի կտրոն՝ միայն իր համար. առանց ծանոթների կամ բարեկամների համար հերթագրվելու, հերթում դրսևորել պատշաճ վարքագիծ։
16:57 - 06 հուլիսի, 2022
Կերկարաձգվի հին նմուշի անձնագրերի տրամադրման վերջնաժամկետը․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |1lurer.am|

Կերկարաձգվի հին նմուշի անձնագրերի տրամադրման վերջնաժամկետը․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Առաջարկվում է մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրել մինչև նրանց 19 տարին լրանալը (գործող 18 տարեկանի փոխարեն), իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման, ինչպես նաև օրենքի համապատասխան հոդվածներով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության ոլորտում Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաև այլ ժամկետով՝ ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով: Օրինագծերի ընդունման դեպքում անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը կերաշխավորվի նաև այն դեպքերում, երբ հիվանդությամբ պայմանավորված՝ շարժվելու, կոգնիտիվ ունակությունը, հիշողությունը կորցրած կամ բժշկական հաստատությունում անգիտակից վիճակում գտնվող քաղաքացին ի վիճակի չի լինի անձամբ ներկայացնելու դիմում: Առաջարկվում է հին, ոչ կենսաչափական նմուշի անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրելու վերջնաժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝  2022 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
10:57 - 17 նոյեմբերի, 2021
Փոխոստիկանապետը պարզաբանել է հին նմուշի անձնագրերը երկու տարի ժամկետով տրամադրելու նպատակը |armenpress.am|

Փոխոստիկանապետը պարզաբանել է հին նմուշի անձնագրերը երկու տարի ժամկետով տրամադրելու նպատակը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվում է հին նմուշի անձնագրերը տրամադրել երկու տարի ժամկետով՝ միայն մինչև 2023 թվականի սկիզբը, որից հետո ներդրվելու է նոր կենսաչափական անձնագրերի համակարգ: ԱԺ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը նկատեց՝ շատ բուռն արձագանք է ստացել անձնագրի վավերականության ժամկետը 2 տարով սահմանափակելու կարգավորումը: Նա խնդրեց պարզաբանել այդ սահմանափակման իմաստը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հիշեցրեց՝ այդ սահմանափակումը դեռ չի գործում, դա նախագիծ է: «Առաջարկվում է հին նմուշի անձնագրերը, այն է՝ կառավարության 821 որոշմամբ սահմանված անձնագրերը հետայսու տրամադրել 2 տարի ժամկետով: Հետայսուն ևս բավականին հարաբերական է: Նախատեսում ենք, որ հաջորդ տարվանից 2022-ի վերջից կամ 2023-ի սկզբից ներդրվելու է լիովին նոր կենսաչափական անձնագրերի համակարգ, որով կառավարության 821 որոշմամբ սահմանված անձնագրերի գործունեությունը լիովին դուրս է գալու: Այս երկու տարին ընդամենը 1-անգամյա բնույթ է կրում, միայն մինչև 2023-ի սկիզբ: Դրանից հետո կրկին տրվելու են 10 տարի ժամկետով»,-պարզաբանեց Ֆիդանյանը: Նա շեշտեց՝ խոսքը վերաբերում է բացառապես 821 որոշմամբ սահմանված հին նմուշի անձնագրերին, կենսաչափական անձնագրերի մասով 10 տարի ժամկետը պահպանվում է:
14:13 - 26 հոկտեմբերի, 2021
Նոր նախագծով քաղաքացիություն ստանալու դիմումները 6 ամսվա փոխարեն կքննարկվեն 90 աշխատանքային օրում |1lurer.am|

Նոր նախագծով քաղաքացիություն ստանալու դիմումները 6 ամսվա փոխարեն կքննարկվեն 90 աշխատանքային օրում |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը քննարկում է ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: «Առաջարկվում է ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայերի և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմում ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ միաժամանակ օրենքում հստակ ամրագրելով ճանաչման գործընթացն իրականացնող մարմինները: Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց իրավունք վերապահել առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի, ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն»,- ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն նախատեսել բոլոր օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում: «Նախագծով նախատեսվում է նաև փոփոխել քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը՝ 6 ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր»,- հավելեց Ֆիդանյանը:
12:01 - 26 հոկտեմբերի, 2021
ՀՀ նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիրներ կան. պարզաբանում է ոստիկանությունը |armenpress.am|

ՀՀ նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիրներ կան. պարզաբանում է ոստիկանությունը |armenpress.am|

armenpress.am: Վերջին շրջանում քաղաքացիների կողմից ահազանգեր են հնչում, որ Հայաստանի անձնագրային և վիզաների վարչության տարբեր բաժանմունքների աշխատակիցներ նոր անձնագիր ստանալու համար դիմողներին տեղեկացնում են, որ նոր անձնագրեր չկան, և պետք է սպասել 1 ամիս այն ստանալու համար: Ոստիկանությունը պարզաբանել է, որ նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիր է առաջացել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով: Այլ մանրամասներ ոստիկանությունից չհայտնեցին, սակայն խոստացան խնդրի առնչությամբ ավելի մանրամասն պաշտոնական հաղորդագրություն տարածել: «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի համաձայն` անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց:
12:01 - 31 օգոստոսի, 2021
Անհրաժեշտության դեպքում անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սահմանված ժամից ավելի

Անհրաժեշտության դեպքում անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սահմանված ժամից ավելի

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պարզաբանում է ներկայացրել հունիսի 9-ին համացանցում տարածված «Հսկայական հերթեր են գոյացել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժիններում» հրապարակումների կապակցությամբ: «Ներկայումս ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բոլոր ստորաբաժանումները պատշաճ իրականացնում են իրենց բոլոր գործառութային պարտականությունները՝ չնայած գերծանրաբեռնված աշխատանքային ռեժիմին: Երևան քաղաքի որոշ ստորաբաժանումներում առաջացել են կուտակումներ, ինչը կապված է ինչպես առօրյա գործառութային, այնպես էլ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններով պայմանավորված պարտականությունների միաժամանակյա կատարման հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողների կողմից ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների կողմից քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու դիմումների ընդունման ժամկետը լրանում է 2021 թվականի հունիսի 10-ին, ուստի բոլոր դիմումատուներին ժամանակին սպասարկելու և օրենքով սահմանված գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով հունիսի 9-ին և 10-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն առանց ընդմիջման, իսկ որոշ ստորաբաժանումներում (Նոր Նորքի և Արաբկիրի անձնագրային ծառայություններ) ավելացվել են սպասարկող աշխատակիցները: Անհրաժեշտության դեպքում անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սահմանված ժամից ավելի»,- ասված է պարզաբանման մեջ: 
15:20 - 09 հունիսի, 2021
ՆԳՆ կազմավորմամբ կմիավորվեն Միգրացիոն ծառայությունն ու Անձնագրային և վիզաների վարչությունը |armenpress.am|

ՆԳՆ կազմավորմամբ կմիավորվեն Միգրացիոն ծառայությունն ու Անձնագրային և վիզաների վարչությունը |armenpress.am|

armenpress.am: Ներքին գործերի նախարարության կազմավորման արդյունքում կմիավորվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունը և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը: Նոր ձևավորվող մարմինը կոչվելու է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն: Այս մասին ասաց ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը: «Սա միանշանակ աշխատելու է հօգուտ ոլորտի և գործընթացների՝ ավելի արդյունավետ կազմակերպման, որովհետև այնպես, ինչպես ներկայումս գործում են գերատեսչությունները` կան որոշակի խնդիրներ: Մասնավորապես, ավելի արդյունավետ կկազմակերպվեն ֆունկցիաների բաշխումը տարբեր գերատեսչությունների միջև: Օրինակ` Միգրացիոն ծառայությունն իրականացնում է գործառույթներ, որոնք ավելի տրամաբանական կլիներ, որ իրականացներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, և հակառակը՝ անձնագրային վարչությունն ունի գործառույթներ, որոնք, ըստ էության, միգրացիոն կառավարման մի մասն են կազմում, օրինակ` օտարերկրացիներին կացության կարգավիճակների տրամադրումը և առհասարակ օտարերկրացիների հետ աշխատանքը»,- ասաց Դավթյանը: ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուի խոսքով` այս պահին Միգրացիոն ծառայությունն օտարերկրացիների հետ աշխատում է միայն ու միայն ապաստանի համակարգի շրջանակներում, մինչդեռ ցանկացած օտարերկրացու մուտք ու ելքը Հայաստանի Հանրապետություն, ըստ էության, միգրացիայի ոլորտ է: Ըստ Նելլի Դավթյանի` երկու կառույցների միավորման հիմքում դրված են նաև մասնավոր ծառայությունների որակի բարելավման հարցերը: «Միավորման արդյունքում քաղաքացին ևս զգալու է փոփոխությունները հատկապես սպասարկման ոլորտում և առանցքային խնդիրներից մեկն էլ քաղաքացու սպասարկման բոլորովին նոր մշակույթի ներդրումն է, որի մասին ավելի մանրամասն քիչ ավելի ուշ հայտնի կդառնա հանրությանը»,- նշեց Դավթյանը: ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն անդրադարձավ ևս մեկ կարևոր բարեփոխմանը` միգրացիոն ոլորտում քաղաքականության մշակմամբ զբաղվող կառույցի ստեղծմանը: «Այս պահին հանրապետությունում միգրացիոն ոլորտում քաղաքականություն մշակող կառույց գոյություն չունի, որքան էլ աբսուրդային է հնչում: Մեր գերատեսչության անվանումը ծառայություն է, և ենթադրվում է, որ մենք պետք է քաղաքացուն ծառայություն մատուցենք նախօրոք մշակված քաղաքականության շրջանակներում, բայց փաստացի երկար տարիներ ավանդույթի ուժով այդ քաղաքականությունը մշակողն էլ է միգրացիոն ծառայությունը, իրականացնողն էլ՝ իր փոքրիկ աշխատակազմով: Այժմ արդեն կշտկվի նաև այդ կարևորագույն հարցը: Ներքին գործերի նախարարությունում կլինի վարչություն, որը կզբաղվի քաղաքականության մշակմամբ ու կլինի Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որը կիրականացնի այդ մշակված քաղաքականությունը»,- եզրափակեց Դավթյանը: 
11:54 - 13 փետրվարի, 2021
Խորհրդարանը քննարկեց քաղաքացիներին հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգելու փաթեթը |pastinfo.am|

Խորհրդարանը քննարկեց քաղաքացիներին հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգելու փաթեթը |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց ՀՀ ոստիկանության կողից մշակված «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը: Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրեց, որ 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված հայտարարվել է նոր մրցույթ՝ ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման եւ փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար: 6 ընկերություն հայտ է ներկայացրել մասնակցելու մրցույթին, դրանք արտասահմանյան ընկերություններ են։ «Նպատակն է 1998 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման համաձայն հին նմուշի՝ այն է ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերը, ՀՀ քաղաքացիներին տրամադրելու ժամկետը երկարաձգել մեկ տարով՝ 2021 թվականի հունվարի 1-ը սահմանելու փոխարեն սահմանել 2022 թվականի հունվարի մեկին»,- ասաց Ֆիդանյանը։ Ներկայումս մրցութային գործընթացը դեռեւս ընթացքի մեջ է եւ նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման արդյունքում ամբողջ աշխարհում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված կարող է ձգձգվել` կապված համապատասխան կազմակերպությունների կողմից մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելու անհնարինության հետ:«Մեր ներկայիս տրամադրության տակ եղած սարքավորումները բավականին հնացել են։ Զուտ այդ խնդրով է պայմանավորված լուսանկարների հարցը։ Ժամանակը օգտագործել ենք լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու։ Նոր լուծումներ կառաջարկվեն և լավագույնս կարող ենք նոր անձնագրեր ունենալ»,- ասացՖիդանյանը՝ անդրադառնալով անձնագրերի լուսանկարի վատ որակին։Նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Փաթեթի առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկումները նախատեսվում է իրականացնել քսանչորս ժամվա ընթացքում:
11:31 - 08 դեկտեմբերի, 2020
Կորոնավիրուսով պայմանավորված` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատի

Կորոնավիրուսով պայմանավորված` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատի

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակով /covid-19/ պայմանավորված` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատելու։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Խնդրում ենք անձնագրային գործողությունները /բացառությամբ՝ հաշվառումների/ կատարել այլ անձնագրային ծառայություններում։ Հաշվառման գործողությունները հնարավոր կլինի կատարել աշխատանքները վերսկսելուց հետո։ Այն քաղաքացիները, ովքեր արդեն դիմում են ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ/ ձեռք բերելու վերաբերյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.00-17.00-ն կարող են ներկայանալ Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայություններ՝ փաստաթուղթը ստանալու համար։
13:54 - 23 հոկտեմբերի, 2020
10000 դրամ վճարով 5-րդ աշխատանքային օրը ստանալ նոր նույնականացման քարտ. նոր նախագիծ |hetq.am|

10000 դրամ վճարով 5-րդ աշխատանքային օրը ստանալ նոր նույնականացման քարտ. նոր նախագիծ |hetq.am|

hetq.am: Ոստիկանությունն առաջարկում է կորած նույնականացման քարտի փոխարեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ փախստականի նոր նույնականացման քարտ տրամադրել 5-րդ աշխատանքային օրը, եթե քաղաքացին վճարի 10000 դրամ։ Նշենք, որ անձնագիրը Հայաստանում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գործող կարգավորումներում՝ քաղաքացին կարող է վճարել 40 000 դրամ և կորած նույնականացման քարտը ստանալ մեկ աշխատանքային օրվա ընթացքում կամ 20.000 դրամ՝ երրորդ աշխատանքային օրը ստանալով։ «Նշված փոփոխությունը հնարավորություն կտա քաղաքացիներին ոչ հրատապ դեպքերում կորած նույնականացման քարտի փոխարեն ստանալ նորը՝ վճարելով ավելի քիչ գումար»,-հայտնել է ոստիկանությունը։ Մեկ այլ նախագծով ոստիկանությունն առաջարկում է օտարերկրյա պետությունում բնակության իրավունք ունեցող անձին Հայաստանի քաղաքացու անձնագիր տրամադրելիս ապահովել նրա՝ ՀՀ քաղաքացու անձնագրի և օտարերկրյա պետությունում բնակության իրավունք տվող փաստաթղթում առկա անհատական տվյալների համապատասխանությունը։ Ոստիկանությունն ընդգծել է, որ այդպես կվերանան երկու փաստաթղթերում առկա անհատական տվյալների անհամապատասխանությունը և անձի նույնացման ժամանակ առաջացող խոչընդոտները։ Ոստիկանության փոխանցմամբ՝ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ անձինք ձեռք են բերում Հայաստանի քաղաքացիություն՝ չունենալով օտարերկրյա պետության քաղաքացու անձնագիր կամ օտարերկրյա պետության կողմից տրված որոշակի կարգավիճակը հավաստող ճամփորդական փաստաթուղթ /օրինակ՝ փախստականի կամ քաղաքացիություն չունեցող անձի/, սակայն ներկայացնում են որևէ պետության կողմից տրված՝ տվյալ պետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթղթեր։ Օրինակ՝  ԱՄՆ մշտական բնակչի քարտ, որը հնարավորություն է տալիս անձին մշտապես օրինական կարգով բնակվել տվյալ պետությունում, սակայն այն չի համարվում քաղաքացիությունը կամ այլ կարգավիճակը հավաստատող ճամփորդական փաստաթուղթ: «Նշված ձևակերպման պարագայում օտարերկրյա պետության կողմից տրված բնակության իրավունքը և անձը հաստատող փաստաթուղթում առկա տվյալները չեն կարող հիմք ընդունվել ՀՀ քաղաքացու անձնագրում անգլերեն գրառում կատարելիս և գրառումը կատարվում է ՀՀ ազգային ստանդարտին համապատասխան: Արդյունքում՝ անձինք խնդիրներ են ունենում փաստաթղթերում անհատական տվյալների գրելաձևի հետ կապված, քանի որ օտարերկրյա պետությունում տարիներ շարունակ հանդես են եկել այլ տվյալներով, իսկ ՀՀ քաղաքացու անձնագրում նշվում է այլ անհատական տվյալներ, ինչը հնարավորություն չի ընձեռում անձը հաստատող տարբեր տվյալներով փաստաթղթերի առկայության պայմաններում ապահովել անձի նույնացում»,-հայտնել է ոստիկանությունը։
17:13 - 23 հունիսի, 2020
Անձնագրային ծառայություններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները հունիսի 15-ից կգործեն

Անձնագրային ծառայություններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները հունիսի 15-ից կգործեն

Ոստիկանությունն այսօր հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի հետևանքով արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները հունիսի 15-ից անորոշ ժամանակով չեն գործի: Սակայն նկատի ունենալով, որ քաղաքացիներից շատերն անհետաձգելի գործողություններ ունեն՝ կապված այս ծառայությունների սպասարկման ոլորտի հետ՝ որոշում է կայացվել վերոհիշյալ ստորաբաժանումների աշխատանքը չդադարեցնել: Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ այցելել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իսկ այցելելու դեպքում խստորեն կատարել ՀՀ պարետի որոշումներով սահմանված պահանջները, պահպանել անվտանգության կանոններն ու պահանջված սոցիալական տարածությունը: ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումներ կարելի է դիմել միայն е-request.am կայքում կամ [email protected] էլ. փոստով նախապես դիմում ներկայացնելուց և հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատակցի հետ այցելելու օրվա և ժամի մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։
21:03 - 13 հունիսի, 2020
Հունիսի 15-ից եւս Անձնագրային ծառայություններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները քաղաքացիներին չեն սպասարկի

Հունիսի 15-ից եւս Անձնագրային ծառայություններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները քաղաքացիներին չեն սպասարկի

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ հունիսի 15-ից եւս անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես եւ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն գործի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Քաղաքացիներին սպասարկող ծառայությունների աշխատանքը վերսկսելու վերաբերյալ տեղեկությունը լրացուցիչ կտրամադրվի: Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը։ Այս սահմանափակումների նպատակը բացառապես մեր քաղաքացիների առողջության պահպանումն է»,-ասված է Ահարոնյանի գրառման մեջ։
12:35 - 13 հունիսի, 2020