ՀՀ ՄԻՊ աշխատակազմը միջազգային համագործակցության կարողությունների զարգացման վերապատրաստում է անցնում
18:18 - 25 հուլիսի, 2022

ՀՀ ՄԻՊ աշխատակազմը միջազգային համագործակցության կարողությունների զարգացման վերապատրաստում է անցնում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հուլիսի 25-ին մեկնարկել է Պաշտպանի աշխատակազմի վերապատրաստման եռօրյա դասընթաց-աշխատաժողովը՝ նվիրված միջազգային համագործակցության ոլորտում Պաշտպանի հաստատության կարողությունների ամրապնդմանը և զարգացմանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, վերապատրաստումն իրականացվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համագործակցության շրջանակում։

«Դասընթացը մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի բացման խոսքով։

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին դիմումին արագ արձագանքելու համար և ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ու գրասենյակի միջև համագործակցությունը խորացնելու իր պատրաստակամությունը։

Պաշտպանը հատուկ կարևորություն է տվել ՄԱԿ-ի բոլոր մասնագիտացված մարմինների հետ հաստատության մանդատի շրջանակներում աշխատանքն ակտիվացնելու հարցին և վստահություն հայտնել, որ կարողությունների զարգացման նման միջոցառումները կապահովեն շոշափելի արդյունքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դասընթացը վարելու է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի Ազգային հաստատությունների և տարածաշրջանային մեխանիզմների հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Աֆարին Շահիդզադեն:

Նշվում է, որ աշխատաժողովի շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության միջազգային չափորոշիչները, համագործակցության մեխանիզմները, ինչպես նաև մարդու իրավունքների հաստատությունների կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքները, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համաշխարհային դաշինքի Հավատարմագրման ենթակոմիտեի կողմից մշակված Ընդհանուր դիտարկումներն ու հավատարմագրման ընթացակարգը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել