Կառավարությունը որպես նվիրատվություն գույք ընդունեց՝ անձնագրային և վիզաների վարչությունումը հերթերը կանոնակարգելու համար
12:50 - 04 օգոստոսի, 2022

Կառավարությունը որպես նվիրատվություն գույք ընդունեց՝ անձնագրային և վիզաների վարչությունումը հերթերը կանոնակարգելու համար

ՀՀ կառավարությունը այսօր՝ չզեկուցվող հարցերի փաթեթով որոշեց որպես նվիրատվություն ընդունել «Հայաստանում միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոն՝ ICMPD» գույքը, որը նախատեսված է տեղադրել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում և տարածքային անձնագրային ստորաբաժանումներում` առաջացող հերթերը կանոնակարգելու և անձնագրային ծառայությունների աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար։

Ըստ նախագծի հիմնավորման՝ ներկայումս ամբողջ աշխարհում կառավարությունները, ժամանակի պահանջով պայմանավորված, իրենց գործունեությունն առավել արդյունավետ իրականացնելու համար որդեգրել են նորարարությանը համընթաց շարժվելու և առավելապես տեղեկատվական տեխնոլոգիաներ օգտագործելու ուղղվածությունն ու ռազմավարությունը։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ աշխարհը, ինչպես նաև ՀՀ-ն ապրում է էական զարգացում և ողջ կառավարման համակարգում տեղի են ունենում նշանակալից կարևոր մի շարք փոփոխություններ: 

«2022թ․-ի մայիս ամսին «Հայաստանում միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոն՝ ICMPD» կազմակերպությունը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը՝ որպես տեխնիկական օժանդակություն անվճար, անհատույց հիմունքներով և առանց միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի նկատմամբ որևէ պարտավորության տրամադրել է հերթերի կառավարման սարքավորումներ՝ առաջարկելով այն ընդունել որպես նվիրատվություն»։

Նշվում է նաև, որ տեխնիկական սարքավորումները որպես նվիրատվություն ընդունելը նպատակ ունի բարձրացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և տարածքային ստորաբաժանումների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը՝ հաշվի առնելով ներկայումս նկատվող հերթերի աճման միտումը, ինչը պայմանավորված է նաև Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեծ թվով ՀՀ քաղաքացիների անձնագիր ստանալու համար ներկայացվող դիմումների աճով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել