Արտերկրից բարձրակարգ մասնագետների հոսք է ակնկալվում. պետությունը պատրաստ է որոշ չափով փոխհատուցել աշխատավարձը

 |armenpress.am|
16:19 - 05 օգոստոսի, 2022

Արտերկրից բարձրակարգ մասնագետների հոսք է ակնկալվում. պետությունը պատրաստ է որոշ չափով փոխհատուցել աշխատավարձը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ  կառավարությունը պատրաստ է որոշ չափով փոխհատուցել արտերկրից այն բարձրակարգ մասնագետների աշխատավարձները, որոնք կներգրավվեն Հայաստանի ընկերություններում: Կառավարությունը ծրագիրը հավանության է արժանացրել: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նշեց, որ դիտարկվել է երկու հիմնական չափանիշ: Առաջինը տվյալ անձը 10 և ավելի տարի մասնագիտական փորձ պետք է ունենա առաջատար ընկերություններում, պետությունը Հայաստանում աշխատելու ժամանակ կփոխհատուցի աշխատավարձի 20 տոկոսի չափով: Եթե այդ մասնագետները աշխարհի 400 լավագույն համալսարաններից մեկն ավարտած լինի, ապա պետությունը կաջակցի աշխատավարձի 50 տոկոսի չափով: Եվ վերջապես, եթե տվյալ անձը կորոշի նաև դասավանդել հայաստանյան բուհերում, ապա պետությունը կփոխհատուցի աշխատավարձի 70 տոկոսը:

«Մենք ունենք որոշակի ներքին պայմանավորվածություն, որ չենք սահմանափակելու բյուջեն: Մեր կանխատեսումներով, մենք չենք գտնում, որ մոտ ապագայում բյուջեի խնդիր կունենանք, հետևաբար որքան պահանջարկը լինի, այդքան կարձագանքենք: Բոլոր ոլորտներում որակյալ մասնագետների կարիք կա: Մենք սրանով խթանում ենք նման որակավորում ունեցող  մասնագետների ներհոսքը Հայաստան, երկրորդը՝ խրախուսում ենք տեղի հայ մասնագետների վերապատրաստման գործընթացը»,-ասաց Ռաֆայել Գևորգյանը:

Կառավարությունը տնտեսության արտադրողականության բարձրացման համատեքստում նաև նոր հնարավորություններ է ընձեռում ընկերություններին սարքավորումներ ձեռք բերելու համատեքստում: Արդեն իսկ գործող ծրագիրը, որով մշակող արդյունաբերության ոլորտի ընկերություններն աջակցություն են ստանում պետությունից նոր սարքավորումներ ձեռք բերելու առումով, ընդլայնվում է: Այժմ այդ հնարավորությունը տրվում է մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներին՝ հանքարդյունաբերություն, տեղեկատվություն և կապ, շինարարությունը, փոխադրում և պահեստային տնտեսություն, մասնագիտական, գիտական տեխնիկական գործունեություն, կրթություն, առողջապահություն, բնակչության սոցիալական սպասարկում:

«Մշակող արդյունաբերության ոլորտի համար գործող ծրագիրն իր դրական արդյունքներն է տալիս: Արդեն ունենք 200-ից ավելի կնքված գործարք, 11 մլրդ դրամից ավելի տեղաբաշխում: Եթե ընկերությունները պատրաստ են նոր մեքենասարքավորումներ գնել, ապա պետությունը սուբսիդավորում է տոկոսների զգալի մասը: Հիմա մենք ընդլայնում ենք ոլորտները, որպեսզի այս ծրագիրը մեծ թափ ստանա: Առավելագույն սահմանաչափը մեկ գործարքի գծով 10 մլրդ դրամ է, ինչը տեխնիկական պարկը թարմացնելու զգալի հնարավորություն է»,-ասաց Ռաֆայել Գևորգյանը:

Նրա խոսքով՝ ավելացված ոլորտներից կան ազդակներ, նկատվում է նման հնարավորություններից օգտվելու պահանջարկ: Նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ այս գործողությունները, ծրագրերն իրենց ազդեցությունը կթողնեն տնտեսության արտադրողականության բարձրացման վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել