Ազգայնականությունը՝ որպես անկախ Հայաստանի քաղաքական միակ գաղափարախոսություն  [Challenge 13.2 | Հրայր Մանուկյան]
21:10 - 18 հունիսի,2021

Ազգայնականությունը՝ որպես անկախ Հայաստանի քաղաքական միակ գաղափարախոսություն [Challenge 13.2 | Հրայր Մանուկյան]

Հրայր Մանուկյան

«Challenge» նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։

 

Հունիսի 20-ին տեղի կունենան Հայաստանի Երրորդ Հանրապետության ամենամրցակցային ու անկանխատեսելի ընտրությունները։ Առաջին անգամ ստեղծվել է իրական հնարավորություն, որ կառավարությունը կարող է փոխվել ընտրություններով, ինչպես որ լինում է լիբերալ-դեմոկրատական երկրներում։ Չնայած այս աննախադեպ մրցակցությանն ու մասնակիցների քանակին (26 քաղաքական ուժ, ներառյալ՝ երեք նախկին նախագահները)՝ քաղաքական բոլոր ուժերի գաղափարական հիմնական հենքը ազգայնականությունն է։

Ժամանակակից հայկական ազգայնականությունը նախևառաջ, իհարկե, Ղարաբաղի ինքնորոշման (մինչև անկախություն) կամ այն Հայաստանին միացնելու մասին է։ Այնուամենայնիվ, ազգայնականությունը անխուսափելիորեն ձևավորել է նաև հայերիս համոզմունքները արդարության, կյանքի իմաստի ու լավ կյանքի մասին։ Այսինքն, ազգայնականությունը համապարփակ (կրոնափիլիսոփայական) դոկտրին է, ինչպես կասեր 20-րդ դարի ամենաազդեցիկ քաղաքական փիլիսոփան՝ Ջոն Ռոուլսը։

 

Հայկական ազգայնականության երկու հիմնական ուղղությունները

Հայկական ազգայնականությունը՝ որպես էթնիկ հայերին պատկանող առանձին հայկական պետություն ունենալու իդեալ, եվրոպական ազգայնականությունների նման առաջացել է գերազանցապես 19-րդ դարում։ Սովետական Միության սկզբնական տարիներին հայկական ազգայնականությունը հիմնականում ճնշվում էր։ Այնուամենայնիվ, երբ Թուրքիան 1952-ին միացավ ՆԱՏՕ-ին, և երբ Ցեղասպանության 50-ամյակի կապակցությամբ Երևանում տեղի ունեցան ցույցեր, հայկական ազգայնականության հակաթուրքական դրսևորումները ոչ միայն թույլատրվեցին, այլև ինչ-որ չափով խրախուսվեցին[1]։

ԽՍՀՄ-ի վարած այս քաղաքականության արդյունքում հակաթուրքական տրամադրությունները Ցեղասպանության տրավմաների հետ միասին խորությամբ արմատավորվեցին  բնակչության շրջանում։ Այդ պատճառով ԽՍՀՄ-ից դուրս ու Թուրքիայի հարևանությամբ անկախ հայկական պետություն ունենալու գաղափարը այնքան էլ ընդունելի չէր 1988-ի շարժման սկզբում։ Շարժման ղեկավարները ստիպված էին մեծ ջանքեր գործադրել՝ համոզելու համար հայաստանցիներին, որ կարելի է ունենալ անկախ հայկական պետություն՝ առանց Թուրքիայից երկրորդ անգամ ցեղասպանության ենթարկվելու[2]։ Արդյունքում առաջացավ Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ ունենալու գաղափարը։ Ըստ այդ մոտեցման՝ անկախ Հայաստանը չպետք է Թուրքիայից տարածքներ պահանջեր և չպետք է ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձներ պետական քաղաքականության մաս[3]։

Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ ունենալու մոտեցումը դարձավ ժամանակակից հայկական ազգայնականության երկու հիմնական ուղղություններից մեկը։ Այդ ուղղությունը կարելի է անվանել չափավոր-պրագմատիկ ազգայնականություն, որի կարկառուն ներկայացուցիչը ներկայիս ՀԱԿ (նախկինում ՀՀՇ) կուսակցության ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Այս մոտեցումը նաև ենթադրում է(ր), որ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի հետ փոխզիջումներով։  

Հայկական ազգայնականության մյուս ուղղությունը կարելի է անվանել հակաթուրքական ազգայնական մաքսիմալիզմ։ Այն ենթադրում է Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված պետական քաղաքականություն և մաքսիմալիստական կեցվածք Ղարաբաղի հարցում։ Այս մոտեցման առավել ծայրահեղ տարբերակները բացառում են (էին) որևէ փոխզիջում Ղարաբաղի հարցում,   ադրբեջանցիներին համարում են թուրք, Թուրքիային (ու Ադրբեջանին) համարում են ի բնե ցեղասպան-մարդասպան պետություն(ներ) և ենթադրում են Թուրքայից տարածքային պահանջներ:

Այսպիսով, ժամանակակից հայկական ազգայնականության այս երկրորդ ուղղության առանցքը (ռազմատենչ) հակաթուրքականությունն է։ Այդ հակաթուրքականությունը երբեմն հանդես է գալիս հակառուսականության հետ միասին («Ազգային-ժողովրդավարական  բևեռ», «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» և այլն), իսկ երբեմն էլ՝ հակաարևմտականության հետ միասին («Հայաստան» դաշինք, ՍԻՄ կուսակցություն և այլն)։ Անկախ Հայաստանում հակաթուրքական ազգայնական մաքսիմալիզմի առաջին կրողը «Դաշնակցություն» կուսակցությունն էր։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ այս գծի կարկառուն ներկայացուցիչն է։

1998-ին ազգայնական-մաքսիմալիստական ուժերը կարողացան իշխանությունից հեռացնել Տեր-Պետրոսյանին՝ ձախողելով նրա փորձը՝ Ղարաբաղի հարցը փոխզիջումներով կարգավորելու։ Հակաթուրքական ազգայնական մաքսիմալիզմը այդուհետ դոմինանտ դարձավ Հայաստանի քաղաքական դաշտում։ 

 

Քրեաօլիգարխիկ համակարգի հաստատումը   

«Պատմական արդարության վերականգնում», «ազգային միասնություն», «ազգային գաղափարախոսություն» և նմանատիպ հասկացությունները 1990-ականների քաղաքական բանավեճերի հիմնական թեման էին։ Ինչպես նկատել է քաղաքագետ  Մանվել Սարգսյանը, այդ ժամանակ «կյանքի իմաստը փնտրվում էր «ոսկեդարի սրբազան տարածքի վերադարձի» մասին բանավեճերի հարթությունում»[4]։ Հայկական քաղաքականությունը հերոսներին, փրկիչներին ու դավաճաններին բացահայտելու մասին էր՝ հաճախ հիմնված էթնոազգայնական առասպելաբանությունների կերպարների հետ ասոցիացիաների վրա։

2000-ականների սկզբից, սակայն, էթնոազգայնական առասպելաբանության հավատալիքներից ու իդեալներից որոշակի հիասթափություն է նկատվում։ Այդ հիասթափությունը (գոնե մասամբ) պայմանավորված էր 1990-ականներին սեփականության բաշխման ձևերով և քաղաքական խնդիրները բիրտ ուժով (ներառյալ՝ ընտրակեղծիքներով) լուծելու ավանդույթով, ինչը բնակչության մի զգալի մասի մոտ առաջացրել էր անարդարության, օտարման և անզորության խորը զգացում: 2000-ականներին Էթնիկ առասպելների հետ ասոցացվող շատ (ավտորիտար) քաղաքական գործիչներ վարկաբեկվեցին, իսկ նրանց շուրջ կառուցված առասպելները դադարեցին մոբիլիզացնող ազդեցություն ունենալ[5]:

Գաղափարական վակուումի այս պայմաններում, երբ շատ էթնոազգայնական առասպելներ դադարեցին մոբիլիզացնող կամ միավորող դեր խաղալ իշխանության համար պայքարում, փողը կամ կապիտալը դարձավ իշխանության կենտրոնական հենարանը: «Ինչպես դա սովորաբար դիտվում է ամենուրեք, ապագաղափարականացված և անկառավարելի միջավայրում միակ արժեքը միշտ դառնում է կապիտալը»,- գրել է Մանվել Սարգսյանը[6]։ Նա նկարագրել է, թե ինչպես գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2003 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ տնտեսական ու քաղաքական ոլորտները բաժանելու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերեց խոշոր կապիտալ ունեցողների հետ: Այդ համաձայնության արդյունքում, ըստ Սարգսյանի, 1990-ականների  (կիսա)ավտորիտար համակարգը 2000-ականների կեսերին վերափոխվեց քրեաօլիգարխիկ համակարգի։

Քրեաօլիգարխիկ համակարգի դեպքում չկա անառարկելի հեղինակություն ունեցող ավտորիտար ղեկավար, որը միանձնյա քաղաքական ու տնտեսական որոշումներ է կայացնում։ Փոխարենը խոշոր կապիտալ ունեցողների միջև կա պայմանագիր՝ բաշխելու երկրի հարստությունը, տարածքն ու  քաղաքական բոլոր առանցքային պաշտոնները միմյանց միջև։ Քրեաօլիգարխիկ համակարգի դեպքում ևս ընտրությունների ինստիտուտը չի աշխատում, ինչպես չէր աշխատում (կիսա)ավտորիտար համակարգի դեպքում։ Քրեաօլիգարխիայի պայմաններում, սակայն, ընտրակեղծիքները նախ և առաջ կատարվում են՝ մեծ ֆինանասական միջոցներ ներգրավելով ու ընտրակաշառքներով, որից հետո միայն անհրաժեշտության դեպքում կիրառվում է բիրտ ուժ (ինչպես կիրառվեց 2008-ին)։

Քրեաօլիգարխիկ համակարգի կարևոր առանձնահատկությունն այն է, որ համակարգը հիմնված է պաշտոնական ձևական-իրավական առաջնամասի և լռելյայն գործող ոչ պաշտոնական մեխանիզմների զուգակցման վրա, ինչպես նկատել է փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը[7]։ «Պաշտոնականի և մասնավորի միջև ահագնացող ճեղքվածքը հանգեցրեց կրկնամտության (doublethink) տարածմանը, խրախուսմանը և պաշտոնականացմանը»,- գրել է Ոսկանյանը։ Նույն կրկնամտությունը գործում էր նաև ԼՂ հարցում: Մասնավորապես՝ իշխանությունները ոչ ֆորմալ եղանակով խրախուսում էին «ոչ մի թիզ հող» և նմանատիպ այլ ազգայնական-մաքսիմալիստական մոտեցումները[8], սակայն նույն իշխանությունները Մինսկի խմբի բանակցությունների շրջանակներում ձևականորեն ընդունում էին Ադրբեջանի ու ՄԽ համանախագահ երկրների՝ ԼՂ հարակից շրջանները վերադարձնելու պահանջները։ Ինչպես Քոչարյանը խոստովանեց վերջերս, իր պատկերացրած ճիշտ բանակցություններն այն էին, որ Ադրբեջանին հույս տրվեր, թե ԼՂ հարակից շրջանները վերադարձվելու են, բայց իրականում այդ շրջանները չվերադարձվեին։

Քրեաօլիգարխիայի գոյության ամբողջ ընթացքում (2003-2018թթ) իշխանությունները միշտ փորձել են ձևակերպել ազգայնական համախմբող գաղափարներ։ Օրինակ, 2000-ականների վերջերին Երևանում հայտնվեցին պաստառներ՝ հայտնի մարդկանց նկարներով ու «Իմ զենքը իմ գիչն է», «Իմ զենքը իմ երգն է» և նմանատիպ այլ լոզունգներով։ 2016-ին էլ շրջանառության մեջ դրվեց «ազգ-բանակ» հայեցակարգը, որով դարձյալ փորձ էր արվում հասնել «ազգային միասնության»։ Մյուս կողմից էլ, զանազան արտոնություններ տրվեցին Հայաստանի Առաքելական եկեղեցուն։ Մասնավորապես, 2005-ին փոփոխված Սահմնադրության մեջ ամրագրվեց Առաքելական եկեղեցու հատուկ կարգավիճակը, դպրոցներում մտցվեց «Եկեղեցու պատմություն» առարկան, եկեղեցական բոլոր տոները դարձան ոչ աշխատանքային օրեր, հոգևորականներն օրհնում էին իշխող կուսակցության միջոցառումները, վարչապետ Տիգրան Սարգսյանը 2009-ին հայտարարեց՝ պետության և եկեղեցու տարանջատման թեզը հնացած է, և այլն[9]։  Եվ թեև այս գաղափարներն ինչ-որ չափով էֆեկտիվ էին թվում, բայց ինչպես ցույց տվեց 2018-ի հեղափոխությունը, դրանք չկարողացան լեգիտիմացնել քրեաօլիգարխիկ համակարգը։ Հեղափոխությունը ապամոնտաժեց այդ համակարգի հիմնասյուները՝ գործի գցելով ընտրության ինստիտուտը, շեշտակի նվազեցնելով համակարգային կառուպցիան ու վերացնելով կրկնամտությունը։

 

Ազգայնականությունը հեղափոխությունից հետո

Եթե Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ու Սարգսյանի իշխանության գալը կապված էր ԼՂ հարցի հետ (Տեր-Պետրոսյանի դեպքում՝ նաև հեռանալը), ապա Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել ընտրակեղծիքներին, կոռուպցիային ու սոցիալական այլ խնդիրներին վերաբերող հարցերը։ Այլ կերպ ասած՝ հեղափոխությունից հետո առաջին անգամ Հայաստանում ձևավորվեց իշխանություն, որի լեգիտիմության գլխավոր աղբյուրը ԼՂ հարցը չէր։ Այս փաստը և՛ Հայաստանի ներսում, և՛ արտաքին աշխարհում ձևավորեց սպասումներ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհամաձայնի լուծել ԼՂ հարցը փոխզիջումներով և ԼՂ հարակից շրջանները կվերադարձնի Ադրբեջանին։ Հատկապես որ Փաշինյանը իր քաղաքական կարիերան սկսել էր Տեր-Պետրոսյանի թիմում և 2000-ականներին կողմ էր արտահայտվել փոխզիջումներին։

Ունենալով նման սպասումներ՝ քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները միանգամից Փաշինյանին սկսեցին մեղադրել ԼՂ հարակից շրջանները տալու պատրաստակամության, թրքասիրության ու դավաճանության մեջ։ Ակնհայտորեն, նրանք ակնկալում էին, որ Փաշինյանը կփորձի ԼՂ հարցը խաղաղ ճանապարհով կարգավորել ու կգնա փոխզիջումների։ Դա քրեաօլիգարխիայի ներկայացուցիչներին հնարավորություն կտար հակաթուրքական, ազգայնական-մաքսիմալիստական լոզունգներով ու հավանաբար նաև ուժային կառույցների օժանդակությամբ նորից գալու իշխանության։

Փաշինյանը, սակայն, չարդարացրեց նման սպասումները։ Նա կրկնապատկեց ազգայնական-մաքսիմալիստական հռետորիկան ԼՂ հարցում և նախագահ Արմեն Սարգսյանի հետ արեց հայտարարություններ, որոնք կարող էին մեկնաբանվել որպես Թուրքիայից տարածքային պահանջներ։ Այսինքն, Փաշինյանն իր գլխավորած կուսակցության հետ ևս, ըստ էության, հակաթուրքական ազգայնական մաքսիմալիզմի կրող դարձավ։

Հավանաբար Փաշինյանի գաղափարական այս դիրքորոշումը գոնե մասամբ պայմանավորված էր նրանով, որ հեղափոխությունը, վերացնելով օտարվածության ու անզորության զգացողությունը բնակչության շրջանում, միաժամանակ մինչհեղափոխական շրջանի գաղափարական վակուումը լցրեց մեծամասմաբ (էթնո)ազգայնական խանդավառվածությամբ ու հավատալիքներով։ Ճիշտ է, հեղափոխությունը նախևառաջ արդյունք էր լիբերալ որոշ գաղափարների, մասնավորապես՝ այն համոզմունքի, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը պետք է կարողանա ընտրություններով փոխել կառավարությանը։ Այնուամենայնիվ, լիբերալիզմի մյուս գլխավոր սկզբունքը՝ հավատը հավասար իրավունքների գերակայությանը՝ հատկապես դրա ձախ-լիբերալ (կամ սոցիալ-դեմոկրատական) մեկնաբանությամբ, շատ քիչ տարածում ունի Հայաստանում։ Նույնիսկ վերջերս ստեղծված ՔՈ կուսակցությունը, որի անվան մեջ կա «սոցիալ-դեմոկրատական» բառը, մեկ այլ հակաթուրքական կուսակցություն է, որի ներկայիս ղեկավարները ազգայնական մաքսիմալիստներ են։

 

Վերջաբան  

Այսպիսով, ազգայնականությունը Հայաստանի 30-ամյա անկախության տարիների միակ քաղաքական գաղափարախոսությունն ու համապարփակ դոկտրինն է եղել և շարունակում է պահպանել իր գրեթե մենաշնորհային դիրքը։ Անկախ Հայաստանի 30-ամյա քաղաքական պատմությունը, մեծ հաշվով, (Էթնո)ազգայնական հավատալիքների վերելքի ու դրանցից հիասթափությունների, ինչպես նաև ազգայնական երկու ժամանակակից ուղղությունների՝ չափավոր պրագմատիզմի և հակաթուրքական մաքսիմալիզմի մրցակցության պատմություն է եղել։ Այդ մրցակցությունում հակաթուրքական մաքսիմալիզմը ավելի շատ է հաղթող դուրս եկել, քան չափավոր պրագմատիզմը։  

Մյուս կողմից էլ լիբերալիզմը՝ որպես քաղաքական գաղափարախոսություն և համապարփակ դոկտրին, Հայաստանում դեռևս շատ թույլ և մարգինալ վիճակում է։ Այնուամենայնիվ, այն ամրապնդվելու պոտենցիալ ունի։ Այդ պոտենցիալը պայմանավորված է նրանով, որ 2018-ի հեղափոխությամբ Հայաստանում սկսվեց կառուցվել լիբերալ-դեմոկրատական կարգ (լիբերալ-դեմոկրատական կարգը չշփոթել լիբերալիզմի գաղափարախոսության հետ)։ Հունիսի 20-ի ընտրություններում իշխանափոխության իրական հնարավորությունը, ինչն աննախադեպ է Հայաստանի համար, խոսում է հենց լիբերալ-դեմոկրատական կարգի սկզբնավորման մասին։  

Լիբերալ-դեմոկրատական կարգի կառուցումը Հայաստանում կշարունակվի, եթե քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում չկարողանան գալ իշխանության։ Եթե նման իշխանափոխություն տեղի չունենա (ինչը ամենահավանական տարբերակն է թվում), կարծում եմ՝ առաջիկա տասնամյակներում լիբերալ գաղափարախոսություն կրող կուսակցություններ կարող են դառնալ հատկապես «Քաղաքացիական Պայմանագիրն» ու «Հայ Ազգային Կոնգրեսը»։ Դա տեղի կունենա այն դեպքում, եթե այս կուսակցությունները կարողանան վերանայել արդարության ու լավ կյանքի մասին իրենց պատկերացումները և հրաժարվեն ազգայնական որոշ համոզմունքներից։ Քրեաօլիգարխիայի ներկայացուցիչներն էլ այս դեպքում կդառնան պահպանողականներ՝ նման ժամանակակից արևմտյան պահպանողականներին։

 

Հ․Գ․ Մարտահրավերը նետում եմ Աշոտ Ոսկանյանին ու Վարդան Ջալոյանին

 

[1] Աշոտ Ոսկանյան (2021), «Հայոց Համազգային Շարժումը որպես հայկական լուսավորության քաղաքական փուլ»։ Անկախությունը և ազատական բարեփոխումները, մաս 2, Անտարես, Երևան, էջ 50։

[2] Տես, օրինակ, Վազգեն Մանուկյան (մարտ 1988)․ «Չկան մշտական թշնամիներ և մշտական բարեկամներ, կան մշտական ազգային շահեր» և Լևոն Տեր-Պետրոսյան (հունիս 1989), «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն ․․․ սկզբից ի վեր մերժել է օտար հովանավորի վրա հույս դնելու եւ պանթուրքիզմը որպես մշտական սպառնալիք դիտելու վնասակար մտայնությունը»։

[3] Լևոն Տեր-Պետրոսյան (2012)․ «Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Ցեղասպանությունը մինչեւ 1998 թվականը երբեք խնդիր չի հարուցել․․․Որովհետեւ մենք Ցեղասպանության միջազգային ճանաչումը չենք դարձրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարց»:

[4] Մանվել Սարգսյան և ուրիշներ (2010), «Սահմանադրական պետության կառուցման հիմնախնդիրները Հայաստանում», Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն, Երևան, էջ 13։

[5] Ibid, էջ 49-50։

[6] Ibid, էջ 50։

[7] Աշոտ Ոսկանյան (2021), «Հայոց Համազգային Շարժումը որպես հայկական լուսավորության քաղաքական փուլ»։ Անկախությունը և ազատական բարեփոխումները, մաս 2, Անտարես, Երևան, էջ 62։

[8] Ոչմիթիզհողականության ոչ պաշտոնական խրախուսումը մասամբ պայմանավորված էր Տեր-Պետրոսյանի դեմ իշխանությունների պայքարով, քանի որ Տեր-Պետրոսյանը լուրջ մարտահրավեր նետեց իշխանություններին հատկապես 2008-ին և 2014-2015-ին։

[9] Մանվել Սարգսյան և ուրիշներ (2010), «Սահմանադրական պետության կառուցման հիմնախնդիրները Հայաստանում», Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն, Երևան, էջ 57-58



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել