ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. Արարատ Միրզոյան

Վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացմանը. «Հարգելի՛ պարոն Վերմա, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ջերմորեն ողջունում եմ Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բոլոր մասնակիցներին: Հարգելի՛ գործընկերներ,  Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումը և զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է: Այս առումով ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանն իր կենսունակ ժողովրդավարությամբ և դինամիկ տնտեսությամբ այսօր նշանակալի ձեռքբերումներ է գրանցում բազմաթիվ ոլորտներում, ինչը նպաստում է Հնդկաստանի հեղինակության բարձրացմանը համաշխարհային ասպարեզում։ Հայաստանը նաև բարձր է գնահատում Հնդկաստանի կայունացնող գործունեությունը համաշխարհային ցնցումների այս ժամանակներում։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերություններն ու փոխադարձ աջակցությունը շարունակում են ամրապնդվել, իսկ միջպետական կապերը՝ ընդլայնվել և խորանալ։ Այս տարին նաև խորհրդանշական է մեր երկու երկրների հարաբերությունների համար․ մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Պետք է փաստել, որ թեև բավական ժամանակ է անցել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստից, սակայն հատկապես վերջին շրջանում մենք մեծ աշխատանք ենք կատարել երկկողմ հարաբերությունների, համագործակցության զարգացման ուղղությամբ։ Տեղի են ունեցել բարձրաստիճան փոխայցելություններ, առկա է ակտիվ համագործակցություն միջազգային կառույցների շրջանակներում, երկու երկրներում կազմակերպվել են բիզնես համաժողովներ և հանդիպումներ։ Այսպես, նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ անցյալ տարի Դուշանբեում մեր հանդիպումը նոր խթան է հաղորդել մեր համագործակցությանը։ Այնուհետև` անցյալ տարվա աշնանը, նախարար Ջայշանկարը շատ կարևոր այց կատարեց Հայաստան, և այդ այցի ընթացքում մշակվեց համագործակցության հավակնոտ ճանապարհային քարտեզ, որը մենք նպատակամղված կերպով կյանքի ենք կոչում։ Ի վերջո, այս տարվա ապրիլին տեղի ունեցավ հայկական պատվիրակության մասնակցությունը Raisina Dialogue համաժողովին, որի շրջանակներում ես նաև հանդիպումներ անցկացրեցի Հնդկաստանի ղեկավարության հետ, ինչը լավ հնարավորություն ընձեռեց՝ շարունակելու մեր երկխոսությունը: Մեծապես կարևորում ենք այն հանգամանքը, որ ապրիլին տեղի ունեցած այցի ընթացքում մենք բավականին լուրջ տնտեսական օրակարգով էինք գնացել Հնդկաստան՝ կազմակերպելով բիզնես ֆորումներ Նյու Դելիում ու Մումբայում և այսպիսով զգալիորեն խթանելով մեր երկրների գործարար շրջանակների շփումները: Պետք է գոհունակությամբ արձանագրել, որ վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. այսպես` 2021 թ. այն կազմել է 181 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2016 թ. շուրջ 21 միլիոն ԱՄՆ դոլարի համեմատ: Իհարկե, այս թվերը դեռևս չեն արտացոլում մեր երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ողջ ներուժը, և մենք ակնկալում ենք առևտրի ծավալների կտրուկ ավելացում առաջիկա տարիներին: Կարծում եմ, որ մեր հնդիկ գործընկերները կհամաձայնեն, որ մենք անելիք ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության, դեղագործության, գիտության, կրթության  բնագավառներում մեր համագործակցությունը զարգացնելու համար: Նշեմ նաև, որ պաշտպանության ու ռազմատեխնիկական ոլորտները, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, քաղաքացիական ավիացիան, զբոսաշրջությունը և առողջապահությունը մեծ ներուժ ունեն և չափազանց խոստումնալից են մեր երկու երկրների համար: Այս ուղղություններով տարվող շարունակական քննարկումները կվերածվեն գործնական պայմանավորվածությունների և նոր հնարավորությունների մեր կառավարությունների ու գործարարների համար: Ցանկանում եմ անդրադառնալ նաև Հնդկաստանի կառավարության օժանդակությանը՝ Հայաստանում զարգացման ծրագրերի իրականացման նպատակով։ Դրանց շարքում հատկապես կուզեի նշել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հնդկաստանի կողմից տրամադրվող տեխնիկական օգնությունը, մասնավորապես՝ Երևանում Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի ստեղծումը, մարզային երկու դպրոցներում համակարգչային դասարանների բացումը։ Այս օժանդակությունը իսկապես նպաստում է Հայաստանի երիտասարդ մասնագետների և դպրոցականների կրթությանը: Մենք արդյունավետորեն հագործակցում ենք նաև տարածքային զարգացման բնագավառում: Այս առումով ողջունելի է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ» հուշագրի ստորագրումը, որը տեղի կունենա մեր նիստի ավարտին։ Կցանկանայի նաև ընդգծել հումանիտար բնագավառը: Այն ներառում է թե´ կրթական, թե´ մշակութային ծրագրեր: Հայաստանում ուսանում է շուրջ 2200 հնդիկ ուսանող, հիմնականում՝ բժշկական մասնագիտություններով, և այստեղ էլ, արդեն քննարկեցինք՝  հնարավորություն կա բարելավելու և ընդլայնելու փոխանակումների ծրագրերը։ Երկու բարեկամ ժողովուրդների կապերի սերտացման համար մեծ կարևորություն ունի նաև մշակութային համագործակցությունը։ Մենք հարուստ մշակութային ժառանգություն ունենք Հնդկաստանում, որը գտնվում է պետական հոգածության ներքո, ինչի կապակցությամբ երախտապարտ ենք Հնդկաստանի կառավարությանը։ Աշխատանքներ ենք տանում հայ-հնդկական մշակութային փոխանակումների, հնդկական մշակույթի հոյակապ նմուշները, մասնավորապես` Աջանտայի քարանձավների որմնանկարների կրկնօրինակները Հայաստանում ներկայացնելու և կինոյի ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու համար: Վստահ եմ, որ այս նիստի ընթացքում մենք հնարավորություն կունենանք քննարկելու հայ-հնդկական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ և նախանշելու մեր փոխգործակցության զարգացման համար նոր ուղղություններ: Ամփոփելով խոսքս՝ ևս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ և մաղթում մեզ արդյունավետ աշխատանք: Շնորհակալություն»:
15:23 - 04 հուլիսի, 2022
ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել են ցամաքային սահմանի հատման և ուղիղ օդային բեռնափոխադրումների հարցերի շուրջ

ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել են ցամաքային սահմանի հատման և ուղիղ օդային բեռնափոխադրումների հարցերի շուրջ

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հուլիսի 1-ին չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: «Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում  մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըս աղբյուրի՝ ի վերջո, կողմերը կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների։
19:53 - 01 հուլիսի, 2022
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ-ների միջև. քննարկվել են միջպետական կապերն ամրապնդելու հնարավորությունները

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ-ների միջև. քննարկվել են միջպետական կապերն ամրապնդելու հնարավորությունները

Հունիսի 30-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, սերբականը՝ ԱԳ պետքարտուղար Նեմանյա Ստարովիչը։ Արձանագրելով Հայաստանի և Սերբիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կողմերը քննարկեցին հայ-սերբական բարեկամական հարաբերությունները խորացնելու և միջպետական կապերն ամրապնդելու հնարավորությունները և գործնական քայլերը: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի։ Անդրադարձ կատարվեց հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերին։ Հայկական կողմը կարևորեց Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։ Խորհրդակցությունների ավարտին սերբական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նախարար Միրզոյանը կարևորեց տարբեր մակարդակներում փոխադարձ այցերը և շփումները՝ ուղղված երկու երկրների միջև քաղաքական երկխոսության շարունակաբար ընդլայնմանն ու փոխշահավետ բազմոլորտ համագործակցության նոր ուղղությունների նախանշմանը: Նույն օրը սերբական պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
17:14 - 30 հունիսի, 2022
ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մասնակից երկրների արդյունավետ համագործակցությունը. Վահե Գևորգյան

ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մասնակից երկրների արդյունավետ համագործակցությունը. Վահե Գևորգյան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունիսի 28-29-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Անդրադառնալով ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, սպառազինությունների վերահսկման ռեժիմի փաստացի և շարունակական խախտումները, զինված հակամարտություններում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների և վարձկանների օգտագործումը փաստացի հարցականի տակ է դրել ԵԱՀԿ կարողությունը՝ ապահովելու իր պատասխանատվության տարածաշրջանում համապարփակ անվտանգությունը։ Նշվել է, որ Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված զինադադարի շարունակական խախտումները, այս տարվա մարտին Արցախում մարդասիրական ճգնաժամ առաջացնելու Ադրբեջանի քայլերը, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ ձևաչափերի աշխատանքների խոչընդոտումը վկայում են, որ ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մասնակից երկրների արդյունավետ համագործակցությունը  և ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների և հանձնառությունների վերահաստատումը։ Աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին՝ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է վերջինիս գործունեությունը՝ ուղղված Արցախի ժողովրդի՝ այդ թվում սեփական ապագան որոշելու իրավունքի իրացման ապահովմանը, որպես ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային նպատակ։ Կարևորվել է նաև ԵԱՀԿ ներգրավվածությունը հումանիտար հարցերի, ներառյալ հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման, մշակութային ժառանգության պաշտպանության, բռնի անհետացածների ու անհետ կորածների դեպքերի հասցեագրման գործում։ Համաժողովի շրջանակներում նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր Քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Քննարկվեց համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
10:30 - 30 հունիսի, 2022
Կանադան դեսպանություն է բացում Հայաստանում |azatutyun.am|

Կանադան դեսպանություն է բացում Հայաստանում |azatutyun.am|

azatutyun.am: Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է երկրի արտգործնախարար Մելանի Ժոլին: «Դա հնարավորություն կտա ավելի ամուր կապեր հաստատելու մեր երկրների միջև և մեծացնելու Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը: Քանի որ վիճարկվում են կայունությունն ու անվտանգությունը, Կանադան կաշխատի պաշտպանել խաղաղությունն ու ժողովրդավարությունն աշխարհում»,- նշված է նրա գրառման մեջ: Հայտարարությունից անմիջապես հետո ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր միրոբլոգում ողջունել է այդ որոշումը։ «Սա ևս մեկ անկյունաքարային պահ է հայ-կանադական զարգացող հարաբերություններում, որը էլ ավելի կամրապնդի մեր երկկողմ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա»,- գրել է Հայաստանի արտգործնախարարը։
09:47 - 30 հունիսի, 2022
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ

ԱԳՆ-ն հայտնում է, որ հունիսի 28-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ: Կողմերը գոհունակությամբ են արձանագրել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը և ընդգծել փոխադարձ հանձնառությունը՝ ջանքեր գործադրելու հայ֊կանադական հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ: Երկուստեք կարևորվել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում կանադական կողմի հետ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման շարունակականությունը, մասնավորապես՝ հանրային ծառայությունների թվայնացման, պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կարողությունների ընդլայնման և օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ողջունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի՝ «Աջակցություն հայկական ժողովրդավարությանը» խորագրով զեկույցը, որը կարևոր դրույթներ է պարունակում՝ հայ-կանադական հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների նախանշման առումով: ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակն ու ընթացիկ զարգացումները, ինչպես նաև առկա անվտանգային մարտահրավերները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս համատեքստում նախարարները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:
18:05 - 28 հունիսի, 2022
Արարատ Միրզոյանը և Կատերինա Սակելլարոպուլուն քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Արարատ Միրզոյանը և Կատերինա Սակելլարոպուլուն քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Հունիսի 27-ին աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հետ: Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ Արարատ Միրզոյանը և Կատերինա Սակելլարոպուլուն նշել են, որ հայ և հույն ժողովուրդների միջև ավանդական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և առանձնանում դինամիկ զարգացող բազմաոլորտ համագործակցությամբ: Այս համատեքստում երկուստեք նշվել է վերջին շրջանում պաշտոնական շփումների ու փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը՝ ուղղված երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգը շարունակաբար հարստացմանը:   Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության ձևաչափին։ Զրուցակիցները քննարկել են առևտրի, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հայ-հունական փոխգործակցության խորացման հնարավորությունները։ Արարատ Միրզոյանը Հունաստանի նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հիմնարար միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում։ Արարատ Միրզոյանը նաև կարևորել է Հունաստանի աջակցությունը հայ ժողովրդին 44-օրյա պատերազմի օրերին և հատկապես՝ ցուցաբերված հումանիտար օժանդակությունը։
11:07 - 28 հունիսի, 2022
Քննարկումների կենտրոնում էր Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը․ Արարատ Միրզոյանը՝ Հունաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին

Քննարկումների կենտրոնում էր Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը․ Արարատ Միրզոյանը՝ Հունաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման արդյունքներով հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։  Հայտարարությունը՝ ստորև․  «Հարգելի՛ պարոն նախարար, Իմ բարեկամ և եղբայր Նիկոս,Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ լավ գործընկերոջը՝ Նիկոս Դենդիասին, ջերմ հյուրընկալության համար։ Ինձ համար մեծագույն պատիվ է գտնվել Աթենքում, հատկապես, երբ մենք նշում ենք Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Հայաստանի և Հունաստանի միջև դինամիկ զարգացող արդեն երեսնամյա միջպետական հարաբերությունները, իհարկե, առաջին հերթին, հիմնված են մեր երկու ժողովուրդների միջև հազարամյա բարեկամության, փոխօգնության և դավանած ընդհանուր արժեքների վրա։ Հայերը և հույները ապրել են կողք կողքի, պայքարել են կողք կողքի և արարել են կողք կողքի: Պատմության ոլորաններով անցած մեր համատեղ ճանապարհը կերտել է հայ-հունական մի ամուր եղբայրություն, որը ոչ ոք և ոչինչ կասկածի տակ դնել չի կարող: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ հարգանքի հավաստիքը հղել Հունաստանում հայկական համայնքին և Հայաստանում հունական համայնքին և գնահատել նրանց նշանակալի ներդրումը մեր ժողովուրդների և պետությունների միջև հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում։ Այսօր գործընկերոջս հետ մանրամասն քննարկեցինք մեր երկրների միջև քաղաքական երկխոսության և բազմաոլորտ համագործակցության խորացման հեռանկարները և նախանշեցինք առևտրատնտեսական, պաշտպանական, մշակութային, գիտական և այլ ուղղություններով իրականացվելիք համատեղ աշխատանքները: Հավատացած ենք, որ Հայաստանի և Հունաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության ամրապնդման հսկայական ներուժ: Կարծում եմ, որ ընդարձակ երկկողմ իրավապայմանագրային հենքը և հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները կնպաստեն այդ ներուժի լիարժեք օգտագործմանը։ Հարգելի՛ գործընկերներ, Հայ-հունական հարաբերությունները զարգանում են ոչ միայն երկկողմ, այլև՝ բազմակողմ կարևոր հարթակներում: Այս առումով կցանկանայի երեք կարևոր թեմա արծարծել: Առաջին հերթին՝ մեր քննարկումների կենտրոնում էր նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի շրջանակներում համագործակցությունը։ Այս կարևոր նախաձեռնությունը տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության հաստատման արդյունավետ միջոց ենք համարում, և լիահույս ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք այն ծառայեցնել մեր երեք երկրների ու ժողովուրդների կենսական շահերի առաջմղմանը: Ինչպես նախարար Դենդիասը նշեց, այս ձևաչափի առումով ունենք շատ կարևոր ու կոնկրետ պայմանավորվածություններ: Իհարկե, արագ փոփոխվող աշխարհում գնալով ավելի է կարևորվում տրանսպորտային հաղորդակցության ծրագրերի իրականացումը, որոնք ժամանակակից տնտեսության արյունատար անոթներն են: Այս առումով կարևորում ենք «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» բազմակողմ Համաձայնագրի ստորագրումը: Կարծում եմ, որ շահագրգիռ կողմերի հետ միասին կարող ենք ավելի ինտենսիվ աշխատանքներ տանել և հաջողությամբ պսակել այս ուղղությունը ևս:Մտքեր ենք փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն ու Արևելյան գործընկերությանը վերաբերող հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծել ենք, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը մեծ հնարավորություններ է ընձեռում նաև երկկողմ համագործակցության խորացման համար։ Տիկնա՛յք և պարոնա՛յք, Բնականաբար, անդրադարձ ենք կատարել միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ Գործընկերոջս հանգամանալից ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Անդրադարձել եմ տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքների, ինչպես