ՀԱԿ

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հիմնադրվել է 2013 թվականին՝ 2008 թ․ ստեղծված «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի հիման վրա։ Նախագահն է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Փոխնախագահներն են Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը։ ՀՀՇ-ի եւ ՀԱԿ դաշինքի իրավահաջորդն է։ 

ՀԱԿ-ը մասնակցել է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմը և չի անցել խորհրդարան՝ ստանալով 19 691 ձայն (1.54%)

Բլեֆ ու պարզամտություն. Արամ Մանուկյանը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
 |armeniasputnik.am|

Բլեֆ ու պարզամտություն. Արամ Մանուկյանը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Պարզունակ բլեֆ է ու պատասխանատվությունից խուսափելու միջոց։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես որակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սահմանադրության ու Անկախության հռչակագրի մասին հայտարարությունը։   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարել է, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում էլ ասել է, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։ ՀՀ վարչապետը նաև նշել էր, որ հռչակագրի դրույթներից հրաժարվելու դեպքում Հայաստանը նաև զենք ձեռք բերելիս խնդիր չի ունենա կամ քիչ կունենա, քանի որ, նրա խոսքով, բոլորը կընկալեն, որ այդ զենքը պաշտպանության և ոչ թե հարձակման համար է։   «Դա նրա սովորական գործելակերպն է` մեղավորներ փնտրել ամեն մի ձախորդության, ամեն մի անհաջողության համար։ Հիմա մեղավորները սպառվել են, անցել է 30 տարի առաջ ընդունված փաստաթղթերին։ Մանկամտություն ու պարզամտություն է մեղադրել 30 տարի առաջ ընդունված հիմնադիր, պետականաստեղծ փաստաթղթերին»,– ասաց Մանուկյանը` շեշտելով, որ այդ նույն փաստաթուղթը մինչ օրս Հայաստանին հաղթանակներ է բերել։   Նրա խոսքով` դա մեր պատմության ամենաարժանապատիվ փաստաթուղթն է, որին հետևել են ամենաարժանապատիվ բարեփոխումները։   «Հռչակագրի ընդունումից հետո 1 տարվա ընթացքում Հայաստանի անկախությունը 60 երկիր է ճանաչել ու դիվանագիտական կապեր հաստատել մեր երկրի հետ։ Մենք դարձանք միջազգային բոլոր կազմակերպությունների անդամ»,– նշեց քաղաքական գործիչը, որը 1990 թվականին առաջինն էր ընթերցել հռչակագրի տեքստը։   ՀԱԿ փոխնախագահը հիշեցրեց, որ Արցախյան առաջին պատերազմը սկսվել է ո՛չ Հայաստանի կամքով և ո՛չ Հայաստանի կողմից։ Հայաստանը ստիպված է եղել պաշտպանվել ու արդյունքում 12 000 կմ տարածք է ազատագրել։ Այդուհանդերձ, որևէ երկիր, որևէ միջազգային կառույց չի մեղադրել Հայաստանին։   «Հարգում են նրան, ով հաղթում է, հարգում են նրան, ով արժանապատիվ է։ Այդ տարիներին մենք Սիրիայով վառելիք ենք ստացել, Թուրքիայով հաց ենք ստացել։ Թուրքիայի հետ հարաբերություններ ենք ստեղծել, երբ նրա եղբայր Ադրբեջանը տարածքներ էր կորցնում»,– ընդգծեց Մանուկյանը։   Քաղաքական գործիչը նույնիսկ չի էլ ուզում մտածել Փաշինյանի առաջարկած փոփոխությունների հնարավոր հետևանքների մասին, հուսով է, որ այդ հարցն ընդհանրապես դուրս կգա օրակարգից։   Այդուհանդերձ, անդրադառնալով իշխանությունների ներկայացրած` հռչակագրի դրույթների ու այսօրվա իրողությունների անհամապատասխանության թեզին, Մանուկյանը հակադարձեց ոչ վաղ անցյալի պատմության իրական օրինակով։   «Հռչակագիրը սահմանել է մեզ համար ոչ նախագահական երկիր։ Այն ժամանակ մենք ունեինք Գերագույն խորհուրդ, և ԳԽ–ն էր գերագույն իշխանությունը։ Մեկ տարի հետո անհրաժեշտություն առաջացավ ստեղծել նախագահի ինստիտուտ, Լևոն Տեր–Պետրոսյանն ընտրվեց ՀՀ առաջին նախագահ։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք հռչակագրի այդ կետը ոչնչացրինք։ Հռչակագրի մեջ այսպիսի կետ կա.   «ՀՀ զինված ուժերը ենթարկվում են ԳԽ–ին»։ Երբ ունեցանք նախագահ, ԶՈւ–ն սկսեց ենթարկվել գերագույն գլխավոր հրամանատար նախագահին։ Եղավ անհրաժեշտ փոփոխություն, և այդ փոփոխությունը կատարվեց ուրիշ օրենքներով։ Բայց որևէ մեկի մտքով անգամ չանցավ հռչակագրից հանել այդ կետը»,– շեշտեց քաղաքական գործիչը։ Նա անդրադարձավ նաև այսօր հաճախ շահարկվող մեկ այլ փաստաթղթի` Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի` 1989թ.-ի դեկտեմբերի 1-ի որոշմանը։   «Թող Նիկոլը Ալիևին ստիպի, միջազգային կառույցներով կամ ուղիղ դատական հայց ներկայացնի Արցախում ու Թուրքիայում հայկական մշակութային հուշարձանները, գերեզմանները ոչնչացնելու փաստերով։ Այսինքն` դու քո իրական արդար դատը, որով կարող ես Ալիևին կամ միջազգային կառույցներին դեմ տալ, չես անում։ Ընդառաջում ես նրա ապօրինի, սարքած, բլեֆային, ոչ ռեալ պահանջներին, մի հատ էլ մեր հասարակությանը ներկայացնում, թե այդ փոփոխությունները պետք է լինեն, որպեսզի մենք հասնենք խաղաղության։ Սա անարժանապատիվ թույլի կեցվածք է»,– եզրափակեց Մանուկյանը` հավելելով, որ մեկ անգամ զիջելուց հետո զիջումների շղթան այլևս չի կտրվելու։   Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am-ում։
21:12 - 02 փետրվարի, 2024
Իմպուլսիվ և փնթի են Փաշինյանի ջանքերը. ՀԱԿ փոխնախագահը` ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին
 |armeniasputnik.am|

Իմպուլսիվ և փնթի են Փաշինյանի ջանքերը. ՀԱԿ փոխնախագահը` ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի իշխանությունները հետևում են նոր Սահմանադրության ընդունման հարցում Ադրբեջանի պահանջներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթվա վերջին հայտարարել էր, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, բայց պաշտոնապես չի նշվում, թե ինչի համար է առաջացել այդ անհրաժեշտությունը: Դրա հետ մեկտեղ նա վստահ է` Հայաստանի համար ամենահարմար մոդելը խորհրդարանական կառավարման համակարգն է։ Այս ամենի հետ մեկտեղ, հասարակական ու քաղաքական շրջանակներում խոսակցություններ են պտտվում, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվելու է Ադրբեջանի պահանջով։   Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ իր ասուլիսում նշել էր, որ ցանկացած մայր օրենք անդրադառնում է նաև երկրի արտաքին հարաբերությունների վրա։ Միևնույն ժամանակ նա ընդգծել էր` այդ առումով, Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրություններն էլ բացառություն չեն, բայց ասել, թե Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է Սահմանադրության փոփոխության պատճառ, սխալ է։   Մայր օրենքի հնարավոր փոփոխության մասին Լևոն Զուրաբյանն ասաց, որ 1991 թվականին հայ ժողովուրդը բացարձակ կոնսենսուսով ընդունել է սահմանադրական օրենքներ, որոնցով Հայաստանում հիմնադրել է կիսանախագահական կառավարման մոդելը։ Կառավարման մոդելի անփոփոխ լինելը ենթադրում է քաղաքական խաղի կանոնների անփոփոխություն, և դա ժողովրդավարության հիմքերից է։ Նրա խոսքով` երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2015 թվականին փոխեց կառավարման մոդելը` կեղծելով հանրաքվեի արդյունքները։   «Այդ պատճառով, եթե սահմանադրական ռեֆորմի անհրաժեշտություն կա, ապա այն վերաբերում է միայն մի բանի` վերահաստատել սահմանադրական կառավարման կայունության սկզբունքը միակ լեգիտիմ կառավարման մոդելին, այն է` կիսանախագահական։ Իսկ այդ անհրաժետշությունը կա»,– նշեց Զուրաբյանը` նշելով, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու համար։   Ըստ Զուրաբյանի` պետք է ուշադրություն դարձնել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին, որը չի հերքում, թե նոր Սահմանադրության ընդունման հարցը կապված է նաև արտաքին հարցերի հետ: Նա նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ «իշխանության քարոզիչները» սկսել են խոսել Սահմանադրության նախաբանի փոփոխության անհրաժեշտության մասին, որը հղում է անում Անկախության հռչակագրին։ Զուրաբյանը հիշեցրեց, որ բացի այդ, Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը հնչեցրել է նաև Իլհամ Ալիևը։   «Դժվար չէ ենթադրել, որ փոփոխությունների իրական մոտիվը ոչ մի կապ չունի որևէ կոնցեպտուալ առաջարկի հետ։ Միակ խնդիրը, որն այսօր Փաշինյանին դրդում է անվտանգության այս բարդագույն իրավիճակում (պատերազմի և խաղաղության միջև) փոփոխությունների գնալ, հենց Ադրբեջանի նախագահի պահանջների բավարարումն է»,- ասաց Զուրաբյանը։   Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am-ում։   
22:07 - 25 հունվարի, 2024
Ալիևը պատրաստվում է նոր պատերազմի. Լևոն Զուրաբյան
 |azatutyun.am|

Ալիևը պատրաստվում է նոր պատերազմի. Լևոն Զուրաբյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի համոզմամբ՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը նախապատրաստվում է նոր պատերազմի։ «Համարյա պարզ ասում է, որ մենք ուզում ենք հիմա ամրապնդել մեր իշխանությունը, որ նոր գործողություններ տանենք, նկատի ունի Զանգեզուրը և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական գործիչը։ Զրույցից մի հատված ստորև. «Ազատություն». - Փաշինյան-Ալիև վերջին հեռակա բանավեճը կարծես ցույց է տալիս, որ խաղաղության պայմանագիրն իրատեսական չէ, այնինչ հակառակի մասին պնդումներ էինք լսում տարեվեջին։ Այսինքն՝ Բաքուն չի՞ ուզում կնքել այդ փաստաթուղթը։ Լևոն Զուրաբյան. - Խաղաղության մասին պնդումները մենք լսում էինք հիմնականում Նիկոլ Փաշինյանին, որը, իմ խորին համոզմամբ, փորձում է իրավիճակը ներկայացնել այնպես, որն ավելի համապատասխանում է իր պրոպագանդիստական նպատակներին, բայց իրականության հետ որևէ կապ չունի։ Մեր իշխանությունը չի հասկանում, թե ինչ է կատարվում միջազգային քաղաքականության մեջ, նրանք չեն ըմբռնում տեղի ունեցող պրոցեսները, վտանգները։ Ասենք՝ երբ որ Ալիևն ասում է՝ դե լավ, մենք «Զանգեզուրի միջանցքն» էլ չենք դիտարկում, մենք այդ հարցը Իրանի միջոցով կլուծենք, անմիջապես մեր ամբողջ պրոպագանդան սկսում է ներկայացնել դա, որ տեսեք՝ հարցը լուծվեց, պրծավ, էլ խնդիր չկա։ Եթե հիշում եք՝ նաև Արայիկ Հարությունյանը Գրանադայից հետո գրել էր մի գրառում, որ ոչ մի վատ բան չի պատահել, մենք գնացել ենք Գրանադա, ստացել ենք այն ամեն ինչը, ինչ որ պետք է, Ադրբեջանը ոչ մի բան չի ստացել։ Այս մարդիկ ապրում են զուգահեռ աշխարհում, սա լուրջ խնդիր է։ Իրենք չեն հասկանում՝ ինչ է կատարվում, որովհետև այն ժամանակ մենք միանգամից ասացինք՝ դա չի նշանակում, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցն Ադրբեջանը հանել է օրակարգից։ Այդ պահին իրենց պետք էր մարսել Ղարաբաղի դատարկումը, էթնիկ զտումը, և իրենք պատրաստ էին ինչ-որ կառուցողական հայտարարություններ անել մի քիչ թմրեցնելու, մի քիչ բթացնելու աշխարհի զգոնությունը և բարձրացրած ալիքը դատապարտման։ Իսկ Ալիևը, տեսեք, ինչ է հայտարարում, արտահերթ ընտրություններով նախանշվում է նոր դարաշրջան Ադերբեջանի համար, որտեղ կլինեն նոր նպատակներ, քանի որ նախկին նպատակներին իրենք արդեն հասել են։ Այսինքն՝ Ալիևի ասածն ի՞նչ է, համարյա պարզ ասում է, որ մենք ուզում ենք հիմա ամրապնդել մեր իշխանությունը, որ նոր գործողություններ տանենք, նկատի ունի Զանգեզուրը և այլն։ Իրականությունն այն է, որ Ալիևը նախապատրաստվում է նոր պատերազմի։ Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 
18:38 - 16 հունվարի, 2024
Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու առաջին քվեարկությունը անվավեր համարվեց․ ընթանում է նոր քվեարկություն

Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու առաջին քվեարկությունը անվավեր համարվեց․ ընթանում է նոր քվեարկություն

Ինչպես արդեն հայտնել ենք, Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ավագանու արտահերթ նիստին մասնակցում է 14 անդամ՝ 13-ը ՔՊ խմբակցության անդամներն են, 1-ը՝ «Ապրելու երկիր» խմբակցությունից դուրս եկած և ավագանու անկախ անդամ։ Գաղտնի քվեարկության ավարտից հետո նիստերի սենյակ մտավ գործող համայնքապետ Արկադի Թամազյանը, ներս մտավ նաև Մեսրոպ Առաքելյանը։ Թամազյանը նշեց, որ նիստը սկսել են օրենքի խախտմամբ, քանի որ պետք է 30 րոպե սպասեին, մինչ համայնքապետը կամ տեղակալը գային, և հետո միայն նրանց չգալու դեպքում նիստը կվարեր ավագ անդամը։ Հետո Մեսրոպ Առաքելյանը վերցրեց քվեատուփը՝ լրագրողներին ցույց տալու, որ արդեն քվեարկությունը տեղի է ունեցել, ինչից հետո լեզվակռիվ ու քաշքշուկ սկսվեց։ Ոստիկանները դուրս տարան Առաքելյանին։ Նշենք, որ սենյակում է նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Վերջինիս և Թամազյանի միջև ևս լեզվակռիվ սկսվեց, վիրավորանքներ հնչեցին։ Ոստիկանները դուրս տարան նաև Թամազյանին։ Քվեատուփի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով առաջարկվեց նախկին քվեարկությունը համարել անվավեր։ Այժմ ավագանու անդամները նորից են քվեարկում։ Քաղաքացիները համայնքապետարանի բակում բողոքի ակցիա են իրականացնում՝ նշելով, որ դեմ են համայնքապետին անվստահություն հայտնելու գործըթնացին։ Ըստ ՔՊ-ի՝ բնակիչները հավաքվել են վարչական ռեսուրսի գործադրմամբ։ Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Ալավերդիում ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը՝ համայնքապետ ընտրելով Թամազյանին։ Լուսանկարում՝ Արկադի Թամազյանը
10:51 - 05 դեկտեմբերի, 2023
Ալավերդիում իրավիճակը լարված է․ քաղաքացիները դեմ են համայնքապետին անվստահություն հայտնելու ՔՊ նախաձեռնությանը

Ալավերդիում իրավիճակը լարված է․ քաղաքացիները դեմ են համայնքապետին անվստահություն հայտնելու ՔՊ նախաձեռնությանը

Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ալավերդու բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ավագանու այս նախաձեռնության դեմ։ Այս պահին մեծ թվով ոստիկաններ թույլ չեն տալիս համայնքապետարանի աշխատակիցներին մուտք գործել շենք։ ՔՊ-ն համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել, որը պետք է քննարկվի նիստի օրակարգում։ Համայնքապետ Արկադի Թամազյանը հայտարարել է, որ ՔՊ-ն օրենքի խախտմամբ է փորձում իրեն պաշտոնազրկել։ Ավելի վաղ Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր․ «Մեզ անդադար հասնում են տեղեկություններ վարչական ռեսուրսի գործադրմամբ վաղը նախատեսած հանրահավաքի մարդաշատություն ապահովելու նպատակով։ Մասնավորապես, համայնքապետարանի պաշտոնյաներ, բաժնի պետեր զանգահարում են մանկապարտեզների, բուժամբուլատորիաների, երաժշտական դպրոցների, մշակույթի տների տնօրենների և հրահանգում վաղը՝ ժամը 09:30-ին, ներկայանալ համայնքապետարան՝ իբր բյուջեի քննարկման այն պարագայում, երբ ժամը 08:00-ին համայնքապետարանի դիմաց հրավիրել են հանրահավաք։ Հրահանգվել է նաև հանրահավաքին մասնակցել համայնքապետարանի աշխատակազմին, ՀՈԱԿ-ների աշխատակազմերի»։ Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Ալավերդիում ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը՝ համայնքապետ ընտրելով Թամազյանին։ Ավելի ուշ ավագանու անդամ Սիմոն Զախարովը լքել էր «Ապրելու երկիր» խմբակցությունը և դարձել «անկախ» անդամ: Ավագանու արտահերթ նիստը այս պահին մեկնարկել է, մասնակցում է 14 անդամ։ Առաջարկվում է անվստահություն հայտնել գործող համայնքապետ Արկադի Թամրազյանին և համայնքապետ ընտրել ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։ Արտահերթ նիստը վարում է հենց Սիմոն Զախարովը, քանի որ համայնքապետի բացակայության պայմաններում նիստը պետք է վարի ավագ անդամը։
09:53 - 05 դեկտեմբերի, 2023
ՀԱԿ-ը չի կարող միանալ միջազգային իրավունքի տեսակետից մի շարք կետերով խոցելի «Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը»․ Հայ Ազգային Կոնգրես

ՀԱԿ-ը չի կարող միանալ միջազգային իրավունքի տեսակետից մի շարք կետերով խոցելի «Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը»․ Հայ Ազգային Կոնգրես

Հայ Ազգային Կոնգրեսը որոշ լրատվամիջոցներից հարցում է ստացել այսօր` մայիսի 18-ին, հրապարակված «Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը» միանալու վերաբերյալ: Ազգային Կոնգրեսից հայտարարում են՝ «Խստորեն դատապարտելով Հայաստանի իշխանությունների վարած ղարաբաղյան քաղաքականությունը, հայտնելով մեր համերաշխությունը Արցախի ժողովրդի քաջարի պայքարին, միջազգային հանրությունից ակնկալում ենք խաղաղության հաստատման բանակցություններում հաշվի նստել նրա արդարացի պահանջների հետ, ինչպես նաեւ շուտափույթ կերպով           — լուծել Ղարաբաղի բնակչության հումանիտար խնդիրները,           — ապահովել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների  վերադարձը           — երաշխավորել Լաչինի միջանցքի անխափան եւ անվտանգ գործունեությունը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայ Ազգային Կոնգրեսը չի կարող միանալ միջազգային իրավունքի տեսակետից մի շարք կետերով խոցելի՝ «Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը»։  
14:35 - 18 մայիսի, 2023
ՀԱԿ-ը դիմում է Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ

ՀԱԿ-ը դիմում է Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ դիմելով ՀՀ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, կուսակցություններին և լրատվամիջոցներին՝ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև՝ «Հիշյալ անձն այնպիսի նվաստացուցիչ հարված է հասցրել Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի վարկին, ինչը ներվելու պարագայում մեզ է փակցնելու աշխարհի՝ արժանապատվությունից զուրկ ամենահետին ազգի «պատվանունը»։ Պատմության մեջ եղել են բազմաթիվ բռնակալներ, որոնք գնդակահարել, կախել, մորթել, նույնիսկ կերել են իրենց քաղաքական հակառակորդներին, բայց չի եղել մեկը, որ քաղաքի կենտրոնում հարյուրավոր մարդկանց աչքի առջեւ թքի մարդու դեմքին (այս առումով Ալեն Սիմոնյանի անունը արժանի է տեղ գտնելու Գինեսի գրքում): Դիմելով իրավապաշտպան կազմակերպություններին, կուսակցություններին եւ լրատվամիջոցներին՝ մենք գիտակցում ենք, անշուշտ, որ Սիմոնյանի շուտափույթ պաշտոնանկությունը ոչ թե նրանց, այլ, առաջին հերթին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խնդիրն էր։ Այնինչ, նշված կուսակցությունն արդեն երկու շաբաթից ավելի այդ խայտառակ միջադեպի վերաբերյալ քար լռություն է պահպանում։ Ավելին, որոշ կարկառուն ՔՊ-ականներ նույնիսկ փորձում են արդարացնել Սիմոնյանի արարքը։ Իսկ դա նշանակում է, որ ՔՊ-ականները սիրահոժար կերպով իրենց վրա են վերցնում նրա զազրելի պահվածքի պատասխանատվությունը։ Հետեւաբար, մենք իրավունք ունենք ՔՊ կուսակցությունը այսուհետեւ կոչելու ԹՔՊ, այսինքն՝ Թքողների Քաղաքացիական Պայմանագիր կուսակցություն։ Ընտրությունն իրենցն է։ Եթե համակերպվում են այդ դերին, թող շարունակեն վայելել թքողների «պատիվը»։ Անշուշտ, ներկայիս ծանրագույն պայմաններում մեր ժողովուրդն ունի բազմաթիվ գոյաբանական խնդիրներ, մեր անվտանգությանն սպառնացող արտաքին լուրջ մարտահրավերներ, որոնց նկատմամբ մեր իշխանությունների արձագանքները ամենեւին բավարար չեն՝ ի մասնավորի նաեւ այն պատճառով, որ դրանց անհամարժեք դիմագրավումը, իշխանությունների անկարողությունից բացի, բացատրվում է մեր ժողովրդի նկատմամբ իրենց ամբարտավան եւ նվաստացուցիչ վերաբերմունքով։ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպը դրա ամենախայտառակ դրսեւորումն է»։
18:49 - 17 ապրիլի, 2023
Հայ ազգային կոնգրեսի ցավակցությունը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի մահվան կապակցությամբ

Հայ ազգային կոնգրեսի ցավակցությունը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի մահվան կապակցությամբ

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը ցավակցական տեքստ է տարածել  «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի մահվան կապակցությամբ, հայտնում են «Իլուր»-ից։  «Կյանքից անժամանակ հեռացավ «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի» անդամ Սամսոն Սերյոժայի Ղազարյանը։ Սամսոն Ղազարյանը ծնվել է 1953 թվականի հունվարի 18-ին Արթիկի շրջանի Տուֆաշեն գյուղում։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Զբաղվել է լրագրողական աշխատանքով, աշխատել պատմության ուսուցիչ Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում։ Ղարաբաղյան շարժման ակունքներում է եղել եւ առաջին կազմակերպիչներից մեկը։ Հենց որպես այդպիսին է, որ 1988 թ. փետրվարի 20-ից Հայաստանում ծայր առած հանրահավաքների առաջին իսկ օրվանից նա Ազատության հրապարակի հարթակում էր։ Երբ հանրահավաքների կազմակերպական մասն ապահովելու համար հաջորդ օրերին ստեղծվեց Շարժման առաջին ղեկավար մարմինը՝ «կազմակերպական կոմիտեն», Սամսոն Ղազարյանն ընտրվեց դրա կազմում։ Նա առաջին հանրահավաքների հիմնական վարողներից էր։ Երբ իշխանությանը հաջողվեց խաբեությամբ ցրել կես միլիոնի սահմանագիծն անցած հանրահավաքները, որոշ ժամանակ անց` մայիսի վերջերին Շարժումը կանգնեց մի ճամփաբաժանի առջեւ, եւ ոմանք, տրվելով հույզերին, փորձ արեցին այն տանել արկածախնդրական ճանապարհով։ Սամսոն Ղազարյանը «Կազմկոմիտեի» այն յոթ անդամներից մեկն էր, որոնք վճռականորեն կանգնեցին դրա դեմ հատուկ հայտարարությամբ։ Այս յոթին ավելացնելով եւս չորս հոգի` մինչ այդ արդեն հայտնի դարձած եւ ավանդ ունեցող ակտիվիստների, ստեղծվեց Շարժման նոր ղեկավար մարմին՝ «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն» (կարճ՝ «Ղարաբաղ» կոմիտե)։ 1988 թ. հուլիսի 4-5-ին կազմակերպվեց շատ լուրջ ու վտանգավոր մի սադրանք, ինչի հետեւանքով բազմահազար ցուցարարներ հայտնվեցի Երեւանի օդանավակայանում՝ խոչընդոտելով նրա աշխատանքը։ «Ղարաբաղ» կոմիտեի երեք անդամների, որոնց մեջ էր նաեւ Սամսոն Ղազարյանը, համառ ջանքերով հնարավոր եղավ դժվարությամբ հանգուցալուծել մեծ կորուստներով հղի իրավիճակը։ 1988 թ. դեկտեմբեր-հունվարին ձերբակալվեցին «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամները եւ տեղափոխվեցին մոսկովյան բանտեր։ 1989 թ. հունվարի վերջին շարժման ակտիվին հաջողվեց իր առաջնորդներից, որ նաեւ կալանքի տակ էին, մեկ տասնյակից ավելի մարդկանց առաջադրել ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների մեկնարկած ընտրություններում որպես պատգամավորության թեկնածու։ Նրանց մեջ էր նաեւ Սամսոն Ղազարյանը։ Քաղաքական գործունեությանը զուգահեռ, Սամսոնը Շարժման տարիներին զբաղվել է նաեւ պաշտպանական խնդիրներով. նա  «Մուշ» կամավորական ջոկատի հիմնադիրներից է։ Սամսոն Ղազարյանը 1989 թ. նոյեմբերին Հայոց համազգային շարժման 1-ին համագումարում ընտրվեց ՀՀՇ ղեկավար մարմնի՝ վարչության անդամ։  1990 թ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններում ՀՀՇ-ն հաղթանակ տարավ Կոմունիստական կուսակցության նկատմամբ, ԳԽ պատգամավոր դարձավ նաեւ Սամսոն Ղազարյանը եւ իր քաղաքական գործունեությունը շարունակեց խորհրդարանում։ Սամսոնն իր ողջ կարողություններով ակտիվորեն մասնակցեց նաեւ 2008 թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ ծայր առած համաժողովրդական շարժմանը։ Հայ ազգային կոնգրեսը խորը վիշտ է ապրում սիրելի ընկերոջ վաղաժամ կորստյան առիթով, ցավակցում նրա հարազատներին ու մերձավորներին»։ 
11:31 - 03 հունվարի, 2023
Մեզ բանակցությունների մասին տեղեկացնելու «հավաստի աղբյուրի» «հրապարակային» փորձը ուղղված է բացառապես PR նպատակների իրագործմանը․ Լևոն Զուրաբյան

Մեզ բանակցությունների մասին տեղեկացնելու «հավաստի աղբյուրի» «հրապարակային» փորձը ուղղված է բացառապես PR նպատակների իրագործմանը․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում այսօր հրապարակված հոդվածի մասին, որտեղ նշված է, թե ինչ է Ադրբեջանը պահանջում Հայաստանից։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հայկական ժամանակ» թերթը հրապարակել է ոմն Հավաստի Աղբյուրի (հեղինակը հենց այդպես է ստորագրել հոդվածը) տեղեկություններն այն մասին թե որոնք են Ադրբեջանի պայմանները Հայաստանի հետ խաղաղությունը կնքելու համար.«1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:3. Միջանցք Հայաստանի տարածքով:4. Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով»:Իհարկե, մեր հանրության բավականի ստվար զագվածը շատ լավ հասկանում է, թե ո՜վ է այդ Հավաստի Աղբյուրը։ Մենք նաեւ գիտենք, որ հենց Հավաստի Աղբյուրի տիտանական ջանքերի շնորհիվ ենք հայտնվել այս վիճակում, երբ Ադրբեջանը համարձակվում է մեր առաջ նման պահանջներ դնել։Քանի որ սույն Հավաստի Աղբյուրը նաեւ հատուկ շեշտում է, որ պահանջները դասավորել է ըստ նրանց մերժման դեպքում՝ պատերազմի վերսկսման վտանգի մեծության, կարելի է ենթադրել, որ նա հանրային հող է նախապատրաստում իր նշած ցուցակում «ամենապատերազմավտանգ» պահանջները բավարարելու համար։ Ամեն դեպքում, այն հանգամանքը, որ Հավաստի Աղբյուրը նման «կրեատիվ» ճանապարհ է ընտրել Հայաստանի համար ճակատագրական, իսկ ավելի ճիշտ՝ էքզիստենցիալ քաղաքական որոշումների քննարկման համար, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանն արդեն իրեն իրավունք է վերապահում սահմանագծման համար առաջ քաշել (իսկ Հավաստի Աղբյուրը՝ հնչեցնել) 1919, 1920 թվականների քարտեզներ, որոնցում բնականաբար Զանգեզուրը նշում են Ադրբեջանի կազմում, ահա՝ այդ հանգամանքները հուշում են, որ մենք գործ ունենք ոչ թե Հավաստի Աղբյուրի հետ, այլ՝ Մեխի Գլխի։Ի դեպ, նորից որեւէ մանրամասներ չեն բացվում միջանցքի պահանջի վերաբերյալ, ինչպես նաեւ այլ հարցերում էական նյուանսների մասին, այնպես որ մեզ բանակցությունների մասին տեղեկացնելու այս «հրապարակային» փորձը ուղղված է բացառապես PR նպատակների իրագործմանը։
16:55 - 03 հոկտեմբերի, 2022
«ՀԱԿ-ը չի կարող օգնել մարդկանց, որոնք այս արկածախնդրության հիմքը դրեցին»․ Զուրաբյան
 |azatutyun.am|

«ՀԱԿ-ը չի կարող օգնել մարդկանց, որոնք այս արկածախնդրության հիմքը դրեցին»․ Զուրաբյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) չի կարող լինել փողոցում և օգնել այն մարդկանց, որոնք այս արկածախնդրության հիմքը դրեցին, «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը։ Ընդգծելով, որ լավ կլիներ՝ Նիկոլ Փաշինյանի նման «ապաշնորհ, դիվանագիտությունից և աշխարհաքաղաքականությունից ոչինչ չհասկացող աղետաբեր ղեկավարը» իշխանությունից գնար՝ Լևոն Զուրաբյանը շեշտեց՝ պետք է հասկանալ, թե ինչ պրոցեսով պետք է էդ մարդուն հեռացվի։ Էս գործընթացով հեռացնելը, ըստ ՀԱԿ փոխնախագահի, ոչ մի լավ ապագա չի խոստանում։ Զուրաբյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ -Պարոն Զուրաբյան, Հայ ազգային կոնգրեսն անխնա քննադատում է իշխանություններին, բայց այս օրերին փողոցում չէ, ինչո՞ւ։ -Եթե փողոցում լինելը նշանակում է օգնել այն մարդկանց, որոնց սխալների պատճառով է էս ամեն ինչը կատարվել, իհարկե մենք փողոցում չենք լինի։ Ո՞նց կարող է մենք լինենք փողոցում և աջակցենք մարդկանց, որոնք էս հիմքը դրեցին՝ էս արկածախնդրության։ 98 թվականից սկսած էդ մարդիկ են էդ հիմքը դրել՝ էդ արկածախնդրության։ Սա մեկ, երկրորդը՝ մենք շատ լավ հասկանում ենք և Տեր-Պետրոսյանը դրա մասին գրեց, որ ցնցումներն իրականում շատ վտանգավոր են այսօր Հայաստանի համար և կարող են բերել ավելի ծանր վիճակների Հայաստանի համար և ցնցումներն, իսկապես, կարող են թուլացնել Հայաստանի դիրքերը բանակցություններում, հետևաբար մենք զերծ ենք մնում նման գործընթացներից։ Իսկապես լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանի նման ապաշնորհ, դիվանագիտությունից և աշխարհաքաղաքականությունից ոչինչ չհասկացող աղետաբեր ղեկավարը իշխանությունից գնար, բայց պետք է հասկանալ էդ ինչ պրոցեսով պետք է էդ մարդուն հեռացվի։ Էս գործընթացով հեռացնելը ոչ մի լավ ապագա չի խոստանում։  Ձեզ այդ հրապարակը չի՞ համոզել, որ աթոռի կռիվ չէ, գալիս ենք՝ ժամանակավոր կառավարություն, Արցախը փրկել։ -Ես Ձեզ անկեղծ ասեմ, եթե հրապարակում գոնե հնչեր մի քիչ քաղաքական միտք, էնպես չի, որ մենք ֆիքսված ենք անցյալի վրա, էդ անցյալի թշնամության, հակասությունների վրա, եթե հրապարակում հնչեր հստակ քաղաքական միտք, եթե առաջարկվեին լուրջ ալտերնատիվներ, մենք ճկուն ենք հանուն Հայաստանի, եթե մենք տեսնեինք, որ կա գործընթաց, որը խոստանում է ապագայում Հայաստանը ճիշտ ուղղությամբ տանել, և հիմա էլ այս գործընթացն այնպես կտանի, որ իսկապես կապահովի մեծ կոնսոլիդացիա, հանրության լայն շրջանակների ներգրավում, որը շատ կարևոր է, եթե ուզում ես, որ գործընթացը կայուն գնա՝ առանց արյունահեղության, առանց ցնցումների, շատ առանցքային է հանրության լայն շրջանակների ներգրավումը, դա ինքնին դառնում է երաշխիք, որ գործընթացները նորմալ են գնում։ Եթե մենք տեսնեինք, որ նման գործընթաց է գնում և հաշվարկված, ռացիոնալ քաղաքական մտքի շուրջ հնարավոր է լայն կոնսոլիդացիա, իհարկե մենք կմիանայինք այդ գործընթացին, կամ ինքներս կնախաձեռնեինք։ Զուրաբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․  
14:34 - 18 մայիսի, 2022
ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

«Հայաստանը փախչելու տեղ չունի․․․ Ի՞նչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են․․․»,- փետրվարի սկզբին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այս հայտարարությունը հանրային եւ քաղաքական շրջանակներում դարձյալ ակտիվացրեց Հայաստանի՝ Ռուսաստանի ու Բելառուսի հետ միութենական պետության մաս կազմելու թեման։ Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Ղազախստանը, այլ պետություններ, որոնց թվում՝ նաեւ Հայաստանը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն այս հայտարարությանն արձագանքեց․ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի մեկնաբանությամբ՝ «Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը եւ որեւէ առնչություն չունեն Հայաստանի եւ նրա արտաքին քաղաքականության հետ»։ Infocom-ը Հայաստանի քաղաքական կուսակություններից մեկնաբանություններ է խնդրել, թե ինչ դիրքորոշում ունեն միութենական պետության մաս կազմելու հարցով։ Մասնավորապես, 2017, 2018, 2021 թվականների խորհրդարանական ընտրություններին մասնակցած, 2021թ․ տեղական ինքնակառավարման ընտրություններին ակտիվություն ցուցաբերած մի քանի տասնյակ կուսակցությունների գրավոր հարցադրումներ ենք ուղարկել՝ Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում պատկերացնո՞ւմ են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ միութենական պետության մաս, եւ եթե այո կամ ոչ, ապա ի՞նչ մեկնաբանությամբ։ Ստորեւ ներկայացնում ենք հարցադրմանը պատասխանած կուսակցությունների դիրքորոշումները։ «Ազգային օրակարագ» կուսակցությունը կարծում է՝ ապազգային եւ հակապետական իշխանական համակարգի ներկայացուցիչներն են եռանդագին քարոզում հայկական պետական ինքնիշխանության ու անկախ պետականության անհնարինությունը՝ պնդելով, որ գոյութենական միակ այլընտրանքը Ռուսաստանի կողմից ձեւավորվող հերթական Միության մաս դառնալն է․ «Օտարի իշխանության ներքո գոյատեւելու բազմադարյա այս կործանարար գաղափարն ու կեցվածքը ի վերջո հանգեցրել են Ցեղասպանության եւ Հայրենազրկման, ու Հայության նկատմամբ ստորացուցիչ կայուն վերաբերմունքի բանաձեւման՝ «КУДА ОНИ ДЕНУТСЯ...»»: Կուսակցության համոզմամբ՝ մենք երկու ուղի ունենք՝ լինել պետություն եւ ունենալ պետականություն, լինել ինքնիշխան պետություն, կամ էլ՝ չլինել այդպիսին։  Ազգային-ժողովրդավարական բեւեռը կտրականապես դեմ է Ռուսաստան֊Բելառուս միութենական պետության (ինչպես նաեւ որեւէ այլ վերպետական կառույցի) մաս կազմելու, քանի որ դա, ըստ կուսակցության դիրքորոշման, նախ նշանակում է ինքնիշխանության զգալի զիջում, եւ երկրորդ՝ ՀՀ ազգային շահերը գոնե ներկա եւ մոտ հեռանկարի ապագայում մեղմ ասած չեն համընկնում ՌԴ-ի եւ Բելառուսի շահերին․ «ԱԺԲ֊ն հանդես է գալիս ՀՀ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ կազմից դուրս գալու օգտին եւ ԱՄՆ ոչ-ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանալու օգտին։ ԱԺԲն հանդես է գալիս ՀՀ եւ ԵՄ շատ ավելի խորը համագործակցության օգտին»,- ասված է կուսակցության պատասխանում: «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը ոչ մի պարագայում ընդունելի չի կարող համարել Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության գաղափարը։ Կուսակցության պատասխանի համաձայն՝ «Շանթ Դաշինքը» Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդի ազատությունը համարում է անսակարկելի արժեքներ, որոնց սակարկողները կամ դրանց ճշմարտացիությունը կասկածի տակ դնողները պետք է համարվեն պետական դավաճաններ՝ ըստ ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածների։ (Տեխնիկական խնդիրների պատճառով «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության պատասխանը նյութին ավելացվել է հրապարակումից ավելի ուշ,- խմբ․)։ «Քաղացու որոշում» ՍԴ կուսակցությունը մեր հարցադրմանն ի պատասխան հայտնել է, որ երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չեն կարող լինել․ ««Քաղաքացու որոշում» կուսակցությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում եւ գործում է նրա սահմանադրականության շրջանակներում՝ ի շահ ինքնիշխանության, ժողովրդավարականության, իրավականության եւ սոցիալականության: Սա նշանակում է, որ մեր գործունեության բոլոր դրսեւորումները ուղղված են լինելու Հայաստանի գոյություն ունեցող ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը: Հետեւաբար, մենք երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չենք կարող լինել»,- ասված է կուսակցության պատասխանում՝ հավելումով, որ առկա իրավիճակում իրենք տեսնում են նման միություններին անդամակցությունից զերծ մնալու հնարավորություն․ «Ուստի պատրաստ չենք քննարկել դեպքեր եւ հանգամանքներ, որոնցում ինքնիշխանության նվազեցումը «ընդունելի կլինի»։ Մեր այս դիրքորոշումը պայմանավորված է մեր արժեքներով, գաղափարներով, ինչպես նաեւ այն պրագմատիկ հաշվարկով, որ միջազգային հարաբերությունների հետզհետե բեւեռացման ժամանակաշրջանում այդ բեւեռների սահմանագծում ապրող ժողովուրդը, բեւեռներից մեկին ինքնամոռաց նվիրվելով, ունենալու է մեծ կորուստներ, իսկ ձեռքբերումների հավանականությունը խիստ փոքր է լինելու»: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը կտրականապես մերժում է «Ռուսաստանից պարտադրվող եւ Հայաստանի ներսից սպասարկվող միութենական նկրտումները»։ Կուսակցության դիրքորոշմամբ՝ Հայաստանի ինքնիշխանությունը սակարկող ցանկացած ուժ պետք է արժանանա հստակ գնահատականների եւ մերժվի հանրության կողմից․ «Մեր հավատամքին համապատասխան՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի կանխվեն նման սցենարները, այդ թվում՝ փորձելու ենք համախոհ ուժերի հետ անցկացնել խորհրդակցություններ եւ անհրաժեշտության դեպքում նաեւ կոնկրեը գործողություններ։ Անկախ Հայաստանին այլընտրանք չկա»։  «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները եւ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը համարում են, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը բացարձակ արժեք է․ «Եվ ցանկացած պարագայում մեր դիրքորոշումը հիմնված ու կառուցված է լինելու այս սկզբունքային մոտեցման վրա»: Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հնարավոր միութենական հանրապետության ձեւավորման հարցին՝ կուսակցության պատասխանի համաձայն՝ օդում կախված լուրերի կամ անհայտ ծագման տեղեկությունների վերաբերյալ «պարզապես չի կարելի, կոռեկտ չէ» դիրքորոշում ակնկալել․ «Եթե կլինեն նման գործընթացներ, նման առաջարկ կամ առաջարկներ, այդ ժամանակ էլ, ելնելով բովանդակությունից, իր բոլոր  մանրամասներով կներկայացնենք մեր դիրքորոշումն ու դիտարկումները՝ վստահաբար հավատարիմ մնալով վերոնշյալ մոտեցմանը»: Հայաստանի Հանրապետական կուսակցության պատասխանի համաձայն՝ ՀՀԿ-ն իր արտաքին քաղաքական գերակայությունները հնչեցրել է ՀՀԿ 17-րդ համագումարում, դրանք ներառված են համագումարի բանաձեւում։ Առաջարկել են կուսակցության դիրքորոշումներին ծանոթանալու համար հետեւել քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող ՀՀԿ ներկայացուցիչներին հրապարակային ելույթներին, հարցազրույցներին, ՀՀԿ-ի ընթացիկ հայտարարություններին։ Infocom-ը կուսակցության համագումարի բանաձեւից առանձնացրել է արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածները։ Այսպես, կուսակցությունը բանաձեւում նշել է, որ Հանրապետականը եղել եւ մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը եւ կապերի այդ լայն շրջանակը շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը այն գիտակցումով, որ միայն ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանը կարող է հարգանքի արժանի եւ վստահելի գործընկեր լինել: Կուսակցությունը հայտարարել է, որ իշխանափոխությունից հետո, ի թիվս այլնի, իրենց գործունեության առաջնահերթություններից են լինելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը անվտանգային ողջ գործիքակազմի խելամիտ եւ նպատակային գործադրմամբ, հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության բարելավումը, ընդլայնումը եւ խորացումը՝ ամրապնդելով Հայաստանի եւ Արցախի սահմանների անվտանգության իրական երաշխիքները, Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող գործողությունների ծրագրում ներառված գերակայությունների վերաբանակցումը, եւ այլն։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում եւ չի ցանկանում պատկերացնել որպես Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ այսպես կոչված «միութենական պետության» մաս․ «Հայաստանի Հանրապետությունն ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետություն է, եւ բազում տարիների անօրինակ պայքարով ձեռք բերված այդ կարգավիճակը, հաստատված 1991 թվականի հանրաքվեի անվիճելի արդյունքներով, սկզբունքորեն չի՛ կարող լինել սակարկության կամ նույնիսկ քննարկման առարկա, նույնիսկ տեսականորեն»,- ասված է կուսակցության պատասխանում։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը պատասխանում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված, եւ, ըստ այդմ, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում ոչ միայն չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ Միութենական պետության մաս, այլ անգամ քաղաքական օրակարգ արհեստականորեն բերված քննարկումները, հարցումները, նմանօրինակ հայտարարությունները համարում է խիստ վտանգավոր ու անթույլատրելի եւ ՀՀ անկախության, ինքնիշխանության եւ անվտանգային համակարգի դեմ տարվող բացահայտ գործողություններ․ «Մեր օրակարգում նմանօրինակ հարցի անգամ քննարկում, որն ողիղ սպառնալիք եւ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, չկա եւ չի էլ կարող երբեւէ լինել»:  Կուսակցությունը կարծում է, որ ակնհայտ է՝ միութենական պետության գաղափարը ՌԴ իշխանությունների աշխարհաքաղաքական նկրտումներին եւ շահերին հարմարեցված հերթական միավորում պետք է լինի, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով, ինչն էլ ծանր հետեւանքներ է ունենալու ոչ միայն ՀՀ քաղաքական եւ տնտեսական բազմավեկտոր ինտեգրացիոն գործընթացների վրա, այլ նաեւ լուրջ խոչնդոտ է լինելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ միջազգային ճանաչման գործընթացի համար․ «Վստահ ենք՝ բոլորի հիշողությունները դեռ թարմ են, թե ինչպիսի դիրքորոշում հայտնեց ՀԱՊԿ-ը Հայաստանի համար օրհասական եւ անվտանգային առումով ամենաբարդ ու ծանրագույն շրջանում՝ թե՛ քառօրյա , եւ թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, անգամ ՀՀ սուվերեն տարածք թշնամու ներխուժման եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու ժամանակ: Իսկ, որ հենց այդպիսի դիրքորոշում էր որդեգրելու ՀԱՊԿ-ը, Ազատ Դեմոկրատները բազմիցս են բարձրաձայնել: Եվ, ընդհանրապես, Հայաստանի ապագան քաղաքակիրթ եւ առաջադեմ աշխարհն է, այլ ոչ թե դրանից մեկուսացումը: Հայաստանի իշխանությունը առաջնահերթ պարտավորություն ունի կոշտ ու միանշանակ հակահարված տալ ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը սպաղնացող որեւէ գործողության եւ առաջնորդվի միմիայն ՀՀ Սահմանադրությամբ եւ պետական շահով»: Հայաստանի կանաչների կուսակցությունը անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն էլ դեմ է ՀՀ ինքնիշխանության մասնակի կամ ամբողջական օտարմանը՝ հօգուտ որեւէ պետության, կամ պետությունների, կամ նրանց դաշինքի կամ միությանը, այդ թվում եւ առավել եւս՝ ՌԴ ու Բելառուսի միութենական պետությանը միանալու տեսքով։  Պահպանողական կուսակցությունը եւս որեւէ պարագայում Հայաստանը չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Պահպանողական կուսակցության համար ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված ինքնիշխանությունն անսակարկելի է, ինչպես նաեւ Պահպանողական կուսակցության Կանոնադրության եւ Ծրագրի մեջ Հայաստանի պետականությունը հռչակված է որպես բարձրագույն արժեք»: Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության ամփոփոխ առաջին հոդվածի բովանդակությունը Հայաստանի Հանրապետռության ինքնիշխանության վերաբերյալ, ինչպես նաեւ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հաստատուն դիրքորոշումը, անընդունելի եւ հակապետական է համարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի դակ դնող ցանկացած գաղափար եւ ցանկացած ակտ: Հայաստանի եվրոպական կուսակցությունը նույնպես կտրականապես դեմ է միութենական պետության գաղափարին․ «Մեզ մոտ դա անգամ չի քննարկվում, դա քրեական հանցագործություն է։ Նման բան քննարկել, խոսել, մտածել, անգամ չենք պատկերացնում»,- Infocom-ի հարցին ի պատասխան՝ կուսակցության դիրքորոշումը հայտնեց կուսակցության վարչության անդամ Ալլա Հարությունյանը։ «Հայոց հայրենիք» կուսակցությունը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությանն անկախությունն ու ինքնիշխանությունը միանշանակ որեւէ կերպ չի կարող խաթարվել, բայց համագործակցությունը որպես մեկ կառույց, «մեկ պետություն»՝ միանշանակ ընդունելի է համարում։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն էլ է կողմ միութենական պետության գաղափարին, եթե ՀՀ անվտանգության ապահովման համար այդ միությանը միանալը վերջին հնարավորությունն է։ Այս տարվա փետրվարի 17-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ, պատասխանելով միութենական պետության մասին լրագրողի հարցին, ասաց, որ այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որոնցով բոլորը հիանում են, օրինակ՝ Եվրամիություն․ «Այն միությունը, որ ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ է, հեռու է իր ինտեգրման աստիճանով ԵՄ-ից։ Այսօրվա աշխարհում, իմ կարծիքով, չպետք է ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրումից, ուղղակի պետք է նստել-հասկանալ՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում։ Իմ նախագահության օրոք նման հարց չի քննարկվել, մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել եւ չենք համարել, որ դա հասունացած է։ Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերել շատ պրագմատիկ եւ հաշվարկի հիմքի վրա, ոչ թե կենցաղային մոդելով՝ դու՝ ինձ, ես՝ քեզ, այլ կոնկրետ հաշվարկով, ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ սպասելիքներ ունենք, ինչ են մեզ առաջարկում, ինչ ենք կորցնում, ինչ ենք ստանում։ Քանի որ չկա առաջարկ, հիմա դժվար է գնահատել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ երբ կլինի, պետք է սթափ հաշվարկով քննարկել, մտնել-կամ չմտնել նման պրոցեսների մեջ։  Նրա կարծիքով՝ ՌԴ-ի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խոր հարաբերություններ․ «Չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում»։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Քոչարյանի ասուլիսից հետո անդրադարձավ միութենական պետության մասին վերջինիս հայտարարություններին՝ հնչեցնելով նաեւ իրենց կուսակցության դիրքորոշումը։ Նրա կարծիքով՝ Քոչարյանը երկընտրանքի առաջ է կանգնեցրել հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը՝ առաջարկելով կամ ապավինել ՌԴ-ի հետ առավել խոր ինտեգրմանը՝ չբացառելով անգամ միութենական պետությանն անդամակցելը՝ այդպիսով թուրք-ադրբեջանական սպառնալիքը դիտարկելով որպես անհաղթահարելի գործոն, կամ համակերպվել Քոչարյանի ձեւակերպմամբ «Հայաստանի աջարիզացիային»։ Նորիկյանի կարծիքով՝ Հայաստանին եւ հայ ժողովրդին դնել ծանր երկընտրանքի առջեւ, որ կամ ընտրում ես Թուրքիան, կամ  Ռուսաստանը, ազնիվ չէ մեր պետության, հասարակության նկատմամբ, եւ բացառել զարգացման որեւէ այլ տարբերակ, այդ թվում՝ բոլորի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, նույնն է, թե Հայաստանին հավերժորեն գամել պատերազմի դռանը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։  Արդար Հայաստանը կարծում է, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը պետք է երկու հարցի վերաբերյալ ունենան հարյուրտոկոսանոց կոնսենսուս․ ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը սակարկման ենթակա չեն, ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ։ Նրանք, որոնք կասկածի տակ կդնեն ինքնիշխանությունն ու պետականությունը, Նորիկյանի խոսքով, պետք է վռնդվեն ՀՀ քաղաքական դաշտից։ Ստորեւ ներկայացնում ենք այն կուսակցությունների ցանկը, որոնք չեն պատասխանել  հարցադրմանը, սակայն հետագայում նրանց դիրքորոշումն ունենալուն պես դրանք եւս կհրապարակենք․ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն,  «Հանրապետություն» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,  «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,  «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,  «Միասնական հայրենիք» կուսակցություն,  Հայ կառուցողական կուսակցություն,  «Զարթոնք» կուսակցություն,  «Ալյանս» կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն,  «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն,  «5165 շարժում» կուսակցություն,  «Վերելք» կուսակցություն,  «Ազատական» կուսակցություն,  «Ժառանգություն» կուսակցություն,  Հայաստանի կոմունիստական կուսակցություն,  «Ազգային ինքնորոշում» կուսակցություն,  «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն։ Հետգրություն «Ապրելու երկիր» կուսակցությունը նյութի հրապարակումից հետո հարցադրմանն ի պատասխան տեղեկացրել է, որ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս, քանի որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սակարկման եւ քննարկման առարկա չէ։   Լուսանկարի աղբյուրը՝ ria.ruՀայարփի Բաղդասարյան
16:54 - 08 մարտի, 2022
Նիկոլ Փաշինյանը 2012 թ․-ին պատգամավոր է ընտրվել ՀԱԿ-ի համամասնական ցուցակով․ Արմեն Գալջյանը մանիպուլացնում է

Նիկոլ Փաշինյանը 2012 թ․-ին պատգամավոր է ընտրվել ՀԱԿ-ի համամասնական ցուցակով․ Արմեն Գալջյանը մանիպուլացնում է

Այս տարվա դեկտեմբերի 20-ին, երբ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը արդեն նախաձեռնել էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց, խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի եթերում անդրադարձավ անվստահության գործընթացի վերաբերյալ մի շարք հարցերի։  Օգտատերերից մեկի հարցը 2012 թ․-ի խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին էր․ «2012 թվականին Նիկոլ Փաշինյանը Հայ ազգային կոնգրեսի կազմում անցել է խորհրդարան, հետո դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսից և շարունակել գործունեությունը՝ որպես անկախ պատգամավոր։ Հիմա Փաշինյանին կարելի՞ էր, Հայկ Մարությանին՝ ո՞չ»,-հետաքրքրվեց օգտատերը։ Գալջյանն էլ արձագանքեց՝ այս երկու դեպքերն ընդհանրապես համեմատելի չեն․ «ՀԱԿ դաշինք է եղել այդ ժամանակ, տարբեր կուսակցություններից ձևավորված դաշինք, և Նիկոլ Փաշինյանը առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով, և ստացել է, եթե չեմ սխալվում, 9437 ձայն։ Ընտրություններից հետո ՀԱԿ դաշինքը որոշել է, որ ստեղծում է կուսակցություն, և Նիկոլ Փաշինյանը պարզապես չի դարձել այդ կուսակցության անդամ։ Այսինքն՝ իրավիճակները տարբեր են․ անձը ստացել է հազարավոր քվեներ, և ինքը ստացել է այդ մանդատը պատգամավոր լինելու համար, որովհետև ակնհայտ է եղել, որ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ եղել է «Հայ ազգային կոնգրեսի» առանցքային դեմքերից մեկը, և մեծամասնական ընտրակարգը դրանով է տարբերվում համամասնական ընտրակարգից»։ Գալջյանը, սակայն, մանիպուլացնում է, քանի որ Նիկոլ Փաշինյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու և «հազարավոր քվեներ» ստանալու արդյունքում չի ընտրվել 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Մեծամասնական ընտրակարգով ընտրությունների պարագայում Փաշինյանը իր ընտրատարածքում պարտվել է, իսկ Ազգային ժողովի պատգամավոր է դարձել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով։ 2012 թ․-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին Հայաստանում գործում էր խառը ընտրակարգ․ Ազգային ժողովը ձևավորվում էր և՛ մեծամասնական, և՛ համամասնական ընտրակարգերով ընտրված պատգամավորներից։ Մեծամասնական ընտրակարգի դեպքում յուրաքանչյուր ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվում ձայների մեծամասնություն ստացած թեկնածուն․ թեկնածուներին կարող էր առաջադրել կուսակցությունը, կամ նա կարող էր ինքնաառաջադրվել։ Իսկ համամասնական ընտրակարգի դեպքում ընտրությունները անցկացվում են կուսակցական ցուցակներով, և ընտրողները իրենց ձայնը տալիս են կուսակցություններին կամ դաշինքներին։ Կուսակցությունները կամ դաշինքները տեղ են զբաղեցնում խորհրդարանում՝ ըստ ստացած քվեների տոկոսային հարաբերակցության։ 2012 թ․-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրվել էր թիվ 7 ընտրատարածքում։ Փաշինյանը առաջադրվել էր նաև «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով․ նա նախընտրական ցուցակի 7-րդ համարն էր։ Թիվ 7 ընտրատարածքում ինքնաառաջադրվել էին նաև անկուսակցական Տիգրան Գրիգորյանը, Վարդան Վարդանյանը, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Մալաթիա-Սեբաստիայում առաջադրել էր այն ժամանակ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական Սամվել Ալեքսանյանի թեկնածությունը։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից թիվ 7 ընտրատարածքում ձայների մեծամասնությամբ առաջատար էր ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Ալեքսանյանը․ նա ստացել էր 19.808 քվե։ Նիկոլ Փաշինյանը այդ ընտրությունների արդյունքում հավաքել էր 9437 ձայն, Տիգրան Գրիգորյանը՝  1262, իսկ Վարդան Վարդանյանը՝ 1088 ձայն։ Այսպիսով, առաջադրված 4 թեկնածուներից խորհրդարան էր անցել Սամվել Ալեքսանյանը, որը դարձավ 5-րդ գումարման Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր։ Համամասնական ընտրակարգի դեպքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը  664. 266 քվե կամ  44.1% ձայն ՝ ձևավորելով 5-րդ գումարման Ազգային ժողովի ամենամեծ խմբակցությունը։ Հավաքած քվեներով 2-րդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր, որը հավաքել էր 454.671 ձայն կամ 30.13%։  Իսկ ԲՀԿ-ին հաջորդում էր «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքը, որը այդ ընտրությունների արդյունքում հավաքեց 106.901 քվե կամ 7.08% և Ազգային ժողովում 7 պատգամավորական մանդատ ստացավ։ Նիկոլ Փաշինյանն այսպիսով դարձավ 5-րդ գումարման Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, որովհետև նա ՀԱԿ դաշինքի նախընտրական ցուցակի 7-րդ համարն էր։ Ի հավելումն նշենք, որ նախընտրական ցուցակի առաջին համար Լևոն Տեր-Պետրոսյանը և չորրորդ համար Արամ Սարգսյանը հրաժարվեցին մանդատներից, ինչի արդյունքում մանդատները տրվեցին Հրանտ Բագրատյանին և Գագիկ Ջհանգիրյանին։ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում արդեն ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կենսագրության մեջ նույնպես նշված է, որ նա 2012-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով։ Այսպիսով, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը մանիպուլացնում է, քանի որ ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել ոչ թե մեծամասնական ընտրակարգով, այլ ՀԱԿ դաշինքի համամասնական ցուցակով։    Նանե Ավետիսյան  
18:25 - 29 դեկտեմբերի, 2021
Ստեփանավանում հաղթանակ է տարել ՔՊ-ն․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է ներկայացրել

Ստեփանավանում հաղթանակ է տարել ՔՊ-ն․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է ներկայացրել

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, համամասնական ընտրակարգող ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել Կապան, Իջևան և Ստեփանավան համանքներում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները՝ ստորև․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 705 ձայն կամ 13․8%«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - 218 ձայն կամ 4․26%«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 4 004 ձայն կամ 78.4% Նշենք, որ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ընտրելու իրավունք ուներ 13 343 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 5107-ը։ Ստեփանավանում ՀԱԿ նախընտրական ցուցակը գլխավորում էր Վանո Հակոբյանը, ՔՊ-ի ցուցակը՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը, իսկ ԲՀԿ-ի ցուցակը՝ Հարություն Ղարագոզյանը։ Հիշեցնենք, որ երեկ ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Արզնի համայնքում ընթանում է ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:  
09:55 - 15 նոյեմբերի, 2021
ՀԱԿ-ը կոչ է անում Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում |ilur.am|

ՀԱԿ-ը կոչ է անում Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում |ilur.am|

ilur.am: Հոկտեմբերի 15-ին իր մահկանացուն կնքեց նշանավոր պետական գործիչ, ականավոր գրող, Ղարաբաղ կոմիտեի անդամ, Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամ, Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Վանո Սիրադեղյանը՝ մեր սիրելի Վանոն։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը։ «Արձակագիր Վանոյի արժեքը և իրական տեղը հայ գրականության մեջ լավագույնս ներկայացված է մեծն Հրանտ Մաթևոսյանի հետևյալ տողերում․ «Հայ գրականության մեջ Վանոյի կարիքը կար, Վանոյի տեղը նշված էր ու պարապ էր։ Արձակի անունով հարյուրավոր, հազարավոր էջեր էինք լրացրել․ երբեմն շատ հաջողված՝ Ստեփան Զորյան, Ակսել Բակունց, Հակոբ Մնձուրի, Աղասի Այվազյան։ Մեծ արձակի ծարավի ընթերցողն, այնինչ, իր համաշխարհային պրոզայի ղողանջն ուզում էր լսել իր՝ հայոց լեզվի աշխարհից, իր լեզվի, իր մշակույթի, իր արձակի պատվախնդիր այդ ընթերցողը իր գրողից հայցում էր այն էջերը, որ կհայտնաբերեին իր և իր լեզվի կարողությունը՝ հարաբերվելու աշխարհի պատումային մեծ արվեստի հետ։ Վանոն ահա լեցնելու էր և լեցնում էր այդ պարապը։» Անուրանալի է Վանոյի դերը ղարաբաղյան շարժման կազմակերպման, Հայաստանի անկախության նվաճման, պետականության կերտման և ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի տարած հաղթանակի գործում։ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանն էր, որ սեղմ ժամկետում արմատախիլ արեց հանցավորությունը և անհաշտ պայքար մղեց հանցագործ աշխարհի դեմ, նաեւ թույլ չտալով վերջինիս մասնակցությունը քաղաքական գործընթացներին (մի քաղաքականություն, որը գլխովին շրջվեց քոչարյանական կառավարման տարիներին)։ Երկուսուկես տարի տևած արյունալի պատերազմում հաղթանակն անհնարին կլիներ, եթե Վանոյի ղեկավարած նախարարությունը չապահովեր Հայաստանի ներքին անվտանգությունն ու կարգուկանոնը և օրհասական պահին չկազմակերպեր Լաչինի միջանցքի պաշտպանությունը։ Հետագայում, 1998 թվականի պետական հեղաշրջումից հետո, ուրանալով Վանո Սիրադեղյանի մեծագույն ներդրումը հայոց պետականության կայացման գործում, Ռ․ Քոչարյանի վարչակազմը շինծու և ստորագույն մեղադրանքներով հալածանքներ սկսեց նրա նկատմամբ, ինչի հետևանքով Վանոն դարձավ քաղաքական վտարանդի։ Ցավոք սրտի, Հայաստանի ներկա իշխանությունները ոչինչ չարեցին քոչարյանական ռեժիմի գործած այդ ապօրինությանը վերջ դնելու համար։ Ժամանակն է վերականգնելու պատմական արդարությունը։ Հաշվի առնելով Վանո Սիրադեղյանի՝ գրականության եւ պետական կառավարման բնագավառներում  հայ ժողովրդին մատուցած ծանրակշիռ ծառայությունները, կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում»,- նշված է Կոնգրեսի հաղորդագրության մեջ։
22:39 - 17 հոկտեմբերի, 2021