Ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից․ Փաշինյանը անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին
11:21 - 04 օգոստոսի, 2022

Ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից․ Փաշինյանը անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։ 

Նիտի սկզբում կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ Արցախում զոհված զինծառայողների հիշատակը։

«Այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում։ Բազմիցս եմ ասել, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունը առանցաքային գործոն են արցախահայության անվտանգության ապահավոման համար, և մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը՝ մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում։ 2020 թ․-ի նոյեմբերից ի վեր՝ ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր։ 

2020 թ․-ի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թ․-ի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են։ 

Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։ Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե, ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց։ Բայց պիտի խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ ՀՀ-ն դա արել է հենց 2020 թ․-ի նոյեմբերին, և մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով։

Բացի այդ գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցիոնալ հարցեր։ Մասնավորապես, 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երրորդ կետում հստակ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ՌԴ խաղաղպահները։ Հենց այս տարածքն է կոչվում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն։

Վերադառնալով ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի մանդատի թեմային՝ պիտի կրկնեմ, որ մեր կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունը բավարար են այդ մանդատը ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ։

Ես հիմա չեմ ուզում շատ աշխատանքային մանրամասներ բացել, բայց այս հարցերը մեզ հուզել են հենց 2020 թ․-ի նոյեմբերից, մենք ջանքեր ենք գործադրել կոնկրետ լուծումների հասնելու համար և հիմա այդ ջանքերը պետք է կրկնապատկել և եռապատկել»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել