ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Թայվանի խորհրդարան

 |armenpress.am|
13:27 - 15 օգոստոսի, 2022

ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Թայվանի խորհրդարան |armenpress.am|

armenpress.am:  ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը՝ սենատոր էդ Մարկիի (դեմոկրատ, Մասաչուսեթսի նահանգ) գլխավորությամբ օգոստոսի 15-ին այցելել է Թայվանի Օրենսդիր յուան (խորհրդարան): Այդ մասին հաղորդել է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը:

Ամերիկացի օրենսդիրները մամուլի համար փակ ռեժիմով հանդիպումներ են անցկացրել արտաքին գործերի եւ պաշտպանության կոմիտեում՝ կառավարող կուսակցության եւ ընդդիմության պատգամավորների հետ:

Գործակալության տեղեկություններով՝ այնտեղ արծարծվել են Վաշինգտոնի կողմից Թայվանի նկատմամբ ավելի հստակ ռազմավարության ընդունման, ինչպես նաեւ ազատության եւ ժողովրդավարության արժեքների համատեղ պաշտպանության անհրաժեշտության հարցեր:

Սպասվում է, որ Թայբեյում ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներին նաեւ կընդունի Թայվանի վարչակամզմի ղեկավար Ցայ Ինվենը: Որոշ տվյալներով՝այդ հանդիպումն արդեն կայացել է, բայց դրա մասին պաշտոնապես չի հաղորդվել: Այցի ընթացքում ամերիկացի օրենսդիրներն առայժմ ոչ մի կարգի հայտարարություններ չեն արել զանգվածային լրատվամիջոցների համար եւ ամեն կերպ խուսափել են մամուլի ուշադրությունից:

Պատվիրակությունն օգոստոսի 14-ի երեկոյան երկօրյա այցով ժամանել է Թայվան, որը նախօրոք չի հայտարարվել: Հիշյալ խմբի մեջ են մտնում Կոնգրեսի հինգ անդամներ Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցություններից: Թայվանի նեղուցի տարածաշրջանում լարվածությունը կտրուկ սրվել է օգոստոսի 2 – 3-ն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ կատարած այցից հետո: Չինաստանի զինված ուժերը դրան ի պատասխան հրթիռային հրաձգություններով ընդգրկուն զորավարժություններ են անցկացրել կղզու շուրջը ջրատարածքի վեց գոտիներում:

Թայվանը սեփական վարչակազմի կողմից կառավարվում է 1949 թվականից, երբ այնտեղ փախան Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի (1887 – 1975) գլխավորությամբ՝ Չինաստանում պարտություն կրելով քաղաքացիական պատերազմում: Այդ ժամանակվանից ի վեր կղզին պահպանում է նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը եւ որոշ այլ ատրիբուտներ, որը մայր ցամաքում գոյություն ուներ մինչեւ կոմունիստների իշխանության գլուխ անցնելը: Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն, որը պաշտպանում է երկրների մեծամասնությունը, Թայվանը ՉԺՀ-ի նահանգներից մեկն է,  հաղորդելէ ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել