Ուզում ենք, որ սա դառնա նոր հնարավորությունների սկիզբ․ «FemInno» կոնֆերանսի հիմնադիր
18:50 - 29 հուլիսի, 2022

Ուզում ենք, որ սա դառնա նոր հնարավորությունների սկիզբ․ «FemInno» կոնֆերանսի հիմնադիր

Լեհական «Perspektywy» կրթական հիմնադրամի տնօրեն Բիանկա Շիվինսկան (Bianka Siwińska) արդեն երկրորդ անգամ է Հայաստանում։ Առաջին անգամ նա Հայաստան է եկել 2020-ին, իսկ այս օրերին նա մեր երկրում է՝ մասնակցելու «FemInno» կոնֆերանսին։

Լուսանկարում՝ Բիանկա Շիվինսկան

Տեխնոլոգիական ոլորտում, գիտության մեջ և բիզնեսում կանանց դերին և ներգրավվածությանը նվիրված «FemInno» կոնֆերանսը, որին մասնակցում են ավելի քան 30 բանախոսներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից, տեղի կունենա հուլիսի 30-ին և 31-ին։ 

Բիանկա Շիվինսկայի ընկերությունն աջակցում է ՏՏ ոլորտում աշխատող և գիտությամբ զբաղվող կանանց ու աղջիկներին։

«Ես այստեղ եմ՝ կիսվելու ՏՏ ոլորտի կանանց համար նախատեսված նախագծերի իմ փորձով։ Ինձ նաև շատ հետաքրքիր է, թե ինչ է կատարվում այստեղ, ՏՏ ոլորտի կանայք ինչ կարիքներ ունեն»,- նշում է նա։

Բիանկա Շիվինսկան և կոնֆերանսի այլ հյուրեր այսօր շրջայց կատարեցին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ծանոթացան կենտրոնի պատմությանը, կրթական մոդելին։ Բիանկա Շիվինսկան պատմում է, որ «Թումոյի» մասին լսել էր դեռ 2020-ին, երբ առաջին անգամ էր Հայաստանում, իսկ այսօր առիթ եղավ այստեղ գալու։

««Թումոն» հրաշալի է, ես նման բան երբեք չեմ տեսել ամբողջ աշխարհում, իսկ ես շատ եմ ճանապարհորդում։ Այդ պատճառով ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպես է այն աշխատում, ինչպես է ֆինանսավորվում, և ինչպես են հայ մարդիկ անում սա»,- նշում է նա։

«FemInno» կոնֆերանսի հիմնադիր Սեդա Պապոյանի խոսքով՝ իրենք, բացի լավ կոնֆերանս կազմակերպելուց, նպատակ ունեն նաև աշխարհի 15 երկրներից Հայաստան ժամանած հյուրերի համար նոր տեսանկյունից բացահայտելու մեր երկիրը։

«[Կոնֆերանսի] հյուրերը երեկ եղել են «PMI Science»-ի գիտահետազոտական կենտրոնում, որտեղ շատ հիացել էին լաբորատոր հնարավորություններով։ Հիմա եկել ենք «Թումո»։ Ընդամենը երկու օր ունենք, բայց էդ երկու օրում առավելագույնն ենք փորձում անել, որպեսզի կարողանանք մեր էկոհամակարգը ցույց տալ։ Եվ շատ ուրախ եմ, որ արդեն մեր մասնավոր զրույցներում լսում ենք արձագանքներ՝ առաջին հերթին հիացմունքի, մի քիչ էլ զարմանքի, որ այսքան փոքր երկրում այսքան բան է կատարվում»,- նշում է նա։

Սեդա Պապոյանի խոսքով՝ կոնֆերանսի մասնակիցներից շատերն առաջին անգամ են Հայաստանում և այստեղ նաև ծանոթանում են մեր ՏՏ համակարգին․ «Մենք իսկապես ուզում ենք, որ սա դառնա նոր հնարավորությունների սկիզբ մեր հյուրերի համար և հյուրերի միջոցով՝ բոլոր այն մարդկանց համար, որոնց հետ նրանք կշարունակեն աշխատել»։

Սեդա Պապոյանը նշում է՝  կոնֆերանսի հյուրերին զարմացրել է, որ Հայաստանն այն քիչ փոքր երկրներից է, որտեղ unicorn (միաեղջյուր) կազմակերպություն կա։ 

«Հիմա, երբ մենք մտանք «Թումո», իրենք (կոնֆերանսի հյուրերը- խմբ․) ասում են՝ մենք հասկանում ենք՝ ինչու Հայաստանում կարող է լինել unicorn»,- պատմում է կոնֆերանսի կազմակերպիչը։

Բիանկա Շիվինսկան էլ, խոսելով կայանալիք կոնֆերանսի մասին, նշում է․ «Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ կանայք հավաքվում են միասին, և նրանց համար նոր հարթակ է ձևավորվում, որտեղ ավելի քիչ փորձառություն ունեցող կանայք կարող են սովորել ավելի փորձառու կանանցից»։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել