Ամուլսար

Ամուլսարը լեռ է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում։ Բարձրությունը 2987 մ է։ Ամուլսարում կան ոսկու պաշարներ, մասնավորապես, համաձայն «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ։ 2014 թ․ ՀՀ կառավարության կողմից Գեոթիմ ՓԲԸ («Լիդիան Արմենիա»-ի իրավանախորդ) երկրաբանահետախուզական կազմակերպությանը տրվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն։

Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ հասարակական տարբեր շերտեր, փորձագետներ, բնապահպաններ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել, որոնք կապված են Ջերմուկի հանքային ջրերի աղտոտման, մոտակա ջրամբարների (այդ թվում՝ Կեչուտի), Արփա գետի, գետակների, Սևանա լճի աղտոտման, շրջակա միջավայրի թունավորման, ցիանիդի օգտագործման հետ կապված աղետի, բնակչության առողջական վիճակի հետ։ 

Հայաստանում Կանադայի՝ առևտրի գծով ավագ հանձնակատարն այցելել է Ամուլսար

Հայաստանում Կանադայի՝ առևտրի գծով ավագ հանձնակատարն այցելել է Ամուլսար

Հայաստանում Կանադայի՝ առևտրի գծով ավագ հանձնակատար Հեթեր Բայստրիկին ապրիլի 27-ին այցելել է Ամուլսար, հայտնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը։ «Հանդիպման ընթացքում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ կարճ պրեզենտացիայով հանդես եկավ Լիդիանի գլխավոր մենեջեր Ռոդնի Ստուպարիկը, որից հետո քննարկվեցին ընկերության ապագա պլանները: Ցանկանում ենք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել տիկին Բայստրիկին այցի համար: Որպես ամերիկա-կանադական ընկերություն` Լիդիան Արմենիան բարձր է գնահատում Կանադական դեսպանության ցուցաբերած հետաքրքրությունը ընկերության գործունեության հանդեպ»,- ասված է ընկերության հայտարարությունում։ Օրերս Ամուլսար էր այցելել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը։ Ապրիլի 20-ին Լին Թրեյսին ծանոթացել էր «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։
17:03 - 28 ապրիլի, 2022
Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ քննվող քրգործը կարճվել է

Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ քննվող քրգործը կարճվել է

ՀՀ քննչական կոմիտեում տևական ժամանակ իրականացվել են քննչական և դատավարական այլ համակողմանի  գործողություններ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանաքավայրի շահագործման թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով: Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության տրամադրման գործընթացին մասնակցած անձանց կողմից հնարավոր հանցագործություն կատարված լինելու վարկածները ստուգելու նպատակով կատարվել են բազմաթիվ հարցաքննություններ, պետական և ոչ պետական մարմիններից առգրավվել, ստացվել և զննվել են մեծածավալ փաստաթղթեր, կայացված որոշումների հիման վրա կատարվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական և տնտեսագիտական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Էլարդ» և «Թի Ար Սի» ընկերությունների  փորձագետներին: 2019թ. հուլիսի 22-ին ստացվել է վերը նշված փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ «Գեոթիմ» ՓԲԸ-ի /ներկայիս՝ «Լիդիան Արմենիա»/ կողմից ՀՀ լիազոր մարմնին ներկայացված, ապա «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից դրական եզրակացություն ստացած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նպատակով ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ, թերհաշվարկներ, անճշտություններ և տվյալների բացեր: Հիշյալ հետևությունների վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է իր գրավոր առարկությունները: Առկա հակասությունների կապակցությամբ ուսումնասիրվել են տվյալ ժամանակահատվածում գործող նորմատիվ իրավական բազմաթիվ ակտեր, այդ թվում՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը /ընդունված՝ 21.06.2014թ./ և վերջինիս դրույթներով  համապատասխան գնահատման մեթոդիկայի սահմանման ու հաստատման գործընթացի իրավական կարգավորումները: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ բնապահպանական նույն երևույթների և դրանց հետ կապված տվյալների վերաբերյալ իրարամերժ փաստարկները պայմանավորված են դրանք հաշվարկելու և գնահատելու ընթացքում տարբեր մեթոդաբանություններ կիրառելու՝ գիտական խորը վեճերով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ հաստատված կոնկրետ չափորոշիչների և մեթոդաբանության բացակայությամբ: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացի կարգավորման իրավական ընթացակարգում առկա թերությունները վերացնելու նպատակով սույն քրեական գործի շրջանակներում համապատասխան փաստաթղթեր են ուղարկվել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ և հնարավոր բոլոր քննչական ու դատավարական գործողությունները, սակայն ձեռք չեն բերվել փաստական տվյալներ առ այն, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն կազմելիս, հաշվետվությունը փորձաքննության ենթարկելիս, հանքավայրի շահագործման թույլտվությունը տրամադրելիս կատարվել են հանցավոր արարքներ, ուստի 21.12.2021թ.-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով, մի շարք անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու  և գործով վարույթը կարճելու մասին: Որոշման պատճենն ուղարկվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ենթակա ոլորտներին վերաբերելի, քննության ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու, խնդիրները կարգավորելու նպատակով:
15:20 - 21 դեկտեմբերի, 2021
Պետբյուջեի նախագծում Ամուլսարի հանքի հնարավոր գործարկումը ներկայացվել է որպես դրական ռիսկ |armenpress.am|

Պետբյուջեի նախագծում Ամուլսարի հանքի հնարավոր գործարկումը ներկայացվել է որպես դրական ռիսկ |armenpress.am|

armenpress.am: 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում տարվա ընթացքում Ամուլսարի հնարավոր գործարկումը ներկայացվել է որպես դրական ռիսկ: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը Խաչատրյանից հետաքրքրվեց, թե բյուջեում  կանխատեսում կա՞ Ամուլսարի հետ կապված, հետարքրքվեց, թե կառավարությունն ի՞նչ մոտեցում ունի հանքի հետ կապված, այն կգործարկվի՞, թե՞ ոչ: ««Պետական բյուջեի մասին» օրենքում մենք ներկայացրել ենք որպես դրական ռիսկ, եթե Ամուլսարը տարվա ընթացքում գործարկվի: Այնուամենայնիվ, պետք է գիտենալ, որ մեկնարկի պահից 12-ամսյա ժամանակահատվածում դեռևս այն նախապատրաստական աշխատանքներն են կատարվելու, որոնք պետք է հասցնեն հանքի շահագործմանը»,-ասաց նախարարը: Իսկ գործարկման հետ կապված պաշտոնական դիրքորոշման մասով նա հորդորեց դիմել կառավարության իր համապատասխան գործընկերներին:
11:53 - 08 դեկտեմբերի, 2021
Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով մեղադրյալներ չկան․ ՔԿ նախագահի տեղակալ |1lurer.am|

Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով մեղադրյալներ չկան․ ՔԿ նախագահի տեղակալ |1lurer.am|

1lurer.am: Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով առաջիկայում հանգուցալուծում կլինի։ Այս մասին այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ Նա նշեց, որ տևական ժամանակ է՝ այս գործով քննություն են իրականցրել և մոտեցել են ավարտական փուլին։ Հարցին՝ գործով մեղադրյալներ կա՞ն, Այվազյանը բացասական պատասխան տվեց։ Հարցին ի պատասխան՝ հանգուցալուծումը գործը կարճելու տեսքո՞վ է լինելու, ՔԿ նախագահի տեղակալն ասաց, որ կանխատեսում չի անի։ Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։
14:05 - 03 նոյեմբերի, 2021
ՇՄ նախարարությունը մերժել է «Լիդիան Արմենիա»-ին Արփա գետից ավելի մեծ ծավալով ջրառ իրականացնել |armenpress.am|

ՇՄ նախարարությունը մերժել է «Լիդիան Արմենիա»-ին Արփա գետից ավելի մեծ ծավալով ջրառ իրականացնել |armenpress.am|

armenpress.am: Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու նպատակով Արփա գետի ներքևի հոսանքներից ավելի մեծ ծավալով ջրօգտագործման թույլտվություն տրամադրել։ Այս մասին ասաց ՇՄ նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետի պաշտոնակատար Արտյոմ Մխիթարյանը։ Նա նշեց, որ 2020 թվականին ընկերությունը ստացել էր Արփա գետի ներքևի հոսանքներից 11 լ/վրկ ծավալով ջրօգտագործման թույլտվություն, սակայն այժմ դիմել էին 41,3 լ/վրկ ջրաքանակով ջրառ իրականացնելու համար։ «Ընկերությունը դիմել է Արփա գետի ներքևի հոսանքներից 30 լ/վրկ-ով ավելի շատ ջրառ իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Մերժման հիմք է հանդիսացել «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թթ․ կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» կառավարության որոշումը։ Այնտեղ արդյունաբերության նպատակով ջրառի ծավալը շատ չնչին է փոփոխվում, և նախատեսված չէ թույլ տալ այդ քանակությամբ»,- ասաց Մխիթարյանը։ Նախկինում «Լիդիան Արմենիա»-ն հայտ է ներկայացրել Արփա գետի Դարբ գետակից և Արփա գետի վերևի հոսանքներից ավելի մեծ ծավալով ջրառի համար, սակայն երկու դեպքում էլ մերժում է ստացել։ Ընկերությունն այժմ ՀՀ վարչական դատարանում վիճարկում է Դարբ գետակից ջրառ իրականացնելու նախարարության մերժումը։
16:21 - 25 մարտի, 2021
Ամուլսարի հանքի շահագործման որոշում այս պահին չկա. ՇՄ նախարար |1lurer.am|

Ամուլսարի հանքի շահագործման որոշում այս պահին չկա. ՇՄ նախարար |1lurer.am|

1lurer.am: Ամուլսարի հանքի շահագործման մասով այս պահի դրությամբ որևէ որոշում ֆիքսված չէ՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: «Քանի դեռ քրեական գործը հանգուցալուծված չէ, և այն օբյեկտիվ իրականությունը, որին սպասում ենք բոլորս, հրապարակայնացված չէ, ես չեմ կարող որևէ մեկնաբանություն անել, բայց կարող եմ երաշխավորել, որ եթե Քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործը վեր հանի այնպիսի փաստեր, որոնք կասկածի տակ կդնեն շմագը, վտանգավոր թափոնների տեղադրման թույլտվությունները, կասկածի տակ կդնեն ջրօգտագործման թույլտվությունները, ապա ես՝ ինքս, ամենախիստ հակադարձումը կանեմ»,- նշեց նախարարը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ի հետ հարցազրույցում նշել էր, որ «հավանականություն կա, որ հանքը կբացվի»։
12:49 - 18 մարտի, 2021
Կընդունվեն միայն այնպիսի որոշումներ, որոնք բալանսավորված են և բխում են ՀՀ շահերից․ Սուրեն Պապիկյանը՝ Ամուլսարի շահագործման վերաբերյալ հարցին ի պատասխան |tert.am|

Կընդունվեն միայն այնպիսի որոշումներ, որոնք բալանսավորված են և բխում են ՀՀ շահերից․ Սուրեն Պապիկյանը՝ Ամուլսարի շահագործման վերաբերյալ հարցին ի պատասխան |tert.am|

tert.am: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Ամուլսարի վերաբերյալ։«Որպես քաղաքացի՝ կո՞ղմ եք հանքի շահագործմանը, և որպես երկրի վարչապետ՝ ի՞նչ որոշումներ եք կայացնելու, Ամուլսարը կշահագործվի՞, թե՞ ոչ»,- դիմելով Փաշինյանին՝ հարցրեց պատգամավորը։ Հարցին Փաշինյանի փոխարեն պատասխանեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, թե որոշումը շատ պարզ ու հստակ է՝ ստեղծել հնարավորություններ, որ երկրում լինեն հավելյալ ներդրումներ։«Խոսքը վերաբերում է, մասնավորապես, հանքարդյունաբերությանը, և կարող է վերաբերել տարբեր հանքերի։ Մենք պետք է ուսումնասիրենք առկա խնդիրների հաղթահարման հնարավորությունները և ընդունենք որոշումներ։ Եթե այդ որոշումները բխեն ՀՀ շահերից, ուրեմն՝ այդ որոշումները կունենան նաև Ամուլսարի մասով շահագործում իրականացնելու հետևանքներ»,-ասաց նա։Պատգամավորն արձագանքեց, թե կարծում է՝ կկայացվի այնպիսի որոշում, որ բնության հաշվին տարբեր մարդկանց գրպաններ և տնտեսություն գումարներ չեն գնա, կգերակայի նաև բնության պահպանման խնդիրը։ Ի պատասխան՝ Պապիկյանն արձագանքեց․ «Ինչպես նախկինում նշել ենք, կընդունվեն միայն այնպիսի որոշումներ, որոնք բալանսավորված են և բխում են ՀՀ շահերից»,-ասաց Պապիկյանը։
18:16 - 10 փետրվարի, 2021
Քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել, մենք չենք կարող որեւէ դիտարկում անել․ նախարարը՝ Ամուլսարի խնդրի մասին
 |armtimes.com|

Քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել, մենք չենք կարող որեւէ դիտարկում անել․ նախարարը՝ Ամուլսարի խնդրի մասին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ձեռպահ է մնում Ամուլսարի խնդրի վերաբերյալ որեւէ դիտարկումից, քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Նա հայտնեց, որ վերջերս իր նախաձեռնությամբ ընդլայնված հանդիպում է տեղի ունեցել բնապահպանական լայն շրջանակները ներկայացնող անձանց հետ: Այն խնդիրները, որոնք բարձրաձայնվել են բնապահպանական շրջանակների կողմից, մանրամասն ուսումնասիրվել են, նախարարության մասնագետների հետ քննարկվել են: «Այս պահին կարող եմ ասել այն, որ քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել, այդ մասով մենք չենք կարող որեւէ դիտարկում անել: Այս շրջանում Շրջակա միջավայրի նախարարությունը գործընթացների վրա ազդելու որեւէ մանդատ չունի: Բացառությամբ այն դեպքի, եթե, օրինակ, քրեական գործի շրջանակներով կարող են ի հայտ գալ այնպիսի օբյեկտիվ փաստեր, երբ կասկածի տակ կառնեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները»,- նշեց նախարարը:  
19:52 - 26 հունվարի, 2021
Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն. էկոնոմիկայի նախարար |tert.am|

Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն. էկոնոմիկայի նախարար |tert.am|

tert.am: Ամուլսարի հանքը շահագործողը կարող է դառնալ համար մեկ հարկատուն: Այս մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում  ասել է ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը՝ խոսելով ապագայում Հայաստանի համար բարձր տնտեսական աճ ապահովելու պլանների մասին:Հաղորդման ընթացքում օգտատերերից մեկը հարց էր ուղղել նախարարին՝ հետաքրքրվելով նախարարի՝ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ կարծիքով: Վերջինս պատասխանել է, որ չի տեսել Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական վնասների վերաբերյալ հաշվետվություն: «Ես մի կողմից գիտեմ վնասները, մյուս կողմից՝ օգուտները»:Խոսելով ՀՀ-ում առհասարակ հանքերի շահագործման մասին և օրինակ բերելով Սոթքը՝ նախարարը նշել է. «Տեսանք, թե Հայաստանի Հանրապետության 4-րդ  հարկատուին կորցնելիս ինչ վայնասուն բարձրացրինք, բայց պոտենցիալ առաջին հարկատուին ուղղակի չենք թողնում, որ բացվի: Առաջին հարկատուին ասում ենք՝ դու մի բացվի, բայց չորրորդ հարտակուին կորցնելը ծանր ենք տանում»: Նախարարը, ամեն դեպքում, ասել է, որ մարդկանց առողջությունն ամենից կարևոր բանն է համարում և տնտեսության զարգացումը հնարավորինս «կանաչ» ճանապարհով է տեսնում։
15:38 - 15 դեկտեմբերի, 2020
Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները դատարանի դահլիճից ազատ են արձակվել  |pastinfo.am|

Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները դատարանի դահլիճից ազատ են արձակվել |pastinfo.am|

pastinfo.am: Խուլիգանության կասկածանքով ձերբակալված քաղաքացիները ազատ են արձակվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրանց ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքը՝ ճանաչելով ձերբակալությունը ոչ իրավաչափ։ Պաշտպան Սասուն Ռաֆաելյանը ասաց, որ իր պաշտպանյալներն ազատ են արձակվել հենց դատական նիստերի դահլիճից։ Նշենք, որ ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքները քննել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրի դատավորները՝ Վարդան Գրիգորյանը, Մանվել Շահվերդյանը և Վահագն Մելիքյանը։ Ռաֆայելյանը հաստատեց, որ միջադեպի շարժառիթը եղել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ունեցած տարակարծությունը։ Նա պատմեց, որ արդեն 2.5 տարի է, ինչ Ամուլսարի հանքի շահագործման հարցը մարդկանց բաժանել է երկու խմբի՝ մի մասը պնդում է, որ հանքը չի կարող շահագործվել, իսկ մյուս մասը, որ հանքը պետք է շահագործվի և հենց այդ պատճառով էլ վիճաբանություն է տեղի ունեցել։ Պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալները գտնում են, որ պետք է վերջնական որոշում կայացվի՝ հանքը շահագործելու կամ չշահագործելու վերաբերյալ, քանի որ հարցի լուծման հետաձգումը միայն պառակտումներ է առաջացնում։ Հիշեցնենք, որ Infocom-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացել էր, որ Ջերմուկի երեք քաղաքացիները ձերբակալվել են՝ խուլիգանության կասկածանքով՝ վերջերս տեղի ուենցած միջադեպի առնչությամբ։ Խոսքը, մասնավորապես, մամուլում հրապարակված այն տեղեկությունների մասին է, ըստ որոնց՝ սեպտեմբերի 15-ին  ծեծկռտուք է տեղի ունեցել Գնդեվազ համայնքում Ամուլսարի հանքի շահագործմանը կողմնակից բնակիչների և ճանապարհը փակող ցուցարարների միջև։ Հետագայում մամուլում շրջանառվող տեղեկությունները հաստատել է ոստիկանությունը, նշելով, որ  ոստիկանությունն ահազանգ ստացել է, նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով, որն էլ ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։
12:51 - 24 սեպտեմբերի, 2020
Գնդեվազում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ երեք ջերմուկցի է ձերբակալվել՝ խուլիգանության կասկածանքով. քաղաքացիներն ինքնաբուխ հավաք են անում

Գնդեվազում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ երեք ջերմուկցի է ձերբակալվել՝ խուլիգանության կասկածանքով. քաղաքացիներն ինքնաբուխ հավաք են անում

Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի պահապան Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր հայտնել է, որ առավոտյան բերման են ենթարկվել Ջերմուկի երեք քաղաքացիներ՝ վերջին օրերին Գնդեվազում տեղի ունեցած ինչ-որ միջադեպի առնչությամբ։ Infocom-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ Ջերմուկի երեք քաղաքացիները ձերբակալվել են՝ խուլիգանության կասկածանքով՝ վերջերս տեղի ուենցած միջադեպի առնչությամբ։ Խոսքը, մասնավորապես, մամուլում հրապարակված այն տեղեկությունների մասին է, ըստ որոնց՝ սեպտեմբերի 15-ին  ծեծկռտուք է տեղի ունեցել Գնդեվազ համայնքում Ամուլսարի հանքի շահագործմանը կողմնակից բնակիչների և ճանապարհը փակող ցուցարարների միջև։ Հետագայում մամուլում շրջանառվող տեղեկությունները հաստատել է ոստիկանությունը, նշելով, որ  ոստիկանությունն ահազանգ ստացել է, նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով, որն էլ ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։ Այսօր Բունիաթյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել է, որ Ջերմուկի բնակիչները ժամի 17:00-ից ինքնաբուխ հավաքվում են Ջերմուկում՝ հաջակցություն ձերբակալված համաքաղաքացիների։ Ամուլսարի պահապանի խոսքով՝ փաստեր կան, որ Ամուլսարի շուրջ տեղի ունեցող ցանկացած զարգացման դեպքում, կարծես, պատասխան պիտի տան մարդիկ, որոնք դեմ են հանքի բացվելուն. «Հիմնավոր կասկածներ ունենք, որ խտրականություն է տեղի ունենում, սրա մասին պատրաստվում ենք ավելի խորքային խոսել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Շիրակ Բունիաթյանը։
19:50 - 22 սեպտեմբերի, 2020
Ամուլսար. Հայաստանի բնության մխացող ցավը |acnis.am|

Ամուլսար. Հայաստանի բնության մխացող ցավը |acnis.am|

acnis.am: Վերջին երկուսուկես տարում Ամուլսարի շուրջ զարգացումները ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ տագնապի ու անորոշության օղակից: Ժամանակ առ ժամանակ իրար հաջորդող պարբերափուլերով կրքեր են շիկանում, կրքեր են մարում, սակայն խնդիրը շարունակում է մնալ չլուծված` արժանանալով թե´ բնապահպանների ու Ջերմուկի տարածագոտու բնակչության ցասումին, թե´ իրավիճակով մտահոգ մասնագետների եւ հանրության սուր քննադատությանը: Իսկ իրավիճակն իսկապես բավական խնդրահարույց է` կշեռքի մի նժարին դրված է երկրի տնտեսությունն անկումից փրկելու հրամայականը, մյուսին` ողբերգական հետեւանքներով հղի բնապահպանական աղետի վտանգը: Ինչպե՞ս վարվել` թույլատրե՞լ հանքավայրի շահագործումը, թե չթույլատրել: Ինչպես կասեր դասականը` ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ: Թեման չափազանց տարողունակ է, կփորձենք հնարավորինս սեղմ քննության առնել հանքի շահագործման կողմնակիցների եւ հակառակորդների շահագրգռությունները, մոտեցումներն ու փաստարկները: Կողմնակիցներ ասելով` պետք է նկատի ունենալ Կառավարությանը եւ, առհասարակ, կառավարող շրջանակներն ամբողջապես, որոնք հակված են Ամուլսարի ոսկու շահագործման գաղափարին: Հակառակորդների շարքում են մտավորականներ, բնապահպաններ, հասարակական-քաղաքական առողջ ուժեր, ոլորտի մասնագետներ եւ այլք: Առանձին-առանձին կդիտարկենք այս խմբերից յուրաքանչյուրի հավաքական մտածողությունը, ընկալումները, խնդրի լուծման տեսլականը` գոնե ընդհանուր գծերով հասկանալու համար, թե ինչ է կատարվում պաշարների մեծությամբ Հայաստանի 2-րդ հանքավայրում, ինչպիսի շահեր են բախվում այդտեղ եւ կողմերն ինչպես են պատկերացնում խնդրի հանգուցալուծումը: Բայց մինչեւ բուն նյութին` կողմերի դիրքորոշումներին ու գործողություններին անդրադառնալը, արձանագրենք մի քանի ընդհանուր տվյալներ եւ նկատառումներ: Ամուլսարի հանքի մասին հայտնի է դեռեւս ԽՍՀՄ գոյության ժամանակներից: Այդ տարիներին շահագործումն աննպատակահարմար էր համարվել: 2005-ին հանքավայրի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ է կատարել «Գեոթիմ» ընկերությունը` «Լիդիան Արմենիայի» իրավանախորդը: Վերջինիս տարածած տեղեկատվության համաձայն` հաստատված ընդհանուր պաշարներն այդտեղ կազմում են 89.376,3 հազար տոննա հանքաքար, 73,7 տոննա ոսկի, 294.367 տոննա արծաթ: Ամուլսարի նախագիծը ՀՀ-ի ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկն է. հանքի շինարարության ընթացքում արդեն ներդրվել է շուրջ 400 մլն դոլար: Ընկերությունը պատրաստվում է 1300 աշխատեղ ապահովել շինաշխատանքների ընթացքում, իսկ հանքի շահագործման հետագա 10 տարիներին հանքարդյունահանման ընթացքում կստեղծվի 650-700 մշտական աշխատատեղ: «Լիդիան Արմենիան» Հայաստանի 9-րդ ամենախոշոր հարկատուն է` գտնվելով տակավին շինարարության փուլում։ Ավելի քան մեկ տարի առաջ` 2019-ի օգոստոսի սկզբներին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խնդիրը լուծվելու է բացառապես փաստերի հիման վրա, ինչի ուսումնասիրությամբ ավելի վաղ զբաղված էր կառավարությունը: Խոսքը, մասնավորապես, Ջերմուկի ջրային համակարգի, Արփի, Որոտան, Դարբ գետերի եւ Սեւանա ջրերի հնարավոր աղտոտվածության բացառումը հիմնավորող փաստերի մասին է: Այդ ուղղությամբ ուսումնասիրությունը վաղուց ավարտվել է, լիբանանյան «Էլարդ» փորձագիտական խումբը ներկայացրել է իր եզրակացությունը, ՀՀ քննչական կոմիտեն` իրենը: Անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, բայց կառավարությունը չի շտապում որոշում կայացնել, ինչը կարող է մի քանի պատճառ ունենալ` ընդունելիք որոշման ճշմարտացիության մեջ թերահավատությունը, ավելորդ զգուշավորությունը, վարկանիշի անկման մտավախությունը այլն: Որպես լուծման այլընտրանքային ճանապարհ, առաջարկվել էր անգամ հանրաքվեն, որն իշխանությունները լռելյայն շրջանցել էին` հասկանալով, որ «դեմ»-երի թիվն անհամեմատ մեծ է լինելու: Եվ այդպես անորոշությունը մնացել էր չփարատված: Այդ առնչությամբ սեպտեմբերի 3-ին` պատասխանելով լրագրողների հարցերին, Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասել է. «Այս հարցը Կառավարության ուշադրության կենտրոնում է, եւ հավաստիացնում եմ, որ կոնկրետ գործողություններ են իրականացվում, այդ թվում` իրավական դաշտը կարգավորելու ուղղությամբ… մասնավորապես` քննչական մարմիններում գործեր են քննվել դեռ 2019-ից մինչ օրս, եւ դրանով է պայմանավորված որոշում կայացնելու զգուշավորությունը»: Բայց արդյո՞ք զգուշավորություն է դա, թե իշխանության ձեռքերի «կապվածության» վկայություն: Ի վերջո, խնդիրն ունի ոչ միայն ներհայաստանյան երանգ` կառավարող ուժի հանդեպ վստահության կորստի մտավախությամբ, այլեւ արտաքին քաղաքական բովանդակություն` միջազգային ասպարեզում մեր պետության հեղինակազրկման ու խոշոր ներդրումների ձախողման վտանգով: Կամ, միգուցե, կա այնպիսի մի հանգամանք, որն իր մեջ Ամուլսարի շահագործմանը չխոչընդոտելու պարտավորվածություն ունի: Չի բացառվում նաեւ, որ որոշումն արդեն ընդունված է, ուղղակի ժամանակը նպաստավոր չէ այն հրապարակելու համար: Նպաստավոր չէ այն իմաստով, որ Հայաստանում, ըստ որոշ լուրերի, շրջում է «թեժ աշնան» ուրվականը: Չմոռանանք, որ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը դեռեւս երկու տարի առաջ համոզմունք էր հայտնել, թե ոսկու հանքի շահագործման որոշումը վարչապետն արդեն ընդունել է: Ամեն դեպքում Փաշինյանը եւ նրա շրջապատը մի գլուխ վստահեցնում են, որ շահագործումը բնապահպանական ռիսկեր ու վտանգներ չի պարունակում: Նրանք համարում են, որ Ամուլսարի շահագործման թույլտվությունը ինքնուրույն, կշռադատված քաղաքական որոշում է` ի հակակշիռ ժողովրդի զգացմունքային եւ իռացիոնալ վախերի: Նիկոլ Փաշինյանն անձամբ` ասես կամավոր ստանձնելով «Լիդիան»-ի փաստաբանի դերը, ամեն ճիգ գործադրում է հավատացնելու, որ ոչ մի լիտր ջուր թե´ Ջերմուկում եւ թե´ Սեւանում չի կարող թունավորվել, քանզի ամեն ինչ վերահսկելի է: Վարչապետը հիմք է ընդունում հանքարդյունաբերության ոլորտում զրո փորձառություն ունեցող «Լիդիան Արմենիա»-ի հետազոտությունները: Այնինչ միջազգային շատ ավելի հեղինակավոր փորձագետներ շատ ավելի հիմնավոր փաստարկներով ապացուցում են, որ ջրերի աղտոտման հետ կապված` «Լիդիան»-ի ու նրա խորհրդատուների մոտեցումները պարզունակ են եւ ոչ ճշգրիտ, իսկ առաջարկած միջոցները, որոնց մասին, ի դեպ, մեր վարչապետը հիացմունքով է խոսում, անհամաչափ են` կանխելու համար աղտոտման արտահոսքը բնական միջավայր: Տրամագծորեն հակառակ պատկերն են նկարագրում միջազգային հայտնի գիտնական-փորձագետները: Ավստրալացի, կանադացի ու ամերիկացի չորս ճանաչված մասնագետներ` դոկտոր Անն Մաեսթը, դոկտոր Ռոջեր Սմարթը, դոկտոր Անդրե Սոբոլեւսկին եւ դոկտոր Անդրեա Գերսոնը, 2017-ի հուլիսից սկսած` շուրջ մեկ տարի ուսումնասիրելով «Լիդիան Ինտերնեյշնլ»-ի կայքում առկա մեկ տասնյակից ավելի փաստաթղթերը, 2018-ի մայիսի 20-ին հանդես են եկել Ամուլսարի ոսկու ծրագրի բնապահպանական ռիսկերի վերաբերյալ հատուկ զեկույցով, որտեղ, ի մասնավորի, ասված է. ««Լիդիանի» թեստերի արդյունքները ցույց են տալիս, որ կորզումից հետո մնացած ապարներից, կոշտ թափոններից արտահոսքում առկա կլինեն ծարիրի, մկնդեղի, պղնձի, բարձր խտացուկներ, ինչպես նաեւ ամոնյակի, կադմիումի, կապարի, սնդիկի, նիտրատի եւ սելենի աղտոտիչներ, որոնք թունավոր են մարդկանց կյանքի ու ջրային կենսաբազմազանության համար»: Նրանց եզրահանգմամբ` ծրագիրն այս վիճակով բարձր ռիսկ է պարունակում «տասնամյակներ տեւող թթվային դրենաժի առաջացման եւ աղտոտիչների արտազատման առումով», ուստի հորդորում են ՀՀ կառավարությանը եւ քաղաքացիներին` «դադարեցնել ծրագրի առաջխաղացումը մինչեւ մատնանշված բացթողումները չշտկվեն»:   Շարունակությունը՝ acnis.am-ում։
20:53 - 12 սեպտեմբերի, 2020
Կառավարությունը հրաժարվում է տրամադրել Ամուլսարի վերաբերյալ նյութերը. ՀԲՃ

Կառավարությունը հրաժարվում է տրամադրել Ամուլսարի վերաբերյալ նյութերը. ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ քննչական կոմիտեն հրաժարվում է շահագրգիռ հանրությանը տրամադրել 2018թ-ի ամռանն Ամուլսարի խնդրով հարուցված քրեական գործի շրջանակներում պատվիրված միջազգային փորձաքննության մասնագիտական նյութերը։ Այս առումով շատ կարևոր է իմանալ, որ դեռևս 2019թ-ի մայիսից այդ նյութերը ոչ միայն հասանելի են եղել հանքահանությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ընկերությանը, այլև Քննչական կոմիտեն ընկերությանը հնարավորություն է տվել այդ նյութերի վերաբերյալ ներկայացնելու կարծիքներ, առարկություններ, մասնակցելու մի շարք քննարկումների։ Արդեն մեկ տարուց ավելի է, որ նույնիսկ պաշտոնական հարցումների միջոցով մենք չենք կարողանում ստանալ վերոնշյալ նյութերը։ Անցած տարի մեր հարցումներն ուղղակի մնացին անպատասխան: Այս տարի՝ 2020թ-ի հուլիսի 24-ի մեր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրեցին, որ այդ փաստաթղթերը միջանկյալ նյութեր են եղել և դրանք հրապարակելու կարիք իրենք չեն տեսնում։ Մեր հարցման բովանդակությունը հետևյալն էր․ «Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրությունների վերջնական փաստաթղթից բացի, լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների կողմից կազմվել են նաև նախնական զեկույցներ։ Հաշվի առնելով հարցի հանրային նշանակությունը և այս ողջ գործընթացի թափանցիկության անհրաժեշտությունը՝ Քննչական կոմիտեն առնվազն պետք է հրապարակի նաև հետևյալ բոլոր փաստաթղթերը․ 2019թ-ի մայիսի 31-ին ներկայացրած Անկախ գնահատման մասնակի նախնական զեկույցը։ 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցը։ 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցի վերաբերյալ Լիդիանի ներկայացրած մեկնաբանությունները, որոնք ստացել են հունիսի 28-ին և հուլիսի 4-ին։ 2019թ-ի հուլիսի 3-ին ստացված Լիդիանի պատասխանները «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի 2019թ-ի հունիսի 28-ին առաջադրված հարցերին՝ երկրաքիմիական տվյալների և մեղմման միջոցառումների վերաբերյալ։ Խնդրում ենք մեզ տրամադրել կամ հրապարակել վերոնշյալ բոլոր փաստաթղթերը»։ Նույն ճակատագրին արժանացավ նաև 2020թ-ի հուլիսի 24-ի Վարչապետի աշխատակազմին ուղղված մեր հետևյալ հարցումը, որին առ այսօր պատասխան չենք ստացել․ «2020թ-ի մարտի 12-ին Ջերմուկ քաղաքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Քննչական կոմիտեն, ELARD-ի և Լիդիանի բանավեճի արդյունքում, կազմել է 154 հարցանոց հարցաշար, որն առաջիկայում կուղարկվի նաև շահագրգիռ հասարակական կազմակերպություններին, նաև Գիտությունների ազգային ակադեմիային, որպեսզի այդ հարցաշարը ճշտվի, որի շուրջ արդեն տեղի կունենա ELARD-ի և Լիդիանի ներկայացուցիչների ամփոփիչ հարցաքննություն, որի արդյունքում այդ բոլոր բանավեճերը կլուծվեն։ Վարչապետի ելույթը տեսեք այստեղ։ Այս առումով խնդրում ենք մեզ և շահագրգիռ հասարակական կազմակերպություններին ուղարկել այդ 154 հարցանոց հարցաշարը»։ Մեր կողմից անհասկանալի և անընդունելի է այս երկակի մոտեցումն, ու ընդհանրապես, Ամուլսարում հաքահանությամբ զբաղվելու նպատակ ունեցող ընկերության հետ անկախ միջազգային փորձագիտական խմբի հետազոտությունների կամ ինչ-որ հարցաշարերի քննարկումը։ Դա նույնն է, ինչ որոշակի հանցանքի մեջ կասկածվողի հետ քննարկես անկախ փորձաքննության արդյունքները, լսես նրա առարկություններն ու հարցնես նրա կարծիքը դրանց մասին։ Բացի այդ, եթե այդ նյութերը հասանելի են եղել մի շահագրգիռ կողմին՝ ուրեմն պետք է հասանելի լինեն նաև մյուսներին։ Հակառակ դեպքում լուրջ և հիմնավոր կասկածներ են առաջ գալիս այս ողջ գործընթացի անաչառության վերաբերյալ։ Մեկ անգամ ևս կոչ ենք անում վերջ տալ ժողովրդից թաքուն արվող գործողություններին և հրապարակել վերոնշյալ բոլոր փաստաթղթերը։ Մենք նաև տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ հիմա՛ էլ են հանրությունից թաքուն արվում գործողություններ, որոնցում կրկին մասնակցելու հնարավորություն է տրվել հանքահեններին»։
10:50 - 12 սեպտեմբերի, 2020
«Լիդիան Արմենիան» Ամուլսարի պաշտպանների հետ մեր հանդիպման ապօրինի նկարահանումն է իրականացրել․ Գևորգ Գորգիսյան

«Լիդիան Արմենիան» Ամուլսարի պաշտպանների հետ մեր հանդիպման ապօրինի նկարահանումն է իրականացրել․ Գևորգ Գորգիսյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ավելի վաղ «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած տեսանյութին՝ գրելով. ««Լիդիան Արմենիան» ոչ միայն Ամուլսարի պաշտպանների հետ մեր հանդիպման ապօրինի նկարահանումն է իրականացրել, այլև ապատեղեկատվություն է տարածել, որ իբր «ԼՀկ պատգամավորները հրահրել են ապօրինի ներխուժում Ամուլսարի տարածք և դրանով ստանձնել համայնքի բնակիչների հանդեպ կատարվող ցանկացած ոտնձգության պատասխանատվությունը»: Այնինչ, ես և Անի Սամսոնյանն այցելել էինք Ջերմուկ՝ մեր զորակցությունը հայտնելու տարիներ շարունակ իրենց տունն ու քաղաքը գիշեր-ցերեկ պաշտպանող քաղաքացիներին, ովքեր կոչ են անում կառավարությանը վերջ դնել խուսափողական քաղաքականությանը և չեղարկել Ամուլսարի ոսկու հանքի ՇՄԱԳԸ»:  
09:16 - 08 սեպտեմբերի, 2020