նաև, ընդհանուր, խաղաղության համաձայնագրի գործընթացներին: Ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում: Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի դիրքորոշումը՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ լավ բարեկամ Նիկոս Դենդիասին, որը 44-օրյա պատերազմի օրերին այցելեց Երևան, արտահայտեց Հունաստանի և հույն ժողովրդի զորակցությունը մեզ այդ օրհասական և կարևոր ժամանակահատվածում: Ռազմավարական գործընկերոջը հարիր այդ ժեստը մենք իսկապես երբեք չենք մոռանա: Հարգելի՛ գործընկերներ, Ցավալիորեն պետք է փաստել, որ հրադադարից ավելի քան մեկուկես տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունները, իսկ ռազմատենչ, առավելապաշտական հռետորաբանությունը, ցավոք, ադրբեջանական ղեկավարության ամենօրյա խոսույթի անբաժանելի մասն է դարձրել։ Խախտելով միջազգային հումանիտար իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված: Աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրները, կրկնում եմ, բոլոր քաղաքակիրթ երկրները, բոլոր հնարավոր առիթները օգտագործելով՝ պետք է նպաստեն, կոչ անեն ու պնդեն, որ Ադրբեջանը վերադարձնի մեր բոլոր գերիներին: Հարգելի՛ ներկաներ, Հայ ժողովուրդը հազարամյակներ ընդգրկող պատմության ընթացքում հրաշագեղ եկեղեցիներ, հուշարձաններ, կոթողներ է ստեղծել, որոնք համայն մարդկության մշակութային ժառանգության անբաժանելի մասն են: Այսօր, ցավոք, այս ժառանգության մի մասը վերահաս ոչնչացման վտանգի տակ է: Ադրբեջանական իշխանությունների պետական, պաշտոնական քաղաքականության պատճառով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ունենք սրբապղծված եկեղեցիներ, ջարդուփշուր եղած հուշարձաններ, հայկականության հետքից մաքրված կոթողներ: Ի տարբերություն շատ այլ նմանատիպ անընդունելի դեպքերի, մենք չենք կարող պնդել, որ աշխարհը լռում է․ իսկապես՝ աշխարհը խոսում է և շատ հստակ է արտահայտվում: Եվ դրա վառ օրինակն է 2021թ. դեկտեմբերի ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին դադարեցնել այս քաղաքականությունը: Մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ, հասցեական ու շարունակական արձագանքն այս վարքագծի վերաբերյալ, ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավվածության հրատապությունը, հատկապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության իրականացումը, որը կարևոր քայլ կլինի այս ժառանգության փրկության համար։ Եվ, իհարկե, ցանկանում եմ հերթական անգամ ընդգծել, որ խաղաղությունը մեր սկզբունքը, մեր քաղաքականությունն ու ռազմավարությունն է: Մենք իսկապես ձգտում ենք կառուցել խաղաղ, անվտանգ և կայուն Հարավային Կովկաս, և հուսով ենք, որ մեր հարևանը կդադարեցնի իր առավելապաշտական նկրտումները և ավելի կառուցողական դիրքորոշում կցուցաբերի բոլոր հարցերում: Հարգելի՛ պարոն Դենդիաս, Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և բովանդակային քննարկման համար, և ուրախ կլինեմ հյուրընկալել Ձեզ Երևանում»։
17:54 - 27 հունիսի, 2022
Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Վերջին օրերին հնչած մեկնաբանությունների կապակցությամբ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն ընդգծում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2022թ․ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը, որտեղ ասվում է. «Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Արտահայտվեցին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման և երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը: Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»։ Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը և հանձնառությունը»,- ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի տարածած հաղորդագրության մեջ։
18:31 - 25 հունիսի, 2022
Արարատ Միրզոյանն ու Արտակ Բեգլարյանը քննարկել են պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը

Արարատ Միրզոյանն ու Արտակ Բեգլարյանը քննարկել են պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը

Հունիսի 24-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Զրուցակիցները քննարկել են 2020թ. ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն ու առաջացած հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել միջազգային ատյաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բռնի տեղահանված բնակչության իրավունքների բարձրաձայնման և նրանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Արտակ Բեգլարյանը շեշտել են միջազգային հումանիտար կազմակերպությունների՝­ տեղում անարգել ներգրավվածության անհրաժեշտությունը՝ պատերազմի հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների համապարփակ և լիարժեք հասցեագրման նպատակով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով Հայաստանի և Արցախի ջանքերի փոխներդաշնակեցման կարևորությունը:
21:01 - 24 հունիսի, 2022
Խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել․ Արարատ Միրզոյան |azatutyun.am|

Խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել․ Արարատ Միրզոյան |azatutyun.am|

azatutyun.am:  Արարատ Միրզոյանի հարցազրույցն «Ազատություն» ռադիոկայանին։ Հարց - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու վերաբերյալ իրենց առաջարկը դեռևս արձագանք չի ստացել հայկական կողմից: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Պատասխան - Ե՛վ հրապարակավ, և՛ միջազգային ձևաչափերում, և՛ ադրբեջանական կողմի հետ ուղղակի շփումների ընթացքում հայկական կողմը բարձրագույն և բարձր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ մենք հետևողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգում, և որ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում ոչինչ անընդունելի չենք համարում՝ բնականաբար այդ առաջարկներն ամբողջացնելով մեր պատկերացումներով: Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջոցով Ադրբեջանին ենք փոխանցել համապարփակ խաղաղության բանակցությունների օրակարգային շրջանակի մեր առաջարկը, սակայն մինչև օրս որևէ պաշտոնական պատասխան չենք լսել։ Այսինքն, հակառակ Ադրբեջանի նախագահի պնդումներին՝ Հայաստանը ոչ միայն չի մերժել, այլև դրական է արձագանքել խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջարկին և սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Ընդ որում, մենք խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ օր առաջ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցությունները: Հարց - Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ մեկուկես տարի անց էլ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ամբողջությամբ չի կատարվել՝ հղում կատարելով, մասնավորապես, տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին: Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ: Պատասխան - Այո՛, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մինչ այժմ ամբողջությամբ կատարված չէ. Ադրբեջանը, խախտելով ոչ միայն եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև միջազգային հումանիտար իրավունքը, շարունակում է ապօրինաբար պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց՝ նրանց օգտագործելով որպես պատանդ և սակարկությունների ու մարդկանց առևտրի առարկա: Ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ քաղաքակիրթ աշխարհն է այս պահանջն Ադրբեջանին ներկայացնում: Ավելին՝ Ադրբեջանն, ըստ էության, ժխտում է եռակողմ հայտարարության հիմնարար արձանագրումներից մեկը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ չկա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա: Մինչդեռ Ադրբեջանի նախագահը եռակողմ հայտարարության տակ իր իսկ ստորագրությամբ հաստատել է Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի գոյությունը: Եվ քանի դեռ եռակողմ հայտարարությունը կա, այդ սուբյեկտի գոյությունը հնարավոր չէ հերքել: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է նաև այն, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով 2020թ. այդ հայտարարության առաջին կետը, ս․թ․ մարտի 24-ին ներխուժել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և մինչ օրս շարունակում են մնալ այնտեղ: Ինչ վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ապա կրկին՝ բազմիցս նշել ենք, որ Հայաստանը ինքն է մեծապես շահագրգռված այս գործընթացի հաջողությամբ: Գործընթացը շատ ավելի արագ կհասներ վերջնակետին, եթե չլինեին Ադրբեջանի իշխանությունների շարունակական անհիմն հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք իրականության և մի շարք միջազգային գործընկերների ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որևէ աղերս չունեն: Ինչևէ, հանուն արդարության պետք է նշել, որ ապաշրջափակման թեմայի քննարկումն իրականում կառուցողական մթնոլորտում է ընթանում, և հույս ունեմ, որ այն անհասկանալի քաղաքական խարդավանքների հետևանքով չի տապալվի և շուտով հաջողությամբ կավարտվի։
15:13 - 24 հունիսի, 2022
Հայաստանի և Կատարի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության շուրջ

Հայաստանի և Կատարի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության շուրջ

Հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության ԱԳ նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Նշվում է, որ արտգործնախարարները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ և կարևորել այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։ «Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, բարձր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացմանն ու տնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերին։ Կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացումը։ Արարատ Միրզոյանը և Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
09:16 - 23 հունիսի, 2022