Պատրիարք Կիրիլը ցավակցական հեռագրեր է հղել Հայաստանի վարչապետին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին |armenpress.am|
17:13 - 16 օգոստոսի, 2022

Պատրիարք Կիրիլը ցավակցական հեռագրեր է հղել Հայաստանի վարչապետին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ցավակցական հեռագրեր է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի՝ հրավառության պահեստի պայթյունի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի պաշտոնական կայքը:

Ըստ patriarchia.ru-ի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր ցավակցական հեռագրում Ռուսաստանի հոգևոր առաջնորդը նշել է, որ խոր ցավով է ընդունել Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության մասին տեղեկությունը, մասնավորապես այն, որ հրդեհը և շենքի փլուզման հետևանքով բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան:

«Խորապես կարեկցում եմ եղբայրական Հայաստանի ժողովրդին և խնդրում եմ անկեղծ ցավակցությունս փոխանցել բոլոր նրանց, ում առնչվել է այս սարսափելի դժբախտությունը, հատկապես նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին և մտերիմներին: Ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ Ռուս Ուղղափառ Եկեղեցին, ի դեմս Երևանյան-Հայաստանյան թեմի հոգևորականների և աշխարհականների, պատրաստ է բարոյական աջակցություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Թող բարերար Տերը ողորմությամբ ընդունի հանգուցյալների հոգիները, մխիթարի սգավորներին և շուտափույթ ապաքինում շնորհի տուժածներին», - նշված է Կիրիլ Պատրիարքի ցավակցական ուղերձում:

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը եղբայրական ուղերձ է հասցեագրել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ անկեղծ ցավակցություն հայտնելով ողջ հայ ժողովրդին տեղի ունեցածի կապակցությամբ և հույս հայտնելով, որ Ամենաողորմած Արարիչը հանգստություն կպարգևի զոհվածների հոգիներին, շուտափույթ ապաքինում կշնորհի վիրավորներին և կմխիթարի սգավորներին:

Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ վերջին տվյալների, մահացել է 16 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կան նաև անհետ կորածներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել