Զոհված զինծառայողների ծնողներին այդպես էլ չհաջողվեց հանդիպել Սուրեն Պապիկյանին․ ՊՆ-ից խոստացել են օր ու ժամ նշանակել |news.am|
17:41 - 10 օգոստոսի, 2022

Զոհված զինծառայողների ծնողներին այդպես էլ չհաջողվեց հանդիպել Սուրեն Պապիկյանին․ ՊՆ-ից խոստացել են օր ու ժամ նշանակել |news.am|

news.am: Պաշտպանության նախարարության դիմաց առավոտից բողոքի ակցիա իրականացնող, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին այսօր այդպես էլ չհաջողվեց հանդիպել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Ծնողներից մեկի խոսքով, սակայն, նախարարությունից խոստացել են հանդիպման օր ու ժամ նշանակել։

Վահիդ Սահակյանը ասաց, որ ՊՆ-ից հայտնել են՝ նախարարությունը ի զորու չէ գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանին կանչել առերեսման:

«Մեզ ասացին, որ Քյարամյան Պավլիկին առերեսման բերելու հարցը քննիչի իրավասության ներքո է: Այս մասով դեռևս կորոշենք մեր հետագա քայլեր: Բայց մենք այստեղ ենք մեր պահանջով: Մենք ցանկանում ենք հանդիպել պաշտպանության նախարարի հետ, քանի որ կան հարցեր, որոնք մեզ հուզում են: Հիմա սպասում ենք, թե երբ է Սուրեն Պապիկյանը մեզ ընդունելու»,- ասաց զոհվածի հայրը:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող ծնողների որդիները Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակից են: Ծնողները պահանջում են հանդիպել գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների զոհվելու մեջ։ Նշենք նաև, որ ծնողները պահանջում են հանդիպում կամ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կամ փոխնախարար Արման Սարգսյանի հետ: Տևական ժամանակ է՝ ծնողները փորձում են պարզել, թե ինչ հանգամանքներում են զոհվել իրենց որդիները:

Զինծառայողների ծնողներին վրդովվեցրել է այն, որ նույն գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանին շնորհվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան այն դեպքում, երբ մարտական գործողություններին չի մասնակցել:

Նշենք նաև, որ այսօր զոհվածների ծնողները փորձել են Պաշտպանության նախարարություն մուտք գործել, սակայն նրանց թույլ չեն տվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել