ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ներկայացրել է դատարանների նորանշանակ նախագահներին
16:20 - 09 օգոստոսի, 2022

ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ներկայացրել է դատարանների նորանշանակ նախագահներին

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ՀՀ վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներին ներկայացրեց դատարանների նորանշանակ նախագահներին: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։


ՀՀ նախագահի` օգոստոսի 8-ի հրամանագրերով՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն Նազարյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով, իսկ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 1-ի ԲԴԽ-74-Ո-242 և ԲԴԽ-74-Ո-241 որոշումներով ներկայացված առաջարկությունները:


Շնորհավորելով դատարանների նորանշանակ նախագահներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ նրանք իրենց մասնագիտական բարձր որակներն ու պատրաստվածությունը կօգտագործեն ի շահ արդարադատության ամրապնդման, օրենքի գերակայության և բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայման գործընթացի պատշաճ իրականացման. «Դուք տիրապետում եք այնպիսի որակների, որոնց շնորհիվ կկարողանանք բարձրացնել Վերաքննիչ դատարանի որոշումների անաչառության և օբյեկտիվության նկատմամբ հանրային վստահությունը»,- նշեց նա:


Դատարանների նորանշանակ նախագահներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Խորհրդին բարձր վստահության համար:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը ներկայացրեց նաև նորանշանակ դատավորներին՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ Դիանա Հովհաննիսյանին, Գոռ Թորոսյանին, Արմիդա Ոսկանյանին, ինչպես նաև վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ Սերգեյ Մարաբյանին, Կարեն Ամիրյանին, Արմեն Հովհաննիսյանին:


ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը նաև ծանոթացավ դատավորների, նրանց աշխատակազմերի առջև ծառացած խնդիրներին և առաջարկեց համատեղ քննարկումների, առաջարկությունների միջոցով փորձել գտնել հնարավոր լուծումներ՝ դատավորների գերծանրաբեռնվածության թոթափման և գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել