Օգոստոսի 1-ին ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
23:24 - 01 օգոստոսի, 2022

Օգոստոսի 1-ին ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում այսօր երեկոյան 20:00-ի մոտակայքում հրապարակվել է հաղորդագրություն՝ օգոստոսի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին։ Հաղորդագրության մեջ ասված է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել առաջադրանքները Լեռնային Ղարաբաղի տարածքում․

«27 դիտակետերում ռուսական խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը»,- ասված է հաղորդագրության մեջ՝ նշումով, թե ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։

«Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները 74 ուխտավորների ուղեկցել են Ամարասի եւ Գանձասարի վանքեր։ Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում չորս երթուղիներով իրականացվել է պարեկություն։ Ապահովվել է Ադրբեջանի զինված ուժերի երկու ավտոշարասյան ուղեկցում, մեկը՝ Մատաղիս-Գետավան-Վանք, մյուսը՝ հակառակ ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ 2020թ․ նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից ու արկերից մաքրվել է 2441,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1939 շինություն, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 26587 պայթուցիկ առարկա։

Ռուսական խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար անընդմեջ փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասված է ՌԴ ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր երեկոյան ժամը վեցին Արցախի նախագահի գրասենյակը հաղորդագրություն տարածեց, որ նախագահ Հարությունյանը ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել, ապա ներկաներին մի շարք անհետաձգելի հանձնարարականներ է տվել:

Այս հաղորդագրությունից հետո՝ երեկոյան ժամը ութի շրջանակներում Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդեց, որ այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Այս հաղորդագրության մեջ ԱՀ ՊՆ-ն այդ ժամին նշել է, որ իրադրությունը շարունակում է մնալ լարված, իսկ կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել