ՀՀ պաշտպանության նախարարն ու Բելառուսի դեսպանը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ
16:51 - 09 օգոստոսի, 2022

ՀՀ պաշտպանության նախարարն ու Բելառուսի դեսպանը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ

 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2022 թ. օգոստոսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, հանդիպմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսեյ Բաբկովը, ինչպես նաև իր առաքելությունն ավարտած՝ պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Եվգենի Արտյոմենկոն:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Բաբկովին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նորանոր հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ, իսկ առաքելությունն ավարտած գնդապետ Արտյոմենկոյին շնորհակալություն հայտնել՝ ՀՀ-ում ռազմադիվանագիտական ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրադրության մասին և ներկայացրել Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում վերջին օրերին արձանագրվող զարգացումները:

Քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցության հետագա խորացման ուղիները, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերով ծրագրված միջոցառումների ընթացքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել