«Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցություն

2020 թվականի մայիսի 15-ին հանրային ու քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ժիրայր Սէֆիլյանը, Արա Պապյանը, Կարո Եղնուկյանը, Տիգրան Խզմալյանը, Գարեգին Չուգասզյանը, Ազատ Օրդուխանյանը եւ այլք, հանդես եկան հայտարարությամբ՝ Ազգային-ժողովրդավարական բեւեռ նախաձեռնության կայացման մասին։ 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր․

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները,
նկատի ունենալով, որ դրանք կորոնավիրուսի համավարակի պատճառով ահագնանում ու կուտակվում են, ինչի հետեւանքով կարող են գոյութենական ճգնաժամ առաջացնել ազգի ու պետականության համար,
փաստելով, որ մենք դեռեւս այդ ճգնաժամի նախնական փուլում ենք եւ դրա ծանր հետեւանքները զգալու ենք առաջիկայում՝ հաջորդաբար ուժգնացող ալիքների ձեւով,
արձանագրելով, որ գործող իշխանությունը չունի միայն իր ուժերով ճգնաժամը հաղթահարելու կամք եւ կարողություն,
նշելով, որ առկա քաղաքական դաշտը կազմալուծված է եւ ունակ չէ ձեւավորելու ու ներկայացնելու ազգի քաղաքական կամքը,
համոզված լինելով, որ ստեղծված իրավիճակում ազգային-քաղաքական համախմբումը կարող է արդյունավետ լինել վերկուսակցական ձեւաչափով,
նպատակ ունենալով հաղթահարելու ճգնաժամը՝ ստեղծելով ինքնիշխան, ժողովրդավարական եւ կենսունակ պետության կայացման պայմաններ ու նախադրյալներ, նախաձեռնում ենք ազգային-ժողովրդավարական բեւեռի կայացմամբ ու գործունեությամբ այդ նպատակը կյանքի կոչելու գործընթաց, որը պետք է իրականացվի հակաճգնաժամային անցումային ծրագրով:

Հռչակված նպատակի իրագործման համար ներկայիս իրավիճակում տեսնում ենք հետեւյալ ճանապարհը՝ ճնշում գործադրել իշխանության վրա, որպեսզի նա ձեւավորի հակաճգնաժամային անցումային կառավարություն, որն ունակ կլինի անցումային ծրագրի իրականանցմամբ ապահովելու ճգնաժամի հաղթահարումը:
Մեր համոզմամբ` հակաճգնաժամային անցումային ծրագիրը պետք է հիմնվի հնարավորինս լայն համազգային համաձայնության ու ներառականության վրա եւ պետության ինքնիշխանության ամրապնդման ու Արցախը ներառող միասնական կառավարման համատեքստում առաջնահերթորեն նախատեսի հակաճգնաժամային հետեւյալ համակարգային միջոցառումները եւ փոփոխությունները.

1) առողջապահական, պարենային, էներգետիկ ու պաշտպանական անվտանգության, ինչպես նաեւ լայնածավալ հայրենադարձության նախադրյալների ու պայմանների ապահովում,
2) անցյալի իրավաքաղաքական գնահատական,
3) իրավաքաղաքական գնահատականից բխող անցումային արդարադատություն, այդ թվում.
- քրեական արդարադատություն,
- լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական եւ գործակալական, ինչպես նաեւ որպես հետեւանք՝ նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեության եւ դրանց պարագլուխների հանրային գործունեության արգելում,
4) իրավաքաղաքական գնահատականի հաշվառմամբ Նոր Սահմանադրության մշակում եւ ընդունում,
5) Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն եւ դրանց հիման վրա արտահերթ ընտրությունների անցկացում:
Մեր պատկերացմամբ՝ նոր Սահմանադրության մշակումն ու ընդունումը եւ արտահերթ ընտրությունների կազմակերպումը պետք է ավարտվեն մեկամյա ժամկետում, իսկ հակաճգնաժամային անցումային ծրագրի մնացյալ մասը՝ դրանց իրագործման համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետում՝ նաեւ արտահերթ ընտրություններով ձեւավորված իշխանության գործունեությամբ:
Ընդգծում ենք, որ սույն Հռչակագրին միացած քաղաքական ուժերն ու գործիչները հակաճգնաժամային անցումային ծրագրի մեկամյա ժամկետի ավարտին նախատեսվող արտահերթ ընտրությունների ժամանակ ազատ են լինելու իրենց գործողությունների ձեւաչափն ընտրելու հարցում:
Կոչ ենք անում ազգի եւ պետականության առջեւ ծառացած լինել-չլինելու հրամայականը գիտակցող ուժերին ու գործիչներին համախմբվելու ազգային-ժողովրդավարական բեւեռում՝ միանալով նախաձեռնած գործընթացին»:

2021-ին ստեղծվեց «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցությունը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Կուսակցություն ստեղծելու և ընտրություններին մասնակցելու որոշումից հետո Տիգրան Խզմալյանը և Արկադի Վարդանյանը լքեցին ԱԺԲ-ն։

Կուսակցության նախընտրական ցուցակը  գլխավորում էր Վահե Գասպարյանը։

ԱԺԲ-ն չանցավ 8-րդ գումարման ԱԺ՝ ստանալով  18 976 ձայն (1.49%)

Սյունեցիները փակել են Երեւան-Մեղրի մայրուղին՝ հաջակցություն «Սասնա Ծռեր» խմբի անդամների

Սյունեցիները փակել են Երեւան-Մեղրի մայրուղին՝ հաջակցություն «Սասնա Ծռեր» խմբի անդամների

Սյունիքի մեր հայրենակիցները փակել են Երեւան-Մեղրի մայրուղին՝ ի աջակցություն Սասնա Ծռեր խմբի անդամների: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովրդավարական բեւեռի մամուլի ծառայությունը։ Նշենք, որ այսօր` մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 104-րդ տարեդարձի օրը, ձերբակալվել են «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը, Պավել Մանուկյանը։ Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավճիռը հրապարակվել է 2021 թվականի փետրվարին: Ըստ այդմ՝ դատարանի դատավճռով Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ մահվան հիմքով: Դատական ակտով Պավել Մանուկյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում եւ դատապարտեց 10 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագանձման, նշանակված պատիժը հաշվակցելով՝ նրա նկատմամբ պատիժ նշանակվեց 7,8 տարվա ազատազրկումը: Վարուժան Ավետիսյանը նույնպես մեղավոր ճանաչվեց մեղադրանքներում եւ դատապարտվեց 9 տարի ազատազրկման, վերջնական պատիժը՝ 7,4 տարի: Դատական ակտով Գագիկ Եղիազարյանի նկատմամբ պատիժ նշանակվեց 9 տարվա ազատազրկումը, սակայն վերջնական պատիժ նշանակվեց 7,5 տարի ազատազրկումը: Սեդրակ Նազարյանը նույնպես մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, սակայն պատիժը հաշվակցելով՝ դատարանը վերջնական պատիժ նշանակեց 8,2 տարին:
13:31 - 28 մայիսի, 2022
Ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը և Սասնա Ծռերի այլ անդամներ

Ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը և Սասնա Ծռերի այլ անդամներ

Սասնա Ծռեր համահայկական շարժման ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ձերբակալվել է Ազգային-ժողովրդական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը։ «Ձերբակալվել են Սասնա Ծռեր ապստամբական խմբի այլ հայտնի անդամներ։ Ձերբակալությունների դավադիր օպերացիան ռեժիմն իրականացրել է սինխրոնացված՝ սկսած Երևանի ժամանակով առավոտյան ժամը 6-ից։ Հայաստանի Հանրապետությունը բռնազավթած թշնամական ռեժիմը Հայաստանի Հանրապետության հիմնադրումը որոշել է նշել Հայաստանի Հանրապետության նվիրյալ պաշտպաններին բանտեր ուղարկելով»,- նշված է գրառման մեջ։ Պավել Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ «առավոտյան ժամը 06:30-ին տասը տղամարդ, որոնցից հինգը ոստիկանանի համազգեստով, ներխուժել են Պավել Մանուկյանի տուն և առևանգելով նրան՝ տարել են անհայտ ուղղությամբ»։ Նա ընդգծել է, որ դեպքը տեղի է ունեցել «առանց իրավական հիմքեր ներկայացնելու և առանց որևէ պարզաբանման», ու դիմել է ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ ոստիկանապետին ու Գլխավոր դատախազությանը՝ պահանջելով․ «Հրապարակել Որոշումը, եթե իհարկե գոյություն ունի [որոշում], համաձայն որի՝ իմ պաշտպանյալ Պավել Մանուկյանը զրկվել է անձնական ազատությունից։ Տրամադրել տեղեկություն Պավել Մանուկյանի գտնվելու վայրի վերաբերյալ։ Իսկ եթե դուք կապ չունենք Պավել Մանուկյանի առևանգման հետ, ապա հայտնեք՝ ինչ միջոցներ են ձեռնարկվում բացահայտելու ցեղասպան թուրքերի վայրագությունները Երևանում»։ Հավելենք, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ գրել է․ «Սա նշանակում է, որ ՍԾ-երի (Սասնա Ծռերի- խմբ․) նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ, և տղաներին վերադարձնում են բանտ»։
11:02 - 28 մայիսի, 2022
Ազգային ժողովրդավարական բևեռը կոչ է անում պատրաստ լինել շուտով հրապարակ դուրս գալու

Ազգային ժողովրդավարական բևեռը կոչ է անում պատրաստ լինել շուտով հրապարակ դուրս գալու

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդի հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում պատրաստ լինել շուտով հրապարակ դուրս գալու և Հայաստանն ազատագրելու պայքարին: Հայտարարությունում ասվում է. «Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի` 2022 թ. ապրիլի 19-ի համատեղ հայտարարությունը մեռնող Ռուսական կայսրության կյանքը Հայաստանի կենսական շահերի հաշվին երկարաձգելու հերթական քայլն էր։ Այն շարունակեց ու վերահաստատեց. 1) 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և 2021 թ. նոյեմբերի 26-ի հայտարարություններով Հայաստանին պարտադրված կապիտուլյացիոն ընթացքը, 2) Հայաստանի հետ համընկնող ռազմավարական շահեր ունեցող Արևմուտքի մեկնած օգնության ձեռքն օդում թողնելու և դեպի Արևմուտք թեքվելու փոխարեն ռուս-թուրք-ադրբեջանական հայակործան եռյակին գերի մնալու դավաճանական քաղաքականությունը, 3) Հայաստանի դիրքավորումը որպես քաղաքակիրթ աշխարհի համար արդեն ցեղասպան որակվող, միջազգային մեկուսացման դատապարտված պուտինյան ռեժիմի խամաճիկ ու հանցակից։ Մինչդեռ հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին չի տվել պետությունը կործանելու ու ցեղասպանին աջակցելու մանդատ։ Նա եղել ու մնում է հավատարիմ իր ինքնիշխանությանն ու համամարդկային արժեքներին։ Ուստի Արևմուտքն ի դեմս հայ ժողովրդի ունի դաշնակից, որն ակնկալում է նրա գործուն աջակցությունը։ Ըստ այդմ, օրեցօր ավելի ու ավելի հրատապ է դառնում Կրեմլի հրահանգներով գործող Նիկոլ Փաշինյանի վարչակազմից ու նրա կեղծ ընդդիմությունից երկիրն ազատելու և ազգային ժամանակավոր կառավարություն ստեղծելու խնդիրը։ Ազգային-ժողովրդավարական բևեռը կոչ է անում պատրաստ լինել շուտով հրապարակ դուրս գալու և Հայաստանն ազատագրելու պայքարին։ Պահը հասունանում է և պահը մոտ է։
14:28 - 20 ապրիլի, 2022
 Ժողովուրդը պետք է դուրս գա հրապարակ և մեզ լիազորի անցումային կառավարություն կազմելու գործը․ Ժիրայր Սեֆիլյան |tert.am|

Ժողովուրդը պետք է դուրս գա հրապարակ և մեզ լիազորի անցումային կառավարություն կազմելու գործը․ Ժիրայր Սեֆիլյան |tert.am|

tert.am: ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում հայտարարել է, թե ժողովրդի կամքի արտահայտման միակ վայրը դառնում է հրապարակը։ ուստի ժողովուրդը պետք է համախմբվի ու դուրս գա հրապարակ։ «Հաշվի առնելով, որ ՀՀ-ում իշխանությունը յուրացված է, պետությունը զավթված է, իսկ պետական կառավարման համակարգի փոխարեն գործում է ընդամենը ռուս-թուրքական շահերն սպասարկող գաղութային ադմինիստրացիա, որի կառավարումը մոտ ապագայում հանգեցնելու է ազգային աղետի՝ ժողովուրդը պետք է անմիջականորեն ստանձնի իր անվտանգության ու ապագայի որոշման պատասխանատվությունը և ուղիղ ժողովրդավարության միջոցով ձևավորի ու ներկայացնի, իսկ հարկ եղած դեպքում՝ պարտադրի իր կամքը»,- ասել է նա։ Սեֆիլյանը խոսել է անցումային կառավարություն ձևավորելու մեխանիզմի մասին։ «Ժողովուրդը լիազորում է Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդին, որպեսզի նա հրապարակը լեփ լեցուն լինելու պահից սկսած ձեռնամուխ լինի անցումային ժամանակավոր կառավարություն կազմելու գործին՝ ներգրավելով այն ուժերին, ՀՀ ու Սփյուռքի այն գործիչներին, որոնք նվիրված են ինքնիշխանության գաղափարին և պատրաստ են ստանձնելու իրենց բաժին պատասխանատվությունը»,- ասել է նա։
17:58 - 09 ապրիլի, 2022
ԱԺԲ այսօրվա հանրահավաքի նպատակն է սատարել Արցախին և Ուկրաինային

ԱԺԲ այսօրվա հանրահավաքի նպատակն է սատարել Արցախին և Ուկրաինային

Մեկնարկել է «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի հանրահավաքը Երևանի Ազատության հրապարակում։ Բևեռի մի շարք աջակիցներ քայլերթ են իրականացրել դեպի Ազատության հրապարակ՝ տեղ-տեղ կանգ առնելով և վանկարկելով՝ «Ազգ-բանակ-պետություն, Սասնա Բևեռ», «Մեկ ազգ, մեկ բռունցք», «Մեկ ազգ, մեկ պետություն»։ Նրանք կոչ էին անում քաղաքացիներին մասնակցելու հանրահավաքին։ ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը հայտնեց, որ հանրահավաքի նպատակն է սատարել «Ուկրաինայի ժողովրդին ապագաղութացման համար մղվող պայքարում, սատարել Արցախի անվտանգությանը և Հայաստանի ինքնիշխանությանն ու ապագաղութացմանը»։ Նա նշեց, որ հանրահավաքից հետո քայլերթ կիրականացնեն Մաշտոցի պողոտայով դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, այնտեղից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն։   Լուսանկարը՝ 2021թ․ նոյեմբերի 9, ԱԺԲ ակցիա / hetq.am
15:53 - 09 ապրիլի, 2022
Արցախի պետական դրոշը ներկելու բովանդակությամբ տեսանյութն ուղարկվում է ՀՀ ոստիկանություն․ Գոռ Աբրահամյան

Արցախի պետական դրոշը ներկելու բովանդակությամբ տեսանյութն ուղարկվում է ՀՀ ոստիկանություն․ Գոռ Աբրահամյան

Մամուլում տեսանյութ է հրապարակվել և շրջանառվել մի քանի անձի կողմից Արցախի Հանրապետության պետական դրոշը ներկելու բովանդակությամբ: Այդ տեսանյութն արձանագրվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից՝ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում և ուսումնասիրվել է: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։  «Արդյունքում այն ուղարկվում է ՀՀ ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում դեպքի հանգամանքները պարզելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ», - նշել է նա: Հիշեցնենք, որ Ազգային - Ժողովրդավարական Բևեռը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են ներկում Արցախի դրոշը։ Ազգային - Ժողովրդավարական Բևեռից նաև հայտնել են․ «Քիչ առաջ Ազատության հրապարակում հերթապահող ԱԺ Բևեռի աջակիցներին են մոտեցել ՀՅԴ երկու անդամներ, որոնցից մեկը Իգոր Սարգսյան անուն ազգանունով և պահանջել են վերականգնել Ֆրանսիայի հրապարակում իրենց տեղադրած Արցախի դրոշը, որն այսօր առավոտյան Բևեռի աջակիցները ներկելու միջոցով վերածել են Հայաստանի դրոշի։ Նրանք սպառնացել են, որ հակառակ դեպքում կես ժամ հետո կվերադառնան և հաշվեհարդար կտեսնեն։   Տեղեկացնում ենք, որ եթե ոստիկանությունը չկանխի Բևեռի աջակիցների նկատմամբ նախատեսվող բռնությունը, ապա դրա դեմ ինքնապաշտպանության իրավունքի հիման վրա կլինի համարժեք պատասխան»։
15:59 - 08 ապրիլի, 2022
ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

«Հայաստանը փախչելու տեղ չունի․․․ Ի՞նչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են․․․»,- փետրվարի սկզբին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այս հայտարարությունը հանրային եւ քաղաքական շրջանակներում դարձյալ ակտիվացրեց Հայաստանի՝ Ռուսաստանի ու Բելառուսի հետ միութենական պետության մաս կազմելու թեման։ Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Ղազախստանը, այլ պետություններ, որոնց թվում՝ նաեւ Հայաստանը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն այս հայտարարությանն արձագանքեց․ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի մեկնաբանությամբ՝ «Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը եւ որեւէ առնչություն չունեն Հայաստանի եւ նրա արտաքին քաղաքականության հետ»։ Infocom-ը Հայաստանի քաղաքական կուսակություններից մեկնաբանություններ է խնդրել, թե ինչ դիրքորոշում ունեն միութենական պետության մաս կազմելու հարցով։ Մասնավորապես, 2017, 2018, 2021 թվականների խորհրդարանական ընտրություններին մասնակցած, 2021թ․ տեղական ինքնակառավարման ընտրություններին ակտիվություն ցուցաբերած մի քանի տասնյակ կուսակցությունների գրավոր հարցադրումներ ենք ուղարկել՝ Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում պատկերացնո՞ւմ են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ միութենական պետության մաս, եւ եթե այո կամ ոչ, ապա ի՞նչ մեկնաբանությամբ։ Ստորեւ ներկայացնում ենք հարցադրմանը պատասխանած կուսակցությունների դիրքորոշումները։ «Ազգային օրակարագ» կուսակցությունը կարծում է՝ ապազգային եւ հակապետական իշխանական համակարգի ներկայացուցիչներն են եռանդագին քարոզում հայկական պետական ինքնիշխանության ու անկախ պետականության անհնարինությունը՝ պնդելով, որ գոյութենական միակ այլընտրանքը Ռուսաստանի կողմից ձեւավորվող հերթական Միության մաս դառնալն է․ «Օտարի իշխանության ներքո գոյատեւելու բազմադարյա այս կործանարար գաղափարն ու կեցվածքը ի վերջո հանգեցրել են Ցեղասպանության եւ Հայրենազրկման, ու Հայության նկատմամբ ստորացուցիչ կայուն վերաբերմունքի բանաձեւման՝ «КУДА ОНИ ДЕНУТСЯ...»»: Կուսակցության համոզմամբ՝ մենք երկու ուղի ունենք՝ լինել պետություն եւ ունենալ պետականություն, լինել ինքնիշխան պետություն, կամ էլ՝ չլինել այդպիսին։  Ազգային-ժողովրդավարական բեւեռը կտրականապես դեմ է Ռուսաստան֊Բելառուս միութենական պետության (ինչպես նաեւ որեւէ այլ վերպետական կառույցի) մաս կազմելու, քանի որ դա, ըստ կուսակցության դիրքորոշման, նախ նշանակում է ինքնիշխանության զգալի զիջում, եւ երկրորդ՝ ՀՀ ազգային շահերը գոնե ներկա եւ մոտ հեռանկարի ապագայում մեղմ ասած չեն համընկնում ՌԴ-ի եւ Բելառուսի շահերին․ «ԱԺԲ֊ն հանդես է գալիս ՀՀ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ կազմից դուրս գալու օգտին եւ ԱՄՆ ոչ-ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանալու օգտին։ ԱԺԲն հանդես է գալիս ՀՀ եւ ԵՄ շատ ավելի խորը համագործակցության օգտին»,- ասված է կուսակցության պատասխանում: «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը ոչ մի պարագայում ընդունելի չի կարող համարել Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության գաղափարը։ Կուսակցության պատասխանի համաձայն՝ «Շանթ Դաշինքը» Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդի ազատությունը համարում է անսակարկելի արժեքներ, որոնց սակարկողները կամ դրանց ճշմարտացիությունը կասկածի տակ դնողները պետք է համարվեն պետական դավաճաններ՝ ըստ ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածների։ (Տեխնիկական խնդիրների պատճառով «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության պատասխանը նյութին ավելացվել է հրապարակումից ավելի ուշ,- խմբ․)։ «Քաղացու որոշում» ՍԴ կուսակցությունը մեր հարցադրմանն ի պատասխան հայտնել է, որ երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չեն կարող լինել․ ««Քաղաքացու որոշում» կուսակցությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում եւ գործում է նրա սահմանադրականության շրջանակներում՝ ի շահ ինքնիշխանության, ժողովրդավարականության, իրավականության եւ սոցիալականության: Սա նշանակում է, որ մեր գործունեության բոլոր դրսեւորումները ուղղված են լինելու Հայաստանի գոյություն ունեցող ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը: Հետեւաբար, մենք երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չենք կարող լինել»,- ասված է կուսակցության պատասխանում՝ հավելումով, որ առկա իրավիճակում իրենք տեսնում են նման միություններին անդամակցությունից զերծ մնալու հնարավորություն․ «Ուստի պատրաստ չենք քննարկել դեպքեր եւ հանգամանքներ, որոնցում ինքնիշխանության նվազեցումը «ընդունելի կլինի»։ Մեր այս դիրքորոշումը պայմանավորված է մեր արժեքներով, գաղափարներով, ինչպես նաեւ այն պրագմատիկ հաշվարկով, որ միջազգային հարաբերությունների հետզհետե բեւեռացման ժամանակաշրջանում այդ բեւեռների սահմանագծում ապրող ժողովուրդը, բեւեռներից մեկին ինքնամոռաց նվիրվելով, ունենալու է մեծ կորուստներ, իսկ ձեռքբերումների հավանականությունը խիստ փոքր է լինելու»: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը կտրականապես մերժում է «Ռուսաստանից պարտադրվող եւ Հայաստանի ներսից սպասարկվող միութենական նկրտումները»։ Կուսակցության դիրքորոշմամբ՝ Հայաստանի ինքնիշխանությունը սակարկող ցանկացած ուժ պետք է արժանանա հստակ գնահատականների եւ մերժվի հանրության կողմից․ «Մեր հավատամքին համապատասխան՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի կանխվեն նման սցենարները, այդ թվում՝ փորձելու ենք համախոհ ուժերի հետ անցկացնել խորհրդակցություններ եւ անհրաժեշտության դեպքում նաեւ կոնկրեը գործողություններ։ Անկախ Հայաստանին այլընտրանք չկա»։  «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները եւ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը համարում են, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը բացարձակ արժեք է․ «Եվ ցանկացած պարագայում մեր դիրքորոշումը հիմնված ու կառուցված է լինելու այս սկզբունքային մոտեցման վրա»: Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հնարավոր միութենական հանրապետության ձեւավորման հարցին՝ կուսակցության պատասխանի համաձայն՝ օդում կախված լուրերի կամ անհայտ ծագման տեղեկությունների վերաբերյալ «պարզապես չի կարելի, կոռեկտ չէ» դիրքորոշում ակնկալել․ «Եթե կլինեն նման գործընթացներ, նման առաջարկ կամ առաջարկներ, այդ ժամանակ էլ, ելնելով բովանդակությունից, իր բոլոր  մանրամասներով կներկայացնենք մեր դիրքորոշումն ու դիտարկումները՝ վստահաբար հավատարիմ մնալով վերոնշյալ մոտեցմանը»: Հայաստանի Հանրապետական կուսակցության պատասխանի համաձայն՝ ՀՀԿ-ն իր արտաքին քաղաքական գերակայությունները հնչեցրել է ՀՀԿ 17-րդ համագումարում, դրանք ներառված են համագումարի բանաձեւում։ Առաջարկել են կուսակցության դիրքորոշումներին ծանոթանալու համար հետեւել քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող ՀՀԿ ներկայացուցիչներին հրապարակային ելույթներին, հարցազրույցներին, ՀՀԿ-ի ընթացիկ հայտարարություններին։ Infocom-ը կուսակցության համագումարի բանաձեւից առանձնացրել է արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածները։ Այսպես, կուսակցությունը բանաձեւում նշել է, որ Հանրապետականը եղել եւ մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը եւ կապերի այդ լայն շրջանակը շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը այն գիտակցումով, որ միայն ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանը կարող է հարգանքի արժանի եւ վստահելի գործընկեր լինել: Կուսակցությունը հայտարարել է, որ իշխանափոխությունից հետո, ի թիվս այլնի, իրենց գործունեության առաջնահերթություններից են լինելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը անվտանգային ողջ գործիքակազմի խելամիտ եւ նպատակային գործադրմամբ, հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության բարելավումը, ընդլայնումը եւ խորացումը՝ ամրապնդելով Հայաստանի եւ Արցախի սահմանների անվտանգության իրական երաշխիքները, Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող գործողությունների ծրագրում ներառված գերակայությունների վերաբանակցումը, եւ այլն։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում եւ չի ցանկանում պատկերացնել որպես Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ այսպես կոչված «միութենական պետության» մաս․ «Հայաստանի Հանրապետությունն ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետություն է, եւ բազում տարիների անօրինակ պայքարով ձեռք բերված այդ կարգավիճակը, հաստատված 1991 թվականի հանրաքվեի անվիճելի արդյունքներով, սկզբունքորեն չի՛ կարող լինել սակարկության կամ նույնիսկ քննարկման առարկա, նույնիսկ տեսականորեն»,- ասված է կուսակցության պատասխանում։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը պատասխանում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված, եւ, ըստ այդմ, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում ոչ միայն չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ Միութենական պետության մաս, այլ անգամ քաղաքական օրակարգ արհեստականորեն բերված քննարկումները, հարցումները, նմանօրինակ հայտարարությունները համարում է խիստ վտանգավոր ու անթույլատրելի եւ ՀՀ անկախության, ինքնիշխանության եւ անվտանգային համակարգի դեմ տարվող բացահայտ գործողություններ․ «Մեր օրակարգում նմանօրինակ հարցի անգամ քննարկում, որն ողիղ սպառնալիք եւ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, չկա եւ չի էլ կարող երբեւէ լինել»:  Կուսակցությունը կարծում է, որ ակնհայտ է՝ միութենական պետության գաղափարը ՌԴ իշխանությունների աշխարհաքաղաքական նկրտումներին եւ շահերին հարմարեցված հերթական միավորում պետք է լինի, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով, ինչն էլ ծանր հետեւանքներ է ունենալու ոչ միայն ՀՀ քաղաքական եւ տնտեսական բազմավեկտոր ինտեգրացիոն գործընթացների վրա, այլ նաեւ լուրջ խոչնդոտ է լինելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ միջազգային ճանաչման գործընթացի համար․ «Վստահ ենք՝ բոլորի հիշողությունները դեռ թարմ են, թե ինչպիսի դիրքորոշում հայտնեց ՀԱՊԿ-ը Հայաստանի համար օրհասական եւ անվտանգային առումով ամենաբարդ ու ծանրագույն շրջանում՝ թե՛ քառօրյա , եւ թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, անգամ ՀՀ սուվերեն տարածք թշնամու ներխուժման եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու ժամանակ: Իսկ, որ հենց այդպիսի դիրքորոշում էր որդեգրելու ՀԱՊԿ-ը, Ազատ Դեմոկրատները բազմիցս են բարձրաձայնել: Եվ, ընդհանրապես, Հայաստանի ապագան քաղաքակիրթ եւ առաջադեմ աշխարհն է, այլ ոչ թե դրանից մեկուսացումը: Հայաստանի իշխանությունը առաջնահերթ պարտավորություն ունի կոշտ ու միանշանակ հակահարված տալ ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը սպաղնացող որեւէ գործողության եւ առաջնորդվի միմիայն ՀՀ Սահմանադրությամբ եւ պետական շահով»: Հայաստանի կանաչների կուսակցությունը անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն էլ դեմ է ՀՀ ինքնիշխանության մասնակի կամ ամբողջական օտարմանը՝ հօգուտ որեւէ պետության, կամ պետությունների, կամ նրանց դաշինքի կամ միությանը, այդ թվում եւ առավել եւս՝ ՌԴ ու Բելառուսի միութենական պետությանը միանալու տեսքով։  Պահպանողական կուսակցությունը եւս որեւէ պարագայում Հայաստանը չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Պահպանողական կուսակցության համար ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված ինքնիշխանությունն անսակարկելի է, ինչպես նաեւ Պահպանողական կուսակցության Կանոնադրության եւ Ծրագրի մեջ Հայաստանի պետականությունը հռչակված է որպես բարձրագույն արժեք»: Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության ամփոփոխ առաջին հոդվածի բովանդակությունը Հայաստանի Հանրապետռության ինքնիշխանության վերաբերյալ, ինչպես նաեւ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հաստատուն դիրքորոշումը, անընդունելի եւ հակապետական է համարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի դակ դնող ցանկացած գաղափար եւ ցանկացած ակտ: Հայաստանի եվրոպական կուսակցությունը նույնպես կտրականապես դեմ է միութենական պետության գաղափարին․ «Մեզ մոտ դա անգամ չի քննարկվում, դա քրեական հանցագործություն է։ Նման բան քննարկել, խոսել, մտածել, անգամ չենք պատկերացնում»,- Infocom-ի հարցին ի պատասխան՝ կուսակցության դիրքորոշումը հայտնեց կուսակցության վարչության անդամ Ալլա Հարությունյանը։ «Հայոց հայրենիք» կուսակցությունը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությանն անկախությունն ու ինքնիշխանությունը միանշանակ որեւէ կերպ չի կարող խաթարվել, բայց համագործակցությունը որպես մեկ կառույց, «մեկ պետություն»՝ միանշանակ ընդունելի է համարում։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն էլ է կողմ միութենական պետության գաղափարին, եթե ՀՀ անվտանգության ապահովման համար այդ միությանը միանալը վերջին հնարավորությունն է։ Այս տարվա փետրվարի 17-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ, պատասխանելով միութենական պետության մասին լրագրողի հարցին, ասաց, որ այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որոնցով բոլորը հիանում են, օրինակ՝ Եվրամիություն․ «Այն միությունը, որ ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ է, հեռու է իր ինտեգրման աստիճանով ԵՄ-ից։ Այսօրվա աշխարհում, իմ կարծիքով, չպետք է ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրումից, ուղղակի պետք է նստել-հասկանալ՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում։ Իմ նախագահության օրոք նման հարց չի քննարկվել, մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել եւ չենք համարել, որ դա հասունացած է։ Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերել շատ պրագմատիկ եւ հաշվարկի հիմքի վրա, ոչ թե կենցաղային մոդելով՝ դու՝ ինձ, ես՝ քեզ, այլ կոնկրետ հաշվարկով, ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ սպասելիքներ ունենք, ինչ են մեզ առաջարկում, ինչ ենք կորցնում, ինչ ենք ստանում։ Քանի որ չկա առաջարկ, հիմա դժվար է գնահատել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ երբ կլինի, պետք է սթափ հաշվարկով քննարկել, մտնել-կամ չմտնել նման պրոցեսների մեջ։  Նրա կարծիքով՝ ՌԴ-ի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խոր հարաբերություններ․ «Չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում»։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Քոչարյանի ասուլիսից հետո անդրադարձավ միութենական պետության մասին վերջինիս հայտարարություններին՝ հնչեցնելով նաեւ իրենց կուսակցության դիրքորոշումը։ Նրա կարծիքով՝ Քոչարյանը երկընտրանքի առաջ է կանգնեցրել հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը՝ առաջարկելով կամ ապավինել ՌԴ-ի հետ առավել խոր ինտեգրմանը՝ չբացառելով անգամ միութենական պետությանն անդամակցելը՝ այդպիսով թուրք-ադրբեջանական սպառնալիքը դիտարկելով որպես անհաղթահարելի գործոն, կամ համակերպվել Քոչարյանի ձեւակերպմամբ «Հայաստանի աջարիզացիային»։ Նորիկյանի կարծիքով՝ Հայաստանին եւ հայ ժողովրդին դնել ծանր երկընտրանքի առջեւ, որ կամ ընտրում ես Թուրքիան, կամ  Ռուսաստանը, ազնիվ չէ մեր պետության, հասարակության նկատմամբ, եւ բացառել զարգացման որեւէ այլ տարբերակ, այդ թվում՝ բոլորի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, նույնն է, թե Հայաստանին հավերժորեն գամել պատերազմի դռանը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։  Արդար Հայաստանը կարծում է, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը պետք է երկու հարցի վերաբերյալ ունենան հարյուրտոկոսանոց կոնսենսուս․ ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը սակարկման ենթակա չեն, ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ։ Նրանք, որոնք կասկածի տակ կդնեն ինքնիշխանությունն ու պետականությունը, Նորիկյանի խոսքով, պետք է վռնդվեն ՀՀ քաղաքական դաշտից։ Ստորեւ ներկայացնում ենք այն կուսակցությունների ցանկը, որոնք չեն պատասխանել  հարցադրմանը, սակայն հետագայում նրանց դիրքորոշումն ունենալուն պես դրանք եւս կհրապարակենք․ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն,  «Հանրապետություն» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,  «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,  «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,  «Միասնական հայրենիք» կուսակցություն,  Հայ կառուցողական կուսակցություն,  «Զարթոնք» կուսակցություն,  «Ալյանս» կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն,  «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն,  «5165 շարժում» կուսակցություն,  «Վերելք» կուսակցություն,  «Ազատական» կուսակցություն,  «Ժառանգություն» կուսակցություն,  Հայաստանի կոմունիստական կուսակցություն,  «Ազգային ինքնորոշում» կուսակցություն,  «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն։ Հետգրություն «Ապրելու երկիր» կուսակցությունը նյութի հրապարակումից հետո հարցադրմանն ի պատասխան տեղեկացրել է, որ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս, քանի որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սակարկման եւ քննարկման առարկա չէ։   Լուսանկարի աղբյուրը՝ ria.ruՀայարփի Բաղդասարյան
16:54 - 08 մարտի, 2022
Օրեցօր ամրապնդվող ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքը մահացու սպառնալիք է հայության և Հայաստանի համար․ ԱԺԲ

Օրեցօր ամրապնդվող ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքը մահացու սպառնալիք է հայության և Հայաստանի համար․ ԱԺԲ

«Ազգային-Ժողովրդական բևեռ»-ի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ դաշնակցային համագործակցության մասին 2022 թ. փետրվարի 22- հռչակագրի 11-րդ կետով Ռուսաստանը և Ադրբեջանը պարտավորվում են վճռականորեն ճնշել իրենց տարածքում գտնվող կազմակերպությունների և անհատների գործունեությունը՝ ուղղված մյուս կողմի պետական ​​ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ:   Ավելի պարզ ասած` այս դրույթով Ռուսաստանը պարտավորվում է իր տարածքում պատասխանատվության ենթարկել բոլոր կազմակերպություններին ու անհատներին, որոնք խոսքով և/կամ գործով կհակառակվեն, որ Արցախը, Գարդմանքը կամ Նախիջևանը լինեն Ադրբեջանի կազմում։ Օրինակ, եթե մեկն ասի, որ Արցախը պատկանում է Հայաստանին, կամ այդպիսի գրառում պարունակող պաստառով փողոց դուրս գա, ապա նրան կենթարկեն պատասխանատվության։   Ռուսաստանը և Ադրբեջանը փաստորեն վերաթարմացնում և վերահաստատում են 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի 8-րդ հոդվածով և 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի 10-րդ հոդվածով Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստանձնած նույնպիսի պարտավորությունները, որոնք մոռացվել էին սառը պատերազմի ժամանակ, բայց հիմա նորից ասպարեզ են բերվում, քանի որ Ռուսաստանը, Թուրքիան և նրանց ծնած Ադրբեջան անունով արհեստական կազմավորումը դարձյալ դաշինք են կազմել ընդդեմ Հայաստանի։ Օրեցօր ամրապնդվող ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքը մահացու սպառնալիք է հայության և Հայաստանի համար։   Քանի դեռ ունենք ժամանակ և հնարավորություն, ազգային աղետը կանխելու համար պարտավոր ենք ոտքի կանգնել, համախմբվել, հեռացնել թշնամի դաշինքին ծառայող ազգադավ ռեժիմին և ստեղծել ազգային կառավարություն»։
13:05 - 25 փետրվարի, 2022
Ի պատասխան Արմեն Բիլյանի և Ալեք Ենիգոմշյանի հայտարարությունների․ պետք է պատրաստ լինենք նաև այնպիսի հարվածների, որոնք կհասցվեն մեր շրջանակում եղած մարդկանց միջոցով

Ի պատասխան Արմեն Բիլյանի և Ալեք Ենիգոմշյանի հայտարարությունների․ պետք է պատրաստ լինենք նաև այնպիսի հարվածների, որոնք կհասցվեն մեր շրջանակում եղած մարդկանց միջոցով

«Սասնա Ծռեր» խմբավորման նախկին անդամ Արմեն Բիլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով անհիմն ու անհեթեթ մեղադրանքներ ու պահանջներ է ներկայացրել Ժիրայր Սեֆիլյանին և «Սասնա Ծռեր» խմբավորման նախկին ղեկավար անդամներին։ Ցավով արձանագրում եմ, որ հարգարժան Ալեք Ենիգոմշյանն իր հայտարարությամբ միացել է Արմեն Բիլյանի հայտարարությանը։Մինչ հիշյալ հայտարարությունների վերաբերյալ իմ մոտեցումները ներկայացնելը, հարկ եմ համարում ընդգծել, որ դրանցում բերված փաստարկումները հիմնվում են ոչ թե փաստերի, այլ գաղափարական-քաղաքական մոտեցումների, հայացքների, ապա նաեւ` դրանցից ծնված անձնական վերաբերմունքի վրա։ Ալեք Ենիգոմշյանի մասով խոսքը հիմնականում վերաբերվում է տարածաշրջանում և Հայաստանի ապագայի առմամբ Ռուսաստանի դերի ու նրա հետ հարաբերությունների վերաբերյալ տարաձայնություններին։Ալեք Ենիգոմշյանն Ազգային-ժողովրդավարական բևեռի ստեղծումից առաջ և հետագայում նեղ շրջանակում մի քանի անգամ ասել է, որ Ռուսաստանի հետ կապված իր և մեր տեսակետները տարբեր են և ինքը համաձայն չէ մեզ հետ։ Նա սխալ է համարում, որ Հայաստանը պետք է պոկվի Ռուսաստանից և մոտենա Արևմուտքին։ Այդ էր պատճառը, որ նա չի մասնակցել Բևեռի գործունեությանը, այդ թվում՝ հանրահավաքներին ու երթերին։ Հիմա՝ մեզ ներկայացվող պահանջների ու մեղադրանքների վերաբերյալ իմ մոտեցումների մասին։ 1) Առհասարակ` ինձ համար սկզբունքորեն անընդունելի են հայտարարությունների համատեքստը և դրդապատճառները։ Դրանցով ըստ էության ասվում է, որ. ա) Հայաստանը զավթած չեկիստական համակարգը վերջնականապես ու անդառնալիորեն հաղթել է հայ ազգին, բ) «Սասնա Ծռերն» այդ համակարգի դեմ ապստամբած մարդիկ չեն, այլ հանցագործներ, գ) նրանք պետք է ընդունեն համակարգի խաղի կանոնները, նրա գործիք դատարանը և անհատապես՝ ամեն մեկն իր գլխի ճարը տեսնելու տրամաբանությամբ, ենթարկվեն համակարգի թելադրանքին։ Մինչդեռ մենք համոզված ենք, որ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ և կարևոր արտաքին գործոնների ազդեցությամբ չեկիստական համակարգը տապալվելու է, Հայաստանում ճանաչվելու է ապստամբության իրավունքը և «Սասնա Ծռեր» խմբավորման նախկին անդամները անպարտ են ճանաչվելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու է։ Իսկ առայժմ Հայաստանը գաղութացված է, չունի դատարան եւ արդարադատություն, ուստի ներկայումս հնարավոր չէ բացահայտել ճշմարտությունը և հասնել արդարության։ Բացի այդ, ինչպես արդեն ասացի, մենք ապստամբել ենք, հանցանք չենք գործել։ Բռնապետական, առավել ևս՝ գաղութացված երկրներում, որպիսին նաև Հայաստանն է, բոլոր զոհերը լինում են համակարգի մեղքով։ Մեր ապստամբության ժամանակ ևս այդպես է եղել։ Մենք չենք կարող ընդունել գաղութային համակարգի կանոններն ու ենթարկվել նրա ողորմածությանը, ինչպես ըստ էության պահանջվում է մեզանից։ Մենք չենք կարող ուրանալ մեր ապստամբությունը։ Արդարադատություն կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կազատագրվի և կունենա դատարան։ Առայժմ ստիպված ենք առնչվել համակարգի դավադրություններին, որոնցով առանց խտրականության կիրառվում են բոլոր անբարո և ապօրինի մեթոդներն ու միջոցները։ Միևնույն ժամանակ, թեկուզ Հայաստանում չկա պետություն, դատարան և արդարադատություն, ես կամ մեր քաղաքական ուժի որևէ այլ ղեկավար անձ չի կարող և իրավունք չունի ստանձնել պետության ու դատարանի գործառույթներ և նրանց փոխարեն բացահայտել ճշմարտությունն ու որոշել պատասխանատվության ենթակա անձին։ Կարճ ասած` մերժում ենք այլընտրանքային հրապարակային «դատավարություն» կազմակերպելու կամ այլոց կազմակերպած նման «դատավարությանը» մասնակցելու բոլոր ակնկալիքները, եթե այդպիսիք կան։ 2) Հայտարարություններում ըստ էության նշվում է, որ Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա Ծռեր» խմբավորման ղեկավարները գիտեն, թե ով է իրականում պատահաբար կրակել ոստիկան Գագիկ Մկրտչյանի վրա, սակայն ոչ միայն լռում են, այլև ենթադրյալ կրակողին չեն ստիպում, որ վեր կենա ու հայտարարի այդ մասին։ Նախ պետք է հիշեցնեմ, որ «Սասնա Ծռեր» խմբավորումը գոյություն չունի 2018-ի գարնանից, ինչի մասին եղել է պաշտոնական հայտարարություն։ Սակայն, եթե նույնիսկ խնբավորումը պահպանված լիներ, նրանցից որևէ մեկի նկատմամբ իր համոզմունքներին ու ցանկությանը դեմ գնալով լռելու կամ խոսելու ցուցում, հարկադրանք կամ այլ ներգործություն չէր կարող լինել։ Այսուհետև ևս չի լինելու։ Անձամբ ես ականատես չեմ դեպքին, բայց ականատես եմ, որ Արմեն Բիլյանն այլ վայրում է եղել և զենք չի ունեցել։ Այս ամենի մասին բազմիցս հայտարարել եմ ԶԼՄ-ներով և միայն ոստիկանների զոհվելու հանգամանքների վերաբերյալ ցուցմունք եմ տվել դատավարության ժամանակ, թեպետ չեմ ընդունել ու չեմ ընդունում չեկիստական համակարգի դատարանին։ Հակառակ սկզբունքիս ցուցմունք տվել եմ այն պարզ պատճառով, որպեսզի հասարակությունը զոհերի մասով իմանա ճշմարտությունը և հնարավորություն ստեղծվի Արմեն Բիլյանի խափանման միջոցը փոփոխելու համար։ Դրանից ավելին դուրս է իմ համոզմունքի տիրույթից։ 3) Հայտարարվում է, որ Ժիրայր Սեֆիլյանը և այլ ղեկավար անձինք գործարքի են գնացել իշխանության հետ, ինչի հետևանքով Արմեն Բիլյանն է փաստորեն մեղավոր նշանակվել։ Այս հայտարարությունը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացվում և չի կարող ներկայացվել, քանի որ նման բան չի եղել։ Դա պարզապես անհնար է։ Միայն անհեթեթ ու անհիմն ենթադրություններ են, որոնց հնարավոր չէ պատասխանել։ 4) Ժիրայր Սեֆիլյանը և այլ ղեկավար անձինք նաև մեղադրվում են, որ անուշադրության են մատնել Արմեն Բիլյանին և նրա ընտանիքին, իսկ անձամբ Սեֆիլյանն իբր թե կոպիտ է խոսել Բիլյանի մոր հետ։ Այս հարցում բարոյական սահմանի խնդիր կա, ուստի ընդամենը կպատասխանեմ, որ բանտից դուրս գալուց հետո Ժիրայր Սեֆիլյանն այցելել է Բիլյանի մորը։ Բնականաբար, նրա հետ եղել է հարգալից, այլ կերպ պարզապես չէր կարող լինել։ Բարեբախտաբար, խոսակցությանը ներկա է եղել նաև 3-րդ անձ, ով անհրաժեշտության դեպքում կվկայի ասվածը։ Սակայն հետագայում Բիլյանի մայրը մեղմ ասած չի ցանկացել շփվել և հարաբերություններ պահպանել։ Այդուհանդերձ, նման իրավիճակում արվել է հնարավորը։ 5) Ժիրայր Սեֆիլյանին անհասկանալի մեղադրանք է ներկայացվում, որ Արմեն Բիլյանի համար չի ապահովել բարձրակարգ պաշտպանների ծառայություններ։ Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ մեր գործը քաղաքական է և դրա վերաբերյալ դատական որոշումները կայացվում են ըստ քաղաքական որոշումների, հիշեցնում եմ, որ առաջին ատյանի դատարանում Բիլյանը սպանության մեղադրանքի մասով արդարացվել է։ Իսկ վերաքննիչում հակառակ որոշումը կայացվեց, որովհետեւ քաղաքական որոշում էր փոփոխվել։ Ամփոփելով, եզրակացնում եմ, որ․ 1) Դիտարկվող հայտարարություններով մեկնարկած քարոզչական հարձակման միջոցով «Սասնա Ծռեր» խմբավորման նախկին անդամներից առանձնացվում և որպես զոհ ընդգծվում է Արմեն Բիլյանը, որպեսզի հանրային ուշադրությունը շեղվի «Սասնա Ծռեր» խմբավորման մյուս նախկին անդամներից, մինչդեռ նրանցից Սմբատ Բարսեղյանը նույնպես 25 տարվա պատժաչափով գտնվում է բանտում, իսկ մնացածը ևս ծանր պատժաչափերով սպասում են իրենց բանտարկությանը։ Հատկապես այն իրավիճակում, երբ երեսուն տարի շարունակվող գաղութացմամբ ու կեղեքմամբ երկիրն աղետի հասցրածները և պատերազմում պարտության մեղավորները, որոնք մեղավոր են նաև հազարավոր զինծառայողների և տասնյակ ոստիկանների զոհվելու համար, փաստորեն անպատիժ են, համակարգի դեմ ապստամբածներից միայն Արմեն Բիլյանին զոհի կերպարանքով ներկայացնելու, իսկ մնացածին հեղինակազրկելու և պատժելու միտումը շատ ակնհայտ է դարձնում այս քարոզչական հարձակման աղբյուր չեկիստական համակարգին և նրա դրդապատճառները։ 2) Տեղի ունեցող քարոզչական հարձակման հիմնական դրդապատճառն այն է, որ Կրեմլին ենթակա գաղութային համակարգի դեմ պայքարում հիմնական ազգային ուժ Բևեռը թափ է առնում։ Այս հարձակումը մանրակրկիտ կերպով պլանավորվել է ամիսներ առաջ։ Բիլյանին երկրորդ անգամ շատ ավելի խիստ պատժաչափ տալն ու կալանավորելն այդ պլանն իրագործելու առաջին քայլն էր։ Դա հնարավորություն է տալիս օգտագործելու Բիլյանի վիճակը և ստեղծելու խղճի հանգամանքը չարաշահելու համար անհրաժեշտ հուզական-զգացմունքային մթնոլորտ։ 3) Թշնամի համակարգը ձեռքերը ծալած չի նստելու։ Որքան Բևեռն ուժ է հավաքում և ծավալվում, այնքան ավելի բարդ, ծրագրված ու հզոր հարվածներ ենք ստանալու։ Եվ, թեկուզ շատ ցավալի է, բայց պետք է պատրաստ լինենք նաև այնպիսի հարվածների, որոնք կհասցվեն մեր շրջանակում եղած մարդկանց միջոցով։ Համոզված ենք, որ որքան ծանր լինեն Բևեռին հասցվող հարվածները, Բևեռն այնքան ավելի է ամրանալու և հզորանալու։   Վարուժան ԱՎԵՏԻՍՅԱՆ «Սասնա Ծռեր» խմբավորման նախկին անդամ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ
11:18 - 23 հունվարի, 2022
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը ամփոփեց կուսակցության կողմից գրանցած հաջողությունները

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը ամփոփեց կուսակցության կողմից գրանցած հաջողությունները

Ազատության հրապարակում «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության կազմակերպած հանրահավաքի ընթացքում, ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը հայտարարեց, թե շատերը այսօր չեն հասկանում, որ ներկայումս աշխարհում տեղի են ունենում մեծագույն փոփոխություններ, մասնավերապես՝ «Ժողովրդավարության գագաթաժողովը», որին հրավիրված էր նաև Հայաստանը կարևոր գործընթաց էր։ «Դա նոր աշխարհակարգի կերտման քայլ Է, մենք կանգնած ենք նոր աշխարհակարգի շեմին, և այդ նոր աշխարհակարգի մեջ Հայաստանը ունենալու է իր տեղը»,-ասաց Արա Պապյանը՝ հավելելով, որ հայ ժողովուրդը ի սկզբանե էլ եղել է ժողովրդավար երկիր։  «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը ասաց, որ այս հանրահավաքը տարեվերջյան հանրահավաքն է, և ամփոփեց, թե ինչ է արվել ԱԺԲ-ի կողմից փետրվարի 26-ից սկսած, երբ կուսակցությունը անցավ պայքարի ակտիվ փուլ։  «ԱԺԲ-ն բազմիցս ասել է, որ հաշվի առնելով, որ պատերազմից հետո ժողովուրդը գտնվում է ընկճված վիճակում մեզ որոշակի ժամանակ կպահանջի ժողովրդին թմբիրից հանելու, մոբիլիզացնելու համար և մենք լծվեցինք այդ գործին, և մեր այդ պայքարը, կյանքը ցույց տվեց, որ ճիշտ է։ Առաջին փուլը, որ մենք անվանեցինք մոբիլիզացիայի կամ նախապատրաստական փուլ, գրեթե ավարտված կարող ենք համարել, քանի որ ունենք լուրջ հաջողություն։ Առաջին․ մեզ հաջողվեց պայքարի շնորհիվ ճեղքել տեղեկութային պաշարումը, շրջափակումը և մեր գաղափարները տարածել և ճանաչվել ճողովրդի մեջ։ Դա է ապացուցում այն, որ ԱԺԲ-ի յութուբյան ալիքը ունի 53հազար բաժանորդ, ԱԺԲ-ի ֆեյսբուքյան էջը արդեն մոտենում է 30հազարին, իսկ Սասնա Ծռերի էջը ավելացավ 30հազարով և մոտենում է 100հազարին։ Մեր գաղարափարները՝ «ԱՄՆ դաշնակցի կարգավիճակ», «Վիլսոնյան Հայաստան», «Ազգերի լիգա» արդեն երկրի քաղաքական օրակարգի մաս են, և նույնիսկ մեր հակառակորդներից շատերը ստիպած են իրենց ելույթներում անդրադառնալ մեր օրակարգի հարցերին, սա նշանակում է, որ ԱԺԲ-ն այլևս օրակարգ թելադրող ուժ է ՀՀ-ում։  Մեզ հաջողվել է մոբիլիզացնել մեր ժողորդի գիտակից մասին․ և եթե Մատենադարանի առաջին ցույցերին մենք երկու հարյուր հոգի էինք, ապա այստեղ մեր թիվը հասել է ընդհուպ 5000 հոգու և այդ քանակը կսկսի ավելի արագ աճել․ այդ մարդկանց միավորում է գաղափարը»,-նշեց Վահե Գասպարյանը։  Նրա խոսքով՝ ձևավորվել է շուտով ծնվող Հայաստանի՝ այն է՝ առաջին հանրապետության սուբյեկտությունը և ինքնիշխանությունը երաշխավորող ազգային կորիզը։  «Մեզ հաջողվեց Կրեմլի, Անկարայի և Բաքվի կողմից օրակարգ բերված սահմանազատման և սահմանագծման հարցերի տապալումը, գոնե առ այս պահին, և դա է վկայում Սոչիի հանդիպումը, որը ավարտվեց ընդամենը դեկլարատիվ բնույթի հայտարարությամբ»։ Եթե մենք ամեն հանրահավաքի ժամանակ հայտարարում ենք հաջորդ հանրահավաքի օրը, ապա հիմա, թույլ տվեք ԱԺԲ-ի խորհրդի անունից ասել հետևյալ կարևոր միտքը․ արագացվող և օր օրի ահագնացող աշխարհաքաղաքական փոփոխությունները, օր օրի խորացող երկրի ներքաղաքական ճգնաժամից ելնելով՝ ԱԺԲ խորհուրդը որոշում է, որ ուշի ուշով կհետևի մոտակա շաբաթների, լավագույն դեպքում ամիսների զարգացումներին և համբերությամբ կսպասի այն իքս պահին և օրվան, երբ մենք նպատակահարմար կգտնենք մեր հանրահավաքը հրավիրելու։ Մենք կշարունակենք մեր գործը հանդիպումների, ելույթների, ակցիաների տեսքով, բայց նախօրոք չհայտարարելով հանրահավաքը, կսպասենք այն օրվան, երբ հրավիրվելիք հանրահավքը կլինի եթե ոչ բեկումնային, ապա սկիզբ կդնի այն բեկումնային զարգացումներին, որոնք օրերի ընթացքում կհավակնեն երկրի ներսում ապագաղութացման և առաջին հանրապետության վերածնունդին։ Աշխարհաքաղաքական զարգացումները, «պուտինյան ռեժիմի» անխուսափելի մոտակա տապալումը բերելու է դեպքերի նման զարգացման նաև մեր երկրում»,-եզրափակեց իր խոսքը Վահե Գասպարյանը։       
18:07 - 11 դեկտեմբերի, 2021
Եռյակ թշնամին իրականացնում է Սյունիքի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծին հարակից տարածքների զավթման քաղաքականություն․ Ավետիսյան

Եռյակ թշնամին իրականացնում է Սյունիքի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծին հարակից տարածքների զավթման քաղաքականություն․ Ավետիսյան

Այսօր՝ Ազատության հրապարակում «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության կազմակերպած հանրահավաքի ընթացքում, ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ՀՀ տարածքի և ինքնիշխանության հաշվին տարածաշրջանի ճարտարապետությունը վերաձևելու իրենց ռազմավարությունը։ «Նախորդ օրը Սոչիում կայացած Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը, դրա արդյունքներն արձնագրած հայտարարությունը ևս մեկ ապացույց էր, որ ՀՀ Արցախի մարզը միասնաբար զավթելուց ու բաժանելուց հետո Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ՀՀ տարածքի և ինքնիշխանության հաշվին տարածաշրջանի ճարտարապետությունը վերաձևելու իրենց ռազմավարությունը։ Ակնհայտ է, որ 44-օրյա պայմանավորված պատերազմի ու պլանավորված պարտության արդյունքներով ընդունված 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունն այդ արդյունքներով ընդամենը մի նոր ստատուս-քվո հաստատելու մասին չէ, այլ սկիզբ է դնում ՀՀ-ի լուծարման և հայկական գործոնի վերացման ռուս-թուրքական վաղեմի ծրագրի իրագործման վերջին փուլին։ Իինչպես մեկ դար առաջ, Նժդեհի առաջնորդությամբ փրկված Սյունիքն է կանգնած այդ ծրագրի ճանապարհին»։ Ավետիսյանը ասաց՝ եռյակ թշնամին որպես աջակից ունենալով իր կամակատար երևանյան ռեժիմին և մոսկվահպատակ քաղաքական դասին, իրականացնում է Սյունիքի, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի շփման գծին հարակից տարածքների զավթման քաղաքականություն․ «Պետք է արձանագրենք, որ եռյակ թշնամու այս ծրագիրը դեռևս կյանքի չի կոչվել երկու պատճառով․ ԱՄՆ գլխավորությամբ հետզհետե աճման ընթացքով իրականացվող արևմուտքի ռազմավարական զսպման և հայ ժողովրդի քաղաքական դիմադրության։ Ի դեպ, այս 2 հանգամանքի շնորհիվ է, որ երեկ՝ նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված հայտարարությունն ուներ լղոզված բովանդակություն։ Եվ, առհասարակ, արևմուտքի ճնշման և հայ ժողովրդի դիմադրության շնորհիվ է, որ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ից առ այսօր դեռևս չի կնքվել Կարսի ու Ալեքսանդրապոլի խառնուրդ-պայմանագիրը, որ տապանաքար կլիներ հայոց պետականության գերեզմանին»։ Նա հիշեցրեց, որ ադրբեջանական զորքերը մեծ ուժերով կուտակված են Սյունիքի երկու կողմերում, իսկ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում՝ վտանգված գոտու բնակիչներին զինելու համար․ «Արևելյան կողմից շփման գծի ամբողջ երկայնքով պատրաստ են ներխուժելու, զավթելու և Սյունիքը կտրելու, մեր հայրենակիցներին ցեղասպանելու և բռնագաղթի ենթարկելու։ Սպառնալիքն իրական է և վերահաս։ Մինչդեռ Հայաստանի կառավարությունն, ըստ էության, մատը մատին չի տալիս խիստ հավանական այս աղետը կանխելու համար՝ փաստացի գործելով ի նպաստ թշնամու ծրագրի։ Նա ձախողում է զինված ուժերի միջոցով պաշտպանության ապահովումը, ինչպես նաև հրաժարվում է կազմակերպել, զինելու պատրաստել առնվազն Սյունիքի և մյուս վտանգված գոտու բնակչությանը»։ Վարուժան Ավետիսյանը հիշեցրեց, որ օրեր առաջ ԱԺԲ-ն ակցիա է իրականացրել Պաշտպանության նախարարության առաջ՝ պահանջելով զինել սահմանամերձ շրջաններում ապրող բնակիչներին, սակայն, նրա խոսքով, մինչ այժմ այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի կատարվել․ «Սյունիքի և մյուս վտանգված գոտու բնակչության կոտորածը կանխելու և թշնամու ներխուժումները խափանելու միակ ճանապարհը երկրի ներքին ուժերի ամբողջ ներքին ռեզերվի վերադասավորումն ու մոբիլիզացիան է, ինչը ենթադրում է հրաժարվել բոլոր երկրորդային ծախսերից, որի աղաղակող օրինակն է Ալեն Սիմոնյանի մանկական երազանքի իրականացման համար թանկարժեք ծառայողական մեքենայի գնումը, և բոլոր միջոցներն ուղղել պաշտպանական համակարգի հզորացմանն ու ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպմանը»։ Նրա խոսքով՝ անհեթեթ են բոլոր մտայնությունները, թե առանց պետական կառավարման համակարգի հնարավոր կլինի կազմակերպել ժողովրդի ինքնապաշտպանությունը։ Ավետիսյանը ելույթի ավարտին վերահաստատեց ԱԺԲ-ի պահանջները վտանգված գոտու բնակիչներին զինելու և ինքնապաշտպանություն կազմակերպելու վերաբերյալ։  
16:52 - 27 նոյեմբերի, 2021
Պահանջում ենք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին․ ԱԺԲ

Պահանջում ենք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին․ ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի Հանրապետությունը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո շարունակում է պարբերական ալիքներով ագրեսիայի ակտեր կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ զավթելով տարածքներ, վերահսկողություն հաստատելով ռազմավարական ճանապարհների վրա, սպանելով ու գերեվարելով ՀՀ Զինված ուժերի զինծառայողներին: Այսօր Ադրբեջանի Հանրապետությունն սկսել է հերթական և, պատերազմից հետո ամենալայնածավալ, հարձակումը, մինչդեռ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդամենը համաձայնվում է նրա զավթումների հետ և արդարացնում ու լեգիտիմացնում է դրանց արդյունքները: Միևնույն ժամանակ հերթական անգամ արձանագրում ենք, որ ՀԱՊԿ-ը և Ռուսաստանի Դաշնությունն առնվազն չեն կատարում իրենց  դաշնակցային պարտականությունները: Վերը նշվածի հաշվառմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ևս մեկ անգամ հիշեցնելով ազգային իշխանության հաստատումից հետո իր անխուսափելի պատասխանատվության մասին, պահանջում ենք անհապաղ կերպով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիան դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային իրավունքի այլ կարգավորումներին համապատասխան տարածաշրջանում միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու հարցով»:
17:12 - 16 նոյեմբերի, 2021
Մինչ ռուսական ուժերի հեռացումը, միջազգային մանդատի ուժով, պետք է խաղաղարար նոր զորքերի ներկայությունը ապահովել․ Ժիրայր Սեֆիլյան

Մինչ ռուսական ուժերի հեռացումը, միջազգային մանդատի ուժով, պետք է խաղաղարար նոր զորքերի ներկայությունը ապահովել․ Ժիրայր Սեֆիլյան

«Նախորդ տարի ստորագրված 9 կետանոց հայտարարության առաջին կետով պետք է կողմերը կանգ առնեին իրենց դիրքերում, սա ռազմագերիների վերաբերյալ 8-րդ կետի հետ միասին միակ կետն էր, որ պետք է ընդունելի լիներ Հայաստանի համար։ Հայկական բանակը Մոսկվայի և Երևանի կողմից դավաճանաբար առաջնորդվել էր քայքայում և պարտություն ու հրադադարը անհրաժեշտ էր։ Բայց հայտարարության հաջորդ կետերը Հայաստանի համար դարձան կործանարար և, ըստ էության, առաջին կետը կազմվել էր նրա համար, որ մյուս կետերը մտնեին դրա մեջ»,- հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը՝ ՌԴ դեսպանատան մոտից, որտեղ հանրահավաքի մասնակիցները հավաքվել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության տարելիցի կապակցությամբ։  ՌԴ դեսպանատան մոտ ելույթ ունեցավ նաև Ժիրայր Սեֆիլյանը։ Նա նշեց, որ Արցախում, Սյունիքում բնակվող հայերը մտահոգություն ունեն, որ ուշ թե շուտ ռուսական ուժերը հեռանալու են, ի՞նչ է լինելու դրանից հետո․ «Մենք որպես քաղաքական ուժ մեկ խնդիր ունենք՝ լուծում տալ այս իրավիճակին։ Մեր քաղաքական ուժը այդ բանալին ունի․մինչ ռուսական ուժերի հեռացումը, միջազգային մանդատի ուժով, մեր ապագա իսկական դաշնակիցների համաձայնությամբ ու մասնակցությամբ խաղաղարար նոր զորքերի ապահովելն է»,-հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը՝ կոչ անելով միանալ իրենց՝ օր առաջ կյանքի կոչելու այդ ծրագիրը։  Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին։ 
21:34 - 09 նոյեմբերի, 2021
Ազգային-ժողովրդավարական բևեռը երդմամբ սկսեց ազատ, անկախ եւ միացյալ ՀՀ-ի վերակերտման համազգային իր պայքարը

Ազգային-ժողովրդավարական բևեռը երդմամբ սկսեց ազատ, անկախ եւ միացյալ ՀՀ-ի վերակերտման համազգային իր պայքարը

Ազգային-ժողովրդավարական բևեռն Ազատության հրապարակում սկսել է իր հանրահավաքը։ ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանն իր ելույթում նշեց, որ թեւակոխում են մոբիլիզացիայի մի նոր վիճակ, եւ իրենց նպատակի համար (առաջնային նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է) հարկ է, որ նաեւ հոգեբանորեն մոբիլիզացում լինի՝ ավելի բարձր որակական մակարդակում․ «Մարդկությունը դրա համար ձեւեր է գտել, եւ դրանցից ընդունվածներից եւ մարդկանց համախմբելու լավագույն տարբերակներից մեկը երդման արարողությունն է․ առաջարկում եմ միասին երդվել՝ պայքարին հավատարիմ մնալու եւ շարունակելու համար»,- ասաց Ավետիսյանն ու կարդաց երդման տեքստը․ «Միանալով ազատ, անկախ եւ միացյալ ՀՀ-ի վերակերտման համազգային պայքարին՝ երդվում եմ հոգով, մտքով, խոսքով եւ գործով լինել հավատարիմ եւ հետեւորդ՝ հայրենատիրության գերագույն նպատակին, ջանք ու եռանդ չխնայել ազգային-ինքնիշխան պետության կայացման ու հզորացման համար, փայփայել եւ զարգացնել ազգային ինքնությույնս՝ հայոց լեզուն, հայրենի հողը, հայ մշակույթը, հարգել եւ պաշտպանել համամարդկային արժեքները, արժանի լինել հայրենիքի ազատության նահատակ հերոսների հիշատակին, լինել իրավատեր քաղաքացի, ազգային ու պետական շահը գերադասել անձնականից եւ պաշտպանել հայրենիքը, իրավունքն ու ազատությունը․ երդվու՛մ եմ, երդվո՛ւմ եմ, երդվո՛ւմ եմ»,- կարդաց Ավետիսյանը եւ նրան միացան հանրահավաքին ներկա քաղաքացիները։
18:51 - 09 նոյեմբերի, 2021