Միջուկային զենքը չի կարող անվտանգության երաշխավոր լինել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

 |armenpress.am|
10:09 - 09 օգոստոսի, 2022

Միջուկային զենքը չի կարող անվտանգության երաշխավոր լինել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում է, որ որեւիցե երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել միջուկային զենքի հաշվին: Այդ մասին ասված է Նագասակիի ամերիկյան ատոմային ռմբակոծման տարելիցի առթիվ օգոստոսի 9-ին տարածված ուղերձում:

«Հիրոսիմայի եւ Նագասակիի դեմ միջուկային զենքի կիրառումը հարուցեց հումանիտար աղետ՝ միակն իր տեսակի մեջ: Այն ազդարարեց նոր դարաշրջանի գալուստը, որտեղ մարդկությունը կարող է ինքն իրեն բնաջնջել: Իսկական անվտանգությունը երբեք չի կարող ձեռք բերվել միջուկային զենքի միջոցով: Այն ձեռք է բերվում երկխոսության, բանակցությունների, փոխադարձ հարգանքի եւ միջազգային իրավունքին հավատարիմ լինելու միջոցով»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում, որն ընթերցվել է Նագասակիում տեղի ունեցած հիշատակի արարողությանը: Նագասակին դարձավ Հիրոսիմայից հետո Ճապոնիայի երկրորդ քաղաքը, որը 1945 թվականի օգոստոսին ենթարկվեց ամերիկյան միջուկային հարվածի:

Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմայյն ռմբակոծումներն ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից իրականացվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենավերջում: Դրանց պաշտոնական նպատակ էր հռչակված Ճապոնական կայսրության կապիտուլյացման արագացումը: Այդ գրոհները դարձան միջուկային զենքի մարտական կիրառման՝ մարդկության պատմության մեջ միակ օրինակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել