Ոչ թե «կառուցողական», այլ «ոչ կառուցողական մոտեցումներ» Հայաստանից․ Բայրամովի հայտարարությունը սխալ է ներկայացվում
19:38 - 10 օգոստոսի, 2022

Ոչ թե «կառուցողական», այլ «ոչ կառուցողական մոտեցումներ» Հայաստանից․ Բայրամովի հայտարարությունը սխալ է ներկայացվում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր ալժիրցի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում խոսել էր Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ հայտարարելով, թե «Հայաստանը որոշ ոչ կառուցողական մոտեցումներ է ցուցաբերում» եռակողմ հայտարարության կյանքի կոչման հարցում․

«Ադրբեջանը հարևան երկրների հետ նորմալ հարաբերությունների ձևավորման կողմնակից է: Մենք կարող ենք առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման առումով՝ հիմնված սահմանների փոխադարձ անձեռնմխելիության սկզբունքի վրա»,- ասել էր Բայրամովը։ 

Վերջինիս այս հայտարարությունը, սակայն, սխալ է ներկայացվել նախ ադրբեջանական, ապա՝ հայկական լրատվամիջոցներում։ Լուրերը սկզբնական շրջանում տարածվել էին՝ Բայրամովին վերագրելով «Հայաստանը կառուցողական մոտեցումներ է ցուցաբերում» հայտարարությունը։

Ժխտական մասնիկի բացակայությամբ լուրը տարածել էր նաև «Ազատություն» ռադիոկայանը, որի հայերեն բաժինը հետագայում ուղղեց սխալը, իսկ անգլերենում այն շարունակում է մնալ սխալ։

Սխալ տարբերակը տարածել են նաև 1in.am-ը, 5tv.am-ը,  «Առավոտ»-ը, aysor.am-ը  և այլ կայքեր՝ հղում անելով կա՛մ ադրբեջանական կայքերին, կա՛մ «Ազատություն» ռադիոկայանին։

Հայտարարության սխալ մեկնաբանության սկզբնաղբյուրը ադրբեջանական կայքերն են, ամենայն հավանականությամբ պետական ԱՊԱ գործակալությունը, որը ևս հրապարակելուց հետո ուղղել է սխալը։


Թեպետ սխալը ուղղելը շատ ժամանակ չի պահանջել ադրբեջանական կայքերից, հայկական մամուլում և սոցիալական ցանցերում թեման շարունակվում է քննարկվել և շահարկվել։ 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը Բաքվի հռետորաբանության ենթադրյալ փոփոխությունը կապել է «ստվերում ինչ-որ իրադարձությունների» հետ։ Նման եզրակացություններ արել են նաև այլ օգտատերեր։ 

Բաքվի, հռետորիկան, սակայն «մեկ գիշերում» ամենևին էլ չի փոխվել, պարզապես լրատվականները բաց էին թողել «ոչ» ժխտական մասնիկը։ 

Բայրամովը և Ադրբեջանի այլ պաշտոնյաներ Հայաստանի «ոչ կառուցողական մոտեցումների» և «Զանգեզուրի միջանցքի» հարցը հետաձգելու մասին ակտիվորեն խոսում էր նաև նախորդող օրերին։ 

Անի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել