«Հանուն Հանրապետության» կուսակցություն

«Հանուն Հանրապետության» Ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2020-ին, կուսակցությունը պետական գրանցում է ստացել 2021-ին։ 

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահը 7-րդ գումարման խորհրդարանի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն է։ Կուսակցությունը 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցում էր «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքով։ Դաշինքը չհաղթահարեց անցողիկ շեմն ու չանցավ 8-րդ գումարման ԱԺ։

ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

«Հայաստանը փախչելու տեղ չունի․․․ Ի՞նչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են․․․»,- փետրվարի սկզբին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այս հայտարարությունը հանրային եւ քաղաքական շրջանակներում դարձյալ ակտիվացրեց Հայաստանի՝ Ռուսաստանի ու Բելառուսի հետ միութենական պետության մաս կազմելու թեման։ Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Ղազախստանը, այլ պետություններ, որոնց թվում՝ նաեւ Հայաստանը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն այս հայտարարությանն արձագանքեց․ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի մեկնաբանությամբ՝ «Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը եւ որեւէ առնչություն չունեն Հայաստանի եւ նրա արտաքին քաղաքականության հետ»։ Infocom-ը Հայաստանի քաղաքական կուսակություններից մեկնաբանություններ է խնդրել, թե ինչ դիրքորոշում ունեն միութենական պետության մաս կազմելու հարցով։ Մասնավորապես, 2017, 2018, 2021 թվականների խորհրդարանական ընտրություններին մասնակցած, 2021թ․ տեղական ինքնակառավարման ընտրություններին ակտիվություն ցուցաբերած մի քանի տասնյակ կուսակցությունների գրավոր հարցադրումներ ենք ուղարկել՝ Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում պատկերացնո՞ւմ են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ միութենական պետության մաս, եւ եթե այո կամ ոչ, ապա ի՞նչ մեկնաբանությամբ։ Ստորեւ ներկայացնում ենք հարցադրմանը պատասխանած կուսակցությունների դիրքորոշումները։ «Ազգային օրակարագ» կուսակցությունը կարծում է՝ ապազգային եւ հակապետական իշխանական համակարգի ներկայացուցիչներն են եռանդագին քարոզում հայկական պետական ինքնիշխանության ու անկախ պետականության անհնարինությունը՝ պնդելով, որ գոյութենական միակ այլընտրանքը Ռուսաստանի կողմից ձեւավորվող հերթական Միության մաս դառնալն է․ «Օտարի իշխանության ներքո գոյատեւելու բազմադարյա այս կործանարար գաղափարն ու կեցվածքը ի վերջո հանգեցրել են Ցեղասպանության եւ Հայրենազրկման, ու Հայության նկատմամբ ստորացուցիչ կայուն վերաբերմունքի բանաձեւման՝ «КУДА ОНИ ДЕНУТСЯ...»»: Կուսակցության համոզմամբ՝ մենք երկու ուղի ունենք՝ լինել պետություն եւ ունենալ պետականություն, լինել ինքնիշխան պետություն, կամ էլ՝ չլինել այդպիսին։  Ազգային-ժողովրդավարական բեւեռը կտրականապես դեմ է Ռուսաստան֊Բելառուս միութենական պետության (ինչպես նաեւ որեւէ այլ վերպետական կառույցի) մաս կազմելու, քանի որ դա, ըստ կուսակցության դիրքորոշման, նախ նշանակում է ինքնիշխանության զգալի զիջում, եւ երկրորդ՝ ՀՀ ազգային շահերը գոնե ներկա եւ մոտ հեռանկարի ապագայում մեղմ ասած չեն համընկնում ՌԴ-ի եւ Բելառուսի շահերին․ «ԱԺԲ֊ն հանդես է գալիս ՀՀ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ կազմից դուրս գալու օգտին եւ ԱՄՆ ոչ-ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանալու օգտին։ ԱԺԲն հանդես է գալիս ՀՀ եւ ԵՄ շատ ավելի խորը համագործակցության օգտին»,- ասված է կուսակցության պատասխանում: «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը ոչ մի պարագայում ընդունելի չի կարող համարել Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության գաղափարը։ Կուսակցության պատասխանի համաձայն՝ «Շանթ Դաշինքը» Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդի ազատությունը համարում է անսակարկելի արժեքներ, որոնց սակարկողները կամ դրանց ճշմարտացիությունը կասկածի տակ դնողները պետք է համարվեն պետական դավաճաններ՝ ըստ ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածների։ (Տեխնիկական խնդիրների պատճառով «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության պատասխանը նյութին ավելացվել է հրապարակումից ավելի ուշ,- խմբ․)։ «Քաղացու որոշում» ՍԴ կուսակցությունը մեր հարցադրմանն ի պատասխան հայտնել է, որ երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չեն կարող լինել․ ««Քաղաքացու որոշում» կուսակցությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում եւ գործում է նրա սահմանադրականության շրջանակներում՝ ի շահ ինքնիշխանության, ժողովրդավարականության, իրավականության եւ սոցիալականության: Սա նշանակում է, որ մեր գործունեության բոլոր դրսեւորումները ուղղված են լինելու Հայաստանի գոյություն ունեցող ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը: Հետեւաբար, մենք երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չենք կարող լինել»,- ասված է կուսակցության պատասխանում՝ հավելումով, որ առկա իրավիճակում իրենք տեսնում են նման միություններին անդամակցությունից զերծ մնալու հնարավորություն․ «Ուստի պատրաստ չենք քննարկել դեպքեր եւ հանգամանքներ, որոնցում ինքնիշխանության նվազեցումը «ընդունելի կլինի»։ Մեր այս դիրքորոշումը պայմանավորված է մեր արժեքներով, գաղափարներով, ինչպես նաեւ այն պրագմատիկ հաշվարկով, որ միջազգային հարաբերությունների հետզհետե բեւեռացման ժամանակաշրջանում այդ բեւեռների սահմանագծում ապրող ժողովուրդը, բեւեռներից մեկին ինքնամոռաց նվիրվելով, ունենալու է մեծ կորուստներ, իսկ ձեռքբերումների հավանականությունը խիստ փոքր է լինելու»: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը կտրականապես մերժում է «Ռուսաստանից պարտադրվող եւ Հայաստանի ներսից սպասարկվող միութենական նկրտումները»։ Կուսակցության դիրքորոշմամբ՝ Հայաստանի ինքնիշխանությունը սակարկող ցանկացած ուժ պետք է արժանանա հստակ գնահատականների եւ մերժվի հանրության կողմից․ «Մեր հավատամքին համապատասխան՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի կանխվեն նման սցենարները, այդ թվում՝ փորձելու ենք համախոհ ուժերի հետ անցկացնել խորհրդակցություններ եւ անհրաժեշտության դեպքում նաեւ կոնկրեը գործողություններ։ Անկախ Հայաստանին այլընտրանք չկա»։  «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները եւ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը համարում են, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը բացարձակ արժեք է․ «Եվ ցանկացած պարագայում մեր դիրքորոշումը հիմնված ու կառուցված է լինելու այս սկզբունքային մոտեցման վրա»: Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հնարավոր միութենական հանրապետության ձեւավորման հարցին՝ կուսակցության պատասխանի համաձայն՝ օդում կախված լուրերի կամ անհայտ ծագման տեղեկությունների վերաբերյալ «պարզապես չի կարելի, կոռեկտ չէ» դիրքորոշում ակնկալել․ «Եթե կլինեն նման գործընթացներ, նման առաջարկ կամ առաջարկներ, այդ ժամանակ էլ, ելնելով բովանդակությունից, իր բոլոր  մանրամասներով կներկայացնենք մեր դիրքորոշումն ու դիտարկումները՝ վստահաբար հավատարիմ մնալով վերոնշյալ մոտեցմանը»: Հայաստանի Հանրապետական կուսակցության պատասխանի համաձայն՝ ՀՀԿ-ն իր արտաքին քաղաքական գերակայությունները հնչեցրել է ՀՀԿ 17-րդ համագումարում, դրանք ներառված են համագումարի բանաձեւում։ Առաջարկել են կուսակցության դիրքորոշումներին ծանոթանալու համար հետեւել քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող ՀՀԿ ներկայացուցիչներին հրապարակային ելույթներին, հարցազրույցներին, ՀՀԿ-ի ընթացիկ հայտարարություններին։ Infocom-ը կուսակցության համագումարի բանաձեւից առանձնացրել է արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածները։ Այսպես, կուսակցությունը բանաձեւում նշել է, որ Հանրապետականը եղել եւ մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը եւ կապերի այդ լայն շրջանակը շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը այն գիտակցումով, որ միայն ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանը կարող է հարգանքի արժանի եւ վստահելի գործընկեր լինել: Կուսակցությունը հայտարարել է, որ իշխանափոխությունից հետո, ի թիվս այլնի, իրենց գործունեության առաջնահերթություններից են լինելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը անվտանգային ողջ գործիքակազմի խելամիտ եւ նպատակային գործադրմամբ, հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության բարելավումը, ընդլայնումը եւ խորացումը՝ ամրապնդելով Հայաստանի եւ Արցախի սահմանների անվտանգության իրական երաշխիքները, Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող գործողությունների ծրագրում ներառված գերակայությունների վերաբանակցումը, եւ այլն։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում եւ չի ցանկանում պատկերացնել որպես Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ այսպես կոչված «միութենական պետության» մաս․ «Հայաստանի Հանրապետությունն ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետություն է, եւ բազում տարիների անօրինակ պայքարով ձեռք բերված այդ կարգավիճակը, հաստատված 1991 թվականի հանրաքվեի անվիճելի արդյունքներով, սկզբունքորեն չի՛ կարող լինել սակարկության կամ նույնիսկ քննարկման առարկա, նույնիսկ տեսականորեն»,- ասված է կուսակցության պատասխանում։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը պատասխանում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված, եւ, ըստ այդմ, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում ոչ միայն չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ Միութենական պետության մաս, այլ անգամ քաղաքական օրակարգ արհեստականորեն բերված քննարկումները, հարցումները, նմանօրինակ հայտարարությունները համարում է խիստ վտանգավոր ու անթույլատրելի եւ ՀՀ անկախության, ինքնիշխանության եւ անվտանգային համակարգի դեմ տարվող բացահայտ գործողություններ․ «Մեր օրակարգում նմանօրինակ հարցի անգամ քննարկում, որն ողիղ սպառնալիք եւ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, չկա եւ չի էլ կարող երբեւէ լինել»:  Կուսակցությունը կարծում է, որ ակնհայտ է՝ միութենական պետության գաղափարը ՌԴ իշխանությունների աշխարհաքաղաքական նկրտումներին եւ շահերին հարմարեցված հերթական միավորում պետք է լինի, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով, ինչն էլ ծանր հետեւանքներ է ունենալու ոչ միայն ՀՀ քաղաքական եւ տնտեսական բազմավեկտոր ինտեգրացիոն գործընթացների վրա, այլ նաեւ լուրջ խոչնդոտ է լինելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ միջազգային ճանաչման գործընթացի համար․ «Վստահ ենք՝ բոլորի հիշողությունները դեռ թարմ են, թե ինչպիսի դիրքորոշում հայտնեց ՀԱՊԿ-ը Հայաստանի համար օրհասական եւ անվտանգային առումով ամենաբարդ ու ծանրագույն շրջանում՝ թե՛ քառօրյա , եւ թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, անգամ ՀՀ սուվերեն տարածք թշնամու ներխուժման եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու ժամանակ: Իսկ, որ հենց այդպիսի դիրքորոշում էր որդեգրելու ՀԱՊԿ-ը, Ազատ Դեմոկրատները բազմիցս են բարձրաձայնել: Եվ, ընդհանրապես, Հայաստանի ապագան քաղաքակիրթ եւ առաջադեմ աշխարհն է, այլ ոչ թե դրանից մեկուսացումը: Հայաստանի իշխանությունը առաջնահերթ պարտավորություն ունի կոշտ ու միանշանակ հակահարված տալ ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը սպաղնացող որեւէ գործողության եւ առաջնորդվի միմիայն ՀՀ Սահմանադրությամբ եւ պետական շահով»: Հայաստանի կանաչների կուսակցությունը անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն էլ դեմ է ՀՀ ինքնիշխանության մասնակի կամ ամբողջական օտարմանը՝ հօգուտ որեւէ պետության, կամ պետությունների, կամ նրանց դաշինքի կամ միությանը, այդ թվում եւ առավել եւս՝ ՌԴ ու Բելառուսի միութենական պետությանը միանալու տեսքով։  Պահպանողական կուսակցությունը եւս որեւէ պարագայում Հայաստանը չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Պահպանողական կուսակցության համար ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված ինքնիշխանությունն անսակարկելի է, ինչպես նաեւ Պահպանողական կուսակցության Կանոնադրության եւ Ծրագրի մեջ Հայաստանի պետականությունը հռչակված է որպես բարձրագույն արժեք»: Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության ամփոփոխ առաջին հոդվածի բովանդակությունը Հայաստանի Հանրապետռության ինքնիշխանության վերաբերյալ, ինչպես նաեւ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հաստատուն դիրքորոշումը, անընդունելի եւ հակապետական է համարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի դակ դնող ցանկացած գաղափար եւ ցանկացած ակտ: Հայաստանի եվրոպական կուսակցությունը նույնպես կտրականապես դեմ է միութենական պետության գաղափարին․ «Մեզ մոտ դա անգամ չի քննարկվում, դա քրեական հանցագործություն է։ Նման բան քննարկել, խոսել, մտածել, անգամ չենք պատկերացնում»,- Infocom-ի հարցին ի պատասխան՝ կուսակցության դիրքորոշումը հայտնեց կուսակցության վարչության անդամ Ալլա Հարությունյանը։ «Հայոց հայրենիք» կուսակցությունը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությանն անկախությունն ու ինքնիշխանությունը միանշանակ որեւէ կերպ չի կարող խաթարվել, բայց համագործակցությունը որպես մեկ կառույց, «մեկ պետություն»՝ միանշանակ ընդունելի է համարում։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն էլ է կողմ միութենական պետության գաղափարին, եթե ՀՀ անվտանգության ապահովման համար այդ միությանը միանալը վերջին հնարավորությունն է։ Այս տարվա փետրվարի 17-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ, պատասխանելով միութենական պետության մասին լրագրողի հարցին, ասաց, որ այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որոնցով բոլորը հիանում են, օրինակ՝ Եվրամիություն․ «Այն միությունը, որ ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ է, հեռու է իր ինտեգրման աստիճանով ԵՄ-ից։ Այսօրվա աշխարհում, իմ կարծիքով, չպետք է ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրումից, ուղղակի պետք է նստել-հասկանալ՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում։ Իմ նախագահության օրոք նման հարց չի քննարկվել, մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել եւ չենք համարել, որ դա հասունացած է։ Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերել շատ պրագմատիկ եւ հաշվարկի հիմքի վրա, ոչ թե կենցաղային մոդելով՝ դու՝ ինձ, ես՝ քեզ, այլ կոնկրետ հաշվարկով, ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ սպասելիքներ ունենք, ինչ են մեզ առաջարկում, ինչ ենք կորցնում, ինչ ենք ստանում։ Քանի որ չկա առաջարկ, հիմա դժվար է գնահատել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ երբ կլինի, պետք է սթափ հաշվարկով քննարկել, մտնել-կամ չմտնել նման պրոցեսների մեջ։  Նրա կարծիքով՝ ՌԴ-ի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խոր հարաբերություններ․ «Չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում»։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Քոչարյանի ասուլիսից հետո անդրադարձավ միութենական պետության մասին վերջինիս հայտարարություններին՝ հնչեցնելով նաեւ իրենց կուսակցության դիրքորոշումը։ Նրա կարծիքով՝ Քոչարյանը երկընտրանքի առաջ է կանգնեցրել հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը՝ առաջարկելով կամ ապավինել ՌԴ-ի հետ առավել խոր ինտեգրմանը՝ չբացառելով անգամ միութենական պետությանն անդամակցելը՝ այդպիսով թուրք-ադրբեջանական սպառնալիքը դիտարկելով որպես անհաղթահարելի գործոն, կամ համակերպվել Քոչարյանի ձեւակերպմամբ «Հայաստանի աջարիզացիային»։ Նորիկյանի կարծիքով՝ Հայաստանին եւ հայ ժողովրդին դնել ծանր երկընտրանքի առջեւ, որ կամ ընտրում ես Թուրքիան, կամ  Ռուսաստանը, ազնիվ չէ մեր պետության, հասարակության նկատմամբ, եւ բացառել զարգացման որեւէ այլ տարբերակ, այդ թվում՝ բոլորի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, նույնն է, թե Հայաստանին հավերժորեն գամել պատերազմի դռանը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։  Արդար Հայաստանը կարծում է, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը պետք է երկու հարցի վերաբերյալ ունենան հարյուրտոկոսանոց կոնսենսուս․ ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը սակարկման ենթակա չեն, ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ։ Նրանք, որոնք կասկածի տակ կդնեն ինքնիշխանությունն ու պետականությունը, Նորիկյանի խոսքով, պետք է վռնդվեն ՀՀ քաղաքական դաշտից։ Ստորեւ ներկայացնում ենք այն կուսակցությունների ցանկը, որոնք չեն պատասխանել  հարցադրմանը, սակայն հետագայում նրանց դիրքորոշումն ունենալուն պես դրանք եւս կհրապարակենք․ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն,  «Հանրապետություն» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,  «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,  «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,  «Միասնական հայրենիք» կուսակցություն,  Հայ կառուցողական կուսակցություն,  «Զարթոնք» կուսակցություն,  «Ալյանս» կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն,  «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն,  «5165 շարժում» կուսակցություն,  «Վերելք» կուսակցություն,  «Ազատական» կուսակցություն,  «Ժառանգություն» կուսակցություն,  Հայաստանի կոմունիստական կուսակցություն,  «Ազգային ինքնորոշում» կուսակցություն,  «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն։ Հետգրություն «Ապրելու երկիր» կուսակցությունը նյութի հրապարակումից հետո հարցադրմանն ի պատասխան տեղեկացրել է, որ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս, քանի որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սակարկման եւ քննարկման առարկա չէ։   Լուսանկարի աղբյուրը՝ ria.ruՀայարփի Բաղդասարյան
16:54 - 08 մարտի, 2022
Նախագահը փորձել է անել իր սահմանադրական սահմանափակ կարգավիճակից բխող հնարավորը․ «Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարությունը

Նախագահը փորձել է անել իր սահմանադրական սահմանափակ կարգավիճակից բխող հնարավորը․ «Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարությունը

«Հանուն հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կապված ՀՀ նախագահի հրաժարականի հետ: «Երեկ հրաժարական տվեց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Ինչպես երևում է հրաժարականի տեքստից, Նախագահն իր սահմանադրական կարգավիճակն անբավարար է համարում սեփական անձնական և քաղաքական ներուժը երկրի բարօրությանն առավելագույնս ծառայեցնելու համար։ Միևնույն ժամանակ Նախագահի հրաժարականն առաջ է բերում մի շարք չպարզաբանված հարցեր, ինչը մտահոգիչ է հատկապես Հանրապետության արտաքին քաղաքական բազմաբարդ իրավիճակի համատեքստում։   Մասնավորապես, հստակ չէ, թե ինչո՞վ է պայմանավորված Նախագահի հրաժարականը հենց այժմ, եւ որո՞նք են եղել այն խնդիրները, որ, ի վերջո, անհնարին են դարձրել Նախագահի հետագա պաշտոնավարումը։   Այս և նմանաբույթ մի շարք այլ հարցերի անպատասխան մնալը կրկին անգամ ի ցույց կդնի Հայաստանի հետանկախական ողջ շրջանի քաղաքական համակարգին բնորոշ հանրային հաշվետվողականության բացակայությունը, երբ կարևորագույն որոշումներն ընդունվում են «մեկ գիշերում», իսկ հանրությունը կանգնեցվում է փաստի առաջ։ Սույնով արձանագրում ենք, որ իրավիճակը քիչ է փոխվել անգամ հեղափոխությունից հետո։   Միով բանիվ, պաշտոնավարման գրեթե չորս տարվա ընթացքում Նախագահը փորձել է անել իր սահմանադրական սահմանափակ կարգավիճակից բխող հնարավորը Հանրապետության ներքին կայունությանն ու արտաքին մրցունակությանը նպաստելու համար։ Մասնավորապես, նշանակալից է եղել Նախագահի դերակատարումը 2018թ․-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների ժամանակ ներքաղաքական լարված իրավիճակը բռնությունից զերծ պահելու, իշխանության խաղաղ փոխանցմանը նպաստելու և արտաքին քաղաքական բարենպաստ միջավայր ձևավորելու ուղղությամբ։   Նախագահը որոշակի դերակատարում է ունեցել նաև պետական իշխանության ինստիտուտների ներդաշնակ աշխատանքը խթանելու հարցում՝ նպաստելով խորհրդարանական կառավարման համակարգին բնորոշ քաղաքական պրակտիկայի սաղմնավորմանը։   Թերևս, սա այն առավելագույնն էր, որ ներկայիս կարգավիճակում կարող էր անել Նախագահը հեղափոխական և հետհեղափոխական Հայաստանում։ Ուստի, ամենայն հարգանքով վերաբերվելով Նախագահի այս քայլին՝ արժանին ենք մատուցում նրան՝ երկրի համար դժվարին շրջափուլում պետությանը բերած ծառայության համար։ Նախագահի հրաժարականից հետո խիստ կարևոր է համարժեք քաղաքական վերաբերմունք դրսևորել սահմանադրական այս կարևոր ինստիտուտի նկատմամբ։   Մասնավորապես, Նախագահի նոր թեկնածուն պետք է ունենա հանրային և քաղաքական այնպիսի հեղինակություն, որ ունակ լինի հասարակությանը և քաղաքական համակարգին տանել իրական հաշտեցման և իր նպաստը բերել այս անցումային փուլում՝ նախքան սահմանադրական փոփոխությունները, համազգային ներուժի համախմբմանը և ներքին ու արտաքին մարտահրավերների ու վտանգների, մեր ինքնիշխանությանն ուղղված ուղղակի սպառնալիքների դիմագրավմանը։   Նոր Նախագահի և քաղաքական մեծամասնության միջև հարաբերությունները պետք է լինեն հնարավորինս ներդաշնակ՝ միտված երկրի ներսում հեղափոխության օրակարգի սպասարկմանը, իսկ արտաքին ճակատում՝ պետության ինքնիշխանության և անվտանգության առավելագույն պաշտպանությանը։   Գործող խորհրդարանական կառավարման համակարգում Նախագահի գործառույթները նշյալ ուղղություններով ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է դիտարկել, նախքան համալիր սահմանադրական փոփոխություններ իրականացնելը՝ Ազգային Ժողովի կողմից Նախագահի սահմանադրական լիազորությունների շրջանակի փոփոխության հարցը, ինչը թույլ կտա Նախագահին իր սահմանադրական կարգավիճակին համազոր լիազորություններ և համարժեք պատասխանատվություն ունենալ։   Անկախ այլևայլ շահերից և տարաձայնություններից՝ ներքին և արտաքին բարդագույն այս իրավիճակում կոչ ենք անում պետական բոլոր ինստիտուտներին ու քաղաքական բոլոր սուբյեկտներին առաջնորդվել բացառապես պետական և հանրային գերակա շահերով` միանշանակորեն ընդունելով, որ Նախագահի ինստիտուտն այստեղ պետք է ունենա իր ուրույն դերն ու նշանակությունը։   Հրաժարականի հանգամանքների ամբողջական հրապարակայնացումը համարում ենք իշխանության՝ հանրության առաջ հաշվետվության պարտավորություն, որը բխում է ՀՀ Սահմանադրությունից, ժողովրդավարության արժեքներից եւ սկզբունքներից։ Այդ հանգամանքներն ի հայտ գալուց Կուսակցությունն իր դիրքորոշմամբ հանդես կգա առանձին հայտարարությամբ»։
15:06 - 24 հունվարի, 2022
ՀՀ կառավարությանը կոչ ենք անում չսատարել ժողովրդի կամքը ճնշելու, Ղազախստանի ինքնիշխանությունը սահմանափակելու գործողություններին. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

ՀՀ կառավարությանը կոչ ենք անում չսատարել ժողովրդի կամքը ճնշելու, Ղազախստանի ինքնիշխանությունը սահմանափակելու գործողություններին. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

«Հանուն հանրապետության» կուսակցությունը Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ամանորից հետո Ղազախստանում ծավալվող իրադարձությունների հետ կապված երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ շրջանակներում խորհրդակցություններ է նախաձեռնել անդամ-պետությունների ղեկավարների հետ, ինչը մեզ ամբողջական հիմք է տալիս համարելու, որ դեպքերը ստանում են խիստ մտահոգիչ ընթացք։ Հանուն Հանրապետության Կուսակցությունն այդ կապակցությամբ, հիմնվելով դավանած սկզբունքների եւ արժեքների վրա՝ հայտարարում է․ - Մենք չենք կարող անտարբեր լինել եւ մեր համերաշխությունն ենք հայտնում հանուն իր անօտարելի իրավունքների՝ Ղազախստանի ժողովրդի խաղաղ, օրինական պայքարին, եւ մեր համոզմունքն է, որ այն չի՛ կարող ճնշվել ուժի, բռնաճնշումների միջոցով, այդ թվում այլ՝ բռնապետական երկներից ներգրավվող ուժերի կամ փոխառնված արատավոր փորձի կիրառման միջոցով։ Մենք դատապարտում ենք բռնության կամ բռնության կոչերի, սպառնալիքի ցանկացած դրսեւորում։ - Խստորեն դատապարտելի ենք համարում ցանկացած փորձ՝ Ղազախստանում կրկնել սովետական հանցագործ ռեժիմի գործելակերպը, այն խայտառակ պատմական փորձը, որը սերում է Բեռլինում (1953), Բուդապեշտում (1956) եւ Պրահայում (1968) կատարված վայրագությունից, դառնալով նորագույն պատմության խայտառակ էջերից մեկը։ - Հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀԱՊԿ կոչված կառույցը, որը նույնիսկ հայտարարությամբ հրաժարվում է դատապարտել իր անդամ-պետություններից մեկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կոպտորեն խախտելու փաստը, չի կարող եւ չպետք է դառնա տխրահռչակ «Վարշավյան պակտի» ժառանգորդը եւ վերածվի ժողովուրդների ազատությունը ճնշող գործիքի։ - Կոչ ենք անում ներքաղաքական դիմակայության կողմերին ջանք չխնայել հարցին խաղաղ հանգուցալուծում տալու ուղղությամբ, հիմք ընդունելով ազատասեր ղազախ ժողովրդի խաղաղ, օրինական կամարտահայտության եւ սեփական երկրի տերը լինելու սրբազան իրավունքը։ - Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պարտավորությունները, որոնք բխում են ՀԱՊԿ-ում անդամակցությունից եւ կազմակերպությունում տվյալ ժամանակահատվածում նախագահությունից, ՀՀ Կառավարությանը եւ իշխանություններին կոչ ենք անում, որպեսզի այդ պարտավորություններից բխող ընթացակարգերը նախաձեռնելիս դեմ չգնան Ազատության եւ Ժողովրդավարության արժեհամակարգից բխող սկզբունքներին եւ ակամայից չսատարեն ժողովրդի կամքը բռնությամբ ճնշելու, Ղազախստանի ինքնիշխանությունը սահմանափակելու, աղճատելու հնարավոր գործողություններին, հայտնվելով պատմության սխալ կողմում, ինչն անուղղելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետության եւ Հայ Ժողովրդի արմատական շահերին եւ բարի համբավին»,-ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։ 
01:28 - 06 հունվարի, 2022
Նոյեմբերյանի բնակիչներին խրախուսելու ենք, որ անցնենք ժամանակակից գյուղատնտեսությանը․ համայնքի ղեկավարի թեկնածու Մհեր Աղամյան

Նոյեմբերյանի բնակիչներին խրախուսելու ենք, որ անցնենք ժամանակակից գյուղատնտեսությանը․ համայնքի ղեկավարի թեկնածու Մհեր Աղամյան

2021 թվականի դեկտեմբերի 5-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում տեղի կունենան համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Նոյեմբերյանում ընտրություններին երեք քաղաքական ուժ է մասնակցում․ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է անկուսակցական Արսեն Աղաբաբյանը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է անկուսակցական Մհեր Աղամյանը, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարը ՔՊ-ական Կարեն Աբազյանն է։ «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը 18 հոգանոց ցուցակ է ներկայացրել։ Մհեր Աղամյանը, որ կուսակցության համայնքապետի թեկնածուն է, անհատ ձեռնարկատեր է։ Նա Պտղավան գյուղից է, 40 տարեկան։  Աղամյանը, ինչպես եւ թեկնածուներից Աբազյանը, քարոզարշավն իրականացնում է բնակիչների հետ հանդիպումներով։ Մեր զրույցում նա պատմեց, որ բնակիչները տրամադրության անկում ունեն՝ պայմանավորված պատերազմով ու սահմանային վերջին զարգացումներով, բայց իրենք փորձում են մարդկանց բացատրել, որ հուսահատվել պետք չէ։ Աղամյանը Նոյեմբերյանի խնդիրների շարքում առանձնացրեց ներհամայնքային ճանապարհների եւ խմելու ու ոռոգման ջրի հարցը՝ կարծիք հայտնելով, որ դրանք հնարավոր է լուծել համայնքային բյուջեի միջոցով։ Ինչ վերաբերում է ոռոգման ջրի խնդրին՝ մեր զրուցակիցը նկատեց՝ թեեւ դա իրենց կոմպետենտության շրջանակում չէ, բայց կկարողանան Ջրօգտագործողների միության հետ համագործակցելով լուծել նաեւ այդ խնդիրը։ Աղամյանի կարծիքով՝ առաջնային լուծման հարցերից հետո նոր հնարավոր կլինի զբաղվել համայնքային զարգացման հարցերով։ Մեր հարցին՝ արդյոք համայնքային զարգացումն ու խնդիրների լուծումը միաժամանակ չե՞ն կարող լինել, համայնքապետի թեկնածուն պատասխանեց՝ կարող են, միայն թե շատ աշխատանք է պահանջվում․  «Ինչքան հնարավոր է՝ զուգահեռ կանենք, գործարարների հետ հանդիպումներով, Սփյուռքի հայրենակիցներին հանդիպելով, նրանց հետ նոր ծրագրեր իրականացնելով։ Մնացած թե մարզային, թե հանրապետության մակարդակի հարցերում էլ կողքները կկանգնենք, կվազենք էդ մարդկանց հետ, ինչ պետք է աջակցենք, որ մի բան կարողանանք ստեղծել, թե չէ էս վիճակը լավ տեղ չի տանում»,- ասաց Աղամյանը՝ վստահեցնելով, որ այցելած բոլոր գյուղերի խնդիրները գույքագրել են, փորձելու են հնարավորինս արագ լուծումներ գտնել։ «Դիցուք, երեկ Բարեկամավանում ենք եղել, այս գյուղն իր աշխարհագրական դիրքով վերջին գյուղն է։ Այստեղ միջհամայնքային տրանսպորտի հարցը մինչեւ հիմա լուծված չէ։ Մենք մտածում ենք, որ հաստատ դրա համար միջոցներ գտնենք, հիմա թե մասնավորի հետ կպայմանավորենք, թե ոնց, բայց էդ հարցը պետք է լուծենք»,- ասաց Աղամյանը, եւ մեր ճշտող հարցին՝ փաստորեն, համայնքային բյուջեն չի՞ բավարարի խնդրի ամբողջական լուծման համար, պատասխանեց․ «Դե ես պիտի մտնեմ էդ ոլորտի մեջ, որ մանրամասն հասկանամ, հիմա եթե համայնքները միանում են, նմանատիպ համայնքներին տվել են մեքենաներ, մասնավորներ կան, որ ունեն մեքենաներ, հիմա թե կպայմանավորվենք, մի մասը համայնքային բյուջեից կսուբսիդավորվի, թե  ինչ, այդ խնդիրը միանշանակ պիտի լուծենք»։ Աղամյանի խոսքով՝ համայնքն աղբատար մեքենաներ ունի, բայց աղբահանությունը պատշաճ մակարդակով չի իրականացնում․ վստահեցրեց՝ իրենք զբաղվելու են նաեւ այս հարցով։ Համայնքի ներքին տնտեսական զարգացման վերաբերյալ մեր զրուցակիցն ասաց, որ Նոյեմբերյանում գյուղատնտեսության զարգացման մեծ պոտենցիալ կա․ «Մեր համայնքը երկու ռեգիոնից է բաղկացած․ ներքին զոնան՝ Դեբեդի հովիտը՝ գյուղատնտեսական, այգեգործական, վերին զոնան՝ անասնապահական ռեգիոն է։ ՀՀ-ում նման բնակլիմայական պայմաններ, ինչպիսին գյուղատնտեսական զոնայում է, այլ տեղ երեւի չկան, շատ նպաստավոր պայմաններ ունենք այգեգործությունը շատ արագ զարգացնելու համար, բայց հիմա ով ոնց պատահի, ինչ պատահի՝ մշակում է։ Ասենք՝ ես դեղձենի եմ գցում, էն մեկը՝ տանձենի է գցում, այսինքն՝ էդ հախուռնությունը խանգարում է, որ կարողանանք զբաղվել դեղձի արտադրությամբ եւ տալ, օրինակ, 1000 տոննա դեղձ։ Հիմա արտադրական ծավալները չենք կարողանում մի տեսակով ապահովել, որ դրանով զբաղվելն էլ արդարացված լինի, բիզնեսի տեսանկյունից էլ՝ շահեկան։ Հիմա գյուղացիներին պետք է օգնենք, կողմնորոշենք, նույնիսկ գյուղերը կարող ենք կողմնորոշել։ Տեխնիկական միջոցներն էլ կան, կարող ենք արդյունավետ բաշխել, համակարգային լուծումներ առաջարկելով առաջ գնալ։ Խրախուսելու ենք, որ անցնենք ժամանակակից գյուղատնտեսությանը»,- ասաց Աղամյանը։ Նա հավելեց նաեւ, որ Նոյեմբերյանում լայն են էքստրեմալ ու գյուղական տուրիզմը զարգացնելու հնարավորությունները, ուղղակի, մեր զրուցակցի կարծիքով, մնում է միայն աշխատել այդ ուղղությամբ, փառատոնների մասնակցել, ներկայացնել համայնքի տեսարժան վայրերը, եւ այլն։ Լուսանկարը՝ Աղամյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
16:56 - 30 նոյեմբերի, 2021
Արթիկի նախկին քաղաքապետ Արսեն Աբրահամյանը կգլխավորի «Հանուն Հանրապետության» կուսակցության ցուցակը համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին

Արթիկի նախկին քաղաքապետ Արսեն Աբրահամյանը կգլխավորի «Հանուն Հանրապետության» կուսակցության ցուցակը համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքում սույն թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին կուսակցության ցուցակը գլխավորելու է Արսեն Աբրահամյանը: Վերջինս Արթիկի համայնքապետն է եղել 2012-2016թթ․։ Ցուցակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ 1. Արսեն Աբրահամյան2. Հովհաննես Սահակյան3. Լիլիթ Հաջաթյան4. Արտակ Ռափյան5. Գարիկ Հովսեփյան6. Մելանյա Մարգարյան7. Շիրակ Խաչատրյան8. Էդգար Կոստանյան9. Գայանե Մինասյան10. Գևորգ Ղուլիջօղլյան11. Լևոն Պետրոսյան12. Վարսիկ Հարությունյան13. Ալեքսան Աբրահամյան14. Կատյա Պասկևիչյան15. Աղվան Բալոյան16. Ահարոն Խաչատրյա17. Աշոտ Ակուլյան18. Սուսան Մնեյան19. Նոդար Գրիգորյան20. Կարեն Պալոյան21. Անուշ Վաղարշակյան22. Դավիթ Բաբոյան23. Լիաննա Առաքելյան24. Վահան Սարգսյան25. Էդգար Ափոյան26. Վարդան Գրիգորյան27. Գեղեցկուհի Բադալյան28. Արեստակ Առաքելյան29. Աղասի Սարիբեկյան30. Խանում Ասատրյան31. Ազատ Ջալոյան32. Մխիթար Մաթևոսյան33. Մարգարիտ Իսկանդարյան34. Նորայր Երիցյան35. Ռիմա Մարկոսյան36. Մելսիդա Կիկիոյան
09:16 - 01 նոյեմբերի, 2021
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը Նոյեմբերյանում ՏԻՄ ընտրություններին կմասնակցի Մհեր Աղամյանի գլխավորությամբ

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը Նոյեմբերյանում ՏԻՄ ընտրություններին կմասնակցի Մհեր Աղամյանի գլխավորությամբ

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը Նոյեմբերյանում ՏԻՄ ընտրություններին կմասնակցի Մհեր Աղամյանի գլխավորությամբ։ «Հանուն Հանրապետության կուսակցությունը Տավուշի մարզի խոշորացված Նոյեմբերյան համայնքում սույն թվականի դեկտեմբերի 5-ին մասնակցում է ՏԻՄ ընտրություններին՝ Մհեր Աղամյանի գլխավորած հաղթական թիմով»,- նշվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում։ Կուսակցությունը Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի հեկեւյալ կազմով․   Մհեր Աղամյան Քաջիկ Անանյան Լիաննա Ալավերդյան Արտակ Ղարագյոզյան Արարատ Գաբրիելյան Նարինե Աղաբեկյան Մխիթար Բահադուրյան Աշոտ Գրիգորյան Գոհար Ասատրյան Վահագն Մարտիրոսյան Արարատ Ղազարյան Օվսաննա Հարությունյան Համբարձում Պետրոսյան Էրիկ Ալավերդյան Անիչկա Վահանյան Արթուր Ավագյան Գեղայր Զուռնաչյան Նելլի Գուլքանյան Տարոն Բաբաջանյան Արամայիս Մակյան Արփինե Շահնազարյան Մաքսիմ Մովսիսյան Հարությու Հարությունյան Արմինե Աբովյան Վաան Հովհաննիսյան
11:04 - 30 հոկտեմբերի, 2021
Կայացել է «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարը

Կայացել է «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարը

Կայացավ «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարը։ Այս մասին գրառում է կատարել կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։ Ավելի վաղ կուսակցության գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ քննարկումների առանցքում են լինելու հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցության առաքելությունը, առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցության հարցը, ինչպես նաև ներկուսակցական հարցեր։ Արտահերթ համագումարի նպատակներից է նաև կուսակցության անցած 11 ամիսների գործունեության ամփոփումը։ Կուսակցության գրասենյակից հայտնել էին նաև, որ արտահերթ համագումարի ընթացքում կհաստատվի կուսակցության բնականոն գործունեության համար անհրաժեշտ կանոնադրական փոփոխությունների նախագիծը, համագումարը կընտրի նոր ղեկավար մարմին։
17:23 - 14 օգոստոսի, 2021
Այն ինչ տեղի է ունենում մեր սահմաններում, դա մեր ռազմավարական գործընկերոջ պահվածքից է բխում․ Արամ Սարգսյան

Այն ինչ տեղի է ունենում մեր սահմաններում, դա մեր ռազմավարական գործընկերոջ պահվածքից է բխում․ Արամ Սարգսյան

Եթե մենք հետևություններ չանենք տեղի ունեցածից, մեզանից անընդհատ տանելու են, շատ բանական է և սրանից ավելի վատ վիճակներ կան։ Օրինակ Սիրիան ավելի վատ վիճակում է քան մենք, ու ես չեմ կարող ասել, թե մեզ մոտ նման բան չի կարող լինել։ Ես հավատում եմ մեր ժողովրդի հավաքական իմաստնությանը, գտնում եմ, որ մենք բոլոր հնարավորություններն ունենք այս վիճակ հաղթահարելու։ Այս մասին Ալիք Մեդիայի «Զրույց Թաթուլ Հակոբյանի հետ» հաղորդման ընթացքում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։  «Մենք պետք է հասկանանք, որ նաև պարտությունն է կարելի պատվով ու արժանապատվությամբ տանել, մենք ինքներս մեզ չխարազանենք։ Ճիշտ հետևություններ անենք կարող ենք դուրս գալ այս վիճակից։ Ես նաև տեսնում եմ, որ  3-4 տարվա ընթացքում մենք կարող ենք այնքան ուժեղանալ, որ մեր հետ կապված խնդիրներում խոսենք որոշակի պայմաններով։ Մենք պարտադրված ենք դա անել, Արցախի հարցը պահել օրակարգում և լուծել այդ հարցը»,- հավելեց Սարգսյանը։ Վերջինս խոսելով անվտանգային համակարգի մասին, նշեց, որ անվտանգություն ասվածն իր համար ունի երկու ատրիբուտ, առաջինը բանակն է, մյուսը՝ Արտաքին գործերի նախարարությունը։ Սարգսյանը հավելեց, որ փոքր երկրները, ովքեր ունեն 80-90 միլիոնանոց հզորությամբ հարևաններ, իրենց պաշտպանության համար ունենում են օրինակ գերժամանակակից սպառազինություն՝  միջուկային զենք, այնպես ինչպես Իսրայելը։ Սարգսյանն ավելացրեց․ «Իսրայելին այդ զենքը տվել է ԱՄՆ-ն, իսկ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը մեզ այդ զենքը չի տալիս։ Մենք դա չունենք, որ Թուրքիային զսպենք, որ ինքը մեր տարածքների վրա աչք չունենա։ Ավելին մեր ռազմավարական գործընկերը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանին մենակ բռնացրեց, ու պարտադրեց եռակողմ հայտարարության փաստաթղթում 9-րդ կետ գրել, որով միջանցք է ուզում, որ կապ հաստատի Ադրբեջանի հետ ու սա ակնհայտ փաստ է։ Արտաքին քաղաքական դաշտում բազմաթիվ ուղղություններից մեզ փորձում են ձեռք մեկնել և մենք պարտավոր ենք այդ մեկնած ձեռքից օգտվել, որովհետև այն ինչ տեղի է ունենում մեր սահմաններում, դա մեր ռազմավարական գործընկերոջ պահվածքից է բխում։ Երբ մենք ասում ենք՝ չենք կարողանում մեր սահմանը պահել, դա մեր կողմից  ստորագրված ՀԱՊԿ փաստաթղթից է։ Դուք պատկերացնում եք զինվորը կանգնած է սահմանին, իր թշնամի երկրի զինվորը գալիս է, ինքն ինքնաձիգով է, բայց չի կրակում, գալիս են ձեռնամարտի են բռնկվում։ Պատճառն այն է, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը մեզ ասում են՝ հենց կրակեցիք, մենք ձեզ մենակ ենք թողնելու, չպետք է կրակեք։ Ադրբեջանն էլ գիտի, որ չենք կրակելու, իրեն էլ ասում են քո համար առաջ գնա, չեն կրակելու։ Հակառակ դեպքում, ինչպես կարող են կիլոմետրերով առաջ գալ ու չկրակեն, եթե այդ մարդիկ վախկոտ են, ապա ինչու են գնում և բռունցքներով պաշտպանում մեր սահմանը, իրենք խիզախ տղերք են»։ Խոսելով Մեղրիի միջանցքի մասին, Արամ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի վարչապետին պարտադրել են՝ եռակողմ հայտարարության մեջ ավելացնել 9-րդ կետը, քանի որ Ղարաբաղյան պատերազմը որևէ կապ չունի Մեղրիի միջանցքի հետ։  «Ու ապրեն ՀՀ իշխանությունները, որ գոնե միջանցք չեն գրել, այլ գրել են տարանցիկ ճանապարհներ։ Վարչապետը միջանցքի տարբերակին չի համաձայնել, որովհետև իմ կարծիքով հասկացել  է, թե հոկտեբերի 27-ը ինչումն էր։ Հիմա մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ միջանցքը չկայանա:   Մենք շատ լավ հասկանում ենք, որ երբ Նիկոլ Փաշինյանն ասաց չի լինելու միջանցք,  Սյունիքում խնդիր առաջացավ նաև նախկին սովետական սահմաններով դելիմիտացիայի և դեմարկացիայի»,- հավելեց Սրագյանն, ընդգծելով, որ տարանցիկ ճանապարհների հարցը պետք է քննարկվի առանձին հարթության մեջ և պետք  է քննարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարի կարծիքով, եթե այդ տարանցիկ ճանապարհներին կանգնեն  ՄԱԿ խաղաղարարներ, ադրբեջանցիններն էլ  անցնեն այդտեղով, այդ դեպքում անվտանգությունը  ապահովված կլինի։      
13:43 - 05 հունիսի, 2021
Ովքեր են լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարները |armtimes.com|

Ովքեր են լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարները |armtimes.com|

armtimes.com: Մի շարք քաղաքական ուժեր արդեն վերջնական որոշում են կայացրել՝ մասնակցելու հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Չնայած քաղաքական ուժերի ցուցակները դեռ չեն հրապարակվել, բայց առաջին համարների մասով արդեն կողմնորոշվածություն նկատվում է: «Բարգավաճ Հայաստան»-ը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը միակն են, որոնք հայտարարել են ընտրացուցակի առաջին երեք համարների անունները: Այսպես՝ ԲՀԿ ընտրացուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, հաջորդը Միքայել Մելքումյանն է, երրորդը՝ Իվետա Տոնոյանը: «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը գլխավորելու է անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, երկրորդը «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ի տարբերություն 2018-ի արտահերթ ընտրությունների, այս տարի մասնակցում է միայնակ՝ առանց դաշինքի, կուսակցության ցուցակի առաջին համարը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է: ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների ստեղծած «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում առաջինը «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը: Ռոբերտ Քոչարյան, ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» ուժերի ստեղծած «Հայաստան» քաղաքական դաշինքի առաջին համարը Ռոբերտ Քոչարյանն է: «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանն է: «Հայ ազգային կոնգրես»-ի առաջին համարն էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: «Քաղաքացու որոշում» կուսակցության ընտրացուցակը կգլխավորի Սուրեն Սահակյանը: Տիգրան Խզմալյանի գլխավորած «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության նախընտրական ցուցակում երկրորդ համարը երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն է: «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Արամ Սարգսյանն ու նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանն էլ երեկ համագործակցության ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հուշագիր ստորագրեցին, ցուցակը կգլխավորի Արզաքանցյանը: Ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարել է նաև փաստաբան Նորայր Նորիկյանի հիմնադրած «Արդար Հայաստան» կուսակցությունը, ընտրացուցակի առաջին համարն էլ հենց Նորիկյանն է լինելու: Նշենք, որ կուսակցությունները եւ դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն: Կուսակցությունների ու դաշինքների ցուցակները պետք է գրանցվեն մայիսի 26-30-ը:
17:26 - 19 մայիսի, 2021
Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները քննարկում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ ներկայանալու հարցը

Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները քննարկում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ ներկայանալու հարցը

ԱԺ անկախ ապտգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները քննարկում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ ներկայանալու հարցը։ «Նախօրեին, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակության հետ: Որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ՝ դիրքորոշումների հստակեցման և միասնական ճակատով հանդես գալու հնարավորությունների և տարբերակների մշակման համար: Կողմերը քննարկել են նաև ներքին և արտաքին քաղաքականությանն առընչվող հարցեր, համաձայնություն է ձեռք բերվել խորացնել հետագա համագործակցությունը՝ հասարակական և պետական քաղաքական կարևորագույն խնդիրների լուծմանն ուղղված գործընթացներ հարուցելու, իսկ արդեն ձևավորված գործընթացներում՝ արդյունավետ մասնակցություն ունենալու նպատակով»,- գրել է  նա:
13:44 - 17 մայիսի, 2021
«Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ ԱԳ նախարարի հետ

«Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ ԱԳ նախարարի հետ

ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև․ «Վաղը Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումից առաջ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ քննարկեցինք հանդիպման օրակարգում տեղ գտած հարցերը: Մեր գերեվարված հայրենակիցների վերադարձի ապահովումը, անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները, և զոհերի աճյունների դուրսբերումը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներից Հայաստանի համար այս պահի ամենակարևոր առաջնահերթությունն է: Սույն հարցի համար հիմնարար լուծում գտնելուց հետո միայն հնարավոր կլինի առաջ անցնել կոմունիկացիաների, ճանապարհների ապաշրջափակման շուրջ խոսակցության և քննարկումների: Մինչ այդ անհրաժեշտ է ժամ առաջ դադարեցնել հայկական լրատվական տարածքում ահաբեկչական հարձակումների ազդեցություն ունեցող ներհասարակական անկայունություն, վախեր և տագնապներ առաջացնող հոսքերը, որոնք մեծապես ոռոգվում են Ադրբեջանի կողմից և օգտագործվում են Բաքվի և Անկարայի կողմից Հայաստանի հետ խոսելուց առաջ՝ դիրքային առավելության հասնելու համար»։
15:23 - 10 հունվարի, 2021
Արտահերթ ընտրությունները միակ ճիշտ ուղին են․ ցանկացած այլ զարգացում կտրանսֆորմացնի քաղաքական ճգնաժամը․ Ռոբերտ Ղեւոնդյան

Արտահերթ ընտրությունները միակ ճիշտ ուղին են․ ցանկացած այլ զարգացում կտրանսֆորմացնի քաղաքական ճգնաժամը․ Ռոբերտ Ղեւոնդյան

Պատերազմից հետո Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր տարբեր խմբեր, այդ թվում՝ նախկինում պետական կառավարման համակարգում ներկայացված կուսակցություններ, պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի անհապաղ հրաժարականը։  «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, սակայն, ի դեմս ղեկավար, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի, հայտարարում է, որ թեեւ Փաշինյանի հրաժարականի լեգիտիմ պահանջը պետք է մնա օրակարգում, սակայն ճանապարհային քարտեզ պիտի լինի, արտահերթ ընտրությունների կոնկրետ ամսաթիվ, եւ որ դրանք պետք է կազմակերպի գործող կառավարությունը՝ Ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններից եւ այլ օրակարգային բարեփոխումներից հետո միայն։ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանն Infocom-ի հետ զրույցում պարզաբանեց՝ արտահերթ ընտրությունների պահանջի տրամաբանությունն այն է, որ պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է 2018 թվականի դեկտեմբերին եղած իրավիճակից, երբ ձեւավորվել է ներկա քաղաքական լանդշաֆտը՝ մասնավորապես խորհրդարանի մակարդակում, դրա համար էլ հասարակության իրական տրամադրությունները հասկանալու համար անհրաժեշտ են նոր ընտրություններ։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունն, ինչպես նշեց մեր զրուցակիցը, այս գործընթացն է համարում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ լեգիտիմ ճանապարհը․ «Կարծում ենք՝ արտահերթ ընտրությունները միակ ճիշտ ուղին են, եւ ցանկացած այլ զարգացում, օրինակ՝ վարչապետի հրաժարականը, որին կհետեւի այլ կուսակցությունից մի անձի առաջադրում, կտրանսֆորմացնի քաղաքական ճգնաժամը այլ ձեւերի եւ չի բերի լարվածության թուլացման ու ներհասարակական կայունության ապահովման»,- ասաց Ղեւոնդյանը՝ շեշտելով, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացնի հենց գործող կառավարությունը, քանի որ լեգիտիմ ձեւավերված իշխանություն է․ «Այն, որ այսօր հասարակության տրամադրությունները փոխվել են քաղաքական ուժերի նկատմամաբ, չի նշանակում, որ մենք ապրիորի կարող ենք ընդունել, որ կա մեկ այլ ուժ, որը կարող է ունենալ համարժեք լեգիտիմություն, եւ ընտրությունները այդ ուժին վստահելը որեւէ կերպ կարող է արդարացված լինել։ Արտահերթ ընտրությունները պետք է իրականացնի այն ուժը, որին ՀՀ քաղաքացին տվել է իր քվեն, սակայն ե՛ւ ես, ե՛ւ մեր քաղաքական ուժը կարծում ենք, որ ընտրությունների գնալուց առաջ անհրաժեշտ են փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, անհրաժեշտ է, որ նոր Սահմանադրության գոնե նախնական պատկեր ունենանք, որի ընդունումը կամ փոփոխությունները տեղի կունենան արդեն արտահերթ ընտրություններից հետո»։  Ղեւոնդյանի համոզմամբ՝ պետությունը պետք է շարունակի գործել, եւ, իր բնորոշմամբ, 2,5 տարվա ընթացքում հանցավոր անգործության պատճառով չիրականացրած, բայց ժամանակին խոստացած ծրագրերը կառավարությունն առաջիկայում շուտափույթ պետք է կատարի, որից հետո արդեն ՀՀ քաղաքացին իր քվեի միջոցով կձեւավորի նոր իշխանություն։  «Այս ամբողջ ժամանակահատվածում կառավարող քաղաքական ուժը դրսեւորել է հանցավոր անգործություն, այդ անգործության հետեւանքներն ենք մենք այսօր տեսնում՝ ոչ միայն Արցախի հարցում, այլ նաեւ մեր ներքաղաքական իրավիճակում։ Վեց ամսվա ընթացքում, այսպես, թե այնպես, հարկավոր է գտնել լուծումներ, որոնք կբերեն գոնե այն հիմնարար դրույթների իրականացմանը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի արտահերթ ընտրությունները կայանան ժողովրդավարական ընթացակարգերով, կայանան այնպիսի ընտրություններ, որոնց համար 2018 թվականին քաղաքացին իր քվեն տվեց այս իշխանությանը։ Եթե փոփոխություններ չլինեն, ապա այդ ընտրությունները կարող են կասկածի տեղիք տալ, եւ մենք կընկնենք շրջապտույտի մեջ, որը կարող է ժամանակ առ ժամանակ հանգեցնել այնպիսի ներքաղական լարվածության եւ ճգնաժամերի, որոնք արգելակում են Հայաստանի զարգացումը»։  Ինչ վերաբերում է այս օրերին Փաշինյանի ընդդիմախոսների կազմակերպած ակցիաներին՝ Ղեւոնդյանի կարծիքով՝ դրանք հիմա ոչ կմարեն, ոչ էլ թափ կհավաքեն, այլ որոշակի ամպլիտուդով ժամանակ առ ժամանակ կլինեն․ «Մարգինալացված այդ խմբերի ռեսուրսն այնքան է, ինչքան տեսնում ենք, այդ ռեսուրսը բավարար չէ, որպեսզի ստիպի Փաշինյանին հրաժարական տալ եւ երկրում իշխանափոխություն անել, սակայն բավարար է, որպեսզի լարված մթնոլորտը պահպանվի։ Իսկ թե ինչպիսի զրագցումներ կլինեն, կախված է իշխանության քայլերից․ ինչպես նշեցի՝ մեր պատկերացմամբ՝ լարվածությունը թուլացնելու քայլը արտահերթ ընտրությունների հայտարարումն է՝ ճանապարհային քարտեզում կոնկրետ թվերի ու ժամկետների ֆիքսումով»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով՝ անպայման է, որ ընտրություններին մասնակցի նաեւ ներկա քաղաքական ուժը․ «Գուցե կստանան քաղաքացու վստահության քվեն, բայց մեծ նշանակություն կունենա՝ քանի տոկոս կլինի այն»։ Մեր դիտարկմանը, որ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավարը՝ Արման Բաբաջանյանը, հայտարարել է նաեւ՝ վստահության այս պաշարով Փաշինյանը չի կարող ներկայացնել Հայաստանը, Ռոբերտ Ղեւոնդյանն արձագանքեց, որ հարցն այս պարագայում անձին չի վերաբերում, այլ ինստիտուտներին․ «Խնդիրն այն է, թե որ ինստիտուտը պետք է Հայաստանում ձեւավորվի քաղաքացու քվեի եւ հասարակության տրամադրությունների հիման վրա եւ գնա բանակցության։ Եթե կառավարության ղեկավարը գնա՝ վարչապետը, ապա, ըստ մեր տրամաբանության, այդ անձը պետք է ունենա վստահության այնքան մեծ պաշար, որը բավարար լինի, որպեսզի նա խոսի ՀՀ քաղաքացու անունից։ Մենք դրա համար ենք ասում, որ այսօրվա իրավիճակում պետք են արտահերթ ընտրություններ՝ հասկանալու՝ իրականում որ քաղաքական ուժը որքան աջակցություն ունի Հայաստանում, եւ որ քաղաքական ուժը կարող է ընտրել այն անհատին, որը կարող է բանակցել»։  Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե որ կետից պետք է սկսեն Արցախի հարցով բանակցությունները, երբ բանակցային սեղանին կարծես այլեւս որեւէ փաստաթուղթ հիմնարար չէ, այդ թվում՝ Լավրովյան պլանը, քանզի ներկա իրավիճակն այդ պլանից էլ դուրս է, մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել․ «Փաստացիորեն, Հայաստանը պարտվել է պատերազմում, եւ թելադրողը ադրբեջանական կողմն է։ Հայաստանի դիվանագիտությունը պետք է շատ բարդ, շատ լուրջ աշխատանք իրականացնի, որպեսզի կարողանա գոնե ֆիքսել այն կետը, որտեղից կսկսեն նոր բանակցությունները, եւ թույլ չտալ, որ Ադրբեջանը կրկին մանիպուլացնի, շահարկի այդ բանակցությունները սկսելու կետը։ Բնական է, որ Ադրբեջանն անընդահատ փորձելու է այդ կետը Հայաստանի համար ավելի վատացնել»,- ասաց Ղեւոնդյանը՝ կրկնելով, որ այս դեպքում էլ ոչինչ ապրիորի չէ, եւ այն, որ բանակցությունները տեղի են ունենում Մինսկի խմբի շրջանակներում, համընդհանուր համաձայնության արդյունք է՝ թե՛ աշխարհաքաղաքական դերակատարների, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի․ «Այդ համաձայնությունից դուրս որեւէ այլ պայմանավորվածություն գոյություն չունի, այսինքն՝ մենք ուզենք, թե չուզենք, Մինսկի խումբը այն շրջանակն է, որտեղ տեղի է ունենում այս գործընթացը։ Պետք է մի շատ կարեւոր բան էլ հաշվի առնենք․ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ինչպես հասկանալի է նրանց հայտարարությունների վերլուծություններից, որեւէ կերպ թույլ չեն տալիս Թուրքիային, ՌԴ-ին Մինսկի խմբի ֆորմատը ենթարկել փոփոխության։ Անհրաժեշտ է Մինսկի խմբի շրջանակներում գնահատել ՀՀ շահերի սպասարկման գործընթացը, հասկանալ եւ հաշվի առնել շատ էական մի գործոն, թե Արցախի հասարակությունը, իշխանությունները, հայությունը նոր ձեւավորված պայմաններում ինչպիսի ցանկություններ եւ տեսլական ունեն Արցախի ապագայի հարցում։ Շատ աշխատանքի տեղ կա»,- եզրափակեց «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Ռոբերտ Ղեւոնդյանը։ Հայարփի Բաղդասարյան
17:24 - 13 դեկտեմբերի, 2020