Tert.am-ի վերլուծական հոդվածում մանիպուլյացիայի է ենթարկվում ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը
22:07 - 01 ապրիլի, 2020

Tert.am-ի վերլուծական հոդվածում մանիպուլյացիայի է ենթարկվում ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը

Երեկ tert.am կայքում հրապարակվել է «ԱԳՆ-ն Ադրբեջանի «ջրաղացին ջո՞ւր է լցնում»» վերնագրով վերլուծական հոդված։ Հոդվածում նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ Արտաքին գործերիի նախարարության (ԱԳՆ) հայտարարությունում որոշ ձևակերպումներ բավական հակասական են ստացվել։

Հոդվածի հեղինակը՝  «որևէ կերպ չհրահրված խախտում» ատահայտությունը կտրելով ԱԳՆ հայտարարության համատեքստից, ձևակերպում է հռետորական հարցեր նշված արտահայտության վերաբերյալ՝ ասելով, թե արդյոք ձևակերպումից բխո՞ւմ է, որ բացառությամբ այս մեկի՝ մնացսծ նախորդ բոլոր ագրեսիաները կամ թեկուզ դրանց մի մասը հայկական ԶՈւ կողմից ինչ-որ կերպ հրահրված են եղել:

Նախ նշենք, որ հոդվածը հրապարակվել է երեկ՝ մարտի 31-ին՝ ժամը 17։57-ին, իսկ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  ժամը 16։21-ին արդեն իսկ  մեկնաբանել էր ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը։

 

ԱԳՆ մամուլի խոսնակը նշել էր, որ «որևէ ձևով չհրահրված» արտահայտությունը նշանակում է, որ հրադադարը խախտող կողմի գործողությունները որևէ ձևով պայմանավորված չեն եղել մյուս կողմի այս կամ այն գործողություններով, և որ այս տերմինը լայնորեն օգտագործվում է հակամարտային իրավիճակներում: 

Հետևաբար, հասկանալի չէ, թե ինչ նպատակով է tert.am-ի կողմից այս վերլուծության ժամանակավրեպ հրապարակումը։

Բացի այդ, հեղինակը հենց ինքն է հոդվածում հանդես եկել հակասական մտքերով. մի կողմից եզրակացնում է, որ ԱԳՆ-ի կողմից վերանշյալ ձևակերպումը նշանակում է, որ  եթե ադրբեջանական կողմի պարբերական կրակոցների ստիմուլի դերում հանդես են գալիս հայկական կողմի ոչ խաղաղասիրական գործողություններից, ապա ստացվում է, որ Ադրբեջանը ոչ թե ագրեսիա է իրականցնում, այլ ընդամենն ինքնապաշտպանվում է: Մյուս կողմից հոդվածագիրը նշում է, որ Ալիևն արհամարհել է միջազգային հանրության կոչերն ու հորդորները՝ այս բարդ ժամանակներում չսրելու հակամարտություններն ու առավելագույն պացիֆիզմ (խաղաղասիրությու) դրսևորելու:

Այսինքն, մի ձևակերպմամբ հեղինակը կասկած տակ է դնում հայկական կողմի խաղաղասիրությունը, իսկ մյուսով փաստում, որ սա Ալիևի հերթական արհամարհանքն էր միջազգային հանրության կողմից խաղաղասիրություն դրսևորելու կոչերին։

«Որևէ ձևով չհրահրված» արտահայտության օգտագործմամբ հայկական կողմի խաղաղասիրությունը կասկածի տակ դնելը ամենևին հիմնավոր չէ, քանի որ ինչպես արդեն մեկնաբանվել էր ԱԳՆ մամուլի խոսնակի կողմից, ձևակերպումը լայնորեն օգտագործվում է հակամարտային իրավիճակներում։ Բացի այս, օրինակ՝ ԱԳՆ 2019 թվականի նոյեմբերի 30-ի հայտարարությունում էլ նշվում էր, որ  «դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում», սա իհարկե չի նշանակում, որ ադրբեջանական մնացած այլ սադրիչ գործողություններից առաջ հայկական կողմը որևէ լարվածություն է մտցրել։ 

Հետևաբար, կարող ենք փաստել, որ ԱԳՆ-ն առաջին անգամ չէ, որ հիշեցնում է հայկական կողմից որևէ լարում չմտցնելու, չհրահրելու մասին, և սա ամենևին չի նշանակում, որ մնացած բոլոր դեպքերում, երբ ԱԳՆ-ն չի նշել միտում չունենալու մասին, ուրեմն հայկական կողմը սադրել է։ Հայտարարության մեջ նմանատիպ ձևակերպումներն ընդամենը ավելի են ընդգծում Ադրբեջանի կողմից միտումնավոր կերպով և միակողմանի հրադադարի ռեժիմը չպահպանելու փաստը։

Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ tert.am-ի հոդվածում ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը մեկնաբանվել է մանիպուլյատիվ,  և հաշվի չի առնվել ԱԳՆ նախորդ հայտարարությունների նույնանման ոճը։

 

Արփի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել