«FemInno» կոնֆերանսի ընթացքում ամփոփվեցին ստարտափ մրցույթի արդյունքները
22:22 - 31 հուլիսի, 2022

«FemInno» կոնֆերանսի ընթացքում ամփոփվեցին ստարտափ մրցույթի արդյունքները

Երկու տարի առաջ Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մի քանի ուսանողներ ստեղծեցին «MiCoFe» ստարտափը։ Ստարտափի գաղափարն է սուրճի թափոնների վերամշակումից պարարտանյութ ստանալ։ Այսօր ստարտափը հաղթեց «FemInno» կոնֆերանսի շրջանակում հայտարարված մրցույթում և դրամական պարգև ստացավ։

«FemInno»-ի հիմնադիր Սեդա Պապոյանի խոսքով՝ ստարտափ մրցույթը Հայաստանում անցկացվող միջազգային կոնֆերանսի կարևոր բաղադրիչներից մեկն է։ Մրցույթը հայտարարվել էր հայաստանյան և արտասահմանյան այն ստարտափների համար, որոնց հիմնադիրներից առնվազն մեկն իգական սեռի ներկայացուցիչ է։ Սեդա Պապոյանը նշում է, որ այդպիսով փորձել են խրախուսել աղջիկների ու կանանց մասնակցությունը։ 

Այսօր՝ կոնֆերանսի երկրորդ օրը, ժյուրիի անդամներն ընտրեցին հաղթող ստարտափներին՝ «MiCoFe» և «Oqni»։

«MiCoFe» ստարտափի անդամներ Լուսինե Դավթյանը, Հռիփսիմե Պետրոսյանը և Անուշ Բաբայանը նշում են՝ իրենց թիմի բոլոր 6 անդամներն աղջիկներ են, մասնագիտությամբ կենսաքիմիկներ։ Լուսինեն մագիստրատուրայում է սովորում, Անուշն ավարտել է մագիստրատուրան և պատրաստվում է ընդունվել ապիրանտուրա, իսկ Հռիփսիմեն արդեն ասիրանտուրայի ուսանող է։

Լուսինեն, Հռիփսիմեն և Անուշը

«Սուրճի  թափոնը մենք վերամշակում ենք, դրան խառնում ենք բույսերի համար օգտակար բակտերիաներ և ստանում ենք կենսապարարտանյութ, որը բույսը և հողը չի վնասում և մարդկանց համար նույնպես անվնաս է։ Մեր ստարտափի նորարարությունն այն է, որ բացի սուրճից՝ օգտագործվում են բակտերիաներ․ դա նախ երկարացնում է թափոնի ազդեցությունը բույսի և հողի վրա և նաև ավելի լավացնում է հողի որակը»,- ասում է Լուսինեն։ 

Աղջիկները երկու տարվա ընթացքում հասցրել են լաբորատոր հետազոտությունների մի մասը ավարտել և այժմ անցել են ջերմոցային փուլի հետազոտություններին։

«Բաց դաշտում փորձում ենք հասկանալ պարարտանյութի ազդեցությունը, իսկ դրանից հետո արդեն կկարողանանք մտնել շուկա՝ մարդկանց հստակ առաջարկելով մեր արտադրանքը»,- ասում է Լուսինեն։

Հռիփսիմեն ու Անուշը ստարտափի աշխատանքներին զուգահեռ Երևանի պետական համալսարանում ֆունդամենտալ հետազոտություններ են իրականացնում։ Աղջիկները նշում են՝ պատրաստվում են համատեղել ստարտափն ու գիտական գործունեությունը։ 

Ստարտափի թիմը  թափոնների մշակման շուրջ այլ գաղափարներ ևս ունի, որոնց ուղղությամբ աշխատում է։ 

«MiCoFe»-ում ներգրավված են նաև ցածր կուրսերի ուսանողներ։ Աղջիկներն ասում են, որ այդպես նրանք ոգեշնչում են ուսանողներին։

Իսկ «FemInno» կոնֆերանսի շրջանակում ստացած դրամական պարգևով «MiCoFe»-ի անդամները որոշել են ձեռք բերել համապատասխան սարքավորումներ, որոնց շնորհիվ կկարողանան որոշ պարամետրեր չափել հենց ջերմոցում և ավելի ճշգրիտ տվյալներ ստանալ։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել