ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Պետական սահմանի անցման կետերում վերահսկողություն կիրականացնեն միայն ԱԱԾ սահմանապահ զորքերը և մաքսային մարմինները. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |armenpress.am|

Պետական սահմանի անցման կետերում վերահսկողություն կիրականացնեն միայն ԱԱԾ սահմանապահ զորքերը և մաքսային մարմինները. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է պետական սահմանի անցման կետերում ներդնել «մեկ պատուհանի» սկզբունք, այսինքն՝ տնտեսավարողները կմոտենան միայն մեկ պատուհանի, անցման կետերում ֆիզիկապես ներկա կգտնվեն և վերահսկողություն, հսկողություն կիրականացնեն միայն երկու պետական մարմին: «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը: Ըստ նրա՝ փաթեթը միտված է պետական սահմանի անցման կետերում  «մեկ կանգառ-մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանը: «Ներկայումս պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն և հսկողական գործառույթներ են իրականացնում հետևյալ մարմինները՝ ԱԱԾ սահմանապահ զորքերը՝ սահմանային վերահսկողության մասով, մաքսային մարմինները՝ մաքսային հսկողության մասով, ոստիկանությունը՝ անձնագրային և ճանապարհային երթևեկության օրենսդրության խախտումների նկատմամբ հսկողության մասով, տեսչական մարմինը՝ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, անասնաբուժական, բուսասանիտարական  վերահսկողության մասով: Նախագծով առաջարկում է մի շարք օրենքներում կատարել փոփոխություն, մասնավորապես ամրագրել, որ պետական սահմանի անցման կետերում մշտապես ֆիզիկապես ներկա կգտնվեն միայն երկու մարմիններ՝ ԱԱԾ սահմանապահ զորքերը՝ սահմանային վերահսկողություն իրականացնելու համար, ինչպես նաև մաքսային մարմինները՝ մաքսային հսկողություն իրականացնելու համար: Իսկ երբ անհրաժեշտություն կլինի պետական վերահսկողական գործառույթ իրականացնել, ապա դրանք կիրականացվեն այդ մարմինների կողմից: Մասնավորապես, նախատեսվում է, որ անձնագրային  և  ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մասով վերահսկողությունը կիրականացնեն ԱԱԾ մարմինները, իսկ ՍԱՏՄ-ի գործառույթների մասով գործառույթը կիրականացնեն մաքսային մարմինները: Մաքսային մարմինները պետական սահմանին կիրականացնեն ՍԱՏՄ-ի բացառապես այն ֆունկցիաները, որոնք ենթադրում են փաստաթղթային ուսումնասիրություն կամ ակնադիտական զննում: Նախագծում նախատեսվել է կարգավորում, որ առանձին դեպքերում ժամանակավորապես պետական սահմանի անցման կետերում հնարավոր կլինի տեղակայել նաև վերահսկողական գործառույթներ իրականացնող այլ մարմիններ: Առանձին դեպք կարող է հանդիսանալ, օրինակ, կարանտինը: Հարակից զեկուցող Ծովինար Վարդանյանը հայտարարեց՝ նախագիծը միտված է տնտեսավարողների կյանքը հեշտացնելու կառավարության նպատակադրմանը: «Եթե մաքսային անցման կետերում տնտեսավարողները գործ էին ունենում տարբեր պետական մարմինների հետ, ապա նախագծի ընդունման արդյունքում տնտեսավարողը ընդամենը մեկ պատուհանի են մոտենալու և մեկ անգամ են առնչվելու պետական մարմնի հետ»,-ասաց պատգամավորը:
14:36 - 24 մայիսի, 2022
Մարդիկ հայտարարում են, որ դիրքերում զորք չկա, բա ԱԱԾ-ն մոնիթորինգ է անում միայն ընդդիմադի՞ր հայացքներով մարդկանց․ Տիգրան Աբրահամյան

Մարդիկ հայտարարում են, որ դիրքերում զորք չկա, բա ԱԱԾ-ն մոնիթորինգ է անում միայն ընդդիմադի՞ր հայացքներով մարդկանց․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով ընդդիմության հերթական հանրահավաքին խոսեց ընդդիմության բողոքի գործողությունների մասնակիցներին ուղղված՝ սահման գնալու կոչերին։ «Բոլոր այն մարդկանց, որոնք համարում են, թե այստեղ հավաքված մարդիկ պետք է գնան պոստ պահելու, ուզում եմ հարցնել՝ դուք, առհասարակ, տեղյա՞կ եք, որ սա պետություն է։ Ինչի՞ ամեն կարող է առավոտն արթնանալ, ինչպես Փաշինյանն էր ասում, վերցնել իր սաղավարտը, զրահաբաճկոնը ու գնա պոստ պահելու՞։ Բա պետությունը, պետական կառույցներն ինչի՞ համար են, բա ոստիկանության այդ զոքերը, որ 4 տարի առաջ պոպուլիզմով ասում էիք՝ ոստիկանական զորքերը այսուհետ պիտի պոստ պահեն, ինչի՞ պոստ չեն պահում կամ ընդհանուր ուժի 10-15 տոկոսով են պահում», - նշեց նա։ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ ԱԱԾ գործունեությանը՝ նշելով․ «Քարոզչական տեսանյութեր էին հրապարակում․ մարդիկ էին, որոնք կոչ էին անում մեզ՝ այստեղ հավաքվածներիս, գնալ մարտական դիրքեր, ասում էին՝ դրա կարիքը կա, ու՞ր է նայում ԱԱԾ-ն։ Մարդիկ հայտարարում են, որ դիրքերում խնդիր կա, զորք չկա, բա ԱԱԾ-ն մոնիթորինգ է անում միայն ընդդիմադիր հայացքներո՞վ մարդկանց», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։  
20:08 - 21 մայիսի, 2022
Քննչական կոմիտեի պաշտոնատար անձն առանձնապես խոշոր չափի կաշառք է պահանջել և ստացել. ԱԱԾ

Քննչական կոմիտեի պաշտոնատար անձն առանձնապես խոշոր չափի կաշառք է պահանջել և ստացել. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ակտիվորեն համագործակցելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ, բացահայտել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի նախկին ՀԿԳ քննիչի պաշտոնը զբաղեցնող Ս.Ս-ն (աշխատանքից ազատվել է ս.թ. հունվարին), հանդիսանալով պաշտոնատար անձ, պետական մարմնում՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, իր վարույթում քննվող՝ սպանության փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ Հ.Ա.-ին մեղսագրվող մեղադրանքը առավել նվազ ժամկետով ազատազրկում նախատեսող հոդվածով փոփոխելու համար, վերջինիս մորից՝ Ա.Ա.-ից, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 19 400 000 ՀՀ դրամին համարժեք 40 000 ԱՄՆ դոլար կաշառք-գումար: Նույն միջոցառումների շրջանակներում պարզվել է, որ Ս.Ս.-ն իր պաշտոնավարման ընթացքում իր վարույթում քննվող մեկ այլ քրեական գործով մեղադրյալի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար վերջինիս հորից ստացել է շուրջ 230 000 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար կաշառք գումար: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերը օրենքով սահմանված կարգով փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասի (կաշառքի միջնորդությունը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում ս.թ. մայիսի 17-ին վերը նկարագրված դեպքերով անցնող անձինք բերման են ենթարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Ս.Ս-ն և գործով անցնող ևս մեկ անձ ձերբակալվել են: Նախաքննության մարմնի կողմից իրականացվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքերի հանգամանքների ամբողջական պարզաբանման ուղղությամբ:  
10:46 - 20 մայիսի, 2022
Ռեժիսոր Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ԱԱԾ

Ռեժիսոր Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ԱԱԾ

Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը:  ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում այսուհետ ևս հետամուտ է լինելու ազգային արժանապատվությունը նվաստացնելուն, ազգային թշնամանք հարուցելուն ուղղված նմանատիպ դրսևորումները չեզոքացնելու համար և համարժեք միջոցներ է ձեռնարկելու` կատարված հանցագործության դեպքերի բացահայտման ու մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, միաժամանակ տեղեկացնում, որ նշված հանցավոր արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում` 3-6 տարի ժամկետով:          Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
20:14 - 17 մայիսի, 2022
Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործի շրջանակներում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում է ընդունվել վարույթ

Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործի շրջանակներում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում է ընդունվել վարույթ

ՀՀ գլխավոր դատախազության կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն ընդունվել է վարույթ: Ինչպես հայտնում են Դատախազությունից, համաձայն վերջինիս՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գալուստ Գրիգորյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝   Երևան քաղաքում գտնվող 1 հասարակական նշանակության տարածք, 2 բնակարան և մեկ ավտոկայանատեղի, մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1.475.449.400 ՀՀ դրամ, Երևան քաղաքում գտնվող երկու ավտոկայանատեղիի, երկու բնակարանի և երկու տրանսպորտային միջոցի շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 590.140.000 ՀՀ դրամ, մասնակցություն մեկ ընկերությունում, վարձակալությունից, օտարումից, փոխառությունից առաջացած գումարներ, որոնք ընդհանուր կազմում են 750.221.142 ՀՀ դրամ, ինչպես նաև 3,722,693,253 ՀՀ դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և քննվող՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գ. Խաչատրյանի և մի շարք այլ անձանց կողմից առերևույթ կատարված յուրացումներին, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, պաշտոնեական կեղծիքին և փողերի լվացմանը վերաբերող քրեական գործի շրջանակներում Գ. Գրիգորյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար: Նշված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել վերջինիս ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի առկայության մասին, ինչի հիման վրա նախաձեռնվել էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն: ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, շարունակվում են ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումներ։
10:51 - 11 մայիսի, 2022
Քաղաքական ակցիաների անվան տակ տեղի է ունենում մեր հայրենակիցների իրավունքների զանգվածային ոտնահարում. պատգամավոր

Քաղաքական ակցիաների անվան տակ տեղի է ունենում մեր հայրենակիցների իրավունքների զանգվածային ոտնահարում. պատգամավոր

Տարեց քաղաքացիներին ծեծող այս ստահակ խուժանն իրեն հայ է համարում ու ժողովրդին թուրք անվանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ խոսքն ուղղում է ՀՀ դատախազությանը, ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: «Չի կարող այսպես շարունակվել, ժողովրդի համբերությունը սահման ունի։ Սա արդեն մասսայական ահաբեկման դրսևորում է։ Մարդու և քաղաքացու քաղաքական իրավունքների իրացման սահմանն այնտեղ է, որտեղից սկսվում են այլոց իրավունքներն ու ազատությունները։ Այս օրերին քաղաքական ակցիաների անվան տակ տեղի են ունենում մեր հայրենակիցների իրավունքների զանգվածային ոտնահարում։ ՀՀ դատախազություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որպես Ազգային ժողովի պատգամավոր և հազարավոր մեր հայրենակիցների ներկայացուցիչ՝ պահանջ եմ ներկայացնում իրականացնել կտրուկ և գործուն միջոցներ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրավունքների ոտնահարման դեպքերը նախականխելու, կանխարգելելու և քաղաքական ակցիաների ընթացքում կատարված հանցագործությունները բացահայտելու համար»,-գրել է պատգամավորը։
11:25 - 10 մայիսի, 2022
Դատավոր Բորիս Բախշիյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից
 |hetq.am|

Դատավոր Բորիս Բախշիյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից |hetq.am|

hetq.am: style="text-align: justify;">Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը (լիազորությունները կասեցված են) երեք ամիս ազատազրկված լինելուց հետո  քիչ առաջ ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Դատավորին դիմավորելու համար քրեակատարողական հիմնարկի դիմաց դատավոր ու փաստաբաններ էին հավաքվել: Դատավորը,հիշեցնենք,մեղադրվում է իր վարույթում գտնված գործերից մեկով մեղադրյալին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Մեղադրանքը չի ընդունում, պնդում է, որ օրինական որոշում է կայացրել: Խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով մեղադրյալ Նվեր Մկրտչյանին ազատ արձակելու մասին է: Վերջինս չի ներկայացել գործով նշանակված դատական նիստին: Մկրտչյանի պաշտպանը նիստից առաջ դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ ինքն անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չի կարող, իսկ պաշտպանյալն առանց իրեն չի ցանկանում մասնակցել նիստին: Պատշաճ ծանուցված լինելով՝ դատական նիստին մասնակցելը մեղադրյալի պարտականությունն է, դատավոր Բախշիյանը Մկրտչյանի բացակայությունը գնահատել է անհարգելի ու որոշել նրա նկատմամբ ընտրված ազատազրկման հետ չկապված խափանման միջոցը փոխել ավելի խիստով ու նրան կալանավորելու որոշում է կայացրել: Ըստ ԱԱԾ-ի՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում Մկրտչյանի նկատմամբ ճնշում է գործադրվել, որպեսզի նախկինում տված ցուցմունքը փոխի, այսինքն՝ հրաժարվի Փարամազյանի դեմ տված ցուցմունքից: Հենց այս հանգամանքն է գնահատվում որպես ծանր հետևանք: Բախշիյանի պաշտպանները պնդում են, որ, Մկրտչյանն, ըստ էության, ցուցմունք չի փոխել, նա դատական նիստի ընթացքում նախ ցանկություն է հայտնել ցուցմունք տալու, ապա հրաժարվել է ցուցմունք տալուց, հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները: Նույն օրը տեղի ունեցած դատական նիստի ընթացքում, այսինքն՝ կալանավորելուց 14 օր անց, Բորիս Բախշիյանը որոշել է Մկրտչյանին կալանքից ազատ արձակել: Նշենք, որ Բախշիյանի գործը մեծ աղմուկ է բարձրացրել իրավական համայնքում: Նրա խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդության քննության ժամանակ դատարանի դիմաց մեծ թվով դատավորներ, փաստաբաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու քաղաքական գործիչներ էին հավաքվել:  Այս հանրությունը համոզմունք ուներ, որ Բախշիյանի  նկատմամբ սկսված հետապնդումը կապված է նրա վարույթում մի քանի  հնչեղություն ունեցող գործերի՝ այդ թվում «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի, Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանի, Իրինա Յոլյանի, Փարամազյանի գործերի առկայության հետ: Հատկանշական է նաև այն  հանգամանքը, որ դատախազությունը Մկրտչյանին կալանավորելու որոշման դեմ բողոք չէր ներկայացրել, սակայն մոտ մեկ ամիս անց դատավորի որոշումը ակնհայտ ապօրինի էր որակել ու քրեական հետապնդում սկսել նրա նկատմամբ:
13:41 - 07 մայիսի, 2022
Լրտեսության դեպքեր բանակում 2018 թ․-ից առաջ էլ կային․ Ռոբերտ Քոչարյանի պնդումը սխալ է

Լրտեսության դեպքեր բանակում 2018 թ․-ից առաջ էլ կային․ Ռոբերտ Քոչարյանի պնդումը սխալ է

Ապրիլի 29-ին՝ Սարդարապատից  քայլերթով Երեւան եկող խմբի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, ի թիվս այլնի, անդրադարձավ անվտանգային մի շարք հարցերի։ Խոսելով, մասնավորապես, բանակի մասին՝ նա ասաց․ «Սկսել են այդ քայքայիչ, ավերիչ գործունեությունը 2018 թվականից հետո, տռուսիկ, մայկա, ելակ, տուշոնկա եւ այլն, եւ այլն, եւ ստացանք այն, ինչ օրինաչափ ձեւով նման քաղաքականության պարագայում պետք է ստանայինք։ Իմ հաշվարկով՝ առնվազն 3 տարի պետք է բանակի վերականգնման համար, եթե վատ աշխատես՝ 3-5 տարի, այդ 3 տարուց 1․5 տարին արդեն կորսված են, բայց ես համոզված եմ, որ 3 տարում, այո, ի վիճակի ենք բավականին լուրջ անվտանգային համակարգ ձեւավորել։ Նայեք, այս վերջերս հայտնաբերված 300-400 դոլարանոց գործակալների, ադրբեջանական, սենց ասենք, շպիոնների առկայությունը ինչի՞ մասին է խոսում։ Բարոյահոգեբանական վիճակը բանակում այնպիսինն է, որ այդ երեւույթը․․․ Ուղղակի չկային այդպիսի բաներ»։ Քոչարյանը, ըստ ամենայնի, նկատի ունի  Ազգային անվտանգության ծառայության կողմից ապրիլի  20-ին բացահայտված դեպքը, ըստ որի՝ Զինված ուժերի կոչումով սպա զինծառայող ՀՀ քաղաքացին, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, վարձատրության դիմաց (ընդ որում՝ ոչ թե 300-400, այլ ընդհանուր 1400 ԱՄՆ դոլարի) նրանց է հանձնել պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող մի շարք տեղեկություններ։  Ամեն դեպքում, վերջերս բացահայտված որ դեպքն էլ նկատի ունեցած լինի նա, ինքնին պնդումը, թե նախկինում «այդպիսի բաներ» բանակում չկային, սխալ է։ Դա են վկայում ինչպես մեր հարցմանն ի պատասխան ոստիկանության վերջերս հայտնած տեղեկությունները, այնպես էլ մամուլի մի շարք հրապարակումներ ու Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգում առկա տվյալները։ Մասնավորապես, Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից նախորդ ամիս հայտնել են, որ 2009, 2011, 2015 թվականներին ՀՀ-ում արձանագրվել են լրտեսության 1-ական դեպքեր, իսկ 2009, 2013, 2014, 2015 թվականներին՝ պետական դավաճանության 1-ական դեպքեր։ Պետական դավաճանության 2 դեպք էլ արձանագրվել է 2011 թվականին։ Այսինքն՝ մինչեւ 2018 թվականը հիշյալ տարիներին արձանագրվել է լրտեսության եւ պետական դավաճանության ընդհանուր առմամբ 9 դեպք։ Քանի որ այս դեպքերի վերաբերյալ նույնականացնող բավարար տվյալներ Ոստիկանությունը չի հայտնել, իսկ Դատալեքսում տեսանելի այդ թվականների գործերը մեծամասամբ փակ են, հնարավոր չէ այսքանով միայն պնդել, թե այդ բոլորը կատարվել են ԶՈՒ ծառայողների կողմից կամ վերաբերել են հենց բանակին կամ որ այդ բոլորով հանցագործություններն ի վերջո հաստատված են համարվել։ Սակայն մամուլում եւ Դատալեքսում առկա են նաեւ մի շարք բաց տեղեկություններ՝ ՀՀ եւ ԼՂ քաղաքացիների, այդ թվում՝ ԶՈՒ ծառայողների մասնակցությամբ լրտեսության եւ լրտեսության ձեւով պետական դավաճանության իրականացման, դրանց առթիվ հարուցված քրեական գործերի, ինչպես նաեւ՝ այդ գործերով կայացված դատավճիռների վերաբերյալ։ Օրինակ՝ 2013 թ․-ին ԱԱԾ-ն հայտնել է, որ լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի 31-ամյա բնակչուհի Մանե Մովսիսյանը, որը հետագայում մեղավոր է ճանաչվել: Ըստ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի կայացրած դատավճռի՝ զորամասում աշխատելու ընթացքում Մովսիսյանը համացանցի միջոցով Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցներին է փոխանցել ծառայության ընթացքում իրեն հայտնի դարձած ռազմական բնագավառի պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ինչպես նաեւ՝ այնպիսի տեղեկություններ, որոնք կարող էին օգտագործվել ՀՀ-ն եւ ՀՀ Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով: Ըստ Դատալեքսի՝ Մովսիսյանի վերաբերյալ դատավճիռը հետագայում չի բողոքարկվել՝ մտնելով օրինական ուժի մեջ։ Դարձյալ 2013 թ․-ին լրտեսության եւ պետական դավաճանության մեջ մեղավոր են ճանաչվել ԼՂ երկու քաղաքացիներ Դավիթ Բարսեղյանն ու Ռաֆայել Ավագյանը։ Վերջինս հանդիսացել է Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող։ Ըստ մեղադրանքի՝ ծանոթանալով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բնակվող, սփյուռքահայ կազմակերպության անդամ ներկայացած ոմն Սամվել Ազատյանի հետ՝ ԼՂ քաղաքացիները իբր բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով նրան են փոխանցել արտակարգ պատահարների ժամանակ զոհվածների եւ վիրավորվածների, բժշկական սպասարկման, սննդի, շինությունների վիճակի եւ ՊԲ-ի մասին մի շարք այլ տեղեկություններ, ինչի դիմաց վարձատրվել են գումարով ու նվերներով։ Դավիթ Բարսեղյանն ու Ռաֆայել Ավագյանը դատապարտվել են համապատասխանաբար 10 եւ 11 տարի ազատազրկման։ Ժամանակին այդ գործով պաշտպանություն իրականացրած փաստաբան Էրիկ Բեգլարյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ, ապա նաեւ՝ Գերագույն դատարան, սակայն արդյունքում, մնացել է անփոփոխ՝ մտնելով օրինական ուժի մեջ։ 2015 թ․-ին հայտնի է դարձել վարձատրության դիմաց պետական դավաճանության մեկ այլ դեպք, ըստ որի՝ պահեստզորի մայոր Գարիկ Մարությանը, 1997-2014 թթ. զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը, 2015թ. հուլիս ամսի սկզբներից, համացանցի միջոցով հայտնվել է Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, ինչպես նաեւ՝ ծանոթ զինծառայողներից հայթայթած, այդ թվում եւ գաղտնի տեղեկություններ՝ ՀՀ ՊՆ զորամասերի սպառազինության, դիրքերի, դիտակետերի, զինծառայողների վերաբերյալ։ Մարությանի վերաբերյալ գործը Դատալեքսում փակ է, այդ իսկ պատճառով կապ հաստատեցինք այդ ժամանակ նրա պաշտպանությունն իրականացրած, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանի հետ, որը մեր զրույցում տեղեկացրեց, որ Մարությանը դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով 14 տարի ազատազրկման։ Դատավճիռը հետագայում բողոքարկվել է, սակայն Վերաքննիչ դատարանը այն թողել է անփոփոխ։ Մեկ այլ օրինակ է պահեստազորի փոխգնդապետ, նախկին զինծառայող Գեւորգ Հայրապետյանին եւ նրա ու ադրբեջանական հատուկ ծառայությունների միջեւ կապն ապահոված Իրանի քաղաքացի Բեհնամ Բաղերինի վերաբերյալ 2009 թ․-ին հարուցված քրեական գործը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Մարտիրոս Կարապետյանի կայացրած դատավճռով նրանք մեղավոր են ճանաչվել՝ դատապարտվելով 12 եւ 10 տարի ազատազրկման։ Այդ տարիներին Հայրապետյանի պաշտպանությունն իրականացրած փաստաբան Սեդա Սաֆարյանը մեր զրույցում հայտնեց, որ բողոքարկման արդյունքում Վերաքննիչ դատարանը դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը բողոքն առհասարակ վարույթ չի ընդունել, ինչի արդյունքում այն մտել է օրինական ուժի մեջ։ Այնուհանդերձ, նշենք նաեւ, որ Հայրապետյանի գործով 2011 թ․ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը նախորդ տարի՝ 2021 թ․-ի դեկտեմբերին ճանաչել է նրա արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը՝ ընդգծելով հատկապես այն, որ դռնփակ դատաքննությունը հիմնավոր չի եղել։ Սաֆարյանի խոսքով՝ ՄԻԵԴ որոշումից հետո Հայրապետյանը առողջական խնդիրների եւ դատական համակարգի բարեփոխված չլինելու պատճառներով չի ցանկացել վերաբացման վարույթ հարուցելու միջնորդությամբ հանդես գալ, այսինքն՝ ներպետական ատյաններում նրա դատավճիռը այդպես էլ չի բեկանվել։ Ինչ վերաբերում է Իրանի քաղաքացուն, նրա մասով դատավճիռը եւս մնացել է ուժի մեջ։ Նշենք նաեւ, որ բանակի մասին տեղեկությունների փոխանցման գործընթացում միշտ չէ, որ անձամբ ԶՈՒ ներկայացուցիչներ կամ զինծառայողներն են ներգրավված եղել։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում հասանելի է, օրինակ, 2011 թ․-ի մի գործ, որի շրջանակում քաղաքացիներ Կարեն Մեհրաբյանը եւ Ռոմիկ Ավետիսյանը դատապարտվել են գումարի դիմաց լրտեսության տեսքով դավաճանություն կատարելու, իսկ Աշոտ Չրտկյանը՝ նրանց օժանդակելու մեջ։ Այս դեպքի շրջանակում քաղաքացիները, ի թիվս այլնի, փորձել են ծանոթների, ինչպես նաեւ՝ ՀՀ ՊՆ աշխատակիցների եւ ԼՂ քաղաքացիների ներգրավմամբ Ադրբեջանին փոխանցել բանակի անձնակազմի, զենք-զինամթերքի, զինտեխնիկայի քանակի, տեսակի, զորամասերի եւ ՊԲ-ին վերաբերող այլ տեղեկություններ։ Բողոքարկման արդյունքում դատավճիռը մնացել է անփոփոխ։ 2014 թ․-ին բացահայտված պետական դավաճանության մեկ այլ գործով մեղադրյալի կարգավիճում է եղել ոստիկանության նախկին աշխատակից, գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանը։ Ըստ մեղադրանքի՝ վերջինս ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով 2013թ․-ին սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ՝ առաջարկելով իր ծառայությունները: Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով 11 տարի ազատազրկան։ Դատավճիռը հետագայում չի բողոքարկվել՝ մտնելով օրինական ուժի մեջ։ Իսկ 2016թ․-ին պետական դավաճանության մեկ այլ գործով էլ մեղավոր են ճանաչվել քաղաքացիներ Ռաֆիկ Պապոյանը եւ Կարինե Ղումաշյանը։ Ըստ դատավճռի՝ նրանք, հավաքագրվելով ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ի թիվս այլնի, համոզել են իրենց որդիներին փոխանցել ծառայության ընթացքում իրենց հայտնի դարձած տեղեկությունները։ Բողոքարկման արդյունքում նրանց դատավճիռը եւս մնացել է օրինական ուժի մեջ։ Այսպիսով, մամուլում եւ Դատալեքսում առկա բաց տեղեկությունների հիման վրա կարող ենք եզրակացնել, որ 2018 թ․-ին նախորդած տարիներին կատարվել է լրտեսության ձեւով պետական դավաճանության առնվազն 7 դեպք, ուստի Քոչարյանի պնդումը, թե «այդպիսի բաներ» բանակում չկային, իրականությանը չի համապատասխանում։ Նշենք նաեւ, որ որոնում իրականացնելիս ակնհայտ է դառնում, որ Դատալեքսում ոչ բոլոր գործերն են առհասարակ տեսանելի, քանի որ տեսանալի (այդ թվում՝ ե՛ւ բաց, ե՛ւ փակ) գործերի թիվը պակաս է Ոստիկանության հայտնած դատարան ուղարկված գործերի թվից։ Ամեն դեպքում, հիշեցնենք նաեւ, որ 44-օրյա պատերազմից հետո պետական դավաճանության եւ լրտեսության առթիվ ՀՀ-ում հարուցվել է այնքան քրեական գործ, որքան նախորդ 13 տարիների ընթացքում։   Միլենա Խաչիկյան
12:32 - 05 մայիսի, 2022
Ոստիկանությունը նույնպես հայտնել է հավաքի մասնակիցների կողմից ԱԺ շենքը զավթելու մտադրության մասին

Ոստիկանությունը նույնպես հայտնել է հավաքի մասնակիցների կողմից ԱԺ շենքը զավթելու մտադրության մասին

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ  Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են մայիսի 4-ին կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում զավթելու ԱԺ շենքը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հարգելի հայրենակիցներ, տեղեկություններ կան, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են այսօր կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում իրականացնել հակաօրինական գործողություններ՝ զավթելու ԱԺ շենքը՝ այդ կերպ խաթարելով հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը: ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններից, հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնելու է հավաքի կազմակերպիչների վրա: Կրկին հորդորում ենք բոլոր օրինապահ քաղաքացիներին՝ չտրվել սադրանքներին և զերծ մնալ ոչ իրավաչափ գործողություններից, հակառակ դեպքում նույնպես կենթարկվեն պատասխանատվության»: Ավելի վաղ, նմանատիպ հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
14:59 - 04 մայիսի, 2022
Օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հավաքի կազմակերպիչները մտադրված են դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը․ ԱԱԾ

Օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հավաքի կազմակերպիչները մտադրված են դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը: Ազգային անվտանգության ծառայությունը խստորեն նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին և դրանց մասնակիցներին՝ ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց՝ հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները: Ծառայությունը կոչ է անում բոլոր օրինապաշտ քաղաքացիներին՝ տուրք չտալ սադրանքներին, զերծ մնալ հակաօրինական քայլեր կատարելուց, չտրվել սադրանքներին՝ հակառակ պայմաններում հավասարապես կիսելու են քրեական պատասխանատվության ողջ բեռը:
14:18 - 04 մայիսի, 2022
ՊԵԿ պաշտոնյաները, ստանալով 65 000 դոլարի չափով կաշառք, չեն արձանագրել չվճարված շուրջ 126 մլն դրամի հարկերը․ ԱԱԾ

ՊԵԿ պաշտոնյաները, ստանալով 65 000 դոլարի չափով կաշառք, չեն արձանագրել չվճարված շուրջ 126 մլն դրամի հարկերը․ ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՊԵԿ առանցքային վարչություններից մեկի պետի տեղակալի և նույն վարչության գլխավոր հարկային տեսուչի կողմից մշակված և իրագործվող կոռուպցիոն սխեմա: Մասնավորապես՝ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՊԵԿ-ում վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հ.Մ-ն և նույն վարչության գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը զբաղեցնող Ա.Ա-ն, ի պաշտոնե լիազորված լինելով տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում իրականացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ, բացահայտել չվճարված հարկային պարտավորությունների ծավալը և արձանագրել նշված հանգամանքը, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, չեն արձանագրել չվճարված հարկերի ողջ ծավալը, ինչի դիմաց ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք-գումար: Ինչպես հայտնում է ԱԱԾ-ն, նման եղանակով, ս.թ. փետրվար-մարտ ամիսներին, բազմաբնակարան շենքերի կառուցապատում իրականացնող տնտեսվարողի մոտ անցկացված ստուգումների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր շուրջ 126 մլն դրամի չկատարված հարկային պարտավորություն: Տնտեսվարողը, վերոնշյալ պաշտոնատար անձանց հետ փոխհամաձայնությամբ, հարկային մարմիններին ներկայացրել է ճշտված հաշվետվություն, որով 126 մլն դրամի փոխարեն պետք է կատարեր 59 մլն դրամի լրացուցիչ հարկային վճարումներ: Նշվածի դիմաց Հ.Մ-ն և Ա.Ա-ն տնտեսվարողից պահանջել և ստացել են 65 000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք, որից 5000 ԱՄՆ դոլարը՝ կանխիկ, 60 000 ԱՄՆ դոլարը՝ կառուցապատվող շենքում կրկնակի ցածր արժեքով 2 բնակարանի տեսքով:  Ստացված կաշառքի ծագման իրական աղբյուրը թաքցնելու նպատակով նշված բնակարանները ձևակերպվել են  Հ. Մ.-ի և Ա. Ա.-ի մտերիմ անձանց անուններով, որով փորձ է արվել օրինականացնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը: Դեպքի առթիվ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում) հարուցվել է քրեական գործ:  ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների համատեղ օպերատիվ-քննչական աշխատանքի շրջանակում խուզարկություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նշված պաշտոնատար անձանց, ինչպես նաև տնտեսվարող կազմակերպության ղեկավարի աշխատանքի և բնակության վայրերում, ինչի արդյունքում հայտնաբերվել են քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող նյութեր: Հ.Մ-ն, Ա.Ա-ն և ևս երեք անձ ձերբակալվել են:  Կատարվում է նախաքննություն:
13:32 - 02 մայիսի, 2022
ՀՀ-ում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ. ԱԱԾ

ՀՀ-ում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար, ուստի զգուշացվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն: Այս մասին ասված է ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ և տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին:
13:57 - 30 ապրիլի, 2022
ՀՀ ԱԱԾ-ն որևէ առնչություն չունի Անժելա Թովմասյանի հետ կապված միջադեպի հետ. հայտարարություն

ՀՀ ԱԱԾ-ն որևէ առնչություն չունի Անժելա Թովմասյանի հետ կապված միջադեպի հետ. հայտարարություն

Ի պատասխան ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում շրջանառվող տեղեկությունների, թե երեկ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարան, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ծառայությունը որևէ առնչություն չունի տվյալ միջադեպի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն: «Միաժամանակ հորդորում ենք «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանին տվյալ դեպքի առնչությամբ հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանություն»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։ Նշենք, որ «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը ավելի վաղ հայտնել էր, որ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել իր բնակարան:
13:00 - 30 ապրիլի, 2022
Բորիս Բախշիյանն ազատ կարձակվի. ԱԱԾ-ն նրա կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն չի ներկայացրել |hetq.am|

Բորիս Բախշիյանն ազատ կարձակվի. ԱԱԾ-ն նրա կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն չի ներկայացրել |hetq.am|

hetq.am: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն դատարան չի ներկայացվել: Այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտից: Բորիս Բախշիյանը կալանավորվել է 2022 թվականի փետրվարի 7-ին՝ երկու ամիս ժամկետով, որից հետո կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով, այսինքն՝ մինչև մայիսի 7-ը: Քրեական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը, դատախազը, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն»: Տվյալ դեպքում ստացվում է, որ ապրիլի 27-ը օրենքով սահմանված վերջին օրն էր, որ ԱԱԾ-ն կարող էր դատավորի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն ներկայացնել, ինչը չի արվել: Սա նշանակում է, որ կալանքի ժամկետը լրանալու օրը՝ մայիսի 7-ին, երեք ամիս կալանքի տակ մնալուց հետո Բախշիյանն ազատ կարձակվի: Հիշեցնենք, որ դատավորը մեղադրվում է իր վարույթում գտնված գործերից մեկով մեղադրյալին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով մեղադրյալ Նվեր Մկրտչյանի մասին է: Վերջինս չի ներկայացել գործով նշանակված դատական նիստին: Մկրտչյանի պաշտպանը նիստից առաջ դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ ինքն անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չի կարող, իսկ պաշտպանյալն առանց իրեն չի ցանկանում մասնակցել նիստին: Առավել մանրամասն՝ hetq.am-ում
20:20 - 28 ապրիլի, 2022
Բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը

Բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ակտիվորեն համագործակցելով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու և միջնորդի միջոցով այն ստանալու հերթական դեպքը: Մասնավորապես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից ձեռնարկված տարաբնույթ և տակտիկապես համակարգված ծավալուն օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահի օգնականի պաշտոնը զբաղեցնող, արդարադատության մայոր Ա.Գ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, պետական մարմնում՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Տ.Ե-ին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը կազմակերպելու նպատակով՝ վերջինիցս որպես կաշառք պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.500.000 (ինը միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար գումար-կաշառք, որից 10.000 ԱՄՆ դոլար գումարը ս.թ. ապրիլի 21-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո փոխանցվել է Ա.Գ-ի կողմից մատնանշած անձ Ա.Ռ-ին, ինչից անմիջապես հետո վերջինս և Ա.Գ-ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ: Կաշառք ստանալու և կաշառք տալու նմանակում օպերատիվ հետախուզական միջոցառման ընթացքում Ա.Ռ-ի մոտից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա հանդիսացող և հատուկ քիմիական մշակման ենթարկված 10.000 ԱՄՆ դոլար գումարը:  Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Ա.Գ-ն և Ա.Ռ-ն ձերբակալվել են: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:    
18:04 - 25 ապրիլի, 2022