Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը
18:28 - 29 հուլիսի, 2022

Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը

Հուլիսի 29-ին Երևանում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, եգիպտականը՝ ԱԳ նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Իհաբ Նասրը։

Կողմերն արձանագրել են Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա հարաբերությունների և քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված հայ և եգիպտացի ժողովուրդների պատմական, մշակութային և քաղաքակրթական կապերի և բարեկամության վրա։

Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում առկա իրավիճակին և դրանց առավել ընդլայնման և ամրապնդման համար անհրաժեշտ քայլերին։

Կողմերը շեշտել են Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղղությամբ համատեղ աշխատելու իրենց պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերին։ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում՝ հայկական կողմն ընդգծել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։

Խորհրդակցությունների ավարտին եգիպտական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նախարար Միրզոյանը կարևորել է Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև տարբեր մակարդակներում շփումները և փոխադարձ այցերը, որոնք նպաստում են բազմաոլորտ երկկողմ համագործակցության ընդլայնմանը և խորացմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել