Հաշվի առնելով, որ անհետ կորած քաղաքացին գտնվել է էպիկենտրոնային գոտում, բավականին բարդ է լինելու հայտնաբերումը․ Փամբուխչան
11:27 - 18 օգոստոսի, 2022

Հաշվի առնելով, որ անհետ կորած քաղաքացին գտնվել է էպիկենտրոնային գոտում, բավականին բարդ է լինելու հայտնաբերումը․ Փամբուխչան

Կառավարության անդամները այսօրվա նիստի սկզբում մեկ րոպե լռությամբ հարգեցին «Սուրմալու» առևտրի կենտրոնում զոհված քաղաքացիների հիշատակը։

Նիկոլ Փաշինյանը ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանից հետաքրքրվեց որոնողափրկարարական աշխատանքների ընթացքի մասին, որին ի պատասխան Փամբուխչյանը ասաց, որ ներկա պահին 16 դիերից նույնականացված է 15-ը, մեկ հոգի համարվում է չնույնականացված․ «Ներկա պահին մենք հայտարարում ենք, որ ունենք 2 անհետ կորած, բայց ունենք ենթադրություն, որ մեկ չճանաչված դին այդ անհետ կորածների շարքում է»։

Փամբուխչյանի խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է եղել 935 փրկարար ծառայող, որից 350-հենց նույն օրը։

«Այս պահին տարվում են աշխատանքներ՝ հայտնաբերելու մյուս անհետ կորածին, որի անուն ազգանունը մենք ունենք, թե կոնկրետ ում ենք փնտրում, որ հատվածում։ Ներկա պահին մաքրել ենք տարածքի 90 և ավելի տոկոսը, և մոտեցել ենք ենթադրվող էպիկոնտրոնային գոտուն և այդտեղ իրականացնում ենք որոնողափրկարարական աշխատանքներ։  Ներկա պահին մի փոքր բարդություն ունենք կապված փլուզումից հետո առաջացած կոնստրուկցիաների կախված և այլ սյուների հետ, որոնք ապամոնտաժում ենք և հնարավորինս փորձում ենք անվտանգ միջավայր ստեղծել փրկարարների համար։ Վերջին դին հանվել է հրդեհից 42 ժամ անց, հրդեհի բռնկումից 5 ժամ անց հրդեհը համարվել է կառավարելի, 49 ժամ անց տվել ենք մեկուսացում, 53 ժամ հետո տվել ենք ամբողջական մարում։ Ներկա պահին կատարվում են միայն հովացման աշխատանքներ,  մինչ այժմ գոլորշին դուրս է գալիս, և մենք կատարում ենք հովացման աշխատանքներ։ Դեպքի վայրից տարհանվել է 25 տրանսպորտային միջոց, մեզ օգնության ձեռք են մեկնել Կարմիր խաչի 201 փրկարարներ և հոգեբաններ, ՈՄԱ կազմակերպության 132 կամավորներ և 250 այլ կամավորներ, ընդհանուր թվով 382 կամավորներ են մասնակցել՝ չհաշված Կարմիր խաչի օգնությունը»,- նշեց ԱԻ նախարարը։ 

Փամբուխչյանը ասաց, որ իրենց աջակցել են նաև Երևանի քաղաքապետարանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Այս պահին աշխատանքները ինտենսիվ շարունակվում են երկու հատվածով, և ենթադրվում է, որ տվյալ անձը գտնվել է հենց այդ վայրում։ Մենք հիմա փորձում ենք կատարել մաքրման աշխատանքներ, սյուների հեռացում, նաև՝ հարկադիր փլուզումներ, որպեսզի կարողանանք մոտենալ հենց բուն նկուղային հարկին, որտեղ գտնվել է քաղաքացին։ Հաշվի առնելով հանգամանքը, որ տվյալ քաղաքացին գտնվել է էպիկենտրոնային գոտում, այսինքն՝ այնտեղ հարվածային ալիք է, նաև հրդեհ,  այս օրերի ընթացքում այդ գոլորշին, բավականին բարդ է լինելու տվյալ քաղաքացուն հայտնաբերումը»,- ասաց Արմեն Փամբուխչյանը։

Փամբուխչյանը, պատասխանելով Փաշինյանի հարցին, ասաց նաև, որ մարդկային, տեխնիկական և նյութական որևէ պակաս չի եղել, և եղած մարդկային ներուժը ու տեխնիկան ամբողջությամբ բավարարել է տվյալ դեպքը սպասարկելու համար։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել