«Գիտուժ» նախաձեռնություն

«Գիտուժի» հայտարարությունը վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի մասին

«Գիտուժի» հայտարարությունը վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի մասին

«Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի մասին, որի առաջին նիստը տեղի է ունեցել մարտի 4-ին։ Ստորեւ՝ հայտարարությունը։ «Գիտուժ» նախաձեռնությունն իր գործունեության ընթացքում բազմիցս շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը կկարողանա դիմակայել իր առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին միայն մրցունակ և ճկուն գիտատեխնոլոգիական ու նորարարական ազգային համակարգ զարգացնելով։ Նման համակարգի անխափան և նպատակաուղղված գործունեությունն է պետություններին հնարավորություն տալիս հասնել անվտանգության, տնտեսության ու հասարակության շարունակական զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսների և գործընթացների ապահովմանը։ Միևնույն ժամանակ տարբեր ձևաչափերով և հարթակներում բազմիցս անդրադարձել ենք այս համակարգի կայացմանը և զարգացմանը խոչընդոտող խնդիրներին. նպատակի հստակ սահմանման, համակարգի կայացմանը և զարգացմանը նպաստող համապարփակ ռազմավարության և դրանից բխող կառավարության ու իր պրոֆիլային նախարարությունների միջև փոխկապակցված քաղաքականության բացակայությանը և այլն։ Այս համատեքստում կարևոր ենք համարում, որ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի ստեղծման հիմքում ընկած է վերոնշյալ խնդիրների լուծմանը նպաստելը։ Ուրախ ենք արձանագրել, որ խորհրդի մեջ ներգրավված են պետական, գիտական և տեխնոլոգիական հատվածի ներկայացուցիչները։ Նաև կարևոր ենք համարում, որ ՀՀ վարչապետը խորհրդի նիստի ընթացքում հատուկ ընդգծել է. «Հայաստանի Հանրապետությունը զարգացման ճանապարհին ունի բազմաթիվ խոչընդոտներ, և մեր ընկալումն այն է, որ այդ խոչընդոտները հաղթահարելու առաջնային գործիքներից է գիտությունը և սրանից բխող տեխնոլոգիական ոլորտը»։ Միևնույն ժամանակ, նոր ձևավորված խորհրդի արդյունավետությունը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության թիրախային խնդիրների լուծմանը միտված գործունեությունն ապահովելու համար, անհրաժեշտ ենք համարում նաև բարձրաձայնել հետևյալ խնդիրների մասին. Հայաստանում կիրառական հետազոտությունների ու փորձակոնստրուկտորական աշխատանքների պետական պատվերը մնում է տեղային և, միջազգային չափանիշներով, շատ փոքր ծավալի։ Ավելին, եղած փոքր պատվերն էլ շարունակաբար թերակատարվում է։ Այս տարվա պատվերի բյուջեն կազմում է ՀՀ ՀՆԱ-ի մոտ 0.04%-ը։ Ստացվում է, որ Հայաստանում հիմնարար հետազոտությունների բյուջեն մոտավորապես 8 անգամ ավելի շատ է, քան կիրառական հետազոտությունների ու փորձակոնստրուկտորական աշխատանքներինը։ Վերոնշյալ խնդիրը կարելի է լուծել ստեղծելով կիրառական հետազոտությունների ու փորձակոնստրուկտորական աշխատանքների պատվիրատու մարմին, որը պետք է լինի նախարարություններից դուրս, վարչապետի կամ փոխվարչապետի անմիջական ենթակայության տակ։ Լուրջ բացթողում ենք համարում նման խորհրդի օրակարգում հումանիտար և հասարակական գիտությունների զարգացման հարցի բացակայությունը: Այն իր առաջնահերթությամբ, հրատապությամբ և լուծման բարդությամբ չի զիջում ԳՏՃՄ/STEM ուղղություններին։Այս տեսանկյունից ակնհայտ է, որ պետք է կամ խորհրդի օրակարգում ներառել հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում ՀՀ մարտահրավերներից բխող ՀևՄ(R&D) աշխատանքների զարգացումը կամ ձևավորել այս օրակարգով աշխատող առանձին հարթակ: Խորհրդի աշխատակարգում հստակ չի ամրագրված, որ խորհրդի օրակարգում առաջադրվելու են այնպիսի ծրագրեր, որոնց գլխավոր նպատակը լինելու է պետության առջև ծառացած մարտահրավերների դիմագրավմանն ուղղված կարողությունների զարգացումը։ Այս բացթողումը պետք է լրացնել և հստակ ամրագրել, որ խորհուրդն աշխատելու է Հայաստանի անմիջական կարիքներից և նպատակներից բխող գիտության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։ «Գիտուժ» նախաձեռնությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, ամենայն ուշադրությամբ և անաչառությամբ մշտադիտարկելու է խորհրդի աշխատանքները և պատրաստ է աջակցել իր օրակարգի, առաքելության և արժեքների շրջանակում գտնվող գործընթացներին։ Լուսանկարը՝ վարչապետի կայքից
17:10 - 07 մարտի, 2024
Գիտության առջև դրված խնդիրները և գիտության դերը պետության կարիքների լուծման գործում․ կայացավ «Գիտուժ»-ի առաջին համաժողովը

Գիտության առջև դրված խնդիրները և գիտության դերը պետության կարիքների լուծման գործում․ կայացավ «Գիտուժ»-ի առաջին համաժողովը

Գիտության ներկան ու ապագան, գիտություն-կրթություն և գիտություն-տնտեսություն կապ, հումանիտար և հասարակագիտական մտքի կարևորություն,  գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական (ԳՀՓԿ) աշխատանքներ ու ռազմարդյունաբերություն․․․ Այս և այլ թեմաների շուրջ նոյեմբերի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) միավորվել էին Հայաստանի գիտական և տեխնոլոգիական համայնքների, բուհերի, Կառավարության ներկայացուցիչներն ու գիտությամբ հետաքրքրված մարդիկ։ «Գիտուժ» նախաձեռնությունը կազմակերպել էր «Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով  համաժողովը։ Համաժողովը բացեց ՀԱՀ ռեկտոր Բրյուս Պողոսյանը, որը, ողջունելով ներկաներին, ասաց, որ հետևել է «Գիտուժ» նախաձեռնության աճին ինչպես սփյուռքում գտնվելու տարիներին, այնպես էլ Հայաստան այցելությունների ժամանակ։ Բրյուս Պողոսյանը Բրյուս Պողոսյանը խոսեց այն մասին, թե գիտական որքան ուժեղ էկոհամակարգ է ունեցել Հայաստանը Խորհրդային շրջանում, և ինչպես է այդ էկհոմակարգը քանդվել Խորհրդային Միության փլուզումից հետո։ Ամերիկյան համալսարանի ռեկտորը հիշեցրեց նաև այն փաստը, որ Հայաստանում տարիների ընթացքում գիտնականների թիվը նվազել է։ «Կարծում եմ՝ «Գիտուժը» հասկացել է, որ Հայաստանն այլևս ժամանակ չունի։ Հայաստանը կարիք ունի արագ սկսելու ապահով, գիտելիքի վրա հիմնված, արժեք ստեղծող պետություն դառնալու ուղին»,- ասաց նա։   Գիտության առաջնահերություններ, պետական պատվեր, գիտելիքահեն տնտեսություն «Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական համակարգի զարգացման հեռանկարները, այդ ճանապարհին խոչընդոտները և դրանց լուծումները». պանելային առաջին քննարկման ժամանակ այս հարցերի պատասխաններն էին փորձում ստանալ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ու «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Փախչանյանը։ Հակոբ Արշակյանը պանելային քննարկումը սկսեց նորությամբ․ 2024-ին Հայաստանում արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն է բացվելու։ Ինչպես և նշել էր ԱԺ փոխնախագահը, Կառավարության երեկվա նիստի ընթացքում հավանության արժանացավ «2024 թ․ պետական բյուջեի մասին» օրենքի լրամշակված նախագիծը։ Պետբյուջեով նախատեսվող միջոցառումներից մեկն արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնի արդիականացումն է։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ գիտության առաջնարհերթությունները, թիրախները սահմանված են Կառավարության ծրագրով։ Ինչ վերաբերում է գիտության ռազմավարություն ունենալուն, նախարարը նշեց, որ այս պահին ռազմավարությունը մշակման փուլում է, և ունի  վերանայման կարիք, քանի որ «Կառավարությունն էական ներդումներ է արել, և կարիք կա հասկանալու այդ ներդրումների արդյունավետությունը»։ ԿԳՄՍ նախարարը խոսեց անցած տարի երիտասարդ գիտնականների թվի աճի, գիտնականների աշխատավարձերի բարձրացման և գիտական նոր սարքերի ձեռբերման մասին՝ նշելով, որ «վիճակագրությունը ցույց է տալիս արդյունքներ»։ Ժաննա Անդրեասյանը և Հակոբ Արշակյանը «Բայց այս բոլոր խնդիրների մեջ մենք տեսնում ենք, որ մեզ իրականում անհրաժետ է ունենալ այն ցուցանիշները, որոնք մեզ թույլ են տալու ասել, որ այդ ներդրումներն արդյունավետ են»,- ասաց նա։ Այս համատեքստում ժաննա Անդրեասյանը կարևորեց հասկանալ տարբեր օղակների սպասելիքները գիտությունից։ Նա նշեց՝ գիտությունն ու արվեստը նման են այն առումով, որ գիտնականներն ուզում են ազատություն ու ժամանակ գործելու համար։ Մյուս կողմից էլ, նախարարի խոսքով, տնտեսությունն ուզում է կոնկրետ արդյունքներ։  Ի՞նչ խնդիրներ է տեսնում պետական քաղաքականության մեջ և ի՞նչ է ուզում «Գիտուժը»․ այս հարցին անդրադարձավ Արամ Փախչանյանը՝ նշելով, որ իրենց արձանագրած հիմնական բացը համակարգային մոտեցումն է։ Համաձայնելով Ժաննա Անդրեասյանի այն դիտարկմանը, որ գիտության մեջ կարևոր է ազատությունը, Արամ Փախչանյանը կարևորեց նաև պետության կողմից առաջնահերությունների սահմանումը։ «Պետությունն է, որ պետք է ձևավորի պատվերը։ Ես չեմ ասում պատվեր՝ որպես կոնկրետ հրահանգներ կոնկրետ գիտնականների, այլ պատվեր լայն իմաստով, թե ինչ է պետությունը՝ որպես հասարակության ներկայացուցիչ, որպես գիտության համար պատասխանատու, որպես բիզնեսի և տնտեսության առաջխաղացումն ապահովող մարմին, ակնկալում գիտությունից։ Այստեղ մենք մինչ այսօր ունենք խնդիր, որ պետության կողմից չկա այն մարմինը կամ մարմինների համախումբը, որը կարողանա խոսել գիտական համայնքի հետ գիտական համայնքի համար հասկանալի լեզվով և գործիքներով»,- ասաց նա։ Հակոբ Արշակյանը նշեց՝ Հայաստանը երբեք գիտության համար խնդիրներ չի սահմանել, և անգամ Խորհրդային տարիներին խնդիրներ սահմանողը եղել է ոչ թե Հայաստանը, այլ հենց Խորհրդային Միությունը։ Նա հայտնեց, որ այս ուղղությամբ քայլերը հեշտ չեն, բայց դրանք արվում են․ շուտով վարչապետի ղեկավարությամբ ձևավորվելու է գիտական խորհուրդ, որտեղ ներգրավվելու են նաև Գիտությունների ազգային ակադեմիայից (ԳԱԱ) ներկայացուցիչներ, և որտեղ ապագայում կարող են գիտության համար խնդիրներ ձևակերպվել։ Ռոբերտ Խաչատրյանը, Ժաննա Անդրեասյանը, Հակոբ Արշակյանը և Արամ Փախչանյանը Ժաննա Անդրեասյանն էլ շեշտեց, որ միայն Կառավարությունը չի կարող որոշել գիտության զարգացման առաջնահերթությունները։ Նրա խոսքով կան ոլորտներ, օրինակ՝ ռազմարդյունաբերությունը, որտեղ Կառավարության խոսքը որոշիչ է, և, այսպես կոչված, պատվերի մեխանիզմն աշխատում է։  «Բայց կան ոլորտներ, որտեղ պետության կողմից նման պատվերի ձևակերպումը կարող է շեղել իրերի դրությունը»,- ասաց նախարարը։ Արամ Փախչանյանն էլ նշեց, որ Կառավարությունը պիտի ստեղծի այն համակարգը, որտեղ ամեն գիտնական կհասկանա, թե իր ոլորտում ինչ պիտի անի, ինչ պիտի իր ուսանողներին սովորեցնի, որպեսզի նպաստի պետության խնդիրների լուծմանը։ Ժաննա Անդրեասյանն իր խոսքի սկզբում կարևորեց խնդիրների լուծումների քննարկումը ներառական ու մասնակցային միջավայրում, որտեղ հնարավորություն է տրվում հնչեցնելու ցանկացած կարծիք։ Հակոբ Արշակյանն էլ քննարկման վերջում շեշտեց այն փաստը, որ համաժողովին ներկա են քաղծառայողներ։ Չնայած դրան՝ Կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչները պանելային առաջին քննարկման ավարտից հետո լքեցին համաժողովը։ Հետագա քննարկումների ընթացքում համաժողովի մի քանի մասնակիցներ ափսոսանք հայտնեցին, որ նրանք չմնացին ու չլսեցին գիտական, կրթական ու տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների մտահոգություններն ու բարձրացրած հարցերը։   Ինչ է հասցրել անել «Գիտուժն» ու ինչ նպատակներ ունի Պանելային հաջորդ քննարկման ընթացքում  «Գիտուժի» անդամներն ամփոփեցին նախաձեռնության անցած ճանապարհը, ձեռքբերումները և ներկայացրին հետագա անելիքները: Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը խոսեց այն մասին, թե ինչու 2021-ին ստեղծվեց «Գիտուժը»։ Նրա խոսքով նախաձեռնության հիմքում կանգնած մարդիկ տեսան, որ Հայաստանում չկա այն գիտակցությունը, որ գիտությունն ու տեխնոլոգիաները կեսնական նշանակություն ունեն պետության կառուցման, անվտանգության և զարգացման գործում։  Նա նշեց, որ հիմնադրումից իր վեր՝ «Գիտուժը» գործել է երկու ուղղությամբ՝ գիտության հանրահռչակում և կառավարության հետ աշխատանք։ Տիգրան Շահվերդյանի խոսքով առաջին ուղղությամբ հաջողություններ ունեն, և էապես աճել է լրատվամիջոցներում գիտության թեմայով հրապարակումների թիվը։ Երկրորդ ուղղության մասին խոսելիս էլ նա նշեց գիտության ֆինանսավորման ավելացման մասին․ «Դրա սկիզբը դրվեց հենց մեր համայնքի ակտիվության պատճառով։ Մենք և՛ հանրային գործողություններ արեցինք, և՛ աշխատանք տարանք պաշտոնյաների հետ»։ Firo և Skycryptor ընկերությունների համահիմնադիր Արամ Ջիվանյանն էլ, խոսելով ապագա անելիքներից, նշեց՝ իրենց առաջնահերթությունները շարունակելու են մնալ երկուսը՝ գիտության հանրահռչակում և համակարգի կայացում։ «Գիտուժի» անդամները «Մենք բավական էներգիա ու ժամանակ ենք շարունակելու ներդնել՝ հասկանալու, թե ինչպիսին պիտի լինի մեր նորարարական համակարգը․ և՛ աշխատելու ենք պատկան մարմինների հետ, և՛ հետազոտություններ ենք կատարելու, որպեսզի փոփոխություն առ փոփոխություն հասնենք մեր կարևոր, վերջնական նպատակին՝ ունենալ համակարգ, որի մուտքում կան ձևակերպված խնդիրներ, և դուրս են գալիս լուծումներ, որոնք անդրառանում են բոլորիս»։ Krisp-ի և 10Web-ի համահիմնադիր Արտավազ Մինասյանն էլ նշեց՝ Կառավարությունը գիտության մեջ դեռ «մանկական քայլեր» է անում․ «Եթե ուզում ենք մրցունակ լինել գիտության ոլորտում, առաջինը պետք է գիտակցենք, որ գիտությունը կարևոր է Հայաստանի համար։ Այդ գիտակցությունը, ցավոք, չկա ո՛չ իշխանության անդամների, ո՛չ հասարակության, ո՛չ բիզնեսի կողմից։ Երկրորդը՝ պետք է էկոհամակարգ ձևավորվի, ու այդտեղ պետք է ներգրավված լինեն և՛ գիտնականները, և՛ մասնավոր հատվածը, և՛ պետական հատվածը։ Այդ համակարգի ձևավորումից հետո պետք է ռազմավարությունը լինի, թե որ ոլորտների վրա ենք շեշտադրումն անում։ Երրորդը՝ ռեսուրսների բաշխումը․ մեր թիրախը պետք է լինի գիտահետազոտական ոլորտին համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) առնվազն 5%-ը տրամադրել, որպեսզի մեր բոլոր գոյաբանական հարցերի պատասխանը ստանանք՝ սկսած պաշտպանության ոլորտից, վերջացրած տնտեսության զարգացմամբ»։   Մասնավոր-կառավարություն երկխոսություն, խնդիրների հստակ սահմանում «Ինչպե՞ս գիտությունը դարձնել առաջնային գործիք Հայաստանի անվտանգության ապահովման և մրցունակության բարձրացման համար»։ Պանելային հաջորդ քննարկումը հենց այս թեմայով էր։ ՀԱՀ Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանի խոսքով շատերին կարող է տրամաբանական թվալ, որ պետք է ՀՆԱ-ի X տոկոսը ծախսել գիտության վրա, բայց պետական ապարատի տեսանկյունից դա տրամաբանական մոտեցում չէ, եթե չի հստակեցվում, թե որ ուղղություններով և ինչ նպատակներով են հատկացվող միջոցները ծախսվելու։ Նա նշեց, որ այս պահին Հայաստանի Կառավարությունը բավականին շատ ֆինանսական աջակցություն է տրամադրում ընկերություններին, բայց չկա հստակ մոտեցում, որ աջակցությունը տրամադրվի հենց գիտաարտադրական տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից։ «Եթե գիտական, տեխնիկական առաջադեմ հանրությունը կարողանա ձևակերպել պահանջներ (որովհետև դա կհստակեցնի, թե որտեղ  ամենամեծ հետադարձ արդյունքը կլինի), ապա հավանականությունն ավելի մեծ է, որ այդ ուղղությամբ կլինեն ավելի մեծ ներդրումներ»,- ասա նա՝ այս համատեքստում կարևորելով մասնավոր հատվածի ու պետության միջև երկխոսությունը։ Գիտությունների Ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը համաձայնեց Վաչե Գաբրիելյանի այն մտքին, որ երկխոսության խնդիր կա։ «Անձամբ ես մի քանի անգամ առաջ եմ քաշել Կառավարության հետ երկխոսելու լայն ծրագրեր՝ ներառելով լայն զանգվածներ։ Բոլոր դեպքերում այդ փորձերը հաջողված չեն հենց հակադարձ կապի բացակայության պատճառով»,- ասաց ակադեմիկոս քարտուղարը։ Կոնստանտին Ենկոյանը, Վաչե Գարբիելյանը և Արթուր Իշխանյանը Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի կարծիքով Հայաստանում չկան ռեսուրսներ ոչ այնքան նշանակալի հետազոտություններ ֆինանսավորելու համար, այդ պատճառով անհրաժեշտ է հասկանալ, թե ովքեր են «զբաղվում իրական գիտությամբ», զտել ու կենտրոնանալ մի քանի ուղղությունների վրա։ Արթուր Իշխանյանը հակադարձեց նրան՝ նշելով, որ հիմա հնարավոր չէ իմանալ, թե ինչը կարող է կարևոր լինել, օրինակ, 5 տարի անց։ «2019-ին է փակվել Վիրուսոլոգիայի ինստիտուտը։ Վերջնականապես ենք փակել, ավերվել էր մինչ այդ, բայց գոնե ինչ-որ բաներ կային։ 2020-ին սկսվեց համավարակը․․․ Մեզ անհրաժեշտ է պահպանել նվազագույն էկոհամակարգ հնարավորինս ամեն ինչի համար»։ Արթուր Իշխանյանն իր խոսքում անդրադարձավ նաև գիտության կազմակերպման երկու մոդելներին՝ համալսարանական և ակադեմիական՝ շեշտելով, որ որևէ տեղ չկա այդ երկուսից միայն մեկը։ «Առանձին վերցված խնդիրների համար միշտ անհրաժեշտ է ունենալ ճկուն, անկախ հասարակական հետազոտական հաստատություններ՝ ինստիտուտներ, որոնց երբեք պետք չէ դարձնել միայն կրթությանը սպասարկող»,- ասաց նա։ Արթուր Իշխանյանի այս ձևակերպումն, ամենայն հավանականությամբ, վերաբերում է «Ակադեմիական քաղաք» հայեցակարգին, որով բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները միանալու են իրար։   Գիտության կառավարման մոդելներ, բուհերի և ինստիտուտների ներսում առաջնահերթությունների սահմանում «Գիտությունը համալսարաններում և ինստիտուտներում. առկա ներուժ և ապագայի պահանջներ»․ պանելային հաջորդ քննարկմանը մասնակցում էին բուհերի ռեկտորներն ու գիտական ինստիտուտների տնօրենները։ Առաջինը քննարկվում էր այն հարցը, թե ինչպես են բուհերն ու ինստիտուտներն իրենց ներսում առաջնահերթություններ սահմանում։  Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը նշեց՝ իրենք ուսումնասիրում են ազգային անվտանգությանը վերաբերող խնդիրներ, և դժվար է ընտրել այնպիսի թեմաներ, որոնք նաև միջազգային կարևորություն ունեն և կարող են տպագրվել միջազգային ամսագրերում։ «Այսօրվա գիտաչափության պահանջները գիտնականների մեջ կոտրում են ռոմանտիզմը, նաև, հայրենասիրությունից ելնելով, հետազոտություններ իրականացնելը, որովհետև մենք ընկնում ենք գիտաչափության հետևից և անում ենք բացառապես այն հետազոտությունը, որով կարող ենք տպագրվել։ Ես համարում եմ, որ մեզ նման ոչ հարուստ պետության համար դա շատ մեծ ճոխություն է. մենք ունենք այնպիսի խնդիրներ, որոնք ուղղակի իրավունք չունենք հրատարակելու, բայց եթե չհրատարակենք, ապա մենք գիտնական չենք համարվելու Հայաստանի Հանրապետությունում։ Դրա համար մենք մի կերպ բալանսի ենք բերում»,- նշեց նա։  Լիլիթ Սահակյանը և Բրյուս Պողոսյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանը նշեց՝ մի քանի տարի առաջ հասկացան, որ իրենց հետազոտական ուղղությունները, մագիստրոսական թեզերի ու թեկնածուական ատենախոսությունների թեմաները բավականին հնացած են, և սկսեցին պետական գերատեսչություններից հավաքել նրանց հուզող խնդիրները։ «Որոշ գերատեսչություններից ստացանք կոնկրետ իրենց հուզող հարցերը։ Իհարկե, այստեղ բախվեցինք խնդիրների․ ոչ բոլոր գերատեսչությունները կարողացան ձևակերպել իրենց խնդիրները և նույնիսկ խնդրեցին, որ մենք մասնագետներ ուղարկենք, որ այդ խնդիրների վերհանումը միասին կարողանանք կատարել»,- նշեց նա։ ՀԱԱՀ ռեկտորն ասաց, որ իրենք խնդիրներ հավաքագրեցին նաև մարզպետարաններից, արդյունաբերական խորհուրդներ ձևավորեցին՝ ներառելով մասնավոր հատվածից ներկայացուցիչների, որ նրանց հուզող հարցերը ևս հասկանան, ապա զտեցին հավաքագրած թեմաներն ու արդիականացրին հետազոտական ուղղությունները։   Անդրադառնալով նախորդ քննարկումների ժամանակ կառավարության սահմանած առաջնահերթյունների ու պետության կարիքների սպասարկման մասին բարձրացված հարցերին՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) տնօրեն Գևորգ Քառյանը նշեց․ «Մեզ համար դժվար է, զբաղվեով հիմնարար հետազոտություններով, ուղղակիորեն ազդել կամ ուղղակիորեն այդ գործընթացի մեջ ներգրավվել։ Հիմնարար գիտությունն այն պարարտ հողն է, որի վրա աճում է կիրառական գիտությունների ծառը, և որի պտուղները մենք քաղում ենք տեխնոլոգիաների տեսքով։ Եթե մենք հիմնարար գիտությամբ զբաղվող գիտնականին առաջադրենք այնպիսի խնդիր, որը կիրառական նշանակություն ունի, մենք նրան անելանելի վիճակի մեջ կդնենք, բայց մյուս կողմից՝ առանց հիմնարար հետազոտության ուղղակի իմաստ չունի խոսել կիրառական հետազոտության մասին»։ Գևորգ Քառյանը Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը նշեց՝ կան հարցեր, որոնց պատասխանները հետազոտությամբ ստանալու համար պետք է լինի պետությունից իջեցված պատվեր, բայց նա կարևորեց նաև, որ այդ պատվերները սահմանվեն հենց ինստիտուտների կողմից, և ինստիտուտների ներսում հետազոտություններ կատարվեն, թե իրենց բնագավառները զարգացնելու համար ինչ է պետք։ Նա կարևորեց բրենդային ուղղություների զարգացումը, որոնք Հայաստանի գիտությունը կդարձնեն համաշխարհային գիտության մաս․ «Մեզ պետք չէ ընդհանուր հնագիտություն, կամ մեզ պետք չէ ընդհանուր ազգագրություն․ մեք պետք է այնպիսի հնագիտություն, որում Հայաստանը կարող է առաջնային դիրք գրավել համաշխարհային գիտության տեսանկյունից։ Շատ դեպքերում մենք շփոթում ենք արտասահմանյան ամսագրերում հրատարակվելը գիտական տեսակետի տարածման հետ․ գիտական տեսակետը պետք է ստեղծվի քո երկրում, ազգային հիմքի վրա և տարածվի աշխարհով մեկ որպես քո ստեղծագործություն, բրենդ»։ Խոսելով գիտության համակարգի կառավարման մասին՝ Լիլիթ Սահակյանը զավեշտալի համարեց վերջին շրջանում հնչող հարցադրումը՝ Գիտությունների ազգային ակադեմիա Հայաստանին պե՞տք է, թե՞ ոչ․ «Երեկ կարդում էի [Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ] պարոն Հայոցյանի հարցազրույցը։ Ասել, որ Ակադեմիան հոդվածների առումով երկրորդ տեղն է զբաղեցնում, խոսել նրա մասին, որ բուհերը կառավարման համակարգը փոխում են, որովհետև հասկացել են, որ արդյունավետ չէ, բայց հարցականի մեջ դնել ԳԱԱ գոյությո՞ւնը։ Ես, ճիշտն ասած, տրամաբանությունը չեմ հասկանում»։ Արսեն Բոբոխյանն էլ նշեց՝ ինքը կուզենար, որ Հայաստանում միաժամանակ գոյություն ունենային ուժեղ համալսարաններ և ուժեղ, բարեփոխված Ակադեմիա, և համալսարանները լինեին ոչ թե Երևանում կենտրոնացած, այլ ապակենտրոնացած։   Հասարակագիտության և հումանիտար գիտությունների ուսումնասիրության առարկան, գիտաչափությունը, միջազգային գիտությանն ինտեգրումը «Հումանիտար և հասարակագիտական գիտությունները Հայաստանում. մենք կարողանու՞մ ենք մտածել» քննարկման մասնակիցները խոսում էին հարցերից, որոնք գիտության մասին զրույցների ժամանակ երբեմն լուսանցքում են մնում։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու Նաիրա Մկրտչյանի խոսքով հումանիտար և սոցիալական գիտությունների առումով Հայաստանն անհատ կադրերի խնդիր չունի, և խնդիրն ավելի շատ ինստիտուցիոնալ հարթությունում է․ «Ես կարող եմ թվել առնվազն 20-30 մարդու, որոնց գործերն արժե կարդալ, որոնք չեն զիջում միջազգային հարթակում համանման թեմաներով զբաղվող որևէ գիտնականի։ Եվ այդ առանձին անհատները միջազգային մակարդակի հասնում են իրենց անհատական ջանքի շոնրհիվ»։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Գայանե Շագոյանն էլ անդրադարձավ գիտաչափությանը, որը նրա խոսքով գալիս է ճշգրիտ գիտություններից․ «Այսօր, լինելով սոցիալ-հումանիտար ոլորտի ներկայացուցիչ, ես պիտի ավելի շատ մտահոգված լինեմ, թե անգլալեզու որ պարբերականում է լույս տեսնելու իմ աշխատանքը, որովհետև այդ դեպքում ես հնարավորություն կունենամ պարկեշտ աշխատավարձ ստանալու։ Եվ հայալեզու արտադրանքը ոչ միայն ստորադասված է, այլև ընդհանրապես հաշվի առնված չէ։ Ես կարող եմ գրել հայերեն մենագրություն, և դա ինձ կբերի 0 միավոր, և ես կարող եմ գրել անգլալեզու ամսագրում երկու էջանոց հոդված, և այստեղ էջը կամ նույնիսկ բովանդակությունը չէ խնդիրը, այլ, թե որտեղ է այն տպված՝ սպասարկելով այն հետաքրքրությունները, որոնք Հայաստանի հանդեպ ունի մեկ այլ պետություն։ Դա, մի կողմից, միջազգային գիտության մեջ ինտեգրվելու մասին է խոսում, բայց, մյուս կողմից, երբ դա իջեցվում է որպես գիտաչափության միակ մոտեցում, խոսում է մեր խնդիրները տեսնելու, բարձրաձայնելու և ուղղելու անտեսման մասին»։ Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի Հայագիտական ծրագրի տնօրեն, «Թուրփանջյան» հասարակական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ստեփան Աստուրյանն էլ առանձնացրեց մի խնդիր, որին բախվում են սփյուռքի հայ գիտնականները հայագիտական թեմաներով հետազոտություններ իրականացելիս․ «Եթե ծագումով հայ ես և հայերին վերաբերող թեմայով ես զբաղվում, օրինակ՝ Ցեղասպանության թեմայով, շատ արագ պիտակավորվում ես որպես էթնիկ գիտնական կամ ազգայնամոլ, եթե քո ասածները չեն համընկնում նրան, ինչ պիտի ասվի այդ միջավայրում, այսինքն՝ գերադաս կարծիքին»։ Թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը կարևորեց հասկանալ, թե որն է հասարակագիտության և հումանիտար գիտությունների ուսումնասիրության առարկան, և ինչու են դրանք կարևոր։ «Այդ երկու գիտակարգերի նպատակը մեկն է․ կոդավորել ու հասկանալ անցյալը, ներկան, փորձել հասկանալ ապագան ու դա անել պարպերաբար՝ վերակազմավորելով, քանդելով, կրկին վերակազմավորելով ու քանդելով։ Ի՞նչ տեղի ունեցավ հետխորհրդային շրջանում․ առնվազն դիսկուրսի մակարդակում քանդվեց անցյալը, ու չստեղծվեց նորը, ներկան»,- ասաց նա։ Վարհրամ Տեր-Մաթևոսյանի խոսքով այս գիտակարգերում գիտական լավագույն հետազոտություններում ավելի շատ հարցեր են առաջադրված, քան հարցերի պատասխաններ կան․ «Մինչդեռ մեր պարագայում շատ ավելի իմպերատիվ էին, օրինակ, Թուրքիայի և Արդբեջանի մասին հետազոտությունների մեծ մասը հատկապես հետխոհրդային շրջանում։ Այդ հանգստությունը, որը կար Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, գալիս էր նաև մեծամտության պարսավելի դրսևորումներից։ Պատճառն այն է, որ մենք չենք ուզում հասկանալ, որ մեզ համար հարկավոր էր տեղավորվել այն բացատրության մեջ, որն ամենահարմարն էր այդ պահին»։   ԳՀՓԿ աշխատանքներ, ռազմարդյունաբերություն «Պաշտպանական ԳՀՓԿ աշխատանքներ. Հայաստանը զարգացման ներուժ ունի՞» թեման ոչ այնքան քննարկում էր, որքան հարցուպատասխան Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հետ․ նրան հարցեր ունեին և՛ գիտական, և՛ մասնավոր հատվածի ներկայացուցիչները։ Հարցին, թե ինչու Հայաստանը չի ծախսում գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿ) համար նախատեսված ողջ բյուջեն, Արտյոմ Մեհրաբյանը պատասխանեց․ «Մենք այս տարի ունեցել ենք մոտ 48 հայտ, հաստատվել է ընդամենը 8 աշխատանք»։  Նա նշեց՝ գիտնականների հետ աշխատելու խնդիրներից մեկը ԳՀՓԿ աշխատանքների գաղտնիությունն է․ «Այս տարի առաջարկություն ենք արել և Կառավարության որոշման մեջ փոփոխություն ենք մտցրել, որպեսզի գիտական աշխատանքների վրայից գաղտնիության հարցը հանենք կամ դիտարկենք ամեն մի հայտը առանձնահատուկ, փորձենք, հասկանալով դրա կարևորությունը, գաղտնիացնել»։ Նա նշեց, որ այդպիսով գիտնականների համար ընթացակարգերն ավելի կհեշտանան։ ՌԱԿ նախագահը նաև ասաց, որ հանդիպում են ունենալու գիտական կազմակերպությունների ղեկավարների հետ և ներկայացնելու են նրանց այն ուղղությունները, որոնք ուզում են զարգացնել։ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը օրենսդրական ու բյուրոկրատական մի քանի խնդիր բարձրաձայնեց։ Նրա խոսքով Հայաստանում զենք-զինամթերքի հետ կապված գիտահետազոտական աշխատանքները հավասարեցված են զենքի արտադրությանը, և դրա համար անհրաժեշտ է լիցենզիա ունենալ, որը ծախսերի հետ է կապված։ Արտյոմ Մեհրաբյանը Արտյոմ Մեհրաբյանը համաձայնեց, որ օրենսդրական բացեր կան՝ նշելով, որ դրանց ուղղությամբ աշխատում են, սպասվող փոփոխություններով լիցենզիա պահանջելու են միայն սերիական արտադրության համար։ Սեյրան Մինասյանը խոսեց նաև այն խնդրից, որ ՌԱԿ կառավարման մեխանիզմն ու գործառույթները հիմնված են Խորհրդային Միության համապատասխան փաստաթղթերից թարգմանված ստանդարտների վրա։ Նրա խոսքով հենց սրանից էլ բխում է այն, որ ՌԱԿ-ին ներկայացված հայտերը և դրանց կատարման ընթացքը բովանդակային խորքային ստուգում չեն անցնում։ Նորմատիվ փաստաթղթերի մասով բարձրաձայնած խնդրին ևս ՌԱԿ նախագահը համաձայնեց՝ նշելով, որ հանդիպում են ունեցել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի հետ, այդ հարցը բարձրարցել են։ LT-PYRKAL-ի գլխավոր տնօրեն Գագիկ Բունիաթյանն էլ նշեց՝ ավելի մեծ հարց է Պաշտպանության նախարարության՝ խնդիրներ ձևակերպելու կարողությունը․ «ԳՀՓԿ աշխատանքի իմաստն այն է, որ այն վերջանա սերիական արտադրությամբ, հակառակ դեպքում դա դառնում է ինքնախաբեություն և ֆինանսաների իզուր վատնում։ Ամենակարևոր խնդիրն է, թե ինչ է պետք մեր Զինված ուժերին սերիական արտադրության համար։ Առաջին հերթին, շատ հստակ այդ խնդիրը պետք է ձևակերպի ԶՈՒ-ն, որից հետո խնդիրը պետք է փոխանցվի ՌԱԿ-ին՝ գործընթացը կազմակերպելու»։  ՌԱԿ նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի խոսքով կրթական, գիտական, արդյունաբերական և պաշտպանական համակարգերի միջև կապերը խզված են․ «Պաշտպանական համակարգը պատվերով չի ծանրաբեռնում արդյունաբերության համամակարգը, արդյունաբերության համակարգը, հետևաբար, պատվերով չի ծանրաբեռնում գիտական համակարգը։ Ունենք ռազմավարական նպատակների և դրանց իրականացման միջոցների անորոշություն, որը բերում է այս բոլոր խնդիրներին»։ Արտյոմ Մեհրաբյանն ասաց՝ իրենք հասկացել են, որ ՌԱԿ-ին կից մի կառույցի անհրաժեշտության կարիք կա, որը  կազմված կլինի ռազմավարություն մշակողներից, գիտնականներից և ինժեներներից, որոնց շփումից կստեղծվեն գաղափարներ ու կփոխանցվեն ՌԱԿ-ին։ Նա նշեց՝ այդ ուղղությամբ աշխատանքներ տանում են՝ շատ փակագծեր չբացելով։ *** Քննարկումներից մեկի ընթացքում «Գիտուժի» անդամները նշեցին, որ սա իրենց առաջին համաժողովն է, և հույս ունեն, որ մի քանի տարի անց կկազմակերպեն վերջին համաժողովը, քանի որ իրենց բարձրաձայնած խնդիրները լուծված կլինեն և գիտության հանդեպ այնպիսի վերաբերմունք ձևավորված կլինի, որ «Գիտուժի» կարիքն այլևս չի լինի։   Աննա Սահակյան  
19:48 - 01 դեկտեմբերի, 2023
Հայաստանի կարիքներից բխող գիտական համակարգ չես կարող կառուցել ոչ համակարգային լուծումներով. Գիտուժը կառավարությունից պահանջում է վերանայել մոտեցումները

Հայաստանի կարիքներից բխող գիտական համակարգ չես կարող կառուցել ոչ համակարգային լուծումներով. Գիտուժը կառավարությունից պահանջում է վերանայել մոտեցումները

«Գիտուժ» նախաձեռնությունը, անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» նախագծով պայմանավորված գիտության քաղաքականության մեջ վերջին զարգացումներին և կառավարության մակարդակով տարբեր քննարկումներին, հայտարարում է. ՀՀ կառավարության գլխավորությամբ պատասխանատու նախարարությունները (ԿԳՄՍ, ԲՏԱ, Էկոնոմիկայի նախարարություն) վերջին երկուսուկես տարվա ընթացքում չկարողացան, միմյանց հետ համագործակցելով, հստակ սահմանել Հայաստանի Հանրապետության նպատակներից ու կարիքնեից բխող գիտական և ԳՀՓԿԱ առաջնահերթությունները։ Իրենց օրակարգում չընդգրկեցին այդ առաջնահերթությունները սպասարկող գիտահետազոտական ու նորարարական համակարգի ստեղծման ու զարգացման հարցը։  Արդյունքում Հայաստանում գիտահետազոտական ու ԳՀՓԿ աշխատանքների զարգացմանն ուղղված քաղաքականությունը շարունակում է մնալ ոչ համակարգային՝ հիմնվելով մակերեսային հետազոտությունների և տեղային լուծումների վրա։ Մասնավորապես, «Ակադեմիական քաղաք» նախագծի հայեցակարգում ամբողջությամբ բացակայում է գիտական հետազոտությունների միջոցով պետության խնդիրները լուծելու նպատակի և դրան հասնելու համար անհրաժեշտ քայլերի սահմանումը։ Հուլիսի 17-ին ԿԳՄՍ նախարարության էջում հրապարակվել է հայեցակարգային առաջարկությունների մասին հրավեր, որտեղ նշված է. «2027 թվականից պետական ֆինանսավորում և աջակցություն կտրամադրվի միայն խոշորացված բուհերին և դրանց հետ միավորված գիտական կազմակերպություններին»։ Այսինքն` պետական աջակցություն և ֆինանսավորում ստանալու են միայն այն գիտահետազոտական ինստիտուտները, որոնք կմիավորվեն համալսարանների հետ։ Այսպիսով, պետական քաղաքականություն է դառնում այն մտավախությունը, որի մասին բազմիցս բարձրաձայնել են տարբեր շահագրգիռ կողմեր. կառավարությունը շարունակում է դրսևորել պետության մրցունակության ապահովման գործում պետական գիտական հաստատությունների (Public research institutions) դերի գիտակցման բացակայություն և անտեսում է միջազգային փորձը։ Կառավարությունը չունի արդյունաբերության ու գիտության կապի մասին համապարփակ ռազմավարություն, որի վրա պետք է հենված լիներ նաև «Ակադեմիական քաղաք» նախագծի հայեցակարգը։ Կառավարությունը մի քանի տարի անընդմեջ ամբողջությամբ չի իրականացնում պաշտպանական ԳՀՓԿ-ի՝ միջազգային չափանիշներով առանց այն էլ չնչին ծավալի ծրագրերը։ Վերևում շարադրված կետերը հաշվի առնելով, «Գիտուժ» նախաձեռնությունը կառավարությունից պահանջում է. Հանրային հանձնառություն վերցնել հարկատուների գումարները ներդնել այնպիսի գիտահետազոտական ու նորարարական ազգային համակարգ ձևավորելու մեջ, որն առաջին հերթին լուծելու է Հայաստանի Հանրապետության խնդիրները։ Հայաստանի Հանրապետության նպատակներից ու կարիքներից բխող հետազոտական ու ԳՀՓԿԱ առաջնահերթությունները սահմանելու համար հստակ պատասխանատուներ նշանակել։ Համակարգային մոտեցմամբ մշակել այդ առաջնահերթությունները սպասարկող մրցունակ էկոհամակարգի զարգացման հայեցակարգ և միջոցառումների ծրագիր։ Հրաժարվել պետականության հիմքը հանդիսացող գիտությանը վերաբերող ցանկացած կառավարչական ու համակարգային փոփոխություններից մինչև չեն սահմանվել նպատակները, դրանցից բխող առաջնահերթությունները և հարկատուների գումարները գիտական հետազոտությունների ու փորձակոնստրուկտորական աշխատանքների մեջ ներդնելու արդյունավետության առանցքային ցուցանիշները (KPI)։ Մասնավորապես, դադարել գիտությունը դիտարկել կրթությանը սպասարկող բաղադրիչ՝ անտեսելով ճկուն և մրցունակ գիտահետազոտական ու նորարարական ազգային համակարգ ունենալու համար քայլերի հերթականությունը։ Ներառյալ համալսարաններից անկախ պետական գիտական հատատություններ ունենալու, դրանք թիրախային զարգացնելու նշանակությունը, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության նորերը հիմնելու հրամայականը։  Գիտահետազոտական և նորարարական համակարգ ունենալը զարգացած և անվտանգ Հայաստանի Հանրապետություն տեսնելու երազանքից ծնված հարց է։ Այն Գիտուժի ջանքերով օրակարգ մտավ 44-օրյա պատերազմից հետո։ Եզակի դեպք, երբ փորձ արեցինք պատմությունից դասեր քաղել։ Դա է պատճառը, որ Գիտուժը «մրցունակ համակարգ» բառի կողքին միշտ շեշտում է՝ երկրի անվտանգային ու զարգացման նպատակները և կարիքները սպասարկող մրցունակ համակարգ։ Այս շեշտադրումները կարևոր են։ Հայաստանում գիտության և ԳՀՓԿ համակարգի զարգացումը պետության մրցունակության հարց է, որը չի կարող լուծվել ընդամենը մեկ, այն էլ չհիմնավորված նախագծի միջոցով։
12:10 - 06 սեպտեմբերի, 2023
Գիտուժ. Ակադեմիական քաղաքի, գիտինստիտուտների ապագայի և երկրի պետական նպատակներից ու կարիքներից բխող գիտության զարգացման տեսլականի բացակայության մասին

Գիտուժ. Ակադեմիական քաղաքի, գիտինստիտուտների ապագայի և երկրի պետական նպատակներից ու կարիքներից բխող գիտության զարգացման տեսլականի բացակայության մասին

«Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Ապրիլի 21-ին կառավարության նիստում հավանության է արժանացել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին նախագիծը: Հիմնադրամը վերահսկելու է «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացումը՝ քաղաքի նախագծում, ենթակառուցվածքների կառուցում, այլ աշխատանքների համակարգում և ապագայում նաև կառավարում։ Ըստ բովանդակությամբ դեռևս գոյություն չունեցող «Ակադեմիական քաղաք» նախագծի շուրջ ծավալված պաշտոնական զրույցների և հայտարարությունների՝ նախատեսվում է Երևանից դուրս տեղափոխել որոշ պետական համալսարաններ և գիտական ինստիտուտներ, ինչպես նաև միջազգային և միջպետական բուհեր։ Այս հայտարարությամբ «Գիտուժ» նախաձեռնությունը բարձրաձայնում է «Ակադեմիական քաղաք» նախագծի և գիտության քաղաքականության մեջ վերջին զարգացումների վերաբերյալ իր լրջագույն մտահոգությունները և այն հիմնավոր հարցերը, որոնց պատկան մարմինները պարտավոր են պատասխանել՝ մինչև ցանկացած գործընթաց մեկնարկելը։ Մասնավորապես, այդ մտահոգությունները և հարցերն են. Անընդունելի է գիտությունը դիտարկել միայն կրթությանը սպասարկող, առավել ևս կրթությանը ենթակա բաղադրիչ։ «Ակադեմիական քաղաք»-ը նախատեսված է ստեղծել համաձայն «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի։ Ըստ այդմ էլ նախագծի հեղինակների սահմանած բոլոր թիրախները բխում են կրթության մասին ռազմավարությունից։ Մասնավորապես, նախագծի մասին քննարկումների մեջ բացակայում են երկրի կարիքներից և նպատակներից բխող ԳՀՓԿ (գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական) աշխատանքների պետական պատվերի համակարգի ստեղծման, մասնավոր ԳՀՓԿ աշխատանքները (private R&D) զարգացնելու, Հայաստանի համար գիտության գերակա ուղղությունները վերջապես սահմանելու, մրցունակ գիտնականների քանակն ավելացնելու, գիտությունը տնտեսության հետ կապելու մեխանիզմներ մշակելու մասին հարցերը և թիրախները։ Այսինքն՝ Հայաստանում պարզապես գոյություն չունի գիտության/ԳՀՓԿ աշխատանքների մասին ոչ մի ռազմավարություն, ոչ մի հայեցակարգ որի վրա հնարավոր կլիներ հղում տալով սահմանել գիտության համար թիրախային նպատակները։  Ստացվում է, որ «Ակադեմիական քաղաք» նախագիծը սպասարկում է միայն կրթությունից բխող նպատակները՝ դիտարկելով գիտությունը միայն կրթության որակի բարձրացմանը նպաստող բաղադրիչ։ Բուհերի հետազոտական բաղադրիչի ուժեղացումը, գիտության և բարձրագույն կրթության միջև կապի զարգացումը, անշուշտ, չափազանց կարևոր խնդիր է, սակայն նման մոտեցմամբ կառավարությունը ոչ միայն այն չի լուծում, այլև հարվածի տակ է դնում առանց այն էլ թույլ գիտական էկոհամակարգի հետագա զարգացումը և, անգամ, գոյությունը: Նախագիծ՝ առանց մշակված բովանդակության։ «Ակադեմիական քաղաք» նախագծի մասին բացի վայրից և ֆիզիկական միջավայրի մասին բավականին մակերեսորեն սահմանված ցանկություններից ոչ մի այլ տեղեկատվություն չկա։ Չգիտենք՝ ո՞ր համալսարաններն են նախատեսում տեղափոխել և ո՞ր գիտական ինստիտուտների կամ գիտական խմբերի հետ են ցանկանում միավորել/ինտեգրել, ի՞նչ սկզբունքի կամ հաշվարկի վրա է այդ ամենը որոշվում։ Շատ կարևոր հարց է՝ ինչպե՞ս և ովքե՞ր են կառավարվելու Ակադեմիական քաղաքը և, հատկապես, դրա գիտահետազոտական բաղադրիչը, ի՞նչ մեխանիզմներ են մշակվելու գիտության անկախությունն ապահովելու և, հարկ եղած դեպքում, իշխանական մարմինների ոտնձգություններից պաշտպանելու համար։ «Գիտուժ» նախաձեռնությունն ահազանգում է ՀՀ գիտական ինստիտուտների և դեռևս մնացած գիտական ներուժի վրա ծառացած վտանգի մասին։ Համալսարանները և պետական գիտական հաստատությունները հանդիսանում են պետական ԳՀՓԿ համակարգի երկու հիմնական դերակատարները։ Գիտական ինստիտուտները համալսարաններին կցելու մտահաղացման հեղինակների քայլերը և մոտեցումները, ցավոք, վկայում են, որ վերջիններս չեն գիտակցում ժամանակակից աշխարհում պետական գիտական հաստատությունների (public research institutions) դերը պետականաշինության և պետության մրցունակության ապահովման գործում։ Նման փոփոխություններ ձեռնարկելուց առաջ կառավարությունը պարտավոր է հանձնառություն վերցնել, որ նոր համակարգ չունենալով ոչ մի դեպքում չի քանդելու և չի խանգարելու գործող՝ գիտական ինստիտուտների կառավարման ակադեմիական համակարգում բարեփոխումներին ու ռազմավարական ներդրումներին։ Եթե ԳԱԱ նախագահությունը չի կարող բարեփոխումների իրատեսական ծրագիր առաջարկել կառավարությանը, ապա կառավարությունը՝ որպես ԳԱԱ հիմնադրի՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմին, պարտավոր է ապահովել նոր՝ ավելի երիտասարդ և միջազգայնորեն մրցունակ գիտնականների մուտքը ԳԱԱ նախագահություն, այլ ոչ թե քանդել այն։ Գիտական ինստիտուտներն ու բուհերը մասնակցու՞մ են «Ակադեմիական քաղաք» նախագծի մշակմանը կամ քննարկումներում։ Այս ամիսների ընթացքում «Գիտուժ» նախաձեռնության անդամները բազմաթիվ հանդիպում-քննարկումներ են ունեցել պետական բուհերի ռեկտորների ու պրոռեկտորների, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, գիտական ինստիտուտների տնօրենների և առանձին գիտնականների հետ։ Քննարկումների ընթացքում շահագրգիռ կողմերը կիսվել են «Ակադեմիական քաղաք» նախագծի վերաբերյալ իրենց տարաբնույթ մտահոգություններով, բողոքել անորոշ իրավիճակից և գործընթացի մեջ անգամ քննարկումների մակարդակում ներգրավված չլինելուց։ Նաև հանդիպել ենք ԿԳՄՍՆ-ի և ԳԿ-ի ներկայացուցիչներին։ Վերջիններս մեզ հավաստիացրել էին, որ գիտությանը վերաբերող ցանկացած արմատական փոփոխություն անելուց առաջ լայն քննարկումներ են սկսելու շահագրգիռ բոլոր կողմերի հետ։ Հարց է առաջանում. ե՞րբ են սկսելու պաշտոնյաների կողմից խոստացած այդ քննարկումները և ի՞նչ ֆորմատով։ Սեպտեմբերին արդեն ուշ է լինելու, քանի որ նախագծի մեկնարկն արդեն տրվել է, իսկ հայեցակարգը, ըստ եղած տեղեկատվության, արդեն վերջնականացման փուլում է։ Ի՞նչ միջոցներով է ՀՀ կառավարությունը ֆինանսավորելու Ակադեմիական քաղաք նախագիծը։ Կարծում ենք ոչ միայն շահագրգիռ կողմերին, այլև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պետք է տեղեկացնել, թե իրենց երկրի կառավարությունն ի՞նչ միջոցներով է պատրաստվում իրականացնել այսպիսի մեծ նախագիծը և ի՞նչ պայմաններով են այդ միջոցները տրվելու Հայաստանին: Ապագայում հաշվետվողականության ի՞նչ մեխանիզմներ են ապահովելու։ Ինչպես բազմիցս նշել ենք, առանց երկրի նպատակներն ու կարիքները սահմանելու և դրանցից բխող պետական պատվերի վրա հիմնված ԳՀՓԿ աշխատանքների համակարգ ստեղծելու, գիտությանը վերաբերող ցանկացած նախագիծ լինելու է ոչ ռազմավարական և բերելու է ռեսուրսների աննպատակ վատնման։ «Գիտուժ» նախաձեռնությունն ամենայն ուշադրությամբ հետևելու է գործընթացներին և նախատեսում է բաց և փակ քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում նաև տարբեր հանրային դաշտերում։ Լիահույս ենք, որ գիտության քաղաքականության համար պատասխանատուները, գիտակցելով գործընթացների թափանցիկության ապահովման, կառուցողական դաշտում քննարկումների և օբյեկտիվ գնահատականներ տալու կարևորությունը, չեն հրաժարվի մասնակցել նշված քննարկումներին»։
11:36 - 03 մայիսի, 2023
Գիտությանը վերաբերող արմատական փոփոխություններ իրականացնելու նախագծերը պետք է քննարկվեն շահագրգիռ կողմերի հետ․ Գիտուժ

Գիտությանը վերաբերող արմատական փոփոխություններ իրականացնելու նախագծերը պետք է քննարկվեն շահագրգիռ կողմերի հետ․ Գիտուժ

Հունվարի 27-ին «Գիտուժ» նախաձեռնության անդամները հանդիպել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ գիտության քաղաքականության մեջ ընթացող գործընթացները, պետական պատվերի ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման անհրաժեշտությունը և Հայաստանում գիտության շաբաթ անցկացնելու հարցերը քննարկելու համար։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Լուսինե Գրիգորյանը՝ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը: Քննարկումը սկսելուց առաջ «Գիտուժ» նախաձեռնության անդամները շնորհավորեցին Ժաննա Անդրեասյանին ԿԳՄՍ նախարար դառնալու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով իր պատասխանատու և չափազանց կարևոր գործում։ Հայաստանում գիտությանը վերաբերող արմատական փոփոխություններ իրականացնելու նախագծերը պետք է քննարկվեն շահագրգիռ կողմերի հետ․ Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը և Գիտության կոմիտեի նախագահը «Գիտուժ» նախաձեռնության ակտիվ անդամներին ներկայացրին Հայաստանի գիտության քաղաքականության մեջ ընթացող գործընթացները։ Գիտուժի անդամները հատուկ ընդգծեցին, որ գիտությանն առնչվող ցանկացած արմատական որոշում պետք է կայացնել շահագրգիռ կողմերի, այդ թվում նաև Սփյուռքի ակտիվ գիտական շրջանակների հետ քննարկելով, որոշման էությունը և կարևորությունը գիտական համայնքին կառուցողական մթնոլորտում և ճիշտ ձևաչափով հաղորդակցելով։ Շահագրգիռ կողմերի հետ կառուցողական աշխատելաոճ և գործընթացների թափանցիկության ու հաշվետվողականության միջավայր ստեղծելով է միայն հնարվոր ապահովել Հայաստանում գիտական քաղաքականության նպատակային փոփոխությունների արդյունավետ ընթացքը՝ ոչ մի դեպքում չվնասելով գիտական առանց այն էլ փխրուն համակարգին։ Այս առումով ողջունում ենք ԿԳՄՍ նախարարի, Գիտության կոմիտեի նախագահի ու Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի՝ մեր համայնքի հետ համագործակցելու և գործընթացների թափանցիկությունը ապահովելու պատրաստակամությունը։ Հայաստանում գիտական էկոհամակարգը պետք է զարգացնել այն սկզբունքով, որ այն կարողանա լուծել երկրի առջև ծառացած խնդիրները և մարտահրավերները․ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում Գիտուժի ակտիվ անդամները, պատմելով նախաձեռնության առաջացման և առաքելության մասին, նշեցին, որ Գիտուժի գլխավոր նպատակն է Հայաստանի Հանրապետության կարիքների բավարարման նպատակով ԳՀՓԿ աշխատանքների պատվերի համակարգի ստեղծումը։ Նախաձեռնության անդամները նախարարի հետ կիսվեցին, որ իրենց համար խիստ մտահոգիչ է հետևել գիտության կառավարման մեջ կառուցվածքային փոփոխությունների մասին քննարկումներին, երբ բուն բովանդակության մասին ոչինչ չի խոսվում։ Մինչդեռ Հայաստանում գիտությունը պետք է նպաստի երկրի առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների լուծմանը, իսկ առանց պետական պատվերի համակարգի ներդրման գիտական էկոհմակարգը չի կարողանալու նման խնդիրներ լուծել՝ դրանով իսկ անարդյունավետ դարձնելով այդ համակարգի և համակարգի կառուցվածքային փոփոխությունների վրա ծախսվող պետական միջոցները։ Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը և ԳԿ նախագահը նշեցին, որ պետական պատվերի համակարգի ձևավորումը միայն ԿԳՄՍ նախարարության լիազորության դաշտում չի։ Ամեն դեպքում նախարարն նախաձեռնության անդամներին առաջարկեց գրավոր ներկայացնել պետական պատվերի համակարգի ստեծմանը նպաստող առաջարկները։ «Գիտության շաբաթ» Հայաստանում․ Գիտության հանրայանացումն ինքնանպատակ չի, այն Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի՝ ապագայում գիտության արժեքն իմացող և գիտությամբ զբաղվել ցանկացող քննադատական մտածողությամբ զինված սերունդ ունենալու համար։Հայաստանում գիտության հանրայնացման շարունակականությունը և մասշտաբայնությունն ապահովելու համար «Գիտուժ» նախաձեռնությունն առաջարկեց ԿԳՄՍ նախարարին երկրում ներդնել տարին մեկ տեղի ունեցող «Գիտության շաբաթ» միջոցառումը, ինչպես դա համազգային մակարդակով արվում է աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Անգլիա, Ավստրալիա, Իռլանդիա, Հնդկաստան, Նորվեգիա, Չինաստան և այլն։ ԿԳՄՍ նախարարը նշեց, որ «մեզ համար առաջնահերթ է գիտության նկատմամբ հետաքրքրության զարգացումը՝ սկսած դպրոցից» և առաջարկեց «Գիտուժ» նախաձեռնության անդամներից և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներից աշխատանքային խումբ կազմել՝ «Գիտության շաբաթ» միջոցառման ձևաչափը և բովանդակությունը մշակելու համար։  
10:58 - 30 հունվարի, 2023
Կառավարությունը գիտության ոլորտում մասնակի քայլեր է անում, որոնք խնդիրներին համակարգային լուծում չեն տալիս․ Տիգրան Շահվերդյան

Կառավարությունը գիտության ոլորտում մասնակի քայլեր է անում, որոնք խնդիրներին համակարգային լուծում չեն տալիս․ Տիգրան Շահվերդյան

Անցած ամիս «Գիտուժ» նախաձեռնությունը նոր հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ, ի թիվս այլնի, հայտարարել էր, որ կառավարության կողմից գիտական հետազոտությունների հանդեպ ուշադրության դրական փոփոխություններն իրենց ողջ աննախադեպությամբ հանդերձ անիմաստ կդառնան, եթե չհստակեցվեն մեր երկրի նպատակները, չսահմանվեն դրանցից բխող Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների զարգացմանը նպաստող իրատեսական ու հավակնոտ ռազմավարական ծրագրերը՝ հիմնված խնդրիներին համակարգային և ամբողջական լուծումներ տալու և միջազգայնորեն մրցունակ մակարդակի հատկացումների հանձնառություն վերցնելու վրա։ Օրերս էլ «Գիտուժի» անդամները մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին, որ գիտության հանդեպ կառավարության և Ազգային ժողովի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը։  «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Robomart» ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանի կարծիքով՝ Հայաստանում շատ պետական խնդիրներ կան, և դրանց լուծման համար կարևոր է նորարարական մեթոդների կիրառումը․ «Մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհում դրանք հիմնված են Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) տարբեր տեսակի աշխատանքների, պատվերի վրա։ Այդ մասով մեզ մոտ շատ մեծ բաց կա։ Մենք պատվերը ֆորմալ  առումով ունենք՝ պաշտպանական ԳՀՓԿ-ն, բայց դա անընդատ կրճատվում է։ Մյուս հարցերում ընդհանրապես չկա որևէ ԳՀՓԿ բյուջե, որը միտված է հենց այդ տեսակ խնդիրները լուծելուն։ Ամենապարզ օրինակը․ անընդհատ խոսում են արտադրողականության բարձրացման մասին։ Մեր տնտեսության մեջ ամենամեծ տեղը հատկացվում է գյուղատնտեսությանը, բայց չկա նպատակային ԳՀՓԿ բյուջե, որը ծախսվում է, օրինակ, ագրոտեխնոլոգիաների մեջ, ագրոտեխնոլոգիաների զարգացմանը միտված ԳՀՓԿ-ի համար։ Բոլոր նախարարություններում կարելի է այդպիսի խնդիրներ առանձնացնել, որոնց լուծման գործիք է անհրաժեշտ դիտարկել ԳՀՓԿ աշխատանքների մեխանիզմը»։ Տիգրան Շահվերդյանն ընդգծում է՝  «Գիտուժ» համայնքի պահանջն ուղղված է եղել ԳՀՓԿ բոլոր շղթաների զարգացմանը։ Այս պահին Գիտության կոմիտեի շատ ծրագրեր ուղղված են հիմնարար հետազոտություններին, որոնք, սակայն, ԳՀՓԿ ընդանուր շղթայի մի մասն են․«Մենք միշտ խոսել ենք ոչ միայն գիտության, այլև ընդանուր ԳՀՓԿ շղթայի զարգացման մասին՝ այսինքն հիմնարար հետազոտություններից մինչև կիրառական հետազոտություններ, կիրառական հետազոտություններից մինչև փորձարարական մշակումներ։ Եթե խոսքը  հիմնարար հետազոտությունների մասին է, այո, հայտարարել են, տեսնում ենք բյուջեի ավելացումը, բայց չենք տեսնում, թե առաջնահերթությունները ինչպես կարող են ձևավորվել, չենք տեսնում, թե ինչ թվային նպատակներ են դրվում։ Այն, ինչ արվում է, չի կանգնեցնում գիտական համայնքի կործանումը։ Զուտ թվերով եթե նայում ենք, մեր գնաահատակններով ունենք տարեկան 200 մարդու կորուստ, բայց պետական պատվերի շրջանակում ունենք 200 ասպիրանտական տեղ։ Ակնհայտ է, որ դրանց շատ չնչին տոկոսն է գնում գիտություն, ներքին ռեսուրսներով մեր գիտական համայնքը չի վերականգնվում։ Չնայած ասում ենք, որ առաջնահերթություն է դրվել, բացարձակ բյուջեի տեսքով երևում է, բայց արդյունքից չի երևում, որ դա իսկապես առաջնահերթություն է»։ Նրա խոսքով՝ կառավարությունը մասնակի քայլեր է անում, որոնք խնդրին համակարգային լուծում չեն տալիս․ «Պետք է համակարգային մոտեցում, բոլոր մասերն էլ պետք է արվեն, չենք կարող ասել՝ այս մի կտորում մի փոքր առաջընթաց ապահովեցինք, ինչ լավ է, եկեք ուրախանանք։ Մենք գիտական պոտենցիալը չենք զարգացնում, որ աշխարհին միայն գիտելիք տանք։ Էլի տանք, դեմ չեմ, բայց պետք է նաև մեր նպատակներին ծառայի ու պետք է մեր նպատակներին ծառայեցնելով զարգացնենք։ Միջազգային ամսագրերում տպագրվելը, փորձաքննություն անցնելը շատ կարևոր է, որովհետև դրանով կարողանում ենք գնահատել, թե ինչ որակի աշխատանքներ են կատարվում, ինչ որակի գիտական կապիտալ ունենք, բայց մեր նպատակը դա չի: Պետք է ի վերջո հնարավորություն տալ այդ մարդկանց օգտագործել գիտելիքը մեր երկրի և հասարակության  կարիքները հոգալու համար. սա անելու համար նշածս ամբողջ շղթայով պետք է  համակարգային գործ անել»։ Նա ընդգծում է, որ պաշտպանական ԳՀՓԿ  աշխատանքների վրա նույնիսկ պլանավորվող գումարները չեն ծախսվում․ «Ինչպես ենք փորձում աշխարհում մեր հարևանների համեմատ ունենալ մրցունակ բանակ, անվտանգային  համակարգ, եթե նորարարական լուծումների վրա չենք ծախսում նույնիսկ այն չնչին գումարը, որը հատկացնում ենք։ Հիմնարար  հետազոտությունների վրա հատկացվում է 25 միլիարդ, պաշտպանականի համար՝ 5 միլիարդ դրամ։ Ստացվում է 5 անգամ ավելի քիչ, ու դա էլ չենք կարողանում արդյունավետ յուրացնել»։ Նշենք, որ 2021 թ․-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ ծրագրի» համար հատկացվել էր 4 միլիարդ 574 միլիոն դրամ, իսկ 2022 թ․-ին՝ 5 միլիարդ 200 միլիոն դրամ։ Այս ծրագրի շրջանակում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ են իրականացվում։ Կառավարությունը, սակայն, 2021 թ․-ին կատարված վերաբաշխումներով 2 միլիարդ 576 միլիոն դրամով կրճատել է նախապես պլանավորված բյուջեն, իսկ այս տարվա ապրիլի 7-ին կառավարության որոշմամբ ծրագրի բյուջեից 295 միլիոն դրամ է կրճատվել՝ գումարը այլ միջոցառման վրա ծախսելու հիմնավորմամբ։ «Գիտուժ» նախաձեռնության  անդամը հավելում  է՝ խնդիրն այն չէ, որ հիմնարար հետազոտությունների վրա շատ գումար է ծախսվում, այլ այն, որ պաշտպանականի համար է շատ քիչ նախատեսվում․ «Համեմատությունը, որ անում եմ, չի նշանակում, որ պետք է այնտեղ քչացնեն, այստեղ ավելացնեն։ Պարզապես պաշտպանականի վրա  ավելի շատ է պետք հատկացնել և երբ հարց է բարձրացվում, որ համակարգը չի կարող ընդունել, պետք է զբաղվել նրանով, որ համակարգը կարողանա դա ընդունել։ Իսկ համակարգը կկարողանա դա անել, միայն այն դեպքում, երբ դու սկսես այն համալրել մի կողմից տաղանդներով, մյուս կողմից նպատակներդ  հստակեցնես և ծրագրերդ ի վերջո հստակ մշակես՝ հրաժարվելով իներցիոն կամ տեղային լուծումներից։ Հակառակ դեպքում անհամապատասխանություն է․  մի կողմից 2050 թ․-ի նպատակների ցանկում ունես մեկ շնչի  հաշվով ամենամարտունակ բանակը, բայց մյուս կողմից դու այսօր քայլեր ես անում, որոնք հակասում են այդ նպատակին։ Դու պաշտպանականը կրճատում ես, ինչպե՞ս ես ունենալու մեկ շնչի հաշվով ամենամարտունակ բանակը, թե՞ դա կարելի է մտածել 2040-ին։ Հենց այսօրվանից է պետք մտածել, որ 2050 թ․-ին ունենանք դա»։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ պատասխանատու պաշտոնյաների համար կոնկրետ ժամկետներ սահմանվեն․ «Պետք է առաջինը դրվի նպատակը, պետք է հայտարարվեն այդ ժամկետները։ Ես վստահ եմ, որ շատ հարցերում  պետական համակարգում կա այդ ռազմավարությունները մշակելու ներուժը։ Օրինակ, ունենք Ռազմարդյունաբերության կոմիտե։ Ես գիտեմ, որ մասնավոր հատվածում կան կազմակերպություններ, որոնք ռազմավարությունների նախագծեր են իրականացնում։ Պետք է նստել, միասին այդ սևագրերը նայել, եթե պետք է լրացնել կամ եթե լրիվ հիմարություն է գրած, ապա նորից անել, բայց միասին աշխատելով դա բերել վերջնական արդյունքի»։ Տիգրան Շահվերդյանը մի օրինակ է բերում, պատմում է, որ  տիեզերական գործունեության ռազմավարության հետ կապված նույնպես աշխատանքներ են տարվել, բաց կոնկրետ վերջնաժամկետներ չեն սահմանվել․ «Ես անձամբ եմ մասնակցել այդ աշխատանքային խմբին, որ մշակում է ռազմավարությունը։ Արդեն կես տարի է այդ աշխատանքային խումբը չի հանդիպել, չնայած այդ ռազմավարության սևագիրը ունեինք։ Եթե մեխանիզմ է ստեղծվում այդպիսի գործեր անելու,  պետական մարմինները հետևողական չեն լինում, որ աշխատանքը ճիշտ տարվի»։ Նրա կարծիքով՝ Հայաստանում կա ռազմարդյունաբերության զարգացման պոտենցիալ, այլ հարց է, թե ինչ մեթոդներով է փորձ արվում այդ պոտենցիալը զարգացնել, ինչ խոչընդոտներ կան պետություն-մասնավոր համագործակցության համար և արդյոք լուծումներ տրվում են այդ խոչընդոտներին․ «Ամենամեծ խոչընդոտներից մեկը, որ լսել ենք, ընդհանուր ԳՀՓԿ աշխատանքների հանդեպ կարծրացած վերաբերմունքի հարց կա։ Հաճախ սպասումը այն է, որ պատրաստի նմուշ է ստացվելու։ Այո, ի սկզբանե նպատակը այդպիսին պետք է լինի, բայց պետք է հասկանալ, որ գործ ունես ամբողջությամբ ոչ միանշանակ գործընթացի հետ, որոնք իրենց մեջ ի սկզբանե ունեն ռիսկային էլեմենտներ։ Զարգացվածության տարբեր աստիճաններում այդ ռիսկերը տարբեր են։ Եթե նույնիսկ չի ստացվել այն, ինչ նախատեսվում էր, չի նշանակում, որ ամբողջ աշխատանքը ջուրն է ընկել ու պետք է գնաս, մարդուն դատի տաս։ Հնարավոր է, որ աշխատանքնը իսկապես բարեխղճորեն արվել է, բայց գործի բնույթի հետ կապված եղել են խնդիրներ։ Դա պետք է հաշվի առնել և վերջում ոչ թե ըստ արդյունքի առկայության կամ բացակայության փաստով որոշվի, այլ արդյոք աշխատանքը նորմալ կատարվել է, թե ոչ, և նույնիսկ բացասական արդյունքն էլ տվյալ դեպքում պետք է արդյունք համարվի»։   Նանե Ավետիսյան
20:32 - 24 մայիսի, 2022
Գիտությանը հատկացվող բյուջեի բարձրացումներով չի ստացվի արդյունքի հասնել, եթե համակարգային մոտեցում չլինի. Խաչիկ Նազարյան

Գիտությանը հատկացվող բյուջեի բարձրացումներով չի ստացվի արդյունքի հասնել, եթե համակարգային մոտեցում չլինի. Խաչիկ Նազարյան

Անցած ամիս «Գիտուժ» նախաձեռնությունը նոր հայտարարությամբ էր հանդես եկել, որում, ի թիվս այլնի, հայտարարել էր, որ կառավարության կողմից գիտական հետազոտությունների հանդեպ ուշադրության դրական փոփոխություններն իրենց ողջ աննախադեպությամբ հանդերձ անիմաստ կդառնան, եթե չհստակեցվեն մեր երկրի նպատակները, չսահմանվեն դրանցից բխող Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների զարգացմանը նպաստող իրատեսական ու հավակնոտ ռազմավարական ծրագրերը՝ հիմնված խնդրիներին համակարգային և ամբողջական լուծումներ տալու և միջազգայնորեն մրցունակ մակարդակի հատկացումների հանձնառություն վերցնելու վրա։ Օրերս էլ «Գիտուժի» անդամները մամուլի ասուլիսով հանդես եկան և հայտարարեցին, որ գիտության հանդեպ կառավարության և Ազգային ժողովի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը։  Infocom-ը թեմայի շուրջ զրուցել է «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «VMware» ընկերության ինժեներական տնօրեն Խաչիկ Նազարյանի հետ։  Նազարյանը ընդգծում է՝ «Գիտուժ» նախաձեռնությունը ակտիվ  գործունեությունը սկսել է 44-օրյա պատերազմից հետո․ «44-օրյայից հետո վիճակը շատ սուր դարձավ: Մեր գլխավոր պահանջն այն էր, որ կառավարությունը երկարաժամկետ հանձնառություն ստանձնի, որ գիտության մեջ ներդրումները աճեն, լինեն անընդհատ ու երկարաժամկետ, ոչ թե միայն խոսքով, այլ նաև օրենքով դա պետք էր ամրագրել՝ ՀՆԱ-ի 1%-ը գիտությանը։ «Գիտուժի» վերջին հայտարարությունը տարբերվում է նրանով, որ ակնհայտ շեշտադրում կա պաշտպանական ոլորտի վրա, անվտանգության վրա, ինչպես նաև ահագին հարցեր ավելի բացված տեսքով ենք բարձրացրել, որովհետև զգում ենք, որ մեկ-երկու տողով պահանջը  հատկապես հանրության մոտ գուցե հստակ չհասկացվեց»։ Խաչիկ Նազարյանը նկատում է՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որ 3-4 տարի առաջ է ձևավորվել, արդեն 4 ղեկավար է փոխել, իսկ ԲՏԱ-ի ենթակայությամբ գործող Ռազմարդյունաբերության կոմիտեն 2 տարի է՝ ղեկավար չուներ․ «Այս ամենը հատկապես 44-օրյա պատերազմից հետո ընդհանրապես անհասկանալի է։ Արդեն դժվար է ասել, որ չկարողանալուց է, չիմացությունից է։ Շատ վատ ենթադրություններ խուսափում եմ անել, որ դա դիտմամբ է, որովհետև նմանվում է թշնամական գործողության։ Ամեն դեպքում, ենթադրությունն այն է, որ կամ չեն գիտակցում դրա կարևորությունը, կամ գիտակցում են, բայց չեն կարողանում անել։ Երկուսի դեպքում էլ արդարացումը զրո է, որովհետև գոյաբանական հարցի մասին ենք խոսում ու հապաղել ընդհանրապես չի կարելի, ինչ պատճառ էլ լինի, անընդունելի է»։ Նա նշում է, որ գուցե խնդիրները բարդ են, սակայն բարդ խնդիրները լուծելու դասական ձևեր կան և կան մարդիկ, որոնք կարող են աջակցել այդ հարցերում․ «Պոզիտիվ ենթադրությունն այն է, որ ամեն դեպքում գիտակցում են։ Մեր շփումներում, իրենց հրապարակային հայտարարություններում գիտակցության նման բան կա, գոնե բանավոր խոսքում։ Ստացվում է երկրորդը՝ գիտակցում են, չեն կարողանում անել։ Չկարողանալու դեպքում խնդիրը բարդ է, գուցե փորձառու չեն, գուցե շատ կադրեր չեն համաձայնում աշխատել, այդ բոլորը հասկանալի է, բայց բարդ խնդիրները լուծելու դասական ձևեր կան։ Մեծ խնդիրը չես վերցնում, որ կորես մեջը։ Փոքրացնում ես խնդիրը, մասնատում ես, հասկանում ես գոնե 1-2 ակնհայտ քայլեր, որ սա որ անես, երևի ճիշտ ուղղությունն է։ Կամ եթե ներուժ չունես, գոնե լսում ես համայնքին, իրենց բախտը բերել է, որ գոնե այս հարցում ահագին խելոք մարդ է հավաքվել իրար գլուխ, ուզում է օգնած լինի»,-ասում է նա՝ հավելելով՝ ամեն ոլորտում չի, որ նման կոնստրուկտիվ հասարակական շարժում կա, որը սրացումների չի գնում։  2021 թ․-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ ծրագրի» համար հատկացվել էր 4 միլիարդ 574 միլիոն դրամ, իսկ 2022 թ․-ին՝ 5 միլիարդ 200 միլիոն դրամ։ Այս ծրագրի շրջանակում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ են իրականացվում։ Կառավարությունը, սակայն, 2021 թ․-ին կատարված վերաբաշխումներով 2 միլիարդ 576 միլիոն դրամով կրճատել է նախապես պլանավորված բյուջեն, իսկ այս տարվա ապրիլի 7-ին կառավարության որոշմամբ ծրագրի բյուջեից 295 միլիոն դրամ է կրճատվել՝ գումարը այլ միջոցառման վրա ծախսելու հիմնավորմամբ։  Անդրադառնալով այս հանգամանքին՝ Խաչիկ Նազարյանը նշում է՝  սա գիտության թեմատիկայի մեջ ամենասուր հարցը պետք է լիներ Հայաստանում․ «Ղեկավարի չլինելը գուցե առարկայական չհասկացվի, ինչ-որ մարդիկ ասեն՝ լավ, ղեկավար չկար, բայց ժամանակավոր պատասխանատու կար, բայց մենք դրա հետևանքը տեսնում ենք ձեր բերած հարցի մեջ։ Ավելի ահավոր է վիճակը, երբ լսում ես արդարացման փորձերը, որ դե ծրագիր ներկայացնող չկա, ո՞նց ծախսենք, մենք փորձում ենք էֆֆեկտիվ ծախսել, սա հանրային գումար է․․․․ Դու հենց դրա համար ես, կառույցը դրա համար է, հակառակ դեպքում Պաշտպանության նախարարության վրա կմնար, ինքը կնստեր, կսպասեր ծրագիր ներկայացնեին։ Դու՝ որպես Ռազմաարդյունաբերության կոմիտե, որը ձևավորվել է լրիվ ուրիշ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մեջ, հենց դրա համար ես»։ Նրա խոսքով՝ գուցե սկզբում ներդրումները պետք է  արվեն միջավայրի ձևավորման համար, և այս հարցում Ռազմարդյունաբերության կոմիտեն ագրեգացիոն դեր ունի․ «Արդյոք դու բացահայտե՞լ ես, թե ինչն է խանգարում, երկիրը «յուրահատու՞կ» է, ոչ ոք չի՞ ուզում, մեր ձեռներեցները, բիզնեսմենները գժվե՞լ են, չեն ուզո՞ւմ ոչմիբանի մասնակցել, մենք «յուրահատո՞ւկ» ենք։ Ո՛չ։ Խանգարող բաներ կան, գուցե բյուրոկրատիայի հարցն է, գուցե «տոլերանտ» չեն ինովացիայի նկատմամբ, այսինքն՝ միայն պատրաստի բաներ եք ուզում, ինչպես անում էր ՊՆ-ն, բայց այդ կառույցի՝ կոմիտեի ձևավորման բուն նպատակին հակասող արդարացում է, որ դե ծրագրեր չկան, դրա համար բյուջեն վերաբաշխվեց»։  «Գիտուժի» անդամն ասում է՝ Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման հնարավորություններ կան, իսկ եթե պատասխանատու մարմինների կարծիքով՝ այդ պոտենցիալը չկա, ապա պետք է գործունեություն ծավալել այն ձևավորելու համար․ «Ես տեխնոլոգիական համայնքից եմ, գուցե կողմնակալ վերաբերմունք ունենամ, բայց այո, ես այդ պոտենցիալը տեսնում եմ։ Եթե իրենց տեսանկյունից նայենք, եթե նույնիսկ տեսնում են, որ պոտենցիալ չկա կամ թույլ է, որևէ ձևով չի արդարացնում իրենց մոտեցումը, որովհետև եթե չկա, ներդրումները հենց պետք է անել պոտենցիալի ձևավորման համար։ Եթե այդ պայմաններում դու մտածում ես, որ պոտենցիալ չկա ու մի հատ էլ գումարը վերաբաշխում ես, փոխանակ մտածես՝ բա լավ, ինչ անել, որ այդ պոտենցիալը ձևավորվի, այդ  պոտենցիալը հո մանանա՞ չի, որ երկնքից իջնի, դրանք մարդիկ են, որ ունեն այդ գիտելիքը, գործ պետք է անես, որ այդ պոտենցիալը առաջանա։ Գուցե ավելի սուր է հարցը, եթե պոտենցիալը կա, բայց չի օգտագործվում, բայց նույնիսկ  եթե այն ծայրահեղությունն  է, որ պոտենցիալը չկա, շատ լավ, արդար է, բա ո՞ւր է ձեր գործունեությունը, որ այդ պոտենցիալը ձևավորվի։ Եթե հուսահատվել եք, որ անհույս է, հնարավոր չի ունենանք, բյուջեն զրոյացրեք, հստակ ասեք, որ մենք սրանով չենք զբաղվելու, մեր պաշտպանությունը, անվտանգությունը ձևավորվելու է ինչ-որ հրաշքով»,-ասում է նա՝ նշելով՝ երկրում այլ շատ հարցեր կան, սակայն կան նաև հարցեր, որոնք անքննարկելի են և որոնցում ոչ ոք անհամաձայնություն չունի։  Խաչիկ Նազարյանը նշում է՝ բյուջեի բարձրացումներով չի ստացվի արդյունքի հասնել, եթե կառավարությունը երկարաժամկետ հանձնառություն չվերցնի, համակարգային մոտեցում չլինի․ «Համակարգային մոտեցման բացակայությունը ամեն տեղ ծակեր է տալիս։ Եթե ամբողջ խրոնոլոգիային չտիրապետող մարդը նայի իրավիճակին, զուտ թղթի վրա թվեր կարդալով կարող է տեսնել, որ անցած տարի էլ է բարձրացում եղել, իրենց բառերով՝ աննախադեպ, այս տարի էլ է եղել բարձրացում, արդյունքում կարող է պարզվել, որ թղթի վրա մեր ասածը իրականում տեղի է ունենում ու տեղի է ունեցել։ Կարող է նույնիսկ հասնենք նրան, որ 2022-2024 թթ․ տեսնենք, որ մեր ուզած  4 տոկոսը բյուջեի տողով շարադրած է, բայց արդյունքում ոչինչ չստանանք։ Եթե այսպես էլ մնա՝ կետային ներդրումներ արվեն, համակարգային մոտեցում չլինի, ուշադրությունը դրվի այն ամենի վրա, որը կոմֆորտ զոնա է, ավելի վատ է ստացվում։ Ստացվում է՝ մենք փոշիացնում ենք այդ ռեսուրսները»։ «Գիտուժի» անդամն ասում է՝ շատ են խոսել գիտական ներուժի ծերացման մասին, սակայն պետական պատվերով ասպիրանտական տեղերը շարունակում են մնալ 200. «200-ը նույնն է, կարծես մահամերձ հիվանդին ջուր տաս խմելու, որ չմեռնի․ հաստատ մեռնելու է։ Երբեմն միջանցքային բացատրություններ հնչում են, որ չկան, շատացնում ես տեղը, գալիս են ձևական, բայց մի անեկդոտ կա՝ մինչև լողալ չսովորես, ջրավազանում ջուր չեն լցնի։ Պարզ բան է, 200 տեղ չպիտի նախատեսվի, ամբիցիոզ թիվ պիտի նախատեսես ու այո, այն պաշտոնատար անձը, որ դրա համար պատասխանատու է, իր դիմաց պետք է դնել ժամկետներով հարց, որ այս կետին պետք է հասնել այս ժամկետներում ու հրապարակել, որ հանրությունն էլ հետևի, որ այս պաշտոնյայի վրա դրված է կոնկրետ այս ծրագիրը, մի քանի ամսից այս ինչ կետին պետք է հասնի, հանրությունն էլ հասկանա՝ ինչին է հետևում»։ Նույնը, Նազարյանի խոսքով, վերաբերում է  Սփյուռքի գիտնականների՝ Հայաստանում գործունեություն ծավալելուն․ «Ակնհայտ է, որ ներսի գիտուժը ծերանում է, ու ինչքան էլ փորձես լրացնել, տարիներ կտևի, մինչև լրանա։ Էլ որտե՞ղ կա ներուժ, որին հենց այսօր հնարավոր է ներգրավել։ Դա Սփյուռքն է։ Այստեղ էլի փոքր գործողություններ են, ոչ ամբիցիոզ ծրագրեր, որի արդյունքում մեկ երկու հոգի հազիվ գա։ Էլի պետք է երկարաժամկետ հանձնառություն նախատեսվի, այդ մարդիկ տեսնեն, որ այս պետությունը երկար է գնալու»։ Խաչիկ Նազարյանը Գերմանիայի կանցլերի հայտարարությունն է  հիշատակում  ու նշում, որ դա հզոր մեսիջ էր հանրության համար․ «Ուկրաինայի դեպքերից հետո, երբ իրենց փաստացի դեռ առարկայական վտանգ չէր սպառնում, կանցլերը միանգամից հայտարարեց, որ 2 տոկոս նախատեսում են հատկացնել պաշտպանականին ու ամրագրեց Սահմանադրության մեջ։ Այդ մեսիջի հզորությունը պատկերացնո՞ւմ եք․ իր ամբողջ հանրությանը, ձեռներեցներին ասում է, որ մեխելու եմ, որ ոչ մի քաղաքական ուժ չգա ու փոխի, հանգիստ ներգրավվեք այդ գործի մեջ, ներդրումներ արեք։ Դա է ամբիցիոզ գործողությունը, որ չի արվում»։   Նանե Ավետիսյան
16:07 - 16 մայիսի, 2022
Գիտության հանդեպ Կառավարության և ԱԺ-ի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը՝ վտանգելով պետականությունը․ «Գիտուժ» նախաձեռնություն

Գիտության հանդեպ Կառավարության և ԱԺ-ի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը՝ վտանգելով պետականությունը․ «Գիտուժ» նախաձեռնություն

Երեկ՝ մայիսի 10-ին տեղի ունեցավ «Գիտուժ» նախաձեռնության մամուլի ասուլիսը՝ «Գիտության հանդեպ Կառավարության և ԱԺ-ի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը՝ վտանգելով պետականությունը» թեմայով։ Նախաձեռնության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև։ «Կարճ քննարկման ընթացքում ներկայացրած մտքերը։ Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների բյուջեն ամբողջությամբ չի յուրացվում՝ անգամ պատերազմից հետո Կառավարությունն ու ԱԺ-ն շարունակում են չգնահատել Հայաստանին ուղղված մարտահրավերների հաղթահարման և գիտական ներուժի արդյունավետ օգտագործման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) աշխատանքների զարգացման միջև եղած ուղղակի կապը: Ցավոք սրտի, 44 օրյա պատերազմից հետո այդ վերաբերմունքը չի փոխվել։ Նման վերաբերմունքը կարող է ունենալ երկու պատճառ. առաջինը պաշտպանական կարողությունները զարգացնելու ցանկության բացակայությունն է, երկրորդը՝ դա անելու անունակությունը, երբ չես կարողանում նպատակներ ձևակերպել և դրանք իրականացնելու համար կադրեր գտնել։ Երկու մոտեցումն էլ մեր դեպքում անընդունելի է, քանի որ Հայաստանն այսօր կանգնած է բազմաշերտ գոյաբանական մարտահրավերների առջև. Գիտուժի անդամ, «EarlyOne» ընկերության հիմնադիր Գևորգ Սաֆարյան։ Ըստ Գիտուժի անդամ, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի՝ պետական տարբեր ատյաններում շատ է խոսվում այն մասին, որ «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների» համար Կառավարությունը բյուջեով գումարներ հատկացնում է, սակայն մարդիկ չեն դիմում, նախագծեր չեն ներկայացնում։ «Պատկերացնում եք՝ ինչ կլիներ ԱՄՆ-ի զինված ուժերի հետ, եթե այդ պետության կողմից ստեղծված Պաշտպանության առաջադեմ հետազոտական նախագծերի գործակալությունը (DARPA) չկատարեր իր գործառույթը՝ հետազոտություններ չաներ, ընկերությունների առջև նպատակներ չդներ՝ խնդիրներ իջեցնելով, պատվեր չձևակերպեր։ ԱՄՆ-ում կլիներ նույն վիճակը, ինչ մեզ մոտ է. պետությունը կհատկացներ գումարներ, և դրանք չէին յուրացվի, քանի որ ոչ մի առանձին ընկերություն ունակ չի լիովին մարսել առկա խնդրիրների ամբողջականությունը, դա պետության գործառույթն է։ Այդ նպատակով է ստեղծվել DARPA-ն՝ մասնագետներով հագեցված այն գաղափարական կենտրոնը, որը հետազոտություններ է անում, ուրվագծում է պետության համար առաջնահերթությունները, ֆինանսավորում է պաշտպանական բնագավառում արդիական և կարևոր գիտական ուղղությունները և այլն»։ Գրեթե նույն գործառույթը կատարելու համար է Հայաստանում ստեղծվել ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեն (ՌԱԿ), բայց երկու տարի է՝ այն նախագահ չուներ, և հատկացված բյուջեներն անդընդհատ կրճատվում են։ Հիմա նախագահ նշանակել են, բայց չկա ռազմավարություն և այդ ռազմավարությանը համապատասխանող ծրագրեր։ Պարզաբանում։ 2021թ. պետական բյուջեից ԲՏԱ նախարարության «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի համար հատկացվել էր մոտ 4 մլրդ 574 մլն դրամ, 2022-ին՝ 5 մլրդ 200 մլն դրամ։ 2021 թվականի վերջին Կառավարության երկու որոշումներով «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրից գումարային կրճատվել է 2 մլրդ 576 մլն դրամ (~56%): Ծրագրի բյուջեից կրճատում է տեղի ունենում նաև սույն թվականի ապրիլի 7-ին՝ այս անգամ 295 մլն դրամ։ Ըստ Գիտուժի անդամ, «Granatus Ventures» ընկերության համահիմնադիր Մանուկ Հերգնյանի՝ բազմաթիվ անվտանգային մարտահրավերների առջև կանգնած Հայաստանում այս մոտեցումն անընդունելի է, հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Չի կարելի նստել և սպասել, որ տարբեր ընկերություններ ձեզ մոտ կգան իրենց նախագծերով և քանի որ իրենք չեն գալիս կրճատել «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի բյուջեն։ Ռազմարդյունաբերական հետազոտությունների պատվերը պետք է ակտիվորեն ձևավորվի եւ բխի զինված ուժերի տեխնոլոգիական վերազինման կարիքներից, վերջինս էլ զինված ուժերի համապարփակ վերափոխման կարիքներից։ Շարունակելով թեման՝ Մանուկ Հերգնյանը նշում է, որ խնդիրը խորանում է նաև այս բնագավառում պատվերների ձևավորման մոտեցման հետևանքով, որն ավելի շատ պատրաստի ապրանքի գնման տրամաբանությամբ է կառուցված՝ ներառելով նաև պատժի մեխանիզմներ։ Բացակայում է ռիսկի որոշակի մակարդակի թույլտվությունը, իսկ ինովացիան առանց ռիսկի չի լինում։ Հարկավոր է ոլորտում վստահության որոշակի դաշտ ստեղծել, որպեսզի այն զարգանա։ Հայաստանում գիտություն զարգացնելու համար պետք է ռեսուրսների գնահատում, նպատակների հստակեցում, հավակնոտ ռազմավարությունների մշակում և իրագործում Ըստ «Գիտուժի» անդամ, «Krisp» ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանի՝ Հայաստանում գիտության և ԳՀՓԿ աշխատանքների զարգացման համար հարկավոր են բնագավառային ռազմավարություններ՝ գերակա գիտական ուղղություններում։ Օրինակ՝ արհեստական բանականության (AI) բնագավառում Հայաստանն ունի շատ մեծ պոտենցիալ, և այն նպատակային զարգացնելու դեպքում՝ մենք կարճ ժամանակում կարող ենք գրանցել լուրջ և շոշափելի արդյունքեր, այդ թվում՝ նաև պաշտպանական բնագավառներում։ Զուգահեռ պետք է իրականացվեն գիտական համայնքի ծերացումը կանխող մասշտաբային ծրագրեր։ «Հայաստանում գիտաշխատողների քանակի շարունակվող նվազումն աղետալի չափերի է հասնում, և դրա դեմն առնող ծրագրերն իրենց մասշտաբներով անհամատեղելի են։ Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է նման ահազանգող թվերով գիտական համայնքի ծերացումը տեսնել և պետական պատվերով ասպիրանտական տեղերի թիվը տարիներով 200 թողել կամ ֆունդամենտալ գիտության համար հատկացրած այս տարվա բյուջեից (25 մլրդ դրամ) միայն 1 մլրդ դրամ հատկացնել նոր ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են գիտության երիտասարդացմանը, արտասահմանցի գիտնականների ներգրավմանը»,- նշում է Արտավազդ Մինասյանը։ Հայաստանը չի կարող առանց գիտության ապագա ունենալ։ Իսկ գիտության հարկավոր է «նոր արյուն»՝ երիտասարդ գիտնականների ներհոսք և արտասահամանցի գիտնականների ներգրավում 2021թ. Կառավարության որոշումներով գումարային 2 մլրդ դրամով ավելացվում են գիտության համար հատկացումները, իսկ 2022-ի բյուջեում նախատեսվում է հավելյալ մոտ 10 մլրդի ավելացում։ Սա, չափազանց կարևոր քայլ լինելով հանդերձ, ոչ համակարգային տեղային լուծում է։ «Հայաստանում գիտությունը վերակենդանացման բաժնում է, մահի վտանգը շատ բարձր է, մեր իշխանություններն էլ որոշել են, որ վերջ, ամեն ինչ լավ է, բարձրացրինք ֆինանսավորումը, «հիվանդին» տեղավորեցինք հիվանդանոց», գիտության հարցը լուծված է։ Իրենք չեն գիտակցում, որ, եթե գիտությունը վտանգված է, վտանգված է նաև Հայաստանը, քանի որ Հայաստանը չի կարող առանց գիտության ապագա ունենալ, սա պետք է հստակ հասկանալ։ Միայն մեր երկրի գիտական ներուժը զարգացնելով՝ մենք կկարողանանք լուծել մեր առջև ծառացած մարտահրավերները։ Իսկ զարգացում հնարավոր է միայն խնդրին համապարփակ և ամբողջական լուծում տալով՝ երկարաժամկետ հեռանկարի մասին մտածելով»,-ասուլիսի ժամանակ նշում է Արամ Փախչանյանը։ Հայաստանում գիտությունը միջազգայնորեն մրցունակ դարձնելու համար պետք է օգտագործել Սփյուռքի գիտական ներուժը։ «Ես անձամբ ճանաչում եմ բազմաթիվ տաղանդավոր գիտնականների, որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Հայաստանում գիտության զարգացման մեջ, տեղափոխվել Հայաստան։ Սակայն իրենք չեն գա, որովհետև չեն տեսնում, որ պետությունը վերցնում է հանձնառություն երկար տարիներ զարգացնել գիտությունը։ Երբ «Գիտուժ» նախաձեռնությունը ստեղծվեց, առաջին օրից առաջարկում ենք գիտության և ԳՀՓԿ համար հատկացումների չափն (ՀՆԱ-ի առնվազն 1%) ամրագրել ՀՀ գիտության ոլորտը կարգավորող օրենքում, սական բոլոր կողմերից ստանում ենք ուժեղ դիմադրություն։ Ամեն բան ուզում են անել, որ դա չլինի։ Եթե դու չունես ռազմավարական հորիզոն, չես մտածում ապագայի մասին, կենտրոնանում ես առօրյա կամ խիստ կարճաժամկետ խնդիրների լուծումների վրա», - նշեց Արամ Փախչանյանը։  Հայաստանում գիտությունը «հիվանդի» կարգավիճակից հանելու համար պետք է բնագավառի թռիչքային և շարունակական զարգացումն ապահովող համակարգ ստեղծել Ֆունդամենտալ գիտության համար հատկացումը 10 մլրդ ավելացնելուց հետո Կառավարությունը կարծում է, որ «գնդակը գիտնականների դաշտում է»։ Տպավորություն է ստեղծվում, որ Կառավարությունը մտածում է աննախադեպ ավելացում են արել հիմա պետք է սպասեն տեսնեն՝ ինչ կլինի։ Սա անլուրջ մոտեցում է։ Մեզ պետք է գիտության շարունակական զարգացման համակարգ կառուցելու, երբ պետությունն իր ողջ ներուժով, նախարարություններով և գերատեսչություններով լծված է երկիրը գիտահենք դարձնելու նպատակի իրականցմանը։ Այսօրվա մոտեցմամբ՝ տեղային լուծումներով և կիսաքայլերով նման համակարգ չես ստեղծի։ Ըստ Արամ Ջիվանյանի՝ երբ «Գիտուժը» Կառավարությունից պահանջում է ռազմավարություն չի ուզում տեսնել հերթական բազմաթիվ էջեր ունեցող և մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ պահարաններում փոշոտվող փաստաթուղթ։ Ռազմավարությունը պետք է բխի երկրի նպատակներից, հստակ ձևակերպված կարիքներից։ Այն պետք է գրվի ռեսուրսների գույքագրում անելուց հետո՝ իրագործման հստակ քայլերով և ժամանակացույցով։ Հայաստանում բոլոր նախարարությունները պետք է ունենան գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) բաժին՝ համապատասխան բյուջեով Արամ Փախչանյանը հավելում է, որ Հայաստանում բոլոր նախարարությունները պետք է ունենան գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) բաժին՝ համապատասխան բյուջեով։ Ընդ որում՝ նախարարությունները պետք է այդ բյուջեներն ամբողջությամբ իրացնելու կարողություն ունենան, այլ ոչ թե գումարի չափը հաստատվեն, բայց տարվա վերջում կրճատեն կամ պահեն պահուստային ֆոնդում, որից էլ վերջում պարգևավճարներ կտրվեն։ Նրա խոսքով՝ նախարարները պիտի զեկուցեն, թե ինչ բարձր մակարդակի՝ համաշխարհային չափանիշերին համապատասխան նոր հետազոտություններ են նախաձեռնել, ինչ արդյունքներ ունեն, եթե արդյունքներ չկան, նրանք այդտեղ անելիք չունեն։ Այլ կերպ հնարավոր չի ամրապնդել անվտանգություն, տնտեսություն զարգացնել, ունենալ մրցունակ գյուղատնտեսություն, ուժեղ դիվանագիտություն, գրանցել բարձր տեխնոլոգիական ոլորտի աճ կամ հեռանկարային զարգացման այլ խնդիրներ լուծել»։
12:54 - 11 մայիսի, 2022
Առանց պետական նպատակների հստակեցման և հավակնոտ ռազմավարական ծրագրերի Հայաստանի անվտանգության ապահովումն անհնար կլինի․ «Գիտուժ»

Առանց պետական նպատակների հստակեցման և հավակնոտ ռազմավարական ծրագրերի Հայաստանի անվտանգության ապահովումն անհնար կլինի․ «Գիտուժ»

«Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայաստանում 2021թ. գիտական հետազոտությունների հանդեպ ուշադրության դրական փոփոխություններն իրենց ողջ աննախադեպությամբ հանդերձ անիմաստ կդառնան, եթե չհստակեցնենք մեր երկրի նպատակները, չսահմանենք դրանցից բխող գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (ԳՀևՓՄ) իրատեսական ու հավակնոտ ռազմավարական ծրագրերը՝ հիմնված խնդրիներին համակարգային և ամբողջական լուծումներ տալու և միջազգայնորեն մրցունակ մակարդակի հատկացումների հանձնառություն վերցնելու վրա։ Մեկ տարի առաջ՝ փետրվարի 14-ին, մեկնարկվեց «Գիտուժ» նախաձեռնությունը՝ որի նպատակն էր առաջնահերթություն դարձնել Հայաստանի թռիչքային զարգացմանը նպաստող և անվտանգությանը ծառայող հզոր գիտական ներուժի զարգացումն ու արդիականացումը։ Պահանջի շուրջ համախմբվեցին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հարյուրավոր գործարարներ, խոշորագույն ասոցացիաներ և հիմնադրամներ։ Վերջին տարվա ընթացքում բոլորս ականատես եղանք գիտության նկատմամբ ուշադրության շեշտակի բարձրացմանը, արձանագրեցինք գիտական էկոհամակարգի զարգացմանն ուղղված մի շարք կարևոր փոփոխություններ։ Մասնավորապես, դրական զարգացումներից են. 2021-2022թթ. ԿԳՄՍ նախարարության Գիտության Կոմիտեի (ԿԳՄՍՆ ԳԿ) կողմից մի քանի նոր և կարևոր գիտական ծրագրերի մեկնարկը, գիտնականների որակավորման իրականացումը ու բազային աշխատավարձերի բարձրացումը, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների համակարգի պահպանման հարցում դիրքորոշման դրական փոփոխությունը։ Միևնույն ժամանակ, այս դրական փոփոխություններին զուգահեռ շարունակում են ընթանալ պետական կարիքներից բխող ԳՀևՓՄ-ի իրականացմանը և գիտական էկոհամակարգի զարգացմանը խոչընդոտող խիստ բացասական գործընթացներ։ Մասնավորապես,  2021թ. «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի բյուջեն լիարժեքորեն չի կատարվել։ Ծրագրի համար նախատեսված բյուջեի մեծ մասը ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխվել է այլ ծախսերի համար։ Ավելին, այդ ծրագրի իրագործման համար պատասխանատու ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեն (ՌԱԿ) վերջին երկու տարվա գրեթե ողջ ընթացքում չի ունեցել ու այսօր էլ չունի նախագահ։ ՀՀ կառավարության որոշմամբ 2021թ. հուլիսի 12-ին ընդունվեց 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը ենթադրում էր 2022թ. ԿԳՄՍՆ ԳԿ բյուջեի նվազեցում։ Այս որոշման գոյության պատճառով մոտ հինգ ամիս (մինչև 2022թ. պետական բյուջերի հաստատում) հետաձգվեց ԿԳՄՍՆ ԳԿ-ի՝ վերևում արդեն հիշատակած նոր ծրագրերի մեկնարկը։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում դեռևս բացակայում են ԳՀևՓՄ կամ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացումների պաշտպանվածության դրույթները։ Պետական պատվերով ասպիրանտական տեղերը վերջին տարիների ընթացքում շարունակում են մնալ սակավաթիվ (մոտ 200 ամեն տարի), և ըստ նախապատրաստվող որոշման, նույնն են մնալու 2022-2023թթ. ուստարվա համար։ Մնջոյանի անվան օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ջրավազանի տարածքում շարունակվում է բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը՝ առանց կենտրոնի գոյությունը վտանգող ռիսկերին պատշաճ գնահատական տալու։ Նմանատիպ գործընթացներ են նկատվում այլ գիտական ինստիտուտներին կից կամ անմիջապես տարածքում։  Արդեն մոտ մեկ տարի է չի հաստատվում տեխնոլոգիայի փոխանցման կամ առևտրայնացման գրասենյակի հայեցակարգը և բյուջեն։ Վերոնշյալ բացասական գործընթացներն առաջացել և ծավալվում են պետական նպատակների անհստակության, հավակնոտ ռազմավարական ծրագրերի բացակայության և, ամենացավալին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ու նպատակային ԳՀևՓՄ-ի զարգացման միջև եղած ուղղակի կապին համապատասխան կարևորություն չտալու պատճառով։ Հաշվի առնելով այս ամենը՝ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը. Մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման նպատակների ցուցակից և ՀՀ կառավարության ծրագրում նշված թիրախներից բխող բնագավառային ռազմավարությունների ընդունման ժամանակացույց հայտարարել ու համապատասխան պատկան մարմիններին հստակ վերջնաժամկետով հանձնարարել դրանց մշակումը։Մասնավորապես, անհապաղելի են պաշտպանական, հայագիտական, արհեստական բանականության, տիեզերական, կենսատեխնոլոգիաների և ագրոտեխնոլոգիաների բնագավառների համար պետական կարիքներից բխող, չափելի թիրախներով, միջոցառումների ցուցակով և հստակ բյուջեով ԳՀևՓՄ հավակնոտ ռազմավարությունների մշակումն ու իրականացումը։  ԿԳՄՍ նախարարությանը հանձնարարել վերոհիշյալ ռազմավարությունների հիման վրա հստակ ժամկետներում մշակել գիտական գերակա ուղղությունների ցուցակը ու գիտական հետազոտությունների զարգացման ռազմավարությունը։ Առաջիկա երեք ամսվա ընթացքում լրացնել պաշտպանական ԳՀևՓՄ-ի համար պատասխանատու պետական կառույցի ղեկավարի թափուր տեղը՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետով։  Մոտակա երեք ամսվա ընթացքում հաստատել տեխնոլոգիայի փոխանցման գրասենյակի հայեցակարգը, բյուջեն ու մեկնարկել կառույցի գործունեությունը։ Ավելացնել 2022-2023թթ. ուստարվա համար ասպիրանտական տեղերի պետական պատվերի քանակը և հանձնառություն վերցնել այդ քանակն առնվազն եռապատկել՝ մինչև 2025թ.։ Հանձնառություն վերցնել մինչև 2025թ. առնվազն 50%-ով ավելացնել մեկ շնչի հաշվով գիտնականների քանակը Հայաստանում։ Օրենքով ամրագրել, որ ԳՀևՓՄ-ի համար պետական հատկացումները պետք է աստիճանաբար աճեն՝ 2025թ. սկսած կազմելով պետական բյուջեի առնվազն 4%: Հանձնարարել 2022թ. ընթացքում մշակել ԳՀևՓՄ-ն կարգավորող օրենքներում բարեփոխումների նախագիծը, անցկացնել հանրային քննարկում և մինչև 2022թ. ավարտը մտցնել Ազգային ժողովի օրակարգ։ Նախագիծը, մասնավորապես, պետք է ներառի գիտական նյութեր և սարքավորումներ ձեռք բերելու հարցում գիտական հանրության կողմից բազմիցս բարձրաձայնած խնդիրների լուծումները։  2050թ. Հայաստանի Հանրապետության նպատակների մեջ ներառել. Մեկ շնչին ընկնող գիտնականների քանակով և ՀՆԱ-ի նկատմամբ ԳՀևՓՄ-ի համար հատկացվող համախառն ներքին ծախսերի չափաբաժնով լինել աշխարհի առաջատար տասնյակի մեջ։ WIPO Global Innovation Index կամ համարժեք վարկանիշային զեկույցում լինել աշխարհի առաջատար 15 նորարարական երկրների ցուցակի մեջ։ «Գիտուժ» համայնքն իր առաջիկա գործունեության կարևորագույն կետերից է համարում վերոնշյալ խնդիրների լուծմանը հետամուտ լինելը և պատրաստակամ է աջակցել այս գործընթացի բարեհաջող իրականացմանը»։
13:59 - 05 ապրիլի, 2022
Համատեղ ուժերով պետք է իրականացնել գիտության զարգացմանն ուղղված քայլեր. Դումանյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին

Համատեղ ուժերով պետք է իրականացնել գիտության զարգացմանն ուղղված քայլեր. Դումանյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունվարի 21-ին ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը: Նախարար Վահրամ Դումանյանը, կարևորելով նմանօրինակ ձևաչափով հանդիպումները, նշել է, որ համատեղ ուժերով պետք է իրականացնել գիտության զարգացմանն ուղղված քայլեր: Կյանքի կոչվող ծրագրերի բարեփոխումներից և ծավալի ավելացումից զատ, ըստ նախարարի, այս տարի կիրականացվեն թեմատիկ ֆինանսավորմանն ուղղված նոր ծրագրեր, որոնք կնպաստեն Սփյուռքի գիտական ներուժի ներգրավմանը: «Մեր նպատակը նույնն է. ցանկացած լավ գաղափար պետք է անընդհատ սնուցել և  անել հնարավորը՝ արտերկրի մեր գիտնական հայրենակիցների շրջանում վստահություն ներշնչելու և նրանց համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար, որպեսզի կարողանան Հայաստանում բնակվող իրենց գործընկերների հետ իրականացնել համատեղ նախագծեր: Գիտության զարգացման համար պատասխանատու պետական կառույցները և «Գիտուժ» նախաձեռնությունն իրենց փորձով, գիտելիքներով, հմտություններով և առկա գործիքակազմով պետք է աջակցեն միմյանց՝ համատեղ ուժերով հասնելու վերոնշյալ նպատակների իրականացմանը՝ երկարաժամկետ կտրվածքով հաջողության գրանցելու նպատակով»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ գիտության զարգացման հարցում առաջնային է արդյունքի չափելիության մեխանիզմների մշակումը: Նա նաև ընդգծել է, որ պետական բյուջեի հատկացումները պետք է ծառայեցնել հստակ խնդիրների լուծմանը: Ըստ «Գիտուժ» նախաձեռնության անդամների՝ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ունի գիտության ֆինանսավորմանն ուղղված հետաքրքիր և արդյունավետ ծրագրեր, որոնց առաջխաղացման, ինչպես նաև տեղի ու արտերկրի հայ գիտնականներին դրանց մասին իրազեկելու և նրանց ներգրավելու համար անհրաժեշտ է մարքեթինգային արհեստավարժ ու մրցունակ թիմ: Նրանք բարձրաձայնել են այս տարի Գիտության կոմիտեի կողմից թեմատիկ ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի մասին, որոնք ենթադրում են արտերկրում բնակվող հայ գիտնականի՝ Հայաստանում լաբորատորիա ստեղծելու և գիտական գործունեություն ծավալելու հնարավորություն: Այդ նպատակով նախաձեռնության անդամներն առաջարկել են իրականացնել արտերկրի հայ գիտնականների քարտեզագրում և թիրախավորված նրանց հասանելի դարձնել պետական աջակցությամբ տրամադրվող ծրագրերի և Հայաստանում գործունեություն ծավալելու կամ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորության մասին: Այդ գործընթացում նախաձեռնության անդամները պատրաստակամություն են հայտնել մասնակցել մարքեթինգային թիմի ձևավորմանն ուղղված աշխատանքներին, թիմի անդամների հետ իրականացնել շարունակական վերապատրաստումներ և ներգրավվել ծրագրերի հաջողության չափելիության և գնահատման ռազմավարության գործընթացներում: Հանդիպման ավարտին համատեղ քննարկումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ի նպաստ Հայաստանում գիտության առաջընթացի և ոլորտում առկա խնդիրների լուծման:
16:55 - 21 հունվարի, 2022
Ողջունում ենք Կառավարության գործողությունները. «Գիտուժ»-ի հայտարարությունը` «ՀՀ 2022 թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

Ողջունում ենք Կառավարության գործողությունները. «Գիտուժ»-ի հայտարարությունը` «ՀՀ 2022 թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

«Գիտուժ»-ի հայտարարությունը «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ․ Դեկտեմբերի 8-ին Ազգային Ժողովն ընդունեց 2022թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Համաձայն օրենքի՝ 2022թ. «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր» տողով (դասիչ 1162) նախատեսված է հատկացնել մոտ 25.15 մլրդ. դրամ [1]: Համեմատելով 2021թ. բյուջեում նույն տողով նախատեսված հատկացումների հետ, որոնք պետք է կազմեին մոտ 13.76 մլրդ. դրամ, կարող ենք գրանցել նախատեսված հատկացումների մոտավորապես 83% աճ: Պարզաբանում. Կառավարության՝ մարտի 18-ի 371-Ն (կրճատում) և ապրիլի 8-ի 524-Ն (ավելացում) բյուջեում վերաբաշխումների մասին որոշումների համաձայն գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի համար 2021թ. հատկացումներն ավելացվել էին գումարային 2 մլրդ. դրամով՝ կազմելով մոտ 15.76 մլրդ. դրամ: Սա նշանակում է, որ 2021թ. փաստացի հատկացումների համեմատ 2022 թ. նախատեսվում է մոտ 60% աճ: Հայաստանում գիտական էկոհամակարգի արագընթաց առողջացմանը և զարգացմանը միտված պայմաններ ստեղծելու համար «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ Կառավարությանը ու Ազգային Ժողովին ուղղված իր պահանջում [2] կոչ էր անում կատարել առնվազն երեք գործողություն. 2021թ. առնվազն 50% տոկոսով ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացումները: ՀՀ գիտության բնագավառը կարգավորող օրենքում ամրագրել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները պետք է աստիճանաբար աճեցնելով 2024թ. հասցնել բյուջեի առնվազն 4%-ին (մոտավորապես ՀՆԱ-ի 1%): Լիազոր պետական մարմնին հանձնարարել 2021թ. իրականացնել գույքագրում, վերլուծություն, բյուջեի աստիճանաբար աճի հանձնառության հիման վրա ռազմավարության մշակում և իրականացման մեկնարկ: «Գիտուժ» նախաձեռնությունը, հաշվի առնելով գիտության 2021թ. բյուջեի և 2022թ. նախատեսած բյուջեի աննախադեպ ավելացումները, առաջին կետը համարում է ուշացումով կատարված։ Կարևոր է ընդգծել նաև գիտնականների բազային աշխատավարձերի աստիճանաբար ավելացման մասին Կառավարության մայիսի 13-ի 747-Լ որոշումը և 2022-2025թթ. գիտության համար հատկացումներն ամեն տարի 3-5 մլրդ. դրամով ավելացնելու մասին ապրիլի 14-ին վարչապետի ԱԺ-ում կատարած հանրային խոստումը: Ողջունում ենք Կառավարության այս գործողությունները և ակնկալում ենք, որ 2022 թ. գիտության համար բյուջեով նախատեսված հատկացումները կիրականացվեն ժամանակին և ամբողջ ծավալով՝ առանց որևէ կրճատումների: Դրական առաջընթացն արձանագրելով և ողջունելով հանդերձ՝ պետք է արձանագրենք, որ դեռ անկատար են մնում մեր պահանջի երկրորդ և երրորդ կետերը։ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների և ռիսկերի առջև։ Այդ մարտահրավերներին դիմակայելու և ռիսկերը մեղմելու կամ ամբողջությամբ վերացնելու գործընթացը կարող է հիմնված լինել միայն ամենաարդիական գիտահետազոտական և փորձարարական կարողությունների վրա՝ թե՛ մաթեմատիկական-բնագիտական, թե՛ հասարակական ու հումանիտար գիտությունների մեջ: Ամեն օր հապաղելով ու հետաձգելով համարձակ հանձնառության վրա հիմնված պետական կարիքներից բխող ռազմավարության մշակումը և իրագործումը՝ մենք նպաստավոր պայմաններ ենք ստեղծում մեր առջև ծառացած մարտահրավերներից բխող վտանգների և ռիսկերի իրականացման համար։ Գիտուժի օրեցօր աճող համայնքն անընդունելի է համարում ցանկացած հապաղում այս կենսական հարցում և հետևողական է լինելու վերոնշյալ պահանջների ամբողջական և շուտափույթ կատարմանը: Հղումներ. [1] http://parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=12781&Reading=0 , Հավելված N1, աղյուսակ N2  [2] https://gituzh.am/պահանջ/   
13:12 - 21 դեկտեմբերի, 2021