Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ՝ «FemInno» կոնֆերանսի ժամանակ
23:04 - 30 հուլիսի, 2022

Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ՝ «FemInno» կոնֆերանսի ժամանակ

Այսօր Երևանում սկսվեց տեխնոլոգիական ոլորտում, գիտության մեջ և բիզնեսում կանանց դերին և ներգրավվածությանը նվիրված «FemInno» կոնֆերանսը։ «FemInno»-ի հիմնադիր Սեդա Պապոյանը պատմում է, որ կոնեֆրանսին պիտի ներկա լիներ և ելույթ ունենար Սոնա Մնացականյանը։ Սոնան, սակայն, այս ապրիլին զոհվեց ավտովթարից․ վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող մեքենաներից մեկը  վրաերթի էր ենթարկել նրան։


Սեդա Պապոյանը

Դժբախտ պատահարից հետո Սեդա Պապոյանը, Սոնայի քույրը, ամուսինը և այլք որոշեցին, որ պիտի Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ տրամադրեն այն կանանց և աղջիկներին, որոնք ներգրավված են հետևյալ ոլորտներում՝ տեխնոլոգիաներ, գիտություն, կանաչ էներգիա։ Կրթաթոշակները տրամադրելու համար դրամահավաք կազամակերպվեց, որը դեռ շարունակվում է։ Կրթաթոշակի համար դիմած 40 հոգուց ընտրվեցին 10-ը, որոնց անունները հայտարարվեցին այսօր՝ կոնֆերանսի առաջին օրը։ 

Սոնայի փոխարեն ելույթ ունեցավ նրա ամուսինը՝ Աշոտ Վարդանյանը։

«Իմաստուններն ասում են՝ մենք ապրում ենք այնքան ժամանակ, քանի դեռ մեզ հիշում են, և քանի դեռ մեր առաքելությունը շարունակվում է։ Ես ու էլի մի քանի հոգի որոշեցինք, որ Սոնային և նրա տեսլականը կենդանի պահելու լավագույն ճանապարհներից մեկը օգնելն է այլոց հասնելու այն նպատակներին, որոնց ձգտում են»,- նշեց նա իր ելությում։

Աշոտ Վարդանյանը

Աշոտ Վարդայանի խոսքով՝ 21-րդ դարում բազմաթիվ խնդիրներ պետք է լուծվեն՝ սկսած սովից մինչև գլոբալ տաքացում, և այդ խնդիրները լուծող մարդկանց կարիք կա․ «Ես հավատում եմ, որ այդ նորարարություններից շատերի հեղինակները կլինեն ոչ թե տղամարդիկ, այլ կանայք։ Գուցե այդ կանացից ոմանք արդեն այստեղ են»։

Կոնֆերանսին ներկա էր նաև Սոնա Մնացականյանի մայրը, որը մրցանակակիրներին հանձնեց կրթաթոշակների հավաստագրերը։

Ամերկյան համալսարանի երկրորդ կուրսի ուսանող Նազելի Տեր-Պետրոսյանը մեկն է այն աղջիկներից, որոնք այսօր  Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ ստացան։ Նազելին պատմում է, որ պլանավորում էր սովորելուն զուգահեռ աշխատել, որպեսզի կարողանար ուսման համար վճարել։ Երբ նա իմացավ կրթաթոշակի մասին, դիմեց։ Այժմ Նազելիի ուսման վարձը կփոխհատուցվի, և նա կկարողանա ողջ ժամանակը տրամադրել ուսմանն ու նոր նախագծերին։

Նազելի Տեր-Պետրոսյանը

Նազելին սովորում է համակարգչային գիտություններ բաժնում, դպրոցական տարիներին ռոբոտաշինության խմբակ է այցելել, հասցրել իր դպրոցում ռոբոտաշինություն դասավանդել ընկերներին։ Նա պլանավորում է ուսումն ավարտին հասցնել և գիտությամբ զբաղվել։

Անի Մելիքյանը ևս այսօր իմացավ, որ Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ է ստացել։ Անին նոր է ավարտել դպրոցն ու ընդունվել Ամերիկյան համալսարան։ Նա նպատակ ունի ինժեներ դառնալու և իր սեփական ընկերությունը ստեղծելու։

Անի Մելիքյանը

«Հույս ունենք, որ կրթաթոշակի միջոցով Սոնայի կիսատ մնացած գործն առաջ ենք տանելու այն մարդկանց շնորհիվ, որոնց մենք ընտրել ենք որպես Սոնայի անվան կրթաթոշակի մրցանակակիր»,- ասում է «FemInno» կոնֆերանսի հիմնադիր Սեդա Պապոյանը։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել