«Արևելյան գործընկերություն» նախաձեռնություն

Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը

Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը

Երևանում այսօր տեղի է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը, որին մասնակցել են Արևելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերի պատվիրակությունների ղեկավարները: Նիստի ընթացքում Արևելյան գործընկերության երկրների պատգամավորները ներկայացրել են իրենց երկրներում ընթացիկ քաղաքական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն: Քննարկվել են նաև Եվրոպական միությունում և Արևելյան գործընկերության տարածաշրջանում անվտանգային և քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Փետրվարի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի են ունենալու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը:
18:02 - 21 փետրվարի, 2022
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին

Վարչապետի լրատվական ծառայությունը հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում` Եվրոպական խորհրդում, մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են ԱԼԳ մասնակից պետությունների` Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի առաջնորդները, ինչպես նաև Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարները: Մինչ լիագումար նիստի մեկնարկը տեղի է ունեցել ԱԼԳ մասնակից երկրների առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական միության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԵՄ-ում նախագահող Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ: Լիագումար նիստի սկզբում ողջույնի խոսքով գագաթնաժողովի մասնակիցներին դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, այնուհետև ելույթներով են հանդես եկել ԱԼԳ մասնակից երկրների, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների ղեկավարները: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակում Եվրոպական միության հետ համագործակցությանը, մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և ժողովրդավարության ամրապնդման քայլերին, փոքր և միջին բիզնեսի, ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: ԱԼԳ 6-րդ գագաթնաժողովը կենտրոնանում է առանցքային հինգ ոլորտների՝ տնտեսության, կառավարման, շրջակա միջավայրի, թվայնացման և հասարակությունների ուղղությամբ աջակցության վրա։
23:23 - 15 դեկտեմբերի, 2021
Բրյուսելում այսօր կանցկացվի Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովը |azatutyun.am|

Բրյուսելում այսօր կանցկացվի Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի առաջնորդները այսօր Բրյուսելում կանցկացնեն Արևելյան գործընկերության ծրագրի 6-րդ գագաթնաժողովը։ Հանդիպումն առաջին անգամ կանցկացվի առանց Բելառուսի, որն այս ամառ դադարեցրել էր իր մասնակցությունը ծրագրին՝ երկրի դեմ ԵՄ պատժամիջոցների պատճառով։ Ուստի գագաթնաժողովում Բելառուսի պաշտոնական ներկայացուցիչներ չեն լինի, իսկ Մինսկը ներկայացված կլինի «դատարկ աթոռով, առանց դրոշի»։ Ինչպես նախօրեին լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, գագաթնաժողովի օրակարգում են, մասնավորապես, համաճարակի, Արևելյան գործընկերության երկրներում բարեփոխումների և ծրագրին ԵՄ հավատարմության հետ կապված հարցեր։ Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն նաև տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, այդ թվում՝ Ուկրաինայի, Բելառուսի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։
10:39 - 15 դեկտեմբերի, 2021
Ձգձգվող հակամարտությունները տարածաշրջանում շարունակում են հիմնարար խնդիր լինել և նոր ջանքեր են պահանջում. Շառլ Միշելը հայտնել է ԵՄ պատրաստակամությունն՝ աջակցելու ԼՂ հակամարտության կարգավորմանը |tert.am|

Ձգձգվող հակամարտությունները տարածաշրջանում շարունակում են հիմնարար խնդիր լինել և նոր ջանքեր են պահանջում. Շառլ Միշելը հայտնել է ԵՄ պատրաստակամությունն՝ աջակցելու ԼՂ հակամարտության կարգավորմանը |tert.am|

tert.am: ԵՄ-ն պատրաստ է իր դերակատարությունն ունենալ հակամարտությունների կարգավորման և կանխման հարցում: Դա ներառում է վստահության ամրապնդումն ու աջակցումը համապարփակ ու կայուն կարգավորմանն, այդ թվում՝ հետհակամարտային վերականգնմանն ուղղված միջոցառումների հարցում: Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ելույթ ունենալով «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովում:«Միայն քաղաքական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է բերել կայուն կարգավորման: Ձգձգվող հակամարտությունները տարածաշրջանում շարունակում են հիմնարար խնդիր լինել: Դրանք նոր ջանքեր են պահանջում՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:
11:10 - 01 դեկտեմբերի, 2021
Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Ադրբեջանի սադրանքների և երկրում ժողովրդավարության բացակայության վերաբերյալ

Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Ադրբեջանի սադրանքների և երկրում ժողովրդավարության բացակայության վերաբերյալ

Նոյեմբերի 23-ին Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսանությունը։ Նշվում է, որ բանաձևերից մեկում խորհրդարանը կոչ է անում Կառավարությանը համատեղ աշխատել ԵՄ հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու նպատակով և կարժ ժամանակահատվածում արդյունքների մասին զեկուցել խորհրդարանին։ Երկրորդ բանաձևում հիշատակվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ խոսքի, մամուլի ազատության հարցերում առկա լրջագույն խնդիրների մասին, որոնք գնալով ավելի են խորանում։ Բանաձևն անդրադառնում է նաև Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների խնդրին։ «Հաշվի առնելով ս.թ. դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցությունը՝ մի երկրի, որը հեռու է ԵՄ արժեքներից՝ Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում Կառավարությանը՝ ԱԼԳ շրջանակում ԵՄ-Ադրբեջան բանակցությունների ժամանակ հետևություններ անել վերոնշյալ իրավիճակներից»,- ասված է հայտարարությունում։  
09:45 - 24 նոյեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը և Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը և Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 16-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ: ՀՀ ԱԳ նախարարն ու ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման, այդ թվում՝ Եվրամիության հետ ոլորտային համագործակցության վերաբերյալ։ Զրուցակիցները քննարկել են ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո աջակցության փաթեթին ու Արևելյան գործընկերության ուղենիշային նախաձեռնությունների շրջանակներում հետագա արդյունավետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցեր: Նախարար Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ ու շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:
14:29 - 16 նոյեմբերի, 2021
Եվրոպան նախանշել է Արևելյան գործընկերության 2.3 միլիարդ եվրո բյուջեյով առաջիկա օրակարգը |armenpress.am|

Եվրոպան նախանշել է Արևելյան գործընկերության 2.3 միլիարդ եվրո բյուջեյով առաջիկա օրակարգը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական հանձնաժողովը և Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչը հուլիսի 2-ին նախանշել են մեր Արևելյան գործընկեր երկրների հետ առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթություններին թափ հաղորդելու վերաբերյալ առաջարկի ընդհանուր նկարագիրը։ Այս օրակարգը հիմնված է հինգ երկարաժամկետ նպատակների վրա՝ հիմքում ունենալով դիմակայունությունը՝ 2020թ մարտին հրապարակված՝ Արևելյան գործընկերության ապագան 2020թ․ հետո տեսլականին համահունչ: Օրակարգը կյանքի կկոչվի տնտեսական և ներդրումային պլանով հասանելի 2.3 միլիարդ եվրո դրամաշնորհների, խառնուրդ ֆոնդերի և երաշխիքային միջոցների բյուջեից, որոնք կարող են հավաքագրել մինչև 1,7 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումներ: Այս առաջարկը կդառնա Արևելյան գործընկերության ապագային միտված քաղաքականության քննարկումների առարկա, այդ թվում`2021թ․ դեկտեմբերին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: Այս մասին տեղեկացրին Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից։ «Համապարփակ օրակարգի նպատակն է ավելացնել առևտրի և տնտեսական աճի ծավալները, ստեղծել նոր աշխատատեղեր, միակցվածության ուղղությամբ ներդրումներ կատարել, ամրապնդել ժողովրդավարական հաստատությունները և իրավունքի գերակայությունը՝ աջակցելով «կանաչ» և թվային վերափոխումներին և խթանելով արդար, գենդերային հավասար և ներառական հասարակությունների կայացմանը։  «Եվրոպական միության օրակարգում Արևելյան գործընկերությունը շարունակում է կարևոր դեր ունենալ: Մենք ուզում ենք ձևավորել այնպիսի օրակարգ, որը կարձագանքի այսօրվա աննախադեպ մարտահրավերներին, ինչպես նաև հնարավորություններին՝ միաժամանակ այն համապատասխանեցնելով ապագային: Ժողովրդավարության, լավ կառավարման և իրավունքի գերակայության խթանումը մեր աշխատանքի զարկերակն է, որը շատ կարևոր է մեր՝ համագործակցությունից բխող դրական և հստակ արդյունքները բացահայտելու գործում։ Այն ներառում է Բելառուսը, որտեղ մենք ուզում ենք շարունակել աջակցել ժողովրդին մեր՝ Արևելյան գործընկերության շրջանակներում», նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչ, եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելը։ «Մենք առաջ ենք քաշում տնտեսական և ներդրումային հավակնոտ պլան, որը կօգնի աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական աճի խթանմանը՝ ապահովելով Արևելյան գործընկերության տարածաշրջանի բարեկեցությունը։ Ծրագիրն ընդգրկում է առաջնային կարևրություն ներկայացնող ծրագրեր Արևելյան գործընկերության բոլոր երկրներում, այդ թվում՝ աջակցություն ապագա ժողովրդավար Բելառուսին: Այս նոր օրակարգի շրջանակներում կապահովվի աջակցություն սոցիալ-տնտեսական վերականգնմանը՝ Քովիդ-19 համավարակից հետո, կամրապնդվեն տնտեսական հարաբերությունները և կկառուցվեն ԵՄ և գործընկեր երկրների միջև առևտրային ուղիներ», նշել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին: Վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների վրա հիմնված համապարփակ օրակարգում ներառված են ընտրյալ տաս թիրախային լավագույն նպատակները՝ մինչև 2025թ․ և համագործակցության բոլոր գերակա ոլորտների վերաբերյալ սահմանված են հստակ պարտավորություններ: Թիրախային նպատակների շարքում են՝ լրացուցիչ աջակցությունը 500,000 փոքր և միջին ձեռնարկություններին, 3000կմ առաջնային նշանակության մայրուղիների և երկաթուղիների՝ ԵՄ չափանիշներին համապատասխան կառուցումը կամ արդիականացումը, հիբրիդային և կիբեր սպառնալիքների չեզոքացումը, պայքարը կոռուպցիայի դեմ, 250000 տնային տնտեսությունների էլեկտրական էներգիայի սպառման կրճատումը առնվազն 20 տոկոսով, անվտանգ ջրի ծառայությունների և օդի որակի մատչելիության բարելավումը, տնային տնտեսությունների 80 տոկոսի համար արագ համացանցի հասանելիության ապահովումը, բուժաշխատողների պատվաստումների օժանդակությունը, լրացուցիչ աջակցություն քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին, 70000 ուսանողների, հետազոտողների և երիտասարդների շարժունակության հնարավորությունների ապահովումը: Նոր օրակարգը նաև առաջարկում է ԱլԳ ճարտարապետության բազմակողմանի վերանայում` ԱլԳ շրջանակը նոր առաջնահերթություններին համապատասխանեցնելու և ամբողջական նպատակին լիովին հարմարեցնելու համար։ Տնտեսական և ներդրումային տարածաշրջանային պլանը կաջակցի հետքովիդյան սոցիալ-տնտեսական վերականգնմանը և տևական կայունության հաստատմանը՝ առաջնորդվելով «կանենք ավելի լավ, քան նախկինում էր» կարգախոսով։ Այս ծրագրով նախանշվում են առաջնահերթ ներդրումները և սահմանվում են առաջնային կարևրություն ներկայացնող ծրագրերի շարքը, որը համատեղ որոշվել են գործընկեր երկրների հետ` հաշվի առնելով նրանց առաջնահերթությունները, կարիքները և հավակնությունները:    «Արևելյան գործընկերությունը» մեկնարկել է 2009 թ.՝ ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի վեց գործընկեր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի միջև քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդման և խորացման նպատակով: Գործընկերությունը զարգացել է ըստ յուրաքանչյուր գործընկերոջ շահերի, հավակնությունների և առաջընթացի՝ թույլ տալով ներդրնել ճկուն և ներառական տարբերակում ընդհանուր և գլոբալ մարտահրավերներին արձագանքելու և տարածաշրջանային ինտեգրումը համատեղ խթանելու գործում: 2017թ. Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում համաձայնեցված «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» հավակնոտ օրակարգի շնորհիվ՝ ԱլԳ-ն ապահովել է շոշափելի արդյունքներ, բարելավել է մարդկանց կենսակերպը: Հաջորդ օրակարգի ուղղությամբ աշխատանքները սկսվել են 2019 թ.՝ լայն և ներառական խորհրդակցությունների միջոցով: Արդյունքը հետևյալ փաստաթղթերի ստեղծումն է․ Համատեղ հաղորդակցություն «Արևելյան գործընկերությունը 2020թ․ հետո, դիմակայունության ամրապնդում՝ Արևելյան գործընկերություն, որից օգտվում են բոլորը» և «2020թ հետո Արևելյան գործընկերության քաղաքականության վերաբերյալ ԵՄ խորհրդի եզրակացությունները»։ Այս փասթաթղթերը հիմք են գործընկերության համար սահմանված նոր տեսլականով, որում դիմակայունությունը հաստատված է որպես գերակա քաղաքական շրջանակ և նախանշված են հինգ երկարաժամկետ քաղաքական նպատակները՝ տնտեսությունը և միակցվածությունը, լավ կառավարումը և իրավունքի գերակայությունը, շրջակա միջավայրի և կլիմայի դիմակայունությունը, թվային վերափոխման աջակցությունը և արդար, ներառական հասարակությունները։ Այն ընդունվել է ԱլԳ առաջնորդների տեսաժողովում, որը տեղի է ունեցել 2020 թվականի հունիսին:   Հաջորդ քայլերը Առաջարկությունները կքննարկվեն գործընկեր երկրների, ԵՄ անդամ երկրների, քաղաքացիական հասարակության և այլ հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ նկատի առնելով 2021 թ․ դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովը»,- նշված է հաղորդագրության մեջ:
10:39 - 03 հուլիսի, 2021
ԵՄ-ն պատրաստ է Բելառուսի ժողովրդի հետ շարունակելու կապերի ամրապնդումը. Ժոզեպ Բորել |1lurer.am|

ԵՄ-ն պատրաստ է Բելառուսի ժողովրդի հետ շարունակելու կապերի ամրապնդումը. Ժոզեպ Բորել |1lurer.am|

1lurer.am: Բրյուսելը Բելառուսի ժողովրդի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել, թեպետ Մինսկը դադարեցրել է Արևելյան գործընկերության ծրագրին իր անդամակցությունը: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Չնայած Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմը դադարեցրել է Արևելյան գործընկերությանը Բելառուսի անդամակցությունը, մենք, այնուամենայնիվ, պատրաստ ենք բելառուս ժողովրդի հետ շարունակելու աշխատանքը՝ ուղղված կապերի ընդլայնմանը, տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ու համընդհանուր մարտահրավերներին դիմակայելուն»,- նշել է Ժոզեպ Բորելը: Նախօրեին՝ հունիսի 28-ին, Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ երկիրը դադարեցնում է մասնակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնությանը:
15:01 - 29 հունիսի, 2021
Բելառուսը հայտարարել է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը մասնակցությունը դադարեցնելու մասին |tert.am|

Բելառուսը հայտարարել է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը մասնակցությունը դադարեցնելու մասին |tert.am|

tert.am: Բելառուսը դադարեցնում է մասնակցությունը Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը։ Բելառուսի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությանը հղումով գրում է iz.ru-ն։ «Եվրամիության կողմից Բելառուսի նկատմամբ կիրառված աննախադեպ պատժամիջոցների կապակցությամբ այսօր արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բելառուսի Հանրապետությունում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Դիրկ Շուբելը»,- նշել են գերատեսչությունում: Ինչպես նշված է հաղորդագրությունում, դիվանագետին տեղեկացրել են ԵՄ քայլերին ի պատասխան Բելառուսի քայլերի մասին, մասնավորապես՝ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը մասնակցությունը դադարեցնելու մասին։ Բացի այդ, Մինսկը կարգելի Բելառուս մուտք գործել եվրակառույցների ներկայացուցիչներին և ԵՄ երկրներից այն անձանց, որոնք «նպաստել են Բելառուսի դեմ սահմանափակիչ միջոցների կիրառմանը»:
20:14 - 28 հունիսի, 2021