«Հայաստան» խմբակցությունը չի հստակեցնում՝ աշնանային նստաշրջանին կմասնակցե՞ն, թե՝ ոչ
 |hetq.am|
18:14 - 05 օգոստոսի, 2022

«Հայաստան» խմբակցությունը չի հստակեցնում՝ աշնանային նստաշրջանին կմասնակցե՞ն, թե՝ ոչ |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի աշխատանքը բոյկոտող ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այդպես էլ չի հստակեցնում՝ աշնանային նստաշրջանին մասնակցելու՞ են ԱԺ աշխատանքներին, թե՝ ոչ:

«Մենք խորհրդարան ենք վերադառնալու մեր օրակարգի հարցերի շուրջ»,- մեզ հետ զրույցում ասում է պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ չնշելով ՝ արդյոք այդ օրակարգը աշնանային նստաշրջանում ձևավորված կլինի՞։

Դիտարկմանը, թե իշխանությունները դատապարտեցին ընդդիմությանը, որ վերջիններս չմասնակցեցին անգամ «Պաշտպանության մասին» օրենքի քննարկմանը, չնայած հայտարարում էին, որ իրենց օրակարգային հարցերը պաշտպանությանն ու անվտանգությանն են վերաբերում, Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրենց խմբակցության պատգամավորները մասնակցել են այդ նախագծի աշխատանքային քննարկումներին: Ասում է՝ տարբեր փաստարկներով ներկայացրել են, որ այդ օրենսդրական փոփոխությամբ բանակը քաղաքականացվում է:

Նա նաև հիշեցրեց սահմանային իրավիճակի վերաբերյալ այս տարվա մայիսին ընդդիմության հրավիրած արտահերթ նիստի մասին, որը տապալվեց ՔՊ-ական պատգամավորների պատճառով:

Երբ ընդդիմադիրների բացակայության պատճառով իշխանությունը զրկեց Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակի, իսկ Վահե Հակոբյանին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պաշտոնից, մշտական հանձնաժողովների մյուս ընդդիմադիր նախագահներն ու փոխնախագահները (բացառությամբ Թագուհի Թովմասյանի) հրաժարվեցին այդ պաշտոններից: Այժմ պաշտոնները թափուր են: Հետաքրքրվեցինք՝ խորհրդարան վերադառնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու՞ է այդ պաշտոններում թեկնածուներ, թե՝ ոչ, Մանուկյանն ասաց.

«Մեզ համար այնքան ոչ էական հարց է, որ նույնիսկ չենք անդրադարձել այդ թեմային»:

Չնայած «Քաղաքացիական պայմանագիրը» նախաձեռնել էր ընդդիմությանը մանդատներից զրկելու գործընթաց, սակայն այն իր հանգուցալուծմանը չհասավ: ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ հարգում են ժողովրդի ընտրությունը, և այն կարծիքին են, որ ընդդիմության օգտին քվեարկած անձինք հետևություններ կանեն վերջիններիս վերաբերյալ:

Թե ինչպես կվարվի այս հարցով իշխանությունն աշնանային նստաշրջանի ժամանակ, արդյոք կդիմե՞ն ՍԴ, դեռ պարզ չէ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը որևէ տեղեկություն չուներ՝ իշխանությունը հրաժարվե՞լ է ընդդիմությանը մանդատներից զրկելու գաղափարից, թե՝ ոչ:

Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել