Գործադիրի որոշմամբ 851 միլիոն դրամ կուղղվի 5 բժշկական կենտրոնների վերակառուցմանը և կառուցմանը
 |1lurer.am|
12:22 - 28 հուլիսի, 2022

Գործադիրի որոշմամբ 851 միլիոն դրամ կուղղվի 5 բժշկական կենտրոնների վերակառուցմանը և կառուցմանը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2022 թվականի տարեկան բյուջեի կապիտալ ծախսերում և բուժհաստատությունների կառուցման, վերակառուցման համար առողջապահության նախարարությանը հատկացրեց 851 միլիոն դրամ:

«Հատկացված գումարն ուղղվելու է 5 բժշկական կենտրոնների վերակառուցմանը, կառուցմանը, ինչպես նաև մեկ բժշկական կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի նախապատրաստմանը»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Այսպես, կապիտալ հիմնանորոգվելու են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, Արմավիրի մարզի Վաղարշապատի և Արագածոտնի մարզի Աշտարակի բուժհաստատությունները, Արարատի մարզի Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքը, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիրի և Կոտայքի մարզի «Նաիրի» բժշկական կենտրոնների համար կառուցվելու են ամբողջովին նոր շենքեր:

Բացի դրանից՝ կազմվելու է Արթիկի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը:

Նախարարը նշեց, որ շինարարական եղած տեմպը պահպանելու դեպքում Կառավարության ծրագրով սահմանված առնվազն 50 բժշկական կենտրոնների ամբողջական վերակառուցման, վերազինման խոստումը հաջողությամբ իրականացվելու է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել