Վլադիմիր Զելենսկին Արևմուտքին կոչ է արել արգելել ռուսաստանցիների մուտքը
 |hetq.am|
16:18 - 10 օգոստոսի, 2022

Վլադիմիր Զելենսկին Արևմուտքին կոչ է արել արգելել ռուսաստանցիների մուտքը |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքի երկրներին կոչ է արել մուտքի արգելք սահմանել ռուսական քաղաքացիություն ունեցող բոլոր անձանց համար։ Այդ մասին նա հայտարարել է The Washington Post-ին տված հարցազրույցում։

«Այդ ժամանակ նրանք կհասկանան։ Նրանք կասեն. «Դա (պատերազմը) մեզ հետ որևէ կապ չունի։ Ողջ բնակչությունը չի կարող պատասխանատվություն կրել, այդպես չէ՞»։ Կարող է։ Բնակչությունն ընտրել է այդ կառավարությանը և չի պայքարում դրա դեմ, չի վիճում նրանց հետ, չի բղավում նրա վրա»,- հայտարարել է Զելենսկին։

Նրա կարծիքով՝ «ամենակարևոր պատժամիջոցը սահմանների փակումն է, որովհետև ռուսաստանցիները խլում են օտար հողը»։ Զելենսկին նշել է, որ դա այն քիչ թվով միջոցներից մեկն է Ռուսաստանին կանգնեցնելու Ուկրաինայի տարածքի հետագա բռնազավթումից։ Զելենսկին նաև հայտարարել է, որ ռուսաստանցիները պետք է «ապրեն իրենց աշխարհում, քանի դեռ չեն փոխել իրենց փիլիսոփայությունը»։

Ուկրաինայի նախագահը պնդում է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները թույլ են՝ ի համեմատ մեկ տարով ՌԴ քաղաքացիների համար սահմանների փակման և ռուսական էներգակիրների գնման ամբողջական էմբարգոյի։

The Washington Post-ը գրում է՝ որոշ քննադատներ պնդում են, որ բոլոր ռուսաստանցիների համար մուտքի արգելքը անարդար է բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք լքել են Ռուսաստանը՝ Պուտինի վարչակարգի և Ուկրաինայի վրա հարձակման նրա որոշման հետ անհամաձայնության պատճառով։

«Միթե՞ դու չես ուզում այդ մեկուսացումը։ Դու ողջ աշխարհին ասում ես, որ նա պետք է ապրի քո կանոններով։ Այդ դեպքում գնա և ապրիր այնտեղ։ Դա միակ տարբերակն է ազդելու Պուտինի վրա»,- Ռուսաստանի քաղաքացիներին դիմելով՝ ասել է Ուկրաինայի նախագահը։

Վլադիմիր Զելենսկին Արևմուտքին կոչ է անում նոր պատժամիջոցներ սահմանել այն ֆոնին, երբ ռուսական իշխանությունների կողմից Զապորոժյեի «ղեկավար» նշանակված Եվգենի Բալիցկին հրամանագիր էր ստորագրել մարզի Ռուսաստանին «վերամիավորման» հանրաքվե անցկացնելու մասին։ Հանրաքվեի կոնկրետ օր, սակայն, չէր նշվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել