Ազատ Հայրենիք

Ազատ Հայրենիք, քաղաքական կուսակցություն Արցախում։ Ստեղծվել է 2005 թվականի հունվարի 29-ին։ Նախագահն էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

Քարոզարշավ օր 5. Հայաստանում քաղաքական ուժերի միջև  շարունակվում է ընտրապայքարը  |armenpress.am|

Քարոզարշավ օր 5. Հայաստանում քաղաքական ուժերի միջև շարունակվում է ընտրապայքարը |armenpress.am|

armenpress.am: Հանրահավաքներից ու հանդիպումներից մինչև քաղաքական զբոսանքներ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 5-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արվաշներ իրականացնել և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավի հինգերորդ օրը հանդիպումները անցկացնելու են Երևանի Երիտասարդական մետրոյի հարակից տարածքում՝ Իսահակյանի արձանի դիմաց՝ ժամը 11:00-ին։ Լրագրողների հետ հանդիպումը տեղի կունենա նույն վայրում և նույն ժամին։ 12։30-ին կուսակցության անդամները կլինեն Հարավ-արևմտյան Բ1 թաղամասում, ապա 16։30-ին Իսահակյան թաղամասում, իսկ 19։00-ին՝ Ծարավ աղբյուր թաղամասում։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Արագածոտի և Շիրակի մարզերում։ Ուղղությունը սկսելու են Թալինից, ապա կայցելեն Արտենի, Մարալիկ, Արթիկ և Գյումրի։  «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 11-ին՝ լինելու է Գեղարքունիքի մարզում: Նրանք կայցելեն Մարտունի քաղաք, ապա կլինեն Գավառի հրապարակում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վաղ առավոտից լինելու է Տավուշի մարզում։ Բնակիչների հետ հանդիպումները կկայանան 10։30-ից՝ Դիլիջանում, ապա կլինեն նաև Բերդ, Բերդավան, Նոյեմբերյան, Աչաջուր և Իջևան համայնքներում։ «Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 11-ին լինելու է Լոռու մարզում։ Անդամները ժամը 12։00-ից լինելու են Տաշիրում, ապա Ստեփանավանում և Ալավերդիում։ Երեկոյան ժամը 20։00-ին դաշինքի ներկայացուցիչ Արշակ Սադոյանը ասուլիով հանդես կգա։ Նա կխոսի սպասվող ընտրությունների վերաբերյալ իրենց ակնկալիքների, ԼՂ հիմնախնդրի և հարակից այլ հարցերի մասին։ «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ լինելու է Կոտայքի մարզում։ Ժամը 11-ին, Եղվարդի մշակույթի տանը կլինի հանդիպում քաղաքացիների հետ, այնուհետև կայցելեն Նոր Հաճն, Աբովյան, Չարենցավան։ Քաղաքացիների հետ հանդիպում կլինի նաև ժամը 19:00-ին Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի այգում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը թեկնածուների և համակիրների մասնակցությամբ կիրականացնի քաղաքական զբոսանք։ Զբոսանքի մեկնարկը տրվելու է Սարյան պուրակից՝ ժամը 20։00-ին։ «Զարթոնք» կուսակցությունը առավոտյան ժամը 9:00-ից՝ Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց կսկսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների 5-րդ օրվա քարոզարշավը։ Կուսակցության հիմնադիր անդամներ Վրեժ Խաչիկյանն ու Տաթևիկ Բուջատյանն էլ ասուլիսով հանդես կգան։ Նրանք կխոսեն ներքաղաքական օրակարգի ու ընտրապայքարի մասին։ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը քարոզարշավ կանցկացնի ժամը 13։00-ին Գիտությունների ազգային ակադեմիայի դիմացի հարթակից։  «Հայաստանի եվրոպական կուսակցություն»-ը կներկայանա ասուլիսային ձևաչափով։ Բանախոսը կլինի կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավորի թեկնածու Տիգրան Խզմալյանը, որը կխոսի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի մասին։
09:26 - 11 հունիսի, 2021
Ազատ Հայրենիք դաշինքը քարոզարշավը մեկնարկել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից |armtimes.com|

Ազատ Հայրենիք դաշինքը քարոզարշավը մեկնարկել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից |armtimes.com|

armtimes.com: «Ազատ Հայրենիք» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավը սկսել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից: «Հայ կառուցողական և պահպանողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը, որը դաշինքում երկրորդ համարն է, մեզ հետ զրույցում պարզապանեց, որ քարոզարշավը հուշահամալիրից սկսելու խորհուրդը հետևյալն է. «Ծիծեռնակաբերդը մեր ժողովրդի գլխավոր խորհրդանիշներից է, որը ոչ միայն հավերժացնում է մեկուկես միլիոն մահացած հայերի՝ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, այլ դեպի ապագա մեր հավատքի և վստահության հենարանն է, և մենք որոշեցինք այս խորհրդանիշով սկսել մեր քարոզարշավը»: Այնուհետեւ դաշինքի անդամներն ուղեւորվել են Արմավիրի մարզ, որտեղ, Ղուկասյանի փոխանցմամբ կայցելեն Էջմիածին և կխոնարհվեն վեհափառների շիրիմների  առջև, այնուհետև կայցելեն Սարդարապատի հուշահամալիր. «Այնտեղ կհարգենք  բոլոր հայ ազատամարտիկների հիշատակը, ովքեր  պայքարել են մեր երկրի անկախության և ազատության համար»,- ասաց Ղուկասյանը: «Ազատ Հայրենիք» դաշինքը այսօր կայցելի նաև  Արմավիրի մարզի Մեծամոր քաղաք, իսկ օրվա քարոզարշավի ավարտը կտրվի Երևանում: Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող Զորավար Անդրանիկի հուշարձանի առջև ժամը 20:00-ին դաշինքի անդամները հանդես կգան մամուլի ասուլիսով:
16:38 - 07 հունիսի, 2021
«Պատիվ ունեմ»-ի թեկնածուների 60%-ը ՀՀԿ-ական է. դաշինքների ցուցակների վերլուծություն |hetq.am|

«Պատիվ ունեմ»-ի թեկնածուների 60%-ը ՀՀԿ-ական է. դաշինքների ցուցակների վերլուծություն |hetq.am|

hetq.am: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 26 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է։ Վերլուծել ենք դաշինքների թեկնածուների ցուցակները և ներկայացնում ենք թեկնածուների բաշխվածությունը՝ ըստ կուսակցական պատկանելության։ «Պատիվ ունեմ»-ը ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցության դաշինքն է, որը գլխավորում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Պատիվ ունեմ» դաշինքը ընտրապայքարին մասնակցող ուժերից ամենաշատ թեկնածուներ ներկայացրած քաղաքական միավորն է, ունի 230 թեկնածու։ Ցուցակի առաջին տասնյակում են Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը, ԲՀԿ նախկին անդամ, ներկայում անկուսակցական Մարտուն Գրիգորյանը, «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը և այլն։ Դաշինքի ցուցակում թեկնածուների 60%-ը ՀՀԿ-ական են, իսկ «Հայրենիք» կուսակցության անդամների և անկուսակցականների թիվը գրեթե նույնն է՝ 20-ական տոկոս։ «Ազատ հայրենիք» դաշինքը կազմել է 5 կուսակցություն՝ «Ազգային ինքնորոշում միավորում», «Ազգային ժողովրդավարների դաշինք», «Հայ Կառուցողական», «Պահպանողական» և «Հայաստանի կանաչների» կուսակցությունները։ Դաշինքը ղեկավարում են 2013-ին նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու, Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով երկու տարի անազատության մեջ եղած Անդրիաս Ղուկասյանը և «Պահպանողական» կուսակության նախագահ Միքայել Հայրապետյանը։ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքը կազմել են ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը և քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Բաբաջանյանը «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության նախագահն է, իսկ Շիրինյանը՝ «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության։ 89 գրանցված թեկնածուների 52%-ը Լևոն Շիրինյանի կուսակցության անդամներն են, 40%-ը Արման Բաբաջանյանի կուսակցության անդամներ են, իսկ 8%-ը անկուսակցականներ են «Հայաստան» դաշինքը կազմել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը և ՀՅԴ-ն։ Շարունակությունը՝ hetq.am-ում
14:08 - 04 հունիսի, 2021
«Աղետն ու պետականության գահավեժ ընթացքը չեն դադարի, եթե ներկա իշխանությունը վերարտադրվի». «Ազատ Հայրենիք» դաշինք

«Աղետն ու պետականության գահավեժ ընթացքը չեն դադարի, եթե ներկա իշխանությունը վերարտադրվի». «Ազատ Հայրենիք» դաշինք

«Ազատ Հայրենիք» դաշինքը հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի մայիսի 29-ին արտահայտած մտքի հետ կապված: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Պետական կառավարման ու ինքնակառավարման մարմիններին, իրավապահ և ընտրական համակարգերին հասցեագրված միանգամայն անընդունելի հրահանգ-ուղերձ է, իսկ հանրության համար պատերազմով ահաբեկելու հոգեբանական քարոզչական ահաբեկչութուն է Վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանի՝ մայիսի 29-ին արտասանած այն միտքը, թե իբր հայ հասարակության համար չի մեկնարկի խաղաղ զարգացման դարաշրջանը, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չստանա 60 տոկոս քվե: 2020թ.-ից շարունակվող ազգային ողբերգությունն ուղիղ հակառակն է ապացուցում. աղետն ու պետականության գահավեժ ընթացքը չեն դադարի, եթե հանրությունը թույլ տա, որ ներկա իշխանությունը վերարտադրվի: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի հանրության ընդամենը 26 տոկոսը չի պատկերացնում աղետի ահագնությունը և առայժմ շարունակում է վստահել ստախոսությանը: Խստորեն դատապարտում ենք ընտրարշավի մեկնարկային փուլում հանրությանն ընտրությունների ակնհայտորեն կեղծ արդյունքներին ընտելացնելու այս փորձը։ Հաշվի առնելով անցյալում երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելու տխրահռչակ ավանդույթը՝ Կառավարությունից պահանջում ենք անհապաղ հրապարակել ներկա պահին Հայաստանում փաստացի ներկա և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը»:
16:35 - 31 մայիսի, 2021
Պահպանողական կուսակցության նախագահը խնդրանքով դիմել է 4 կուսակցության առաջնորդի

Պահպանողական կուսակցության նախագահը խնդրանքով դիմել է 4 կուսակցության առաջնորդի

«Ազատ Հայրենիք» դաշինքի Պահպանողական կուսակցության նախագահ Միքայէլ Հայրապետեանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Խնդրանքով դիմում եմ Հայաստանի ապագան քաղաքակրթական հարազատ հանգրվանում իրենց տեսլականը հռչակած իմ բարեկամներին՝ «Հանրապետության» առաջնորդ պարոն Արամ Սարգսյանին, ԱԺԲ-ի առաջնորդ պարոն Ժիրայր Սեֆիլյանին, «Հանուն Հանրապետության» առաջնորդ պարոն Արման Բաբաջանյանին, պայծառագույն նվիրյալ Շանթ Հարությունյանին: Սիրելի արյունակից եղբայրներ, պատմությունն ու մեր երկրի իրական դաշնակիցները մեզ չեն ների, որ վճռական պահին մեր միակ Հայրենիքի ճակատագիրը թողնենք ռուսական սայլից պոկվել չկարողացող, սակայն Հուդայի գիշերվա տերեր կարգվածների տնօրինմանը: Պարտավոր ենք ականջալուր լինել մեր հանրության պահանջին՝ ստեղծել ազգային և քաղաքակրթական միասնական ծանրության կենտրոն, որով միայն հնարավոր կլինի դիմագրավել օտարի բարեհաճությանն ապավինած ու հսկայական ռեսուրսների տիրապետող հինգերորդ շարասյանը: Մնացել են հաշված ժամեր, երբ մենք կա՛մ մեզ ու աշխարհին կապացուցենք, որ Հայաստանի ժողովուրդն արժանի է, որ չկրի իր իշխանության և նրա հայելային անդրադարձ «ընդդիմության» վարքի պատասխանատվությունը, կա՛մ մեր Հայրենիքն իմպերիայի անհեռանկար ծայրագավառի ու դանդաղ վերացման դատապարտելու մեջ Երկնքի ու Երկրի առջև կկրենք մեղքի մեր մեծ բաժինը: Խնդրում եմ՝ միասնաբար հանդես գալ, որպեսզի հնարավոր լինի կոտրել իրարից ոչնչով չտարբերվող ու իմպերիայի անվերապահ հովանավորությունը վայելող բազմադեմ ուժի անիծյալ շղթան: Այդ միասնությանն են սպասում թե՛ մեր ժողովուրդը, թե՛ մեր ռուսահաճ կառավարությանն ու «ընդդիմությանը» շրջանցելով հայ ժողովրդի հետ դաշնակցելու պատրաստակամություն հայտնած քաղաքակիրթ աշխարհը: Այս պատեհությունը բաց թողնելու դեպքում Երկրի իրական սերուցքին վաղն ավելի դժվար, եթե ոչ անհնարին է լինելու շտկել պատուհասած ու պատուհասելիք աղետների հետևանքները: Աստված թող խոհեմություն տա բոլորիս այս վճռական վայրկյանին: Ամենաետին հայորդու խնդրանքով՝ Միքայէլ Հայրապետեան «Ազատ Հայրենիք» դաշինքի Պահպանողական կուսակցության նախագահ»։  
09:33 - 26 մայիսի, 2021
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը ԱՀ պետնախարարի և առողջապահության նախարարի հետ քննարկել է հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը ԱՀ պետնախարարի և առողջապահության նախարարի հետ քննարկել է հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը, Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի համավարակի իրավիճակով պայմանավորված, հունիսի 6-ին խորհրդարանում կազմակերպել է հանդիպում Արցախի Հանրապետության պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանի և Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ: Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, ներկայացնելով հանրապետությունում համավարակի ուղղությամբ կատարված աշխատանքները, վիճակագրությունն ու հետագա քայլերը, նշել է. «Ընդհանուր հաստատվածների թիվը 59 է, 31՝ առողջացած, այսինքն այս պահի դրությամբ նախատեսված մեկուսացման վայրերում և բուժհիմնարկներում 28 հաստատված դեպք ունենք: Մարտի 2-ից ԱՀ-ից ՀՀ ուղարկվել է 1131 փորձանմուշ և այս պահին ընդհանուր 73 մեկուսացված քաղաքացիներ ունենք»: Նախարարի փոխանցմամբ՝ հաստատված հիմնական դեպքերով հիվանդները գտնվել են բուժհիմնարկներում, սակայն դեպքերի ավելացման հետ մեկտեղ ասիմպտոմատիկ դեպքերը բուժհիմնարկներում չպահելու և մահճակալային ֆոնդերը հնարավորինս ազատելու որոշում է կայացվել: Այնուհետև, պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նախարարը պարզաբանումներ է տվել համավարակի հնարավոր զարգացման պարագայում մշակված սցենարների, բուժանձնակազմի առցանց վերապատրաստման, այս օրերին քաղաքացիների՝ բուժհիմնարկներ դիմելու սահմանափակումներին վերաբերող հարցերին: Անդրադառնալով Ստեփանակերտում նոր տիպի կորոնավիրուսի արձանագրված դեպքերին և շփման շրջանակին՝ նախարարը նշել է, որ երեկ երեկոյան հաստատվել է 2 դեպք: Վերջիններս օրեր առաջ առողջական խնդիրների պատճառով գտնվել են Հայաստանի Հանրապետությունում: Նախարարի հաղորդմամբ՝ արձանագրված դեպքերից մեկը՝ 71-ամյա քաղաքացին, ով 10 տարի շարունակ թոքերի քրոնիկ հիվանդություն ունի, գտնվում է ծանր վիճակում: Նախարարը նաև ընգծել է, որ հիվանդի ընտանիքի անդամները  մեկուսացվել են, իսկ երկրորդական շփման շրջանակը պարզելու համար տարվում են համապատասխան աշխատանքներ: Նոր տիպի կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացին և նրա ընտանիքի անդամները ևս մեկուսացվել են: Պատասխանելով պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման լաբորատորիայի բացակայության մասին հարցին` նախարարը հավաստիացրել է. «10 օրվա ընթացում մենք Արցախում կունենանք համապատասխան լաբորատորիա՝ օրական 150 թեստ հզորությամբ»: ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ կարևորելով նման ձևաչափի հանդիպումները, որոնք կարող են դրական անդրադառնալ կորոնավիրուսի նկատմամբ հանրային ընկալումների վրա: Պարետը նշել է, որ համավարակի շուրջ ձևավորված թյուր ըմբռնումները խոչընդոտում են հակահամաճարակային իրավիճակի վերահսկմանն ուղղված պետական միջոցառումների արդյունավետությանը՝ բարձր գնահատելով այդ հարցում խորհրդարանականների գործուն աջակցությունն ու մասնակցությունը: Խորհրդարանականները բարձրաձայնել են արտակարգ իրավիճակով պայմանավորված քաղաքացիների ու տնտեսվարողների շրջանում նոր խստացումների անհրաժեշտության, մեկուսացման վայրերի, վարակի հետագա տարածման դեպքում պատրաստականության աստիճանի և մի շարք այլ խնդիրների մասին հարցեր ու առաջարկություններ:
18:33 - 06 հունիսի, 2020
 Քանի դեռ դեպք չի գրանցվել Արցախում, որոշակի առումով հնարավոր է առանց խոչընդոտների ընտրությունները կազմակերպել․ «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

Քանի դեռ դեպք չի գրանցվել Արցախում, որոշակի առումով հնարավոր է առանց խոչընդոտների ընտրությունները կազմակերպել․ «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հետ զրուցել ենք Արցախում մարտի 31-ին կայանալիք ընտրությունների հետաձգման թեմայով։ Նշենք, որ «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուն կուսակցության նախագահ, ԱՀ նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանն է։ - Պարո՛ն Պողոսյան, ձեր քաղաքական ուժը կո՞ղմ է ընտրությունները հետաձգելուն, թե ոչ։ - Մենք կողմնակից ենք իշխանության ցանկացած որոշման։ Ընդհանրապես, եթե կողմնակից լինել-չլինելու մասին է, քանի որ խոսքը վերաբերում է անորոշ ժամանակահավածին, մենք գտնում ենք՝ քանի այս պահին անվտանգ է, այսինքն՝ դեպք չի գրանցվել երկրում, ճիշտ է՝ վտանգները կան, բայց քանի դեռ դեպք չի գրանցվել Արցախում, և դեռևս որոշակի առումով հնարավոր է առանց խոչընդոտների ընտրությունները կազմակերպել, որովհետև դեպք չկա, ժողովուրդը բավականին տրամադրված է ընտրություններին գնալուն։ Ավելի շատ տեղեկատվական  ֆոն է ստեղծվում որոշ թեկնածուների կողմից։ Դաշինքի առաջնորդը, նախագահի թեկնածուն հայտնել է, որ մենք հարգելու ենք իշխանության ցանկացած որոշում։ Դա իշխանության խնդիրն է, մեր խնդիրը չէ։ - Խնդիրներ տեսնում ե՞ք ընտրությունների մասնակցային չլինելու հետ կապված։ - Մենք հանրային կարծիքի ուսումնասիրություններ ենք անցկացնում։ Գրեթե բոլոր համայնքներում ունենք նախընտրական շտաբեր։ Մարդիկ աշխատում են, շփվում են հասարակության հետ։ Ճիշտ է՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում մարդկանց հետ հանդիպումները մարտի 26-ից դադարեցված են՝ տարածման վտանգը հաշվի առնելով։ Սակայն ժողովրդի մոտ կա բավականին մեծ խանդավառություն, ցանկություն՝ ընտրություններին գնալու, մասնակցելու և նաև այս հանգամանքը հաշվի առնելով գտնում ենք, որ հետաձգելու կարիք չկա։ - Եթե չհետաձգվեն ընտրությունները և դրանից հետո կորոնավիրուսի հետ կապված Արցախում անցանկալի զարգացումներ լինեն, արդյո՞ք պատրաստ եք իշխանությունների հետ քաղաքական պատասխանատվություն կիսել։ - Ընդհանրապես մենք իշխանությունների վարած քաղաքականության համար պատասխանատվություն կրում ենք՝ հաշվի առնելով այն, որ խորհրդարանում ներկայացված ամենամեծ քաղաքական ուժն ենք։ Այս իմաստով ոչ միայն մեր, այլ նաև բոլորիս պատասխանատվության խնդիրն է։  Լուսանկարը՝ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից
16:10 - 27 մարտի, 2020
Արցախի նախագահի թեկնածու առաջադրվեց նաև Արայիկ Հարությունյանը

Արցախի նախագահի թեկնածու առաջադրվեց նաև Արայիկ Հարությունյանը

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է, որ ԿԸՀ է ներկայացրել գրանցման փաստաթղթերը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Հետևելով «Ազատ հայրենիք» կուսակցության՝ անցած տարվա նոյեմբերի 10-ին կայացած 7-րդ համագումարի որոշմանը և հարգելով հանրությանը տված իմ խոստումը՝ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահի իմ թեկնածության գրանցման համար նախատեսված փաստաթղթերը: Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ԿԸՀ ենք ներկայացրել նաև «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական համամասնական ցուցակում ընդգրկված 65 անդամների թեկնածությունների գրանցման համար փաստաթղթերը: Դաշինքի մաս են կազմում նաև «Արցախի Արմենական», «Արցախի հանրապետական», «Արցախի ազատություն» և «Շարժում-88» կուսակցությունները: Աստծո կամոք՝ հաջողություն մեր հայրենիքին… Թող արցախցի ընտրողի վստահության քվեով հիմք դրվի հայրենիքի հետագա զարգացման ու զորացման նոր էջերին»,- գրել է նա:
17:27 - 14 փետրվարի, 2020
Ինչո՞ւ է կոնսերվացվել Մաղավուզի քարածխի հանքը. Արայիկ Հարությունյան

Ինչո՞ւ է կոնսերվացվել Մաղավուզի քարածխի հանքը. Արայիկ Հարությունյան

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր տարածքում տեղեկություններ է հրապարակել Մարտակերտի շրջանի Մաղավուզի քարածխի հանքի մասին.  «Հարգելի՛ հայրենակիցներ Արձագանքելով Մաղավուզի քարածխի հանքի թեմայով ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի անպատասխանատու հայտարարություններին, որպես նախկին վարչապետ՝ հանգամանալից կանդրադառնամ ծրագրի նախապատմությանը, որպեսզի բոլորի համար պարզ լինի իրականությունը: Մարտակերտի շրջանի Մաղավուզի քարածխի հանքի ծրագիրը մինչև պատգամավորի հայտարարությունները եղել է Արցախի և Հայաստանի կառավարությունների կողմից իրականացված ոչ հրապարակային նախագծերից մեկը: Ուստի, առիթն օգտագործելով, կհորդորեի մեր քաղաքական ուժերին, հատկապես նորաստեղծ և ընդդիմադիր, նման հարցերում սեփական քաղաքական շահը վեր չդասել պետական շահերից և ականջահաճո հայտարարությունների համար անզգույշ քայլեր չանել: 2010թ.-ին, երբ ակտիվ քննարկվում էր Հայաստան ներկրվող գազի գնի թանկացման հարցը, որը բացասական հետևանքներ էր ունենալու մեր հայրենիքի ողջ էներգետիկ համակարգի վրա, այլընտրանքային էներգիայի աղբյուրի առաջարկման համար Արցախի կառավարությունը սկսեց քննարկել Մաղավուզի քարածխի հանքի շահագործման հարցը: Մենք դիտարկել ենք Խորհրդային տարիներին կատարված ուսումնասիրությունները, որոնց համաձայն՝ հանքում առկա է մոտ 4 մլն տոննա C1 և C2 և 7 մլն տոննա P1 (ևս 2 մլն տոննա P2) կատեգորիաների հանքանյութ: Հանքանյութի արդյունահանման և հարստացման դեպքում հնարավոր է այն օգտագործել ինչպես կոշտ վառելիք ջեռուցման համար, այնպես էլ Երևանի՝ հատուկ այդ նպատակով հարմարեցված ջէկ-ում էլեկտրաէներգիա ստանալու համար: Որպես ներդրող՝ մեզ դիմել է Հայկ Արամի Խաչատրյանը՝ ներկայացնելով համապատասխան ներդրումային ծրագիր: Այն հավանության արժանանալուց հետո 2010թ.-ին նա Արցախում գրանցել է «Հասա ՍՊԸ»-ն (հետագայում վերանվանել է «Հասա Գրուպ»): Հ. Խաչատրյանը մի քանի տարիների ընթացքում կատարել է միլիարդների հասնող ներդրումներ՝ ինչպես հետախուզական լրացուցիչ աշխատանքների կազմակերպման, այնպես էլ հանքի հարակից տարածքում կառուցելով հարստացուցիչ ֆաբրիկա՝ զինված արդի սարքավորումներով: Դրան զուգահեռ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը կատարել է ուսումնասիրություն Մաղավուզի քարածխից նավթ ստանալու համար: 2015թ.-ի վերջին, լաբորատոր պայմաններում ունենալով դրական արդյունք և հաստատելով, որ հանքավայրից կարող ենք ստանալ ավելի քան 400 հազար տոննա կամ շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարի նավթ, համալսարանում ձեռնամուխ եղան դրա օգտագործման սխեման մշակելուն, որն այսօր արդեն պատրաստ է: Սակայն 2016թ.-ի ապրիլյան պատերազմը ստիպեց մեզ վերանայել Մաղավուզի քարածխի հանքի շահագործման հարցը, քանի որ, եթե գազի գնի նվազումը ձեռնտու չէր ներդրողին հանքանյութի արդյունահանման համար, ապա նավթի արտադրության հնարավորությունը, կարծում եմ, ինքներդ եք հասկանում՝ պետք է որ գայթակղիչ լիներ: Ի դեպ, նշեմ, որ Գերմանիայում 1920-ական թվականներից քարածխից նավթ ստանալու տեխնոլոգիան արդեն լայն կիրառում էր ստացել: Այն մեծ ծավալով արտադրվում էր նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Ներկայումս այս ուղղությունը ինտենսիվ զարգանում է նավթի մեծ պաշարներ ունեցող Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Չինաստանի նավթարդյունաբերության մեջ էական տոկոս է կազմում: Հատկանշական է, որ Չինաստանում առկա հանքերի և Մաղավուզի հանքի քարածուխները գրեթե նույն ցածր կալորիականությունն ունեն: Ուստի, հաշվի առնելով հնարավոր պատերազմի, շրջափակման և ճգնաժամային այլ իրավիճակներում հայտնվելու հավանականությունը, ԱՀ և ՀՀ իշխանությունները որոշում են կայացրել, որպես պետպահուստ, կոնսերվացնել Մաղավուզի քարածխի հանքը: Այստեղ նույնպես դասեր ենք քաղել մեր անցյալից։ Հիշողություն ունեցողները կհիշեն 1990-ական թվականներին մեր հայրենակիցների վիճակը, երբ ջեռուցման համար արդեն տան մանրատախտակն էին քանդում-այրում, իսկ նավթամթերքի պակասից անասելի դժվարություններ էինք կրում թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական կյանքում։ Ավելին, կարող ենք անգամ շատ հեռուն էլ չգնալ և հիշել 2008 թ․ օգոստոսյան ռուս-վրացական հնգօրյա պատերազմը, երբ Հայաստանում արդեն սպառվում էին նավթամթերքի պաշարները։ Այս է պատճառը, որ «Արցախի ներդրումային հիմնադրամը» թողարկել է ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ պարտատոմսեր, որոնց տեղաբաշխման գործում աջակցել է ՀՀ կառավարությունը: Արդյունքում ներդրողից այն գնել ենք առանց պետական բյուջեից մեկ դրամ անգամ ծախսելու։ Ինչ վերաբերում է Գագիկ Բախտամյանի անունը իմ անձի հետ կապելուն, ապա ասեմ, որ այս շղթայում այն հերթական սադրանքն է: Նշված անձը, այո, իմ համադասարանցին է, սակայն «Հասա Գրուպ»-ում աշխատում էր ընդամենը որպես անվտանգության ծառայության աշխատակից, և հետագայում վաճառքի հետ կապված գործարքը հեշտացնելու համար ներդրող Հայկ Խաչատրյանն ինքն է ընտրել այդ ձևաչափը՝ ստեղծել նոր կազմակերպություն նրա անունով: Սա է իրականությունը, որի մասին ժամանակին հարցի վերաբերյալ ոչ հրապարակային պարզաբանում հնչեցնելու պատրաստակամություն էի հայտնել Հայկ Խանումյանին, սակայն նրա կողմից պատասխան չի եղել: Հ.Գ. Ինչ ունենք այսօր... մի ընկերություն, որը կարող է ճգնաժամային իրավիճակներում հաշված օրերի ընթացքում Արցախը և Հայաստանը ապահովել՝ • կոշտ վառելիքով, որի արժեքը կլինի առնվազն 120 մլն ԱՄՆ դոլար (4 մլն տոննան բազմապատկենք նվազագույն գնով՝ 1 տոննան 30 ԱՄՆ դոլարով (փայտանյութի գնով)), • հեղուկ վառելիքով, որի արժեքը, արդեն նշեցի, կլինի 200 մլն ԱՄՆ դոլար, • էլեկտրաէներգիայով, եթե տեղափոխենք Երևանի ջեկ: Այսպիսով, մեզ կհաջողվի մեր միասնական հայրենիքի էներգետիկ համակարգը տևական ժամանակով անկախ դարձնել արտաքին գործոններից: Հիմա հռետորական հարց եմ տալիս. ճի՞շտ ենք արել, թե՞ սխալ…  
09:12 - 16 ապրիլի, 2019
Արայիկ Հարությունյանը հումանիտար համագործակցության առաջարկներ է արել

Արայիկ Հարությունյանը հումանիտար համագործակցության առաջարկներ է արել

Տարածաշրջանում հանուն կայուն և տևական խաղաղության հաստատման նպատակով Արցախի առաջատար «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հրապարավ առաջարկներով:Այն ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպման վերաբերյալ արդեն հայտնել ենք «Ազատ հայրենիք» կուսակցության դիրքորոշումը, որով հատկապես ողջունել ենք հակամարտ զորքերի միջև հրադադարի ռեժիմի պահպանման և հումանիտար համագործակցության կարևորումը: Սրանից զատ, անշուշտ, շարունակում ենք հավատացած մնալ ու պնդել, որ բանակցությունները կարող են հաջող ընթացք ձեռք բերել, եթե դրանցում ներգրավված լինի պաշտոնական Ստեփանակերտը։Որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավար, որը շահագրգռված է հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորմամբ, տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատմամբ՝ ցանկանում եմ հրապարակավ հանդես գալ հումանիտար փոխգործակցության երկու առաջարկով, որը կարող է քննարկվել օրինակ առաջիկայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Առաջին՝ Արցախի օդային տարածքը պետք է բաց լինի միջազգային թռիչքների համար։ Այս համատեքստում կարևորում ենք Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը, որը հնարավորություն կտա նաև իրացնելու մարդու հիմնարար իրավունքները, հատկապես՝ ազատ տեղաշարժի իրավունքը։ Համոզված եմ, որ այդ դեպքում տարածաշրջանի հաղորդակցային կարողությունները կընդլայնվեն, իսկ Արցախի զինված ուժերը կերաշխավորեն մեր օդային տարածքի անվտանգությունը: Երկրորդ՝ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները կարող են համատեղ օգտագործվել Արցախի ու Ադրբեջանի կողմից։ Համաձայնության դեպքում ոռոգովի կդառնան ինչպես արցախյան, այնպես էլ ադրբեջանական սահմանամերձ շրջանների անջրդի հազարավոր հեկտար հողատարածքներ՝ կտրուկ բարձրացնելով այդ տարածքներում ապրող բնակչության կենսամակարդակը։ Նշեմ, որ ժամանակին Արցախի իշխանությունների կողմից Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով Ադրբեջանի իշխանություններին այս առթիվ արված առաջարկները մերժվել են: Արդյունքում Սարսանգի ջրերի օգտագործման համար մենք այլընտրանքային ծրագիր ենք մշակել, բայց ևս մեկ անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունը փոխշահավետ և մարդասիրական համագործակցության համար»։
07:23 - 10 ապրիլի, 2019